Երկար լեզու
- Հիմարի մեկը, ձենդ կտրի ու ս. եղի ստեղից:
Ասողը մայոր էր: Ոստիկան: Ըստ օրենքի՝ իրավապահ: Ըստ օրենքի՝ քաղաքացու իրավունքները պաշտպանող: Բայց ասողն ինքն էր ու ասում էր մի երիտասարդ աղջկա, ով նրան բացատրում էր, որ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում ու իրավունք ունենք երթ անելու:
- Պարոն մայոր, դուք իրավունք չունեք քաղաքացու հետ այդպես խոսելու: Մի վիրավորեք քաղաքացուն, - սա արդեն ես էի, որ հերթական անգամ չդիմացա:
- Արա արի առանձնանանք, քեզ ականջիդ ասեմ, թե ինչի իրավունք ունեմ, - նորից մայորն է:
- Դրա իրավունքն էլ չունեք, օրենքի տառով պիտի խոսեք, ոչ թե ականջիդ ասեմ:
- Ասում եմ քել էս կոմ՝ ականջիդ ասեմ:
Քաղաքացիներից, երթի մասնակիցներից ով էր, չնկատեցի, ձեռքիցս քաշեց ու մի կողմ տարավ, ականջիս շշնջալով, որ տոն չտամ, սադրում ա, գլխիս կսադրեն: Անցա այն կողմ, ոստիկանների շարքից բավական հեռու, բայց ոչ այնքան հեռու, որ չլսեմ իր խոսքերը.
- Տղա են դառել իրավունք են սովարացնում, արի էս յան ականջիդ ասեմ:
Բա դու՞ էս տղա, այ պագոնավոր, որ դուբինկան ձեռդ առել ես ու կարծում ես, թե դա ա օրենքը: Ու կարծում ես, որ քո նման մարդը այնքան կա, որ կարող է արատավորի ոստիկանի ուսադիրը: Ու՞ր գամ քո հետ: Էլի գամ, բայց դու տղա չես, որ հետդ տղայական խոսեմ: Պիտի նենց բան ասես, որ կամ կուլ տամ, կամ էլ քո ենթակայության տակ գտնվող զինվորների հետ ծեծես, լավագույն դեպքում, կամ էլ գլխիս գործ սարքես ու նստացնես: Չէ, քո հետ չեմ գա, փոխարենը... փոխարենը.
- Ա՛-զա՛տ, ա՛ն-կա՛խ, Հա՛-յա՛-ստա՛ն...
Գոռացի ողջ ձայնով, չնայած կոկորդս մի քիչ ցավում էր ու դժվար էր գոռալը:
Երկրորդ անգամ գոռալուց մենակ չէի, հերոսական ժողովուրդն ու կողքիցս քայլող ընկերներս միացել էին ինձ, ու բոլորս թնդացնում էինք փողոցը մեր գոռոցով: Հա, մինչև վերջ պայքարելու եմ: Պայքարելու եմ այնքան, որ ոստիկանի ուսադիրն արատավորող ոստիկանները չլինեն, այդ մարդիկ չլինեն ինքնագոհ, չկարծեն, թե քաղաքացուն հետ կարող են էդպես խոսել: Պայքարելու եմ մինչև վերջ:
Երբ հինգ-վեց անգամ բղավեցինք «Ազատ, անկախ, Հայաստանը», իսկ վերջին բղավոցին դեմքով նրան էի նայում ու ժպտում արհամարհանքով, նայեցի նրան ու բարձր ասացի.
- Այ էսպես են «ականջին ասում»:
Թե ոնց մոտեցավ, չնկատեցի: Նկատեցի վերջին պահին, երբ արդեն դուբինկայով խփում էր ու զգացի ցավը: Հետևից, գողի նման, շակալի նման ուղիղ երիկամներին: Չէ, մայորը չէր: Խփողի դեմքը չտեսա: Մայորը իրան երևի կգովի: Խփելուց ասեց.
- Լեզուդ երկար ա...
Լեզուս դեռ երկար է «երկար» մնալու: Հաղթելու՛ ենք: