64.
Նշանակում է, ինձ պետք չէ՞
լինել բազմաչարչար կին,
Կամ ստորացված ամուսին,
կամ զոհ իմ փոխհարաբերություններում,
Որպեսզի սրբության տեսք տամ
այդ փոխհարաբերություններին,
Կամ ինձ դուրեկան դարձնեմ
Աստծո աչքերում …
Իհարկե՝ ոչ։
Եվ իմ արժանապատվության վրա
հարձակումների հետ,
Իմ հպարտությունը
վիրավորելու հետ,
Իմ հոգեկան աշխարհը
քարուքանդ անելու հետ,
Նաև իմ սրտի վրայի
չսպիացած վերքերի հետ,
Ինձ պետք չէ՞ հաշտվել,
որպեսզի ես ասեմ,
Որ “տվել եմ լավագույնը,
ինչին ընդունակ եմ”,
Կամ “ի կատար եմ ածել պարտքս”,
“կատարել եմ պարտականություններս”
Իմ փոխհարաբերություններո՞ւմ…
Աստծո և մարդու աչքերո՞ւմ…
Ոչ մի րոպե։
Այդ դեպքում, Քեզ աղաչում եմ,
ասա ինձ, ի՞նչ խոստումներ
Ես պետք է տամ և կատարեմ
իմ փոխհարաբերություններում։
Ի՞նչ պայմանավորվածություններ
ես պետք է պահպանեմ։
Ի՞նչ պարտականությունների են
փոխհարաբերությունները բերում։
Եվ ի՞նչ ցուցմունքների
ես պետք է հետևեմ։
Իմ այս պատասխանի հետ
դու չես համաձայնվի,
Քանզի այն քեզ թողնում է
առանց ցուցմուքների,
Եվ ամեն մի համաձայնություն
որևէ ուժից զրկում է
Հենց այն ակնթարթին,
երբ դու այն կնքում ես։
Պատասխանն այսպիսին է.
դու չունես ոչ մի պարտականություն։
Ոչ փոխհարաբերությունների մեջ
և ոչ էլ ընդհանրապես կյանքում։
Պարտականություններ չկա՞ն…
Պարտականություններ չկան։
Չկան սահմանափակումներ։
Վերապահություններ չկան։
Չկան ցուցմունքներ էլ։
Եվ դու կաշկանդված չես
որևէ իրավիճակով,
Ինչպես նաև ճզմված չես
որևէ օրենքով։
Դու արժանի չես պատժի
քո ոչ մի արարքի համար.
Դու ընդունակ չես ուղղակի
կատարել նման արարք։
Եվ պատճառն այն է, սիրելիս,
որ քո Աստծո աշխարհը
Զուրկ է մի հասկացությունից,
ինչպիսին է “արարքը”։
Ես լսել եմ արդեն
նախկինում այդպիսի
“Առանց կանոնների”
հավատամքի մասին։
Դա հոգևոր անարխիա է,
և ես չեմ կարող պատկերացնել,
Թե ինչպե՞ս նման սկզբունքը
կարող է աշխատել։
Դա չի կարող չաշխատել,
եթե դու ձգտում ես
Ստեղծել Քեզ այնպիսին,
ինչպես Ինքդ ես ուզում։
Բայց եթե պատկերացնես քեզ,
որ քո միակ խնդիրն է
Լինել այնպիսին,
ինչպես մեկ ուրիշն է ցանկանում, -
Ուրեմն կանոնների
և ցուցմունքների բացակայությունը
Իրոք, որ կարող է
բարդեցնել իրադրությունը։
Պրպտող, փնտրող միտքը
կարող է հարցնել.
“Եթե Աստված ցանկանում էր
մի կոնկրետ կերպ ինձ տեսնել, -
Ուրեմն ի՞նչն է պատճառը,
որ ամենասկզբից
Նա չի ցանկացել ինձ
հենց այդպիսին էլ ստեղծել”։
Այո, “փնտրող բանականությունը”
պատասխան է պահանջում։
Եվ դա արդարացի է,
Դու այդպես չե՞ս կարծում։
Հոգևոր մոլեռանդերը
ցանկանում են քեզ ստիպել
Հավատալ այն բանին,
որ այդ Ես եմ քեզ ստեղծել
Ավելի փոքր, քան Ես Եմ,
որպեսզի դու կարողանաս
Հակառակ ամեն ինչի,
Ինձ նման մեկը դառնալ։
Հակառակ, - պատկերացնո՞ւմ ես,
այն բնական ձգտումների,
Որոնք որ հենց Ինքս էլ
փաթաթել եմ ձեր վզին։
Այդ ձգտումների մեջ
մեղք գործելու հակում կա։
Բայց ձեզ սովորեցրել են,
որ դուք ծնվել եք մեղքի մեջ,
Որ կմեռնեք դուք մեղքի մեջ,
և որ մեղքը՝ ձեր բնությունն է։
Իսկ Ես ասում եմ, որ դա սխալ է.
ձեր այդ հակումը՝ Իմ ցանկությունն է։
Կարո՞ղ ես բացատրել,
թե ինչպե՞ս դա հասկանալ։
Ես հենց այդ էլ անում եմ.
պարզորեն քեզ բացատրում եմ,
Քանզի արդեն ժամանակն է
և հարկավո՛ր է ձեզ արթնանալ։
Ձեր կրոններից մեկը
նույնիսկ սովորեցնում է,
Որ մեղքի հետ ոչինչ
դու չես կարող անել։
Որ քո սեփական արարքներն էլ
անիմաստ և անօգուտ են,
Եվ ամենալավ արարքներով անգամ
անկարող ես “դրախտ ընկնել”։
Եվ միայն մեկ ճանապարհ կա,
որ քեզ տալիս է “փրկություն”։
Ոչ թե այն է դա, թե քո կյանքում
դու ինչ գործեր ես կատարում,
Այլ այն, որ Աստծո տված
միակ շնորհից ես օգտվում
Եվ Աստծո Միակ Որդուն ձեր մեջ
որպես միջնորդ ես ընդունում։
Հենց որ դա կատարվեց,
ուրեմն դու “փրկված” ես։
Բայց, քանի դեռ այդ բանը
տեղի չի ունեցել,
Ոչ կյանքը, որ դու վարում ես,
ոչ որոշումները, որ ընդունում ես,
Ոչինչ, ինչ ձեռնարկում ես, -
քեզ չի կարող “փրկել”։
Ամենը, ինչ դու անում ես
կամքով քո սեփական,
Որպեսզի կատարելագործես քեզ,
որ արժանի մեկը քեզ ցույց տաս, -
Անիմաստ է և չունի այն
ոչ մի նշանակություն,
Քո “փրկության” վրա այն ոչ մի
ազդեցություն չի գործում։
Դու ի վիճակի չես արտահայտել
քո արժանապատվությունը,
Չէ՞ որ ըստ էության, դու անարժան ես,
դու այդպիսին ես ստեղծված։
Ինչո՞ւ… Աստված գիտե։
Միգուցե Նա… սխալվե՞լ է։
Ինչ-որ բան… չի՞ հասկացել։
…Բայց այդպես է, ինչ արած։
Դու ինձ ձեռք ես առնում…
Ոչ, այդ դո՛ւք եք Ինձ ձեռք առնում։
Դուք պնդում եք, որ Ես՝ Աստված,
ստեղծել եմ իրենց էությամբ
Ոչ կատարյալ արարածներ,
իսկ հետո պահանջել եմ,
Որ նրանք կատարյալ դառնան։
Ինչպես նաև սպառնացել եմ,
Որ հակառակ դեպքում՝ հավերժ
տանջանքների կարժանանան։
Բայց, իբր թե մի քանի
հազարամյակներ հետո
Ես, այնուհանդերձ, գթացի ձեզ,
ասելով, որ այսուհետև
Ձեզ բոլորովին էլ պետք չէ,
որ բարեպաշտ լինեք դուք։
Ուղղակի, երբ մեղանչում եք,
ձեզ քիչ վատ զգացեք,
Քանզի հիմա կա Միակ Արարածը՝
միշտ ճիշտ և կատարյալ,
Ով կարող է, և դա անկասկած է, -
իր ուսերի վրա բառնալ
Ձեր բոլորի մեղքերը,
Իմ պատժից ձեզ փրկել,
Եվ դրանով իսկ, կատարելիության
Իմ ծարավն էլ հագեցնել։
Այլ խոսքերով ասած,
Աստծո Որդին ձեզ փրկեց
Նրանից, ինչ նրա Հայրը
ձեզ համար էր ստեղծել։
Ահա, թե ձեզանից շատերը
ինչպես են հասկանում,
Թե ինչպես է ձեր Աստված
ամեն ինչ կազմակերպել։
Ուրեմն, ո՞վ և ո՞ւմ է
իրականում ձեռք առնում…
Էջանիշներ