Ծնվել է 1958 թ. Ուջան գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական, այնուհետև գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը: ՀԳՄ անդամ է: Հրատարակել է "Աղբրանց արուն", "Սահմանական ներկա", "Բուդրմուտ", "Ֆ. Ելանյան" գրքերը:
Իսկ ինձ մոտ հիմա նրա առաջին մանկապատանեկան գրքույկն է և ես կտեղադրեմ որոշ բանաստեղծություններ այստեղից: Գուցե ակումբում կան երիտասարդ մայրիկներ կամ էլ անդամներ, որանք պատրաստվում են դառնալ մայրիկ: Նրանց համար սա օգտակար կլինի: Իսկ մնացածը կարող են կարդալ և հիշել մանկությունը:
Հայոց պարերը
Երկու հազար տարի առաջ
Մայրաքաղաք Արտաշատում
Արքաներից ամենաքաջ
Արտաշեսն էր թագավորում:
Արքան ահա Նավասարդի
Ուրախ տոնի նախորեին,
Ի փառս մեծ Արամազդի,
Հագավ շքեղ իր ծիրանին,
Ապա կանչեց քրմապետին,
Դպիրներին արքունական,
Որ դեղնավուն մագաղաթին
Գրեն խոսքը արքայական:
Հրամանը գրվեց փույթով,
Որ ամեն տեղ հասնի շուտով.
"Այսպես ասաց Հայոց արքան՝
Արտաշեսը քաջակորով.
Ամանորի տոնին թող գան
Խաղասացներ՝երգող-պարող,
Թմբուկ ու դափ հարկանողներ,
Ցույցք անողներ, կաքավողներ,
Վազք անողներ ու կայթողներ,
Փանդիռ ու վին նվագողներ,
Նվագածու ծեչ գուսաններ,
Անպարտելի փահլևաններ,
Թե այր, թե կին ամեն տնից,
Ի փառս մեծ Արամազդի՝
Թող գան տոնին Նավասարդի"
Արևն ելավ արևելքից
Ու ամեն հայ իր աշխարհքից
Պար ու երգով եկավ, հսավ
Մայրաքաղաք և ի՞նչ տեսավ.
Ծով, ահռելի մի բազմություն՝
Հազարադեմ, հազարագույն,
Պարիսպների մոտ քաղաքի
Պար է բռնել շուրջանակի.
Այրեր, կանայք գեղանի,
Պարում էին գորանի:
Հետո բացվեց պարի շղթան,
Ու ասպարեզ ահա մտան
Խաղասացներ՝ Վանից եկած,
Ծիրանավառ շորեր հագած:
Հնչեց մի նոր պարեղանակ,
Ու պարողներն այդ ժամանակ
Շար կազմեցին ու երգեցին,
Մատներն իրար ագուցեին,
Զարկեցին դափ ու նաղարա,
Զիլ հնչեցրին ծիրանափող
Ու պարեցին Հայ-թամզարա:
Կարնո դաշտից ու շոնորից
եկած դալար աղջիկները
Գեղգեղացին, շորորացին,
Ինչպես ճերմակ կարապները:
Իսկ Գուգարց զով աշխարհի
Պարը գերել էր արքային,
Դա մի խաղ էր հովիվների՝
Բազմահնար ու երկրային:
Այրեր՝ հագած այծենակաճ,
Պարիսպների տակ քաղաքի
Զարկում էին թևերն իրար
Արծիվների պես շեշտակի:
Հետո պարը կրկին փոխվեց,
Դարձավ պարիսպ մի վիթխարի,
Խոյանման ու խոյակերպ
Պարում էին Խոյ-քոչարի:
Իրիկնացավ: Երբ ամենուր
Հանգիստ առան փանդիռ ու վին.
Բազմությունը հազարանուն
Զոհ մատուցեց Վանատուրին,
Որ նոր տարին լինի առատ,
Որ բերքլինի, հաց ու գինի
Որ Վանատուրը գթառատ
Հայոց հողին բարիք բերի:
Այնժամ արքան հրամայեց.
"Թող այսուհետ ամեն տարի
Նավասարդի տոնին պարեն
Պարերն հայոց նախնիների.
Քերծի, Դալե ու Թամզարա,
Դափկի, Շորոր ու Տալտալա,
Խարազանի ու Վերվերի,
Նարե, Լորկե ու Քոչարի,
Պարեր հզոր ու նազանի,
Սաքմա ասեմ, թե Գորանի":
Ահա այսպես դարերից հին
Հասել են մեզ հրաշք պարեր.
Նրանց մեջ է հայոց ոգին
Ապրել ու մեզ միշտ հայ պահել:
Էջանիշներ