«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Գիշերային ըստ Հայկօ
Ինքնախաբեության համախտանիշ
Համոզված եմ, որ լիքը մարդիկ, ովքեր կարդացել կամ լսել են այս դեպքի մասին, մտածել են. «է ինքն էր մեղավոր, թող չգնար, իրան հանգիստ-խելոք պահեր, դուբինկի տակ չընկներ»: Ու տենց ամեն անգամ. «իրանք էին մեղավոր, թող չմասնակցեին, ծեծ չուտեին», «թող չգոռային, քաղմաս չընկներին», «թող չգնային, չսպանվեին»: Կատարյալ աբսուրդ է: Ծեծողը, փաստորեն, մեղավոր չէ, ծեծվողն է մեղավոր: Սպանողը մեղավոր չէ, սպանվողն է մեղավոր: Ամբողջ փորձանքն այն է, որ նման կերպ մտածող մարդիկ արդեն կատարելապես հաշտվել ու համակերպվել են այն մտքի հետ, որ մարդուն կարելի է ծեծել, կանդալել, սպանել. «բա իհա՞րկե, ինչի ուրիշ ձև է՞լ կարար լիներ, չէ հա՜, բան չի փոխվի սենց, ավելի լավ ա մեզ շարունակեն քացու տակ քցել, սրանք գազան են, մեկ ա՝ ինչ կա՝ էս ա, սրան ենք արժանի» և այլն: Այդ մարդիկ աներկբայորեն ընդունում են աննասունների աննասունության փաստը, դա համարում են բնության անփոխարինելի տարր, Նյուտոնի չորրորդ օրենք, որ միշտ կա, եղել է և կլինի, և մտքներով էլ չի անցնում, որ անկախ ամեն ինչից, ցանկացա՛ծ դեպքում, ցանկացա՛ծ զոհի պարագայում մեղավորը ծեծողն ու սպանողն է: Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե այդ դուբինկան երբ է ձե՛զ հասնելու: Երբևէ վախեցե՞լ եք, որ ինչ-որ մի աննասունի քմահաճույքով կարող է զրկվեք ձեր վաստակած փողից, զրկվեք ազատությունից: Իհարկե: Երբևէ ասե՞լ եք «Ախր խի պտի սենց լիներ»: Անկասկած: Սակայն շարունակում եք նաև կարծել, որ եթե գնում ես ցույցի, ապա պիտի ծեծ ուտես ու հալածվես: «Որտև տենց ա»: Ու վաղը-մյուս օրը, երբ որոշեք, ասենք, ցույց անել, որ ձեր աշխատավարձերը բարձրացնեն, կամ որոշեք մոտիկից բարևել մեր «ազգընտիրին», կամ ուզենաք մեքենայով անցնել այն փողոցով, որտեղով «տղեքը» գնում են մի կտոր հաց ուտելու, մի զարմացեք, որ ձեզ էլ դուբինկահարեն: Կամ սպանեն: «Որտև տենց ա»: Որովհետև այն, որ դուք ասում էիք, թե «իրանք էսինչական էին, դրա համար տենց եղավ», ընդամենը ատմազկա է: Իրական պատճառը վախն է: Վախը՝ աննասունության դեմ: Մարդու անասնական վախը աննասունից: Ձեզ ավելի շատ ձեռք է տալիս հազարավոր գաղափարական պատճառներ բռնել, հազարավոր արդարացումներ հորինել, քան թե խոստովանել, որ դուք համակերպվել եք այն մտքի հետ, որ ձեզ երբ ուզեն՝ կծեծեն, երբ ուզեն՝ կսպանեն, կարո՛ղ են դա անել, նույնիսկ իրավու՛նք ունեն՝ ուժեղի՝ զենքի իրավունքը, և դուք ոչինչ եք, թնդանոթի միս, մասսովկա. խոստովանել, որ ուղղակի վախենում եք: Մտածեք ինքներդ ձեր մեջ այս մասին: Թե ինչու՞ պիտի համազգեստավոր պոռնիկները փողոցի մեջտեղում ծեծեն երեք պատանիների, որոնք ոչ մի օրենք չեն խախտել: Թե ինչու՞ պիտի ուսադիրներ կրող ցանկացած փթիր իրեն իրավունք վերապահի հայհոյել աղջկա ու կնոջ: Եվ թե ինչու՞ այդ վիժվածքներին այս կերպ անվանելը ոչ թե անհանդուրժողականություն է, ոչ թե թշնամության սերմանում, այլ պարզ ճշմարտություն: Թե ինչու՞ այդ ամենը բարձրաձայնողը ազգի դավաճան է պիտակվում, այդ ամենը չհանդուրժողը՝ համարվում ծախու, շահամոլ արարած: Նաև՝ ձեր կողմից: Ի՞նչ, դուք է՞լ եք դեմ, որ մարդ ծեծվի քաղաքի կենտրոնում: Հա՜, դուք դա քննադատում եք, մտքում հայհոյում եք անողներին, մտքում արդարությու՜ն եք գոռում, ներքուստ ընդունում եք այս ամենը, բայց, պարզապես, երբեք չեք արտահայտի ձեր դժգոհությունը, որովհետև, բախտի բերմամբ թե պատահմամբ, այն մարդը, ով այսօր ասում է, որ մարդ սպանելը հանցագործություն է, համատեղության կարգով նաև ջհուդմասոն է և Ղարաբաղ ծախող: Հերթական ատմազկան: Մի բան եթե վատ է, վատ է անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, թե դա ով է վատ համարում և ով է բարձր ասում այդ մասին: Բայց չէ՜: «Ես կգայի, եթե էսինչը էդտեղ չլիներ»: Այսինքն՝ դու կընդունեիր, որ մարդասպանությունը ոճիր է, եթե ոմն Պողոս չլիներ. իսկ եթե Պողոսը կա, ուրեմն մարդասպանությունը դադարում է ոճիր լինելուց: Արդար եղեք գոնե ինքներդ ձեզ հետ, գոնե՛: Արդար չեք ախր: Ինքնախաբեությամբ եք զբաղվում: Իմ այս բառերը «զոմբիացում» եք մկրտում, նման կերպ խոսողներին՝ մոլորվածներ: Մոռացե՛ք բոլոր հեքիաթները, բոլոր կասկածները, բոլոր հերյուրանքներն ու ստերը, տեսեք փաստը: Իրականությունը: Աչքերդ բացեք ու նայեք ձեր չորս կողմը: Թե ում են ծեծում, ոնց են թալանում, ինչքան են ահաբեկում, ոնց են խաբում: Կա՞ նման բան: Անշուշտ՝ կա: Լա՞վ է, թե՞ վատ: Կարծում եմ՝ կհամաձայնվեք, որ վատ է: Իսկ եթե վատ է, ինչու՞ եք հանդուրժում: Մտածե՛ք այս մասին:
Մարդիկ սիրում են նայել ուրիշ մարդկանց: Տղաները նայում են նանարների բարեմասնություններին, վարորդները վախով ու զզվանքով նայում են ոստիկաններին, քյառթերը նայում են ջագիներին, վերամբարձ տոտաները նայում են նստարանին քցած բոմժին, մուրացկանը նայում է անցորդի ձեռքին, աղջիկները նայում են ուրիշ աղջիկների հագուկապին, ծերերը նայում են համբուրվող զույգերին, շենքի պառավները թունավոր հայացքներ են նետում հարևանի՝ կարճ հագած աղջկա ուղղությամբ, երեխան նայում է ամեն ինչի: Հետաքրքիր է նայելը: Հայացքով հետևելը ինչ-որ մեկին:
Ես սիրում եմ նայել ուրիշին նայող մարդկանց: Ասում են՝ աչքերը հոգու հայելին են: Ճիշտ են ասում: Նայում եմ, թե ոնց է ինչ-որ մեկը հայացքով մի ուրիշին հետևում, խոժոռվում, ուրախանում, ապշում, վախենում, ժպտում, նախանձում, ոնց են բերնի ջրերը գնում սիրուն դեկոլտեի համար, ոնց է մեկին վախվորած ծիկրակում աչքի պոչով, ոնց է սևամորթ տեսնելիս արմունկով բզում կողքինին, որ նա էլ նայի-զարմանա, ոնց է աչքերը չռում հեռուստացույցով մի անգամ տեսած դեմքի վրա, ոնց է վերացած տեսքով նայում դիմացի մի ինչ-որ անորոշ կետի, ոնց է մի պահ կորցնում ինքնատիրապետումն ու, կարծելով թե ոչ ոք չի նայում, աչքերում ցույց տալիս իր ողջ ատելությունը դիմացինի հանդեպ: Իսկ ես նայում եմ:
Տեսնես՝ ինչ-որ մեկը ինձ նայու՞մ է այդ պահին:
Մի չարչրկված բառի մասին
Վերջերս տարբեր կոնտեքստներում շատ է արծարծվում «ստրուկ» բառը. փորձեմ իմ մտքերն էլ շարադրել «ստրկության» ասպեկտներից մեկի մասին:
Չեմ հասկանում մի բան, ու դա ինձ շատ է նյարդայնացնում: Բոլորս էլ հաճախ ենք լսել մտքի այսպիսի փայլատակումներ. «Ախպեր էս երկրին բռնակալ ա պետք, էս երկրին Ստալին ա պետք, էս ա պետք, էն ա պետք»: Առանց ավելորդ աջուձախ ընկելու ասեմ. այսպես արտահայտվողները ստրկական հոգեբանության կրողների տիպիկ օրինակներ են: Ավելին՝ դրանք անուղեղ, անկամ, մինչև վերջին խազը նվաստացված ու ընկած մարդիկ են: Բացատրեմ վիրավորանքներիս այս հեղեղը. եթե մարդն ընդունում է, որ անզոր է սեփական ձեռքերով ու սեփական ցանկությամբ ինքն իրեն դնելու ճիշտ ուղու վրա (իսկ «մեզ քացուտակքցող է պետք»-ատիպ խոսակցությունների հիմքում սովորաբար այն ափսոսանքն է, որ «երկիրը երկիր չի, մարդիկ մարդ չեն»), ապա այդ մարդը արժանի չէ ուղղակի մարդ կոչվելու: Այսինքն՝ նա խոստովանում է, որ մինչև իրեն մտրակով չծեծեն, չգոռան վրան, չվախեցեն, ինքը սեփական բարօրության համար մատը մատին չի խփի: Բանջարաբոստանային կուլտուրա է, ոչ թե մարդ, մի խոսքով: Սա՝ որպես լիրիկական զեղում: Այնուամենայնիվ, այդպես մտածողները դեռ շատ են, ու դեռ կլինեն, քանի չենք հասկացրել իրենց մի պարզ բան. ոչ ոք բարեկեցիկ կյանքն ու պայծառ ապագան չի ծամելու-դնելու ձեր բերանը: Եթե ուզում ես ինչ-որ բան կառուցել, պիտի ձեռքերդ կեղտոտես:
Այլ հարց է, թե արդյո՞ք նման՝ ճորտային մտածելակերպ ունեցող մարդկանց երբևէ գրավել է ազատ քաղաքացի լինելու հեռանկարը: Համոզված եմ, որ ոչ. նրանք պարզապես չգիտեն, թե ինչ ասել է «ազատ մարդ»: Նրանց աչքերը փակ են, ապագան տեսնելու կարողությունը ձգվում է մինչև հաց ուտելու հաջորդ պահը ու վերջ: Դժվար է ասել՝ իրենք մեղավոր են, թե ոչ. իրենք կամովի՞ն են ընտրել այսպես կոչված «ճորտային» կարգավիճակը, թե՞ ուղղակի այլ բան չեն տեսել և չեն պատկերացնում: Սակայն փաստն այն է, որ թալանի, սպանությունների, ստորացման, ահաբեկման դեմ-հանդիման վախկոտի նման լռում է միայն ճորտն ու ստրուկը: Լռելը, իհարկե, տարբեր է լինում. կարելի է բառացիորեն ձայն-ծպտուն չհանել. կարելի աշխատեցնել գորշ նյութն ու հիմնավոր պատճառներ փնտրել ստորանալու համար՝ ինքն իր աչքում սեփական չոքած դրությունն արդարացնելու նպատակով. կարելի է մոլուցքի մեջ ընկնել ու, մազերը պոկելով, աղաղակել, որ «ես չեմ նվաստացվում, ամեն ինչ լավ է, խոտը՝ կանաչ, ապագան՝ ճաճանչափայլ», ու նույնիսկ հավատալ դրան: Բայց փաստ մնում է փաստ. նման մարդիկ ամեն ինչի մասին կխոսեն, բոլորին կմեղադրեն, ամեն մտածողական հնարամտության կդիմեն, բացի խոստովանելուց ու տեսնելուց ամենատարրականը. այն, որ իրենք այսօր ենթարկված են, ճնշված են, կաշկանդված են ինչ-ինչ շղթաներով: Օրինակները շատ են, ապացույցները՝ բազմաթիվ, չխորանամ:
Մեծագույն ծաղրուծանակն այն է, որ մարդուն ասում են. «Երևակայիր, որ ազատ-անկախ ես, թե չէ ավելի շատ կծեծեմ, ավելի կծանրացնեմ շղթաներդ ու ուտելիք էլ չեմ տա»: Ու երևակայում են:
Ցավոք՝ չեմ կարող ասել՝ ինչպես արագ բուժել այս ախտը: Մարդու աչքերը բացելը խիստ դժվար բան է, մանավանդ եթե այդ մարդը ամեն կերպ պայքարում է կույր մնալու համար:
Շարունակեմ. ցավն այն է, որ թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության դեմ և թե՛ այն մարդիկ, ովքեր պայքարում են այդ ստրկության համար, հավասարաչափ են տուժում տիրոջ մտրակից: Ես կփորձեմ հասկանալ, եթե ինչ-որ մեկը ատամներով սկսի պաշտպանել իր փաստացի տիրոջը, եթե իմանամ, որ այդ մեկը գոնե շահ ունի. գործ, փայ, հարկերից ազատված լինելը, օրենքում որոշ ծակուծուկերից օգտվելը և այլն և այլն: Սակայն այնպիսի՛ մարդիկ են պաշտպանում մտրակավորներին, կամ գոնե ոչ մի քայլ չանում՝ այդ լծից ազատվելու համար, որ պարզապես ապշում ես: Ախր պայքարողն ու չպայքարողը այսօր իրարից տարբերվում են միայն ու միայն իրենց՝ պայքարելու ու չպայքարելու փաստով: Մնացած ամեն ինչ փաստորեն նույնն է. սոցիալական դիրք, կրթություն, ստատուս, ընտանիք, աշխատանք և այլն: Տարբեր են, իհարկե, գիտակցությունները: Պայքարողը չհարմարվողն է, միշտ ավելի լավին ձգտողը, վիզ չծռողը: Չպայքարողը շատ հաճախ նա է, ով կա՛մ առաջնորդվում է «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով, կա՛մ՝ «տնեցիք լավ ըլնեն, մնացածը՝ ջհանդամ», կա՛մ, առավել հաճախ, պրպտում ու փնտրում է, թե որտեղից ինչ կարելի է այսօր գողանալ, շահել, պոկել, ճարել ու այս օրն էլ ապրել, իսկ վաղը՝ տեսնենք: Այսինքն ենթարկվում է: Հնազանդվում՝ իր վիճակին, իրեն ճնշողին, «իր չար բախտին»: Հայի բախտ ա, է՛լի: Մեկ ա՝ էս ա լինելու: Մեկ ա: Այ հենց սա՛ է չարիքը: Սա նույնիսկ սեփական ուժերի հանդեպ անվստահություն էլ չէ, սա լրիվ բարձիթողի վիճակ է, որից օգտվում են ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված ստահակները:
Կա նաև մեկ այլ երևույթ, որը բացատրում է, թե ինչու են ոմանք հանդուրժում մտրակավորներին: Դա հայերիս մեջ քարացած՝ մտրակավոր դառնալու արատավոր երազանքն է ու հարգանքը՝ ուրիշին ճնշել կարողացողի նկատմամբ: Բա ո՞նց. եթե կարողանում ես ուրիշին թալանել, ծեծել, սպանել ու մնալ անպատիժ, ուրեմն դու լավ տղա ես: Մուրա՜զ: Ու հարգում են նման մարդկանց: Պաշտում են, կուռք են դարձնում, առերես քծնում են, թաքուն՝ սարսափում ու չեն խոստովանում իրենք իրենց, որ իրենց այդ հարգանքի պատճառը նախևառաջ վախն է:
Փիլիսոփայական շեղումները թողնեմ մի կողմ. նշեմ վերևում ակնարկածս փաստերից մի քանիսը: Հեռու չգնամ՝ մթերքի, բենզինի գներ, հարկեր, մաքսեր, մի խոսքով՝ ֆինանսական մտրակ: Վաղուց ի վեր հայտնի փաստ է. Հայաստանում եթե մի բան հանկարծ թանկանում է, ապա հույսներդ կտրեք, որ այլևս կարող է հանկարծ էժանանալ: Չի՛ լինի նման բան: Քանի որ հարմարվողները շատ են: Երթուղայինները 50 դրամից դարձան 100 դրա՞մ. մի քանի օր պատիտակային բողոքներ, նույն «երկիրը երկիր չի» տրտունջը, ու վե՛րջ: Հարմարվեցինք 100 դրամին: Նույն կերպ հարմարվելու ենք 200-ին կամ 500-ին, եթե մեր տիրոջ խելքին նման բան փչի: Իսկ ինչու՞ ոչ: Ինչու՞ չանի: Չէ՞ որ ենթարկվում են իրեն: Վախեցած լսում են ու լռում: Հայաստանում արդեն դոգմա է, որ բենզին, շաքար, ձեթ, ալյուր և այլն ներկրել դու չե՛ս կարող: Ինչու՞: «Այսինչն է բերում»: Այսքան մի բան: Բոլորը ընդունում են դա որպես կայացած երևույթ, ամրագրված փաստ, ադաթ, ոնց ուզում եք՝ անվանեք: Ու ստրկացման մեխանիզմն անխափան գործում է: Ստրուկին թալանում են՝ թալանված փողով նորոգելու համար այն մտրակը, որ իջնելու է նույն այդ ստրուկի մեջքին, երբ նրան է՛լ ավելի դաժանաբար թալանելիս կլինեն, և դարձ ի շրջանս յուր: Իսկ հակաճառողները քիչ են: Ու լռողները հակաճառողներին համարում են հիմար, ծիծաղում են նրանց՝ չծեծվելու ու չթալանվելու բնական ցանկության վրա, քծնողաբար կամ կարճամտորեն ուրախանում են, երբ տերն, ի վերջո, բռնի ուժով լռեցնում է հակաճառողին, ու թաքուն փառք են տալիս Աստծուն այն բանի համար, որ իրենք լուռ են, խելոք են, հնազանդ են, որ իրենց, ընդամենը, ասենք, կանոնավոր ծեծում ու վախեցնում են և ոչ երբեք՝ սպանում:
Գրածիս մեջ այլաբանությունը շատ էր, աղոտ ձևակերպումներն ու օրինակները՝ գերակշռող: Սակայն սա այժմէական է հենց մեր այսօրվա կյանքի ու մեր հասարակության համար: Աջուձախ նայեք. լռողները շատ են, մտրակից վախեցողները՝ ամենուր:
Վերջալույս
Ուզում էի, որ բլոգիս սկիզբը մի քիչ վերացական, լուսնային, մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, մի քիչ իրականությունից կտրված ու մի քիչ բոլոր իրականություններին պատկանող լիներ: Թեթև ու պարզ: Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց:
Գիտե՞ս... Մոմի լույսը, մութը, ցուրտը, ընդհանրապես՝ այդ տարիների ցանկացած դժվարություն չի կարելի միանշանակորեն որակել որպես վատը: Բնականաբար՝ տաք ու լուսավոր սենյակը մութ ու ցուրտ տնից միշտ գերադասելի է, բայց ախր էդ տարիները ինձ էնքա՜ն բան տվեցին, որ պայմանների՝ մի քիչ ավելի լավը լինելու դեպքում երբեք չէի ստանա... Կարդալ սիրել սկսել եմ այդ տարիքում: Որովհետև հեռուստացույց չկար: Զբաղմունք չկար: Կարդում էի անխտիր ամեն ինչ, անդադար, նույն գիրքը՝ մի քանի անգամ: Կարդում էի գեղարվեստական, գիտահանրամատչելի, պատկերազարդ, առանց նկարների, հաստ, բարակ, երկար, կարճ, ինչ ձեռքս ընկներ: Գիշերները ամեն օր տանը չափածո էինք բարձրաձայն ընթերցում. Թումանյանի քառյակները, պոեմները, բալլադները, Տերյանի բանաստեղծությունները, Իսահակյան, Չարենց... Քրոջս քնեցնելուց Խնկո Ապեր էին արտասանում, երգում էին... Անգիր գիտեմ հիմա: Նկարում էի, ու բավականին լավ: Ու, ամենակարևորը, դրանք ինձ դիմացինիդ սիրել, հարգել, լսել, գնահատել սովորեցրին: Այլ կերպ հնարավոր չէր. հակառակ տարբերակը անվերջ վեճերն ու քայքայված ընտանիքն էր: Հա՛, դժվար էր, հա՛, տեսողությունս ա՛յդ ընթացքում վատացավ, հա՛, եղել է, որ գժի նման ուրախացել եմ, երբ լույսերը տվել են ու գժի նման էլ լացել, երբ մուլտի կեսից լույսերը նորից գնացել են: Եղե՛լ է, որ մինչև ամառ մնացել եմ ձմեռային կոշիկներով: Ութ-տասը տարեկան եմ եղել, չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ վիճում, կռվում իրար հետ, թե ինչ դժվար է եղել այդ տարիներին ամուսնու համար կարողանալ սիրել ու հարգել կնոջը, հոր համար՝ լսել, թե երեխան ոնց է նվվալով շոկոլադ ուզում... Կամ՝ հաց: Ու փառք Աստծու, որ չեմ հասկացել: Բայց ապրել ենք: Կարողացել ենք: Ասում եմ՝ «ենք», որովհետև վստահ եմ, որ նույնն էլ ես կանեի իմ ընտանիքի համար: Ու հիմա համոզված եմ, որ հետ նայելով ապրելը սխալ է: Փոշմանել, ափսոսալ, ենթադրություններ անել, թե որ էնպեսը էդպես չլիներ, ուրիշ կերպ կլիներ ամեն ինչ: Եղել է: Մերն է: Մենք ենք: Ես, դու, մյուսները: Դա ժխտել հնարավոր չի: Ու փառք Աստծու, հիմա բոլորս էլ քիչ թե շատ նորմալ վիճակում ենք: Բայց դու հետ ես նայում ու նույն տեղում տեսնում ես մութն ու ցուրտը, իսկ ես՝ անկախությունն ու հաղթանակը: Ո՛չ միայն պետության հաղթանակը պատերազմում, այլև մե՛ր հաղթանակը հենց այդ նույն մթի ու ցրտի դեմ: Տարբերությունը զուտ մտածական է. իմ ու քո տեսակետների հակասությունից ո՛չ իննսունականների մութը կվերանա պատմության միջից, ո՛չ էլ հաղթանակը կդադարի հաղթանակ լինելուց: Ինչ եղել է, եղել է: Բայց ես իմ մթին հաղթել եմ, դու՝ չէ: Մութը դեռ քո մեջ է: Ես կարիք չունեմ մութն ու ցուրտը հիշելու. ինձ համար դա անցած փուլ է՝ մեկ, և, ինչու չէ, տհաճ է հիշելը՝ երկու: Ու եթե իմ՝ դա հիշելուց ոչ մի բան, միևնույն է, չի փոխվելու, գերադասում եմ թաղել դրանք հիշողությանս խորքերում: Իսկ հաղթանակի ու անկախության գիտակցումը կարևոր է ինձ համար, թող շատ ճոռոմ չհնչի:
Գիտե՞ս...
Կյանքը մեր կեղտոտ այս ջրափոսն է,
Ուր լուսնի դատարկ ափսեն է շողշողում.
Կան մարդիկ, որոնք այնտեղ թքում են,
Իսկ ոմանք լուսին են որոնում: