3.
Հյուրանոցի հետևում` ինչպես նաև Շաստա քաղաքի բոլոր մեծ ու փոքր հյուրանոցների հետևում, - արդեն հսկա Շաստան էր, իր ձյունապատ գագաթով: Այնպես որ այդ հոյակապ տեսարանով ոչ ոքի չես զարմացնի: Բայց մեր հյուրանոցը, բացի հիմնական շենքից, ուներ նաև բազում փոքրիկ տնակներ, որոնք սփռված էին զվարճալի անունով (Սիսկիյու) գեղատեսիլ լճակի ստվերաշատ ափերին: Եվ ի հուրախություն մեզ, այդ տնակներից մեկը մի քանի օր մեզ էր պատկանելու:
Քանի որ մթնելու էր շուտով և մենք էլ հոգնած էինք երկար ճանապարհից (դստերս հետ մեքենան վարել էինք մոտ 1200 կմ), այդ երեկո բավարարվեցինք միայն անիմաստ պտտվելով փոքրիկ քաղաքի մի քանի փողոցներով: Մեծամասնությամբ մի հարկանի, ոչ մեծ տնակներ են, որոնք հսկայական Շաստայի ֆոնի վրա` ընդհանրապես խաղալիքի տպավորություն են թողնում: Այդ երեկո փողոցները դատարկ էին. դե, հինգշաբթի էր, աշխատանքային օր: Այնպես որ մեր հրճվանքը, մեզ խեղդող զգացմունքները վայելում էինք, կարելի է ասել, միայնության մեջ:
Հազար ու մի տեղից նկարեցինք Շաստան, որովհետև, որտեղից էլ նայես նրան, թվում է, թե այդքան գեղեցիկ տեսարան դեռ չես նկարել: Իսկ դուստրս էլ` լուսանկարելու համար խելքն իրենը չէ, այնպես որ...
Ճիշտ է, միգուցէ հենց այդ շատ նկարելն էր պատճառը, որ հետո, արդեն տանը, լուսանկարները նայելուց, նրանցից մի քանիսի վրա օրբեր հայտնաբերեցինք:
(Օրբ՝ անգլերեն նշանակում է գունդ։ Օրբերը՝ պարանորմալ պլազմային կազմավորումներ են, որոնք մարդու աչքին տեսանելի չեն սովորական պայմաններում, բայց լավ տեսանելի են լուսանկարների վրա, երբ լուսանկարելու ժամանակ օգտագործվել է լուսաբռնկումը։ Այլ կերպ ասած, օրբերը՝ էներգետիկ խտացումներ են։ Մարդիկ ավելի շատ սիրում են անվանել դրանք անորակ լուսանկարներ։ Բայց մի անգամ, երբ ընկերոջս դուստրը նայել էր իրենց տանը եղած “անորակ” լուսանկարները, նկատել էր, որ հոր կողքի այդ “անորակությունները” միշտ մեկ գույն ունեն, իսկ իր ընկերոջ կողքինները՝ մեկ այլ…
Բայց, եթե հետաքրքրում քեզ են օրբերը, ավելի լավ է, նայիր համացանցում, քանի որ իմ այս պատմությունն առանց օրբերի էլ, ինչպես տեսնում ես, շատ է երկարում։
Ճշմարիտն ասած, կարճ պատմելն ինձ երբեք էլ առանձնապես չի հաջողվել։ Մի ընկեր ունեմ, նա ասում է, որ ես իմ պատմություններն Արուսյակ տատիկից եմ սկսում, չնայած ես Արուսյակ անունով տատիկ չեմ ունեցել։
Այնպես որ, կաշխատեմ այսուհետ ավելի հակիրճ կապել։)
Էջանիշներ