ՀԱԿ-ը կոչ է անում ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը
22:17 • 22.10.09
«Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջև է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ», - ասված է Հայ Ազգային Կոնգրեսի այսօր տարածած հայտարարության մեջ։
ՀԱԿ-ը նշում է, որ դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։
«Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որոշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որևէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որևէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։
Ոստիկանությունը հոկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում և Սահմանադրական դատարանի մոտ բռնությունների է դիմել նաև քաղաքացիների մի խմբի նկատմամ, ովքեր «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանազանցության այսօրինակ փաստերը՝ ում նկատմամբ էլ որ դրանք դրսևորվեն և համարում է, որ ոստիկանության ասպիսի վարքագիծը մատնում է այն սարսափը, որ ունի վարչախումբը և անձամբ Սերժ Սարգսյանը սեփական ժողովրդից։
Կոնգրեսը նաև կոչ է անում բոլորին՝ ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, ինչը մեր պայքարի համար իր նշանակությամբ նույնքան կարևոր է, որքան հանրահավաքները», - ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
Էջանիշներ