Լոգարանն ինձ էլ է շատ հարազատ. ժամանակին, երբ դեռ ծխում էի, վերցնում էի սիգարետներս, սուրճ, գիրք ու...
Հիմա այդքան ժամանակ այլևս չկա, բայց ամեն օր, լոգանք ընդունելուց հետո, ցնցուղի տակ կանգնած, մի հինգ-տաս րոպե անպայման խորհրդածում եմ: Եվ պատկերացրու, Մարի ջան, որ ամենահետաքրքիր մտքերս, ամենալուրջ որոշումներս հենց այդ րոպեների ընթացքում են ծնվում, իսկ արդեն եղածներն էլ՝ որոշակիորեն ձևավորվում: Կարծում եմ, որ դա բոլորովին էլ պատահականություն չէ:
Բոլորս էլ գիտենք, որ ջուրը շատ լավ հաղորդիչ է, ճի՞շտ է: Ու նաև, որ մարդու մարմինը մոտ յոթանասուն տոկոսով ջրից է բաղկացած: Կարելի է ենթադրել, որ ունենալով այդքան շատ հաղորդիչ մեր մեջ, մենք պետք է որ ավելի սերտ կապերի մեջ լինեինք բնության, Տիեզերքի, մեկմեկու հետ... Ցավոք, մեր գիտելիքները մեզ կտրել են այդ ամենից: Բայց այնպիսի զգայունակ էություններ, ինչպիսին դու ես, փոքր ինչ օգնության դեպքում կարող են վերականգնել այդ կապը, և քո պատմվածքն ինձ, օրինակ, հենց այդ մասի է ասում: Այս դեպքում ջուրը հանդես է գալիս հենց այդ օգնողի դերում. միանալով քեզ, ավելացնում է քո հաղարդակցական ուժը:
Առաջին մասը մաքուր վերարտադրությունն է այդ կապի. ջրի հետ շփման ժամանակ դու որոշակի ակտիվություն ես ձեռք բերում /գրել, կարդալու ցանկությունդ, ինչպես ինձ մոտ՝ խորհրդածումը/: Բայց, քանի որ այդ ակտիվության պատճառը քեզ համար հավանաբար անգիտակցական մակարդակի վրա է գտնվում, իսկ վառ երևակայությունդ էլ քեզ հանգիստ չի տալիս, - ցանկանալով բացատրել ինքդ քեզ քո զգացումները, դու այդ ամենը յուրովի կապում ես ֆիզիկական աշխարհի հետ, որը քեզ առայժմ ավելի է հասկանալի և ըստ այդմ էլ՝ ընդունելի: Եվ, պետք է ասել, որ հոյակապ միջոց ես գտել ֆիզիկականն ու ոչ-ֆիզիկականը կապելու համար, վարպետորեն օգտագործելով բաղնիքի պարագաները՝ սկսած սրբիչից, վերջացրած ատամի խոզանակով, - ինչպես լավ ռեժիսորը հմտորեն օգտագործում է դերակատարներին բեմի վրա:
Ապրես, Մարի ջան, իրոք որ լավ է ստացվել: Ես դեռ բլոգումդ հավանեցի այս գործը, իսկ հիմա կարծիքս ուղղակի հաստատվեց:

Էջանիշներ