User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Գոհարը

  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Գոհարը

    Քառասունին մոտ կին էր փարթամ կրծքերով, գրեթե միշտ, կանաչ խալաթով: Մեր հարկում էր ապրում` մեջտեղի մեկսենյականոցում: Հիվանդ ամուսին ուներ, ով, ինչքան ինձ հիշում եմ, անկողնուն գամված էր: Նա իր այդ կարճ խալաթով ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, երբ խանութը նոր էին բացում: Այդ ժամին դպրոց էի գնում: Ես կանգնում էի դռան ետևում և սպասում, թե երբ կլսեմ նրա դռան փականի ձայնն ու զուգահեռ դուրս գալիս մուտք: Երրորդ հարկում էինք ապրում:

    - Բարի լույս, - ամեն անգամ ասում էր ինձ նա, բայց ես չէի պատասխանում. Տանն
    արգելել էին ինձ բարևել նրան, որովհետև մերոնք չէին խոսում հետը: Պապս ասում էր. «Բոզ ա» ու ես մտածում էի, որ նա գաղտնիք պահել չգիտի, որովհետև այդպես մեր դասարանի Արմենին էին ասում բոլորը:

    Ես դանդաղ իջնում էի աստիճաններով, մինչ նա կփակեր իրենց տան դուռն ու արագ կիջներ: Այնպես էի անում, որ ամեն անգամ կես հարկ ներքևում լինեմ, որ նայեմ, թե ինչ է երևում նրա կարճ խալաթի տակից և տղաներին պատմեմ: Բայց նրա ոտքերն ահավոր հաստ էին ու ես այդպես էլ երբեք ոչինչ չէի տեսնում ազդրերից բացի, չնայած տղաներին ինչեր ասես պատմում էի «տեսածներիցս» : Ամեն անգամ ավելի գունավոր ու տարբեր: Նա երբեք ներքև չէր նայում ու միշտ քայլում էր հայացքը բարձր և դա ինձ հնարավորություն էր տալիս ամեն հաջորդ անգամ երկար ու ջանասիրաբար հետևել խալաթի փեշերի տատանումներից առաջացած բացերի ներսին: Ամեն օր 8 անց 30 իջնում էր խանութ, հետո գալիս էր տուն ու այլևս այդ օրը դուրս չէր գալիս տանից: Նրա դռան զանգը ահավոր բարձր էր ու երբ լսում էի այդ զանգը վազում էի դռան մոտ, որ դիտանցքից նայեմ, թե ովքեր են հյուր գալիս: Մի անգամ դրա համար վզակոթիս լավ ստացել եմ:

    Տղաները մեծերից լսել էին պատահաբար, որ երեք հազար դրամով Գոհարն «ամեն ինչ
    անում ա» : Մենք որոշել էինք բոլորով փող հավաքել ու մեր միջի ամենահամարձակին` Գուգոյին, ուղարկել մոտը: Այդ ժամանակ դժվար էր երեք հազար դրամ հավաքելը, մանավանդ, որ բուֆետի փող ունենում էր միայն Կարենը, այն էլ, որ իմացավ Գուգոն է գնալու սկսեց էլ փող չտալ, իբր ուսուցչուհին ծնողական ժողովում ասել էր, որ ինքը բուֆետում երբեք չի լինում ու տանն էլ փող չեն տալիս:

    600 դրամ հազիվ էինք հավաքել ու որոշեցինք կողքի բակի տանիքից անտենաներ գողանալ ու հանձնել մետաղի ընդունման կետում: Ես, Գուգոն, Արտակը հաջորդ օրը երեկոյան յոթ հատ անտենա գողացանք, տարանք Արմենենց նկուղ, կոտրատեցինք, լցրեցինք տոպրակի մեջ, որ առավոտյան տանենք հանձնելու: Ողջ գիշեր քուններս չտարավ: Առավոտ շուտ չգնացինք դպրոց, կանգնել սպասում էինք, թե երբ է բացվելու մետաղի ընդունման կետը, որ հանձնենք: Բայց պարզվեց, որ անտենաները ալյումինից չէին, այլ եսիմինչ անպետք մետաղից ու գումար չտվեցին: Գլխիկոր վերադարձանք: Ճանապարհին լիմոնադի շիշ գտանք, տարանք հանձնեցինք, մեկ հատիկ սիգարեթ առանք ու բարձրացանք տանիք: Հերթով ծխում էինք ու մտածում որտեղից փող ճարել:

