Առաջին դասարանում փոքր թվից մեծ թիվ հանել չէր կարելի: Ավելի բարձր դասարաններում արմատի տակ մինուսն էր անթույլատրելի: Բայց հետո եկավ բացասական թվերի ժամանակը, իսկ ավելի ուշ պարզեցի, որ գոյություն ունի մի թիվ, որը արմատ մինուս մեկի է հավասար:
Ու ես հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է. մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որն ինքներս ենք հորինել ու որի օրենքները մեր ձեռքերում են:
Տարօրինակ երեխա էի. բակ չէի իջնում, այլ երեխաների հետ չէի խաղում, կամակոր էի, նեղացկոտ, և ինձ միշտ կարելի էր գտնել փոշոտ գրքերի կույտի հետևում: Ծնողներս մի անգամ ասել էին, որ ինձ այլմոլորակայիններն էին Երկիր բերել, և ես այդ խոսքերն ընդունել էի որպես կյանքիս միակ ճշմարտություն: Երբ նեղացած էի կամ տխուր, նստում էի պատուհանագոգին ու սպասում, թե երբ են այլմոլորակայիններն իմ ետևից գալու:
Արդեն չափահաս էի դարձել, նրանք էլ դեռ չէին երևացել, բայց ես շարունակում էի հավատալ: Միգուցե՞ նրանք հետևում էին ինձ ու տեսնելով թե ինչ կամակոր ու հիստերիկ էակ եմ, իսպառ կորցրել էին ինձ հետ տանելու ցանկությունը: Կամ էլ միգուցե զզվելի գիտնականները գողացել էին տիեզերանավը, վերացրել նրանց՝ ինչ է թե արդեն ապացուցել էին, որ միայն Երկրի վրա բանական կյանք կա:
Բայց ինչպես ասում են. եթե այլմոլորակայինները չեն գալիս Րյուի մոտ, ապա Րյուն կգնա իրենց մոտ: Դրա համար էլ որոշեցի աստղաֆիզիկոս դառնալ, որ գտնեմ ծնողներիս:
Թռչող ափսե սարքելու բոլոր փորձերս ձախողվեցին. արդյունքում միայն խոհանոցի ափսեներն էին թռչում դեպի մոտակա մոտակա պատը: Տիեզերանավ կառուցելու գաղափարը ավելի ռեալ էր, միայն թե հարևանի տուն՝ Անդրոմեդա գալակտիկա հասնելու համար, լույսին 2 միլիոն տարի է պետք, իսկ խեղճուկրակ տիեզերանավիս՝ միլիոն անգամ ավելի շատ ժամանակ պետք կգա:
Այմոլորակային, թե ոչ՝ միևնույն է, անմահ չեմ, ուստի ֆիզիկայի գործող օրենքների պայմաններում չէի կարող հասնել այլ գալակտիկաներ՝ ծնողներիս փնտրելու, իսկ նոր օրենքներ հորինել էլ չէի կարողանում, որովհետև գոյություն ունեցողներն ուղեղիս ու արյանս մեջ էին:
Մի գիշեր էլ տանիքին պառկած աստղերին էի նայում ու հաշվում ծնողներիս՝ այս կամ այն համաստեղությունում բնակվելու հավանականությունը, երբ հանկարծ «ընկնող աստղ», ավելի ճիշտ՝ ընկնող երկնաքար տեսա: Բարձրաձայն երազանք պահեցի, որ ուզում եմ դուրս պրծնել էս հիմար մոլորակից ու հիմարաբար նետվեցի երկնաքարը բռնելու: Արդյունքում, իհարկե, այն չբռնեցի, բայց փոխարենը տանիքից այնպե՜ս ընկա, որ մի քանի ամիս շարունակ հիվանդանոցի պատերն էի տեսնում:
Երբ բժիշկները եկան ինձ հարցնելու, թե ինչպես էի հաջողացրել ընկնել տանիքից, ես ազնվորեն պատմեցի այն ամենը, ինչ հիմա գրում եմ՝ իհարկե առանց նախաբանի ծակ փիլիսոփայության: Ինձ հետաքրքրությամբ լսեցին , ժպտացին, տխրությամբ իրար նայեցին և մի քանի օր անց ինձ հոգեբուժարան ուղարկեցին, մի երկար սպիտակ շապիկ հագցրին ու փակեցին մի սենյակում: Ես բժիշկներին խնդրում էի, որ ինձ տուն թողեն, որ ես միայն ընկնող աստղ էի բռնում, որ ես ոչ թե գիժ եմ, այլ ամենասովորական այմոլորակային, բայց նրանք միայն գլուխներն էին թափահարում ու մարմնիս հերթական ներարկիչը դեմ տալիս: Խնդրում էի, որ գոնե գրքեր ու տետրեր ինձ տան, որ ուղեղս մի քիչ ալիքային օպտիկայի բարդ խնդիրներով զբաղեցնեմ ու ստիպված չգժվեմ դատարկությունից ու պարապությունից, բայց դա էլ թույլ չէին տալիս: Գեր ու հիմար բուժքույրը իմ «հոգեկան» դառնալու համար ֆիզիկային ու մաթեմին էր մեղադրում, ու ամեն անգամ խղճահարությամբ ասում, որ իմ պես ջահել ու սիրուն աղջիկը, որ կարող էր լավ հարս լինել ու երեխաների մայր, այդքան շուտ ցնդել էր: Մի թուղթ ու մատիտ էլ չէին տալիս. երևի վախենում էին, որ մատիտը կուլ կտամ ու կմեռնեմ, կամ մատիտով երակներս կծակեմ ու էլի կմեռնեմ: Մի խոսքով, քիչ-քիչ գժվում էի, որովհետև գիշերը ցերեկից չէի տարբերում, անընդհատ դեղերի ազդեցության տակ էի ու մտքումս միշտ տարօրինակ բանաստեղծություններ էին պտտվում, որոնք ոչ թե տառերից ու բառերից էին կազմված, այլ ֆունկցիաներից ու թվերից:
Այդ գիշեր չգիտեմ թե ինչպես, հաստլիկից ներարկիչի ասեղն էի գողացել: Մազոխիստական հակումներով աչքի չեմ ընկնում, բայց ծակել էի աջ ձեռքիս ցուցամատն ու փափուկ պատի վրա արյունուվս նկարել Մեծ Արջի ու Փոքր Արջի համաստեղությունները: Նույնիսկ տիեզերական արջերը մենակ չէին, իսկ ես էս փոքր սենյակում փակված էի ու մոռացված: Գլուխս դեմ տված պատին, լաց էի լինում, երբ նկատեցի, որ Մեծ Արջի ամենապայծառ աստղի տեղում գրածս ε (Էփսիլիոն) տառը, որը հենց այդ աստղի անունն էր, մեծացավ ու դռան չափ դարձավ: Սպիտակ պատին վառ կարմիր էփսիլիոնաձև դուռն էր, որ կարմիր լուսային ալիքներով էր ողողում սենյակը: Կարմիր ճառագայթները գրկեցին ինձ ու տեղափոխեցին մի երկար ու սև թունել: Գլխավերևումս, ոտքերիս տակ, աջ ու ձախ կողմերումս աստղեր էին, համաստեղություններ, գալակտիկաներ... Թունելը պտտվում էր իր առանցքի շուրջ ու միաժամանակ ինձ առաջ էր տանում: Աչքերս փակել էի, որովհետև վախենում էի կործանվել հսկա թունելում, որն ամբողջությամբ լուսատուներով էր պատված, բայց իմ Արեգակի ջերմ դեղին լույսն այդպես էլ չէր երևում:
Էջանիշներ