User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արամ Հարիգանի ոդիսականը

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արամ Հարիգանի ոդիսականը

    Ժողովուրդ խնդրում եմ հավաքվեք, գործ կա:
    Կա հետաքրքիր մտահաղացում, որի սկզբնամասն ինձ հաջողվել է կյանքի կաչել: Իմ կարծիքով վատ չի ստացվել, բայց այնուամենայնիվ զգում եմ, որ մի բան այն չէ: Չեմ կարող առայժմ ասել, բայց գրեթե համոզված եմ, որ ինչ որ մի բան այն չէ: Հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքները: Դուք դրանով ինձ շատ օգնած կլինեիք:
    Բարի ընթերցում բոլորիդ:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.12.2012, 15:34:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (03.12.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամ Հարիգանի ոդիսականը



    1.Ինչո՞ւ Արամ Հարիգան

    Իր ապրած տասնիննը տարիների ընթացքում Արամ Հարիգանը ոչ մի բանի մասին երկար չէր մտածել: Ոչ այն պատճառով, որ ունակ չէր երկար մտածելու, պարզապես առիթ չէր ունեցել: Ապահովվածությունը նրա խաղաղ մանկության ու անհոգ պատանեկություն մշտական ուղեկիցն էր եղել, իսկ քաղաքական իրադրությունը, արժեթղթերի շուկայի պայթյունավտանգ իրադարձությունները, նավթի բարելի և ոսկու ունցիայի արժեքների մշտնջենական տատանումները, ոչ մի անգամ ազդեցություն չէին ունեցել նրա հոր գործերի վրա այնքան, որ այս կամ այն ձևով զգար այդ իր մաշկի վրա: Իր ոչ շռայլ պահանջմունքների համար միշտ բավարար գումար ուներ, իսկ երբ մարդ յուրաքանչյուր նյութական ձեռքբերմանը հասնում է քարտը բանկոմատի միջով սղացնել - անցկացնելով, ու դրանից հետո էլ այդ քարտը մնում է արտաքնապես անփոփոխ, երբեք չի զգում թվերի տարբերությունը և չի ըմբռնում դրամի իսկական արժեքը: Ի՞նչ տարբերություն տասը հազար է, թե միլիոն, եթե այդ գումարներից երկուսն էլ թույլ են տալիս ձեռք բերել ցանկացածը: Այսպիսով, Արամը ապահոված ամերիկացի երիտասարդ էր ու ոչ մի պատճառ չուներ մտածելու, թե ինչպես արորը տրակտորով փոխարինի, որ ավելի շատ արդյունք ստանա:

    Մի ինչ որ ժամանակ Արամի հաջողակ գործարար հայրը սին հույսեր էր փայփայում, որ որդին էլ իր պես յուրօրինակ տաղանդաշատ անձնավորություն է, բայց մի շատ սովորական օր, աշխատավայրից գործնական հանդիպման գնալու ճանապարհին, երբ մտորում էր, թե ինչպես իր հակառակորդին խորամանկորեն ծուղակը գցի, որ նա այդ մասին անմիջապես գլխի չընկնի, հասկացավ, որ Արամն այն մարդը չէ, ով խելքի ուժով կստիպի հարգել իրեն, կամքը թելադրելով բարձունքներ կնվաճի և, աշխատելով շատ ու տքնաջան, կյանքում ճանապարհ հարթի իր համար:

    Դպրոցում սովորելու տարիներին նա ոչ մի բանի նկատմամբ հակում չցուցաբերեց, իսկ միակ բանը, որով աչքի էր ընկնում` աժդահա արտաքինն էր և անուն ազգանվան արտասովոր միավորումը:
    Արամ Հարիգանի հասակը սանտիմետրերով արտահայտված հարյուր իննսուներկուս էր, քաշը, կիլոգրամներով` ութսունհինգ: Հայացքը հանգիստ էր ու բարի, ձյան պես սպիտակ մաշկը գրեթե թափանցիկության տպավորություն էր թողնում, աչքերը վճիտ առվակ կամ ջինջ կապույտ երկինք էին հիշեցնում, իսկ արևատես մազերը, որոնք սովորաբար վարսավիրի կարիք էին ունենում, վերջնականապես համոզում էին, որ Ա քաղաքի փողոցներով անհոգ թրև եկող երիտասարդը մեկն է այն երեսունվեց միլիոն իռլանդացիներից, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահաստատուն հենասյունն են հանդիսանում: Նա ինքը այդպիսի բարձրագոչ բաների մասին գաղափար չուներ, իսկ որպեսզի մեկ առ մեկ չթվարկենք, թե էլ ինչ պարզագույն բաներ չգիտեր, նշենք սոսկ, թե ինչ սակավ բաներ գիտեր: Այսպիսով, Արամ Հարիգանը գիտեր, որ ինքը ԱՄՆ – ի քաղաքացի է և, որ դա լավագույն բախտավիճակն է, որ մարդ կարող է առհասարակ ունենալ: Լավ կրակում էր, գիտեր բասկետբոլ խաղալ, մեքենա վարել և ձի քշել: Գիտեր բուտերբրոդ ուտել և կոկա կոլա խմել, հեռուստացույցի առաջ նստել ու բեյսբոլ դիտել: Գիտեր, որ հյուսիսում Կանադան է, հարավում` Մեքսիկան, իսկ անորոշ հեռվում` Անգլիան, Իռլանդիան և Ավստրալիան: Գիտեր, որ կան ճապոնացիներ, շոտլանդացիներ ու գերմանացիներ, բայց գլխի չէր ընկել, որ գոյություն ունեն Ճապոնիա, Շոտլանդիա և Գերմանիա: Գիտեր, որ կան սևամորթ ամերիկացիներ, իսկ այս վերջիններիս հայրենիքը համարում էր եգիպտացորենի պլանտացիաները, որտեղ նրանք անազատ եղած ժամանակ աշխատել էին ստրկատերերի համար: Բարձր էր գնահատում իր ազատությունը և ջանում էր այնպես անել, որ հայրը շատ չսահմանափակի այն: Գիտեր նաև, որ կարող է ոստիկանություն դիմել, եթե հայրն ապտակի իրեն, ու չնայած իրավապահների մոտ այցելելու այդպիսի առիթներ նա ժամանակ առ ժամանակ ունեցել էր, երբեք չէր դիմել այդպիսի քայլի: Ինչ որ մի անբացատրելի ուժ արգելակ էր հանդիսացել: Բացի այդ դա դուր չէր գա Արամի մորեղբորը, ում մասին խոսք կգնա ավելի ուշ: Լեզուներից նա տիրապետում էր անգլերենին: Վարժ կարդում էր ուզածդ բանը, բայց գրելուց փոքր ինչ դժվարանում էր: Գիտեր նաև մի քանի բառ հայերեն:

