Նայել RSS հոսքը

Արիացի

Օրհասական պահ 2

Գնահատել այս գրառումը
Երեկվա իմ գրառման մեջ խոստացել էի այսօր ներկայացնել ԱԺ պատգամավորների էլ. հասցեների ցուցակը, բայց այսօր այցելելով ԱԺ-ի parliament.am կայքը հուսահատություն ապրեցի: Կայքում, երբ փորձում ես նայել որևէ պատգամավորի տվյալները բերում է ընդամենը դատարկ էջ: Մի քանի շաբաթ առաջ ամեն ինչ նորմալ էր: Հույս ունեմ, որ սա դիտավորյալ չի արված ու էդ պրոբլեմը արագ կլուծվի:
Ներկայացնեմ կուսակցություններին ու նախագահին նամակ գրելու միջոցները`
http://hhk.am/arm/index.php?page=feedback կայքից կարող եք գրել ՀՀԿ-ին,
http://www.bhk.am/pages.php?al=feedback կայքից կարող եք գրել ԲՀԿ-ին,
Ժառանգությանը կարող եք [email protected] էլ. փոստով:
Դաշնակցության հետ կապվելու էլեկտրոնային միջոց չգտա, բայց իրենց տեսակետը ոնց որ թե բավարարում է:
http://president.am/president/letter/arm/ կայքից էլ գրեք մեր հարգարժան նախագահին:
Տեղյակ պահեմ նաև http://stoptheprotocols.com կայքի մասին: Սա Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախաձեռնությունն է, որի նպատակն է կագնեցնել Հայ-Թուրքական փրոթոքոլների ստորագրումը: Կայքից կարող եք միանգամից նամակ ուղարկել Սերժի ադմինիստրացիային:
Առայժմ, այսքանը:
Հ.Գ. Առաջարկում եմ, կազմել նամակի տեքստ, որ հետագայում ուղարկենք պատգամավորներին: Ձեր տարբերակները կարող եք գրել: Շուտով մի տարբերակ էլ ես կգրեմ:

Ուղարկել «Օրհասական պահ 2"» Digg-ին Ուղարկել «Օրհասական պահ 2"» del.icio.us-ին Ուղարկել «Օրհասական պահ 2"» StumbleUpon-ին Ուղարկել «Օրհասական պահ 2"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Norton-ի ավատար
    Իմաստը՞: Նամակ ուղարկելով ոչինչ չի փոխվի, ոչ էլ ձևական հացադուլով: Իրանք տեսակետ փոխելու լնեն նամակներին չեն նայելու:
    Ըստ իս ժամանակի իզուր վատնում է:
  2. Chuk-ի ավատար
    Ես էլ նամակ կգրեմ, կհարցնեմ իրենց որպիսությունը

    Անիմաստ բան է:
    Սասուն, ես հասկանում եմ ինչ-որ բան անելու ձգտումը, բայց նամակ գրելն ինչ-որ բան անելու իմիտացիա է, ոչ թե ինչ-որ բան անել
  3. Արիացի-ի ավատար
    Եթե դա անեն մատների վրա հաշված մարդիկ անիմաստ ա, իսկ եթե դա անեն բոլորը, այսինքն բոլոր էն մարդիկ ովքեր դեմ են այդ համաձայնագրին, ապա կստացվի մոտ 50000 բողոք: Իսկ այդքանի հետ հաշվի չնստել ուղղակի չեն կարող:
    Հետո էլ, եթե դա անիմաստ է, ապա ի՞նչ եք առաջարկում անել: Ավելի իմաստալից մի բան առաջարկեք:
  4. Chuk-ի ավատար
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Եթե դա անեն մատների վրա հաշված մարդիկ անիմաստ ա, իսկ եթե դա անեն բոլորը, այսինքն բոլոր էն մարդիկ ովքեր դեմ են այդ համաձայնագրին, ապա կստացվի մոտ 50000 բողոք: Իսկ այդքանի հետ հաշվի չնստել ուղղակի չեն կարող:
    Հետո էլ, եթե դա անիմաստ է, ապա ի՞նչ եք առաջարկում անել: Ավելի իմաստալից մի բան առաջարկեք:
    Նախ 50000 հոգի չեն ուղարկի:
    Բայց եթե անգամ ուղարկվի այդքան, հաշվի չի նստվի: Կարձանագրվի, որ կան բողոքներ, բայց այ կպարզվի, որ լայն հասարակական հարցումները ցույց են տալիս, որ մեծ մասը կողմ են: Չե՞ք հավատում, այդ դեպքում նայեք (սա ես չեմ ասում, սա ասվելիք խոսքերն են).
    - Վազգեն Մանուկյանի ղեկավարած հասարակական խորհրդի զեկույց-որոշումը, որն արտահայտում է հասարակության պատկերացումները,
    - Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի համաձայնությունը,
    - ԵՊՀ ռեկտորի համաձայնությունը (շուտով, կարծում եմ, որ մի շարք պնակալեզ դասախոսներ ԵՊՀ-ից ու այլ ԲՈՒՀ-երից կմիանան)
    - Լիքը ՀԿ-ների ողջույնի խոսքերը (դրանք իրենց ուշացնել չեն տա)
    - Կուսակցապետերի հավաքին կուսակցապետերի բացարձակ մեծամասնության համաձայնությունը,
    - Անվտանգության խորհդրի համաձայնությունը (կլինի)
    - Մի շարք մտավորականների համաձայնությունը (համոզված եմ, որ մի շարք ծախված մտավորականներ շուտով կանեն)
    - Սփյուռքյան հանդիպումների ժամանակ Սփյուռքի ներկայացուցիչների վստահությունը (շուտով սրան ականատես կլինենք, կարծում եմ)
    և այլն:

    Իսկ այ քո 50000 նամակը կներկայացվի որպես 10-20 անհամաձայնության արտահայտում:

    Ի՞նչ եմ առաջարկում:
    Էն ինչ որ առաջարկում էի մեկ տարի առաջ: Համախմբվել ու ոտքի կանգնել՝ բոլորին: Ուղղակի ես դրան արդեն չեմ հավատում, որովհետև համոզվել եմ, որ ակտիվ շատ քիչ մարդ կա: Մյուսները հույսն Աստծո և ուրիշների վրա են դնում:
  5. Հայկօ-ի ավատար
    Արիացի, ոտքի կանգնողները արդեն կանգնած են: Չուկը ճիշտ է ասում. մեկ տարի առաջ էլ հասկացողի համար պարզ էր, թե դեպի ուր ենք գնում ու ինչ է պետք անել: Ու ով պիտի կանգներ՝ կանգնեց: Իսկ ով չպիտի կանգներ՝ հազարավոր պատճառներ ու բացատրություններ հորինեց իր չկանգնելու համար ու քաշվեց մի կողմ: Ժամանակին Ակումբում շատ էր գրվում, որ Շարժման մասնակիցներս մեր պայքարը չենք անձնավորում, որ առաջային նպատակը նախևառաջ Հայաստանի բարօրությունն է ու ամենահրատապ խնդիրը՝ այն վերջնական քայքայումից ու անկումից փրկելը, և որ առաջին քայլը գործող իշխանություններին հեռացնելը պիտի լինի: Այս ամենը նորմալ կերպով, սևով սպիտակի վրա գրվում էր, զգուշացվում էր, որ անգործության դեպքում շատ ավելի վատ է լինելու, որ այս ամենը լավ բանի չի հանգեցնի... Բոլորը լուռ էին: Հիմա, օ՜ ճակատագրի հեգնանք, դու ես որոշում բարձրացնել քո քաղաքացիական ձայնը, ու կոչ ես անում քեզ միանալու: Զվարճալի կլիներ, եթե չլիներ այդքան ողբերգական ու ցավալի: Այնուամենայնիվ՝ պատշաճ կերպով ու գրագետ քայլեր արվելու դեպքում, համոզված եմ, քեզ կմիանան հենց այն մարդիկ, ում դու չէիր միանում մեկ տարի առաջ: Քանի որ առաջնայինը նպատակն է, ոչ թե անձերը: Բայց նամակ գրելով, հազար ներողություն, ոչ մի բանի դու չես հասնի: Նամակը չէ, որ պիտի վերևներին հուշի հասարակական դժգոհության մասին, այդքան միամիտ լինել պետք չէ: Այդ կարծիքին էին, օրինակ, ռուս գյուղացիները, ովքեր կարծում էին, թե ցար-բատյուշկան շատ է ուզում իրենց օգնել, ուղղակի տեղյակ չէ իրենց դժվարությունների մասին: Այդ կարծիքին էր Բակունցի Արթին պապը, որ ռուսաց թագավորին որոշել էր նամակ գրել: Հիմա դու ես Արթին պապը: Քո, ձեր, մեր գրած նամակները արժանանալու են շիֆթ-դելեթի: 50 000 չլինի, 500 000 լինի (իսկ իրականում դժգոհները, հնարավոր է, որ 500 000-ից էլ շատ են, ու իշխանությունները դա գիտեն), միևնույն է՝ դժգոհելով ոչ մի բան չի փոխվելու: Վաղուց արդեն պիտի պարզ լիներ քեզ համար, որ գործող վարչակազմը թքած ունի ժողովրդի ձայնի վրա. ժողովուրդը նրա համար մի նախիր է, ում հարմավոր է կթել, քամել՝ մինչև արյան վերջին կաթիլը, հարստանալ նախիրի հաշվին, հարկ եղած դեպքում՝ ծեծել, մորթել, քշել ուր որ պետք է: Սրանք մակաբույծներ են, հայեր չեն: Ես քո հոգեվիճակը շատ լավ եմ հասկանում. աչքիդ առաջ Հայաստանը քշում են դեպի անդունդը, իսկ դու ուժ չունես՝ դրա դեմը առնելու համար: 2008-ին Ազատության հրապարակում հավաքված մարդիկ էլ էին տեսնում՝ ուր է ուղղվում Հայաստանը, ու փորձում էին ուժ դառնալ, փորձում էին չհուսալքվել: Ի պատասխան՝ ում կողմից ասես ինչ անհեթեթություն ասես հնչում էր. ջհուդմասոնականություն, թմրամոլներ, մետաղյա ձողեր, զենք-զինամթերք, խեղճ ու անզեն ոստիկաններին առանձնակի դաժանությամբ ջարդող պառավ տատիներ և այլն: Իսկ դու այդ մարդկանց հոգեվիճակը հասկանու՞մ էիր այն ժամանակ: Այն սովորական, ազնիվ մարդու, որ ցերեկը գնում էր Օպերա՝ ցույց տալու համար, որ ինքն էլ է դեմ այս մակաբույծներին, որ ինքն էլ ընտրության ու ձայնի իրավունք ու ձայն ունի, իսկ երեկոյան, գալով տուն, հեռուստացույցից կամ ինտերնետային ֆորումներից իմանում էր, որ ինքը թմրամոլ է, հարբեցող ու հոգեխանգարված:

    Ինչևէ, չերկարացնեմ: Եթե ուզում ես նամակներ ուղարկել, ուղարկիր. հասցեներն ու նամակի տեքստը ինձ էլ ուղարկիր, ես էլ իմ «բողոքի ձայնը» կբարձրացնեմ, չնայած ավելի քան համոզված եմ, որ անիմաստ քայլ է:
  6. Արիացի-ի ավատար
    Հայկ, ես ոչ մեկին կոչ չեմ անում ինձ միանալ: Բնավորությամբ ու խառնվածքով ղեկավարի ոչ մի հատկություն չունեմ: Բայց ես հասկանում եմ մի բան. Մեր հայրերը իրենց կյանքն են վտանգել, իսկ շատերը նույնիսկ զոհվել, որպեսզի էս երկիրը մաքրեն թուրքերից: Ու էսօր, ես իմ հնարավոր բոլոր միջոցներով փորձելու եմ թուրքական էքսպանսիային դեմ առնել: Ոչ մի առիթ, ոչ մի ակցիա ու ոչ մի միջոցառում բաց չեմ թողնելու իմ բողոքը արտահայտելու համար: Եթե տեսնեմ ոչ մի բան չի ստացվում, ինչ արած մի զենք կառնեմ տունը անվտանգության համար պահեմ: Ինչպես ասվում է հայտնի հեքիաթում. «Ես իմ բաժին երկինքն եմ պահում»:
  7. Chuk-ի ավատար
    Սասուն, քեզ նկատի չունեմ, ընդհանուր հիմիկվա «քաղաքական» դաշտի մասին եմ գրելու, էդ թվում իմ կողմից շատ հարգված Միացումի, իմ կողմից ահավոր չհարգված ՀՅԴ-ի ու էլի մի քանիսի մասին:

    Էս ամեն ինչը, ինչ հիմա կատարվում ա, ավելի շատ ջղաձգումներ ա հիշացնում, ոչ թե պայքարի, ցավոք սրտի: Չափից ավելի ուշ շատերը հիշեցին, որ պետք է պայքարել:

    Խնդրում եմ չկարծել, որ ես համարում եմ, որ ամեն ինչ ավարտված է ու այլևս ելք չկա: Ուղղակի ելքը էն պրոցեսներով չի պայմանավորվելու, ինչ հիմա կատարվում է, այդ թվում ցանկացած տիպի նամակներ:
  8. Արիացի-ի ավատար
    Արտակ, աստիճանաբար ես էլ եմ գալիս էդ եզրակացության: Ավելի շատ էս ամեն ինչը պայքարի իմիտացիա է: Ընդհանուր դժգոհ մասսան դեռևս քնած է (կամ էլ դժգոհ մասսա չկա): Ես հույսս կապում եմ սփյուռքի ձեռնարկած քայլերի հետ: Այս ամեն ինչը մի դրական բան ունի: Սփյուռքը միաձայն՝ առաքելական, կաթողիկ, ավետարաչական, թե դաշնակ, հնչակ ու ռամկավար միակարծիք են ու միաձայն: Սա ինձ հույս է տալիս:
  9. Chuk-ի ավատար
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից
    Արտակ, աստիճանաբար ես էլ եմ գալիս էդ եզրակացության: Ավելի շատ էս ամեն ինչը պայքարի իմիտացիա է: Ընդհանուր դժգոհ մասսան դեռևս քնած է (կամ էլ դժգոհ մասսա չկա): Ես հույսս կապում եմ սփյուռքի ձեռնարկած քայլերի հետ: Այս ամեն ինչը մի դրական բան ունի: Սփյուռքը միաձայն՝ առաքելական, կաթողիկ, ավետարաչական, թե դաշնակ, հնչակ ու ռամկավար միակարծիք են ու միաձայն: Սա ինձ հույս է տալիս:
    Ես ոչ միայն կարծում եմ, որ Սփյուռքն այս ամենի վրա չի կարող ազդել, այլև չեմ ուզում որ ազդի մեր ներքաղաքական հարցերի վրա: Անկախ նրանից, որ նրանք մեր հայրենակիցներն են, մեր միս ու արյունը, բայց այս երկիրը մենք է, պետք է մենք, ՀՀ-ում ապրողներս կարողանանք կարգավորել:

    Չնայած որ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու դեմ համարում եմ, որ նրանք էլ պետք է համակարգված պայքարեն, որովհետև ցեղասպանության հարցը միակ հարցն է, որտեղ նրանց գլխի վրայով թռնելը անբարոյական ու սխալ է:

    Դա է պատճառը, որ միշտ եղել եմ Տեր-Պետրոսյանի այդ տեսակետի կրողը, որ չէր կարելի ցեղասպանությունը արտաքին քաղաքականության հիմնասյուն դարձնել, որ դա պետք էր թողնել հասարակական կազմակերպություններին, միավորումներին: Փաստացի այսօր ապացուցվեց, որ այդ տեսակետը ճիշտ էր:

    Անկախ այս բոլոր դիտարկումներիցս ուղղակի վստահ եմ, որ այն, ինչի վրա հույս ես դնում (Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 1-ից սկսվող Սփյուռքյան ճամփորդությունը) քո ուզած արդյունքին չի բերելու: Էս տեսակետս ասում եմ խիստ հավանական հուսահատությունից քեզ փրկելու համար, որպեսզի եթե իմ սպասածով լինի էնպես, որ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ հանդիպման մասնակիցները ողջունեն Սերժի քաղաքականությունը, խաբվելով նրա հավաստիացումներին ու կեղծ խոսքերին, դա քո համար շատ անսպասելի չլինի: