Տարիներ առաջ, երբ Նիդեռլանդների հիվանդանոցներից մեկում պիտի պրակտիկա անցնեի, ինձ գրեցին, որ անպայման բժշկական հետազոտությունների թղթեր ունենամ: Ահագին դեսուդեն ընկա, մինչև կարողացա բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնել, դեռ մի բան էլ արդյունքներն անգլերեն գրել տալ: Էդպես թղթերս հավաքած ներկայացա համապատասխան հիվանդանոց: Բժիշկն ասեց՝ անցե՞լ ես հետազոտությունները, ասեցի՝ հա: Առանց թղթերս նայելու տարավ մնացած հարցերով զբաղվելու: Էդ թղթերն էդպես էլ մնացին պահարանիկումս, ոչ ոք երբևէ չուզեց տեսնել: Շշմել-մնացել էի. փաստորեն, մտքներով չէր անցել, որ կարող էի խաբած լինել:
Մյուս կողմից, Երևանում աշխատանքիս ընթացքում անընդհատ ներվայնանում եմ, որովհետև անվստահության մթնոլորտն ահավոր է. ես զինակոչիկներին չեմ վստահում, իրենք ինձ չեն վստահում: Ինձ չեն հավատում, որ իրենց լավն են ուզում, երբ որևէ ուղեգիր եմ գրում, կարծում են՝ փող եմ ուզում, որ չգրեմ: Ես էլ շատ ժամանակ իրենց ներկայացրած գանգատներին չեմ հավատում: Արդյունքում՝ ահավոր ներվային վիճակ:
Ու ընդհանրապես որ նայում եմ մեր հայկական կյանքին ու համեմատում արևմուտքի հետ, զգում եմ, որ անվստահության տոկոսն էստեղ շատ ավելի բարձր է: Մարդիկ իրար չեն վստահում, բժիշկներին չեն վստահում, քաղաքական գործիչներին չեն վստահում (դե էս մեկը բնական ա), շուկայում բանջարեղեն ծախողներին չեն վստահում: Ոչ ոք ոչ մեկի չի վստահում: Բացի դրանից, համեմատած արևմուտքի հետ մեզ մոտ մարդիկ շատ ավելի ներվային են:
Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս մեզ մոտ անվստահությունը բարձր տոկոսների է հասնում: Լա՞վ է դա: Ինչու՞ է այդպես: Արդյոք դա շատացնու՞մ է ներվայնությունը:
Էջանիշներ