    Ահա և պատմությունը տարերայնորեն հասավ մի կետի, երբ պետք է բացահայտել մեր պատմության հերոսի արտասովոր անունազգանվան խորհուրդը: Եվ այսպես, ինչո՞ւ Արամ և ինչու Հարիգան: Եթե ասելու լինենք ողջ ճշմարտությունը, ապա Արամի իսկական ազգանունը բոլորովին էլ Հարիգան չէր: Նրա հայրը, հաջողակ գործարարը, ով ժամանակին սին հույսեր էր փայփայում, թե որդին էլ իր հետքերով կգնա, ի ծնե Լևոն Աշխարհակալյան էր կոչվում: Բայց կյանքի դաժան հարվածները, որոնք մեր մեջ ասած, Լևոն Աշխարհակալյանի դեպքում այնքան էլ դաժան չէին, սակայն սևեռուն գաղափար էին դաջել նրա ուղեղում, որ սա հատկապես այն սոսկալի դեպքերից է, որն առավել այլասերված բնույթ է ստացել Միացյալ Նահանգների անգութ քաղաքակրթության մեջ, արեցին իրենցը: Արամի ծնունդից և իր հաջողակ գործարար դառնալուց առաջ, երբ Լևոն Աշխարհակալյանի մասին սոսկ ընդունված էր ասել, որ անպաճույճ արտաքինով և վտիտ ուսերով աննշան երիտասարդ է, վերջինս կարիք ունեցավ միառժամանակ անհայտանալու: Ոչ, ոչ, նա մարդ չէր սպանել, բայց դե գիտեք ինչպես է լինում, երբ ամենաանպետեհ ժամին հայտնվում է ոստիկանությունը և սկսում հարցեր տալ, որոնց պատասխանելը այնքան էլ հաճելի չէ, իսկ արդյունքում կարող ես ճաղերի ետևում հայտնվել: Հենց այստեղ է, որ հայտնվեց Դեսմոնդ Հարիգանը, աժդահա իռլանդացի դուրսպրծուկը, պարզապես լավ տղան, Լևոնի երիտասարդ տարիների ընկերը և Արամ Հարիգանի ապագա մորեղբայրը: Հասկանալով, որ այստեղ բռունցքները չեն օգնի, իսկ իռլանդացի աժդահան դրանք գործածում էր առանձնակի սիրով, Դեսմոնդը վճռաբար դատարկեց վիսկիի կրկնակի բաժնով լի գավաթը և կկոցելով ջինջ երկնագույն աչքերը, ինչը նրա մոտ խորամանկության ու խելացիության խառը արտահայտման ձև էր, առաջարկեց ամենահնարամիտ լուծումը, որն ընդունակ էր վերարտադրել նրա աշխատելուն ոչ այնքան սովոր գլուխը: Պետք է պարզապես փոխել ազգանունը և սուզվել ջրի հատակը, լուրջ դեմքով հայտարարեց Դեսմոնդը: Ինչ ազգանուն վերցնե±լ: Գրողը տանի, որևէ իռլանդական ազգանուն, թեկուզ և Հարիգան: Իսկ ինչ պատրվակով փոխել ազգանո՞ւնը: Գրողը տանի, թեկուզ և ամուսնանալով Դեսմոնդ Հարիգանի քույրերից մեկի հետ: Բանտ նստելը ոչ ոքի հաճելի չէ, այդ պատճառով առաջարկը գրավիչ թվաց Լևոնին և նա ցանկություն հայտնեց ճշտելու քույրերի քանակը ու տեսնել նրանց: Դեսմոնդ Հարիգանը երկու քույր ուներ, Իդաոինը և Կատրաոինը, երկուսն էլ դաստիրարակված կաթոլիկ կրոնի ոգով, և պատրաստ երջանկացնելու այն տղամարդուն, ում ընտրությունը կկանգներ իրենց վրա: Չէր կարելի ասել, թե նրանք տգեղ էին, սակայն, ինչ ճիշտն է, ճիշտը` դեռ առիթ չէին ունեցել ջերմացնելու որևէ մեկի սիրտը: Լևոն Աշխարհակալյանին չվրդովվեց այն փաստը, որ Իդաոինն ու Կատրաոինը երեք – չորս տարով մեծ են իրենից, իսկ հասակով մեկուկես թզաչափ բարձր: Վաղամեռիկ Խնկիանոս Աշխարհակալյանը, Լևոնի հայրը, միշտ ասում էր, որ հարկավոր է խոշոր կին ընտրել, ապահովել առողջ սերունդ և բարելավել ազգի ֆիզիկական հատկանիշները: Իսկ եթե այդ խոշոր կինը նաև ուշադրության արժան օժիտ ունի, չէր մոռացել նշել պարոն Խնկիանոսը, ապա տվյալ դեպքում խոսք էր գնում ամենակատարյալ հարսնացուի մասին: Ժամանակը սուղ էր, Լևոնը պետք է հապճեպ կատարեր իր ընտրությունը: Մտածելով մի փոքր, Լևոնը գտավ, որ Իդաոինն ավելի է դուր գալիս իրեն, ինչը և անվարժ ասաց Դեսմոնդ Հարիգանին` ասելիս հաճախ կարմրելով ու կմկմալով, որից հետո աժդահա իռլանդացին գռեհիկ ձևով հռհռաց և ուժգին հարվածեց ապագա փեսայի ուսին:

    Ամերիկացի կնոջ համար շատ կարևոր է ստանալ ամուսնու ազգանունը: Բայց եթե ամերիկացի կինը գրավիչ արտաքինով աչքի չի ընկնում և անճարպիկ է ամուսնության արվեստում, իսկ առաջարկ արած տղամարդը էլ ավելի անսպասելիորեն է հայտնվել նրա կյանքում, քան կայծակը կապուտակ երկնակամարում, ուզած չուզած պետք է համաձայնի մի փոքրիկ վերապահման: Ասենք Իդան միանգամից չհամաձայնեց: Ճիշտ է և չմերժեց: Բայց երբ Դեսմոնդն առաջարկեց ավելի պատեհ ժամի վերադառնալ այս հարցին և դրական լուծում խոստացավ` ինչպես որ ընդունված է բոլոր կարգին մարդկանց մոտ, աղջիկը հաճույքից շիկնեց և ամոթից ձեռքի ափերով ծածկեց երեսը: Կատրաոինը, որ անբացատրելի հուզմունքով հետևում էր ընտանեկան խորհրդին, հեկեկաց և փարվեց քրոջը: Գործը քիչ էր մնում փչացներ տիկին Դելմա Հարիգանը, Դեսմոնդի, Իդաոինի և Կատրաոինի խստաբարո մայրիկը, ում կաթոլիկ հոգին անմիջապես ապստամբեց, երբ իմացավ դստեր ձեռքի հավակնորդի կրոնական պատկանելիության ոչ այնքան պարզ համայնապատկերը: Վկայակոչելով իր հանգուցյալ ամուսնուն, նավապետ Արդգալ Հարիգանին, ով երկնքից հետևում էր իրենց յուրաքանչյուր քայլին և անկասկած հավանություն չէր տա դստեր միությանն այդ հեթանոսի հետ, տիկին Դելման հաստատակամորեն պաշտպանեց իր կարծիքը և սպառնաց էլ ավելի կոշտ դիրք բռնել:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.12.2012, 15:43:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.12.2012), Sambitbaba (02.12.2012), Ամմէ (03.12.2012), Թամարա (29.03.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Դեսմոնդ,- նախատինքով լի հայացքով ասաց տիկին Դելման,- այդ քայլով դու կխայտառակես քո նախնիներին և կանարգես կաթոլիկական անարատ կրոնը: Ապացուցիր, որ նավապետ Արդգալ Հարիգանի արժանի որդին ես:

    Դեսմոնդ Հարիգանը ոչ մի կերպ չէր ըմբռնում, թե ինչու պետք է անարգվի անարատ կաթոլիկական կրոնը, երբ ինքը սոսկ դասավորում է իր քրոջ անձնական կյանքը: Բացի այդ նա իրատես մարդ էր և Իդայի ապագան ավելի շատ էր կարևորում վաղուց մեռած գնացած նախնիների անցյալից, որոնք տիկին Դելմայի կարծիքով կխայտառակվեին այդ ամուսնությամբ: Ինչ վերաբերում է Արդգալ Հարիգանի արժանի որդին լինելուն, ապա Դեսմոնդն ամեն օր այս կամ այն ձևով ապացուցում էր այդ: Վիսկին առանց սառույց էր խմում և չէր հարբում: Հաճույքով գործի էր դնում բռունցքները, երբ դրա կարիքը կար: Հաճույքով գործի էր դնում բռունցքները, երբ դրա կարիքը չկար: Ուներ բազմաթիվ հավատարիմ ընկերներ և ինքն էլ հավատարիմ ընկեր էր: Կանացի զգեստ տեսնելիս ինչքան ոտքերում ուժ ուներ վազում էր այդ ուղղությամբ ու երբեք հաշվի չէր առնում ոչ տարիքը, ոչ արտաքինը: Կույտերով փող էր ձեռք գցում` չգիտես, թե որտեղից: Կույտերով փող էր մսխում` չգիտես, թե ինչ նպատակով:
    Դեսմոնդը լավ որդի էր, ուստի որոշեց չվշտացնել մորը և դիվանագիտորեն շրջանցել այս նրբին հարցը: Ջինջ կապուտակ աչքերը հառելով կասկածամիտ մորը և հուսադրող հայացքներ գցելով ոգու արիությունը կորցնող քրոջ վրա, նա մի սուտ ասաց, որ իր կարծիքով բնավ չպետք է հարուցեր Աստծո բարկությունը:

    - Քո ամուսինը, նավապետ Արդգալ Հարիգանը,- ասաց Դեսմոնդը,- ավելորդ խոսքեր շաղ տալու սովորություն չուներ, և նա այդ հատկությունն իր որդուն է փոխանցել:

    Խորամանկ աժդահան գիտեր ինչպես սասանել մոր հոգին: Ամեն անգամ լսելով ամուսնու անունը տիկին Դելման ակամայից ցնցվում էր, դողում և գունատվում:
    - Դու պետք է անխոս հասկանայիր, որ Դեսմոնդ Հարիգանը, իր հոր արժանի որդին, երբեք չէր խայտառակի կաթոլիկական կրոնը ու ոչ մեկին կրակաչափ հեռավորությունից ավելի մոտ չէր թողնի իր հարազատ քրոջը, եթե նախապես համոզված չլիներ, որ այդ տղամարդը սուրբ Պատրիկի կրոնի հետևորդ է:
    Տիկին Դելման բավարարվեց որդու հավաստիացումներով ու նաև ըմբռնեց ապագա փեսայի այն դրությունը, որի մեջ բազմաթիվ անգամներ հայտնվել էր և իր ամուսինը, նավապետ Արդգալ Հարիգանը:

    Հապճեպորեն տեղի ունեցավ ապագա խնամիների ծանոթությունը: Իռլանդական կողմը ներկայացնում էին տիկին Դելման, նրա որդի Դեսմոնդն ու երկու դուստրերը, Իդաոինն ու Կատրաոինը, իսկ հայկականը, Լևոն Աշխարհակալյանից զատ, նրա եռանդուն մայրը` տիկին Ազգանուշը:

    Դեսմոնդն իրեն պահում էր անբռնազբոսիկ և ուրախ, Լևոնը բռնազբոսիկ ու վախեցած: Իդան համեստության մարմնավորում էր, աշխատում էր լավ տպավորություն թողնել ապագա սկեսրոջ վրա, իսկ նրա քույրը փոքրիկ ապացույցների միջոցով ջանում էր ցույց տալ, որ ինքն էլ վատ աղջիկ չէ: Իսկ ահա տիկին Դելման և տիկին Ազգանուշը ծանոթության առաջին իսկ վայրկյանից անսքող ատեցին մեկմեկու: Ինչևէ, դա ապագային էր վերաբերվում, իսկ հիմա ավելի գործնական եղան ու կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին:
    Հաջորդ օրը ամուսնությունը գրանցվեց: Լևոն Աշխարհակալյանը սկսեց կոչվել Լեոն Հարիգան և կնոջ հետ մեկնեց հարսանեկան ճանապարհորդության: Դեսմոնդ Հարիգանը հուսալի մարդկանց միջոցով նրանց Մեքսիկա ուղարկեց ու պատվիրեց սուս ու փուս նստել տեղները: Ոստիկանությունը ստիպված եղավ այլ ճանապարհներով փնտրել ստանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, ուստի ազգանվան հետ կատարված աճպարարությունն աննկատ մնաց: Ասենք դա ոչ ոքի չէր էլ հետաքրքրում ու եթե չլիներ Լևոն Աշխարհակալյանի չափից ավելի վառ երևակայությունը, իսկ Դեսմոնդ Հարիգանը քույրերից գոնե մեկին ամուսնացնելու խնդիր չունենար, ոչ մի ազգանուն փոխելու և Մեքսիկա ծլկելու կարիք չէր լինի:
    Մի քանի ամիս անց ամուսնական զույգը լուր ստացավ, որ արդեն կարելի է տուն վերադառնալ, իսկ մեկ տարի անց Իդան որդի պարգևեց Լեոնին ու ակամայից վերադարձան ազգանվանը: Տեղի ունեցավ ընտանեկան մեծ պատերազմ, որը զգացմունքների առատությամբն և պայքարի թեժությամբ քիչ բանով զիջեց Մեծ Հայրենականին: Գլխավոր գործող անձինք, ինչպես և պետք էր սպասել, տիկին Դելման և տիկին Ազգանուշն էին, որոնց ամիսներով կուտակած մաղձը վերջապես առիթ ունեցավ ողջ անկեղծությամբ դուրս ժայթքելու: Աստիճանաբար մի կողմ մղելով ընտանիքի մյուս անդամներին, որոնք համեմատաբար չեզոք դիրք էին բռնել, այս երկու ամբարիշտ կանայք ի վերջո այնպիսի աղմուկ բարձրացրին, որ հարևաններից երկու - երեքը, առանց իմանալու, որ միայնակ չեն կատարում քաղաքացիական պարտքը, ոստիկանություն զանգահարեցին և արտահայտեցին այն հաստատ համոզմունքը, որ հարևան բնակարանում մարդ են սպանում: Իրավապահների այցելությունից հետո կրքերը փոքր ինչ հանդարտվեցին: Տիկին Դելման առաջին անգամ հասկացավ, որ հաղթ ազդրերը, ականջ ծակող ձայնը և Արդգալ Հարիգանի անմար հիշատակը բավարար չեն առավելություն ստանալու համար, իսկ տիկին Ազգանուշը զարմանքով նկատեց, որ թերագնահատել է հակառակորդի արժանիքները, ում նկատմամբ հույս ուներ հեշտ հաղթանակ տոնել: Պատերազմը փակուղի մտավ: Ազդեցիկ միջնորդի անհրաժեշտություն առաջացավ, ով պետք է անկողմնակալ մարդու համբավ ունենար և ընդունելի լիներ պատերազմող երկու կողմերի համար: Ընտրությունը մեծ չէր, իսկ միակ շատ թե քիչ հարմար հավակնորդը Դեսմոնդ Հարիգանն էր:
    Իռլանդացի աժդահան զուսպ և վճռական տեսք ընդունեց և կենտրոնացրեց բոլոր ուժերը, որպեսզի կարողանա գոնե մի փոքր ազդեցություն գործել այս երկու բարդ կանանց վրա: Դեսմոնդը հերթով դիմեց երկուսին էլ և գերազանցելով ինքն իրեն այնպիսի սրտառուչ և ազնիվ կերպար կերտեց, որ Տիկին Դելմայի և տիկին Ազգանուշի սրտերում հուզմունքի պես մի բան խլրտաց:

    - Տիկին Դելմա,- ասաց նա,- եթե դուք շարունակեք այդպես արհամարաբար վերաբերվել իմ ընկերոջ, փեսայի ու եղբոր ազգանվանը, ապա երդվում եմ նավապետ Արդգալ Հարիգանի հիշատակով, ինքս կփոխեմ ազգանունս: Տիկին Ազգանուշ, հավատացնում եմ, որ բոլոր Հարիգանները արժանավոր մարդիկ են եղել և հպարտությամբ են կրել իրենց ազգանունը: Դուք նաև պետք է ընդունեք, որ Ամերիկայում մարդու համար ավելի հեշտ է Հարիգան լինել: Մտածենք երեխայի մասին: Առաջնորդվենք երեխայի շահերով, այլ ոչ մեր սնապարծությամբ: Իսկ, թե ճիշտը կուզեք իմանալ, թող երեխայի հայրն ու մայրը որոշեն: Ինչ կասես քույրիկս…

    Քույրիկը անակնկալ հարցից շփոթվեց, շփոթմունքից կարմրեց, բայց և պատասխանն էլ չուշացրեց: Սիրառատ ու կարճ հայացք գցելով ամուսնուն, ով առայժմ հարմար էր գտնում իմաստավորված լռություն պահպանել, Իդան իր սերն ապացուցելու և ամուսնուն անմնացորդ ենթարկվելու բնական այնպիսի մեծ պահանջ զգաց, որ տվեց միակ պատասխանը, որ կարող էր հնարավոր լինել նման դեպքերում:

    - Թող ամուսինս որոշի,- ասաց նա,- իսկ ես կենթարկվեմ նրա կամքին:

    Լևոն Աշխարհակալյանը, կամ այլ կերպ ասած, Լեոն Հարիգանը, որ մինչ այդ ոչ մի կերպ չէր արտահայտել իր դիրքորոշումը, հասկացավ, որ այլևս անհնար է ապավինել փրկարար լռությանը: Մտքում նախատելով կնոջն ու հայհոյելով աներձագին, որ այսքան մեծ պատասխանատվություն գցեցին իր վրա, անօգնական կարճատև հայացք նետելով մորը, ով շատ սովոր էր նման իրավիճակներում միայնակ որոշում ընդունել, Աշխարհակալյան – Հարիգանը փորձեց մի պատասխան տալ, որ բոլոր կողմերին էլ կբավարարեր:
    - Իրոք որ Հարիգանն ավելի հարմար կլիներ, բայց մեզ մոտ ընդունված չէ կնոջ ազգանունը վերցնել: Ես նույնպես չէի ցանկանա ստվեր գցել նախնիներիս… ավելի ճիշտ… Մյուս կողմից ես չէի ցանկանա, որ որդիս իր ազգանվան պատճառով ունենա այն նույն անհարմարությունները` ինչ ես, որի պատճառով…
    Աշխարհակալյան – Հարիգանը լռեց ու փորձեց ճշտել, թե ինչ տպավորություն գործեց ներկաների վրա:

    - Ավելի համարձակ ծերուկ,- քաջալերեց նրան Դեսմոնդը,- ինչպես որոշես այնպես էլ կլինի: Քո յուրաքանչյուր որոշում մենք կընդունենք, որպես օրենք և նույնիսկ հոնքներս չենք շարժի: Ընտրիր երկու ազգանուններից մեկը` Հարիգան կամ Աշխարհակալյան:

    Աշխարհակալյան – Հարիգանը շոյված զգաց, որ այսքան սարսափազդու անձինք պետք է ընդունեին իր որոշումը և ավելի ազատ զգաց նախապաշարումներից:

    - Ուրեմն թող այսպես լինի,- շարունակեց նա,- ազգանունը կդնենք Հարիգան ու կհեշտացնենք նրա ճանապարհը կյանքում, իսկ երբ մեծանա` թող ինքը որոշի ինչ ազգանուն է կրելու, ճշմարտությունը ոչ մի դեպքում չենք թաքցնի:

    Հայկական կողմը, որի միակ ներկայացուցիչը տիկին Ազգանուշն էր, լիովին հակառակ սպասելիքներ ուներ, բայց քանի որ որոշումը իր հարազատ որդին էր ընդունել, չէր կարող առարկել: Ոչինչ, թերևս մյուս ճակատներում հնարավոր լիներ ետ բերել կորցրածը: Մանավանդ, Աստված կա երկնքում, տիկին Դելման շատ արագ տվեց դրա առիթը:

    - Իսկ անունը նավապետի հիշատակին Արդգալ դնենք,- կարոտ և տխրություն արտահայտող ձայնով, երազկոտ հայացքը դեպի հեռուն ու արցունքն աչքերին ասաց փարթամակազմ իռլանդուհի տիկինը իբրև ինքնին լինող մի բանի մասին:

    - Իսկ մենք ամուսին չունենք, հիշատակ ու սրբություն չունենք,- սուր ձայնով միջամտեց տիկին Ազգանուշը և պատերազմը բորբոքվեց նոր ուժով:

    Մի չնչին ժամանակահատված` ընդամենը մեկ ժամ անց տիկին Դելման հասկացավ, որ հակառակորդ կողմը մտադիր չէ այլևս զիջումների գնալ, իսկ համառելու դեպքում սպառնում է վերանվաճել արդեն իսկ զիջված դիրքերը: Հարցը կրկին փակուղի մտավ: Իդան նոր որոշման ակնկալիքով հայացքը հառեց ամուսնուն, որին, ինչպես իր մայրը Արդգալ Հարիգանի դեպքում, բազմաթիվ հնարովի արժանիքներ էր վերագրել: Սակայն Աշխարհակալյան - Հարիգանը, այսուհետ պարզապես Լեոն Հարիգանը, այլևս չխախտեց իր իմաստավորված լռությունը և միակ հույսը կրկին մնաց Դեսմոնդը:

    - Շատ լավ, տիկին Ազգանուշ,- ասաց նա,- ասացեք անվան ձեր նախընտրած տարբերակը:

    - Երեխան պետք է կրի իր պապի անունը, բայց միմիայն հորական կողմի պապի,- իրավացիության խորը զգացումով հայտարարեց տիկին Ազգանուշը և նույնիսկ չզլացավ թափահարել մատը ներկաների վրա:

    - Ոչ ոք դեմ չէ, որ այդպես լինի,- հաշտարար տոնով շարունակեց Դեսմոնդ Հարիգանը,- սակայն տիկին, ախր քիչ առաջ բոլորս համաձայնեցինք, որ Աշխարհակալյան ազգանունով փոքր ինչ անհարմար է Ամերիկայում: Մինչդեռ դուք առաջարկում եք մի անուն, որը շատ ավելի անհարմար է ոչ միայն կրել, այլ արտասանել: Մի առարկեք տիկին, դա իրոք այդպես է: Ինչպե՞ս էր ձեր ամուսնու անունը: Քենկիանո±ս… Ահա, տեսնում եք, որ այն անհնար արտասանել կամ նույնիսկ թղթի վրա գրել առանց ուղղագրական երկու երեք սխալ կատարելու: Խնդրում եմ այլ տարբերակ առաջարկեք:

    - Աստված է ցանկանում, որ երեխան Արդգալ լինի,- վերջին փորձը կատարեց տիկին Դելման:

    - Դե ինչ, եթե Խնկիանոսն այդքան անհարմար է,- արհամարալից անուշադրության մատնելով թշնամու ակնարկը ասաց տիկին Ազգանուշը,- ապա թող լինի հոր պապի անունը:

    - Իսկ ինչպես էր կոչվում հոր պապը,- հետաքրքրվեց Դեսմոնդ Հարիգանը:

    - Արամ,- հպարտորեն պատասխանեց տիկին Ազգանուշը և հարմար գտավ չմատնանշել, որ իր հարազատ հոր անունը նույնպես Արամ է:

    - Ուրեմն Արամ Հա՞րիգան:

    - Արամ Հարիգան:

    Արամի ծնունդով Աստծո օրհնությունը իջավ նրա ընտանիքի վրա: Համենայնդեպս մարդիկ այդպես էին ասում: Լեոն Հարիգանը ձիրաշավարանում մեծ գումար շահեց, խաղադրույք կատարելով այն ձիու վրա, որի վրա Դեսմոնդ Հարիգանն էր ուշադրություն հրավիրել: Ճիշտ է, հետագայում Լեոնն ամբողջը իր իմաստությանն էր վերագրում, իսկ Դեսմոնդը կարծես չէր առարկում, որ նա այդպես վարվի: Շահած գումարով, նորից Դեսմոնդ Հարիգանի խորհրդով, Լեոնը նորաձևության սրահ գնեց: Կրկին հաջողությունը ուղեկցեց նրան: Մրցակից նորաձևության սրահները կլորիկ գումարներ էին ծախսում ռեկլամի վրա, բայց բայց պատվերները նորելուկ ՙՀարիգան Քամփնի՚ - ն էր ստանում: Իդան պարզապես խանդավառված էր ամուսնու գործարար հանճարով, որը կարճ ժամկետում ամենամեծ եկամուտներ ապահովեց նրանց ընտանիքին: Լեոն Հարիգանը նույնպես մեծ կարծիք ուներ իր մասին, բայց սնապարծությունը այնքան չէր մթագնել նրա ուղեղը, որպեսզի չկարողանա տարբերել իր օգուտն ու վնասը: Եվ եթե իրեն մեծ բարերարություն է ապահովում իր աներձագ Դեսմոնդի խորհուրդները, ապա ինչո±ւ չհետևել նրանց: Ի±նչ պատճառով ՙՀարիգան Քամփնի՚- ի բաժնետոմսերը չվաճառել Դեսմոնդի մատնանշած մարդկանց ու Դեսմոնդի մատնանշած արժեքներով, եթե այդ ամենն այդքան օգտակար է: Ինչևէ, այլևս չխոսենք Լեոն Հարիգանի կյանքի գործարար հատվածից, որը չնչին տեղ է զբաղեցնում մեր պատմության մեջ: Բավարարվենք ասելով, որ նրա գործերը շատ լավ էին ու նա շատ հարուստ էր: Իսկ ամուսնությունից մի քանի տարի մի մեծ առանձնատուն գնեց Ա քաղաքի ամենահարուստ թաղամասում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kivera (02.12.2012), Lion (06.12.2012), Sambitbaba (02.12.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Ճակատագիրը ստիպում է իր կամքին ենթարկվել

    Տասնիննը տարեկանում Արամը կյանքի մեծ փոփոխությունների նախաշեմին էր, բայց այդ մասին նա գաղափար չուներ: Իսկ այդ փոփոխության մեջ իրենց մեծ դերը խաղացին Ազգանուշ և Դելմա տատիկները, ճիշտ է` անգիտակցաբար: Հետագայում նրանք շատ բան կտային եղածը հետ վերադարձնելու համար, բայց երբ գործի են դրվում որոշակի հզոր ուժեր, որոնք անմիջապես Ճակատագրի անխախտ հրամաններին են ենթարկվում, անհնար է որևէ բան փոփոխել:

    Լեոն Հարիգանի տունն իրենից հարակից այգով մեծ առանձնատուն էր ներկայացնում, որտեղ հարկ եղած դեպքում քսան մարդ առանց իրար խանգարելու կապրեին: Սակայն երբ հյուր էր գալիս տիկին Դելման, բոլորի համար նեղվածք էր դառնում: Անհաշտ մրցակցությունը տիկին Ազգանուշի հետ գնալով նոր երանգներ էր ստանում ու արտահայտվում այնպիսի մանր ու ճղճիմ հարցերում, որոնցից նույնիսկ ժուռնալիստներն ու քաղաքագետները կխորշեին: Այսպես. Տիկին Դելման գեղեցիկ ծաղիկներ էր բերում պարտեզի ծաղկաթմբերի համար, բայց տիկին Ազգանուշը գտնում էր, որ իսկական ծաղիկը գեղեցիկ լինելուց զատ պետք է անուշ բուրմունք արձակի: Տիկին Դելման սպասքի թանկարժեք հավաքածու էր նվիրում աղջկան, բայց Տիկին Ազգանուշը արհամարալից շրջում էր գլուխը չմոռանալով նշել, որ դրանք անճաշակ են և իր տանը վայել չեն այն նվերները, որոնք առնվել են էժանացված խանութից կես գնով: Մի անգամ տիկին Դելման տանը կահույքի չնչին տեղափոխություն կատարեց, որը ոչ մի դեպքում չպետք է նկատվեր, սակայն տիկին Ազգանուշի սրատես աչքը անմիջապես բացահայտեց իր դեմ ուղղված դավադրությունը և կայծակնորեն վերականգնեց իրերի նախկին դրությունը: Տիկին Ազգանուշը չէր բավարարվում պատերազմի սոսկ պաշտպանողական մարտավարությամբ և առիթի դեպքում հանդուգն ոտնձգություններ էր կատարում հակառակորդի բուն տարածքում: Համարյա քսան տարի նրանք իրենց բոլոր ուժերով մարտնչեցին մեկմեկու դեմ, բայց բնավ չէր կարելի ասել, որ հոգնեցին այդ պայքարից կամ պակասեցրին եռանդը: Սկսած հինգերորդ տարուց հարևանները դադարեցին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, նկատելով, որ ոստիկաններն արդեն չկամորեն են արձագանքում կամ բոլորովին չեն արձագանքում: Առանձնակի վեճի առարկա էր Արամը, ով հակառակ իր աժդահա արտաքինի, խաղաղ բնավորություն ուներ ու եթե բռունցքները ժամանակ առ ժամանակ գործի էր դնում, ապա ոչ իր մորեղբոր պես առանց մտածելու, շատ անգամներ ստիպված, արձագանքելով ընկերների խնդրանքներին, որոնք որոշակի ժամանակից ի վեր սովորություն էին դարձրել ապավինել Արամի հզոր բազուկներին:

    Այն նույն ժամանակ, երբ սկսեցինք մեր պատմությունը, տիկին Ազգանուշը նոր էր բոլորել վաթսուն տարին: Քանզի անհուն որդիական սերն արտահայտելու ու նաև անհագ ցուցամոլական կրքերը փարատելու հրաշալի առիթ էր ներկայացել, Լեոն Հարիգանը լայնորեն օգտվեց դրանից: Մեկ ամիս պատրաստվեցին տոնակատարությանը, հինգ հարյուրից ավելի մարդ հյուր կանչվեց: Տիկին Ազգանուշը բոլորին արևաշող ժպիտ պարգևեց ու յուրաքանչյուր նվերի համար խանդավառ ուրախանալու ուժ գտավ իր մեջ: Հյուրերը բոլորն էլ պատվի մարդիկ էին, նրանցից ոչ մեկի ձեռքը քարի տակ չէր, այնպես որ նվերներն աչքի էին ընկնում ոչ միայն իրենց քանակով, այլ բացառիկ որակով ու թանկ արժեքով: Երեք ընդարձակ սենյակներ էին հատկացված, որպեսզի ինչպես հարկն է տեղավորեն հսկա ավարը: Տիկին Ազգանուշը և Իդան տոնակատարությունից հետո դեռ երեք օր ուսումնասիրում էին նվերները ու որոշում դրանց հետագա ճակատագիրը: Հիրավի դա մի տիտանական աշխատանք էր: Հյուրերի մեջ կային սնապարծ մարդիկ, որոնք ամենամեծ կարծիքն ունեին իրենց բերած նվերի վերաբերյալ ու հաստատ համոզմունք, որ դրանք կճանաչվեն նույնիսկ հարյուր հազարների մեջ, այնպես որ տիկին Ազգանուշը և Իդան շատ անգամներ փորձում էին կռահել, թե որ մեկը ով է բերել: Սակայն տիկին Դելմայի նվերը տիկին Ազգանուշը կզանազաներ նույնիսկ հարյուր միլիոնի մեջ: Դա մի խղճուկ վերարկու էր (այստեղ սոսկ ներկայացվում է տիկին Ազգանուշի կարծիքը), որն անկասկած տասը տարի անսփոփ շպրտված էր եղել օգտագործված հագուստեղենի խանութի մի մոռացված անկյունում և դրա մասին իհարկե ոչ մեկը չէր հիշի, եթե երևան չգար տիկին Դելմայի կծծի կերպարը, ով հերթական անգամ որոշել էր մի քանի խղճուկ դոլարներ տնտեսել: Մի ինչ որ ժամանակից սկսած Իդան չէր խառնվում մոր և սկեսրոջ պատերազմական գործողություններին, այդ պատճառով հիշեց, որ հնդկահավն այրվում է գազօջախի վրա և վազ տվեց խոհանոց: Տիկին Ազգանուշի կատաղությունը բորբոքվեց նոր ուժով:
    - Արամ,- սիրտ կեղեքող ձայնով ճչաց տիկին Ազգանուշը:
    Եթե Արամին Աստված մեկ այլ խառնվածքի տատիկ պարգևած լիներ, ապա նա անկասկած կմտածեր, որ իր հոր հարգարժան ծնողը սրտի անբավարարվածություն ունի և դժվարությամբ կկողմնորովեր առաջինը դեղը վազելով բերի, թե բժշկին զանգահարի: Իսկ հիմա Արամը տատիկի կանչին արձագանքեց բավական զուսպ և ներկայացավ ոչ այնքան շուտ: Ճիշտ է և ոչ այնքան ուշ: Տեսնելով Ազգանուշ տատիկի կատաղությունից կարմրատակած դեմքը և բազմոցին անշնորհք կերպով շպրտված վերարկուն, Արամն անմիջապես հասկացավ, թե բանն ինչումն է և տհաճությամբ գիտակցեց, որ դիմադրելն անիմաստ է:

    - Արամ,- այնպիսի ձայնով կարծես ոտքի տակ էին տվել իր բարձր արժանապատվությունը ու անխնա տրորել, ճչաց տիկին Ազգանուշը,- հենց հիմա տար և այդ բորբոսնած վիշապի երեսին շպրտիր իր նվերը:

    - Գուցե թափառաշրջիկի±ն տամ, տատիկ,- հարցրեց Արամը:- Ես վերարկուներից այնքան էլ լավ չեմ հասկանում, բայց իմ կարծիքով յուրաքանչյուր խանութ սրան ուրախությամբ մի քանի հազար դոլար կտա:

    - Ի՞նչ,- տիկին Ազգանուշն այնաստիճան կորցրեց ինքնատիրապետումը, որ դա ուղիղ համեմատական կարգով ազդեց նրա ձայնի ուժգնությանը: Սրտի խորքից դուրս թռաց այդ տարակուսալի ՙինչ՚ - ը նրա կոկորդից դուրս հորդաց ինքնաբուխ, անհաշվարկ, կառավարումից դուրս ու այնքան բարձր, որ հարևաններին ստիպեց այնուամենայնիվ խորհրդածել. պետք չէ՞ արդյոք զանգել ոստիկանություն և կատարել քաղաքացիական պարտքը:

    - Նույն այս վերարկուն ես տեսել եմ հագուստեղենի խանութում փոշիների մեջ ընկած, տասնհինգ դոլար արժեքը մատնանշող պիտակը վրան: Թափառաշրջիկն էլ կծիծաղի վրադ, թե հիմարություն ունենաս իրեն առաջարկել: Արամ, խնդրում եմ, տար այս վերարկուն…

    Երբ տիկին Ազգանուշը ՙխնդրում էր՚, դա նշանակում էր խոսքը գնում է ամենահամոզիչ խնդրանքի մասին, որը մերժվելու դեպքում անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների կարող է բերել: Մեկ անգամ, վաղուց, երբ Արամը տանը չէր եղել, նույնիսկ Իդան էր ստիպված եղել մի այդպիսի խնդրանք կատարել: Ճիշտ է նա նվերը ողջամտորեն հանձնել էր պակաս ունևոր ամերիկացի քաղաքացու և իր մորն այցելել էր ոչ որպես իր ռազմաշունչ սկեսրոջ շահերը պաշտպանող դեսպան:
    - Լավ, տատիկ, ես կտանեմ,- պատրաստակամությամբ ասաց Արամը և մտածեց. որքան տանից շուտ դուրս գա այնքան լավ:

    Առանձնատունը, որտեղ բնակվում էին Դելմա տատիկը, Դեսմոնդ մորեղբայրը և Կատրա մորաքույրը, հեռու չէր, այդ պատճառով Արամը ճանապարհ ընկավ հետիոտն: Վերարկուն ձեռքին ոտքով գնալը մի փոքր անհարմար էր, ավելի սնապարծ մեկն անշուշտ կգերադասեր մարդկանց աչքին չերևալ այդ տեսքով: Սակայն Արամն այդ մարդկանց թվին չէր պատկանում, իսկ նրան անհանգստացնող միակ բանը Դելմա տատիկի հետ մոտակա հանդիպումն էր: Անցնում էր Արամը փողոցով և ժպիտը դեմքին ողջույններ փոխանակում ծանոթների հետ:

    - Ողջույն, Արամ,- իր նստած տեղից կանչեց ծերունի Թոմը, Արամի սևամորթ ծանոթը, ով ոչ օթևան ուներ, ոչ էլ որոշակի զբաղմունք: - Վերարկուն ինձ համա՞ր է:

    Արամը նայեց վերարկուին իբրև մի գարշելի զեռունի:

    - Ես ուրախությամբ այն քեզ կտայի, Թոմ, բայց առայժմ պետք է սպասես:

    - Իսկ ո՞ւր ես գնում:

    Արամը հոգոց հանեց

    - Կարևոր գործեր ունեմ:

    Թոմը շատ ծանոթ հայացքով նայեց Արամին:

    - Մի խնդրանք ունեմ քեզանից:

    - Ասա, Թոմ:

    - Կարո՞ղ ես պարտքով մի երկու դոլար տալ: Ճաշի ժամ է, իսկ աշխատավարձը ուշացնում են:

    Արամը ծիծաղեց և գրպանից հանեց պահանջվող թղթադրամը: Թոմը շնորհակալություն հայտնեց: Արամը շարունակեց ճանապարհը:

    Դեսմոնդը տանը չէր: Մորաքույր Կատրան Արամին ընդունեց շատ ջերմ, բայց տեսնելով ձեռքի վերարկուն կորցրեց սկզբնական լավ տրամադրությունը:

    - Արամ,- շատ սիրալիր ասաց նա,- դու ոչ մի դեպքում չպետք է նման հանձնարարություններ կատարես: Տուր այստեղ վերարկուն: Ես այն մայրիկին կհանձնեմ ավելի ուշ, իսկ դու նրան մի ասա, թե ինչ նպատակով ես եկել, լա՞վ:

    - Լավ,- պատասխանեց Արամը:

    Սակայն Կատրա մորաքրոջ ազնիվ մղումներին տրված չէր իրականուություն դառնալու: Աստիճանների վրա երևաց Դելմա տատիկի սարսափազդու կերպարը: Իռանդացի տիկինն իր սեփական ականջներով լսեց, թե ինչի մասին է դուստրը թախանձագին խնդրում Արամին, իսկ քիչ անց սեփական աչքերով տեսավ թախանձագին խնդրանքի առարկան:

    - Խեղճ թոռնիկս,- հուզված ասաց նա,- այդ գծուծ արարածը նորից քեզ է օգտագործել իր ստոր նպատակների համար: Իսկ ես ու Կատրանը քանի ժամ կորցրինք հագուստեղենի խանությում, որ ամենալավ նվերը գնենք…

    Պետք է ասել, որ տիկին Դելման նույնպես երբեմն դիմում էր Արամի օգնությանը, երբ գործը վերաբերվում էր իր և տիկին Ազգանուշի բարդ հարաբերություններին:

    - Մայրիկ…- փորցեց միջամտել Կատրան:

    - Լռիր, աղջիկս: Դու վատ գիտես մարդու բնույթը: Հենց հիմա գնա ու այստեղ բեր ապակեղենի այն քոսոտ հավաքածուն, որը չինական ճենապակու անվան տակ այդ հեթանոս կինը մտցրեց իմ տուն:

    - Տատիկ,- ասաց Արամը,- բայց դա իսկապես չինական ճենապակի է…

    - Երդվում եմ քո պապի, Արդգալ Հարիգանի հիշատակով, զավակս…

    Այդ պահին հեռախոսը զնգաց և իռլանդացի տիկնոջ երդման արարողությունն ընդհատվեց: Լսափողը Կատրան վերցրեց, Դեսմոնդն էր զանգողը:

    - Հենց հիմա լսափողը կփոխանցեմ մայրիկին, Դեսմոնդ…

    Սա ազդանշան էր: Դեսմոնդը իսկույն հասկացավ, որ անհապաղ պետք է խոսի մոր հետ, ավելի ճիշտ մի քառորդ ժամի չափ խիստ վրդովված արտահայտություններ լսի նրանից: Երբ տիկին Դելման ձեռքը վերցրեց լսափողը ու գտնվելով սաստիկ ոգևորվածության մեջ դադարեց նկատել շուրջբոլորը գտնվող մարդկանց, Կատրան մոտ կանչեց զարմիկին ու շշնջաց ականջին:

    - Խնդրում եմ ետ տար վերարկուն, Արամ, իսկ ես կխնդրեմ Դեսմոնդին, որ այցելի տիկին Ազգանուշին, լա՞վ: Կփոխանցես տիկին Ազգանուշին, որ Դեսմոնդն այսօր երեկոյան կայցելի իրեն, լա՞վ:

    - Լավ,- պատասխանեց Արամը:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.12.2012, 15:42:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.12.2012), Sambitbaba (02.12.2012), Ամմէ (03.12.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծերուկ Թոմն իր տեղում էր: Արամին տեսնելով նա սիրալիր տեսք ընդունեց:

    - Այդքան շուտ վերադարձա՞ր:

    - Վերցրու, սա քեզ համար է:

    Արամը մեկնեց վերարկուն: Թոմը վերցրեց և դրեց կողքին:

    - Թանկանոց ապրանք է երևում, իսկ դա համ լավ է համ էլ վատ:

    - Ինչո՞վ է վատ:

    - Անցյալ անգամ միսթր Ջեֆերսոնը կասկած էր հայտնում, թե գողացել եմ:

    - Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր:

    - Ասացի, կուզե՞ս մեկն էլ քեզ համար թռցնեմ: Ձմեռը մոտենում է, իսկ ես ցանկանում եմ մի քանի ամսով բանտ ընկնել և գլխիս ծածկ ունենալ: Բութ հայացքով նայեց ու թողեց գնաց…

    - Նա իրականում վատը չի և նախապես սպառնում է, որպեսզի մարդիկ երես չառնեն ու սկսեն սրանից նրանից իրեր թռցնել: Եթե ցանկանում ես միսթր Ջեֆերսոնին կասեմ, որ վերարկուն ինքս եմ քեզ նվիրել:

    - Հիմա միսթր Ջեֆերսոնի փոխարեն նոր ոստիկան են նշանակել: Լսել եմ, որ շատ խիստ մարդ է ու սովորություն ունի դատարկ բաների համար ազնիվ մարդկանց ոստիկանատուն քարշ տալ:

    - Ով էլ լինի` անհանգստանալու բան չունես: Մինչև վերարկուից վերջնականապես ազատվելը քո կողքին կլինեմ, բայց նախ մի բան ուտենք խորտկարանում` եթե իհարկե ճաշի հրավեր չունես նահանգապետից:

    - Հրավեր իհարկե կա, բայց գրողի ծոցը թող կորչի նահանգապետը, գերադասում եմ քո հետ խորտկարան գնալ:

    Ծերունի Թոմը չփորձեց թաքցնել ուրախությունը, որի պատճառը ճաշի անսպասելի հրավերն էր: Խորտկարան այցելելու առիթ նա ունենում էր, բայց ոչ այնքան հաճախ: Ինչ վերաբերում է Արամին, ապա նրա ծրագիրը պարզ էր ու բազմաթիվ անգամներ փորձված: Տիկին Ազգանուշին նա կասեր, որ նվերը տիկին Դելմային է վերադարձրել, իսկ վերջինս ավելին քան վստահ էր, որ Արամը ետ է տարել վերարկուն: Մնում էր սոսկ կապվել մորեղբայր Դեսմոնդի հետ, որպեսզի իրենց տուն այցելելու դեպքում նա առհասարակ չարծարծի չարաբաստիկ վերարկուի թեման: Սակայն այդ կողմից Արամը հանգիստ էր: Երբ տիկին Ազգանուշը և տիկին Դելման պատերազմական գործողություններ էին սկսում, իսկ մորաքույր Կատրայի խաղաղասիրական առաքելությունը Դեսմոնդին ներաքշում էր որպես միջնորդ, վերջինս չէր շտապում ներկայանալ ռազմական գործողությունների վայր և խելամտորեն սպասում էր, մինչև կրքերը իրենք իրենց հանդարտվեն:

    Մի փոքր անհավանական կարող է թվալ, թե ինչպես էր Արամն այդքան անհոգ ձևով հրաժարվում թանկարժեք իրից, բայց հաշվի առնելով հնարավոր պատերազմի ավերիչ հետևանքները, նրա գնած խաղաղությունն այնքան էլ թանկ չէր: Բացի այդ Արամը պատկառանքով չէր վերաբերվում թանկարժեք հագուստներին, ինչի պերճաշուք վկայություն նրա խիստ համեստ հագուկապն էր, որ մի փոքր էր լավ ծերուկ Թոմից:
    Խորտկարանը մի պարզ հաստատություն էր, որտեղ ուտեստեղենի ցանկը բաղկացած էր բրդուճների անխորամանկ տարատեսակներից, խմելիքը` գարեջուր և գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներից, իսկ այցելող ժողովուրդը խայտաբղետ էր ու ոչ մի կանոնակարգման չէր ենթարկվում: Արամը ձեռքերը գրպանում, նրա սևամորթ բարեկամը թանկարժեք վերարկուն թևքին գցած քայլում էին խորտկարանի երկայնքով ու ապակե ցուցափեղկից ներս նայում` արդյո՞ք ազատ սեղաններ կան:

    - Այսօր արի գարեջուր էլ խմենք, լա՞վ,- հանկարծ հարցրեց Թոմը:

    - Լավ,- համաձայնեց Արամը:

    Սակայն Թոմի փոքրիկ որկրամոլական նկրտումներին տրված չէր իրականություն դառնալ: Մի պատկառազդու համազգեստավոր կերպարանք, որը կարծես ճիշտ և ճիշտ կապիտան Մակլոսկու երկվորյակ եղբայրը լիներ` ՙԿնքահայրը՚ ֆիլմից, կոպտորեն փակեց նրանց ճանապարհը: Արամը օրենքի պահապանին նայեց անսքող տարակուսանքով, Թոմը` էլ ավելի անսքող երկյուղով:

    - Ի՞նչ եք ցանկանում, սըր,- արժանապատվորեն հարցրեց Արամը, իսկ ծեր սևամորթը փորձեց թաքնվել նրա լայն ուսերի ետևում:

    Ոստիկանի աչքերը դաժանորեն փայլեցին:

    - Դու խնդիր չունես, փոքրիկ, ավելի լավ կանես գնաս պաղպաղակ ուտես…

    Ծերունի Թոմը տեսավ, թե ինչ ամպեր են կուտակվում գլխավերևում և փորձեց ցույց տալ, որ ինքը օրենքները հարգող ամերիկյան ազնիվ քաղաքացի է:

    - Սըր,- պատկառանքով ասաց նա,- ես ոչ մի վատ բան չեմ արել:
    Ոստիկանի աչքերը կասկածամտորեն կկոցվեցին, իսկ ծնոտը առաջ եկավ:

    - Հա, իհարկե, պրեզիդենտին չես սպանել, նահանգապետի կնոջը չես բռնաբարել,- ծաղրանքով ասաց նա,- իսկ որ թևքիդ վերարկու ունես, որը սկի երազումդ չպիտի տեսած լինեիր, իսկապես վատ բան չի: Թե± կասես տասնհինգ դոլարով ես գնել էժանացված ապրանքների խանութից:

    Ոստիկանի խիստ կասկածելի վարկածը պաշտպանելու համար առնվազն անհրաժեշտ էր տիկին Ազգանուշի ներկայությունը, ինչը հասկանալի պատճառներով բացառվում էր, այնպես որ պետք էր պարզապես հիմք ընդունել, որ վերարկուն իսկապես շատ թանկ արժեք ունի:

    - Այդ ես եմ նրան նվիրել, սըր,- վճռականությամբ լի ձայնով ասաց Արամը, ով միտք չուներ նահանջելու և իր սևամորթ ծանոթին թողնելու դժվարին դրության մեջ:

    Փորձառու մարդն անշուշտ կնկատեր, որ երկար համբերություն ունենալը օրենքի հարգարժան պահապանի արժանիքների մեջ չի մտնում, ու կզգուշանար, բայց Արամին մի մեծ անդունդ էր բաժանում նման բաներից, այդ պատճառով նա ոստիկանի աչքերի մեջ չտեսավ այն չար կայծերը, որոնք անճշմարտանման պատասխանի նրբերանգին բացառիկ դաժանությամբ փայլեցին:

    - Ուրեմն դու ես նվիրել,- չարախնդաց ոստիկանը: -… Դու, քոսոտ թափառաշրջիկ, ու նման թանկարժեք ապրա՞նք, որից միայն Նյու Յորքի օպերայում բարձրաշխարհիկ տիկնանց ուսերին կարելի է տեսնել: Ու դեռ էնպես լկտիորեն ես նայում աչքերիս մեջ, քնձռոտ յաբու, կարծես քո առաջ ոչ թե ոստիկան է կանգնած, այլ զռռան էշ, որին ինչպես ուզենաս կֆռացնես: Հիմի էրկուսդ էլ ինձ հետ ոստիկանատուն կգաք ու էնտեղ կտեսնենք, թե ինչ երգ կերգեք:

    Արամի արտաքինն իրոք անպաճույճ էր, բայց նրան թափառաշրջիկ անվանելը մի անարդար չափազանցություն էր, որը կապիտան Մակլոսկու նմանակը ոչ մի դեպքում չպետք է թույլ տար: Եվ զուր էր նա կարծում, որ երիտասարդն առանց այլևայլության կհետևի իրեն: Մինչ ծերուկ Թոմը սարսափահար հետևում էր իր համար շատ տհաճ զարգացումներին, օրինապաշտ ամերիկացու հոգին ողջ ուժով արթնացավ Արամի դյուրահավատ հոգում: Սեփական իրավունքների մասին լսած քարոզները եկեղեցու զանգի պես ղողանջեցին նրա պարզ գիտակցության մեջ ու նա որոշեց ինչ գնով էլ լինի պաշտպանել իր և Թոմի իրավունքները:

    - Ես ամերիկայի քաղաքացի եմ, Թոմը` նույնպես,- եռանդագին բացականչեց Արամը,- դուք իրավունք չունեք մեզ հենց այնպես ոստիկանատուն տանել:

    Ճիշտ նույն վայրկյանին կապիտան Մակլոսկու նմանակի համբերությունը սպառվեց: Հայհոյանքը նրա բերանից թռավ ինքնաբուխ` ինչպես հոգևորականի բերանից օրհնանքը:

    - Շան որդի,- ասաց ոստիկանը և հարվածեց:

    - Շան որդին դու ես,- պատասխանեց Արամը ու ինքն էլ հարվածեց:

    Հետագա մի քանի վայրկյաններին տեղի ունեցան գործողություններ, որից հետո Ճակատագիրը մի ամբարտավան հայացք գցեց շուրջբոլորը և հաճույքով գիտակցեց, որ ոչ մի ուժ չի կարող իր կամքին հակառակ գնալ: Արամ Հարիգանի, կապիտան Մակլոսկու արտաքինով ոստիկանի և սևամորթ ամերիկացի քաղաքացի Թոմի մասնակցությամբ մի կատաղի հրմշտոց սկսվեց, ինչը մի քանի վայրկյան անց ավարտվեց ապակե ցուցափեղկի հետ չնախատեսված բախմամբ, որից հետո կոտրվող ապակու ձայնը բազմաթիվ օրինապաշտ քաղաքացիներ հավաքեց շուրջը և նրանք սարսափով նկատեցին ապակու փշուրների միջից բարձրացող մի բարձրահասակ կապուտաչյա երիտասարդի, վախից սպիտակած մի սևամորթ ծերունու, ու վիզը կտրած մի ոստիկանի, ում կյանքի վայրկյանները` ըստ համընդհանուր գնահատականի, հաշվված էին:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.12.2012, 15:46:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2012), Freeman (02.12.2012), kivera (02.12.2012), Lion (06.12.2012), Peace (02.12.2012), Sambitbaba (02.12.2012), Ամմէ (03.12.2012)

  11. #6
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1-ին մասը հրաշալի է գրված, մեծ հաճույք ստացա, մերսի [QUOTE=Malxas;2372900]

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.12.2012), Malxas (02.12.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ առաջին մասն եմ կարդացել, խոստումնալից էր բայց մնացածը թողնեմ մյուս շաբաթվան:
    The cake is a lie.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (02.12.2012)

  15. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակություն կա՞

  16. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակություն կա՞
    Առայժմ ոչ, նոր եմ գրելու: Սակայն նախքան շարունակելը ցանկանում էի համոզվել՝ արդյո՞ք կան ոչ այնքան համոզիչ պահեր, որպեսզի ուղղեմ դրանք ու շարունակության վրա էլ վատ չանդրադառնան:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.12.2012)

  18. #10
    Լիարժեք անդամ kivera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2012
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համոզիչ էր այնքանով, որ ես սկսեցի խղճալ Արամին...ե՞րբ կկարդանք շանունակությունը (թե դեռ պետք չէ խղճալ)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Առայժմ ոչ, նոր եմ գրելու: Սակայն նախքան շարունակելը ցանկանում էի համոզվել՝ արդյո՞ք կան ոչ այնքան համոզիչ պահեր, որպեսզի ուղղեմ դրանք ու շարունակության վրա էլ վատ չանդրադառնան:

  19. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում ժամանցային կարդացի, ոչ թե վերլուծաբար ու ինձ համար անծանոթ միջավայր էր ներկայացված, դրա համար արհեստականության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց հետաքրքիր էր կարդացվում, շատ արագ եմ կարդացել

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (02.12.2012)

  21. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kivera-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզիչ էր այնքանով, որ ես սկսեցի խղճալ Արամին...ե՞րբ կկարդանք շանունակությունը (թե դեռ պետք չէ խղճալ)
    Արամին խղճալ ընդահնրապես պետք չէ, նա կյանքի շատ հետաքրքիր փուլ է թևակոխում Ամենալուրջ դժվարությունները դեռ առջևում են...
    Նոր պատմավեպ էի սկսել գրել, բայց երևում է սա էլ կգրեմ զուգահեռ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kivera (02.12.2012), Ամմէ (03.12.2012)

  23. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ժամանցային կարդացի, ոչ թե վերլուծաբար ու ինձ համար անծանոթ միջավայր էր ներկայացված, դրա համար արհեստականության մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց հետաքրքիր էր կարդացվում, շատ արագ եմ կարդացել
    Միջավայրն ինձ համար էլ ամենածանոթներից չէ, այդ պատճառով դիմել եմ ձեր օգնությանը
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  24. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթական անգամ ցուցադրում ես, որ հմուտ շարադրող ես: Համենայն դեպս, ինձ համար, քանզի կարդում եմ հաճույքով: Եվ շատ հաճելի է ազնվությունդ էլ, Մալխաս ջան, որ հազիվ սկսած, կարծիքներ ես հարցնում: Ըստ իս, դա խոսում է մտքի ճկունության մասին, որը հնարավոր է համարում կառուցել իր գաղափարներն ըստ ընթերցողի ընկալունակության:
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջավայրն ինձ համար ամենածանոթներից չէ, այդ պատճառով դիմել եմ ձեր օգնությանը… Նախքան շարունակելը ցանկանում էի համոզվել՝ արդյո՞ք կան ոչ այնքան համոզիչ պահեր, որպեսզի ուղղեմ դրանք ու շարունակության վրա էլ վատ չանդրադառնան:)
    Իրոք, կասկածներդ ճշմարիտ են, քանզի երևում է, որ միջավայրին լավ ծանոթ չես: Բայց ցավալին ոչ թե այն է, որ ծանոթ չես, - ցավալին այն է, քո անծանոթ լինելը՝ որոշ ճանաչողների մեջ բացասական զգացմունքներ է ծնում: Որովհետև, Մալխաս ջան, քո նկարագրած երկրում ոչ բոլորն են էմիգրանտ, և նույնիսկ ոչ բոլոր էմիգրանտներն են, որ, հաճույքով, հնարավորինս բոլոր օրինական և ապօրինի կերպերով օգտվելով նկարագրածդ երկրի իրենց տրված արտոնություններից, - դրա հետ մեկտեղ քարկոծում են այդ երկրի բարքերն ու օրենքները:
    Իհարկե, ես չեմ ասում, թե դա դրախտային երկիր է, հասկացիր: Բայց ինչ է, Հայաստանն ավելի՞ դրախտային է, թե այնտեղ ավելի քիչ աղբ կա: Դե պատկերացու, որ ինչ-որ մեկը գրում է Հայաստանի մասին, և հենց առաջին էջէրից սկսում է ցուցադրել այնտեղի աղբը: Ընդ որում, ինքը Հայաստանցի չի: Առաջին հերթին դու ինքդ ինչպե՞ս կվերաբերվեիր դրան…

    Կներես, Մալխաս ջան, դու հաստատ այնքան շատ չես գրել այդ աղբի մասին, որքան ես ցույց եմ տալիս: Բայց նախ, դու ինքդ խնդրեցիր: Երկրորդ, ես ավելի շատ եմ հարգում քեզ, որպեսզի ինձ համար միևնույն լինի, թե ինչ ես դու գրում, և այդ պատճառով ցանկանում եմ, որ հետաքրքիր լինելու հետ մեկտեղ՝ նաև մաքուր լինի: Մի խոսքով, հուսով եմ, հասկանում ես և չես նեղանում…

    Այսպիսով, Արամ Հարիգանը գիտեր, որ ինքը ԱՄՆ – ի քաղաքացի է և, որ դա լավագույն բախտավիճակն է, որ մարդ կարող է առհասարակ ունենալ: Լավ կրակում էր, գիտեր բասկետբոլ խաղալ, մեքենա վարել և ձի քշել: Գիտեր բուտերբրոդ ուտել և կոկա կոլա խմել, հեռուստացույցի առաջ նստել ու բեյսբոլ դիտել: Գիտեր, որ հյուսիսում Կանադան է, հարավում` Մեքսիկան, իսկ անորոշ հեռվում` Անգլիան, Իռլանդիան և Ավստրալիան: Գիտեր, որ կան ճապոնացիներ, շոտլանդացիներ ու գերմանացիներ, բայց գլխի չէր ընկել, որ գոյություն ունեն Ճապոնիա, Շոտլանդիա և Գերմանիա: Գիտեր, որ կան սևամորթ ամերիկացիներ, իսկ այս վերջիններիս հայրենիքը համարում էր եգիպտացորենի պլանտացիաները, որտեղ նրանք անազատ եղած ժամանակ աշխատել էին ստրկատերերի համար: Բարձր էր գնահատում իր ազատությունը և ջանում էր այնպես անել, որ հայրը շատ չսահմանափակի այն: Գիտեր նաև, որ կարող է ոստիկանություն դիմել, եթե հայրն ապտակի իրեն, ու չնայած իրավապահների մոտ այցելելու այդպիսի առիթներ նա ժամանակ առ ժամանակ ունեցել էր, երբեք չէր դիմել այդպիսի քայլի: Ինչ որ մի անբացատրելի ուժ արգելակ էր հանդիսացել: Բացի այդ դա դուր չէր գա Արամի մորեղբորը, ում մասին խոսք կգնա ավելի ուշ: Լեզուներից նա տիրապետում էր անգլերենին: Վարժ կարդում էր ուզածդ բանը, բայց գրելուց փոքր ինչ դժվարանում էր: Գիտեր նաև մի քանի բառ հայերեն:
    Սա ի՞նչ է, Մալխաս ջան: Ո՞ւմ մասին ես դու գրում: Աշխարհի ամենազարգացած երկրում ապրող, նոր կյանք մտնող հարուստ մի հայ երիտասարդի՞, թե՞ մեկի մասին նրանցից, ում հենց այդ երկրի բնակչությունը "թրաշ", այսինքն "աղբ" անունն է տվել, ընդ որում այդպես են կոչում ոչ թե էմիգրանտներին, այլ հենց բնիկ մի ինչ-որ խավի:
    Եթե նույնիսկ մնացած ամեն ինչը հաշվի չառնենք, վերցնենք ընդամենը մեծահարուստ մի հայ տատիկի, որն, ըստ քո գրածի, ունի մի զավակ ընդամենն ու մի թանկագին թոռնիկ, որին, հավանաբար, Աստծոց ավելի շատ պետք է որ սիրի, դրան գումարած այդ կնոջ կատաղի տեմպերամենտը, - այդպիսի տատիկը կբավարարվե՞ր արդյոք իր միակ թոռնիկի նման տգիտությամբ: Լավ, չխոսենք Արամի, ասենք, որոշ՝ իր խավի համար անհրաժեշտ /500 հոգու տատիկի ծնունդին հյուր ունենալը հո պատահականություն չէ՞/ գիտելիքների մասին արվեստի, մշակույթի, լեզուների բնագավառում, բայց որ "Գիտեր… մի քանի բառ հայերե՞ն"… Come on!..

    Գիտեր, որ կան սևամորթ ամերիկացիներ, իսկ այս վերջիններիս հայրենիքը համարում էր եգիպտացորենի պլանտացիաները, որտեղ նրանք անազատ եղած ժամանակ աշխատել էին ստրկատերերի համար
    Չգիտեմ անգամ, թե սրա մասին ինչ ասեմ… Մի՞թե դու իրոք այդ կարծիքին ես: Ստացվում է, որ սևամորթ Օբամային արդեն երկրորդ անգամ Պրեզիդենտ ընտրեցին հատկապես ստրուկների հանդեպ մեծագույն խղճից դրդվա՞ծ…

    Հա, հետո՝ Թոմը…
    Դու ինքդ ես գրել Լեոնի մասին. "Իսկ ամուսնությունից մի քանի տարի մի մեծ առանձնատուն գնեց Ա քաղաքի ամենահարուստ թաղամասում: :" Եթե "Ա" քաղաքը Լոս Անջելեսը չի, ըստ քո գրածի, նրան մոտ մի բան է: Հասկանում եմ, եթե այդ անտուն Թոմը պատահաբար անցնելիս լիներ Բևեռլի Հիլզի, կամ Բելէյրի, կամ գոնե Գլենդելի սարերի վրա գտնվող թաղամասերով: Բայց որքան էլ երևակայությանս զոռ տամ, չեմ կարող պատկերացնել, թե այդ որտե՞ղ կարող էր հոմլեսը մշտական բնակություն հաստատել "ամենահարուստ թաղամասում", աչալուրջ ոստիկանների անընդմեջ հսկողության տակ: Հավատա. ձև չկա:

    Կներես, Մալխաս ջան, իրոք որ շատ գրեցի: Դե, գիտես արդեն, որ զավզակ եմ: Բայց ինձ թվաց, թե դու ցանկանում ես լսել ճշմարտությունը: Դե, սա էլ իմ ճշմարտությունն է, և եթե ես սկսել եմ ասել այն, այլևս անընդունակ եմ կեղծել…
    Բայց գրելաոճդ լավն է, սրտանց եմ ասում…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (03.12.2012)

  26. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաբմիտբաբա եղբայր, դու գրել ես հենց այն ինչ անհրաժեշտ է: Երբ խոսում էի իմ կասկածների մասին դա նկատի ունեի: Խոսքը Լոս Անջելեսի մասին չէ: Չեմ կարծում, որ իմ ներկայացրած հերոսները Ամերիկայի աղբն են կամ նման մի բան, բայց քո բոլոր դիտողությունները տեղին են, հաշվի կառնվեն և պատմությունը հնարավորինս կհամապատասխանեցվի իրական ամերիկյան կյանքին ու ամերիկացուն: Հետագայում ես շատ մանրամասնորեն կվերծուծեմ քո դիտաղությունները: Շատ շնորհակալ եմ քեզանից:
    Հետաքրքիր կլիներ լսել Միացյալ Նահանգներում ապրող մյուս ակումբակիցների կարծիքը
    Վերջին խմբագրող՝ Malxas: 03.12.2012, 10:11:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.12.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.10.2014, 14:33
  2. Արամ Ասատրյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 96
    Վերջինը: 19.03.2014, 19:49
  3. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.02.2014, 14:09
  4. Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.10.2013, 23:09
  5. Արամ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 24.10.2008, 14:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •