Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսքս վերաբերվում էր այս կյանքին, ոչ թե դժոխքին:
Գիտեմ,Կիլա ջան:
Բայց ես հասկանում եմ այսպես. մարդ-արարածը, առավել ևս մեր այսօրվա ցիվիլիզացիան, իր նախնական՝ հոգևոր /կամ աստվածային/ վիճակից իջեցվել է ֆիզիկական վիճակի նրա համար, որպեսզի իր ֆիզիկական փորձն ապրելու միջոցով նորից վերադառնա իր աստվածային վիճակին, որպեսզի ֆիզիկական կյանքի ելևեջների մեջ վերագտնի, հղկի և կատարելագործի իր աստվածայինը:
Իսկ այդ ֆիզիկական վիճակի մեջ էլ՝ ինչ խոսք, որ ամենապարզն ու հասկանալին մեզ համար առաջին հերթին այն է, ինչ մենք ունենք մեր ձեռքին բռնած, այն, ինչ արդեն մեզ է պատկանում:

Հիմա տես, դու ասում ես. "լավ ու ճոխ ապրելու համար… Գողանում ու թալանում ենք, որ օգտվենք ինչ-ինչ հաճույքներից, սպանում ենք, որ միայնակ վայելենք փառքի դափնիները":
Ի՞նչ ունենք մենք այստեղ:
Մի կողմից. հնարավոր ենք համարում, չնայած համոզված չենք, որ լավ ու ճոխ ապրելու համար հարկավոր է գողանալ ու թալանել: Քանզի, եթե համոզված լինեինք, ուրեմն բոլորս հենց այդպես էլ կապրեինք, գողանալով ու թալանելով:
Մեջտեղում. Գողանալու կամ թալանելու կամ սպանելու ընթացքում մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այս թվարկած գործողությունների մեջ ոչ մի լավ բան չկա: Եվ, չնայած դրան, կատարում ենք այդ գործողությունները, նախապես արդեն գիտենալով, որ…
Մյուս կողմից. այդ վատ արարքների համար մենք ընկնելու ենք այնտեղ, որտեղի մասին շատ ավելի սահմռկելի տեղեկություններ ունենք, քան լավ ու ճոխ կյանքի հաճույքների մասին:

ա. Խախտում ենք առանց որևէ հաճույքի,
բ. Վստահ չենք, թե ինչ կստանանք,
գ. Համոզված ենք, թե որտեղ կհայտնվենք:

Ուրեմն ի՞նչն է այս ամենի պատճառը, ի՞նչն է մեզ բերում պատվիրանների խախտմանը… Միգուցէ հենց դրանու՞մ է կայանում մեր փորձը…

Այստեղ ես չէի համաձայնի քեզ հետ, բայց եթե ժամանակ կունենաս, խնդրում եմ ավելի պարզ ու հասկանալի լուսաբանեյիր քո պատկերացրած դժոխքը:
Իմ պատկերացրածը հետևյալն է:

Ոչ մի միտք, ոչ մի իդեա կամ գաղափար կամ ցանկություն անհետ չի կորչում: Քանզի դա՝ արարումն է, այն, ինչով մեզ օժտել է Աստված, ստեղծելով մեզ "Իր կերպ և նմանությամբ": Ճիշտ է, ոչ միշտ է, որ մենք հասկանում ենք, թե ինչ ենք ցանկանում. մեզ թվում է, թե ցանկացանք մի բան, իսկ ստացանք, կարելի է ասել, լրիվ հակառակը… Բայց դա լրիվ ուրիշ թեմա է և՝ բավական մեծ: Այդ մասին, եկ խոսենք ոչ այստեղ և ոչ այս անգամ:

Եվ ուրեմն, մարդ ստանում է այն, ինչ ցանկանում է:
Բայց ֆիզիկական աշխարհում դա ժամանակի հարց է, քանզի միտքը ժամանակ է պահանջում, որպեսզի ֆիզիկականանա: Քանզի ֆիզիկական աշխարհում իրականությունն էլ, անշուշտ, ֆիզիկական է:

Իսկ ոչ ֆիզիկական աշխարհում, իրականությունն էլ, համապատասխանաբար, ֆիզիկական չէ: Եվ ուրեմն, ստացվում է, որ միտքը, կամ ցանկությունը, նույնպես, իրականություն դառնալու համար, կարիք չունի ֆի-զի-կա-կա-նա-նա-լու… Դու ցանկանում ես խնձոր՝ և անմիջապես ունես խնձոր, դու ցանկանում ես լինել Մասիսի գագաթին՝ և անմիջապես հայտնվում ես այնտեղ և այլն:

Եվ տես, թե ինչ է ստացվում:
Երբ մարդ վերջացնում է իր ֆիզիկական կյանքը /մահանում է/, իր ոչ ֆիզիկական կյանքում նա կարծես թե արթնանում է քնից: Եվ առաջինը, ինչ կարողանում է հիշել, դա այն է, ինչի մասին նա ունի իր ամենաթարմ հիշողությունները, այսինքն, իր ֆիզիկական կյանքը, ինչից նա հենց նոր բաժանվեց:
Գիտակցությունը, որը դեռևս չի հասցրել հրաժարվել իր՝ ֆիզիկական կյանքում ձեռք բերած կենսափորձից, դեռևս ունենալով իրականության մասին, արժեքների մասին, իր ֆիզիկական կյանքի մտածելակերն ու գնահատականները, սկսում է գնահատել իր ապրած կյանքը:

- Այս ի՞նչ սարսափելի կյանք եմ ապրել ես, - մտածում է Գիտակցությունը: - Ես գողացել եմ, թալանել եմ, խաբել եմ: Ես՝ սպանել եմ… Ուրեմն, այս ամենի համար ես գիտեմ, թե որտեղ է իմ տեղը /չէ՞ որ ինձ սովորեցրել են/՝ … դը-ժող-քում

Եվ դու անմիջապես հայտնվում ես դժողքում: Ոչ, կներես, ոչ անմիջապես: Երևի մի քիչ ժամանակ էլ ծախսում ես, որպեսզի քո ֆանտազիայի հնարավորությունների սահմաններում, կարողացածիդ չափ զարհուրելի տեսքով զարդարես քո պատկերացրած դժողքը:

Բայց դա ֆիզիկական դժողք չի. ոչ ֆիզիկական աշխարհում, կրկնում եմ, դու չունես ֆիզիկականի կարիքը: Դա հնարովի դժողք է, գիտակցական, մտովի, ֆիկտիվ:

Եվ դու գտնվում ես քո իսկ արարած այդ ֆիկտիվ դժողքում ճիշտ այնքան, քանի դեռ քո գիտակցությունը չի վերհիշել իրականությունը, որ իրականում ոչ մի դժողք էլ գոյություն չունի, որ Աստված՝ դա կատարյալ Սեր է և որ այդ Կատարյալ Սիրո մեջ անհնար է ծնունդն այնպիսի երևույթների, ինչպիսիք են տանջանքն ու ատելությունը, որոնց որ Նա կցանկանար դատապարտել Իր սիրելի զավակներին:

Հ.Գ. Սա է մոտավորապես իմ պատկերացումը քեզ հետաքրքրած հարցի մասին, սիրելի Կիլա: Հնարավոր է, որ որոշ բաներ այդպես էլ չկարողացա բացատրել, ներող եղիր: Ուղղակի շատ բարդ է նման թեմայի մասին երկու բառով խոսելը:
Եթե քեզ հետաքրքիր է ավելի խորն ընկալել այս ամենը, հարմար առիթի դեպքում կարդա իմ հետևյալ գործը. http://www.akumb.am/showthread.php/60784