Համարյա մեկ շաբաթ էր` Սերինեն հիվանդ մոր անկողնու մոտից չէր հեռանում: Ժամերով նստում ու նայում էր հիվանդությունից դալկացած ու արդեն գրեթե անգիտակից վիճակում գտնվող մորը` երբեմն անկարող լինելով զսպելու հուզմունքը:
Սեդան` Սերինեի մայրը, ով այսօր անօգնական վիճակում գամված էր անկողնում, բավականին ուժեղ կին էր. երբ մեկ տարի առաջ պարզվեց, որ անբուժելի հիվանդությամբ է տառապում, ոչ զավակներին և ոչ էլ ամուսնուն չցանկացավ իր վշտին մասնակից դարձնել. չէր ուզում ընտանիքի անդամներին ցավ ու տառապանք պատճառել, շարունակ ինքն իրենով լուռ տառապում էր:
Եվ ահա հիմա նա գտնվում էր հիվանդության այն փուլում, երբ ողջ օրգամիզմը հյուծվել, ու բոլոր ուժերը սպառվել էին: Իսկ մեկ բառ անգամ արտասանելը նրանից մեծ ճիգ ու ջանք էր պահանջում: Եվ այս իրավիճակում մահը, պարզապես, անխուսափելի էր: Ու թեև 21-ամյա Սերինեն դա շատ լավ էր գիտակցում, այնուամենայնիվ , ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այն մտքին, որ մի օր մորը կարող էր մահացած տեսնել: Անընդհատ խոսում էր նրա հետ և փորձում իրենց կյանքից որոշ դրվագնել հիշեցնել: Ու թեպետ տպավորությունն էնպիսին էր, որ Սեդան աղջկան չէր լսում, Սերինեն համոզված էր, որ մայրը հասկանում, վերհիշում ու նորից վերապրում էր նրա ամեն մի ասածը, չնայած որ աչքերից հոսող արցունքներից բացի ուրիշ ոչ մի բան դրա մասին չէին վկայում:
«Մա՛մ… Հիշում ե՞ս էն սեպտեմբերի մեկը, երբ առաջին անգամ ինձ դպրոց տարար, - ասում էր,- Էն ոնց էի կպել քեզնից ու պոկ չէի գալիս… վախենում էի, մա՛մ, վախենում էի էն մտքից, որ քեզ էլ չեմ տեսնելու… բա ոնց էի վախեցել, երբ դասն ավարտվելուն պես դուրս եկա, ու քեզ դրսում չգտա»…: Սա ասելիս՝ Սերինեի արտասվախառն դեմքին կարծես ժպիտի նշույլներ հայտնվեցին… « Բա որ հետո գտա քեզ… հիշում ե՞ս ոնց վազելով եկա ու գրկեցի քեզ այնպես ամուր` ասես հարյուր տարի չէի տեսել»:
Ահա հենց այսպես էր դուստրը փորձում ինչ-որ կերպ թոթափել իր մեջ կուտակված ողջ տրտմությունը, իսկ մայրը, ցավոք սրտի, միայն արցունքների միջոցով էր կարողանում արջագանքել դստեր ասածներին:
«Մա՛մ... մամ ջաաան, իսկ հիշում ե՞ս, որ մի անգամ` Մարտի 8-ին, ես ու Դավոն (Դավիթը Սերինեի կրտսեր եղբայրն էր, ով այդ ժամանակ ծառայության մեջ էր) քո համար շնորհավորական բացիկ էինք սարքել... մինչև հիմա կա էդ բացիկը... ինչքա՜ն էիր ուրախացել... բայց դու դեռ էլի ես ուրախանալու... դեռ ինչքան բացիկներ ենք ես ու Դավոն քո համար սարքելու, մենակ դու լավացի, մամ ջան, չնայած ես գիտեմ` դու ուժեղ ես, դու կդիմանաս, մեզ հասատ մենակ չես թողնի», -ասում էր ու արդեն անհնար էր դառնում պահելու փղձուկը, կոկորդում ինչ-որ բան ամուր սեղմում էր... ուզում էր գոռալ, ուզում էր բարձր ձայնով լաց լինել, բայց...
Ի պատասխան դրան` Սեդայի խամրած աչքերում դուստրը շարունակ միայն մի արտահայտություն էր կարողանում կարդալ. «Ներիր ինձ, բալե՛ս»: Եվ իսկապես, Սեդան, ով արդեն բռնել էր մահվան ուղին, իրեն մեղավոր էր զգում` նախ ընտանիքի անդամներին տանջելու ու ցավ պատճառելու, հետո` նրանց լքելու ու անդարձ հեռանալու համար:
Հետզհետե լույսը բացվում էր, սակայն Սերինեն արդեն չէր էլ տարբերում ցերեկը՝ գիշերվանից ու խավարը՝ լույսից: Այնքա՜ն աննկատ էր անցնում ժամանակը նրա համար... ուզում էր անդադար նստել ու նայել մոր դալուկ ու գունատ, բայց միևնույն ժամանակ խոսուն դեմքին... ոչ մի կերպ չէր ուզում հաշտվել դառը իրականության հետ:
Մինասը` Սերինեի հայրը, նույնպես չէր կարողանում հարմարվել ստեղծված դաժան իրակնության հետ, սակայն տղամարդուն վայել կերպով հմտորեն կարողանում էր քողարկել իր զգացմունքները: Հենց այդ իսկ պարզ պատճառով էր, որ միայն շատ խիստ անհրաժեշտության դեպքում էր կնոջ սենյակը մտնում: Այդ խիստ անհրաժեշտություններից մեկն էլ՝ ժամանակ առ ժամանակ աղջկան դուրս կանչելն էր, որպեսզի բանակից զանգահարող եղբոր հետ զրուցեր: Ու ամեն անգամ եղբոր հետ խոսելուց հետո Սերինեն զերծ չէր մնում հոր հետ վիճաբանելուց.
- Այ բալես, տենց չի լինի,- համդիմանում էր հայրը, - էդ էրեխուն ամեն անգամ խաբում, մի բան ասում ես... ի վերջո մի օր իմանալու ա, որ մերը...
- Պապ, չե՞ս հասկանում, որ ընդամենը երեք ամսից Դավոն տանն ա լինելու... իսկ հիմա՞... եթե ասե՞նք... պատկերացնում ե՞ս... Դավոն չի դիմանա, կխելագարվի, գլխին մի փորձանք կբերի հաստատ:
- Չի՛ խելագարվի... դու ես լրիվ խելագարվել... ով ա տեսել` որդին իր մոր թաղմանը չմասնակցի:
- Սուս, պապ, էդ բառը չասես... չեմ ուզում, չեմ ուզում լսել... արդեն մորս ողջ-ողջ թաղում ես, - արցունքները ցամաքեցնելով` ասում էր Սերինեն:
Ու իսկապես, նրա ասածների մեջ ճշմարտություն կար: Որդին, հեռու գտնվելով մորից, գուցե իրոք չկարողանար դիմակայել այդ մեծ ցավին, ու գուցե հետագայում կորուստներն անդառնալի լինեին: Բայց Մինասին էլ հասկանալ կարելի էր. ճշմարտությունը կոծկելու համար, Դավիթը, հնարավոր էր, որ երբեք քրոջն ու հորը ներել չկարողանար:
Իրականում հայր ու դուստր արդեն չափազանց շատ էին վիճաբանել այս հարցի շուրջ, բայց Սերինեն անդրդվելի էր: Իսկ Մինասը, քանի որ չէր ուզում աղջկա ` առանց այն էլ արդեն աղ ու պղպեղով համամված վերքի վրա նորից աղ ու պղպեղ ավելացնել, տեղի տվեց ու որոշեց, որ կանեն այնպես, ինչպես դուստրն էր ուզում. Դավիթին չեն ասի մոր` մոտալուտ վախճանի մասին:
Անցավ մի քանի օր: Սերինեն շատ անհանգիստ էր. գիշերը մայրը շատ վատ էր:Շարունակ հոգոցներ էր հանում ու ծանր հառաչում: Այդ վկայությունն էր այն բանի, որ մինչև առավոտ հազիվ թե լուսացներ: Դրա մասին մտածելիս` Սերինեի մարմնով սարսուռ էր անցնում, վախենում էր, որ ամեն պահի մորը կարող էր անշնչացած տեսնել:
Այդ գիշեր հայրն էլ էր նրա կողքին: Երկուսով կարծես սպասման մեջ էին... սարսափելի զգացում է, համաձայնե՛ք: Ուղղակի զարհուրելի է... նստել ու սպասել, թե հարազատդ երբ է հոգին ավանդելու... Ի՜նչ արած... սա էր դառը իրականությունը...
Մինչև վերջին պահը, սակայն, Սերինեն հրաշքի էր սպասում, իսկապես չէր կարող մորը մեռած տեսնել:
«Պա՛պ,... չեմ ուզում... չեմ ուզում, որ մաման լքի մեզ... համաձայն եմ, թող միշտ էս վիճակով պառկած մնա, թող չխոսի, թող մենակ արցունքները լինեն ապացույցն էն բանի, որ ինձ լսում ա, մենակ թե չեմ կարող տեսնել...պա՛պ,... ես չեմ դիմանա...»,- մոր ձեռքը վայրկյան անգամ բաց չթողնելով ու հեկեկալով՝ ասում էր:
Բայց ինչ-որ բան փոխել` անհնար էր.... վերջ... վրա հասավ այն պահը, որից Սերինեն ամենաշատն էր վախենում. մայրն այլևս անկենդան էր:
Էհ, մարդկային կյանք... ախ որքա՜ն թանկ ու արժեքավոր ես դու, բայց առավել թանկ ու արժեքավոր ես նրանց համար, ովքեր քեզ իսկապես պաշտում են ու առանց քեզ իրենց կյանքը պատկերացնել չեն կարողանում:
Սկզբում Սերինեն այդ թանկ ու արժեքավոր կյանքի կորստից ուշքի չէր գալիս, համակերպվել չէր կարողանում, օրերով փակվում էր սենյակում, ոչ ուտում էր, ոչ` խմում, սակայն կամաց-կամաց ժամանակն օգնում էր կյանքին մի փոքր ավելի սթափ նայել: Գիտակցում էր, որ պիտի ուժեղ լինի, քանի որ ի վերջո նրան ավելի ծանր փորձություն էր սպասվում. շատ քիչ ժամանակ էր մնացել եղբոր` բանակից վերադառնալուն: Նա պիտի պատրաստվեր, հոգեպես տրամադրվեր... Աստված գիտեր, թե մոր կորստի մասին լսելուց հետո Դավիթին ինչ էր սպասվում:
Ու Այդ ժամանակվա ընթացքում Սերինեն փորձում էր վերհիշել մոր հետ կապված լավ ու վատ, տխուր և ուրախ անցած ու գնացած օրերը, նրա սիրած ու չսիրած երևույթները, մի խոսքով` մոր հետ կապված ամեն բան: Մի հետաքրքիր սովորություն ուներ Սեդան. անկախ նրանից կլսեր, թե ոչ, ռադիոընդունիչը գրեթե միշտ միացված էր թողնում, ու երբ երեխաները, այդ ձայնից նյարդայնացած, փորձում էին անջատել, զայրացած ասում էր. «Չեմ ուզում աշխարհքից կտրված ապրել... ինձ հետ խոսող, ինձ շատ բաներ պատմող, սակայն իմ արձագանքը երբեք չլսող միակ ընկերոջից ինձ մի՛ զրկեք»:
Այն օրը Սերինեն հիշել էր մոր հենց այդ սովորության մասին ու իրեն մի տեսակ վատ էր զգում, որ ժամանկին չարաճճիություն էր անում ու ի հակառակ մոր` ռադիոընդունիչը պարբերաբար անջատում: Ու որոշեց.
«Այսուհետ ռադիոընդունիչը երբե՛ք չեմ անջատելու»:
Հենց այդ նույն ռադիոյով էր, որ երեկոյան լսեց այն բոթը, որը այդ չափազանց դառը իրականության մի մասն ու ճակատագրի հաջորդ ծանրագույն հարվածն էր:
Ահա այդ.
Այսօր` կեսօրին մոտ, №... զորամասի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող` 1992 թվականին ծնված Դավիթ Մինասի Պողոսյանը:
Հ.Գ. Ժող ջան, առաջին անգամ եմ ստեղծագործություններիցս ակումբում տեղադրում, էնպես որ սպասում եմ ձեր քննադատություններին…
Էջանիշներ