Ճիշտն ասած, ժողովուրդ ջան, ես հաճելիորեն զարմացած եմ, որ մեր հայերի մեջ այսքան հանդուրժողականություն է մտել, և այդ միտքը մեջս ամփոփվեց՝ շնորհակալություն Հայազնին, - ընդամենը մի հինգ րոպե առաջ: Ինչ կուզեք ասեք, բայց ճիշտ է ասում Հայազնը սովետի մասին. այն ժամանակվա մեր մտածելակերպը լրիվ ուրիշ էր: Եվ ընդամենը քսան տարվա ընթացքում այսքան առաջադիմություն… Ես սրտանց եմ ասում սա և ամբողջ լրջությամբ, սիրելիներս. սա իրոք որ մեծ առաջընթաց է: Եվ հերթական հաստատումը նրա, որ այսօր կտրականապես ամեն ինչ նոր ընթացք է ստացել: Ինչպես նաև վստահություն է ներշնչում, որ մենք այնուհանդերձ բարեհաջող կավարտենք այս Մեծ Անցումը և նույնիսկ հայազններին էլ հետներս կտանենք:
Այս առումով ես հետ եմ կանգնում իմ առաջին գրառումից, որտեղ ասացի, որ "դեռևս շուտ է այն կարևոր դասերի մասին խոսելը", և որոշեցի մի փոքրիկ տեղեկություն հայտնել ձեզ: Թող որ մեծամասնությունը իմ հերթական հեքիաթը համարեն սա, բայց եթե գոնե մի հոգի, երկու կամ երեք հոգի, ինչ-որ տրամաբանություն գտնի ասածիս մեջ և լրջորեն մտածի ստեղծված իրավիճակի վրա, - ես ինձ գոհացած ու երջանիկ կհամարեմ, ազնիվ խոսք: Եվ ուրեմն…
Նախ, հավանաբար շատերը գիտեն, որ մարդու ուղեղի ամեն մի կիսագունդը կոնկրետ իրեն հանձնարարված դերն է կատարում: Քանի որ լավ չեմ հիշում, եկեք համարենք, որ, ասենք, ձախ կիսագունդը իշխում է մարդու մեջ /անկախ նրա սեռի/ նրա տղամարդկային էլեմենտի վրա, իսկ աջ կիսագունդը՝ կանացի էլեմենտի վրա: Եվ, բնականաբար, հիմնականում, չհաշված այն ձեր հիշատակած մեկուկես տոկոսը, - տղամարդու մեջ գերիշխում է ուղեղի ձախ կիսագունդը, իսկ կնոջ մեջ՝ աջը:
Հիմա՝ եկեք քիչ շեղվենք ու խոսենք… քանի որ ավելի ճիշտ չգիտեմ, թե ինչպես կոչել դա, - եկեք ասենք. աստղաբաշխությունից:
Ինչպես բոլորս գիտենք, Երկիրը և մնացած մոլորակները պտտվում են Արևի շուրջ: Եկեք սա անվանենք "փոքր պտույտ": Քանի որ մեզ անհրաժեշտ է խոսել քիչ ավելի "մեծ պտույտի" մասին: Դա այն պտույտն է, որն Արևը, իր բոլոր մոլորակների հետ միասին կատարում է մեր գալակտիկայի կենտրոնի շուրջ: Այս երկու պտույտների տարբերությունն այն է, որ "փոքր" պտույտը շրջանաձև է, իսկ "մեծը"՝ էլիպսաձև, այսինքն, այդ պտույտի ընթացքում Արևը և բոլոր մոլորակները մեկ հեռանում են Ծիրկաթինի կենտրոնից, մեկ մոտենում: Մեկ "մեծ պտույտի" տևողությունն է, կոպիտ ասած՝ 26 000 տարի: Սա նշանակում է, որ մենք 13 000 տարի հեռանում ենք Ծիրկաթինի կենտրոնից, իսկ հաջորդ 13 000 տարին՝ մոտենում: Առաջին 13 000 տարին համարվում է Երկրագնդի ձմռան կամ քնի ժամանակաշրջանը, իսկ երկրորդ 13 000 տարին՝ ամռան կամ արթնացման:
Այ, այստեղ, արդեն մոտեցանք բուն թեմային: Առաջին 13 000 տարում ակտիվություն է ցուցաբերում մարդկային ուղեղի ձախ կիսագունդը: Այսինքն, արթնանում է տղամարդկայինը, իսկ կանացին ավելի քնկոտ է: Սա այն ժամանակահատվածն է, որը մենք անվանել ենք "պատրիարխատ": Ինչով է հատկանշակա՞ն: Պատերազմներ, քաղաքականություն, կրոն և նման տղամարդկային խաղեր: Ասացեք ազնվորեն, շա՞տ եք տեսել կին զորավարներ կամ, ասենք, որսորդներ /իսկ ի՞նչ է պատերազմը՝ քաղաքականությունից բացի, եթե ոչ մարդորսություն/: Կամ կին տերտերներ… Հա, նաև փիլիսոփայություն և ճշգրիտ գիտություններ:
Երկրորդ 13 000 տարում ակտիվություն է ցուցաբերում մարդկային ուղեղի աջ կիսագունդը, այսինքն, արթնանում է կանացին և քուն է մտնում տղամարդկայինը: Այս ժամանակահատվածին մենք "մատրիարխատ" անունն ենք տվել: Մարդու մեջ սկսում է ակտիվանալ ամենն, ինչ ավելի զգացմունքային է, նաև արվեստները: Եվ ինքստինքյան սկսում են ավելի քիչ հետաքրքիր լինել տարբեր ձևի կռիվ-դավիները՝ պատերազմներ, քաղաքականություն, կրոն…
Ասեմ ձեզ, սիրելիներս, որ սկսած 2004 թվականից, մենք սկսել ենք արթնանալ:
Հետևություններ անո՞ւմ եք: Արեք, խնդրում եմ: Ավելի ուշադիր նայեք ձեր շրջապատին, ինքներդ ձեզ: Չե՞ք նկատում արդյոք, որ մարդիկ ավելի քիչ են հետաքրքրվում պատերազմներով, քաղաքականությամբ, կրոնով: Սովետի պես հզոր երկիրը երկու վայրկյանում վարի գնաց, առանց, եթե լուրջ նայենք հարցին, - որևէ հստակ կոնկրետ պատճառի. վերջին մի քանի տարիների ընթացքում քանի՞ դիկտատորներ մեզ հրաժեշտ տվեցին. այսօր քանի՞ կին պրեզիդենտ կարող է թվարկել ձեզանից յուրաքանչյուը, իսկ հիշու՞մ եք դուք արդյոք այդ քանակության կին-ղեկավարներ գոնե մի քսան տարի առաջ, էլ չեմ ասում ավելի շուտ…
Կամ հենց ինքներդ ձեզ նայեք: Տղերք, մի՞թե չեք նկատում, որ ինքներդ էլ ինչ-որ ավելի պասսիվ եք դարձել և ավելի… զգայուն: Իսկ դուք, աղջկերք, - արդյո՞ք ավելի ակտիվ չեք զգում ձեզ այսօր, քան տղաները, ավելի գործունյա, քան երեկ, ավելի նպատակասլաց, վերջապես:
Եվ այս խառնաշփոթի մեջ հնարավո՞ր է, որ գտնվեն տղամարդիկ, որոնք կսկսեն տարակուսել ու հարցնել իրենց. "Լսիր, այս ի՞նչ է ինձ հետ կատարվում: Իմ տղամարդկային հետաքրքրություններն ինչ-որ սկսում են լքել ինձ ու ես ինձ մոտ ինչ-որ կնոջը կատկանշական բաներ եմ սկսում նկատել: Միգուցե ես՝ գե՞յ եմ"… Եվ նույնն էլ մեր գիտակցությանը չհամապատասխանող, կնոջը ոչ յուրահատուկ ակտիվություն ցուցաբերող կինը կարո՞ղ է մտածել իր մասին. "Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ՝ տղամարդու պես կամ դեռ մի բան էլ ավել: Կինն այսպիսին չպիտի լինի. Միգուցե ես լեսբի՞ եմ"…
Ի՞նչ եք կարծում, արժի՞ այս մասին մտածել: Թող, որ այս մտածելակերպն առայժմ անծանոթ է մեզ, թող, որ այս մասին ոչ օրենք կա գրված, ու ոչ էլ մի որևէ դասագիրք: Բայց այս անտեր կատարվելիք անօրինաչափությունները մի ինչ-որ պատճառ պետք է ունենան, չէ՞: Մի տեղ կարդում ենք, որ մեզ լավ կյանք է սպասվում, իսկ մեկ այլ տեղ ինչ-որ մեկը հակասում է. ի՜նչ լավ կյանք, հեն է, առջևներս գլոբալ տաքացում է: Մենք էլ սուսուփուս գլուխներս տմբտմբացնում ենք, առանց մտածելու, որ այդ գլոբալ տաքացումը, շատ հնարավոր է, որ այդ "լավ կյանքի" սկիզբը լինի: Որովհետև, ի՞նչ համընդհանուր "լավ կյանքի" մասին կարելի է խոսել, եթե դու ապրում ես Սիբիրում՝ մինուս վաթսուն աստիճանի տակ…
Իսկ անցումնային ժամանակահատվածները միշտ էլ ամենադժվար պահերն են եղել մարդկության պատմության մեջ: Եվ այդ վիճակում, կարծում եմ, ամենաճիշտը, քիչ ավելի հանդուրժող և քիչ ավելի համբերատար լինելն է: Շուտով, սիրելիներս, ամեն ինչ կհանդարտվի և նորից իր հունի մեջ կնկնի: Քիչ համբերեք, և ամեն ինչ, ինչպես էն մեծ ազգն է ասում, устаканится.
Էջանիշներ