ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ
ՀԱՆԳԻՍՏԸ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ
ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆԸ`
ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ Է
Կա՞ արդյոք տարբերություն երջանկության և ներքին
հանգստության միջև:
Այո, կա: Երջանկությունը կախված է արտաքին իրավիճակներից, որոնք ձեր կողմից ընկալվում են որպես դրական, այն դեպքում երբ ներքին հանգիստը կախված չէ նրանցից:
Մի՞թե մենք ի վիճակի չենք սովորել միայն դրական իրավիճակներ ներգրավել մեր կյանք: Եթե կյանքի հանդեպ մեր մտքերն ու վերաբերմունքը միշտ պոզիտիվ լինեն,
նրանում միշտ դրական իրադարձություններ և իրավիճակներ կարտահայտվեն, այդպես չէ՞:
Իսկ դուք գիտե՞ք հաստատ, թե դրանցից որոնք են դրական, իսկ որոնք` բացասական: Տեսանելի՞ է ձեզ արդյոք կյանքի ամբողջ պատկերը: Մարդկանց հսկայական քանակության համար անհաջողությունները, կորուստները, հիվանդությունները, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններն ու ցավն ամենատարբեր ձևերով` նրանց կյանքի ամենակարևոր ուսուցիչն են դարձել: Դրանք օգնել են մարդկանց ազատվել իրենց մասին կեղծ պատկերացումներից, ինչպես նաև էգոյի պահանջներով թելադրված մակերեսային նպատակներից ու ցանկություններից: Այդ մարդկանց նրանք իմաստություն, համեստություն և կարեկցանք են նվիրել: Նրանք այդ մարդկանց ավելի իրական են դարձրել: Յուրաքանչյուր նեգատիվ իրավիճակ, որում մենք հայտնվում ենք, միշտ իր մեջ կարևոր դաս ունի թաքցրած, չնայած ավելի հաճախ մենք դա հետո ենք հասկանում: Նույնիսկ շատ կարճ հիվանդությունը կամ դժբախտ պատահարը կարող են բացել ձեր աչքերն այն բանի վրա, թե ինչն է իրական ձեր կյանքում, իսկ ինչը ոչ, ինչն իսկապես կարևոր է, իսկ ինչը նշանակություն չունի:
Բարձրագույն իմաստի տեսանկյունից, արտաքին իրավիճակները միշտ դրական են, ինչպիսին էլ լինեն: Ավելի ճիշտ, նրանք ընդհանրապես երանգներ չունեն, ոչ դրական, ոչ էլ բացասական: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան: Երբ դուք ապրում եք, ամբողջովին ընդունելով այն, ինչ կա, - իսկ դա միակ գիտակից մոտեցումն է, - ձեր կյանքից անհետանում են և "լավը", և "վատը": Մնում է միայն բարձրագույն բարօրությունը: Մտքի տեսակետից է միայն, որ կյանքում գոյություն ունեն լավն ու վատը, բարյացկամությունն ու անբարյացկամությունը, սերն ու ատելությունը: Ահա թե ինչու Ծննդոց Գրքում ասված է, որ, համտեսելով չարի և բարու իմացության ծառի պտուղները, Ադամն ու Եվան դրախտում մնալ այլևս չէին կարող:
Այդ ամենը նման է ինքնախաբեության և կյանքի իրական ընկալումից հրաժարվելու: Երբ իմ կամ մոտիկներիցս մեկի հետ ինչ-որ սարսափելի բան է կատարվում`
դժբախտ պատահար, հիվանդություն, այս կամ այն վիշտ կամ մահ, - ես, իհարկե, կարող եմ ձևանալ, որ դրանում ոչ մի վատ բան չկա, բայց չէ՞ որ դրանից այդ ամենը վատ լինել չի դադարի: Եվ ուրեմն
ինչու՞ հերքել այդ փաստը:
Դուք բոլորովին էլ չեք ձևանում: Դուք ուղղակի թույլատրում եք ամենին լինել այնպիսին, ինչպիսին այն կա: Այդ թույլտվութունը ձեզ դուրս է բերում մտքի` ամեն ինչին դիմադրելու սովորական սխեմաների շրջանակներից, - սխեմաների, որոնցից ծնվում է դրական-բացասական բևեռականությունը: Դա ներման շատ կարևոր էլեմենտ է: Կարողանալ ներել Ներկան` շատ ավելի կարևոր է, քան անցյալը ներել կարողանալը: Եթե դուք ներում եք Ներկայի ամեն մի պահ, այսինքն թույլ եք տալիս նրան լինել այնպիսին, ինչպիսին այն կա, դուք դադարում եք կուտակել ձեր մեջ չընդունման նստվածքը, որը միևնույն է ստիպված եք լինելու ներել ավելի ուշ:
Հիշեք, որ հիմա մենք երջանկության մասին չէ, որ խոսում ենք: Օրինակ, երբ մահանում է ձեր ամենամոտ մարդը կամ երբ սեփական մահվան մոտենալն եք զգում, դուք երջանիկ լինել չեք կարող: Սակայն կարող եք հոգեկան հանգստություն զգալ: Դուք չեք խուսափի թախծից և արցունքներից, բայց եթե խուսափեք իրականությանը դիմադրելու բոլոր փորձերից, ցավի ծանրության տակ միևնույն է կգտնվեք խորին հանգստության և անշարժության վիճակում և կզգաք ձեր սրբազան ներկայությունը տեղի ունեցածում: Այդ ներքին հանգիստը` բարիք է, որը հակադրություն չունի:
Բայց ի՞նչ, եթե ես ի վիճակի եմ այդ իրավիճակի մեջ ինչ-որ բան փոխել: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ նրան լինել
և միևնույն ժամանակ փորձել այն փոխել:
Արեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Դրա հետ մեկտեղ ընդունեք այն, ինչ կա: Քանի որ միտքն ու իրականությանը դիմադրելը` հոմանիշներ են, տեղի ունեցածն ընդունելն անմիջապես ազատում է ձեզ մտքի իշխանությունից և այդ կերպ վերամիավորում է ձեզ Լինելության հետ: Արդյունքում սովորական պատճառները, որոնք էգոյին հրահրում են այս կամ այն "գործողություններին"` վախ, ժլատություն, հսկելու ծարավ, ինչպես նաև սեփական կեղծ ինքնագիտակցումը պաշտշանելու և սնուցելու անհրաժեշտությունը, - կդադարեն ազդել ձեր վրա: Դուք կսկսեք ղեկավարվել ձեր միտքը շատ ավելի անգամներ գերազանցող այլ կարգի գիտակցությամբ, և ձեր բոլոր գործողությունները կբխեն գիտակցության լրիվ այլ մակարդակից:
"Ընդունեք ամենն, ինչ առաքում են ձեր ճակատագրի խճողամտությունները, քանզի ի՞նչը կարող է ավելի լավ համապատասխանել ձեր կարիքներին": Այս խոսքերն ավելի քան երկու հազար տարի առաջ գրել է Մարկոս Ավրելիոսը, մեկն այն հազվադեպ մարդկանցից, ում տրված է եղել ոչ միայն աշխարհիկ իշխանություն, այլև իմաստություն:
Ստեղծվում է տպավորություն, որ մարդկանց մեծամասնությանը պետք է հսկայական տառապանքներ կրել, և դրանից հետո միայն նրանք կդադարեն դիմադրել իրականությանն ու կընդունեն ամենն ինչպես կա, դրանից հետո միայն ձեռք կբերեն ներելու ունակություն: Բայց միաժամանակ, հենց որ այդ հաջողվում է նրանց, կատարվում է աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը. այն բանի միջով, ինչը չարիք էր թվում, արթնանում է գիտակցված Լինելությունը, և տառապանքը փոխակերպվում է ներքին հանգստության: Այս աշխարհում գոյություն ունեցող ամբողջ չարի և տառապանքների իմաստն այն է, որպեսզի վերջիվերջո ստիպի մարդկանց գիտակցել, թե մարմինների և անունների սահմանից այն կողմ, ինչ են նրանք իրենցից ներկայացնում: Այդ պատճառով այն, ինչը մեր տեսողության սահմանափակ ռակուրսում մենք ընկալում ենք որպես չարիք, իրականում իր հակադրությունը չունեցող բարձրագույն բարիք է: Սակայն այդ գիտելիքին տիրապետել դուք կարող եք միայն ներման միջոցով: Իսկ քանի դեռ այդ տեղի չի ունեցել, չարը մնում է չքավված և, հետևաբար, շարունակում է մնալ չարիք:
Ներման միջոցով` այսինքն գիտակցելով անցյալի պատրանքայնությունն ու համաձայնվելով ներկա պահի իրական լինելու հետ, - փոխակերպման հրաշքը տեղի է ունենում ոչ միայն ներսում, այլև դրսում: Ձեր մեջ և ձեր շուրջ գոյանում է Ներկայի մեջ զգալի ներկայության լուռ տարածություն: Ամենն, ինչ ընկնում է այդ դաշտի մեջ` մարդ, զգացմունք կամ էլի ինչ-որ բան, - անպայման նրա ազդեցությանն է ենթարկվում: Երբեմն դա նկատելի է անմիջապես, իսկ երբեմն նկատելի է դառնում որոշ ժամանակ անց միայն, այնպես ինչպես տեղի է ունենում ավելի խորը մակարդակների վրա: Բայց այսպես թե այնպես դուք տարրալուծում եք անհամաձայնությունը, հանում եք ցավը և ցիրուցան եք անում չգիտակցվածության մութը ձեր մեջ ու շրջապատող աշխարհում ոչ թե գործողությամբ, այլ ուղղակի ձեր գոյության ուժով և Ներկայի մեջ բացարձակապես ներկա գտնվելու ձեր ունակությամբ:
∫
Էջանիշներ