Չորս տարեկանում ես արդեն կարդում ու գրում եի հայերեն ու ռուսերեն: Ինքս պատկերացում չունեմ՝ ինչպես ռուսերենը, բայց հայերենը սովորել էի սփյուռքահայերի համար նախատեսված այբբենարանով:
- Պապ, էս ի՞նչ տառ ա:
- Չեմ ասի:
- Իսկ ես մտածում եմ, որ Ճ ա:
- Ինչի՞:
- Որովհետև ճանճի ա նման:
Մեծ փայտե արկղ կար տանը, որի մեջ ամանեղենն էին պահում: Ես միշտ երազում էի, որ այն նվիրեն ինձ, ու ես նրանից տնակ սարքեմ: Իսկ մինչ այդ իմ տնակներն իրար վրա դրված երկու աթոռ էին՝ մեկը սովորական, գետնին, մյուսը՝ թարս, որ փակի առաջինի դիմացը:
Մանկությանս առաջին գիրքը հենց հիմա ձեռքիս է. Ֆելիքս Գրիգորևիչ Լև, «Ինչից է ամեն ինչը»: Գիտա-գեղարվեստական պատմվածքներ դպրոցական կրտսեր տարիքի համար: «Արևիկ» հրատարակչություն, 1988: Եթե հանդիպեք այս գիրքը, բացեք կազմն ու թերթեք նկարները. պատկերացրեք, թե ինչ գանձ էր դա երեխայի համար:
Այդ գրքից ես իմացա, թե ինչ է կոչվում շոգեմեքենա, ինչն է ավելի ամուր՝ կա՞վը, թե՞ ապակին, ինչ է ատոմն ու շղթայական ռեակցիան, ու էլի շատ բաներ:
Ինձ ասել են, որ որոշ ծնողներ ստիպում են իրենց երեխաներին գիրք կարդալ: Իմ ծնողները փորձում էին ինձ ստիպել, որ չկարդամ: «Աչքերը կփչացնի», ասում էին:
Արդյունքում ես կարդում էի անկողնու տակ թաքնված:
Պատահում էին և այլ դեպքեր: Հիշում եմ, թե ինչպես ինձ խաղալիք ատրճանակ նվիրեցին: Չեմ հիշում ով էր, բայց ասաց՝ վերցրու, որ լավ տղա մեծանաս, թուրքերին սպանես:
Մինչ այդ մահվան հետ շփում չէի ունեցել, ու լսելով, որ ինչ-որ մեկին պետք է սպանեմ, ու որ դա քաջալերվում է, ոգևորվեցի:
Ատրճանակը պլասմասայե ձողերով էր կրակում, որոնց ծայրին ռեզինե «կպչուկ» էր: Երբ կրակում էիր հարթ մակերևույթի վրա, ձողը կպնում ու մնում էր: Մի երեկոյան ես հանեցի «կպչուկն» ու նստեցի խոհանոցի անկյունում, սկսեցի սպասել: Մտավ մեր հետ ապրող ընտանիքի աղջիկը: Իմ տարիքի էր: Նշան բռնեցի աչքին ու կրակեցի:
Բարեբախտաբար, խոհանոցը երկար էր, ատրճանակը՝ խաղալիք: Հարվածը հասավ նրա ձեռքին, սկսեց լացել, հավաքվեցին բոլորը: Աղջկա մայրն ասաց մորս. «Քո տղան մարդասպան է դառնալու»:
Իսկ ես չէի հասկանում, թե ինչն եմ սխալ արել. մի՞թե ատրճանակն ինձ մարդկանց սպանելու համար չէին տվել:
Էջանիշներ