Գուրգեն Խանջյանի «Նամակներ ընթացքից» գրքի բնաբանը
ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Նամակներ գրողական փորձառության հեռադրությունից
Վերջին տարիներին Գուրգեն Խանջյանի ստեղծագործական կարելիություններն ավելի շատ դրսևորվում են վիպագրության ու դրամատուրգիայի ժանրային տարածության մեջ, իսկ ահա փոքր արձակի, ի մասնավորի` պատմվածքի ու էսսեի ոչ այնքան հաճախակի երևումներն ընկալվում ու մեկնաբանվում են իբրև «վեպից վեպ» ստեղծագործական տարածության միջանկյալ փորձարկումներ ու հրապուրանքներ: Սա գուցե ճշմարիտ է գրողի ընթացային ներկա օրինաչափությունների համապատկերում, սակայն ընդհանրական, նախընթաց զարգացումները պարագրկող հայացքի պարագային փաստ է, որ Գուրգեն Խանջյանը մեր ժամա-նակների լավագույն պատմվածքագիրներից է, արդեն կարելի է ասել` իսկական վարպետ, ում փոքր արձակն իր մասնավոր հատկականություններով մեծապես նպաստել է ժանրի արդի նկարագրի ձևավորմանը:
1994թ. լույս տեսած «Շարժասանդուղք» պատմվածքների ժողովածուն, որն, ի դեպ, Խանջյանի առաջին գիրքն է, հատկանշվում էր երևույթների էքզիստենցիալ փորձընկալմամբ, որը պայմանավորում էր համապատասխան կառուցվածք ու պատում: Թեմատիկբովանդակային երբեմն ընդգծված սևեռվածությունն ու գտնված հնարքների հաճախակի կրկնությունները ինչ-որ չափով թուլացնում էին ընդհանուր տպավորությունը, սակայն «Շարժասանդուղքով» հայ պատմվածքի զարգացման, ժանրային նկարագրի թարմացման համար բացվում էին նոր հեռանկարներ: «Ստվերներ խամաճիկների փողոցում» (1998) ժողովածուում ընդգրկված պատմվածքներն արդեն որակական նոր աստիճան էին հատկապես պատումի բնույթով: Եթե նախորդ ժողովածուում ինքնատիպությունը առավել հաճախ ներկայանում էր միջնորդավորված հղումների համատեքստում, ապա այստեղ Խանջյանի` ինքնացման տանող գրողական ջանքերը ոչ միայն զգալի էին, այլև համակարգված: Էքզիստենցիալ սևեռումներն այստեղ իրենց տեղը զիջել էին էքզիստենցիալ խաղարկումներին, որը հնարավորություն էր ընձեռում ոճական ու թեմատիկ ուշագրավ համադրումներ անել: «Մարդկանց տուն ուղարկիր» (2004) ժողովածուի փոքր արձակը ներկայանում է կոլաժի ու էսսեի ներժանրային մասնավորություններով: Հատկապես կոլաժի խանջյանական իրացումները հատկանշվում են տպավորիչ լուծումներով: Սա, հիրավի, պատումի նոր մակարդակ է, որ հուսով եմ` դեռ դրսևորվելու է Խանջյանի գրականության մեջ:
Ներկա` «Նամակներ ընթացքից» նոր ժողովածուն, ահա, ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված էին վերը հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի` 2004թ. հետո գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Այլ կերպ ա-սած` Խանջյանն այս գրքով ամփոփում-ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը: Նշեմ, սակայն, որ սա հերթապահ մտահղացում չէ, այլ գրողական փորձառությամբ լուրջ ստեղծագործական իրացում` գեղագիտական նպատակասլաց առանցքով, որի խնդիրը ոչ թե նախընթացի հավաքումն է մեկ գրքում, այլ` նախընթացով նոր գիրք ստանալը: Այս առումով` կարևորվել է երկու հատույթ:
Նախ` Խանջյանն ամբողջովին կամ մասնակիորեն վերամշակել է ժողովածուում ներառված գրեթե բոլոր գործերը, հատկապես` «Շարժասանդուղքում» ընդգրկվածները, քանզի դրանցում է, որ առկա էին գրողական սկզբին բնորոշ թե-րացումներն ու անհստակությունները:
Եվ ապա` ժողովածուում Խանջյանը պատմվածքների, կոլաժների ու էսսեների համար ապահովել է նոր համատեքստ, այսինքն` ընկալման ու մեկնաբանման նոր հնարավորություններ: Այս իմաստով` շատ կարևոր է նաև ժողովածուի վերնագրի ընտրությունը:
Վերնագրում առկա նամակ բառը ցուցանում է Խանջյանի ժանրընկալման նոր մեկնակետերը: Այստեղ լավագույնս բնութագրված է Խանջյանի գրականության ու մասնավորապես` փոքր արձակի գործառնականության բնույթն այսպես ասած` հասցեատիրոջ առումով, մյուս կողմից` Խանջյանի պատումն իր չընդհատվող երկխոսական բնույթով, էպիստոլյար ժանրերին բնորոշ խոստովանական տարրե-րով, դիմումնային ձևերի հաճախադեպ կիրառությամբ` առավել հարազատ է նա-մակի ներքին տարերքին: Մյուս կողմից` գրողական փորձառության հեռադրությունը, կամ գուցե նաև` պատմվածքների` անցյալ ժամանակում ստեղծված լինելու պարագան են մղել Խանջյանին սեփական ստեղծագործություններն ընկալել ու ի-մաստավորել իբրև նամակներ:
Արդի հայ գրականության կայացման, ընդհանուր օրինաչափությունների ձևավորման գործում Գուրգեն Խանջյանի ավանդը, հիրավի, նշանակալից է: Արդեն պատկառելի ծավալ ունեցող նրա ստեղծագործական ժառանգության յուրաքանչ-յուր մասնավորություն թե´ թեմատիկ, թե´ ժանրային իրացումների առումով հարստացրել է արդի հայ գրականության նկարագիրը: Ուստի` ստացվել է այնպես, որ Խանջյանի գրականության մասին խոսել, դիտարկումներ կատարելը, չնչին բացառություններով, նույնն է, թե արդի հայ գրականության մասին խոսելը: Այդ առումով` եթե նրա «Թատրոն 301» ժողովածուն լիարժեք պատկերացում էր տալիս նաև վերջին տարիներին հայ դրամատուրգիայում կատարված բոլոր տեղաշարժերի ու նորարարությունների մասին, ապա` «Նամակներ ընթացքից» ժողովա-ծուն ամբողջացնում է ոչ միայն Գուրգեն Խանջյանի փոքր արձակի ընդհանուր նկարագիրը, այլև բազմաթիվ առումներով մեկնակետեր է տալիս ժանրի արդի տեղաշարժերի համապատկերը ներկայացնելու համար: