Այսօր Շենգավիթ դատարանում մեկնարկած Նիկոլ Փաշինյանի դատավարության առաջին մասը տևել է մեկ ժամ, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը երկու ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ` փաստաբանի միջնորդությունը քննարկելու համար։
Փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնել՝ կասկածի տակ առնելով նրա անաչառ լինելը։ Իր միջնորդության մեջ փաստաբանը բազմաթիվ հիմքեր է բերել, մասնավորապես, հիշեցնելով Ալեքսանդր Արզումայնանի և Սուրեն Սիրունյանի դատավարությունների ժամանակ Մնացական Մարտիրոսյանի վերաբերմունքն ու պահվածքը դատապարտյալների նկատմամբ։
Միջնորդություն է ներկայացրել նաև Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում նա մեջբերել է մի շարք միջազգային հասարակական և սոցիոլոգիական ընկերությունների հարցումների տվյալներ՝ համաձայն որոնց մի շարք համակարգեր, այդ թվում՝ իրավապահ և դատական համակագրերը համարվում են կոռումպացված բուրգի ներկայացուցիչներ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը նշել է, որ Մնացական Մարտիրոսյանը նույնպես համարվում է այդ կառույցի ներկայացուցիչ և չի կարող անաչառ լինել։
«
Խնդրում եմ դատական համակարգի ներկայացուցիչներին հոգեխանգարմունքի մեջ չընկնել», – ելույթի վերջում հայտարարել է Փաշինյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանն ասել է, որ միջնորդությունները ենթակա են մերժման՝ նշելով. «Ինչ է, դուրս է գալիս, որ բոլոր դատավորները կոռումպացվա՞ծ են, այդ թվում Մնացական Մարտիրոսյա՞նը կոռումպացված դատավորների ներկայացուցիչ է»։
Մեղադրող կողմի այս հայտարարությանը հետևել են դահլիճում ներկաների ծափահարությունները։
Դատարանի շենքի մոտ հավաքված մարդիկ շարունակում են վանկարկել իրենց կարգախոսները՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին։
Էջանիշներ