Ջորջ Ռ.Ռ. Մարտինը ամերիկացի գրող է, ստեղծագործում է ֆենտեզի ժանրում, Թայմս ամսագիրը նրան անվանել է Ամերիկայի Թոլքին: Մարտինի գլուխգործոցը համարվում է «Սառույցի ու Հրո Երգը» վիպաշարը, որը դեռևս անավարտ է: Այժմ լույս են տեսել վիպաշարի 5 մասը, 2 գիրք նա դեռ չի ավարտել:
Վիպաշարը բաղկացած է հետևյալ գրքերից.
1. A Game of Thrones - Գահերի խաղը - 1996թ
2. A Clash of Kings - Արքաների բախումը - 1998թ
3. A Storm of Swords - Թրերի փոթորիկը - 2000թ
4. A Feast for Crows - Ագռավների խնճույքը - 2005թ
5. A Dance with Dragons - Պար վիշապների հետ - 2011թ
6. The Winds of Winter - Ձմռան քամիները
7. A Dream of Spring - Երազ գարնան համար
Վիպաշարի հիմնական գործողությունները տեղի են ունենում Վեստերոս մայրցամաքում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան: Վեստերոսը բաղկացած է 7 թագավորություններից, որոնք հյուսիսից պաշտպանված են 800 մետր բարձրություն ունեցող ու մղոններ ձգվող պատով: Պատը 7 թագավորությունները բաժանում է վայրի ցեղերով բնակեցված անհյուրընկալ հյուսիսից: Հին լեգենդները պատմում են, որ հյուսիսը իր սարսափելի գաղտնիքներն ունի, այստեղ դեռևս ապրում են հսկաներ, մամոնտներ, վարգեր ու ամենակարևորը՝ «ուրիշները», սառած զոմբիներ հիշեցնող «սպիտակ քայլողները», ովքեր աջ ու ձախ մահ են սփռում ու մարդկանց դիակներին նույնպես դարձնում զոմբիների: Սակայն ասում են, որ «ուրիշները» վերացել են մոտ 6000 տարի առաջ: Վեստերոսի կլիման շատ անկանխատեսելի է, այստեղ ամառները կարող են ձգվել երկար տարիներ, սակայն յուրաքանչյուր ամռանը հաջորդում է էլ ավելի երկար ու սարսափելի ձմեռը, երբ «ուրիշները» սկսում են խրախճել...
Բացի «ուրիշներից» վիպաշարում կհանդիպենք նաև վիշապների, որոնք նույնպես վերացել են աշխարհի երեսից, սակայն...
Մի խոսքով, «Սառույցի ու Հրո Երգը» հրաշալի պատմություն է Վեստերոսյան տարբեր դինաստիաների, նրանց հակամարտությունների, «ուրիշների» ու վիշապների մասին: Վիպաշարի չափից դուրս խճճված ու հագեցած սյուժեում կգտնեք արյունահեղ պատերազմներ, քաղաքական ինտրիգներ, սեր, դավաճանություն, լիքը սեքս, սարսափելի գաղտնիքներ, գերբնական արարածներ ու երևույթներ և այլ հետաքրքրիր բաներ:
Նաև հետաքրքիր է գրքի գրելաձևը: Գիրքը գրված է տարբեր հերոսների տեսանկյունից՝ երբեմն նույն իրադարձությունը պատմվում է հակառակ քաղաքական թևերում գտնվում հերոսների կողմից ու գնալով իրադարձությունները էլ ավելի են փոխկապակցվում իրար հետ ու ավելի խճճվում:
Առաջին գրքի՝ A Game of Thrones - Գահերի խաղը հիման վրա այս տարի նկարահանվել է 10 սերիայից բաղկացած ֆիլմաշար, երկրորդ գրքի ֆիլմաշարը կթողարկվի 2012թ-ին: Սերիալը չափազանց լավն է ստացվել, բայց գիրքը բնականաբար շատ ավելի հետաքրքիր է:
Էջանիշներ