Խառըխշտիկ
Աստված իմ, արդեն խելագարվում եմ բազմաթիվ բլոգներիս ձեռքին: Ու հիմնականում ոչ մեկը մյուսին չի կրկնում, մեկի գրառումները մյուսում հազվադեպ են հայտնվում: Այնպե˜ս կուզեի բոլորը հավաքել, լցնել իմ հարազատ livejournal-ում, բայց ախր իմ բոլոր բլոգներն այնքա˜ն տարբեր են: Այս մեկը նույնպես: Ոնց որ սևագիր: Կամ էլ քնելուց առաջ կուտակվածը դուրս թափելու տեղ: Չգիտեմ: ԿՄ-ում վախենում եմ այսպիսի գրառումներ անել: Վախենում եմ դրանք բաց թողնել ցանկացած մարդու համար: Ստանում եմ խրատների տեղատարափ ծանոթ-անծանոթ, ստորագրված-անստորագիր մարդկանցից: Ակումբում հեշտ է. շատերը խուսափում են ինձ հետ շփվելուց:
Իսկ ես խուսափում եմ ակումբում գրառումներ անելուց: Մեկ-մեկ հավեսով մտնում եմ, ուզում ինչ-որ բան ասել թեմայի հետ կապված: Պատահում է նույնիսկ ահագին գրում եմ: Հետո ջնջում, փակում ամեն ինչ ու գնում. պետք չէ:
Ծարավ եմ: Ալարում եմ գնալ ջուր խմելու: Վախեցած եմ: Հոգնել եմ: Այսօր պետք է որ շուտ քնեի. վաղը անալիզների օր է: Վերջապես որոշել ենք էրեխեքով գնալ: Ոչ մեկին չեմ կարոտել: Ոչինչ չեմ ուզում: Ո՛չ սկսվող դասերը, ո՛չ դասընկերներիս, ո՛չ կարդալ, ո՛չ իսպաներենով զբաղվել, ո՛չ նույնիսկ ճամփորդել: Ինձ միայն պետք է փռվել բազմոցին ու աչքերս փակել: Քնել եմ ուզում:
Դեպրեսվում եմ: Դա արդեն լավ է: Լավ է դատարկությունից, ոչնչից: Վախենում էի: Թվում էր՝ ներսից մեռած եմ: Ոչինչ չէին զգում այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնց մի ժամանակ սիրում էի: Աննիին մի պահ կարոտեցի: Բայց դա կարճ տևեց: Ընդամենը մի քանի րոպե, մինչ Ռոտերդամում՝ Պոլի տանը, պառկելուց հետո աչքերս կփակվեին: Ուզում էի նամակ գրել: Իսկ առավոտյան մոռացա դրա բովանդակությունը: Մոռացա, որ կարոտել եմ: Ու էդպես միշտ: Վերջին ամիսներին:
Եթե այսպես շարունակվի, լրիվ մենակ կմնամ: Չէ՛, չեմ մնա, որովհետև չնայած անտարբերությանս, շարունակում եմ մարդկանց հետ լավ լինել: Ուղղակի դատարկ եմ: Անզգացմունք: Ներսից փտած եմ, մեռած:
Ուզում եմ արթնանալ, ժպտալ մի քիչ այրող արևին ու ասել. «Ես երջանիկ եմ»: