Սիրելի Ակումբցիներ!Այս գործը գրել էի մրցույթի համար, բայց մի թյուրիմացության պատճառով չուղարկեցի: Հետո մի իմ շատ սիրելի մարդու հետ զրույցի ժամանակ հասկացա, որ սխալ եմ վարվել: Վերջինս ուղղելու համար, և ինչ խոսք, եթե մոդերատորները համարեն դա հնարավոր, - որոշեցի արտամրցույթային հանձնել պատմվածքը ձեր դատին. որքան էլ քլնգեք՝ ինձ տեղն է...
Ո՞Վ ԿԱ ԱՅՍՏԵՂ
(Նվիրում եմ Այվիին)
Իսկ ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչպես պետք է հաշվել ժամանակը, երբ այն արդեն էլ ոչ մի նշանակություն չունի: Նաև իմաստ:
Ժամանակ-անցյալ… Հըմմ: Մտածեցի որպես նրբաձևություն, իսկ ստացվեց, որ հենց այդպես էլ կա. ժամանակը մնաց անցյալում: Իհարկե, էլ ի՞նչ ժամանակ` հավերժության մեջ: Որտեղ էլ գտնվես` ներկայում ես:
…Թվա՞ց, թե՞ ինչ-որ մեկն անցավ… Անցավ:
- Հե՜յ, ով էլ որ լինես, ո՜վ ես…
- Ե՜սսս…
Սա պատասխա՞ն էր, թե՞ արձագանք… Է՜հ, արձագանք էր երևի: Ո՞վ կարող է լինել այստեղ, այս Սև Ամայության մեջ…
Ո՞վ եմ ես հիմա այստեղ, այս խավարում: Չէ՞ որ ես կամ… Որ գոյատևում եմ` դա փաստ է, բայց չէ՞ որ ավարտվեց ֆիզիկական կյանքս ու հիմա ո՞վ եմ ես այլևս… Հոգի՞, մա՞րդ, տարե՞ց, նորածի՞ն, գո՞րտ, շերեփու՞կ… Ինչու՞ են քայլերս այսքան անհաստատուն…
Բայց և այնպես, մարդ եմ երևի, չէ՞ որ ահա նստել` մտածում եմ, զգում եմ ինչ-որ բան, լսում եմ…
Լսու՛մ եմ: Ահա, նորից լսեցի… Կա՛ ինչ-որ մեկն այստեղ հաստատ: Ուրեմն, արձագանք չէր ձայնն այն, այլ պատասխա՞ն…
- Հե՜յ, պատասխա՞ն էր, թե արձագա՜նք…
- Կյա՜նք…
Կյա՞նք: Չէ մի չէ… Ստոպ: Բայց ո՞վ է սա: Ո՞վ պատասխանեց: Պատասխանե՞ց…
Ո՜չ, ասածս “արձագանք” բառի արձագանքն էր ընդամենը…
Կյանքն այնտեղ էր կյանք, հերոինի այն վերջին դոզան ընդունելուց առաջ… Ինչու՞ այդքան մեծ դոզա ընդունեցի, չէ՞ որ գիտեի, որ չափից շատ է…
Ահ, հերն էլ անիծած… Ինչի՞ էր նման այդ կյանքը: Մի՞թե դա կյանք էր: Անվերջ կարիքի մեջ, հերթական դոզայի համար դրամի հայթհայում ամեն գնով… Տանից գողանալ… Հանդիպած ամեն մի հաստ դրամապանակի տակ փռվել փալասի պես… Ուֆֆ: Ավելի լավ է այսպես, այս խավարում, այս հավերժ դժոխքում:
- Հե՜յ, արձագա՜նք: Սա դժո՞խքն է հավերժ…
- Ո՛չ: Կյանքի նոր էջ:
Ի՞նչ… Ուրեմն, դա արձագանք չէ՞ր…
- Ուրեմն դու` կա՞ս…
- Այո: Այդ դժոխք` չկա: Իսկ ես` կամ:
- Որտե՞ղ ես:
- Այստեղ:
- Ուրեմն, ինչու՞ ես քեզ չեմ տեսնում:
- Իսկ դու պատրա՞ստ ես ինձ տեսնել:
- … Ոչ…
- …
- Իսկ ինչու՞ չես խոսում…
- Ես կարող եմ խոսել միայն, երբ դու ցանկանաս:
- Այդ ինչպե՞ս: Մի՞թե այս տեղը` քո տիրությունը չէ: Մի՞թե այստեղ դու չես տերը…
- Ոչ: Սա քո տիրությունն է: Դու ես հնարել: Եվ ամեն ինչ այստեղ` քո ցանկությամբ է այստեղ:
- … Դու՞ էլ:
- Ես էլ:
- Բայց ինչպե՞ս…
- Մի՞թե քեզ պետք չէ մեկը, ով կպատասխանի հարցերիդ:
- Այո, իհարկե: Նորից դու ճիշտ ես: Լսիր, իսկ ինչու՞ այստեղ ուրիշ ոչ ոք չկա: Թե՞ կա, ուղղակի ե՛ս չեմ տեսնում:
- Ոչ թե չես տեսնում, - չես ցանկանում տեսնել: Թե՞ ցանկանում ես…
- Ո՛չ: Եթե միայն… Ոչ-ոչ, ինչ եմ ասում… Չե՛մ ուզում: Հոգնել եմ բոլորից: Եվ հետո, միևնույն է արդեն, երբ ես արդեն չկամ, ի՞նչ տարբերություն, կա մեկն այստեղ, չկա…
- Դե… քո միայնությունն, ինչ խոսք, որ քեզանից է կախված: Դու կլինես միայնակ այնքան, քանի ցանկանում ես մնալ միայնակ: Բայց իզուր եմ բացատրում, քանզի տեսնում եմ, որ ինքդ էլ սկսել ես արդեն հասկանալ դա: Չէ՞ որ անմիջապես վանեցիր ծնողներիդ տեսնելու միտքը. ճշմարիտ ես, նրանց ժամանակը դեռ չի եկել:
- Ինչպե՞ս կռահեցիր… Լավ, հասկացա:
- Բայց մի՛ ասա այլևս, որ կենդանի չես… Ժամանակն է արդեն մոռանալ այդ հին միտքը:
- Ի՞նչ ի նկատի ունես:
- Պատկերացրու. Կանգնել ես նավամատույցին և հրաժեշտ ես տալիս նրանց, ովքեր նավի վրա են: Մեկ րոպե անց նրանք լքելու են քեզ, հեռանալու են քեզանից: Այո, նրանք էլ քեզ հետ չեն, նրանք դուրս ընկան քո կյանքից և հնարավոր է դու այլևս երբեք չհանդիպես նրանց: Բայց չէ՞ որ շուտով, շատ շուտով, աշխարհի մի որևէ այլ կետում, ուրիշները կդիմավորեն նրանց, “Բարի գալուստ” կասեն նրանց, ում դու հրաժեշտ ես տվել: Մի՞թե մահ է այն, որ քո մոտիկները հեռու են հիմա քեզանից:
- Ցանկանում ես ասել, որ ինձ այստեղ կդիմավորե՞ն:
- Շատերը, եթե ցանկանաս:
- Ես ճանաչու՞մ եմ նրանց:
- Եթե ի նկատի ունես միայն քո անցյալ ճամփորդությունը, - դու կհանդիպես քչերին: Իսկ քո հավերժության ճանապարհին դու հանդիպել ես նրանց բոլորին էլ: Քեզ դժվար է ընկալել այդ, բայց երբ հանդիպես նրանց, դու ամեն ինչ կվերհիշես:
- Իսկ հետո՞:
- Հետո` կգրես քո հաջորդ ճամփորդության սցենարը: Քո հաջորդ մարմնավորման: Բայց այս անգամ քո ընտրությունն այնքան էլ մեծ չէ: Քո նոր սցենարով, դու քեզ պետք է հասցնես ճիշտ նույն վիճակին, ինչն ստիպեց քեզ ինքնասպան լինել: Կներես, բայց դա օրենք է: Լուսավոր Հոգու համար ինքնասպանությունը փորձի ավարտ չի կարող դառնալ: Դու պետք է հետ վերադառնաս և, հասնելով միևնույն վիճակին, այլ ընտրություն կատարես: Ուրիշ տարբերակ չկա:
- Բայց ես չեմ կարող նորից վերադառնալ այն սարսափների մեջ…
- Դա սարսափ չէ, դա փորձ է, ընդ որում` քո ընտրած: Մենք կսպասենք: Որքան ցանկանաս: Այստեղ չեն շտապում:
- Բայց ես չեմ ուզում հետ վերադառնալ: Ես չեմ կարող… Անհնար է կրկին այդ ամենն ապրել…
- Մենք կսպասենք:
Ինչպե՞ս ես այդ անեմ… հեշտ է ասելը. վերադառնալ ու կրկնել: Բայց ինչպե՞ս… Հիշելն անգամ սրտխառնոց է բերում…
Այլ ընտրություն կատարել… Ինչպե՞ս: Հե՞շտ է այդքան… Կարծես չեմ փորձել: Քանի՞ անգամ. մեկ, երկու, երեք… Միևնույն է, ամեն անգամ մի բան բռնում ու նորից քեզ հետ է գցում նույն կեղտաջուրը…Հիմա հետ գնալ ու նորից անցնել այդ ամենի միջո՞վ… Ախր շատ է անհաստատ կյանք կոչվող այդ բեմահարթակը, ինչպե՞ս կանգուն մնաս նրա վրա, հե՞շտ է այդքան…Որ կողմ դառնաս, ձագարախոռոչներ են շուրջբոլորդ… ներս քաշող…
Կվերցնեի և այսպես շու՛ռ կտայի այդ բեմահարթակը, եթե միայն ես լինեի նրա վրա և ուրիշներին վնաս պատճառելու ահը չլիներ…
Միայն այդ հաստափորների լպրծուն ձեռքերի անտանելի վազքը մարնմիդ վրա ինչ արժե… Իսկ հիմա հետ վերադառնալ և ապրել այդ ամենը նորից… Ինչպե՜ս…
Իսկ նա այդպես էլ երբեք չզանգեց…
Զզվելի զգացում է: Կարծես վրայիցդ դեն ես նետում կեղտոտ շորերդ, լողանում-մաքրվում ես, իսկ հետո նորից հետ ես հագնում նույն կեղտոտ շորերը…
Ուրեմն, ինքնասպանություն գործել նշանակում է` անեզրության մեջ դեմ առնել պատի՞ն… Եվ ի՜նչ էլ անես, անհնար է քանդել այդ պատը, անհնար է շրջանցել այն, անհնար է այլևս վերացնել այն: Մեկ բան է հնարավոր միայն, պետք է այդ պատը վերապրել:
Ա՜խ, ինչպե՜ս կուզենայի պատռել ու դեն նետել կյանքս, այդ չստացված սցենարը, մոռանալ այն հավերժ… Բայց ծնողներս… Մոտիկներս, որ կային երբևէ… Նա, ով այդպես էլ չզանգեց երբեք…
Հիմա` նոր դեմք… նոր կյանք… Ա՜խ, Աստված, նոր ծնունդ… Նոր թրթիռներ, նոր հուզումներ, նոր ճանաչում… Կատարածդ ամեն քայլի համար` պատասխանատվություն… Քեզ հանդիպած ամեն նոր կետի հետ մեկտեղ` նոր ճշմարտություն… Թռիչքներ… Անկումներ… Որտեղի՞ց ես նորից գտնեմ այդքան համբերություն:
Միգուցէ չսկսե՞մ կյանքիս նոր բոլերոն… Լույսերը մարեմ և` էլ ոչ մի թատրո՞ն…
- - - - - - - - - - - - - - -
Իսկ հետո՞… Հետո` Ի՞ՆՉ: Հավերժ` Խավար, ուրիշ ՈՉԻՆՉ…
- - - - - - - - - - - - - - -
Օ՜, ո՛չ: Ոչ-ոչ, երբե՛ք:
Լուսամու՛տ: Օ՛դ: Անձրև՛: Ե՛լք:
- Կանչեցի՞ր: Ես այստեղ եմ:
- Դու գիտես, թե ե՛րբ այստեղ լինես:
- Լավ է, որ դու էլ դա արդեն գիտես: Դե ինչ, պատրա՞ստ է սցենարդ:
- Պատրաստ է:
- Ուրեմն, գնում ես արդեն: Գնալուց առաջ, ու՞մ կուզեիր հանդիպել:
- Ոչ-ոչ, հանդիպումներ պետք չեն, ես շտապում եմ: Այնտեղ գործեր ունեմ կիսատ թողած, - գնամ-ավարտեմ-գամ: Իսկ հանդիպումները` հետո: Չէ՞ որ այստեղ չեն շտապում:
- Լավ որոշում է: Կարելի՞ է քեզ հրաժեշտի պարի հրավիրել:
- Ժամանակն է:
Ահա, թե ինչպիսի՜ն ես դու…
- Ի՞նչ պար կընտրես: տա՞նգո, վա՞լս, մենուե՞տ…
- Լույսի պարը, սիրելի Լուսաբեր:
13.3.13
Էջանիշներ