ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԵՍ – 58

Երբեմն լինում է այնպես,
որ հույզերն ու երազանքները
իրականանում են
տեսքով հրաշքի
կամ փայլուն հաջողության,
երկնքում թռչող ասուպի պես
մտնում են քո կյանք,
ինչպես գիսաստղն է թողնում
իր հետքը երկնքում
մի կարճ ակնթարթ
և նույնքան արագորեն
հալչում է, ցրվում,
ճիշտ, ինչպես եթե
կյանքիդ պատմությունը գրես
ջրի վրա…

Բայց լինում է երբեմն նաև,
որ երազանքներդ ու հույզերդ
քո կյանք են մտնում
աննկատելիորեն,
առօրեականության մեջ,
խառնվելով հոգսերիդ,
մտքերիդ, գործերիդ,
քո սիրուն մերձավորիդ հանդեպ…

Եվ տեղի է ունենում դա
այնքան աննկատ,
այնքան բնականորեն,
որ չես զգում հաճախ
փոփոխություններն այդ
կարևոր ու վճռական…

Եվ մի օր հանկարծ
բացվում են աչքերդ, ասես խոր քնից,
դու քեզ տեսնում ես ասես վերևից՝
ամբողջության մեջ քո Իրականության,
որպես մասնիկը նրա, ինչը կոչվում է Կյանք,
ոչ որպես ասուպն այն, որ առկայծեց մի պահ,
այլ որպես Միջուկ քո սեփական Տիեզերքի,
որի շուրջ պտտվում է քո Աշխարհը համայն,

մեկն այն «կերպ և նմանությամբ» ստեղծված էություններից,
որոնց մեջ իր Աստվածայնությունը ներդրեց Արարիչ,
որպեսզի ճանաչի Իր կատարելությունը
այն Փորձով, որը կապրի Մարդկությունը
ֆիզիկական տարածքում, աշխարհում նյութական,
քանզի առանց նյութականի Ճանաչման Փորձ չկա
և չի կարող լինել ոչ-նյութականի աշխարհում…

Ահա, թե ինչու դու դեգերում ես մթում,
ո՜վ Մարդ-արարած, այնքան ժամանակ,
քանի դեռ չես գտել քո Հոգին վերստին,
քանի չես ճանաչել քո իրական էությունը,
քանի չես վերհիշել քո առաքելությունը
այս Հայա-մոլորակի վրա հիասքանչ,
Արարչի կողմից քեզ նվիրատրված։

10.29.2023