    Դիմացի բակի տղաները փողով բլոտ էին խաղում: Ես ու Գուգոն որոշեցինք հետները խաղալ: Տղերքից համաձայնություն ստացանք, վերցրեցինք մեր հավաքած 600 դրամն ու բոլորով գնացինք դիմացի բակ: Սրանք տարիքով մեզանից մեծ էին: Գուգոն գնաց, առանձին հետները խոսեց ու բոլորով հետ եկան: Համաձայնվել էին: Տաղավարում նստած էինք չորսով, տղաներին արգելել էին մոտ գալ, նրանք կանգնել էին հեռվում ու նայում էին մեր կողմ: 200 դրամի վրա էինք խաղում: Առաջին անգամ հաղթեցինք շատ հեշտ, սրանք էլ առաջարկեցին 400-ի վրա խաղալ: Մենք ոգևորված համաձայնվեցինք: Հաջորդ երկուսը արագ պարտվեցինք ու գլխիկոր եկանք տղաների մոտ: Նրանք արդեն գիտեին… Ու քանի որ մենք տղաներին հուսախաբ էինք արել, Գուգոյի հետ որոշեցինք մեր պապերի թոշակից 1500-ական գողանալ: Գուգոն մի քանի անգամ արել էր ու մնացել էր անպատիժ, բայց ես գիտեի, թե ինչ է ինձ սպասվում, երբ պապս իմանա: Ու չնայած դրան, չէի կարող չհամաձայնվել:

    Մի քանի օր հետո եկավ փոստատար Պետրոսը: Պապս քնած էր: Ես ստորագրեցի նրա փոխարեն, վերցրեցի 8000 դրամ թոշակն ու Պետրոսից հետո տանից շուտ դուրս եկա: Գուգոն արդեն արել էր իր սև գործը: Նրանց տունն առաջին մուտքում էր:
    Տղաներով հավաքվեցինք Արմենենց նկուղում «ժողովի»: Սեղանին երկու հատ հազարանոց և երկու հատ 500 դրամանոց թղթադրամներն էին, ու մենք նստել էինք ութ հոգով երկար իշավոտնուկներին ու լուռ էինք: Գուգոն ասաց, որ չի գնա, որովհետև գիտի, որ բոլորն էլ ուզում են: Ինքն այդպես չի կարող: Նա ճիշտ էր, բայց մեզանից յուրաքանչյուրն ուզելուց բացի, նաև վախենում էր և այդ վախը թաքցնելու համար պնդում էր, որ Գուգոն գնա: Երևի, Գուգոն էլ էր վախենում, որովհետև այդպիսի շանս յուրաքանչյուրին մեկ անգամ էր տրվելու կյանքում: Այդպես վիճեցինք մոտ մեկ ժամ ու եկանք համաձայնության: Արմենը դարակից խաղաքարտերը բերեց: Երդվեցինք, որ ում ընկնի առաջին տուզը, նա էլ առանց պատճառաբանության կամ ընդդիմանալու, պետք է խելոք գնա: Այդ պայմանն ավելի շատ բացահայտում էր մեր վախը, քան թե ընկերոջ մասին մտահոգվելու անկեղծ ցանկությունը: Երկրորդ շրջանին խաչի տուզն ընկավ ինձ: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին ու երանությամբ լի աչքերով նայեցին ինձ: Ոտքերս սկսեցին դողալ, բայց երդվել էի… Որոշվեց, որ Արտակը պետք է հետս գա, կես հարկ ներքևում սպասի, որպեսզի բոլորը համոզվեն, որ մտնում եմ Գոհարենց տուն, այլ ոչ թե մեր:

    Մենք քայլում էինք, ճանապարհը կարճանում էր, բայց ես դեռ չէի որոշել, թե ինչ եմ ասելու ու տղաներից հարցնելն էլ մի տեսակ պատվի հարց էր: Ես ու Արտակը գնում էինք առջևից, տղաները մի քսան քայլ հեռավորությամբ հետևում էին մեզ:

    Արտակը սպասեց կես հարկ ներքևում, ես մոտեցա Գոհարենց սպիտակ, ներկաթափ դռանն ու կանգնեցի: Լեզուս պապանձվել էր: Ոտքերս այնքան ուժգին էին դողում, որ թվում էր, թե ուր որ է վայր կընկնեմ: Մի ամբողջ հավերժություն հետո մատս դրեցի զանգին: Դռան փականի ձայնի հետ մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ, քիչ էր մնում պտտվեի ու փախչեի, բայց զգում էի, թե ներքևում ինչպես է ականջները չորս արած կանգնել Արտակը:
    Դուռը բացեց Գոհարը: Նա կանգնել էր իր կանաչ, ինձ այդքան հարազատ կարճ խալաթով իմ առաջ ու մի ձեռքով բռնել էր դուռը: Դրանից նրա խալաթը մի կողմ էր թեքվել` լայնացնելով կրծքի բացվածքն ու այնտեղից դուրս էր ցցվել Գոհարի հսկայական կուրծքը: Ես կանգնել էի անշարժ ու թվում էր, թե մեռել եմ:
    - Բարի լույս, - ասաց Գոհարը: Ես անկարող էի խոսել:
    - Ի՞նչ է եղել, զարմացած շարունակեց նա:
    - Ես փող ունեմ, - քրթմնջացի ես:
    - Ի՞նչ, - չլսելու տվեց:
    - Երեք հազար դրամ, - շշնջացի ես:
    - Ի՞նչ ես խոսում, - զարմացավ նա, ու երբ արդեն ես լրիվ պատրաստ էի շրջվել ու
    փախչելուն, նա ժպտալով նայեց, - արի ներս:

    Ես մտա ներս, հետևիցս աղմուկով փակվեց դուռը: Այդ ձայնով ես հաղթեցի դրսում կանգնածներին ու բոլորին, բայց զգացի, որ արդեն շունչս կտրվում է:
    Գոհարն արագ անցավ ներս ու բղավեց.
    - Առաջ արի, մի կանգնի դռան տակ:
    Ես գնացի ներս: Մեկ սենյականոցը մուգ կարմիր վարագույրով բաժանված էր երկու մասի: Վարագույրը փակ էր ու ետևից լսվում էին ընդհատ ու ցածր տնքոցներ: Դիմացի պատի տակ ընդարձակ բազմոց էր դրված, փոքրիկ կլոր սեղան դիմացը և հեռուստացույց` ասեղնագործ կտորով ծածկած:
    - Սուրճ կխմե՞ս, - Գոհարի ձայնը ինձ ետ բերեց կյանք:
    - Հա, - պատասխանեցի ես, թեև սուրճ երբեք չէի խմել:
    - Դառը՞, թե՞ քաղցր:
    - Քաղցր:
    Գոհարը գնաց խոհանոց: Ես մնացել էի կանգնած ու չգիտեի նստե՞ի, թե՞ մնայի այդպես:
    - Չես նստու՞մ, - ասես մտքերս կարդաց Գոհարը:
    Ես գնացի դեպի դուռը:
    - Հիմա կգամ, - ցածր ասացի ես:
    - Ի՞նչ:
    - Կգամ հինգ րոպեից, բան եմ մոռացել:
    - Սուրճդ խմի, կգնաս, - ասաց նա մոտենալով ինձ, - կնայեմ բաժակդ:
    - Չէ, մինչև լինի, կգամ, - կիսատ պռատ ասացի ես ու դուռը բացելով արագ դուրս թռա:

    Մեր տան դուռը բաց էր: Վազեցի ներս գոռալով.
    - Պա~պ, թոշակդ ստացել եմ:

    Հյուրասենյակում լիքը մարդ կար: Հայրս գլուխն առել էր ձեռքերի մեջ, ծխում էր:
    - Սը~ս, - մատը բերանին դրեց վերևի հարևան Նունեն: Պատգարակը ձեռքներին
    կապույտ խալաթներով երկու բժիշկ մտան տուն Նունեի ամուսնու հետ: Հորեղբայրս պատից իջեցնում էր ժամացույցը, մայրս ու մորաքույրներս սավաններ էին փռում հեռուստացույցի և պահարանների վրա…

