Հակակրոն և հակաաթեիզմ
“Երբ Ես մուտքի իրավունք եմ ստանում ձեր սրտերը, դուք մուտքի իրավունք եք ստանում երկնային արքայություն:”
Այս խոսքերը բերված են ոչ թե Աստվածաշնչից կամ կրոնական որևէ այլ սկզբնաղբյուրից: Սրանց հեղինակն է Նիլ Դոնալդ Ուոլշը, ում գրչին է պատկանում “Զրույց Աստծո հետ” գրքաշարքը: Եվ կոնկրետ այս խոսքերը բերված են “Միասնացում Աստծո հետ” գրքից:
Մի խաբնվեք վերնագրերին, խնդրում եմ: Կուլ մի գնացեք հին ստերեոտիպերին, որ եթե խոսքը գնում է Աստծո մասին, ուրեմն կրոնի մատը խառն է: Ուոլշի նկարագրած Աստված` ձեր իմացած Աստծո լրիվ հակապատկերն է ու շատ ավելի հաճախ դեմ է կրոնին, քան կողմ: Համենայն դեպս և ցավոք, դժվար թե կգտնվի որևէ հոգևորական, ով կհամաձայնվի ա՛յս Աստծո մտքերի հետ:
Սա` հակակրոնական Աստված է:
Սա այն Աստված է, ով Իր մեջ պարունակում է ամեն ինչ: Ինչ ձեր բոլորի միասին վերցրած մտքերով կանցնի և շատ ու շատ ավելին: Տեսանելին և Անտեսանելին: Հասկանալին և Անհասկանալին: Զգայականն ու Անզգայականը: Նյութականը և Ոչ-Նյութականը: Շնչավորը և Կարծեցյալ-Անշունչը: Ամեն Ինչ: Ամբողջը: Կյանքը: Տիեզերքը: Ես և Դուք:
Սա` իմ Աստվածն է և Նրան եմ ես երկրպագում:
Ստացվում է, որ ես` հակակրոնական եմ: Եվ սակայն աթեիստ էլ չեմ, քանի որ ունեմ իմ Աստծոն և ինձ ոչինչ չի կարող ստիպել հրաժարվել նրանից: Այնպես որ ստացվում է նաև, որ ես` հակաաթեիստ էլ եմ: Եվ բնականաբար ստացվեց այնպես, որ երբ միտք առաջացավ այս թեման բացելու, ես առանձնապես ջանք էլ չգործադրեցի վերնագիր փնտրելու համար: Մեքենայորեն հենց այդպես էլ ստացվեց. “Հակակրոն և հակաաթեիզմ”:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, սա իմ բացած առաջին թեման է Ակումբում: Միշտ խուսափել եմ թեմա բացելուց. բավարարվել եմ եղածով, հետո` ժամանակ չկա, հետո` ալարկոտ եմ, հետո… չգիտեմ էլ ինչ հետո: Եվ ազնվորեն ասած, չգիտեմ էլ, թե սրանից ինչ դուրս կգա, քանզի արդեն երեք տարվա փորձս ցույց է տալիս, որ այս թեմայով զրուցասերներ առանձնապես չկան Ակումբում:
Ոչ, ոչ, ես ոչ ոգու չեմ մեղադրում ոչինչում, քանզի լավ գիտեմ, որ շատ դժվար է ազատվել ստերեոտիպերից, ինքս էլ եմ այդ ճանապարհն անցել: Մարդու համար համարյա անհնար է միանգամից վերցնել ու մի կողմ նետել արդեն արյունի մեջ մտած պատկերացումները կյանքի մասին, այն պատկերացումները, որոնց գերին է մարդկությունն արդեն քանի հազար տարիներ:
Կարող եք վիճել, որ այդպես չէ: Խնդրեմ, վիճեք: Հենց դրա համար էլ բացում եմ այս թեման: Եվ այստեղ կփորձեմ պատճառաբանել ասածս: Ինչպես նաև ամենն, ինչի մասին կխոսենք:
Կարող է նաև հուսախաբ լինեմ, կարող է ոչ մի երկխոսություն էլ չստացվի: Ինչ արած: Այդ դեպքում թող լինի մենախոսություն: Թող լինի իմ օրագրի պես մի բան, առավել ևս, որ օրագիր բացելուս իմաստը չեմ տեսել մինչև օրս այն միակ պատճառով, որ այնտեղ զրուցելու հնարավորություն չկա: Մեկ-մեկ ահավոր տառապում եմ այն պատճառով, որ ձեր օրագրերը կարդալիս, ցանկանում եմ խոսել ձեզ հետ մի ինչ-որ ձեր մտքի մասին և… չեմ կարող… Փորձել եմ նույնիսկ նամակով գրել, բայց դա էլ այն չէ, պահի անմիջականությունն է կորում…
Մի խոսքով, տեսնենք, թե ինչ կստացվի…
Եթե ստացվի:![]()
Էջանիշներ