Մտքերով տարված` ականջիս հասավ դրսից եկող մի կարկաչուն ծիծաղ, որին միացավ կիսաանհանգիստ մի ձայն:
-Մարի՛, Նարե՛, զգույշ եղեք, հանկարծ ձեզ չվնասեք:
Բայց հոգուց բխող այդ վարակիչ ծիծաղը չդադարեց ու ուրախություն տարածելով` դուրս հրավիրեց տան տարբեր անկյուններում ծվարած, միգուցե և ինձ նման վերացական մտքերով տարված բնակրիչներին: Ես էլ արագ-արագ դուրս եկա` փորձելով որքան հնարավոր է շուտ հասկանալ այդ աղմուկ-ուրախության պատճառը: Կանգ առա դռան շեմին: Ավելի ճիշտ կլինի ասել` գամվեցի շեմին: Առաջին պահին կարծես ընդունակ չեղա ամբողջովին ընկալելու տեսածս, բայց հաջորդ վայկյանները ինձ պարգևեցին կյանքիս անկրկնելի, միմյանց հաջորդող այդքան տարբեր հույզերի մի փունջ:
Իսկ բանն ահա թե ինչումն էր:
Անվասայլակին նստած Մարին իր գիրկն էր առել մեծ քրոջը ու մեխանիկորեն այնպես էր ղեկավարում այն, որ նրանք տեղում պտույտներ էին կատարում: Գնալով պտույտների արագությունը ավելանում էր, իսկ դա էլ երկու քույրերի ուրախության պատճառն էր հանդիսացել: Նրանց նայողը, նրանց ուրախ քրքիրջը լսողը չէր կարող անմասն մնալ դրանից: Նրանք այդ պահին կորցնելով ժամանակի զգացողությունը, կտրվելով իրականությունից, հազար ու մտքերից, առօրյա հոգսերից, տրվելով պահին` ընկել էին մի անսանձ ուրախության գիրկը:
Պատկերը մշուշվեց, ու երբ ձեռքս տարա աչքերիս` մատներս թացացան: Շտապեցի ծածուկ մաքրել արցունքներս, իսկ հաջորդ վայկյանին նկատեցի, որ նույն բանը մյուսներն էլ են փորձում անել:
Աշխույժ զրույցի բռնվեցինք, իսկ արդեն երեկոյան, երբ սենյակում մենակ էի, աչքերիս առաջ եկավ այդ նույն պատկերը ու հիշեցի ընդամենը մի քանի օր առաջ Մարիի տված հարցերը.
-Ինչի՞ ենք աշխարհ գալիս, եթե անընդհատ պետք է տանջվենք: Անի, չեմ կարողանում հասկանալ ու անընդհատ էդ մասին եմ մտածում: Ինչի՞.. Ինչի՞…
Չկարողացա պատասխանել... Մի քանի րոպե կամ էլ մի քանի վայրկյան կլիներ, որ փորձում էի ինչ-որ պատասխան գտնել, ինչ-որ բան ասել, բայց չէի կարողանում: Կյանքումս առաջին անգամ արտաբերելու մի բառ անգամ չգտա:
Ի՞նչ պատասխանեի, ի՞նչ ասեի: Խուսափողական պատասխա՞ն տայի… Փորձեի փիլիսոփայե՞լ կամ ասենք Աստվածաշնչից մեջբերումներ անե՞լ: Չէ, չէ ու էլի չէ... Չէի կարող... Ունեցածս պատասխաններից ոչ մեկն էլ ինձ տվյալ պահին չէր բավարարում: Չէի կարող նայել նրա աչքերին ու ազնիվ չլինել ո՛չ նրա, ո՛չ ինձ հետ:
Որոշ ժամանակ առաջ կարծես թե ունեի այս հարցի պատասխանը, կարծես թե այն գտել էի ինձ համար: Բայց հիմա....
-Գիտե՞ս, մաման ասում է, որ Աստված ամենից շատ իր սիրելիներին է ցավ բաժին հանում, որ ստուգի իր հանդեպ ունեցած մեր հավատը: Անի, ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հասկանում թե ինչի հավատիս պատճառով օր օրի ուժեղացող ցավ պետք է զգամ: Մեկ-մեկ մտածում եմ լավ կլիներ չհավատայի, չլինեի Նրա սիրելին: Բայց հետո էլ ամաչում եմ էդ մտքերից:
Ամբողջ իմացածս մի վայրկյանում հօդս ցնդեց, հավասարվեց զրոյի: Ո՞ւմ էին պետք այս տարիների փնտրտուքները, տվածս թվացյալ ճշմարտացի պատասխանները, երբ ես հենց այդ պահին չպետք է կարողանայի տալ խելքին մոտ գոնե մի պատասխան:
Հիմա էլ մտքումս անընդհատ պտտվում են Մարիի հարցերը, աչքերիս առաջ հառնում պատասխանի սպասող աչքերը, իսկ ականջներումս հնչում է նրա վարակիչ ծիծաղը:
Մարի՛, այդ դու չէ, որ պետք է ամաչես քո մտքերից, այդ ես պետք է ամաչեմ ժամանակին ինքնավստահ հնչեցրած ու մի վայրկյանում փոշիացած իմ պատասխաններից:
Էջանիշներ