ԱՆՋԱՏՈՒՄ
Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:
Եվ գիշերը չունի տասներկու ջամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք:
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
ՈՒրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:
"Անջատվա՜ծ է":
Այս բառն ինձ դարձըրել կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն...
ՈՒ՞ր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա'շտ կա: Անջատվա՜ծ ենք:
Խնձորն էլ են քամում - հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա... անջատվա՜ծ ենք...
Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի'նձ հետ, լռությա'ն հետ և մեր անջատմա'ն հետ...
Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է ՝ ճյուղի նման ջարդված...
Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս "անջատվել" բայը:
Թե կա ՝ ես փոխում եմ ազգությու՜նըս...
Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությու'ն չէ: Համատարած Ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:
Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե'կ բառով է լցված ՝ "անջատվել"-ով:
Եվ մեկ միտք է հիմա մեջս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե'նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս "անջատվել" բայը:
Թե կա ՝ ես փոխում եմ ազգությու՜նըս...