LImo-ի խոսքերից
«Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. որովհետեւ այս է օրենքը եւ մարգարեությունը»:
Մատթեոս 7.12
Ամեն մեկի համար սա ոսկե օրենք է, որը դուրս է եկել Քրիստոսի սրտից: Միգուցե բոլորս չէ, որ լրջությամբ ենք վերաբերվում այս խոսքին, բայց սա, ըստ իս, շատ ուժեղ դեղատոմս է աշխարհի համար, թե ինչպես է կարելի լինել հաջողակ, եւ ոչ միայն հաջողակ, այլ նախեւառաջ` լավ մարդ: Շատերն այսօր հաջողակ են, բայց լավ մարդ չեն: Շատերը հարստություն ունեն, բայց բոլորը չէ, որ կամենում են իրենց շրջապատում բարիք գործել: Աստծո տված դեղատոմսը ցույց է տալիս, թե ինչպես է կարելի ցանկալի մարդ լինել բոլորի համար:
Սուրբգրային այս խոսքը կարդալուց հետո միթե ժամանակը չէ խորհել եւ հաշիվ տալ, թե ինչ է Աստված կամենում անել մեզ համար, ու նաեւ ինչ պետք է մենք անենք եւ ինչ չանենք: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր համար մի բան անեն, բայց հարցը հետեւյալն է` արդյոք մենք ցանկանում ենք ինչ-որ լավ բան անել ուրիշի համար:
Մի անգամ տեսա մեկին, ով բողոքում էր, որ քաղաքը աղտոտ է, բայց քիչ անց նկատեցի, թե ինչպես է այդ մարդը ծխախոտի մնացուկը գցում փողոցում: Գիտեք` նա ցանկանում է, որ իր համար շատերը մաքրեն փողոցը, բայց ինքը չի կամենում փողոցը մաքուր պահել ուրիշների համար: Այսպիսով, սիրելիներս, եթե ցանկանում ենք ընդունված եւ ցանկալի մարդ լինել հասարակության, մեր հարազատների եւ ընկերների համար, ուրեմն եկեք անենք այն, ինչը կցանկանայինք, որ մեզ համար անեին: Եթե բամբասում կամ քննադատում ես մեկին, մտածիր` արդյոք կուզենայիր, որ քեզ բամբասեին կամ քննադատեին:
Եղեք օրհնված, ապրեք այնպես, ինչպես Քրիստոսը պատվիրեց մեզ:
Էջանիշներ