Ես երբեք այլևս չեմ կարողանա բարձրանալ այս մուտքի աստիճաններով, ուր ժամանակին ամեն օր էի լինում: Թերևս, նա ՝ նույնպես…
Ես նրանից մեծ եմ մեկ ամսով կամ մի փոքր քիչ: Ես ծնվել եմ այս բակում, ուր ապրել են պապերս, նրանց պապերը և այդպես շարունակ, չնայած, վստահ չեմ, որ այս բակն այդքան հին է, որովհետև մեր բանվորական թաղամասն, ասում են, բավականին երիտասարդ է: Տաս տարեկան էի, երբ նա եկավ մեր բակ: Ինքն էր և տատը: Տեղափոխվել էին կենտրոնից: Հենց առաջին օրից չէի սիրում նրան, որովհետև շատ կոկիկ և նրբլիկ տղա էր: Իսկ մենք ընկերներով ման էինք գալիս միշտ կեղտոտ մռութներով ու մաշված շորերով: Նա ձմռանն անգամ շարֆ էր կապում և գլխարկ էր դնում: Զվարճալի տեսք ուներ, երբ իջնում էր ձնագնդի խաղալու: Գլխի վրա երևում էին միայն աչքերը, քանի որ շարֆը ծածկում էր դեմքի մի կեսը, գլխարկը՝ մյուս: Մենք բակի հներով միշտ «նեղում» էինք նրան, թավալում ձների մեջ, ֆուտբոլի ժամանակ հրում գցում: Նա երբեք կռիվ չէր անում և չէր պատասխանում մեր ծաղրանքներին: Ժամանակի հետ ես ավելի ու ավելի էի զզվում նրանից, որովհետև ի սկզբանե չէի սիրում խեղճերին և թույլերին: Այդպես հետզհետե նա հեռացավ մեր ընկերական շրջապատից և սկսեց համարյա բակ չիջնել: Մի տարի հետո լրիվ մոռացանք նրա մասին…
Մորաքույրս Մոսկվայում էր ամուսնացել և ես նրան, գրեթե, չէի տեսել, չնայած, ամեն շաբաթ կամ շաբաթը երկու անգամ մերոնք խոսում էին հեռախոսով հետը: Այդ ժամանակ Հայաստանից արտերկիր խոսելը բավականին թանկ էր քաղաքային հեռախոսով, բջջայինները նոր էին հայտնվել և հասու չէին բոլորին, մերոնք էլ խոսում էին մորաքրոջս հետ ինտերնետ հեռախոսակապի ծառայությունների միջոցով: Տանից պատվիրում էին, հետո մեկ շաբաթվա ընթացքում տեսուչը մոտենում ու կտրոնով վերցնում էր գումարը: Այդ օրը մենակ էի մնացել տանը, մերոնք գնացել էին գյուղ՝ ծիրան բերելու, ինձ էլ պատվիրել էին տանից դուրս չգալ, որովհետև տեսուչի հետ պայմանավորվել էին գումարի համար: Ես մտքիս մեջ անընդհատ հայհոյում էի տեսուչին, որ ամառային այդ հրաշք օրով պիտի նստեմ տանը՝ լողավազան գնալու փոխարեն: Ժամը չորսն էր, երբ դուռը թակեցին: Ես ուրախացած վազեցի բացելու, բայց տեսուչի փոխարեն Սմբատն էր, ում մասին արդեն լրիվ մոռացել էինք:
- Ի՞նչ ես ուզում, – կոպիտ հարցրի ես:
- Բարև, Գուգ, եկել եմ հեռախոսի փողը տանեմ:
- Ի՞նչ հեռախոս:
- Որ Մոսկվա եք խոսել:
- Դու ի՞նչ գիտես:
- Ես «Տելնետում» եմ աշխատում, տեսուչն եմ:
Այդ պահին ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, բայց այն բոլոր
զգացողությունները, որ ունեցել էի նրա հանդեպ մինչև այսօր, մի ակնթարթում կորան: Իմ դիմաց կանգնած էր տասներկու տարեկան տղամարդ, ով արդեն աշխատում էր, ով իր մանկությունը փոխանակել էր գոյատևման հետ: Ով ուներ տատ և ուրիշ ոչինչ:
Ես տվեցի նրան գումարը, նա վերադարձրեց մանրն ու գնաց: Երկար
ժամանակ չէի կարողանում փակել տան դուռն ու գնալ ներս: Նույնիսկ լողավազանի տրամադրությունն էր կորել: Հագնվեցի ու գնացի նրանց տուն: Դուռը երկար թակեցի, բայց ոչ մեկ չբացեց: Ստիպված իջա ներքև, մուտքի մոտ սկսեցի սպասել նրան: Երեկոյան տասնմեկն էր, երբ եկավ:
- Սմբատ, – ձայն տվեցի նրան: Մոտեցավ: Չգիտեի ինչից սկսեի, ինչպես ընկերանայի հետը:
- Վաղը կգա՞ս իջնենք «20 կոպեկնոց»:
- Չէ, վաղը գործի եմ:
- Ինչի՞ ես աշխատում:
- Որ փող ունենամ:
- Ինչքա՞ն:
- Շատ:
- Ինչքա՞ն շատ:
- Շատ – շատ: Ես ուզում եմ հարուստ լինեմ:
- Ինչքա՞ն ժամանակ ա, որ աշխատում ես:
- Մի շաբաթ:
- Հավաքում ե՞ս:
- Հա: Արդեն 2000 դրամ ունեմ: Պիտի դարձնեմ 3000, որ հեծանիվ առնեմ:
- Հեծանի՞վ: Բա դու ասում ես ուզում ես հարուստ լինես, որ հեծանիվ առնես, փողերդ կվերջանան:
- Չէ: Հեծանիվն ինձ փող կբերի:
- Ո՞նց:
- Կիմանաս, – ու գնաց տուն:
Ես անընդհատ ուզում էի շփվեի հետը, ուզում էի ես էլ փող աշխատեի, ուզում էի նրա կողքին լինեի, որովհետև զգում էի, որ նա արտասովոր էր: Նրա կողքին կանգնած ես մի տեսակ էներգիա էի զգում, որ գալիս էր դեպի ինձ: Մի անբացատրելի ուժ կար մեջը, անբացատրելի ձգողականություն:
Դեպքից տաս օր էր անցել համարյա: Չնայած իմ ցանկություններին, այդպես էլ չէի կարողանում բռնացնել նրան: Սկսել էի քաշվել, սկսել էի զգալ նրան բացարձակ առավել իմ նկատմամբ: Այդպես թրև էի գալիս բակում, երբ երկու տղա մոտեցան, 17 – 18 տարեկան.
- Ապեր ջան, ձեր բակում հեծանիվ սարքող տղա կա, որտե՞ղ ա ապրում: Անունն էլ՝ Սմբատ ա:
Հեծանիվ սարքո՞ղ: Մեր բակում մի Սմբատ կա, ով մի քանի օր առաջ հեծանիվ էր ուզում առներ… Մի՞թե: Խառը մտքերը ճնշում էին գլխիս կաղապարը ներսից, բայց առանց ինձ կորցնելու ասացի.
- Հա, իհարկե: Իմ ընկերն ա, եկեք տանեմ ցույց տամ:
Ես նրանց հետ բարձրացա Սմբատենց տուն: Դուռը բացեց նրա տատը, ում առաջին անգամ էի տեսնում: Փոքրամարմին, բարի աչքերով ծեր կին էր:
- Եկեք ներս, – ասաց նա, – Սմբատը բալկոնում ա:
Երեք սենյականոց հին տուն էր: Չհասցրեցի լավ աչքի անցկացնել, որովհետև առաջին ննջասենյակի միջով դուրս եկանք բաց պատշգամբ: Ննջասենյակում փոքրիկ մահճակալ էր դրված, մահճակալի վերևի պատից մի քանի պատվոգրեր էին կախած, մյուս պատի տակ սպասքի պահարաններ էին դրված՝ մեջն ամբողջությամբ գրքեր: Կարծես, գրադարան մտած լինեինք: Սմբատը պատշգամբում նստած էր ծառի քոթուկի վրա, դիմացը կապրոնե թաս էր սև հեղուկով, որի հոտից ենթադրի, որ սևացած բենզին էր: Նա այդ բենզինի մեջ հեծանիվի շղթա էր լվանում, ձեռքերն ամբողջովին մրոտ էին: Տեղ – տեղ էլ մուրը քսվել էր դեմքին, երևի, քրտինքը սրբելուց ու մի քանի լաքաներ էին մնացել այտերին ու ճակատի մոտ: Նա դաստակով բարևեց բոլորիս:
- Պատրաստ ա, – ասաց հետիս տղաներին ու կողքից հեծանիվի զույգ ոտնակներ մեկնեց նրանց:
- Ապրես, ապեր, – ասաց նրանցից բարձրահասակն ու ավելացրեց, – ի՞նչ պիտի տամ:
- Երկու հազար, – ասաց Սմբատը: Տղան գրպանից հանեց երկու հատ հազարանոց, մեկնեց Սմբատին և հաջողություն ասելով գնացին: Սմբատը տեղից չշարժվեց, ես նրանց ճանապարհեցի ու հետ եկա: Պատշգամբում հեծանիվի մասեր էին թափթփված, պատից շղթաներ էին կախված, աստղիկներ, ղեկ:
- Ի՞նչ ես անում, – հարցրի նրան:
- Էս ցեպը պոկված էր, սարքել եմ, հիմա լվանում եմ, որ գան տանեն: Տեսա՞ր, որ ասում էի հեծանիվն ինձ փող կբերի…
Ես չգիտեի ինչ ասեի, իսկ նա խորամանկ աչքերով նայում էր ինձ:
- Ես էլ եմ ուզում աշխատեմ, կգա՞ս իրար հետ գործ անենք:
- Ի՞նչ կարաս անես:
- Ինչ ասես:
- Լավ, բայց ես եմ որոշելու, թե ինչքան փող տամ քեզ:
- Ինձ փող պետք չի, ուղղակի, բան չունեմ անելու:
- Չէ, եթե աշխատելու ես, ուրեմն փողով, եթե չէ, ուրեմն նստի նայի:
- Չէ, ուզում եմ օգնեմ:
- Լավ, – ասաց նա: Ու մենք ընկերացանք:
Ես ամեն օր ավելի ու ավելի էի զարմանում նրա վրա: Նա այնքան շատ բան գիտեր ու այնքան շատ բան էր կարողանում, որ իմ աչքին նրա փոքրիկ կերպարանքը հետզհետե հսկայի էր նմանվում: Ինձ թվում էր, թե նա կարդացել է իրենց տան բոլոր գրքերը, որոնք մյուս սենյակներում ավելի շատ էին, որ նա կարող է ամեն բան, որ նա մասնագետ է ամեն ինչում և ամեն ինչով ինձնից ու բոլորից առավել: Նա Սմբատն էր:
1993-ի պարետային ժամի ժամանակ միլիցիան կամ ԽՍՀՄ զինվորները սպանել էին հորն ու մորը, երբ վերջիններս իջել էին ձորից փայտ բերելու: Ես այդքանը գիտեի այն ժամանակ, մինչև հետո կպարզեմ, որ իրականում Սմբատի հայրը հանցագործ էր, իսկ մայրն էլ օրինական կինը չէր: Կպարզեմ, որ հոր անունը կապված էր հանցավոր աշխարհի շատ ու շատ կարկառուն ներկայացուցիչների հետ, ինչի մասին Սմբատի հետ երբեք չեմ խոսի: Այս ծեր կինը նրա մորական տատն է՝ պրոֆեսոր, գիտնական: Այս բոլոր գրքերը նրանն են ու նա հաստատ կարդացել է բոլորը: Ժամանակի ընթացքում ես այդ կնոջը՝ Լիդային, ավելի շատ կսիրեմ, քան իմ բոլոր տատերին: Ժամանակի ընթացքում Լիդան ինձ համար տատիկ կդառնա:
Սմբատը մոտի եղած գումարով հեծանիվ էր առել, քանդել և սկսել էր մաս – մաս վաճառել, որպես պահեստամաս: Այդպես քառակի ավել գումար էր աշխատում: Շարունակում էր աշխատել տեսուչ: Ես ամբողջ օրը նրա հետ էի: Շաբաթական երկու անգամ մենք Հանրապետության հրապարակի «Արհմիությունների կոնֆեդերացիա» ցուցանակով շենքի երկրորդ հարկի նեղ ու երկար միջանցքի ձախակողմյան վերջին սենյակից վերցնում էինք մեր թաղամասի՝ 4-ով սկսվող հեռախոսահամարների զույգերի (42,44,46,48), կտրոններն ու ոտքով գնում դրանց վրա նշված հասցեներով: Ամառվա երևանյան տապին ցերեկները պատշգամբում նստած հեծանիվի մասեր էինք քանդում, սարքում, գնում, վաճառում, իսկ երեկոյան դուրս գալիս հեռախոսակապի գումարները գանձելու: Ինձ չափազանց հետաքրքիր էր նրա հետ: Ամեն օր մի նոր բան էի սովորում, երբեք չէի ձանձրանում և իսպառ մոռացել էի խաղերի, մյուս ընկերների մասին: Ամեն օրվա վերջում նա իր կամ մեր աշխատած գումարի տաս տոկոսն ինձ էր տալիս: Առաջին անգամն էր միայն, որ չէի վերցնում և առաջին անգամ էր, որ տեսա նրա «ատամները»: Նա չափազանց վճռական էր, իշխող և ես արդեն վախենում էի նրանից, ակնածանքով վերաբերում: Նա անընդհատ գործեր էր բռնում, գործեր էր գտնում: Մենք շենքերի մուտքերով գովազդային այցեքարտեր էինք բաժանում, ակնոցներ էինք տեղափոխում արտադրամասից խանութ, կիլոգրամով ցելոֆանե տոպրակներ էինք առնում, 100 – ական դասավորում, գրամեքենայով և պատճենաթղթով պիտակներ սարքում, փակցնում դրանց վրա և եռակի թանկ վաճառում: Նա կարողանում էր օդից փող ստեղծել: Ամեն տեղ ծանոթներ ուներ, ընկերներ:
Պատից կախված այն պատվոգրերը հրաձգության մրցումներից էր ստացել: Տաս տարեկանից պարապում էր ԴՈՍԱՖ-ում: Ուսուցչի հետ խոսել էր և շուտով արդեն միասին էինք հաճախում մարզումների: Ես զենքի ու հրաձգության հետ սեր չունեի, ինձ ձանձրալի էր, բայց քանի որ դա նրա տարերքն էր, ավտոմատ կերպով ես էլ էի սկսել սիրել, ինձ էլ էր չափազանց հետաքրքիր դարձել: Նա լավ էր կրակում: Լավից մի բան էլ շատ: Ես միշտ երազում էի նրա նման լինել, նրա նման կարողանալ անել, բայց երբեք մտքովս չէր անցնում նրանից լավը դառնալ, քանի որ նա ինձ համար իդեալական էր, դրանից այնկողմ տեղ չկար:
Դասերի ժամանակ նա սովորում էր: Լավ էր սովորում: Մինչև հինգերորդ դասարան գերազանցիկ էր: Նրա մեջ խելահեղ էներգիա ու եռանդ կար: Թվում էր, թե երբեք չի հոգնում:
Երազում էր ռազմական օդաչու դառնալ:
Տասնյոթ տարեկան էինք, երբ Սարի Թաղում ինտերնետ ակումբ բացեցինք:
- Նայի, – ասաց ինձ նա, – համակարգիչները նոր – նոր են հայտնվել ու քաղաքն արդեն զբաղված ա ինտերնետ ակումբներով: Իսկ Սարի Թաղում ոչ մի հատ չկա: Ու եթե չհասցնենք, շուտով ուրիշները կունենան:
Հասցրեցինք:
Նրան բանակում ծառայության համար ոչ պիտանի ճանաչեցին: Հարթաթաթ էր: Ռազմական օդաչուի մասին երազանքը հօդս ցնդեց:
- Ես վարչապետ եմ ուզում դառնամ, – մի օր ասաց նա: Հետո ընդունվեց պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Առավոտյան գնում էր դասի, հետո գալիս էր ինտերնետ ակումբ, ես գնում էի քնելու: Երեկոյան գալիս էի, նա էր գնում քնելու: Հետո ես գնացի բանակ, ԼՂՀ Մարտունի: Ամեն ամիս գալիս էր ինձ տեսակցության: Մեկ տարի հետո մեքենա էր առել՝ 1993 թ. «Վոլկսվագեն»:
- Լսի, – ասաց ինձ հերթական այցի ժամանակ, – մարդիկ սկսում են հեռախոսով մտնել ինտերնետ: Գործը շուտով կմեռնի: Բոլորը համարյա համակարգիչ ունեն: Մի հատ ծանոթ եմ գտել, Չինաստանից ապրանքներ ա բերում, ես էլ տոնավաճառում տեղ եմ վերցրել: Ներքնազգեստ, գուլպա ու գոտի: Հայաստանում դեռ ոչ մեկ դրանով չի զբաղվում…
Բանակից եկա, նա արդեն քաղաքի բոլոր տոնավաճառներում երկուական վաճառակետ ուներ: Մեկ ամիս էլ չէր անցել, արդեն ինքն էր գնում Չինաստան ու սկսեց նաև մեծածախ առևտրով զբաղվել…
Մեքենան փոխել էր: «Տոյոտա» ջիպ էր:
Մի օր միասին գնում էինք պահեստ՝ ապրանք բաց թողնելու, դիմացներովս զինվորականներ տեղափոխող բեռնատարների ավտոշարասյուն էր ընթանում: Նա արագացրեց մեքենայի ընթացքը, բավականին անցավ նրանցից, սուպերմարկետի մոտ կանգնեց, վազելով մտավ ներս, քիչ անց դուրս եկավ, ձեռքով արեց: Գնացի:
- Լսի, – օգնի էս սիգարետները հանենք, – ու մատնացույց արեց մի քանի արկղ սիգարետը: Մենք դրանք բոլորը լցրեցինք մեքենայի մեջ: Երբ զինվորականների ավտոշարասյունը մոտեցավ, նա կտրուկ թեքեց մեքենայի ղեկը, փակեց դիմացից եկող բեռնատարի ճանապարհն ու միջից արագ իջավ: Շարասյունը կանգնեց: Ոստիկաններն ու ուղեկցողները սկսեցին սուլել, ձայնային ազդանշաններ տալ, իսկ նրա պետքն էլ չէր: Մինչև կհասցնեի կողմնորոշվել, նա արդեն մեքենայից հանում էր արկղով սիգարետներն ու ամեն մեքենայի մեջ մեկական նետում: Դա տևեց մոտ յոթ րոպե: Մինչ կհասկանային կատարվածը, նա արդեն մեքենայի ղեկին էր, իսկ մենք պահեստի ճանապարհին:
Հրաշալի վարորդ էր: Մի օր խնդրեցի ինձ էլ սովորեցնի մեքենա վարել: Սկզբում զարմացավ, հետո զայրացավ, թե ինչու՞ մինչև հիմա չգիտեմ ու նոր եմ դրա մասին ասում: Ուղիղ մեկ շաբաթ, ամեն երեկո նա ինձ մանրամասն սովորեցնում էր, տալիս էր, որ քշեմ: Ցերեկները, երբ ինքն էր քշում, անընդհատ խորհուրդներ էր տալիս, օրինակներ բերում:
Այդ օրը գնում էինք Բագրատաշեն: Սահմանին վրացիները ապրանք էին բերում, պիտի վերցնեինք: Երբ Երևանից դուրս եկանք, խնդրեցի նրան, որ քշեմ: Դեռ ցերեկով երբեք չէի քշել: Մայրուղին էլ համեմատաբար քիչ է ծանրաբեռնված: Նա առանց վարանելու համաձայնեց: Չարենցավանի մոտ տեղափոխվեցինք ու ղեկին ես նստեցի:
- Լսի, – ասաց նա, – ես քեզ ի՞նչ եմ ասել:
- Ի՞նչ:
- Ամրագոտիդ կապիր, – խիստ տոնով ասաց նա: Ես ուզում էի հարցնել, թե ինքն ինչու՞ չի կապում, բայց տոնն այնքան հրամայական էր, որ առարկել չհամարձակվեցի: «Ես՝ ես եմ», – կասեր նա:
Էջանիշներ