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.02.2014), Chilly (08.02.2014), Peace (09.02.2014), Sambitbaba (07.02.2014), Արևանուռ (13.02.2014), Դավիթ (09.02.2014), Նարե91 (08.02.2014), Ռուֆուս (13.02.2014)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սևակ, հետաքրքրությամբ կարդում էի պատմվածքդ, հավես էիր շարադրել: Բայց չհասկացա՝ ինչի էդպես ավարտեցիր: Վերջն անբնական էր ու պատմությանը չկպնող:
    Կամ էլ ինձ էդպես թվաց:
    Համենայնդպես, դրա փոխարեն ավելի հետաքրքիր կլիներ, եթե Գոհարի կերպարը մի քիչ ավելի բացվեր: Խալաթը բացվելը նկատի չունեի

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.02.2014), tvsevak (08.02.2014), Դավիթ (07.02.2014), Մինա (10.02.2014), Ուլուանա (07.02.2014), Ռուֆուս (13.02.2014)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ համաձայն եմ ivy–ի հետ. մինչև վերջին տողերին հասնելը մեծ հետաքրքրությամբ կարդացի, բայց վերջն իսկապես չկապվեց ընդհանուրի հետ։ Էդպես էլ չհասկացվեց՝ Գոհարն իսկապես էնպիսին էր, ինչպիսին պատմում էին, թե էդ ամենը զուտ բամբասանք էր։
    Թե ինչի՞ փախար, մնայիր, էլի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tvsevak (08.02.2014), Մինա (10.02.2014)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սևակ, հետաքրքրությամբ կարդում էի պատմվածքդ, հավես էիր շարադրել: Բայց չհասկացա՝ ինչի էդպես ավարտեցիր: Վերջն անբնական էր ու պատմությանը չկպնող:
    Կամ էլ ինձ էդպես թվաց:
    Համենայնդպես, դրա փոխարեն ավելի հետաքրքիր կլիներ, եթե Գոհարի կերպարը մի քիչ ավելի բացվեր: Խալաթը բացվելը նկատի չունեի

    Հա, էլի, խալաթը քիչ էր։ ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր…
    Ինձ թվաց, թե Գոհարն այստեղ ոչ մի կապ չունի, և հենց դա էր նրա կերպարը ստվերում թողնելու պատճառը: Չնայած… չէ, ժող, նույնիսկ այդ ստվերն էլ շատ աննշան էր: Ես, օրինակ, Գոհարի վերև-ներքև անելուց, ոնց որ ներքևի հարկում Սևակի կողքին կանգնած լինեի...
    Իսկ պապու մահը… Կասեի, նույնիսկ դա է համով արված: Հա, դաժան է, իհարկե, բայց ստիպում է մի ամբողջ պատմվածք երևակայել, արդեն առանց հեղինակի անգամ… Պատկերացնու՞մ եք էդ խեղճ երեխու վիճակը. Գոհարից սարսափած փախչում ու դեմ է առնում պապու մահվանը… Սարսափից՝ սարսափ, երկար տարիներ մեղքի զգացում… Խեղճ տղա…
    Մի խոսքով, հարյուր տոկոսանոց գրոտեսկ:

    Ապրես, Սևակ ջան: Ինձ շատ դուր եկավ:

    Հ.Գ. Կարելի՞ է հարցնել. էս ու՞ր ես կորել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tvsevak (08.02.2014), Նարե91 (08.02.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց Գոհարից դեպի պապու մահը շատ անսպասելի էր ու ոչ բնական:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.02.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Գոհարից դեպի պապու մահը շատ անսպասելի էր ու ոչ բնական:
    Հա, Դավ ջան, ինչպես նաև անբնական է, ասենք, շաքարամանի միջից մուկ հանելը, բայց ֆիլմերում երբեմն պատահում է:
    Կատակում եմ իհարկե, բայց կարծում եմ, որ Սևակի պատմվածքը լրիվ թույլ է տալիս ասածդ "անսպասելի ու ոչ բնական" անցումներ կատարել:
    Եվ հետո, առանց այդ վերջի, ինձ թվում է, կլիներ ուղղակի հերթական Ֆելլինի-Ամարկորդ-պատմություն: Իսկ էսպես՝ տղեն Ֆելլինիին տվել-անցել է, և մի՞թե դա չէ ամենակայֆը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tvsevak (08.02.2014)

  14. #8
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Դավ ջան, ինչպես նաև անբնական է, ասենք, շաքարամանի միջից մուկ հանելը, բայց ֆիլմերում երբեմն պատահում է:
    Կատակում եմ իհարկե, բայց կարծում եմ, որ Սևակի պատմվածքը լրիվ թույլ է տալիս ասածդ "անսպասելի ու ոչ բնական" անցումներ կատարել:
    Եվ հետո, առանց այդ վերջի, ինձ թվում է, կլիներ ուղղակի հերթական Ֆելլինի-Ամարկորդ-պատմություն: Իսկ էսպես՝ տղեն Ֆելլինիին տվել-անցել է, և մի՞թե դա չէ ամենակայֆը...
    Հա, հայկական սգի պահը անպայման պետք ա լիներ, ամեն գնով: Տխուր ազգենք, էլի, երբ հաճույքից մինչև մահ մի ակնթարթ ա:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.02.2014)

  16. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ էլ լավն էր, ամեն ինչը տեղը տեղին, ապրես, Սևակ ջան:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.02.2014), tvsevak (08.02.2014), Նարե91 (08.02.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ Երջանկության մեխանիկա, մի քիչ սա:


    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (07.02.2014)

  20. #11
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավն էր…

    Ապրես, Սևակ ջան: Ինձ շատ դուր եկավ:

    Հ.Գ. Կարելի՞ է հարցնել. էս ու՞ր ես կորել...
    Բարև, հավատարիմ: Շնորհակալ եմ, որ զգացողություններս կիսում ես... Որ զգում ես... Թեկուզ այն, որ Գոհարն այստեղ կապ չուներ, որն ավելի շատ երևի, բախտ նայող էր կամ եսիմով, բայց նենց չէր, ոնց խաբում էին ընթերցողին... Մի խոսքով, ապրես շատ:

    Գրածներս կայքումս եմ դնում կամ ֆեյսբուքյան էջիս: Մի տեսակ պատրաստ չեմ բանավեճերի, չեմ ուզում կարդալ կարծրատիպային կարծիքներ կամ բացատրել, թե որն ինչի համար եմ գրել... Վերջիվերջո, ես չէի մեղավոր, որ պապը մահացավ, ոչ էլ թոռը... Ես էլ չէի սպասում... Դրան չանդրադառնամ...

    Այստեղ ես ինձ լավ չեմ զգում... Միջավայրը մի տեսակ այլ է... Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար ու այնպես չէ, որ եթե կարծիքը դուրս չի գալիս կամ համաձայն չեմ, ուրեմն ես եմ ճիշտ: Իրականում ես գրում եմ այն, ինչ այդ պահին գալիս է, ինչպես տեսնում եմ, ինչ զգում եմ... Իսկ այստեղի ընթերցողները, ըստ իս, միշտ ուզում են, որ իրենց սպասվածով լինի կամ տրամաբանական շարունակությամբ... Ուզում են, որ այսպես լինի կամ այնպես, իսկ ես գրում եմ ինչ կա ու անկարող եմ անգամ տառ փոխել, կքանդվի, կարծում եմ, կդառնա օտար... Ու տպավորություն է ստեղծվում (այս գրառումս էլ ներառյալ), որ չեմ հարգում ընթերցողիս, իսկ իմ տարածքում ես ազատ եմ այդ առումով... Այստեղ ինձ պարտավորված եմ զգում, մի տեսակ իմ ափսեի մեջ չեմ... Դրա համար չկամ, կորել եմ... Իսկ այնպես` ապրում եմ, սովորում, աշխատում, երբեմն ստեղծագործում...

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.02.2014), Sambitbaba (08.02.2014), Վոլտերա (14.02.2014)

  22. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tvsevak-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ ես ինձ լավ չեմ զգում... Միջավայրը մի տեսակ այլ է... Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար ու այնպես չէ, որ եթե կարծիքը դուրս չի գալիս կամ համաձայն չեմ, ուրեմն ես եմ ճիշտ: Իրականում ես գրում եմ այն, ինչ այդ պահին գալիս է, ինչպես տեսնում եմ, ինչ զգում եմ... Իսկ այստեղի ընթերցողները, ըստ իս, միշտ ուզում են, որ իրենց սպասվածով լինի կամ տրամաբանական շարունակությամբ... Ուզում են, որ այսպես լինի կամ այնպես, իսկ ես գրում եմ ինչ կա ու անկարող եմ անգամ տառ փոխել, կքանդվի, կարծում եմ, կդառնա օտար... Ու տպավորություն է ստեղծվում (այս գրառումս էլ ներառյալ), որ չեմ հարգում ընթերցողիս, իսկ իմ տարածքում ես ազատ եմ այդ առումով... Այստեղ ինձ պարտավորված եմ զգում, մի տեսակ իմ ափսեի մեջ չեմ... Դրա համար չկամ, կորել եմ... Իսկ այնպես` ապրում եմ, սովորում, աշխատում, երբեմն ստեղծագործում...
    Ափսոս, որ քեզ լավ չես զգում Ակումբում…
    Բայց դա անցողիկ բան է, Սևակ ջան: Հետո մի մոռացիր, որ Ակումբը՝ ֆորում է, և կարծիքներ հայտնելը երևի կարելի է անգամ պարտականություն համարել… Շատերը նույնիսկ հակառակը՝ վատ են զգում, երբ իրենց գրածների մասին ոչ ոք կարծիք չի հայտնում: Մյուս կողմից էլ, չէ որ կարծիքները նաև կոփելու հատկություն ունեն և ավելի լավ է չխուսափես դրանից:
    Չգիտեմ, նայիր հարմարությանդ, բայց ես, օրինակ, քո գործերը հաճույքով եմ կարդում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.02.2014), Jarre (08.02.2014), Աթեիստ (08.02.2014), Նարե91 (08.02.2014), Ուլուանա (08.02.2014)

  24. #13
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողը կատարելագործվում ա քննադատության շնորհիվ: Ֆեյսում կամ անձնական էջում փակվելը լուծում չի: Հետո, պատմվածքի 90 տոկոսը բոլորին դուր էր եկել: Հիմա ես մի հարց ունեմ: Ընդհանրապես, պապ պե՞տք էր պատմվածքիդ մեջ, առավելապես, երբ նա մահանու՞մ ա:

    իսկ ես գրում եմ ինչ կա ու անկարող եմ անգամ տառ փոխել, կքանդվի, կարծում եմ, կդառնա օտար.


    Իսկ իմ կարծիքով, հենց վերջավորությունն ա օտար պատմվածքին:
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 09.02.2014, 01:00:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  25. #14
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողը կատարելագործվում ա քննադատության շնորհիվ:
    Ես շատ հեռու եմ գրող լինելուց, այնքան, ինչքան գրածիս վերջավորությունն էր օտար ընդհանուրին:
    Գրողին քննադատում են գրաքննադատները, ովքեր լիարժեք են ըմբռնում ու հասկանում շարադրանքը, դա անցկացնում իրենց մաղի միջով:
    Ուրախ եմ, որ հերիք չի կարդում եք, մի հատ էլ չեք ալարում կարծիք եք հայտնում:

    Պապին ես չեմ բերել պատմվածք ու չէի էլ կարող հանել:

    Ֆեյսում կամ անձնական էջում փակվելը լուծում չի:
    Չեմ կարծում, որ խնդիր եմ դրել, Դավիթ ջան:

    Շնորհակալություն

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.02.2014), Նարե91 (10.02.2014), Շինարար (10.02.2014)

  27. #15
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ շաբլոնային ստացվեց իհարկե` գրող չեմ, դուք գրաքննադատ չեք, բայց նորմալ ա, էլ չեմ անհանգստացնի:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •