Նույնականացման քարտերի և էլեկտրոնային ստորագրության մասին օրենքներով սկսվեց դիվային ուժերի ծրագրի երկրորդ փուլը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորման» նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարիներ առաջ սոցիալական քարտերի ներդրման ժամանակ էլ նախագծվել է սոցքարտերը կոչել նույնականացման, սակայն հասարակական բողոքից հետո կոչվեց սոցիալական քարտ, որի վրա դրվեց միայն շտրիխ կոդ:
«Մենք էն ժամանակ զգուշացնում էինք, որ էդ շտրիխ կոդը նախադուռն է, հետո այն կդառնա չիպ, չիպը կդրվի փաստաթղթի մեջ, հետո՝ մարդու մարմնի մեջ: Քանի որ մարգարեություն կա և Ավետարան: Հիմա, փաստորեն, անցել ենք երկրորդ փուլ»,- հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը:
Ի պատասխան հարցի, թե պետությունն ի՞նչ օրենք կարող է ընդունել, որ մարդը համաձայնվի իր մարմնի մեջ չիպ կրել, այսինքն՝ ինչի՞ տեսքով սպասել երրորդ փուլին, Խաչիկ Ստամբոլցյանը պատասխանեց ասելով՝ ապագայում, երբ դրամ, դոլար և այլ արժույթներն այլևս գոյություն չեն ունենա և կգա վիրտուալ դրամական միավորների ժամանակը՝ կգա երրորդ փուլի ժամանակը։
«Հիմա դուք, օրինակ՝ կարող եք քարտերով, բայց կանխիկ գումար հանել, իսկ հետո էդ չի լինելու: Ու մի պատճառ կգտնեն, որ՝ կարող ա գողանան, իսկ մարմնի միջից ոչ ոք չի գողանա»,- ասաց նա:
Մի կողմ դնելով հարցի կրոնական և հոգևոր կողմերը, Խաչիկ Ստամբոլցյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ գործադիր մարմինը՝ Կառավարությունը, խախտել է երկրի օրենքները և իր ընդունած որոշմամբ հակասության մեջ է մտել ԱԺ օրենքի հետ, որը գերակա է ենթաօրենսդրական ակտից:
Նույնականացման քարտի համար «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորման» անդամները մեկ տարուց ավելի բանակցել են «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող Ոստիկանության հետ, նրանց տրամադրել են համապատասխան գրականություն, ֆիլմեր, որոնք և սիրով ընդունվել են, ինչի արդյունքում ԱԺ-ում ընդունված համանուն օրենքում ամրագրվել է կամավորականության մասին օրենքը: Այսինքն՝ չիպով նոր անձնագիրը և նույնականացման քարտը կամավոր են:
«Էստեղ, ուղղակի իրենք մի խորամանկության դիմեցին՝ որոշելով որ, հիմնարկի տնօրենն ու հաշվապահը որպեսզի կարողանան էլեկտրոնային ստորագրություն կիրառել, նույնականացման քարտ պետք է ստանան»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:
Նրա խոսքով՝ այսքանով ցանկը չի ամփոփվում, քանի որ նման նույնականացման քարտեր պետք է ստանան 1974 թվականին և հետո ծնված բոլոր այն աշխատակիցները, ովքեր աշխատանքի ընդունվելիս պետք է մտնեն կուտակային կենսաթոշակային համակարգ:
Ինքը՝ Խաչիկ Ստամբոլցյանը ստանալով էլեկտրոնային ստորագրություն ունենալու իրավունք՝ գրավոր հրաժարվել է նույնականացման քարտից, սակայն իրեն և ևս մի քանի հոգու, որոնց բերանը, ըստ բանախոսի՝ ուզում են փակել, թույլատրվել է մինչև մահ ունենալ հին նմուշի, առանց չիպի անձնագիր: Նա այս ամենի հետևում տեսնում է դիվային, իր կոնկրետացմամբ՝ մասոնական ուժերին:
Էջանիշներ