Օրհասական պահ
Հասունանում է օրհասական պահը ու Հայ ազգը կրկին կանգնած է կարևոր ընտրության առջև: Այսօր Հայկի սերնդի գլխին ամպեր են կուտակվում, որոնց տեղատարափի արդյունքները դեռևս դժվար է գուշակել: Այսօր մի նոր Բել է ի հայտ եկել, միջազգային հանրություն ու քաղաքակիրթ աշխարհ կոչվածի տեսքով: Եվ այս Բելը կրկին փորձում է Հայկի ցեղին ստիպել` շարժվել խաղի իր պայմաններով: Սակայն ի տարբերություն 4500 տարի առաջվա դեպքերի, այսօր մենք չունենք Հայկ: Ամենացավալին այսօր այն է, որ մենք չունենք ղեկավար, որին հավատա և որի շուրջը համախմբվի ամբողջ Հայությունը: Եվ այդ պատճառով յուրաքանչյուր Հայ, որ մտահոգված է նրանով ինչ տեղի է ունենում, պետք է իր մեջ փնտրի այդ Հայկին և գոնե սեփական ուժերով փորձի ինչ-որ բան անել, վերահաս աղետը կանխելու համար: Ամեն Հայ պետք է գիտակցի, որ այստեղ արդեն ինքնապահպանման հարց է դրված:
Պետք է սթափվել ու հստակ գիտակցել, որ պահը իրոք օրհասական է, բայց միևնույն ժամանակ պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ ու վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ վախը ավելորդ լարվածություն է ստեղծում ու պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ քայլերի:
Եկեք պարզենք, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ և ինչ կարելի է անել վտանգը կանխելու համար:
Ինչ ունենք այսօրվա դրությամբ
Մենք պարտություն ենք կրում երկու ճակատով: Նախ հայ-թուրքական փրոթոքոլները, որոնք փորձում են փաթաթել մեր վզին, իրենց մեջ պարունակում են ինչպես Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր, այնպես էլ ամբողջ Հայությանը վարկաբեկող մի շարք դրույթներ: Պատմական հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ է դնում ցեղասպանության հարցը և վարկաբեկում է ցեղասպանությունը վերապրած մարդկանց ու նրանց սերունդներին: Հայ հասարակության հիմնական մասը (իմ ոչ ճշգրիտ գնահատականներով մոտ 80%) դեմ է հայ-թուրքական փրոթոքոլներին: Իսկ սփյուռքում վիճակը ավելի հստակ է: Միայն այն փաստը, որ դաշնակ, հնչակ ու ռամկավար կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտում ու իրենց բողոքն են արտահայտում այս փաստաթղթերի հետ կապված, արդեն շատ բան է ասում: Առանձին հայտարարությամբ է նաև հանդես եկել Կիլիկիո Հայոց պատրիառք Արամ Առաջինը: Այս ամենը ցույց են տալիս, որ Հայության հիմնական մասը դժգոհ է այն ամենից ինչ տեղի է ունենում ՀՀ և ԹՀ միջև, իսկ սփյուռքահայությունը նաև իրեն խաբված է զգում, քանի որ ՀՀ իշխանությունները մինչ այժմ արհամարհել են սփյուռքի շահերը:
Նույնն է վիճակը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Վերջերս մեր հարգարժան նախագահը ռուսական հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ բառացիորեն ազատագրված տարածքները անվանեց անվտանգության գոտի, որը վաղ թե ուշ կվերադարձվի Ադրբեջանին: Պարզից էլ պարզ է, որ նման մարդը չի կարող ներկայացնել Հայ մարդու և մասնավորապես Արցախցու շահերը: Արցախահայությունը տարբեր հայտարարություններով դեմ է արտահայտվել հողի ցանկացած կտորի հանձնումը թուրքերին: Ժամանակն է, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ ազատագրված տարածքները մեր հայրենիքի անբաժանելի մասն են և դրանց մասին խոսելուց հիշի միայն Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը` <<Սա Հայաստանն է: Եվ վերջ>>: Ազատագրված տարածքները մեզ վերադարձրեցին հույս ու հավատ, որ մեր կորուսյալ հայրենիքը միայն ժամանակավոր է կորուսյալ և եթե այսօր մենք արևելքում կարողանում ենք վերականգնել մեր հողերը (թեկուզ և մասամբ), ապա վաղը մենք կվերականգնենք նաև մնացած կորուստները: Բացի բարոյական օգուտից, ազատագրված տարածքները այսօր Հայությանը տալիս են նաև տնտեսական մեծ օգուտ: Պետք չէ անտեսել այն փաստը, որ այդ տարածներում արդեն վերականգնվել են մի շարք գյուղեր: Այնտեղ բնակեցվել են ընտանիքներ, որոնք այդ հողը իրենց կյանքի անբաժան մասն են համարում: Մարդիկ ապրում են ու չնայած վատ սոցիալական պայմաններին, ամեն ինչ անում են, կյանքը բարելավելու ու Հայրենիքի այդ մի փոքր վերականգնված մասը վերաբնակեցնելու ու աշխուժացնելու ուղղությամբ: Բավական է բերել Քարվաճառում բնակվող 11 զավակ ունեցող ընտանիքի օրինակը, որպեսզի հասկանանք, թե ինչ կարևորություն ունի այդ հողը Հայության համար: Եվ նաև պետք չէ մոռանալ, որ այդ հսկայական հողերը այսօր ապրուստի միջոց են ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի մի շարք գյուղերի բնակիչների համար: Հսկայական տարածքներով վարուցանք է կատարվում ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի գյուղացիների կողմից: Եվ այս պայմաններում խոսք անգամ չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին: Տարածքի զիջումը կբերի նոր պատերազմի սկզբին: Միամտություն է, կարծել, թե տարածքները հետ ստանալով թուրքերը կարող են հանդարտվել ու հաշտության գնալ: Դա բացառվում է! Պատերազմը կավարտվի կամ Հայերի կողմից Կուրի ափ հասնելով, կամ էլ թուրքերի կողմից Արցախի ու Սյունիքի գրավումով:
Հետևաբար, մարդը, որը խոսում է տարածքների հանձնման մասին, ոչ այլ ինչ է, քան դավաճան:
Ինչ կարելի է անել, վտանգը կանխելու համար:
Այս մռայլ իրավիճակի մեջ մի դրական բան կա, որը հույս է տալիս, որ հայ-թուրքական համաձայնությունը այնուամենայնիվ չի ստորագրվի: Սերժը հոկտեմբերի 1-ին մեկնում է համահայկական շրջագայության, որի ընթացքում կլինի Փարիզում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Դոնի Ռոստովում և եթե չեմ սխալվում, Մոսկվայում: Քննարկման հիմնական նյութը լինելու է հայ-թուրքական հարաբերությունները: Հաշվի առնելով, որ սփյուռքը միաձայն դեմ է այդ հարաբերություններին, հույս է արթնանում, որ Սերժի վրա ճնշումներ կգործադրվեն, որի արդյունքում նա կվերանայի իր դիրքորոշումները ու այնուամենայնիվ կգնա զիջման, չնայած միջազգային հանրության ճնշումներին: Սակայն միայն սրա վրա հույս դնել չի կարելի ու պետք է օգտագործել ցանկացած միջոց, մեր բողոքը արտահայտելու ու այս ամենի դեմ հանդես գալու համար: Առաջին քայլը, որ առաջարկում եմ` մասնակցել Միացում շարժման կազմակերպվող բողոքի ակցիաներին: Այսօր ժամը 15-ին այն տեղի կունենա Մյասնիկյանի արձանի մոտ: Հուսով եմ այդ ակցիաները հետագայում ևս կլինեն: Միացումը դեմ է արտահայտվում և տարածքների հանձնմանը (հող հանձնողը դավաճան է) և հայ-թուրքական համաձայնագրին: Եվ պետք է անպայման այս ակցիաներին մասնակցել:
Սրանից բացի, պետք է օգտագործել ձեռքի տակ եղած այլ հնարավորություններ ևս մեր իշխանություններին ու միջազգային հանրությանը մեր խոսքը հասցնելու համար: Սրան հասնելու շատ լավ միջոց է ինտերնետը: Պետք է էլեկտրոնային նամակներ գրել բոլորին: Պետք է գրել շատ ու գրել կոշտ: Սա նաև կարևոր է այն առումով, որ հայ-թուրքական համաձայնագիրը վերջնականորեն ներկայացվելու է ազգային ժողովի քննարկմանը: Ճիշտ է, մեր ազգային ժողովը տիկնիկային թատրոն է հիշեցնում, բայց պետք է փորձել նաև նրանց վրա ճնշում գործադրել: Առաջիկա օրերին (հավանաբար վաղը) կներկայացնեմ ազգային ժողովի պատգամավորների ու կուսակցությունների էլեկտրոնային հասցեների ցուցակը: Կսկսենք նամակներ գրել ու մեր բողոքը հասցնել նրանց: Հույսը քիչ է, բայց մասսայական գրոհի դեպքում կարող է մի բան ստացվել:
Եվ ամենակարևորը. պետք է այս ամենը տարածել ամենուր` էլեկտրոնային բոլոր միջոցներով, ինչպես նաև ծանոթ բարեկամներով: Պետք է բոլորին հասկացնել, որ գործը լուրջ է: Անհրաժեշտ է բոլորի համախմբված գործունեությունը: Ունենք հստակ նպատակ` կանխել հայ-թուրքական ոչ հայանպաստ հարաբերությունների հիմնումը ու կանխել տարածքների հանձնումը ու Ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ ելքը: Չունենք ոչ մի շահ, բացի Հայրենիքի առաջ մեր պարտավորվածությունից ու ինքնապահպանման բնազդից: Եվ պետք է մեր բազկը ձուլենք մնացածի բազկին ու մի բռունցք դառնանք, որպեսզի կանխենք մոտալուտ խայտառակությունը:
Եթե ունեք ինչ-որ առաջարկություններ, որոնք կարծում եք, որ կարող են օգտակար լինել, գրեք քննարկենք: