Երգեր փնտրելու էվոլյուցիան. կասետից մինչև mp3
Տնից դուրս էի գալիս: Մագնիտոֆոնս հետս վերցրի. Նոնան CD փլեյեր չունի, իսկ ես վերջին ամիսներին հայտնաբերածս երգերը գրել էի մի դիսկի վրա, ուզում էի այնպես անել, որ Նոնան էլ լսի:
Դրսում շոգ էր, ձեռքինս՝ ծանր: Դեպի կանգառ յուրաքանչյուր քայլս կատարելիս հերթով հիշեցի, թե ինչպես էինք տարիներ առաջ մեր սիրելի երգերը լսում:
Առաջին կասետս Kelly Family-ի "Over the Hump"-ն էր, երկրորդը՝ նույն խմբի "Streetlife"-ը, իսկ երրորդը՝ Alanis Morissette-ի "Jagged Little Pill"-ը: Այ հենց այդ հարստությամբ Պրահայից վերադարձանք Երևան...
Երբ նոր էինք եկել, շուրջս բոլորը պնդում էին, թե Երևանում ամեն ինչ կա, և երաժշտական խանութներում հնարավոր է գտնել ցանկացած կատարողի ձայներիզ: Բայց ժամանակի ընթացքում ես համոզվեցի, որ բոլորովին էլ էդպես չէ... Հիշում եմ՝ Ալանիսի "Supposed Former Infatuation Junkie"-ն էր թողարկվել: Էն ժամանակ փոքր էի, մայրս էր քաղաքով մեկ շրջում, կասետը փնտրում: Չկար: Միայն մի տեղ դիսկն էր ճարել, բայց դե էդ ժամանակներում Հայաստանում քչերը CD փլեյեր ունեին: Վերջը հանձնվեց, Պրահայից բերել տվեց:
Հիշում եմ՝ ես ու Անահիտը շրջում էինք քաղաքի կասետանոցներով ու հարցնում, թե ռոք ինչ ունեն: Մեծ մասամբ բութ հայացքով մեզ էին նայում, իսկ երբեմն էլ դուրս բերում Pink Floyd-ի մի փոշոտ կասետ, ասում՝ ահա ձեզ ռոք: Իսկ մենք զվարճանում էինք, անընդհատ նորից ու նորից նույն տեղերը գնում, ստուգում, թե "դասն ինչպես են սովորել": Արդյունքում՝ որոշ տեղերում արդեն գիտեին Cranberries-ի անունը, իսկ որոշներն էլ նույնիսկ Sheryl Crow-ի ալբոմներից ունեին:
Երկար փնտրտուքներից հետո քաղաքում գտել էինք մեկ-երկու տեղ, որտեղից կարելի էր "չճարվող" կասետներ գնել, բայց դա շատ կարճ տևեց, որովհետև մեկը մյուսի հետևից փակվեցին: Մի այլընտրանք էլ ունեինք: Ռադիոյի խշշացող ալիքների միջից որսում էինք մեզ դուր եկած երգերն ու անմիջապես ձայնագրում: Հետագայում, երբ լեզու էինք գտել ռադիոների դիջեյների հետ, դատարկ կասետներ էինք տալիս, խնդրում, որ մեր ուզած երգերը ձայնագրեն:
Ու ո՛նց էի աչքիս լույսի պես պահում մեր կասետները, խնամքով փոշիները սրբում, պարբերաբար հաշվում՝ տեսնելու համար, թե արդյոք որևէ մեկը բացակայու՞մ է: Շարում էի այբբենական կարգով կամ ըստ գույների:
Բայց կամաց-կամաց կասետները տեղը զիջեցին CD-ներին: Այդ ժամանակներում արդեն Անահիտը ծանր հիվանդ էր, ու կարծեմ այդպես էլ չհասցրեց ճաշակել CD-ի քաղցրությունը, որովհետև նրա վերջին ծննդյան օրը ես նրան կասետ էի նվիրել:
Ես արդեն մենակ էի շրջում քաղաքի երաժշտական խանութներով: CD-ներ գտնելն այնքան էլ դժվար չէր. պետք է շատ փախած բան ուզենայիր, որ չճարվեր: Սովորաբար նոր թողարկված ալբոմներն էին բացակայում, իսկ դրանք հիմնականում խնդրում էինք, որ արտասահմանից բերեն:
Այն ժամանակ սիրելի կատարողներ ունեինք, որոնց երգերը կարող էինք օր ու գիշեր լսել ու չզզվել: Հետաքրքրվում էինք նրանցով, փորձում իմանալ ամեն ինչ: Այն ամսագրերը, որոնցում նրանց մասին հոդված կար, խնամքով պահում էինք, իսկ եթե պոստերներ էինք ճարում, անմիջապես դրանք հայտնվում էին պատերին: Եթե հանկարծ ձեռքներիս տակ ինտերնետ էր ընկնում, հնարավորինս շատ ինֆորմացիա էինք գտնում, կլանում, եթե տպել հնարավոր չէր:
Այս արանքներում ստացվեց այնպես, որ տանն ինտերնետ ունեցա: Բայց մեռնեմ dial-up-ին: Եթե օրը մի երգ կարողանում էի քաշել, երջանկություն էր: Դրա համար ինտերնետը մնացել էր երգ ձեռք բերելու ամենավերջին միջոց, ու նման տանջանքի գնում էի միայն այն դեպքում, երբ տվյալ երգը չափից դուրս շատ էի ուզում ունենալ:
Լինում էր՝ ախորժակս շատ մեծ էր լինում, և ուզածս երգերը չէին ճարվում ո'չ մեր քաղաքի կամ արտասահմանյան երաժշտական խանութներում, ո'չ ռադիոներում: Էդպիսի դեպքերում օգնության էր հասնում ինտերնետը... Ոչ այնպես, ինչպես դուք գիտեք: Այդ ընթացքում ծանոթացել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք հենց իմանում էին, որ Ալանիսի այս կամ այն երգը չունեմ, իսկ կապս էլ չափազանց դանդաղ է, միանգամից CD էին գրում, փոստով ուղարկում: Էդպես ես ձեռք բերեցի Ալանիսի բազմաթիվ b-side-ներ, սինգլներ ու bootleg-ներ:
Եկավ ժամանակ, երբ ինտերնետիս որակը փոխվեց, ու հիմա այն նույն ժամանակամիջոցում, երբ հազիվ մի երգ էի քաշում, կարողանում եմ ձեռք բերել ալբոմներ: Շատ երգեր ավելի հասանելի դարձան, և հեշտ էր դրանք գտնելը: Ու մոռացա, թե ինչ է նշանակում երաժշտական խանութներով շրջել, մոռացա, թե ինչ է ռադիոն, մոռացա անգամ պահարանիս միջի մոտ 200 CD-ների մասին: Ե՞րգ է պետք: Անմիջապես գտնում, քաշում եմ: Ու էդպես ձայնադարանս սկսեց արագորեն աճել: Վերացան սիրելի կատարողները: Կան երգեր, որոնք դուրս գալիս են ու անմիջապես իմն են դառնում:
Բայց մի տեսակ նեղվում եմ այս հասանելիությունից: Սիրելի կատարողները կորցրել են իրենց արժեքը: Անգամ հսկայական ձայնադարանս էլ հարստություն չէ: Երբեմն երազում եմ՝ ուզածս երգերը չգտնել ինտերնետում ու դուրս գալ քաղաք, փնտրել դրանք երաժշտական խանութներում: