Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Նոր շարք
StrangeLittleGirl
31.10.2011, 01:01
Վերջապես ռիսկս հերիքեց, որ սկսեմ մանրից հրապարակել պատմվածքների նոր շարքս: Դրանք սկսել եմ գրել երկու ամիս առաջվանից, ոգեշնչման աղբյուր են Գերմանիայում և Նիդեռլանդներում ունեցած փորձառությունս: Շարքի համար վերնագիր դեռ չեմ որոշել (ավելի շուտ որոշել եմ, բայց հայերեն չի հնչում): Պատմվածքներն իրար հետ փոխկապակցված են, հերոսները հաճախ կրկնվում են, բայց մեկը մյուսի շարունակությունը չէ:
Բարի գալուստ Նիդեռլանդներ
Նոր քաղաք տեղափոխվելիս իմ հիմնական խնդիրը բնավ ընկերների բացակայությունը չէ: Շատ արագ կարողանում եմ ավելի քան երկու տասնյակ մարդկանց հետ ծանոթանալ (դեռ մի քանի պահեստային հնարավորություն էլ մտքիս մեջ ունենալով) ու նրանց հետ, օրինակ, խմելու գնալ, ընթրել, կինո նայել, քննարկել և այլն:
Այն, ինչ կարոտում եմ, դեմ առ դեմ շփումներն են, պարբերական հանդիպումները, ընդհանուր հետաքրքրությունների մեջ խորանալը: Իսկ ոչ հայերի հետ մի սահման կա, որը երբեք չեմ կարողանում անցնել: Երեք տարի առաջ միայն սլովենուհի Մարուշան ինձ անցկացրեց էդ գծի վրայով, բայց հիմա էլ նա հեռու է:
Մի խոսքով, մշակութային շոկ որպես այդպիսին չեմ ապրում: Ուղղակի փնտրում եմ: Չհավատալով, չվստահելով: Ամեն նոր ծանոթության մեջ հույս եմ դնում: Բայց այդպես էլ չեմ կարողանում սահմաններս անցնել, ու բոլոր խոսակցությունները սկսվում և ավարտվում են նրանով, թե ինչու եմ կլինիկական լեզվաբանի մասնագիտություն ընտրել, թե կյանքն ինչպիսին է Հայաստանում:
Էդպես էր նաև կիրակի օրը, երբ դասընկերներս մեկնել էի չգիտեմուր, իսկ ես նախընտրել էի քաղաքում մնալ ու ինձուինձ դեպրեսվել:
Եղանակը լավն էր: Վեշերս հավաքել, կանալի ափին նստել, կարդում, գրում-մրում էի: Մեկ էլ ինչ-որ մեկը համարձակվեց դեպրեսնյակս ընդհատել` հոլանդերեն ինչ-որ բան ասելով: Արդեն մտածում էի` ըհը, նորից մեկի հեծանիվի տակ ընկա կամ ուզում է շանն էստեղ չիշիկացնել, խանգարում եմ: Միանգամից խնդրեցի անգլերեն արտահայտվել:
- Լավ եղանակ է գրելու համար,- ասում է անգլերեն:
Ինձ խանգարողը մի 22-23 տարեկան աղջիկ էր (կամ էլ ավելի մեծ. էստեղ մարդիկ լավ են պահպանվում): Հոլանդուհի լինելու համար 2 մետրանոց բոյ չուներ, բայց կոլոտ էլ չէր: Մազերը շատ մուգ էին, բայց սև էլ չէին, այլ բաց շագանակագույն, ալիքաձև իջնում էին ուսերի վրա: Այ հագնվածով իսկական հոլանդուհի էր. ոչ մի թիթիզություն, ոչ մի ավելորդություն: Առավոտն ինչ գտել է, հագել, դուրս է եկել:
- Եղանակը գրելու հետ կապ չունի,- ջղայնացած պատասխանում եմ:
- Լավ, ինչպես կուզես: Ուղղակի չգիտեի խոսակցությունը ոնց սկսել:
- Դրա կարիքը կա՞ր:
- Ինչու՞ չէ: Տեսնում եմ` ստեղացի չես: Ի՞նչ վատ կլիներ ծանոթության շրջանակը լայնացնել:
- Էդ ասենք ինձ համար, բայց քեզ ի՞նչ կտա:
- Ես էլ դրա կարիքն ունեմ,- ասում է ու ձեռքը մեկնում,- Մարիա:
- Բյուրակն,- սեղմում եմ ձեռքը` շատ լավ հասկանալով, որ մի երկու ժամ հետո կամ մի ուրիշ օր հարցնելու է, թե ինչպես է գրվում անունս, իսկ ես հասկանալու եմ, որ ուղղակի չէր հիշում,- ուրախ եմ ծանոթության համար: Փաստորեն, տեղացի չե՞ս:
- Դե չէ... Խրոնինգեն մի ամիս առաջ եմ տեղափոխվել: Մինչև էդ ծնողներիս հետ էի ապրում Հոլանդիայի հարավում: Ուզեցի ինքնուրույն կյանք վարել: Միակ տարբերակն ուրիշ քաղաք գնալն էր` ուսումը պատրվակ բռնելով:
- Տարօրինակ է նման բան լսել հոլանդացուց:
- Ծնողներս հոլանդացի չեն, մի քիչ տարօրինակ են... իսկ դու ի՞նչ ես անում:
- Ես էլ եմ քո օրին,- պատասխանեցի, ու հաստատ Մարիան չէր պատկերացնում, թե ինչ աստիճանի էի նրա օրին,- սովորում եմ:
- Ինչքա՞ն ժամանակ է` ստեղ ես:
- Երկու շաբաթ:
- Առաջին անգա՞մ ես Հոլանդիայում:
Էստեղ սկսեցի ներվայնանալ, որովհետև զրույցը շարունակվում էր հոլանդական ձևով, նույն հարցերով, որոնց հասցրել էի մի քանի հարյուր անգամ տարբեր մարդկանց համար պատասխանել վերջին երկու շաբաթների ընթացքում:
- Չէ, բայց արի թեման փոխենք, հա՞: Հոգնել եմ էս խոսակցություններից:
- Լավ, էդ դեպքում թեմա առաջարկիր:
- Ո՞վ է քո սիրած գրողը:
- Դոստոևսկին:
- Օ~, հոլանդերե՞ն ես կարդացել, թե՞ անգլերեն:
- Ռուսերեն:
- Ո՞նց, դու ռուսերեն գիտե՞ս:
- Մինչև էստեղ տեղափոխվելը ծնողներիս հետ ու դպրոցում ռուսերեն էի խոսում: Հետո եկանք էստեղ, հոլանդական դպրոց գնացի, հոլանդերենը դոմինանտ դարձավ, բայց մինչև հիմա էլ տանը մեկ-մեկ ռուսերեն եմ խոսում:
- Մմմմ, շատ լավ է, որ զգամ էդ լեզուն մոռանում եմ, կարող եմ քեզ դիմել:
- Վայ, դու՞ էլ ռուսերեն գիտես:
- Հա, դպրոցում անցել ենք:
- Մենք էլ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ենք անցել:
- Հա, գիտեմ. դուք` հոլանդացիներդ, պոլիգլոտ եք:
- Ես հոլանդացի չեմ... ըըըը... մենակ քաղաքացիությամբ:
- Լավ, կներես, դուք` Հոլանդիայի քաղաքացիներդ:
Էդպես մի երկու ժամ Մարիայի հետ անկապ-անիմաստ զրուցեցի: Ինչքան էլ փորձում էի խոսակցությունը հետաքրքիր դարձնել, հեչ չէր տարբերվում մնացած հոլանդացիների հետ ունեցած անկետա լրացնողի զրույցից: Մենակ կարծեմ մի հարց չտվեց: Այն է` ի՞նչ եմ անելու ավարտելուց հետո: Էդ հարցն էլ սովորաբար տալիս են, որպեսզի վստահ լինեն, որ իրենց երկրում չես մնալու: Հետո, երբ մութն ընկավ, ինչ-որ բան հորինեցի ու ասացի, որ պիտի գնամ: Գրեց մեյլի հասցեն, խնդրեց, որ ֆեյսբուքում գտնեմ, ավելացնեմ, մեկ-մեկ շփվենք, հանդիպենք, խմենք:
Տուն հասնելուն պես մեյլի հասցեն փնտրեցի ֆեյսբուքում: Բերեց պրոֆիլը. Մարիա Սաակյան:
StrangeLittleGirl
03.04.2012, 01:46
Համերգի տոմսը
Պլյուս-մինուս 10-15 տարի առաջ, Երևան
Քարը տրաքվի, մի տասնհինգ տարեկան կլինեմ: Չգիտեմ` պատմվածքի հեղինակն ինձ ինչ տարիք է տալիս, բայց բարիշեցինք դեռահասի վրա: Ռոք եմ լսում, բայց ռոքերներն ինձ պրիզնատ չեն գալիս, որովհետև երակ կտրելու հետ սեր չունեմ, մամայից թաքուն չեմ ծխում-խմում, իրենց բռփեջ բիձաներին էլ չեմ լսում: Ես 90-ականների ռոքեր եմ, բայց վզիս ու թևերիս ժինջիլներ չեմ գցում:
Մեր դասարանի աղջիկները Backstreet Boys են լսում, բայց ես տենց էլ չսիրեցի էդ նրբիկ հոգիներին: Ոչ էլ Լեոնարդո ԴիԿապրիոյին եմ սիրահարված, իսկ Նատլյա Օրեյրոյի լացակումած դեմքը ներվերիս վրա ազդում է: Աստված չանի, որ մաթեմիս okul defteri-ի վրա Ռիկի Մառծինը լինի: Բեղերն ու ակնոցները պատրաստ են: Շատ էլ որ մյուս աղջիկների սիրտը ճաքում է:
Հա բայց ես էլ եմ նորմալ դեռահաս, չէ՞: Հո սենյակիս պատերը տկլոր չէի թողելու: Դրա համար լիքը պոստերներ եմ կպցրել: Ճղած ջինս էլ եմ հագնում, շատ էլ որ հարևան Թաքուշ տատին ինձ տեսնելիս հա անիծում է, իսկ ռոքերները մեկ է պրիզնատ չեն գալիս: Հեսա ջինսիս վրա սիրածս երգերի բառերն եմ գրելու: Ռոքեր ձյաձյաներն ասում են, որ ճաշակս շատ նեղ է:
Ինը տարեկանից Ալանիս Մորիսեթով եմ տարված (ախ աղջիկ վախտերս): Էսպես սկսվեց. տեսա Ironic-ի կլիպը, դուրս էկավ: Էնքան դեբիլ էի, որ մտածեցի` ավտոյի մեջ գժվող չորս աղջկերքը խմբի տարբեր անդամներ են, ոչ թե տարբեր գույնի շորերով Ալանիս: Հա, ուրեմն Վերնիսաժում արծաթից վզնոց եմ պատվիրել ALANIS գրությամբ: Տենց մի նայեք, հիմա Ալանիսի մասին ամեն ինչ գիտեմ: Ծնվել է Օտտավայի Ռիվերսայդ հիվանդանոցում` երկվորյակ Ուեյդից տասներկու րոպե շուտ: Ամբողջ օրն իր երգերն եմ լսում, մեկ-մեկ` ռադիո, բայց ռադիոյով էլ Ալանիս եմ պատվիրում:
Ինձ շրջապատում փոքրիկ Ալանիս են ասում:
Պատմվածքի հեղինակն ինձ խնդրեց, որ Թորի Էյմոսի մասին էլ մի քիչ խոսեմ: Շատ չհասկացա` ինչին էր պետք: Ասեց` տասը տարի կանցնի, կիմանաս:
Բացի Ալանիսից պատահում է, որ Թորի Էյմոս էլ եմ լսում, բայց դե Ալանիսին չի հասնի: Թորիի մասին ռուսական ու չեխական ամսագրերը ոչ մի բան չեն գրում: Մեջտեղի էջերում պոկովի պոստեր չկա: Դրա համար պատերիս վրա ով ասես չկա, բայց Թորին` չէ:
Մոռացա ասել. նկարել էլ եմ սիրում, բայց Թորիին կյանքում չեմ նկարել ու մտքովս չի էլ անցնելու (հեղինակն ա տենց ասում, ես մեղք չունեմ): Կենսագրությունն անգիր չգիտեմ: Չի էլ հետաքրքրում: Մենակ մի տեղ կարդացել եմ, որ Ալանիսի սիրած երգչուհիներից է` JLP ալբոմի ներշնչանքը: Ո՞նց, ընթերցողը չգիտի՞ JLP-ն ինչ է: Լավ, մի ջղայնացի, ասում եմ. Jagged Little Pill:
Երկար ժամանակ Թորիի դիսկերը չունեի, որովհետև Երևանում չգիտեին` էդ ով է: Մի անգամ քաղաքի զապիսնոցներից մեկից From the Choirgirl Hotel-ի կասետն առա: Ուրախությունից պարում էի: Մի անգամ էլ պիրատսկի Best Of կպցրեցի: Բայց դե վերջերս արտասահմանից առաջին երեք ալբոմները բերել են: Շատ էլ որ արդեն ունեմ: Մեկ ա ասում են, որ առաջիկա տասը տարիների ընթացքում էդպես էլ չեմ սովորելու հիշել, թե որ երգը որ ալբոմից է:
Սիրում եմ կորել Թորիի տեքստերի մեջ: Պատահում է` կենտրոնանում եմ մի երգի վրա ու օրեր շարունակ փորձում հասկանալ, թե Թորին ինչ է ուզում ասել: Մեր օրերում դեռ ինտերնետ չկա տներում, որ արխային մտնեմ, ման գամ, մի քանի բացատրություն գտնեմ:
Մի ընկերուհի ունեմ, հետը նամակագրական կապ եմ պահում: Հա, Երևանում է ապրում, հեռախոսի համարն էլ ունեմ, բայց մեկ է իրար նամակներ ենք գրում: Ու էնքան երկար: Մի անգամ ռեկորդ եմ խփել` 20 հատ A4: Էդպես էջերով Թորիի երգերն ենք վերլուծում:
"Look I'm standing naked before you
Don't you want more than my sex
I can scream as loud as your last one
But I can't claim innocense"
Ի տարբերություն Ալանիսի, Թորին իմ կուռքը չի (հեղինակն ասում է` էստեղ գրի «ստվերում է մնացել»), այլ երկրորդ սիրելի երգչուհին: Դրա համար մենակ երգերով իրեն գիտեմ: Ասում են` հետո որ սկսեմ շատ գրել, ամբողջ գիշեր Թորիին եմ լսելու, բայց երբեք չեմ խոստովանելու, որ Թորիին Ալանիսից շատ եմ սիրում:
Որ մի քիչ մեծանամ ու ավելի զբաղված լինեմ, նոր ալբոմների մասին մեկ-երկու տարի ուշացումով եմ իմանալու:
Բայց հենց Թորիի ազդեցությունից էր, որ Ալանիսի երկրպագուների ֆորումում գրանցվելիս առաջին անգամ օգտագործեցի strangelittlegirl մականունը, ու դա ինձ կպնելու է ամբողջ կյանքիս համար. մինչև էս պատմվածքի վերջը տարօրինակ փոքրիկ աղջիկն եմ լինելու:
Մի երևակայական կերպար եմ հորինել: Անունը դրել եմ Թորի: Նրա համար մի ամբողջ կենսագրություն եմ հորինել: Ներվայնացնում եմ (թյուրիմացաբար) ինձ սիրահարված ընկերներիցս մեկին: Գիտի թե էդ Թորին կա:
Հիմա կա ռադիո ու կամ ես` ամբողջ օրը դիջեյների նյարդերը սղոցող դեռահասս, բայց դեռ չեմ հասկանում, որ իմ վարքը ներվահան անող է: Ինձ գիտեն որպես Ալանիսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: Ջղայնանալիս Թորի անունով եմ զանգում: Դեռ միամտաբար կարծում եմ, որ ձայնս չեն ճանաչի:
Մի քանի տարի հետո, երբ իմ սեփական բջջայինն ունենամ, ընկերուհիս մեսիջն էսպես կսկսի. «Թորի ջան…»: Իսկ երբ YouTube-ը մեջտեղ գա, Թորին կլինի միակ երգչուհին, որի համերգային տեսագրությունները ժամերով կնայեմ ու չեմ հոգնի, երբեմն էլ կերազեմ, որ մի օր կենդանի կտեսնեմ:
- Ո՞վ է քո սիրած կատարողը:
- Ալանիս Մորիսեթը:
3 ամիս կամ ավելի առաջ, Երևան
Արդեն մեծացել եմ:
Թորիի պաշտոնական լուրերն եմ ստանում: Աշնանը` նոր ալբոմ, որին կհետևի համերգային շրջագայությունը: Ինձ նույնիսկ թույլ եմ տալիս օրերն ու վայրերը նայել, որովհետև արդեն գիտեմ, որ սեպտեմբերին Գերմանիայում, իսկ հոկտեմբերից` Նիդեռլանդներում եմ լինելու:
Ամեհարմարն Ամստերդամն է: Մի քանի օր անց նոր նամակ. Ամստերդամում երկու համերգ է լինելու: Տոմսը դեռ չեմ գնում. Եվրոպայում կլինեմ, հանգիստ սրտով էդ հարցով կզբաղվեմ:
1 ամիս ու մի քիչ առաջ, Բեռլին
Համակուրսեցիներիս հետ սեղանի շուրջ նստած քննարկում ենք, թե ինչով ենք զբաղվելու հաջորդ ամսում:
- Ուզում եմ համերգ գնալ,- հայտարարում եմ:
- Ու՞մ,- հարցնում են:
- Թորի Էյմոսի:
Շատ ուշ եմ իմանում, որ նրանցից շատերն այդ անունն առաջին անգամ են լսում:
- Տոմսն ինչքա՞ն է,- հարցնում է գերմանացի համակուրսեցիս:
- 50 եվրո:
- Թանկ է: Ո՞վ է քո սիրած կատարողը:
- Ալանիս Մորիսեթը:
Այդ երեկո մտնում եմ ինտերնետ, փորձում տոմսը գնել: Հայկական կրեդիտ քարտս չի ընդունում, իսկ գերմանական քարտովս Նիդեռլանդներում հնարավոր չէ օնլայն բանկինգ անել: Որոշում եմ սպասել մինչև Նիդեռլանդներ կհասնեմ, հոլանդական հաշիվ կունենամ:
Ուղիղ 1 ամիս առաջ
Գերմանացիների ականջից հեռու, քաշել եմ Թորիի ամբողջական ալբոմը: Ընտիր բան է: Դասական ստեղծագործությունները վերամշակել, երգեր է սարքել: Էս ալբոմից չեմ պոկվում: Ոչ մի վայրկյան: Համերգին անպայման պիտի գնամ:
"You've left your ghost
Until tomorrow
And then he must be sent
To a strange address
In the Mediterranean"
- Ո՞վ է քո սիրած կատարողը:
- Ալանիս Մորիսեթը:
8 օր առաջ, Խրոնինգեն
Հոլանդական հաշվեհամարս նոր եմ բացել: Չէ, էսպես չեղավ: Մինչև քարտս ստանամ, մինչև գերմանականից փող փոխանցեմ, համերգի օրը կգա-կանցնի: Ուրիշ բան է պետք մտածել:
Կայքից իմանում եմ, որ համերգից ութ օր առաջ կարելի է հեռախոսով տոմսեր պատվիրել: Ըհը, իսկը օրն է: Բայց տոմսեր կարելի է փնտրել նաև տուրիստական գրասենյակներում և free record shop խանութներում:
Տուրիստական գրասենյակում ինձ ասում են, որ տոմսերը վերջացել են:
- Ո՞նց,- ջղայնանում եմ,- ախր կայքը ցույց էր տալիս, որ դեռ կա:
- Սովորաբար վերջին տոմսերը պահում են համերգի օրը տոմսարկղում վաճառելու համար: Փորձեք զանգահարել նրանց:
Դուրս եմ գալիս ու համարը հավաքում: Ավտոմատ ձայնը բարբաջում է, որ իմ հեռախոսից նման զանգեր կատարել չի կարելի: Գժվում եմ: Պետք է շտապ օպերատորի խանութ գտնել ու խնդրել, որ սարքեն: Կամ էլ free record shop-ում բախտս փորձել:
- Տոմսերը վաճառվել են,- նույն պատասխանն եմ ստանում երաժշտական խանութում:
- Ո՞նց,- էլի գժված եմ: Չէ, մի բան պետք է անել:
- Կառաջարկեմ Այնտհովեն գնալ. էնտեղ էլ համերգ կա:
- Հա, ուզում եմ,- պատասխանում եմ առանց մտածելու:
Վճարում եմ մոտ 60 եվրո, ու տոմսը ձեռքիս մեջ է: Բայց տրամս էն չի: Ախր ես Ամստերդամ էի պլանավորել: Ախր բարեկամուհուս հետ արդեն պայմանավորվել էի, որ չորս օրով իր մոտ եմ լինելու: Ախր գուցե հնարավոր լիներ Ամստերդամում տոմս ճարել: Իսկ եթե չլինե՞ր: Ինչքա՞ն էի գլխիս տալու, որ ժամանակին մարդավարի էս հարցով չեմ զբաղվել: Այնտհովեն գնալով ծախսերս էլ են շատանում: Իսկ թոշակս դեռ չկա: Վերջիվերջո, հասկանում եմ, որ Թորիին տեսնելու եմ ոչ թե ութ, այլ հինգ օրից, ու որ վերջապես տեսնելու եմ, ուրախանում եմ: Սոված կմնամ, բայց Թորիին տեսնելու կգնամ:
1 օր առաջ, Խրոնինգեն
Հեծանիվ քշել եմ սովորում: Անընդհատ ընկնում եմ: Բա որ վնասվա՞ծք ստանամ ու չկարողանա՞մ համերգ գնալ:
9 ժամ առաջ, Խրոնինգեն
Հոլանդերենի դասախոսը մեզ քաղաքն է ցույց տալիս: Եղանակը լավն է: Չեմ լսում նրան: Ուշք ու միտքս Այնտհովեն գնալն է: Համակուրսեցիներիս հրավիրում է իր տուն սուրճ խմելու, իսկ ես չեմ մնա. պիտի մեկնեմ:
6 ժամ առաջ, ճանապարհ
Հազիվ եմ հասցնում գնացքին: Եթե բաց թողնեի, էլի չէի ուշանա: Բայց դե անծանոթ քաղաք է: Լավ կլինի` շուտ հասնեմ:
3 ժամ առաջ, Այնտհովեն
Սոված եմ ու չիշիկ ունեմ: Մի սենդվիչ կայարանից ճարում եմ: Սրճարանում կապուչինո կխմեմ հանուն նրանց զուգարանից օգտվելու:
Կան խելառներ, որոնք օվկիանոս են կտրում Թորիի համերգի համար: Ես էլ նույնը կանեի, եթե էդքան փող ունենայի: Ուրիշների աչքերով մի խելառ էլ ես եմ, որովհետև հանուն Թորիին տեսնելու ծախսել եմ ամսական կրթաթոշակիս մեկ տասներորդը, երկրի ծայր հյուսիսից ճամփորդել հարավ, իսկ գիշերն Աստված գիտի որտեղ եմ մնալու (եթե Ամստերդամ չհասնեմ):
Երազանքիս իրականացմանը երկու ժամից էլ պակաս ժամանակ է մնացել: Մտաբերում եմ, որ Թորին միակ կատարողն է, որին նայել եմ ուզում, անվերջ նայել:
Ես նրա երգերից փախած տարօրինակ փոքրիկ աղջիկն եմ: Թորին գիտի՞, որ strange little girl-ն այսօր դահլիճում է լինելու:
"Strange little girl, where are you going?"
Գուգոն ինձ լավ խաբեց. դահլիճն ավելի մոտ էր, քան ցույց էր տվել, իսկ ես բնազդաբար հենց այդ կարճ ճանապարհն էի ընտրել:
Չեմ գտնում: Հանգիստ, դեռ երեք ժամ ունես: Հենց մնա մի ժամ, ճանապարհը կհարցնես:
Ուսումնասիրում եմ Այնտհովենը: Նկարում եմ օդից կախված թփերը: Մի մեծ ու սիրուն ավտոբուս խանգարում է: «Ինչ-որ Թորիի ավտոբուսը լինի»,- ծիծաղում եմ:
Մի քիչ էլ առաջ եմ գնում, տեսնում լիքը խելառ, բեղ-մորուսով ռոքերների, հիպիների, փանքերի ու լիքը նման անուններով կերպարների, որոնք կանգնած են Tickets & Info գրության տակ, գարեջուր են լակում: Նայում եմ կոլայի շշիս ու ժպտում: Չլինի՞ էս է դահլիճը: Մուտք չունի: Բայց երևի այ էս մարդիկ են գալու Թորիի համերգին ու տոմս են փնտրում: Ես իմն ունեմ:
Առաջ եմ շարժվում: Չէ, դահլիճը չկա: Փողոցում քարտեզ է պատահում: Պարզվում է` շատ եմ գնացել: Ախ դու խաբլան Գուգո: Հետ եմ քայլում: Նորից նույն սիրուն ավտոբուսը, կողքի շենքի վրա էլ գրություն. Backstage entrance: Ուրեմն իսկականից Թորիինն է: Շենքի մոտով անցել եմ առանց կռահելու, որ հենց այդտեղ է համերգը լինելու: Տեսնես` Թորին ներսու՞մ է: Նա ունենու՞մ է այն meet&greet կոչեցյալներից: Դա ինչպե՞ս է կատարվում, չգիտեմ: Ես էն խելառ ֆանատներից չեմ, որ երազում են իրենց կուռքին դիպչելու մասին: Ոչ էլ ինքնագիր է պետք. ստորագրություն է, էլի: Տեսնես` քանի՞ միլիոն հատ է Թորին դրանցից բաժանել: Ոչ էլ մեռնում եմ հետը նկարվելու համար: Ուղղակի կուզեի կանգնել նրա առաջ ու ասել.
- Բարև, ես տարօրինակ փոքրիկ աղջիկն եմ: Այ տենց:
1 ժամ առաջ, Այնտհովեն
Համերգին սպասելու ժամերն ավելի դանդաղ են անցնում, քան գնացքում անցկացրած երեք ժամը:
Կես ժամ առաջ, Այնտհովեն
Տոմսս երեք անգամ թանկ վաճառեցի փռչոտ ռոքերներից մեկին և մեկնեցի Ամստերդամ:
StrangeLittleGirl
02.05.2012, 01:00
Ինտելեկտուալները
Մարիան ուշացած մտավ գրախանութ, որտեղ երկու շաբաթը մեկ ինտելեկտուալ մրցույթներ են կազմակերպվում: Այդ օրը համակուրսեցիներից ոչ ոք նրան ընկերակցելու ցանկություն չէր հայտնել, ու ստիպված էր մենակ գալ: Ստիպվա՞ծ էր: Այդ երեքշաբթիները նրա Բեռլինյան կյանքի ամենասպասված օրերն էին, ու եթե որևէ մեկը համարձակվեր հարցնել` ո՞նց չես ալարում մենակ գալ, Մարիան կարտասաներ նախօրոք պատրաստած պատասխանը. «Չեմ ուզում հերթական միայնակ երեկոն անցկացնել»:
Սեղանների շուրջ արդեն թիմերը ձևավորվել էին: Մոտեցավ խաղի կազմակերպիչ անգլուհի Բեքիին, որը դեռ նախորդ անգամվանից մի տեսակ համակրանքով էր լցվել Մարիայի հանդեպ և ուզում էր ամեն կերպ աջակցել նրա թիմին` հուշելով դժվար հարցերի պատասխանները:
- Կօգնե՞ք` որևէ թիմի միանամ,- շշնջաց:
Բեքին հերթով մոտեցավ բոլոր սեղաններին և հարցրեց.
- Խաղացողի կարիք ունե՞ք:
Չնայած երևում էր, որ շատ թիմեր ընդամենը երեք հոգուց էին բաղկացած, բոլորը քաղաքավարությամբ մերժում էին` նշելով, որ իրենց խմբի չորրորդ-հինգերորդ անդամներն ավելի ուշ են միանալու:
Բայց Բեքին հին գայլ էր ու գիտեր, թե ինչպես խնդիրը լուծել: Եվս մեկ անգամ աչքի անցկացրեց բոլոր սեղանները և նկատեց մեկը, որի շուրջը հավաքվածները նրան անծանոթ էին, իսկ դա նշանակում էր, որ առաջին անգամ էին այնտեղ:
- Ձեզ համար նոր խաղացող եմ բերել,- առարկություն չընդունող տոնով հայտարարեց և չորրորդ աթոռը մոտեցրեց սեղանին:
- Մարիա,- ներկայացավ թիմի անդամներին:
- Լիզ:
- Մայք:
- Դունյա:
- Որտեղի՞ց ես,- հարցրեց Լիզը:
- Հայ եմ:
- Աաա,- միաժամանակ արտաբերեցին Մայքն ու Լիզը: Մարիան արդեն այնքան էր ներկայացել տարբեր ազգերի, որ «աաա»-ի տոնայնությունից հասկանում էր, թե դիմացինն իր երկրի մասին ինչ գիտի: Մայքի ու Լիզի դեպքում դա նշանակում էր. «Մենք քո երկրի մասին երբևէ չենք լսել կամ էլ լսել ենք, բայց չենք հիշում: Ուղղակի չափից դուրս քաղաքավարի ենք, որ այդ մասին ասենք»:
- Մենք Իռլանդիայից ենք,- շարունակեց Լիզը` ցույց տալով իրեն ու Մայքին: Մարիան արդեն սովորել էր, որ այդ բոլոր «մենքերը» նշանակում են, որ զրուցակիցները կամ ամուսիններ են, կամ իրար հետ ապրող չամուսնացածներ: Դեռ կարճ ժամանակ առաջ ինքն իրեն հարց էր տալիս, թե տարբեր լեզուներում ինչի համար է բայը խոնարհվում նաև առաջին դեմք հոգնակի թվով, որովհետև այն գրեթե չի գործածվում: Հետո հասկացավ, որ դա նախատեսված է հատուկ նման դեպքերի համար, երբ այլ անձի հետ բնակվելու արդյունքում վերանում է Եսը, դառնում է մենք:
- Սիրում եմ ձեր մշակույթը,- ժպտաց Մարիան` քաղաքավարությամբ թաքցնելով, որ այդ «սիրում եմ»-ն իրականում նշանակում էր «գժվում եմ», որ իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկն Իռլանդիայում ապրելն էր: Իսկ Մայքն ու Լիզը նույն քաղաքավարի «Աաա»-ն արձակեցին` խոսակցությունը չշարունակելով:
- Ես Սերբիայից եմ,- ասաց Դունյան:
- Աաա,- այս անգամ Մարիայի հերթն էր, որ այս բացականչությունը նշանակում էր. «Ես ռուսերեն գիտեմ, հետևաբար սերբերեն մի քիչ հասկանում եմ, ու իմ ներկայությամբ թաքուն բաներ չես կարող խոսել»:
- Բայց երկար տարիներ Ավստրալիայում է սովորել,- շտապեց ավելացնել Լիզը` բացատրելով Դունյայի` առանց օտար առոգանության անգլերենը:
- Իսկ դու որտեղի՞ց ես,- հարցրեց Դունյան, որը չգիտես ինչպես բաց էր թողել խոսակցության այդ հատվածը:
- Հայ եմ:
- Աաա,- ու սա նշանակում էր. «Մենք էլ թուրքերին չենք սիրում»:
Սկսվեց հարցերի հաջորդ շարանը.
- Ի՞նչ ես անում Բեռլինում:
- Սովորում եմ,- ու որովհետև գիտեր հաջորդ հարցը, անմիջապես ավելացրեց,- լեզվաբանություն:
- Այսինքն դու շատ լեզուներ գիտես,- հիացած բացականչեց Մայքը:
- Հա, բայց դա կապ չունի իմ անցած լեզվաբանության հետ: Ի դեպ, ժամանակին իռլանդերեն էլ եմ փորձել: Չկարողացա, շատ դժվար էր:
- Իռլանդերե՞ն: Ինչու՞: Ավելի անիմաստ լեզու չե՞ս գտել:
- Ճիշտն ասած, ուզում էի մի լեզու սովորել, որով աշխարհում քչերն են խոսում:
- Գուցե ուելսերեն փորձեիր: Դա իռլանդերենի չափ մեռած չէ:
- Ասում ես ի՞նչ լեզուներ գիտես:
- Ռուսերեն, հոլանդերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու արաբերեն :
- Մենք մենակ անգլերեն գիտենք,- նորից այդ մենքը,- քո երկրում մայրենի լեզուն ռուսերե՞նն է:
- Չէ, հայերենը, բայց հայերեն չգիտեմ:
- Մարդ ո՞նց կարող է իր մայրենի լեզուն չիմանալ,- միասին զարմացան Լիզն ու Մայքը:
Խաղը սկսվեց: Շատ հարմար թիմ էր կազմվել. կինոների մասին Լիզն ու Մայքն ամեն ինչ գիտեին, Դունյան նկարչության, ճարտարապետության ու պատմության վարպետ էր, իսկ Մարիան երաժշտությունից ու գրականությունից էր գլուխ հանում: Թեև խաղի կեսից պարզ դարձավ, որ հաղթելու հնարավորություն չունեն, ամեն դեպքում վերջին տեղերում էլ չէին: Մայքը, Լիզն ու Մարիան պիտի որ պատասխանեին Իռլանդիային վերաբերող բոլոր հարցերին, իսկ դրանք քիչ չէին, քանի որ կազմակերպիչներից մեկն իռլանդուհի էր:
- Ե՞րբ է Իռլանդիայի անկախության օրը,- հնչեց հարցը:
Մայքն ու Լիզն իրար նայեցին:
- Մենք տենց բան ունե՞նք… երևի պիտի գրենք` նման բան չկա:
- Չէ, կա,- պնդեց Մարիան,- ուղղակի չեք տոնում: Ապրիլի 24-ին է:
- Ամոթ մեզ, չգիտեինք:
- Ես էլ չէի իմանա, եթե…
Մարիան չհասցրեց խոսքն ավարտել: Հնչեց հաջորդ հարցը:
Ընթացքում մի քիչ գրականություն.
- Ո՞ր գրքում են իրադարձությունները տեղի ունենում Դուբլինում, չնայած բազմաթիվ էջերին, քսանչորս ժամվա պատմություն է, իսկ գլխավոր հերոսի ազգանունը Բլում է:
- Սա մենք գիտենք… հեղինակն անգլիացի է,- հայտարարեց Լիզը:
- Հա, հա, Դիքենսը չէ՞ր,- հաստատեց Մայքը:
- Բայց… «Ուլիսեսը»,- գրեթե շշուկով ասաց Մարիան` վախենալով վիրավորել իռլանդացիներին:
- Հա, ճիշտ ես, «Ուլիսես»:
Ու պատասխանների թերթիկին գրեցին. «Ուլիսես», Դիքենս:
- Ջոյս,- փորձեց ուղղել Դունյան, որը նույնպես հարցի պատասխանը գիտեր,- Ջեյմս Ջոյս:
- Չէ, չէ, մենք վստահ ենք, որ Դիքենսն է:
- Վերջին հարցը,- հայտարարեց խաղավարը,- ո՞ր նախկին սովետական պետությունն է վաղն իր անկախության քսան ամյակը տոնում:
- Վաղն ամսի քսա՞նն է, թե՞ քսանմեկը,- հարցրեց Դունյան,- եթե քսանմեկն է, ուրեմն Բելիզի մասին հաստատ գիտեմ, բայց դա ի՞նչ նախկին սովետական պետություն: Համ էլ նրանցը քսանամյակ չէ: Մարիա, դու ի՞նչ կասես: Պիտի որ ավելի տեղյակ լինես:
- Գաղափար չունեմ: Նիդեռլանդներում եմ մեծացել,- արդարացավ Մարիան:
- Գրենք Ուկրաինա,- առաջարկեց Դունյան:
- Հա, հաստատ Ուկրաինան է, հիշեցի,- հաստատեց Մարիան:
StrangeLittleGirl
03.05.2012, 23:05
Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգին
Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգու կենտրոնում շրջանաձև նստած էին հինգ երիտասարդ կանայք: Նրանց շուրջը հինգ միանման մանկասայլակներ էին կանգնած, որոնց տերուտիրականներն իրենց մայրերի գրկում ուրախ ժպտում էին, մինչ հինգ երիտասարդ կանայք գերմաներեն չաչանակում էին: Շրջանի կենտրոնում սփռոց էր փռված, վրան` հյութեր ու քաղցրավենիք:
Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգու կենտրոնում շրջանաձև նստած հինգ կանանցից մի քիչ դեպի արևմուտք իրար գլխի լցված գարեջրի դատարկ շշեր կային:
Թխամաշկ տղամարդը Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» և գերմաներեն-անգլերեն բառարանը թևի տակ մտավ Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգի, քայլեց դեպի հյուսիս-արևելյան կողմը, ժակետը փռեց խոտերին, պառկեց վրան ու գիրքը բացեց:
Մարիան «Շեքսպիր և որդիներ» գրախանութի թղթե տոպրակը ձեռքին մտավ Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգին և հարմարվեց հյուսիս-արևմտյան մասում: Պայուսակը դրեց խոտերին, ծալապատիկ նստեց` զգալով առավոտվա անձրևի թացությունը, բացեց «Շեքսպիր և որդիներ» գրախանութի թղթե տոպրակը, վերցրեց Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ու սկսեց կարդալ:
Թխամաշկ տղամարդը նստեց, բառարանը բացեց, ինչ-որ բան նայեց, նորից անցավ գրքին:
Կենտրոնում նստած հինգ կանայք հյութերն ու քաղցրավենիքը հավաքեցին, սփռոցը ծալեցին, մանկիկներին դրեցին սայլակների մեջ ու հեռացան:
Երկար մազերով ու ավելի երկար մոխրագույն մորուքով բարձրահասակ տղամարդը մտավ Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգին ու նստեց արևմտյան ծայրում: Գրպանից հանեց կարմիր ու սպիտակ վանդակներով թաշկինակը, փռեց գետնին, տոպրակից դուրս բերեց ելակով տորթը, դրեց վրան և սկսեց կտոր-կտոր բերանը տանել:
Կողքի պարահրապարակից հինգ-վեց տարեկան մի աղջիկ մտավ այգի ու սկսեց խոտերը պռճոկել:
Մարիան մրսեց, պայուսակից վերնաշապիկը հանեց ու կծկվեց մեջը:
Թխամաշկ տղամարդն էջը թերթեց:
Երիտասարդ հայրիկը մանկասայլակով մտավ Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգին, մյուս ձեռքին` գարեջրի շիշ:
Թխամաշկ տղամարդը գլուխը բարձրացրեց ու նկատեց Հեսսեի գրքի հետևում կորած Մարիային:
Մարիան էջը թերթեց:
Երիտասարդ հայրիկը մի քանի պտույտ արեց և դուրս եկավ այգուց:
Սիրահարված տղան ու աղջիկը մտան Բեռլինի Պրենցլաուեր բերգ թաղամասի փոքրիկ այգին, հարավ-արևելյան մասում ծածկոց փռեցին, նստեցին ու գրկախառնվեցին:
Երկար մազերով ու ավելի երկար մոխրագույն մորուքով բարձրահասակ տղամարդը վերջացրեց ելակով տորթն ու շուրթերը լիզեց:
Մարիան գլուխը բարձրացրեց ու տեսավ գրկախառնված տղային ու աղջկան, երկար մազերով ու ավելի երկար մոխրագույն մորուքով բարձրահասակ տղամարդուն, խոտերը պռճոկող երեխային ու թխամաշկ տղամարդուն, որն այդ պահին բառարանում բառ էր նայում:
Անձրև սկսվեց:
Խոտերը պռճոկող երեխան այգուց դուրս վազեց:
Երկար մազերով ու ավելի երկար մոխրագույն մորուքով բարձրահասակ տղամարդը վանդակավոր թաշկինակը ծալեց, դրեց գրպանը, հեռացավ:
Մարիան պայուսակից հանեց դեղին անձրևանոցն ու մի ձեռքով պահեց գլխավերևում:
Սիրահարված տղան ու աղջիկը ծածկոցը հավաքեցին, իրար ձեռք բռնած հեռացան:
Թխամաշկ տղամարդը մարմնով ծածկեց գիրքը:
Անձրևը դադարեց:
Մարիան անձրևանոցը դրեց պայուսակի մեջ:
Մարիան էջը թերթեց:
Թխամաշկ տղամարդը բառարանը բացեց:
Ձեռնափայտով ծերունին մտավ Բեռլինի Պրենցլաուերբերգ թաղամասի փոքրիկ այգին ու նստեց հարավային մասուն գտնվող միակ նստարանին:
Թխամաշկ տղամարդն էջը թերթեց:
Մարիան գիրքը փակեց, դրեց «Շեքսպիր և որդիներ» գրախանութի թղթե տոպրակի մեջ, կանգնեց, պայուսակից հանեց ականջակալները, երաժշտություն միացրեց ու կամացուկ դուրս եկավ այս պատմվածքից:
Թխամաշկ տղամարդը գիրքը փակեց, ժակետը վերցրեց, կոշիկներն ուղղեց, կանգնեց ու քայլեց դեպի պատմվածքի ելքը:
StrangeLittleGirl
02.06.2012, 16:09
Ճակատիս մուրը
Անհամբեր եմ:
Խոհանոցի դատարկ շշերի անկյունից ընտրեցի մեծերից մեկը, մեջը ջուր լցրեցի ու տեղավորեցի ուսապարկիս կողքի ցանցավոր գրպանիկում. գուցե ճամփին ծարավեմ: Արդեն պատրաստ եմ, կարող եմ դուրս գալ: Բանալին պտտեցրի առաջին անգամ. չմոռանամ փակել: Երկրորդ անգամ. ապահովության համար: Ձեռքերս դողում են:
Հեծանիվով սլացա դեպի կայարան, կանգնեցրի մնացած հեծանիվների կույտի մեջ ու քայլեցի դեպի գնացքները: Քիչ մնաց. ընդամենը երեսուն րոպեից կտեսնեմ մանկության ընկերոջս` Թոմին: Անհամբե՞ր եմ: Էն էլ ոնց: Բեռլինից Էբերսվալդե մեկնող գնացքը շուտով կգա ու ինձ կտանի Թոմի մոտ: Կճանաչե՞մ նրան: Շատ էլ որ Ֆեյսբուքը կա: Տնաշենը մի նկար էլ չի դնում: Էխ, Թոմաս, առաջվա թըմբը՞լն ես մնացել, թե՞ նիհարել ես: Մազերդ էլի երկարացնու՞մ ես, թե՞ ինչ ինքդ քեզ վրա իշխանություն ունես, կտրել ես: Բեղ-մորուք պահու՞մ ես, թե՞ ամեն առավոտ պարտաճանաչ թրաշվում ես:
Գնացքը եկավ: Ըհը, նստեցի ու դեմքս հենեցի պատուհանին: Թոմին վերջին անգամ քսան տարի առաջ եմ տեսել: Հինգերորդ դասարան էինք: Ուսումնական տարին պրծավ, ու Թոմը հետ գնաց Բելգիա` պապայի մոտ: Դրանից հետո խեր-խաբար չկար: Ու հանկարծ մի շաբաթ առաջ Ֆեյսբուքով ընկերության առաջարկի հետ մի կարճ նամակ է գալիս. «Լսել եմ, որ դեռ Բեռլինում ես ապրում: Մի ամսով Էբերսվալդեում գործուղման եմ: Չհանդիպե՞նք»:
Բոլոր կանոններն ասում էին, որ Թոմը պիտի Բեռլին գար, ոչ թե ես Էբերսվալդե մեկնեի: Մինչև հիմա հին ընկերներիցս ով տարածքում հայտնվում էր, միշտ նրանք էին ինձ հյուր գալիս` հաշվի առնելով իմ` կենտրոնական տեղում գտնվելը, ու նրանց` Բեռլինը տեսնելու ցանկությունը: Բացի դրանից, Թոմն աշխարհի որ ծայրից էլ գար, անհնար էր, որ Բեռլինով չանցներ: Բայց երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, վայ-վույը կապեց թե` ես մոտդ էկողը չեմ, դու արի Էբերսվալդե: Մի քաղաք էլ լիներ: Անդուր-անհետաքրքիր, տիպիկ արևելագերմանական քաղաք էր, որտեղ միայն մի անգամ էի եղել: Արդեն չեմ էլ հիշում, թե ինչ էի կորցրել այնտեղ: Կարո՞ղ ա Վիսոցկու հետքերով էի գնացել: Ինչքան գիտեմ, ինքն էնտեղ ապրել է:
Եվ ուրեմն որոշեցի շաբաթ-կիրակիս Թոմին նվիրել: Բայց էդքան ժամանակ ի՞նչ էինք անելու: Իրար ասելիք կունենայի՞նք: Ի՞նչ իմանամ, թե ինչ մարդ է ստացվել Թոմից: Փոքր ժամանակ իրար կիսասիրահարված էինք: Դպրոցի հետևում թաքնվում էինք ու իրար նայում: Դրանից ավել բան չենք արել, լուրջ եմ ասում: Սկի իրար ձեռք չենք բռնել: Չէ, սխալ եմ ասում: Երկրորդ դասարանում իրար տրուսիկ ենք ցույց տվել, ու ես նախանձում էի Թոմին, որ արջուկներով, ոչ թե փոռիկներով տրուսիկ էր հագել: Հետո շուխուռ գցեցի, որ Թոմի տուտուզին արջուկներ կան: Կարծեմ ծնող-մնող կանչեցին, որովհետև մի անգամ դասերից հետո մամաս բացատրեց, որ տրուսիկ ցույց տալ չի կարելի:
Ի՞նչ գործ ուներ Էբերսվալդեում: Փաստորեն Թոմի մասին ոչինչ էլ չգիտեի: Էնքան մեծ էր ոգևորությունս, որ հարցեր չտվեցի. ի՞նչ մասնագիտություն ունես, ինչու՞ ես գալիս Էբերսվալդե, ավելի կարգին քաղաք չկա՞ր, վերջը հասարակածին հասա՞ր: Դեռ էն ժամանակներից միշտ ասում էր, որ հասնելու է հասարակածին ու կանգնի` մի ոտքը հյուսիսային, մյուսը` հարավային կիսագնդում:
Թոմն աշխարհագրություն շատ էր սիրում: Դասի ժամանակ միշտ մրցում էինք, թե ով ավելի շատ մայրաքաղաքներ գիտի: Երբ համոզվեցինք, որ երկուսս էլ բոլոր երկրներինը գիտենք, անցանք գետերին ու լճերին, սահմանակից պետություններին, լեռներին ու ձորերին, ծովերին ու օվկիանոսներին: Բայց էն ժամանակ Էբերսվալդեի մասին խոսե՞լ ենք: Չէ, մեզ համար Գերմանիան Բեռլինով էր սկսվում ու ավարտվում:
Ու մեկ էլ ուղեղս ծնգացրեց, որ մի բան մոռացել եմ: Ուսապարկս բացեցի, որ համոզվեմ: Հա էլի, Թոմի համար պատրաստած խորհրդանշական նվերը` էն ժամանակների մեր սիրած գիրք «Մաթիլդան», տանն եմ թողել: Ի՞նչ անեմ: Դեռ շատ չեմ հեռացել, ընդամենը մի կայարան: Որ ուզենամ, հետ կգնամ, հաջորդ ժամվա գնացքը կնստեմ: Բա որ դուրը չգա՞, որ «Մաթիլդան» եմ նվիրում: Ասի` ավելորդ սենտիմենտալություն: Կամ էլ չասի, մեջը պահի, ինձ էլ թե` վայ, շնորհակալ եմ, միշտ ուզեցել եմ «Մաթիլդայի» սեփական օրինակն ունենալ:
Գնացքը կանգնեց, ու ես ինձ դուրս գցեցի, նստեցի հակառակ ուղղությամբ շարժվողը: Հասա իմ կայարան, հեծանիվս վերցրի ու սլացա դեպի տուն: Ճամփին երևակայությանս զոռ եմ տվել: Երևի սենց էլ պետք ա լիներ: Հիմա էդ գնացքի հետ մի բան կկատարվի: Ասենք, կպայթի, ու ես կուրախանամ, որ «Մաթիլդան» մոռացել էի: Թոմը կանհանգստանա: Իսկ ես կգրեմ նրան, որ հաջորդ գնացքով եմ գալու, «Մաթիլդային» շնորհակալություն ասա: Կասի` Մաթիլդան ո՞վ է: Իսկ երբ հանդիպենք, պինդ գրկախառնվելուց հետո նրան հանձնեմ գիրքը ու բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել, կժպտա: Չէ, չգիտեմ ինչ կանի, բայց հաստատ անռեակցիա չի մնա:
Մտա տուն: Հա էլի, «Մաթիլդան» սիրուն փաթեթավորված, դրված էր սեղանին` աչքիս առաջ, որ իբր չմոռանամ: Էդ է. պայթող գնացքից փրկեց, ճակատագիր էր: Նայեցի հայելու մեջ: Ճակատիս ոչ մի բան էլ չկար գրված: Մենակ մի քիչ մուր էր քսվել. երևի գնացքի պատուհանն էնքան էլ մաքուր չէր: Որ ուզենայի, կնմանեցնեի T տառին ու կասեի` ըհը, Թոմը ճակատիս գրված է:
«Մաթիլդան» դրեցի պայուսակիս մեջ, կոմպը միացրեցի, որ Թոմին գրեմ ուշացման մասին: Ձեռքի հետ էլ լուրերը ստուգեցի: Չէ, Բեռլին-Էբերսվալդե պայթող գնացքի մասին ոչ մի տեղեկություն չկար: Երևի դեռ չեն հասցրել հաղորդել էդ մասին: Դե լավ հա, անկապ բաներ եմ մտածում: Գիրքը մոռացել էի, որովհետև անջո եմ, ոչ թե որովհետև պիտի պայթող գնացքից փրկվեի:
Դուռը փակեցի: Չեմ հիշում` բանալին մի անգամ պտտեցրի, թե երկու, թե ընդհանրապես չպտտեցրի, բայց հետ գալու ու ստուգելու ժամանակ չկար: Նստեցի հեծանիվս ու` դեպի կայարան: Այ հիմա հաստատ քիչ մնաց. կես ժամից Թոմին կտեսնեմ:
Նստեցի հաջորդ գնացքը: Դեմքս պատուհանին չհենեցի. հանկարծ նորից չմրոտվեմ, Թոմը ասի` էս փնթին ով էր: Ուսապարկս բացեցի ու նորից ստուգեցի. «Մաթիլդան» տեղում էր: Թոմը կհարցնի, թե ինչու եմ ուշացել: Արժե՞ ասել, որ գիրքը մոռացել էի: Կմտածի` ինչ անջատվածի մեկը դուրս եկավ կամ էլ` շատ էր հուզվել, որ ինձ պիտի հանդիպի: Բա էդ դեպքում ուրիշ ի՞նչ կարող եմ հորինել: Ասենք, հեծանվիս անիվը ծակվել էր կամ նախորդ գնացքը չեկավ: Իսկ գուցե ոչ մի հարց էլ չտա: Լավ, հանգիստ, քիչ մնաց:
Բայց կճանաչի՞ ինձ: Դուրը կգա՞մ: Բա որ հիասթափվի տեսքիցս, հեռվից տեսնի ու սուսուփուս հեռանա: Էշություններ եմ դուրս տալիս: Ի՞նչ պիտի լինի որ: Մենք օտար ենք իրար: Քի՞չ է պատահել, որ դպրոցական հին ընկերներիս հանդիպել եմ, ու հետները խոսելու թեմա չեմ ունեցել:
Արդեն մոտենում ենք Էբերսվալդեին: Երկու րոպեից գնացքը կկանգնի, ու կտեսնեմ Թոմին: Տոմս ստուգողը մոտեցավ: Կհասցնի՞ բոլորինը ստուգել: Ուր որ է` կայարան ենք հասնում:
...
Անթարթ նայում եմ Թոմին: Երևում է` չճանաչեց: Իսկապես, այլևս առաջվանը չեմ, շատ եմ փոխվել: Կայարան չհասած գնացքը պայթեց, ու մարմինս ցրիվ եկավ: Մենակ աչքիս թայը գտա, որը կանգ էր առել Թոմի ոտքերի մոտ: Բա հիմա ի՞նչ եմ ասելու նրան:
Իսկ Թոմը գոհունակությամբ ժպտում էր: Երբ համոզվեց, որ հայացքն իրենից չկտրող մի հատիկ աչքն իմն է, սկսեց խոսել հետս.
- Որ չասեիր` ուշ ես գալու, բախտդ կբերեր, հիմա սաղ կլինեիր: Շնորհակալություն զգուշացնելու համար:
Աչքս թարթեցի ու հարցական նայեցի Թոմին: Բացատրեց.
-Գիտես` հե՞շտ էիր մարսելու դպրոցով մեկ տրուսիկիս մասին շուխուռ անելը:
StrangeLittleGirl
05.12.2012, 15:17
Չնայած էս մեկը մի քիչ հնոտ ա, բայց նոր թեմա չբացելու համար էստեղ եմ տեղադրում: Էս էլ Ինքնագրի մրցանակին էի ներկայացրել, բայց շորթ լիսթից էն կողմ չանցա :))
Նատաշի երազանքը
Նրան փոքրուց սովորեցրել էին, որ երբ մեկը փռշտում է, անպայման ասել «առողջություն», իսկ փողոցում ծանոթ մարդ տեսնելիս անկախ ամեն ինչից բարևել, բայց չգիտեր, որ կոնֆետի թուղթը գետնին գցել չի կարելի: Նրան չէին բացատրել, որ փողոցն ամեն պատահական տեղից անցնել չի կարելի, որ կարմիր ու կանաչ մարդուկները հենց էնպես չեն իրար փոխարինում:
Անունը Նատաշա էր, որովհետև խոպանչի հայրը Ռուսաստաններում էդ անունով սիրուհի էր ունեցել ու որոշել էր, որ եթե աղջիկ ունենա, անպայման պիտի Նատաշա լինի, չնայած դժվարանում էր ասել՝ ատում էր էդ անունը, թե ոչ: Ու էնպես էղավ, որ Նատաշան էնքան ռուսի նման ստացվեց, որ ամոթ կլիներ՝ հայ մեծանար: Միամիտ մարդիկ կասեն՝ տելեգոնիա. հոր էն սիրուհու գեներն են, իսկ մի քիչ բանից տեղյակները կհարցնեն՝ էդ ո՞նց վեց ամսական ծնվեց:
Որպեսզի աղջիկն անվանն ու արտաքինին համահունչ լինի, Մայրաքաղաքից հարս եկած մորական կողմի տատը փոքրուց հետը ռուսերեն էր խոսում. ձեռի հետ էլ լեզու կիմանա, ինտելիգենտ տատին կքաշի:
Մինչև տասնյոթ տարեկան դուրս չէր եկել իր հայրենի Տալիսեմ քաղաքից, որտեղ սովորել էր չլինել այնտեղ, որտեղ շատ տղաներ կան հավաքված, առանց հսկողության տնից բացակայել միայն դպրոց ու պապայի համար սիգարետ առնելու գնալիս (մնացած գնումները մայրն էր անում), իսկ դասարանի քեֆերին մասնակցել եղբոր ուղեկցությամբ: Դիսկոներ ու սրճարաններ հաճախելու հարցը չէր քննարկվում, որովհետև Տալիսեմում նման բաներ չկային, ու Նատաշան դրանց մասին լսում էր իր ավագ զարմուհիներից, որոնք արձակուրդին վերադառնում էին Մայրաքաղաքից ու զարմանահրաշ բաներ պատմում այնտեղի գիշերային կայֆերի մասին՝ բաց թողելով խիստ ինտիմ մանրամասներ, որոնք Նատաշան շատ ավելի ուշ պիտի կռահեր Մայրաքաղաքում հայտնվելուց հետո:
Էդ ժամանակներում մոդա էր, որ սաղ պիտի բարձրագույն կրթություն ստանային՝ անկախ նրանից, թե քանի տարի էին դպրոց գնացել, իսկ քանի որ Նատաշան Տալիսեմի թիվ հինգ միջնակարգ դպրոցի պարծանքն էր, կասկած չկար, որ համալսարան ընդունվելու գոնե փորձ պիտի աներ: Ինչ խոսք, չուզողները շատ էին. «Չես կարա, սաղ փողով ա», «Էդ քո խելքի բանը չի», բայց Նատաշան դրանից ավելի էր ոգևորվում, ավելի շատ վիզ դնում, գիշերները չքնելու ժամերը կտրուկ ավելացնում ու գրքերի վրա էնքան քրտնում, որ հետո ստիպված էր լինում չորացնել. նախապես գծած ծրագիր ուներ. համալսարան, աշխատանք, ամուսնանալ, ընտանիք, էրեխեք, ու հիմա մոտենում էր առաջին կետին: Նրան քաջալերում էր հայերենի դասատուն, որն ամենաշատն էր հպարտանում Նատաշայով. որոշ չափով ռուսախոս աղջիկը հայրենասիրական գրագետ շարադրություններ էր գրում, դեռ օլիմպիադաների էլ մասնակցում:
Վերջը հասավ նվիրական օրը, ու մամայի հետ եկավ Մայրաքաղաք, հանձնեց քննություններն ու ընդունվեց: Մաման թողեց-վերադարձավ Տալիսեմ, ու Նատաշան Մայրաքաղաքում մենակ մնաց: Առաջին անգամ էր էդ մեծ ու անծանոթ գժանոցում, որտեղ մութն ընկնելուց հետո էլ փողոցները մարդաշատ էին, որտեղ պետք էր հետևել կարմիր-կանաչ մարդուկներին, որտեղ կոնֆետի թուղթը գետնին գցելիս հանկարծ առաջը կկանգներ պլակատով մի ջահել, վրան գրած՝ տեր կանգնենք մեր քաղաքին, որտեղ շնչելու օդ չկար, ու երեկոյան ստից քամու տակ զբոսնելը կոչվում էր մաքուր օդին դուրս գալ: Կար նաև համալսարանը՝ բազմաթիվ, տարբեր բարբառներով խոսող անծանոթ համակուրսեցիներով, անհավես, բայց երբեմն՝ ուսանողի հետ «Դուքով» խոսող դասախոսներով ու անընդհատ ականջների տակ բզզացող դեկանատից եկող «Հանկարծ դասերից չբացակայեք, չուշանաք, շենքի տարածքում չծխեք, դասի ժամանակ հեռախոսներն անջատեք» հրահանգներով:
Դասընկերների հետ ծանոթանալիս հպարտությամբ հայտարարում էր, որ ինքը տալիսեմցի Նատաշան է: Նրա ծննդավայրի մասին լսելիս տղաները քթների տակ ծիծաղում էին, իսկ Նատաշան վիրավորվում էր՝ մտածելով, որ իրեն գավառացու տեղ են դնում: Մի քանի անգամ նույնիսկ ոչ բարեհունչ արտահայտություններ և առաջարկություններ են արել, որոնց Նատաշան սկզբում արձագանքել է բուռն՝ լսարանից փախչելով ու աղջիկների զուգարանում լացելով, իսկ հետո, երբ արդեն հասկացել է բանն ինչում է, տղաների հետ ծիծաղել է ու ինքը սկսել անեկդոտներ պատմել. «Տալիսեմցի աղջկան ասում ես՝ նստի, պառկում ա»:
Նատաշան համալսարանում մի ընկերուհի ձեռք բերեց, որը Մայրաքաղաքում ծնված-մեծացած լկստված աղջիկ էր: Գլխի չափ ծամոնը ճպճպացնելով, ճղած ջինսերով, կիթառ-բանով էր շրջում, ծխում-խմում էր, ամեն երրորդ բառն անգլերեն հայհոյանք էր, ձեռ էր առնում մարզերից էկած համակուրսեցիներին՝ բոլորին անվանելով գեղացի, բայց եսիմ ոնց մոտիկացել էր Նատաշայի հետ: Անունը Շելլի էր:
- Շելի,- կրկնեց Նատաշան, որ չմոռանա:
- Fuck! Դու էլ չես կարում ասես: Շել-լի,- ուղղեց,- էրկու լ-ով:
Շելլիի ոչ հայեցի անունն իր ռոքերական շրջապատից էր մնացել, որտեղ պարտադիր բոլորը մականուններ էին ընտրում ու պարտադիր անգլերեն: «Ռոքի լեզուն անգլերենն ա»,- ասում էին նրանք:
Շելլին նեղվում էր, որ Նատաշայի մոտ անգլերեն արտահայտությունները չէին անցնում: Համ էլ մասնագիտության համար պետք էր: Զարմանում էր՝ ոնց էր ընդունվել, որ անգլերեն բան չէր հասկանում: Դրա համար հա հորդորում էր, թե՝ գնա, անգլերեն սովորի, քեզ պետք ա, բայց Նատաշան հա ականջի հետև էր գցում:
Երբ Շելլին համոզվեց, որ Նատաշան կյանքից շատ է հետ մնացել, որոշեց մի բարի գործ անել ու էդ բացը լրացնել: Տարավ Քաղաքի հին մասը, ցույց տվեց 19-րդ դարից մնացած շենքերը: Նատաշային դուր չեկավ. ինքն իր գյուղի կիսաքանդ (կամ էլ կիսակառույց, ում ոնց հարմար ա) տներն էր ուզում: Տարավ ռոք համերգ: Նատաշան կեսից փախավ. ինքը Ռազմիկ Ամյան էր լսում՝ սրտիկը քարացել է: Ծնունդին Ռեմարկ նվիրեց: Հետո իմացավ, որ Նատաշայի սիրած գիրքը Դեկամերոնն էր, բայց էդպես էլ հանելուկ մնաց. կարդացե՞լ էր արդյոք:
Շելլին ներվայնանում էր իր ու Նատաշայի սարուձոր տարբերություններից, բայց արդեն ուշ էր. հետը մոտիկացել էր: Ճարահատյալ փողոցն անցնել սովորեցրեց ու բացատրեց, որ եթե ուզում է, որ պլակատով տղան հետևից չգա, պետք է կոնֆետի թուղթն աղբամանը նետել: Իսկ երբ տարավ խմելու, պարզվեց, որ Նատաշան իրենից բեթար ալկաշ է. Շելլին գարեջուր խմեց, ընկերուհին՝ օղի:
Հետո, երբ մեկը մյուսի հետևից արտասահման գնալու առիթներ բացվեցին, Շելլին առաջին շարքերում էր, ու Նատաշան գիտեր, որ մտերիմ ընկերուհին տարվա մի քանի ամիսը բացակայում էր երկրից, բայց թե որտեղ էր լինում, դժվարանում էր ասել: Նրա համար աշխարհը պուճուր էր: Մինչև համալսարանում սովորելը գիտեր՝ Տալիսեմն է, դրանից մի քիչ հեռու էլ Մայրաքաղաք կոչվող առեղծվածային վայրը: Մեկ էլ լսել էր Ռուսաստանների մասին, որտեղից հայրը պարբերաբար փող էր ուղարկում, իսկ տարին երկու անգամ ինքն էր գալիս: Չնայած աղջկա թախանձագին խնդրանքներին, էդպես էլ հայրը նրան չտարավ աշխարհ ցույց տալու: Նատաշայի իմացած մնացած աշխարհագրությունը լրիվ տեսական էր: Դպրոցում անցել էր, որ ինչ-որ տեղ Ամերիկա կա, էն էլ մի օր մեջը կասկած մտավ, երբ պապը լուրերը նայելուց հետո հայտարարեց.
- Բալա ջան, էդ Ամերիկա, բան-ման, սաղ սուտ են: Էս երկրի ջոջերը հորինել են, որ մեզ խաբած պահեն:
Մեկ էլ գիտեր, որ ինչ-որ Պոլշա կամ Գերմանիա կամ Վենգրիա կան, բայց դրանք օգտագործում էր որպես հոմանիշներ, ու երբ նրան հարցնում էին, թե Շելլին ու՞ր է կորել, պատասխանում էր՝ Պոլշայում ա կամ Գերմանիայում ա կամ Վենգրիայում ա՝ մի վայրկյան անգամ չկասկածելով, որ Շելլին Ֆրանսիայում էր կամ Իսպանիայում կամ Իտալիայում:
Երրորդ կուրսում հանկարծ Նատաշան սկսեց դասի գալ աչքերը վարդագույն քսած: Շելլին, որն այլևս անգլերեն չէր հայհոյում, ձեռ առավ.
- Լսի, ոնց որ գիշերը քնած չլինես:
- Տի շտո, բա չքսվե՞մ:
Նրան ասել էին, որ կինը պիտի քսվի, իսկ հեռուստացույցով մի հայտնի երգչուհի հայտարարել էր, որ նաև պիտի խնամված լինի: Չէր կարողացել պարզել, թե էդ խնամվածությունն ինչ գույն ու դոզա ունի:
Հենց էդ չարաբաստիկ երրորդ կուրսում էր, երբ տալիսեմցի մի աղջիկ Նատաշային համոզեց, որ խնամված լինելու համար թևերի վրայի գրեթե անտեսանելի բաց դեղին մազերը թրաշի ու աննշան բեղերը պռճոկի: Իսկ էդ աղջիկն իսկական փռչոտ, բեղ-մորուսով յաման տալիսեմցի էր: Ուսանողական տարիներին տղա չեղավ, որ չկպցնի, իսկ վերջին կուրսում ջահել դասախոսներից մեկի հետ ամուսնացավ, էրեխա ունեցավ, թե՞ էրեխա ունեցավ, հետո ամուսնացավ:
Նատաշան մինչև համալսարանն ավարտելն էլ բացի մազ հանելու սովորությունից ուրիշ ոչնչով չնմանվեց իր համաքաղաքացի աղջիկներին: Չնայած տղաների հետ ասում-խոսում-ծիծաղում էր, մինչև վերջ էլ որևէ մեկի հետ չհամբուրվեց: Չէ, ի՞նչ եմ ասում: Սկի ձեռ-բան չբռնեց կամ նույնիսկ ժամադրության չգնաց:
Համալսարանն ավարտելուց հետո Նատաշան գործ ճարեց ու սկսեց էշի նման աշխատել: Գիտեր, որ էդպես է աղջկա բանը: Գնար Տալիսեմ, էլի պիտի էշի նման չլվեր, բայց տունը ռեմոնտ անելով, հետո էլ մամային օգնելով, որովհետև մեծ ախպորն ամուսնացնում էին: Իսկ դա իր դիպլոմի հետ հեչ սազական չէր:
Բայց Նատաշային գործի տեղը սիրում էին. հիմնական աշխատանքից բացի սաղի համար ճաշ էր սարքում, կերակրում, հավաքում, լվանում: Մի խոսքով, իսկական տուն տանելու աղջիկ: Ու քսաներկու տարեկանում վերջապես հասկացավ, որ ամեն դեպքում արժե որևէ մեկի տուն գնալ: Ո՞վ էր ամենալավ թեկնածուն: Բռնեց, սկսեց գործի տեղի արաբ Համիդի հետ հայացքներ փոխանակել: Համիդը Սիրիայից էր, ու Նատաշայի քարտեզի վրա Ռուսաստանների կողքին ավելացավ ևս մեկ նվիրական պետություն: Էս ամեն ինչը պատմեց Շելլիին, որը նույն տեղում, բայց կողքի սենյակում էր աշխատում, Համիդին շատ լավ (չէ, շաաաաաաատ լավ) ճանաչում էր: Սա ծիծաղեց ու մտքի մեջ ասեց. «Խե˜ղճ Նատաշա: Քսաներկու տարեկանում տղամարդկանց հետ նենց ես, ոնց որ ես տասներկու տարեկանում էի», իսկ բարձրաձայն պատասխանեց.
- Բայց հեչ տալիսեմցու նման չես է… դու էն ասա՝ մուսուլմա՞ն ա:
Ստեղ Նատաշան հասկացավ, որ էնքան էլ լավ բան չի, որ ադաթավոր քրիստոնյա հայ ընտանիքի աղջիկը մուսուլմանի տուն հարս գնա, պատասխանեց.
- Յա նե զնայու, չեմ հարցրել:
- Դե ուրեմն կստուգես թլպատված ա, թե չէ,- ու Նատաշայի ձեռը մի բան դրեց,- առ, պետք կգա:
Բայց երբ բանը հասավ դրան, իսկ ավելի ճիշտ՝ Նատաշան հասավ բանին կամ բանը հասավ Նատաշային, լրիվ մոռացավ դրա մասին, ու քսաներկու տարի քնած տալիսեմցու բնազդը ոտքի ելավ: Թքած ուներ Համիդը մուսուլման է, թե չէ: Թքած ուներ, որ ջարդած անգլերենով հազիվ մի երկու բառ էր փոխանակում հետը, իսկ սեքսի բառապաշար ընդհանրապես չէր հավաքել: Թքած ուներ, թե ինչ կմտածեին ծնողներն այլազգի փեսա ունենալու մասին: Հազիվ հասցրեց մի հայացքով գնահատել Համիդի մազակալումը հասկանալու համար, որ միջին սեռական կոնստիտուցիայի է, որ էդ հեչ էլ վատ չի հիպերսեքսուալ տալիսեմցու համար: Համիդը թքած ուներ ամեն ինչի վրա:
Մի անգամ էլ թունդ պաչպչոցի ժամանակ, երբ Նատաշան Համիդին էր ուզում, իսկ Համիդի ուզել-չուզելը մատնում էր ցցված փինըսը (Շելլին տենց էր ասում), որին վայրկյաններ անց ազատեց ներքնաշորի սեղմող կապանքներից, դեմ տվեց Նատաշային.
- Suck it.
Նատաշայի աղքատիկ անգլերենն էդ բառը չգտավ ուղեղի մեջ: Համիդը երևի հասկացավ, որ Նատաշային չհասավ: Դրա համար մեղմացրեց պահանջը.
- Kiss it.
Տարիներ անցան: Շելլին մայրաքաղաքից գնացել էր էն նույն Ամերիկան, որի գոյությունը կասկածի տակ էր առել Նատաշան: Ընկերուհիները չէին կարողանում իրար հետ շփվել, որովհետև Նատաշան Ֆեյսբուք-մեյսբուք չգիտեր, իսկ Շելլին ուրիշ բանի հավես չուներ: Դրա համար չիմացավ, որ Նատաշան վերջը ամուսնացավ Համիդի հետ, բայց Սիրիա չգնաց. հաշտ ու խաղաղ, երջանիկ ապրում էին Մայրաքաղաքում, երեխաներ ունենում: Երբ լիքը-լիքը տարիներ անց վերադարձավ, տեսավ Նատաշային, որն արդեն իր պես սպիտակ երեք երեխա ուներ: Ավագը դպրոցում էր, կրտսերը՝ գրկին, իսկ միջնեկը՝ Ֆատիման վազվզում էր: Շելլին մոտեցավ ու փորձեց հետը շփվել.
- Արջուկդ կտա՞ս խաղամ:
Ֆատիման վազեց մոր մոտ.
- Mummy, mummy, what does she say?
StrangeLittleGirl
07.01.2013, 05:46
iRegion (http://iregion.org/)-ի հատուկ մրցանակ ստացած պատմվածք
Կատվի գրաֆիկը
1. Գրաֆիկայնացում
Առաջին օրը թեզի ղեկավարը մի գրաֆիկ տվեց, ասաց՝ կլրացնես: Օրերը բաժանված էին քսան րոպեանոց ինտերվալների: Ասաց՝ ամեն քսան րոպեն կներկես: Կարմիրը գրելն էր, կապույտը՝ կարդալը, կանաչը՝ խմբագրելը: Ասաց՝ գրանցիր, որ ինքդ տեսնես, թե ամեն օր ինչքան ժամանակ ես թեզիդ տրամադրում: Ասաց՝ ձգտիր էնպես անել, որ հավասար լինի, ոչ թե մի օր ոչինչ չանես, մի օր հինգ ժամ աշխատես:
Վերցրեց թուղթն ու սկսեց հաշվել: Հաշվեց, թե ինչքան էր կոմպի մոտ նստած գրում (սոցիալական ցանցերը հանեց հաշվարկից): Հաշվեց, թե քանի րոպե էր գրադարանում կարդում, հոդվածներ ու գրքեր քչփորում, նշումներ անում: Հաշվեց ու ներկեց: Գունավոր սիրուն-սիրուն սյունակներ ստացվեցին:
Գաղափարը դուրը եկավ, ու որոշեց կյանքի մյուս ոլորտների համար էլ կիրառել: Նույն թղթից մի քանի հատ տպեց: Սկսեց հաշվել, թե օրը քանի րոպե է գրում: Հաշվեց բլոգում գրառումներ կատարելը: Հաշվեց պատմվածքները: Ու էս տեքստս էլ հաշվարկի մեջ ներառեց: Հետո անցավ գիրք կարդալը գրանցելուն: Հաշվեց, թե քանի ժամ է գնացքում կարդում: Հաշվեց, թե պառկած ժամանակ քանի րոպե է հոգնած նայում գրքի էջերին՝ մինչև աչքերը կփակվեն: Սկսեց հաշվել նաև Ֆեյսբուք մտնելու ժամերը: Ու սկսեց խաբել: Թեզին տրամադրած ամեն տասնհինգ րոպեն կլորացնում, քսան էր սարքում: Ֆեյսբուքում անցկացրած ամեն կես ժամը կլորացնում, քսան էր սարքում:
Երբ նկատեց, որ հայերենը մոռանում է, սկսեց հաշվել նաև հայերեն խոսելու ժամանակը: Սյունակները գնալով կարճանում էին, բայց մի վանդակից պակաս չէին դառնում, որովհետև անգամ երեք րոպեի համար մի ամբողջ քսան րոպեանոց վանդակ էր ներկում: Սկսեց ընդգրկել նաև Ֆեյսբուքում հայերեն ստատուս գրելը, հայերեն մեկնաբանություն թողնելը, հետո նաև՝ հայերեն մտածելը, հայերեն երազ տեսնելը, լողանալիս հայերեն երգելը, փողոցում հայերեն հայհոյելը (հետո ի՞նչ, որ հայ աղջկան սազական չէ): Բայց էլի օրը մի վանդակից չէր անցնում: Մի օր դա էլ էր նվազելու ու անհետանար:
2. Հայերենի խնդրի լուծումը
Հաշվելով բոլոր գրաֆիկների սյունակները՝ հասկացավ, որ ամեն ինչ կարգին է, բացի հայերենից: Նրան սազական չէր մայրենի լեզուն մոռանալը: Բա որ հետ գնար Հայաստան, ո՞նց էր խոսելու: Մաման ի՞նչ կասեր, ի՞նչ կասեր հայերենի դասատուն ֆեյսբուքահայությունն ի՞նչ կասեր: Բլոգնյուզում էլ հաստատ անստորագիր հոդված կհայտնվեր, խայտառակ կանեին, դեռ ազգի դավաճան էլ կհանեին: Ամոթ էր, հազար ամոթ: Դրա համար պետք էր ժամանակին հայերենի սյունակը երկարացնել:
Երկար-բարակ մտորեց, ինտերնետը փորփրեց, գտավ Արշակին: Գերմանիայում էր ծնվել, հայ ծնողներ ուներ: Հետները հայերեն էր խոսում, բայց որովհետև կրթությունը գերմանական էր, գերմանացիների հետ էր շփվում, հայերենը շատ հետ էր մնացել: Դրա համար մարդ էր ման գալիս, որը կօգներ հայերենը լավացնի՝ փոխարենը խոստանալով գերմաներեն սովորեցնել: Նանեն կարդաց հայտարարությունն ու անմիջապես գրեց Արշակին:
Սկսեցին շաբաթը մեկ հանդիպել, ու գրաֆիկի մեջ ամեն երկուշաբթի վեց վանդականոց մի երկար սյուն գոյացավ՝ ազդարարելով, որ Նանեն երկու ժամ հայերեն է խոսել: Եթե դասախոսին լսեր, պիտի էդ երկու ժամը բաժաներ ամբողջ շաբաթվա մեջ՝ օրը քսան րոպե սարքելով: Բայց Արշակին ամեն օր քսան րոպեով տեսնելը խելագարություն էր. առանց էդ էլ ամեն երկուշաբթի երկու ժամ կորում էր հասարակական տրանսպորտում: Բացի դրանից, դասախոսին մեղմ ասած չէր հետաքրքրում, թե Նանեն ինչքան է տառապում մայրենի լեզուն փրկելու համար:
3. Առաջին հանդիպումը
Իրար դեմքով չէին ճանաչում, բայց դժվար չէր Ալեքսանդերպլացի ժամացույցի մոտ հավաքված բազմաթիվ դեմքերի միջից հայկականը զանազանելը. Արշակը սև աչք-ունքով, պարանոցին՝ խաչ, որ թուրքերից տարբերվի: Նանեն անմիջապես մոտեցավ, ձեռքը սեղմեց ու ներկայացավ: Արշակը գերմաներեն խոսեց: Չհասկացավ: Անցավ անգլերենի: Հետո հայերենի: Իրականում ամբողջ երկու ժամվա մեկ ժամ հիսուն րոպեն հայերեն խոսեցին, ինը՝ անգլերեն, իսկ գերմաներենին տրամադրվեց ընդամենը մի րոպե:
- Չես ասում գերմաներեն չսովորացրիմ:
- Ինձ ավելի հաճելի ա հայերեն սովորացնելը, քան գերմաներեն սովորելը:
«Ու հայերենը չմոռանալը»,- մտքի մեջ ավելացրեց Նանեն:
Արշակը Նանեին մինչև գնացք ուղեկցեց:
- Հայերը հաջող անելուց պաչու՞մ են,- հարցրեց Արշակը, բայց գերմանական ձևով գրկեց:
Հայկական պաչիկը գիտե՞ք, երբ երկու հոգու այտեր անկապ քսվում են իրար, բայց օդում հնչում է շրթունքների ճպպոցը: Էդպես էլ գերմանական գրկախառնությունն է. թևերը տարածում են, թեթևակի հպվում իրար ու անունը դնում, որ գրկեցին:
Տուն գնալու ճամփին Նանեն մտածեց, թե ինչ կարող է լինել մարդու լեզվի հետ: Արշակը հաստատ օրը քսան րոպեից երկար էր հայերեն խոսում, բայց ուժեղ գերմանական առոգանություն ուներ, իսկ բառապաշարն էլ լրիվ մանկական էր: Քերականական սխալների մասին չէր էլ ուզում մտածել, որովհետև ամեն վայրկյան ուղղում էր դրանք՝ վստահ չլինելով, որ այլևս չի կրկնի: Մտածում էր՝ իրե՞ն էլ է նույնը սպասվում, եթե գնալով կրճատվեն հայերեն խոսելու րոպեները: Մտածում էր՝ շաբաթը երկու ժամը հերի՞ք էր, թե՞ ուրիշ լուծում էլ պիտի գտներ խայտառակությունից փրկվելու համար:
4. Լրիվ ուրիշ լուծում
Նանեի ու Արշակի դասերը պարբերաբար դարձան: Երկրորդ հանդիպումից սկսած գրկախառնվում էին գերմանական ձևով, բայց հայկական սրտով, իսկ ավելի ճիշտ՝ գնալով ավելի երկար էր Արշակը Նանեին իր գրկում պահում: Զբոսնում էին այգիներում: Արշակը սիրում էր տեղի-անտեղի Նանեին բզել, նայում էր ուղիղ աչքերի մեջ ու ժպտում: Զրուցում էին տարբեր թեմաներով՝ սկսած առողջ ապրելակերպից, վերջացրած իրենց տեսած վերջին կինոներով ու հայ ազգի փայլուն ապագայով:
Նանեն սկսեց առանձին գրաֆիկ պահել, թե քանի րոպե է Արշակն իրենով հետաքրքվելու նշաններ ցույց տալիս: Եթե բոլոր ակնթարթները գումարեր, ամեն հանդիպման ընթացքում հազիվ մի րոպե տևեր՝ ավելացրած բարևի ու հաջողի տասնհինգ վայրկյանանոց գրկախառնությունները: Ամբողջն իրար հետ մեկուկես րոպե: Բայց Նանեն ամեն անգամ քսան րոպեանոց վանդակ էր ներկում: Ներկում էր նաև, երբ Ֆեյսբուքով որևէ կոմպլիմենտ էր ուղարկում կամ ստատուս էր լայքում: Ներկում էր, երբ էս-էմ-էս էր ստանում՝ անկախ բովանդակությունից:
Արշակը բանավոր խոսքի մեջ էլ սկսեց հետաքրքրվելու նշաններ մտցրեց: Դրանք նույնպես գրանցվեցին:
- Դպրոցից պատմի,- մի անգամ ասաց:
- Ի՞նչ պատմեմ: Դպրոցս չեմ սիրել: Վատն էին մեր դասարանի տղաները: Գրատախտակի բարձիկը վերցնում էին, սեղմում դեմքիս, մինչև ուշքս գնում էր, ընկնում էի:
- Ի՞նչ: Չհասկացա:
Պետք էր ավելի պարզ բացատրել:
- Գիտե՞ս գրատախտակն ինչ ա:
- Հա, թաֆել:
- Չէ, բլեքբորդ:
- Հա՜:
- Գրատախտակին գրում ես չոքով:
- Ահա:
- Then you wipe with a բարձիկ:
- Ա՜:
- Այ էդ բարձիկը սեղմում էին դեմքիս: Til I lost consciousness.
Լռություն: Հետո.
- Էնտեղ լինեի, քեզ կպաշտպանեի:
Նանեն ոտքից գլուխ չափեց Արշակին ու մտածեց, որ լավ է՝ էնտեղ չի եղել, որովհետև իրենց դասարանի ջան ու ջանդակով տղաները մի վայրկյանում կսատկացնեին նրան:
Նրան հաճելի էր Արշակի տարվածությունը, բայց մեղքը գալիս էր, որովհետև գիտեր, որ եթե նույնիսկ Աստված վերևից իջներ, ասեր՝ սիրիր Արշակին, չէր սիրի:
5. Ինչու՞ տենց որ
Արշակը Նանեից հինգ տարով փոքր էր: Ասենք, տարիքի հետ խնդիր չուներ: Բայց փոքր-փոքր էր, խելքը չէր հասունացել, ու հաճախ ներվայնանում էր, երբ ստիպված էր լինում մամայավարի բացատրել, որ հայերենն աշխարհի ամենահին լեզուն չէ, ու որ բոլոր ժողովուրդները բնավ հայերից չեն առաջացել: Էն էլ չիմացավ՝ համոզվե՞ց, թե՞ շարունակեց էդպես միամիտ մնալ:
Հենց անգլերեն որևէ բառ էր ասում, դասատուավարի գոռում էր Նանեն.
- Հայերե՛ն:
Վախենում էր Նանեի խիստ հայացքներից, միանգամից անցնում էր հայերենի, նույնիսկ եթե քննարկվող թեման այնքան բարդ էր, որ հայերենի բառապաշարը չէր հերիքում արտահայտվելու համար:
Արշակը հայերեն տառերը չգիտեր, հետևաբար չէր կարող Նանեի գրածները կարդալ, հետևաբար Նանեն չէր կարող նրա մասին գրել: Իսկ Նանեն երազում էր, որ մի օր բլոգի գրառումների մի մասը կձոնի սիրած մարդուն:
Արշակը համոզված էր, որ հայերը ընտրյալ ազգ են, իսկ Նանեն գտնում էր, որ աշխարհի մնացած ազգերի պես են՝ ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը: Ու կռիվ էր դառնում: Ջղայնացած ժամանակ Նանեն կհարցներ.
- Էդ մի հիմարությունը որտե՞ղ ես կարդացել:
Արշակը կարդալուն դեմ չէր, եթե նյութն ինտերնետի հանրամատչելի հակագիտական աղբն էր: Փորձում էր մինչև հոգու խորքը իր կարծիքի ճշմարտացիության մեջ համոզված Նանեին դասեր տալ՝ վկայակոչելով խիստ կասկածելի աղբյուրներ: Ինչ-որ տեղ էլ կարդացել էր, որ դեղերը չարիք են մարդկության համար, ու դրանք պետք է միայն անհետաձգելի դեպքերում օգտագործել: Նանեն կռիվ արեց ու մի կերպ համոզեց, որ անհետաձգելի դեպքից չէ, որ դեղեր է խմում, որ պոչը չաճի: Մի ուրիշ տեղ էլ Արշակը կարդացել էր, որ բանջարեղենն ու մրգերը ռադիոակտիվ նյութեր են պարունակում, անցել էր բացարձակ մսակերության: Այդ մասին լսելուց հետո Նանեն սկսեց վախենալ. ի՞նչ իմանաս՝ մի տեղ չի կարդա, որ մարդակերությունն օգտակար է:
Ջղային ու հակառակ կարծիքներ հայտնելով չէր ուզում նեղացնել Արշակին, բայց ոչ էլ ուզում էր, որ նրա հետաքրքրվածությունը պակասեր: Իսկ ամենից շատ չէր ուզում նրա հետ համաձայնել:
Արշակը չգիտեր Կաֆկան ով էր: Նանեն սկսեց մանրամասն բացատրել. մարդ ես, գուցե անունը մոռացել է: Չէ, ոչ մի զանգակ չզնգաց նրա ուղեղում: Իսկ հետո Արշակը հպարտությամբ հայտարարեց, որ գիրք կարդալ չի սիրում, որ դա ժամանակի ավելորդ կորուստ է: Հենց էդ պահին էր, որ Նանեն համոզվեց՝ Արշակին մոտիկ չի թողնելու:
6. Ինչպես բանը բանից անցավ
Մի օր Նանեին կինո հրավիրեց: Չգնաց: Սուրճ խմելու հրավիրեց: Չգնաց: Համերգ հրավիրեց: Չգնաց:
- Բա ու՞ր գնանք:
- Այգի,- ծիծաղեց, ու դասերը շարունակվեցին այգում, որտեղ ավելի հաճախ սկսեց Նանեին գրկել, իսկ նա չէր դիմադրում: Ու սյունակները գնալով ավելի ու ավելի էին երկարում:
- Ի՞նչ կենդանի ես սիրում,- մի օր հարցրեց:
- Կատու:
- I hate cats.
- Հայերե՛ն:
- Կատուներ չեմ սիրում:
- Why?
- Իրանք նայում են քեզ, որ հաց տաս, բայց եթե մի վատ բան անես, revenge են վերցնում:
- Վրեժ:
- Ինչու՞ ես կատու սիրում:
- Լավն են: Չենթարկվող, ազատ, չես կարող վզկապ հագցնել, փողոց դուրս գալ:
- Բայց դա լա՞վ ա: Շունի հետ կարաս դուրս գաս: Շունը չի գնա քեզնից:
- Շունի չէ, շան: Դրա լավը ո՞րն ա: Անհետաքրքիր, հավատարիմ: Ինչ էլ անես, քեզ կսիրի: Պետք չի, որ իրա սերը վաստակես:
- Էդ լավ ա:
- Լա՞վ ա: Կուզեի՞ր, որ մարդիկ էլ տենց լինեին. ենթարկվող, կանխատեսելի: Ում սիրեիր, ինքն էլ միանգամից քեզ սիրեր:
- Բայց դրանք մարդիկներ չեն:
- Մարդիկ: Կապ չունի:
- Կենդանին ուրիշ ա:
- Ուրիշ չի:
Նկատեց, որ հերթական վեճը պարտվում է, բայց մի վերջին ճիգ գործադրեց:
- Կատուի ձայնը չեմ սիրում:
- Մլավո՞ցը:
Նանեն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց հայերեն բառը չգտավ: Դեղն էլ մոռացել էր խմել:
- Մյաու:
- Վա՜յ:
- Սա՞ չես սիրում: Մյաու:
- Որ լսում եմ, ուզում եմ փախնեմ:
- Մյաու:
- Հերիք ա,- ականջները բռնում է:
- Նմա՞ն եմ կատվի: Մյաու: Էնքան կմլավեմ, որ կգնաս:
- Չէ, չէ, չէ:
- Մյաու, մյաու, մյաու:
- Տհաճ ա էս ձայնը:
- Մյաու, մյաու:
- Let’s change the subject.
- Մյաու:
- Please.
- Մյաու, մյաու,- Նանեն մլավելու գրաֆիկ էլ ուներ:
Նայեց Արշակի աղերսող հայացքին: Նայեց նրա սիրահարված դեմքին: Նայեց ուղիղ աչքերի մեջ: Երևի սիրտը թպրտում էր: Նանեինն էլ: Էստեղ միայն համբույրն էր պակասում: Մոտեցավ ու գրկեց: Նանեն չդիմադրեց ու փաթաթվեց Արշակին: Գլուխը դրեց կրծքավանդակին ու սկսեց հաշվել սկզբում սրտի զարկերը, հետո շնչառությունը: Հա, արագացել էր: Լավ էր: Արշակը շոյեց Նանեի մազերը, իսկ նա աչքերը փակել էր: Ըհը, ժամանակն էր: Դեմքը մոտեցրեց դեմքին: Շուրթերը մոտեցրեց շուրթերին: Իսկ Նանեն ճանկռեց, ֆշշացրեցը ու պոչը շարժելով հեռացավ՝ Արշակի գրպանում թողնելով մլավելու գրաֆիկը:
StrangeLittleGirl
24.01.2013, 02:36
Տնաշեններ, մեկ-մեկ գոնե ձեն հանեք, իմանամ՝ տարածքում մարդ կա :)) Էս մեկն Անտարեսին ներկայացված-չհաղթած-չշորթլիսթվածն ա:
Նա, ով ինձնից վատն էր
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Միմին՝ թայվանցի համակուրսեցիս, հարցրեց, թե երբ եմ նախատեսում Ֆինլանդիա մեկնել: Բոլորովին պատահաբար այնպես էր ստացվել, որ միայն չորսով էինք հաջորդ կիսամյակը հյուսիսում անցկացնելու: Երկու գերմանուհիները սեպտեմբերի 28-ի համար արդեն գնել էին Բեռլին-Հելսինկի տոմսը, իսկ ես 29-ին էի մեկնելու, որովհետև մինչ այդ ծնողներս էին ինձ այցելելու: Միմին էլ ենթադրաբար Ամստերդամից առանձին էր գալու, որովհետև ուզում էր սեպտեմբերյան արձակուրդը հոլանդացի ընկերոջ մոտ անցկացնել:
- Ամստերդամ-Հելսինկի տոմսերը թանկ են,- ասաց,- ավելի էժան կլինի, եթե Բեռլինով գնամ: Համ էլ չեմ ուզում մենակ լինել, որ չկորեմ:
Մի քիչ ջղայնացա: Ընդհանրապես, սիրում եմ մենակ ճամփորդել ու սիրում եմ հատկապես այն ժամանակ, երբ անծանոթ երկիր եմ գնում: Էս դեպքում որևէ մեկի ներկայությունը կարող է միայն խանգարել, որովհետև լրացուցիչ զգոնության հետ պետք է նաև ուշադիր լինել, որ իրար չկորցնենք: Իմ ճամփորդական դաժան փորձը ցույց է տվել, որ հատկապես դժվար է հենց այնպիսի մարդկանց հետ, որոնք «չեն ուզում մենակ լինել, որ չկորեն», որովհետև կանգնում ու սպասում են, թե երբ պիտի հրահանգ տաս որևէ ուղղությամբ քայլելու, ընթացքում անհետանում են, ու չգիտես՝ որտեղ փնտրես, իսկ երբ ամեն դեպքում նախաձեռնում են որևէ ուղղություն գտնել, ապա պարտադիր սխալվում են:
Սուսուփուս ասացի թռիչքիս օրն էլ, ժամն էլ, համարն էլ: Տոմսը գնեց: Հաջորդ օրը.
- Կարո՞ղ եմ մի գիշեր քեզ մոտ մնալ: Հոլանդիայից ամսի 28-ին եմ գալու: Գիտես, մեր չվերթն առավոտյան շուտ է:
- Լավ, բայց ծնողներս են էստեղ լինելու: Չգիտեմ՝ այդքան քնելու տեղ կլինի՞, թե՞ ոչ:
Կարծում էի, որ էսքանը հերիք էր հասկանալու համար, որ ինձ մոտ գիշերելն այնքան էլ ցանկալի չէր:
Օգոստոսի վերջին բոլոր համակուրսեցիներս հանձնելու էին իրենց սենյակներն ու մեկնեին հանգստանալու: Միմին էլ նույնն արեց: Ես իմը պահեցի ծնողներիս այցելության համար: Սակայն օրեր անց իմացա, որ նրանք նախընտրում են հյուրանոցում մնալ, հետևաբար իմ բնակարանում մենակ էի լինելու:
- Ընկերս ոնց որ ինձ այլևս չի ուզում,- մի օր ասաց Միմին, սակայն լավ չհասկացա՝ լացակումա՞ծ էր, թե՞ ոչ, որովհետև նրա սովորական խոսքն էլ լացկան երանգ ունի,- երևի չկարողանամ մինչև սեպտեմբերի վերջ մոտը մնալ: Կարո՞ղ եմ կոնֆերանսից հետո քեզ մոտ գալ:
Չմերժեցի, բայց էդպես էլ չհասկացա՝ ասե՞լ էի, որ ծնողներս հյուրանոցում են մնալու, թե՞ իմանալով, որ ինձ մոտ են լինելու, այնուամենայնիվ, հարցնում էր:
Իսկ կոնֆերանսը Նիդեռլանդների Խրոնինգեն քաղաքում պետք է տեղի ունենար, որտեղ մի կիսամյակ սովորել էինք, ու գոնե ես ահագին ուրախ էի, որ նորից էնտեղ պիտի գնայի: Դրա համար ուզում էի տոմսս էնպես պատվիրել, որ մի քիչ երկար մնամ Խրոնինգենում:
- Գալի՞ս ես կոնֆերանսից հետո ճամփորդենք,- հարցրեց
Դեմ չէի. մինչև ծնողներիս գալը մի քանի ազատ օր ունեի:
- Փարի՞զ,- առաջարկեց:
Ընդհանրապես, մտքիս կար մի օր Փարիզ գնալ, բայց միայն էն պայմանով, որ մեն-մենակ էի լինելու: Լավ, ասենք, հենց հասնենք, Միմիին մի կերպ կցրեմ: Դեռ չգիտեի, որ էդքան հեշտ ցրվողը չի:
Փարիզը շատ թանկ դուրս եկավ:
- Բելգիային ի՞նչ կասես:
Եթե հետս մարդ կա, ավելի շատ սիրում եմ գնալ վայրեր, որտեղ նախկինում եղել եմ: Նման դեպքերում նույնիսկ հաճելի է ուրիշի ընկերակցությունը ու ինչ-որ տեղ գիդի դեր կատարելը: Միմին դեմ չէր:
- Ո՞ր քաղաքներն ես ուզում: Բրյու՞ժ, Գե՞նտ:
- Բրյուսել:
- Մենակ էդ չէ:
Ինձ համար Բրյուսելից ապուշ քաղաք չկա աշխարհում:
- Իսկ եթե Կոպենհագե՞ն,- հանկարծ ասաց,- էնտեղ ջրահարս կա:
Խրոնինգենում երկար մնալը ջրահարսի հետ չէի փոխի:
Տարբերակների մեջ մտնում էին նաև գերմանական մի քանի քաղաքներ, բայց էնքան էլ չէր ուզում, որովհետև նոր երկիր չէր տեսնելու, նոր պտիչկա չէր դնելու:
Ամեն դեպքում, ես չէի ուզում իմ հին ծրագրերից հրաժարվել:
- Իսկ եթե Խրոնիգնենու՞մ մնանք, ամսի 15-ին հետ գանք:
- Չեմ ուզում Խրոնինգեն:
- Արի էսպես: Ես իմ գնացքի հետդարձի տոմսն առնում եմ 15-ով: Եթե ուզում ես, կարող ես մենակ Կոպենհագեն գնալ: Արի իրարից կախված չլինենք:
- Լավ, համ էլ գուցե ընկերոջս հետ հաշտվեմ:
Օգոստոսի վերջին Միմին մեկնեց ընկերոջ մոտ, ես՝ Իռլանդիա հանգստանալու: Մի շաբաթ անց պիտի Խրոնինգենում հանդիպեինք:
Եկավ օրը, ու ես ու Միմին հանդիպեցինք Խրոնինգենի կայարանում, միասին քայլեցինք դեպի հյուրանոց, որովհետև նույն սենյակում պիտի մնայինք:
- Ո՞նց են գործերդ ընկերոջդ հետ,- հարցրի:
- Վատ,- ասաց,- ամբողջ օրը եփում, թափում, լացում էի: Էդ էր իմ օրակարգը: Համարյա չէինք խոսում: Նրան պետք էր մեկը, ով իրեն կկերակրեր ու հետը սեքս կաներ: Ուրիշ ոչինչ: Ես նրա մոտ էլ չեմ գնա: Քեզ հետ կվերադառնամ Բեռլին:
Աչքս լույս: Միմիի ընկերոջը երբևէ չէի տեսել: Միայն իր պատմածներից գիտեմ, որ քառասուն տարեկան գործազուրկ հոլանդացի է:
- Ընկերս բավականաչափ հարուստ չէ,- ամիսներ առաջ դժգոհել էր,- երևի թողնեմ նրան:
Իսկ հյուրանոցում հետաքրքիր էր Միմիին հետևելը: Առաջին անգամ էր, որ համակուրսեցիներիցս որևէ մեկին առավոտից երեկո տեսնում էի, հետևաբար իմանում էի, թե ինչով է շնչում, ինչով է հետաքրքրվում:
Քնելուց առաջ ասաց.
- Ես մեյլ չեմ ստանում:
- Էսօր ես էլ չեմ ստացել,- ժպտացի, բայց արագ-արագ կոմպիս մեջ մի կատվի նկար գտա և ուղարկեցի Միմիին,- իսկ դու կստանաս:
Երբ նույն արտահայտությունը հաջորդ օրը նույնպես կրկնեց, ջղայնացա.
- Մեյլ ստանալու համար պետք է մեյլ գրել:
Կոնֆերանսի ավարտից հետո պիտի մնալու այլ տեղ ճարեինք: Խրոնինգենում բնակվող ընկերուհիներիցս մեկն այդ օրերին էնտեղ չէր լինելու: Իր սենյակի բանալիները տվել էր ինձ, որ երեք գիշեր էնտեղ մնամ:
- Մնալու տեղ չունեմ,- նվնվում էր Միմին:
- Հետս արի: Խոսել եմ ընկերուհուս հետ: Դեմ չէ:
- Դու ամեն տեղ ընկերներ ունես,- ու ձայնի մեջ լսվեց նախանձը:
Եկավ օրը, ու տեղափոխվեցինք ընկերուհուս տուն: Առավոտ էր: Ճամպրուկներս տեղավորեցի ու դուրս եկա. կոնֆերանսն արդեն ավարտվել էր, ահագին ժամանակ ունեի, ու կարող էի Խրոնինգենում ապրող ընկերներիս հերթով հանդիպել: Ինչու՞ առիթը բաց թողնել: Երբ վերադարձա, Միմին նստած էր մահճակալին ու բառիս բուն իմաստով ոչնչով չէր զբաղվում: Անգամ կոմպ չկար ձեռքին:
- Էսօր ի՞նչ արեցիր,- հարցնում եմ:
- Ոչինչ:
Նստեցի կոմպի մոտ ու չըխկ-չըխկ, գրում եմ: Պատասխանում եմ մեյլերիս: Բլոգումս գրառումներ եմ անում: Մասնակցում եմ զանազան քննարկումների:
- Էս ինչ շատ մեյլեր ես ստանում,- հանկարծ ասաց:
- Ինչի՞ց որոշեցիր:
- Անընդհատ ստեղնաշարիդ ձայնն եմ լսում:
- Էնքան էլ շատ չի. ընդամենը մեկն էր:
- Բա ի՞նչ ես էդքան չխկացնում:
- Գրում եմ: Պիտի հասցնեմ մինչև ամսվա վերջ:
- Ինչի՞ համար:
- Հավեսի:
Միմիի նեղ ակնաճեղքերը խառնվեցին իրար: Էդպես էլ չհասկացավ, թե ինչ եմ գրում հավեսի համար:
Հաջորդ օրը դուրս չեկա. ուզում էի ամբողջ օրը գրելուն տրամադրել: Վերջիվերջո, որոշել էի, որ այս արձակուրդի ընթացքում իմ հիմնական զբաղմունքը գրելն է լինելու, ու բնավ չէի ափսոսում, որ Խրոնինգենյան անձրևոտ մի օր պիտի տանիքի տակ անցկացնեի:
StrangeLittleGirl
24.01.2013, 02:37
Երաժշտությունը միացրեցի, ականջակալներս հագա, որ ոչ ոք չխանգարի, մեծ բաժակով գրեյփֆրութի հյութը կողքս դրեցի, նստեցի կոմպի մոտ ու սկսեցի չխչխկացնել: Մեկ էլ լսում եմ՝ ինչ-որ մեկը նվնվում է: Շուռ գամ, տեսնեմ Միմին դեռ անկողնում պառկած, խաղալիք մուկը գրկած ինչ-որ բան է ասում: Ականջակալներս հանեցի ու խնդրեցի, որ կրկնի:
- Ավարտելուց հետո երևի հետ գնամ Թայվան:
- Ես էլ հետ եմ գնալու Հայաստան,- ժպտացի:
- Դա ամենավատ բանն էր, որ կարող էր ինձ հետ կատարվել:
- Իսկ ես ուրախ եմ, որ հետ եմ գնում:
- Մեր երկրում բարձրագույն կրթություն ունեցող ջահելները չեն կարողանում լավ վարձատրվող աշխատանք ճարել:
- Մերում էլ,- ու ավելի լայն ժպտացի՝ նկատելով, թե ինչպես է Միմիի դեմքը կամաց-կամաց մթնում,- բայց ես ուրախ եմ, որ հետ եմ գնում:
- Էդպես էլ եվրոպացի ամուսին չճարեցի, որ ինձ պահի: Դրա համար չեմ կարող մնալ արևմուտքում,- ինձ ինչ-որ բան հասկացնելու վերջին ճիգ արեց, իսկ ես համառորեն չէի հասկանում:
- Փորձիր աշխատանք ճարել ու ինքդ քեզ պահել: Ես այդպես կանեի, եթե ուզենայի մնալ:
- Հավես չունեմ լեզու սովորելու:
Չպատասխանեցի: Ականջակալը նորից խցկեցի ականջս ու շարունակեցի չխկչխկացնել:
Մինչև երեկո Միմին մնաց անկողնում պառկած էդպես էլ որևէ բան չանելով: Մութն ընկնելուն պես քնեց, իսկ ես շարունակեցի մինչև կեսգիշեր չխկչխկացնել՝ անընդհատ՝ մտքիս մեջ ուրախանալով, որ ի տարբերություն Միմիի, բազմաթիվ հետաքրքրություններ ունեմ, որոնք ինձ չեն թողնում ձանձրանալ:
Հաջորդ առավոտ, երբ արթնացա ու նախաճաշեցի, Միմին դեռ քնած էր: Արդեն կոշիկներս էի հագնում, որ տնից դուրս գամ ու վերջին օրս վայելեմ Խրոնինգենում, երբ Միմին աչքերը բացեց ու նվվաց.
- Ու՞ր ես գնում:
- Զբոսանքի: Երեկոյան էլ ընկերուհուս հետ պայմանավորված եմ: Իսկ դու ի՞նչ պլաններ ունես:
- Ոնց ասես:
- Լավ, արի կենտրոնում միասին ճաշենք:
Հույս ունեի՝ մենակ չմնալու հեռանկարը Միմիին տնից կհանի: Ու չէի սխալվում, որովհետև չհրաժարվեց: Ավելին՝ նույնիսկ առաջարկեց, թե որտեղ կարելի է գնալ ու առաջնորդեց այդ ուղղությամբ:
Եղանակը վատն էր: Ճաշելիս նայում էինք պատուհանից դուրս՝ հույս ունենալով, որ անձրևը կկտրվի: Չգիտեի Միմիի ծրագրերի մասին, բայց ես ուզում էի ընկերուհուս հանդիպելուց առաջ մի կուշտ թափառել Խրոնինգենում ու կարոտս առնել: Իսկ ավելի ուշ պիտի հավաքվեինք իմ հոլանդացի ընկերներից մեկի տանը միասին ընթրելու ու իրար երես տեսնելու: Այս մեկին կարող էի Միմիին հրավիրել: Թաքուն շարժառիթս էր նրան ցույց տալը, թե որքան շատ ընկերներ ունեմ Խրոնինգենում, իսկ հետո վայելելը նրա խառնված ու նախանձոտ հայացքը, չհասկանալը, թե ինչպես պատահեց, որ ես այդքան շատ մարդու գիտեմ, ինքը՝ ոչ:
Անձրևը վերջապես կտրվեց, ու մենք դուրս եկանք:
- Ո՞ր ուղղությամբ ես գնում,- հարցրի Միմիին: Սովորաբար սա լավ տարբերակ է, երբ ուզում ես որևէ մեկից ազատվել: Պատասխանը ստանալուն պես կեղծ ափսոսանքով հայտնում ես, որ դու հակառակ կողմ պիտի գնաս, հրաժեշտ տալիս ու աննպատակ քայլում՝ վայելելով մենակությունդ: Բայց Միմիի դեպքում այս հնարքը չգործեց, որովհետև պատասխանեց.
- Որ ուղղությամբ ասես:
Իհարկե, գայթակղիչ է մարդկանց հրամայելն ու քեզ ենթարկեցնելը, բայց սա էդ դեպքերից չէր, որովհետև աշխարհում ամենաշատն ուզում էի Միմիից ազատվել ու մենակ թափառել: Ես մարդկանց սիրում եմ, ինձ էդպես թարս մի նայեք: Պարզապես ժամանակ առ ժամանակ ուզում եմ ինքս ինձ հետ մնալ ու կողքից չլսել որևէ տեսակի մարդկային ձայն, հատկապես երբ այն նման է նվնվոցի կամ մլավոցի:
- Ես ուղղակի զբոսնելու եմ քաղաքում մինչև ժամը հինգը:
- Բայց եղանակը վատն է: Գուցե նորից անձրևի:
- Ես սիրում եմ անձրև,- հայտարարեցի՝ հուսալով, որ գոնե վատ եղանակը նրան ուրիշ տեղ կուղարկի:
- Դե լավ… հուսանք, որ չի անձրևի:
Ու Միմին միացավ թափառումներիս:
Երբ մտնում էի գրախանութ, ներվային շարժումներ էր անում, որ շուտ դուրս գամ: Երբ կանգնում, երկար նայում էի ինձ համար որևէ նշանակություն ունեցած վայրերին, սկսում էր տոննաներով հարցեր տալ: Երբ մեջտեղից ճղվելով փորձում էի սրա-նրա հետ հոլանդերեն խոսել, ինքն անպայման անգլերեն էր մեջ ընկնում ու փչացնում լեզուն մարզելու փորձերս:
Չորս անց կես էր: Արդեն քաղաքը ոտքի տակ էի տվել՝ ոչ մի վայրկյան չկարողանալով ազատվել Միմիի նվնվան ներկայությունից: Մի քանի անգամ էլ անձրևի տակ մնացինք:Սրճարանում թեյ էինք խմում, որ տաքանանք: Երկուսս էլ լուռ էինք: Ես նոթատետրիս մեջ նշումներ էի անում, իսկ Միմին բացակա հայացքով հետևում էր փողոցում անցնող-դարձողին: Սպասում էի, որ էսքան թրջվելուց հետո վերջապես վեր կկենա ու կգնա:
- Կմիանա՞ս մեզ,- բերանիցս դուրս թռավ:
- Բայց դու ընկերուհուդ հետ…
- Դե ամեն դեպքում, եթե ուզում ես, միացիր մեզ:
Ցավոք, Միմին տուն չգնաց: Բայց ես էլ, ընկերուհիս էլ սովորեցինք չնկատել նրան, որովհետև մեզնից մի քանի մետր հետ էր ընկել ու լուռ քայլում էր՝ առանց խոսակցությանը խառնվելու: Նրա ներկայության մասին իմանում էինք միայն մեր հետևից լսվող տիպիկ ասիական մանր քայլերի կտկտոցից:
Երկու ժամ անց հավաքվեցինք իմ հոլանդացի ընկերոջ տանը, որտեղ բացի մեզնից ներկա էին ևս քառասուն միջազգային ուսանողներ: Մեծ մասին չէի ճանաչում. նոր էին եկել: Հին ընկերներիցս շատերն էլ արդեն գնացել էին: Հազիվ մի քանիսը կային, որ դեռ էնտեղ էին, ու գուցե կյանքիս մեջ վերջին անգամ էի տեսնում նրանց: Դրա համար նրանցից պոկ չէի գալիս: Ուրախ-ուրախ կիսվում էինք նորություններով՝ փորձելով մոռանալ, որ շուտով աշխարհի տարբեր ծայրերում ենք հայտնվելու:
Մի պահ էր միայն, որ մոտեցա Միմիին, որը տարօրինակ կերպով մենակ չէր մնացել. հոլանդացիներին հաջողվել էր նրան զրույցի մեջ ներքաշել : Հարցրի, թե ոնց է:
- Մարդիկ,- ասաց,- էստեղ մարդիկ շատ են: Ես չեմ սիրում մարդկանց:
Թեև պայմանավորվել էինք, որ ժամը տասնմեկին ենք դուրս գալու, ժամը իննից Միմին սկսեց բզել ինձ, թե՝ գնանք: Բացատրեցի, որ մենք նախապես էդպես չէինք որոշել, որ կան մարդիկ, որոնց գուցե կյանքիս մեջ վերջին անգամ եմ տեսնում, ու կուզեի մի քիչ երկար շփվել նրանց հետ, որ վերջիվերջո եթե շատ է հոգնել ու ձանձրանում, կարող է ինքը գնալ, ես ավելի ուշ կգամ:
- Ճանապարհը չեմ գտնի,- նվվաց:
Կատաղությունս հազիվ զսպելով արտաբերեցի.
- Կես տարի էս քաղաքում ես ապրել ու ճանապարհը չե՞ս գտնի:
Ասիական անմեղություն իջավ դեմքին, աչքերը սկսեց արագ թարթել: Ասես հենց նոր չարություն արած ու բռնված երեխա լիներ, որն ամեն կերպ ուզում էր մեղքն ընկերոջ վրա գցել: Երևի իրեն պետք էր խղճահարություն առաջացնել, որովհետև ուղղակի պատասխան տալու փոխարեն ցածրաձայն արտաբերեց.
- Էստեղ ընկերներ չունեմ:
- Որ տնից մեկ-մեկ դուրս գայիր, կունենայիր, համ էլ քաղաքը կիմանայիր:
Այնուամենայնիվ, վերադարձա ընկերներիս մոտ ու հերթով բոլորին հրաժեշտ տվեցի: Նրանք զարմացան, որ էդքան շուտ ենք գնում:
- Վաղը երկար ճամփա ունենք գնալու,- արդարացա՝ ինքս ինձ ատելով, որ թանկագին ընկերներիս հետ ևս երկու ժամ անցկացնելը զոհեցի մի թայվանցու կապրիզներին, որին ես չէի ընտրել, բայց գուցե իմ մեղավորությունն էր, որ փորձում էի շրջապատս նրա հետ կիսել. նա իսկապես մարդկանց չի սիրում, հատկապես երբ նրանց տանը չի պատրաստվում երկու շաբաթ անվճար ապրել:
Հաջորդ առավոտ ճամփա ընկանք: Երբ նստեցինք գնացք, Միմին հայացքը հառեց դիմացի նստարանին, ու յոթ ժամ շարունակ նույն դիրքում մնաց: Միայն երբեմն-երբեմն աչքերը փակում էր ու քուն մտնում, մեկ-մեկ էլ գլուխը թեքում էր դեպի ինձ, որ հասկանար՝ ինչ եմ անում: Իսկ ես կարդում էի: Երբ մի գիրքն ավարտեցի, պայուսակիցս մյուսը հանեցի ու սկսեցի կարդալ: Դա զարմացրեց Միմիին, բայց ոչինչ չասաց: Ինձ դուր էր գալիս նրան զարմացնելը: Կուզեի ասել, որ երրորդ գիրքն էլ ունեի, ու եթե նույնիսկ այն չլիներ, կարող էի գրել կամ երաժշտություն լսել: Ուզում էի ճնշվեր, վատանար, նախանձեր, գժվեր, որ իմ կյանքն ավելի հետաքրքիր է, քան իրենը:
Երեկոյան հասանք իմ տուն: Ճամպրուկները գետնին դնելուց հետո առաջին բանը, որ արեց, ջեռուցիչն ամենաբարձր հինգ միավորի վրա միացնելն էր: Նրան ասացի, որ երբ դրսում տասնվեց աստիճան է, սովորաբար ջեռուցումը չեմ միացնում, իսկ հինգի վրա նույնիսկ ձմռանը չի եղել: Բացատրեցի, որ շոգ կլինի, իսկ ջեռուցչի կողքը դրված կոմպս էլ կհալվի: Առաջարկեց կոմպս վերցնել և ուրիշ տեղ գնալ:
Մտա ննջարան, որն այնքան փոքր է, որ միայն մի մահճակալ է տեղավորում ու որը երեք պատ և մի մեծ պատուհան ունի: Մութ էր արդեն: Դուռը փակեցի,պատուհանը լայն բացեցի ու թարմ օդը ներս թողեցի: Դրսի լույսերն արդեն վառվում էին՝ լուսավորելով դատարկ փողոցները: Լռությունն ընդհատվում էր միայն կողքի սենյակից լսվող նվնվոցով, որն ամբողջ սրտով արհամարհում էի: Առավոտյան կզարմանա, թե ինչու է իմ ննջարանի օդն ավելի թարմ:
Էդ շեղաչքանու մասին արդեն էնքան եմ կարդացել, ինձ թվաց՝ սա էլ էի կարդացել :))
Մի կողմից էնքան է դուրս գալիս, որ էդքան հաճախ ես քո մասին գրում, որովհետև ինձ հետաքրքիր է քո թեման՝ էդ ամբողջ ճամփորդական ու միջազգային կյանքով: Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ուրիշներին կարող է էնքան էլ հետաքրքիր չլինել ու մեջը «պատմվածք» չտեսնեն: Դե թքած իրենց վրա ;)
Փաստորեն իսկականից կարդացել էի :think
Խառնեցի սաղ իրար :))
StrangeLittleGirl
24.01.2013, 02:54
Փաստորեն իսկականից կարդացել էի :think
Խառնեցի սաղ իրար :))
Հա, կարդացել էիր :)) մրցույթի ուղարկելուց առաջ քո դատին էի հանձնել:
Ռիփ, համաձայն եմ էդ կողմից, որ ասում ես՝ իմ մասին գրել-բան, բայց մյուս կողմից սաղ գրողներն էլ քչից-շատից իրանց մասին են գրում: Ուղղակի էս մեկն էն դեպքերից ա, որ համարյա ամեն ինչ իրանց անունով են կոչվում: Անկեղծ ասած, դրանից ես էլ եմ նեղվում :))
Հա, կարդացել էիր :)) մրցույթի ուղարկելուց առաջ քո դատին էի հանձնել:
Ռիփ, համաձայն եմ էդ կողմից, որ ասում ես՝ իմ մասին գրել-բան, բայց մյուս կողմից սաղ գրողներն էլ քչից-շատից իրանց մասին են գրում: Ուղղակի էս մեկն էն դեպքերից ա, որ համարյա ամեն ինչ իրանց անունով են կոչվում: Անկեղծ ասած, դրանից ես էլ եմ նեղվում :))
Հա, դե մարդ ինչ էլ գրի, հնարավոր չի, որ իրենից գոնե ինչ-որ մի մասնիկ մեջը չլինի, բայց քոնը շատ ուղիղ կերպով դու ես, թեև հեչ չարժի նեղվել դրանից :))
StrangeLittleGirl
24.01.2013, 03:00
Հա, դե մարդ ինչ էլ գրի, հնարավոր չի, որ իրենից գոնե ինչ-որ մի մասնիկ մեջը չլինի, բայց քոնը շատ ուղիղ կերպով դու ես, թեև հեչ չարժի նեղվել դրանից :))
դե ասում եմ՝ ստեղ նույնիսկ աշխարհագրական անուններն եմ պահել :))
Sagittarius
24.01.2013, 04:43
Բայց դու էտ Միմիին խի՞ տենց չես սիրում, համ էլ ես էլ եմ ջեռուցումը ողջ ձմեռ հինգի վրա պահում :))
Sambitbaba
24.01.2013, 07:36
Բյուր ջան, "Կատվի գրաֆիկը" հոյակապ էր: Շատ դուրս եկավ:
Սրտանց, շնորհակալ եմ ստացածս հաճույքի համար…
Sambitbaba
24.01.2013, 08:44
…Միմիի մասին էլ ես լավ գրել, Բյուր ջան:
Բայց քո մասին ավելի լավ ես գրել. էնքան լավ, որ մարդ նախանձում է քեզ և ուզւմ է քո կյանքով ապրել:
Տնաշեններ, մեկ-մեկ գոնե ձեն հանեք, իմանամ՝ տարածքում մարդ կա
Էս էլ էնքան սրտովս ասացիր…:(
Mephistopheles
24.01.2013, 10:08
Ախչի՛… հերիք չի՞ բամբասես ընկերուհուցդ՝ Միմիից…
"Դեռ չգիտեի, որ էդքան հեշտ ցրվողը չի:" էս տողերը որ գրեցիր ավելի դժվար սկսեց կարդացվել… արդեն ասեցիր ինչի ես գրել… էն scheduling-նրը մի քիչ շատ էիր գրել, էդքամ էլ ինձ չէր հետաքրքրում թե ուր պտի գնայիք, բայց չգնացիք որովհետև չեղավ, բայց կարայիք անեիք եթե չլիներ, այնուամենայնիվ ճիշտ կլիներ եթե… մաման-պապան եկան, բայց հյուրանոցում մնացին, էլ եսինչ գիտեմ ինչ… և այլն… կարայիր սարքեիր կեսը, մի անգամից գնայիր բուն թեմային ու ամբողջ ուժդ ու կորովդ դնեիր քո ու միմիի լարվածության մեջ… նախանձի մասերը լավ էր… էն որ ուզում էիր նախանձացնեիր, լրիվ դու ես՝ նախանձ ու ջիջիլ գցող…
ուղղակի քո գրելու հմտությունը օգնում ա, բայց չի փրկում… լավ ա եղել որ չի հաղթել…
StrangeLittleGirl
24.01.2013, 13:49
Բայց դու էտ Միմիին խի՞ տենց չես սիրում, համ էլ ես էլ եմ ջեռուցումը ողջ ձմեռ հինգի վրա պահում :))
Լրիվ գրած ա, թե ինչու չեմ սիրում :D
Ես էլ եմ ձմեռը ջեռուցումը հինգի վրա դնում, բայց դա ախր սեպտեմբեր էր, դրսում՝ քսան աստիճան:
StrangeLittleGirl
24.01.2013, 13:50
Ախչի՛… հերիք չի՞ բամբասես ընկերուհուցդ՝ Միմիից…
"Դեռ չգիտեի, որ էդքան հեշտ ցրվողը չի:" էս տողերը որ գրեցիր ավելի դժվար սկսեց կարդացվել… արդեն ասեցիր ինչի ես գրել… էն scheduling-նրը մի քիչ շատ էիր գրել, էդքամ էլ ինձ չէր հետաքրքրում թե ուր պտի գնայիք, բայց չգնացիք որովհետև չեղավ, բայց կարայիք անեիք եթե չլիներ, այնուամենայնիվ ճիշտ կլիներ եթե… մաման-պապան եկան, բայց հյուրանոցում մնացին, էլ եսինչ գիտեմ ինչ… և այլն… կարայիր սարքեիր կեսը, մի անգամից գնայիր բուն թեմային ու ամբողջ ուժդ ու կորովդ դնեիր քո ու միմիի լարվածության մեջ… նախանձի մասերը լավ էր… էն որ ուզում էիր նախանձացնեիր, լրիվ դու ես՝ նախանձ ու ջիջիլ գցող…
ուղղակի քո գրելու հմտությունը օգնում ա, բայց չի փրկում… լավ ա եղել որ չի հաղթել…
Էդ սաղ scheduling-ը լարվածության համար կոնտեքստ ա ստեղծում: Եթե դրանք սաղ հանեի, լարվածությունը հիմնավորված չէր լինի ;)
Դու էլ էլի սկսեցիր :))
Mephistopheles
24.01.2013, 21:36
Էդ սաղ scheduling-ը լարվածության համար կոնտեքստ ա ստեղծում: Եթե դրանք սաղ հանեի, լարվածությունը հիմնավորված չէր լինի ;)
Դու էլ էլի սկսեցիր :))
կլներ… լարվածությունը քո ու Միմիի միջև էր, իսկ scheduling-քնացնում ա… էլի գրեիր, բայց կարճ ու խիտ… Միմին էլ թող հետո դառնար "ցրելի"…
StrangeLittleGirl
24.01.2013, 22:32
կլներ… լարվածությունը քո ու Միմիի միջև էր, իսկ scheduling-քնացնում ա… էլի գրեիր, բայց կարճ ու խիտ…
ավելի քիչ անհասկանալի ու խուճուճ էր լինում ;)
Միմին էլ թող հետո դառնար "ցրելի"…
Նպատակ չունեի Միմիին ցրելի դարձնելու
Alphaone
24.01.2013, 22:40
Ես ոնց հասկացա, էդ Միմին մենակ ինձ չի ,,մղձավանջվում,, կարդալուց հետո, էլի մարդիկ կան, որ կերպարից շոկ են ապրել ու կերպարի անհեթեթությունն էնքան սարսափելի էր, որ ուղեղում ամբողջովին չի տեղավորվում ու թերությունները սկսում են գործի մեջ փնտրել, ոչ թե հերոսի... :D
Mephistopheles
24.01.2013, 22:50
ավելի քիչ անհասկանալի ու խուճուճ էր լինում ;)
Նպատակ չունեի Միմիին ցրելի դարձնելու
լավ ա անհասկանալի ու խուճուճ… որտև հենց տենց էլ կա… մեկ ա էլի ա անհասկանալի ու խուճուճ ուղղակի երկար պտի կարդանք… ոբշմ եթե ուզում ես էդ "անկարևոր" բանը տենց երկար բարակ բացատրես, կարաս ուղղակի ես մյուս անգամ կարդալուց դրանց վրից թռնելու եմ…
հա, բայց հենց սկզբից արդեն գիտեինք որ ուզում ես ցրես… ոնց ասեմ, պերսոնաժդ իրա դինամիկան կորցնում ա… կերպարդ էվոլյուցիայի չի ենթարկվում պատմվածքի հետ… մի տեսակ կանգնած ա լինում պատմվածքը… հոսք չի լինում… հասկանում ե՞ս…
StrangeLittleGirl
24.01.2013, 22:50
Ես ոնց հասկացա, էդ Միմին մենակ ինձ չի ,,մղձավանջվում,, կարդալուց հետո, էլի մարդիկ կան, որ կերպարից շոկ են ապրել ու կերպարի անհեթեթությունն էնքան սարսափելի էր, որ ուղեղում ամբողջովին չի տեղավորվում ու թերությունները սկսում են գործի մեջ փնտրել, ոչ թե հերոսի... :D
Ալֆա ջան, արխային, Մեֆը տենց ա: :)) Իրան մեկ ա վերջը դուր չի գալիս (էս անգամ ոնց էղավ՝ մոռացավ էդ ասի), մեկ ա ուզում էր, որ կերպարն ինչ-որ ուրիշ բան արած լիներ, մեկ ա թերությունները գործի մեջ փնտրելուց հետո անցնում ա դրանք հեղինակի մեջ փնտրելուն :))
StrangeLittleGirl
24.01.2013, 22:54
լավ ա անհասկանալի ու խուճուճ… որտև հենց տենց էլ կա… մեկ ա էլի ա անհասկանալի ու խուճուճ ուղղակի երկար պտի կարդանք… ոբշմ եթե ուզում ես էդ "անկարևոր" բանը տենց երկար բարակ բացատրես, կարաս ուղղակի ես մյուս անգամ կարդալուց դրանց վրից թռնելու եմ…
հա, բայց հենց սկզբից արդեն գիտեինք որ ուզում ես ցրես… ոնց ասեմ, պերսոնաժդ իրա դինամիկան կորցնում ա… կերպարդ էվոլյուցիայի չի ենթարկվում պատմվածքի հետ… մի տեսակ կանգնած ա լինում պատմվածքը… հոսք չի լինում… հասկանում ե՞ս…
ու մեկ ա չի ցրվում ;) իսկ դու ուզում ես, որ ցրելի լինի:
ու պարտադիր չի հոսք լինի: ստեղ հոսքի նպատակ էլ չկա ;)
Mephistopheles
24.01.2013, 23:02
ու մեկ ա չի ցրվում ;) իսկ դու ուզում ես, որ ցրելի լինի:
ու պարտադիր չի հոսք լինի: ստեղ հոսքի նպատակ էլ չկա ;)
ինչմ ասում եմ ասում ես "նպատակը դա չի"… հոոսք որ չկա ես չեմ կարում կարդամ… դինամիկան ա կարդացնում գործը… կարծում եմ…
ցրում ես թե չես ցրում դա երկրորդական հաց ա… ուղղակի երբ որ կամաց-կամաց սկսում ենք հասկանալ որ Միմիին ուզում ես ցրել ու ընթացքում կուլմինացիա ա լինում, դա դառնում ա շարժիչ… մոնոտոն ա…
չես ուզում մի հավատա…
StrangeLittleGirl
24.01.2013, 23:13
ինչմ ասում եմ ասում ես "նպատակը դա չի"… հոոսք որ չկա ես չեմ կարում կարդամ… դինամիկան ա կարդացնում գործը… կարծում եմ…
ցրում ես թե չես ցրում դա երկրորդական հաց ա… ուղղակի երբ որ կամաց-կամաց սկսում ենք հասկանալ որ Միմիին ուզում ես ցրել ու ընթացքում կուլմինացիա ա լինում, դա դառնում ա շարժիչ… մոնոտոն ա…
չես ուզում մի հավատա…
Հա, Մեֆ, որովհետև հաճախ դու էնքան ես մխրճվում գործի մեջ, որ անցնում ես մի սահման, որը, կարելի ա ասել, սուրբ ա: Դու գրողին խորհուրդ ես տալիս գրել մի բան, որը բնավ իրա նպատակն ու ասելիքը չի էղել:
Այ, ասա մոնոտոն ա, ասա scheduling-ը ձանձրալի էր և այլն, բայց մի ասա՝ ցրելի լիներ, սենց լիներ, նենց լիներ ;)
Բայց զգու՞մ ես դու հիմա ինչ ես անում: Հենց մի բանի հետ չեմ համաձայնվում, նորն ես փնտրում, կպած ուզում ես կպած լինել: Իրականում ես չեմ կարծում, թե էս գործը կատարյալ ա կամ արժանի էր հաղթանակի, ու պատրաստ եմ քննադատություն լսել (ի դեպ, Ռիփը չի հիշում, բայց էս գործն ինքը կարդացել էր, ու մի երկու բան իրա խորհրդով փոխել էի): Ուղղակի քո նպատակը ոչ թե գործն ավելի լավը դարձնելն ա, այլ մեջը թերություններ փնտրելը: Ու ես շատ լավ գիտեմ, որ եթե ամեն ինչ քո ասածով անեի, հակառակ բաներն էիր խորհուրդ տալու:
Mephistopheles
24.01.2013, 23:21
Հա, Մեֆ, որովհետև հաճախ դու էնքան ես մխրճվում գործի մեջ, որ անցնում ես մի սահման, որը, կարելի ա ասել, սուրբ ա: Դու գրողին խորհուրդ ես տալիս գրել մի բան, որը բնավ իրա նպատակն ու ասելիքը չի էղել:
Այ, ասա մոնոտոն ա, ասա scheduling-ը ձանձրալի էր և այլն, բայց մի ասա՝ ցրելի լիներ, սենց լիներ, նենց լիներ ;)
Բայց զգու՞մ ես դու հիմա ինչ ես անում: Հենց մի բանի հետ չեմ համաձայնվում, նորն ես փնտրում, կպած ուզում ես կպած լինել: Իրականում ես չեմ կարծում, թե էս գործը կատարյալ ա կամ արժանի էր հաղթանակի, ու պատրաստ եմ քննադատություն լսել (ի դեպ, Ռիփը չի հիշում, բայց էս գործն ինքը կարդացել էր, ու մի երկու բան իրա խորհրդով փոխել էի): Ուղղակի քո նպատակը ոչ թե գործն ավելի լավը դարձնելն ա, այլ մեջը թերություններ փնտրելը: Ու ես շատ լավ գիտեմ, որ եթե ամեն ինչ քո ասածով անեի, հակառակ բաներն էիր խորհուրդ տալու:
էս ի՞նչ սուրբ մարդ ես եղել չենք իմացել… մենք էլ սահմանն անցնում ե՞նք… բա ի՞նչ ա եղել նպատակը… ընկերուհուց բամբասելը՞… էտ ա՞ սրբության սահմանը… որ կարդում ենք չենք իմանում ինչի համար ես գրել մեղավոր ե՞նք…
Իհարկե Հռիփսիկը չի հիշի… հիշելու բան ա՞… ասում եմ ինչի ա մոնոտոն…
… ասում եմ տողը չգրեիր ավելի լավ կլիներ, ձանձրալի scheduling-ը հանեիր ավելի հեշտ կլիներ… ո՞նց որ դինամիկ դարձնեիր կասե "չէ մի քիչ մոնոտոն ու ձանձրալի դարձրու՞" թե՞ կասեի մի քիչ scheduling-ի մասին շատ գրի չեմ կարում կարդալուց քնեմ…
Կարդում ե՞ս ինչ եմ գրում…
բայց դե լավ ես անում չես կարդում… այ սենց ես արել Միմիին…
StrangeLittleGirl
24.01.2013, 23:24
էս ի՞նչ սուրբ մարդ ես եղել չենք իմացել… մենք էլ սահմանն անցնում ե՞նք… բա ի՞նչ ա եղել նպատակը… ընկերուհուց բամբասելը՞… էտ ա՞ սրբության սահմանը… որ կարդում ենք չենք իմանում ինչի համար ես գրել մեղավոր ե՞նք…
Մեֆ, այ էս ա սահմանը, որ դու անցնում ես: Էստեղ երկու կերպարներ են, սա գրական գործ ա, իսկ դու ասում ես՝ ընկերուհուց բամբասել: Չի կարելի, հասկացի, չի կարելի գրական գործի մասին խոսելիս հերոսներին իրական կյանք տեղափոխել: Էթիկ չի:
Իհարկե Հռիփսիկը չի հիշի… հիշելու բան ա՞… ասում եմ ինչի ա մոնոտոն…
Նախ, ես քեզ Հռիփսիկ չեմ, երկրորդն էլ հիշողության հետ կապված մեծ խնդիրներ ունեմ, Բյուրի գրածը կապ չունի :P
Ախ, աչքս մի օր տեսնի, թե ոնց ես դու որևէ ստեղծագործության տակ (թեկուզ հազար ձևի քլնգելուց հետո) գրում՝ լավն էր. էլ ավել բան չեմ ուզում :))
Mephistopheles
24.01.2013, 23:27
Մեֆ, այ էս ա սահմանը, որ դու անցնում ես: Էստեղ երկու կերպարներ են, սա գրական գործ ա, իսկ դու ասում ես՝ ընկերուհուց բամբասել: Չի կարելի, հասկացի, չի կարելի գրական գործի մասին խոսելիս հերոսներին իրական կյանք տեղափոխել: Էթիկ չի:
…ընգերուհուդ մասին գրել ես ու հլա կարող ա գիրք հրատարակես, ոչի՞նչ… ՕՔեյ էտի հանի… գրական էթիկա ա կարող ա և չգիտեմ…
Mephistopheles
24.01.2013, 23:29
Նախ, ես քեզ Հռիփսիկ չեմ, երկրորդն էլ հիշողության հետ կապված մեծ խնդիրներ ունեմ, Բյուրի գրածը կապ չունի :P
Ախ, աչքս մի օր տեսնի, թե ոնց ես դու որևէ ստեղծագործության տակ (թեկուզ հազար ձևի քլնգելուց հետո) գրում՝ լավն էր. էլ ավել բան չեմ ուզում :))
ինձ կողքից օգնող չկա, էլի… մենակ եմ…
ինձ կողքից օգնող չկա, էլի… մենակ եմ…
Դարդ չանես, դու քեզ լրիվ հերիքում ես, հլը մեկ-մեկ ավելցուկել ես տալիս :))
StrangeLittleGirl
24.01.2013, 23:31
…ընգերուհուդ մասին գրել ես ու հլա կարող ա գիրք հրատարակես, ոչի՞նչ… ՕՔեյ էտի հանի… գրական էթիկա ա կարող ա և չգիտեմ…
Նախ, ես գիրք հրատարակելու նպատակ չունեմ:
Մեֆ, դու ի՞նչ գիտես ում մասին եմ գրել, ինքը ով ա, ինչ ա: Ու ընդհանրապես՝ ի՞նչ գիտես իրա անունն ինչ ա: Ի՞նչ գիտես հորինված ա, թե չէ:
Եթե տենց լիներ, Ֆիցջերալդը պիտի «Գիշերն անույշ է»-ն չգրեր, կնգա մասին ա: Հեմինգուեյը պիտի «Տոն, որը միշտ քեզ հետ է»-ն չգրեր, իրա գրող շրջապատի մասին ա: Նոթոմբը «Վախ և դողը» պիտի չգրեր, իրա շեֆուհու մասին ա: Ու տենց շարունակ:
Mephistopheles
24.01.2013, 23:34
Նախ, ես գիրք հրատարակելու նպատակ չունեմ:
Մեֆ, դու ի՞նչ գիտես ում մասին եմ գրել, ինքը ով ա, ինչ ա: Ու ընդհանրապես՝ ի՞նչ գիտես իրա անունն ինչ ա: Ի՞նչ գիտես հորինված ա, թե չէ:
Եթե տենց լիներ, Ֆիցջերալդը պիտի «Գիշերն անույշ է»-ն չգրեր, կնգա մասին ա: Հեմինգուեյը պիտի «Տոն, որը միշտ քեզ հետ է»-ն չգրեր, իրա գրող շրջապատի մասին ա: Նոթոմբը «Վախ և դողը» պիտի չգրեր, իրա շեֆուհու մասին ա: Ու տենց շարունակ:
OK you gotta point… you win… էս անգամ… գործդ լավն ա…
StrangeLittleGirl
21.03.2013, 12:38
Իններորդ հարկ
Արտասահմանի սիրուն շենքերից մեկի իններորդ հարկի պատշգամբի բազրիքին ոտքերը գրկած նստած էր Տաթևը: Բավական էր` մի թեթև քամի փչեր, ու կկորցներ հավասարակշռությունը:Թե որ ուղղությունը կնախընտրեր նրա մարմինը, կախված էր մի շարք պատահականություններից ու քամու ուղղությունից:
Չէր ուզում տեղից շարժվել, որովհետև դա կնշանակեր Հայաստան վերադառնալու որոշմանն ընդառաջ գնալ, գիտակցաբար քայլել դեպի սեփական կյանքի կործանումը, հրաժարվել բոլոր հնարավորություններից, որ Արտասահմանում ապրելը տվել էր նրան: Ու չգիտեր` ո՞րն էր լավ. թեթև քամի՞ն, որի պատճառով հավասարակշռությունը կկորցներ ու ներքևում կհայտնվեր` հավերժ ազատվելով սխալ որոշում կայացնելու զզվելի հետևանքներից, թե՞ փոթորիկը, որ գլխին գալու էր երկու շաբաթ անց, երբ կյանքը շուռ էր տալու իր սեփական կամքով ու նախաձեռնությամբ:
Ու քամի սկսվեց: Տաթևը տեղից չշարժվեց, բայց արդեն գիտեր, որ ընկնելու է: Սկզբում տերևները խշշացին: Հետո բաց պատուհանի վարագույրը տարուբերվեց: Գրասեղանի թղթերն ընկան գետնին: Քամին բնավ ամենաթեթևներից չէր, ու Տաթևի՝ բարակ բազրիքի հույսին մնացած մարմինն էնտեղ երկար չէր մնալու: Նա ինքն էլ այդ մասին գիտեր և անհամբեր սպասում էր, թե ինչ կկատարվի իր հետ: Հետո էլ չտեսավ, որովհետև մազերը լցվեցին դեմքին, իսկ հետ հրել չէր կարող. մի սխալ շարժում, ու կպոկվեր պատշգամբից:
Ու ընկավ: Տաթևի մարմինը շխկոցով ընկավ: Ընկավիններորդ հարկի պատշգամբի բազրիքից և գիտակցությունը կորցրեց: Ընկավ դեպի պատշգամբը՝ մի մետր բարձրությունից: Ընկավ դեռևս չփռված թաց լվացքի մեջ և վայրկյաններ անց ուշքի եկավ մարմնին հպված սառնությունից: Պառկած մնաց էնքան, մինչև անձրև սկսվեց: Էդ ժամանակ միայն դանդաղ ոտքի կանգնեց, վերցրեց լվացքի զամբյուղն ու ներս մտավ: Պատշգամբի դուռը պինդ փակեց, որ քամին ու անձրևը ներս չգան: Հետո զանգեց ընկերուհուն:
- Արուս, գնում եմ Հայաստան:
- Հո բան չի՞ էղել:
- Չէ, արխային:
- Դե լավ ա, հետդ բաստուրմա կբերես:
- Արուս…
- Ծա՞նր ա: Վեշ շա՞տ ես ունենալու:
- Չէ… ուղղակի էլ հետ չեմ գալու:
- Իիիիիի՞նչ, դու հո գի՞ժ չես այ աղջի: Բա գո՞րծդ, բա Արտասահմանցի՞ն…
- Արի հանդիպենք էսօր, սաղ կպատմեմ:
Արդեն հինգ տարի էր, ինչ Տաթևն ու Արուսն ապրում ու աշխատում էին Արտասահմանում, ու մեկնելուց ի վեր նրանցից ոչ մեկը Հայաստան վերադառնալու մասին մի բառ չի ասել: Երկուսն էլ գոհ էին իրենց կյանքից, վաղուց արդեն հարմարվել էին ու կեղծ հայրենասեր խաղալ բնավ չէին ուզում: Միայն թե տարին երկու անգամ գնում էին Հայաստան, սփյուռքահայ հյուր խաղում ու հետ գնում Արտասահման: Հիմա ի՞նչ մեղու ա կծել Տաթևին,- մտածում էր Արուսը,-չլնի՞ Արտասահմանցու հետ կռվել ա: Բայց լավ հա… Տաթևը կարգին հավասարակշռված մարդ ատենց ստից պատճառով Հայաստան գնալու համար: Կարո՞ղ ա գործից հանել են:
- Էդ պատճառ չի,- առարկեց Արուսը՝ լսելով Տաթևի «ուղղակի գնում եմ» անորոշ պատճառաբանությունը,- դու ինձ ասա՝ ինչ ա էղել:
- Չե՞ս հավատում, որ կարող ա ուղղակի ուզենամ գնալ:
- Չէ, անհնար բան ա: Կարծում էի՝ ստեղ երջանիկ ես, քեզ լավ ես զգում: Բա Արտասահմանցի՞ն: Ի՞նքն էլ ա հետդ գալիս:
- Իրան դեռ չեմ ասել, բայց երևի չի գա, ու ավելի լավ:
- Տա՛թ… մի հատ նորմալ կբացատրե՞ս ինչ ա էղել:
- Լավ, բայց պիտի խոստանաս, որ մինչև չվերջացնեմ, եզրակացություններ չես անի:
- Ոնց ասես:
- Հիշու՞մ ես, որ Հայաստանից գնալուց առաջ հավաքվել էինք էրեխեքով: Ես էի, դու էիր, տղերքից էլ կային, կարծեմ Նատաշն էլ էր ընդեղ: Հիշու՞մ ես սաղիս վիճակը՝ Հայաստանից զզված, հոգնած, ելքեր փնտրելով, իսկ ավելի ճիշտ՝ միակ ելքը գնալու մեջ գտնելով:
- Ո՞նց չեմ հիշում: Էդ ժամանակ չէ՞ր, որ Արտակն ասեց՝ ցավն էն ա, որ մենք էն ծնողների էրեխեքն ենք, որոնք իննսունականներին ընտրեցին մնալը:
- Ըհը… մինչև հիմա Արտակի ձենն ականջներումս ա: Լսի, ախր ո՞նց կարար 2010-ին Հայաստանում ավելի վատ լինել, քան իննսունականներին: Եթե մեր ծնողները կարողացել են մի կտոր հաց ճարել, որ մեզ մեծացնեն, դեռ մի բան էլ կրթության տան, մենք ինչի՞ց էինք էդքան դժգոհ, որ թողեցինք-գնացինք:
- Տաթ, դու գժվե՞լ ես: Հինգ տարի ա անցել արդեն, նո՞ր ես էդ հարցերը տալիս: Էդքան դուխ ունեիր, էն ժամանակ մնայիր:
- Ասում եմ՝ մինչև չվերջացնեմ, եզրակացություններ չանես: Հենց էդ օրը չէ՞ր, որ նույն Արտակն ասեց՝ պիտի բռնենք, սաղ հանրապետության բժիշկներով գործադուլ անենք, որ սկսեն մեզ բանի տեղ դնել:
- Տենց բա՞ն ա ասել, արդեն չեմ հիշում:
- Ըհը, նայի, մենք երկու ընտրություն ունեինք. Հայաստանից գնալ ու գործադուլ անել: Ո՞րն էր ճիշտը:
- Լավ հա… քեզ պե՞տք ա: Չեմ հասկանում՝ ինչի՞ ես հանկարծակի հիշել: Մենակ չասես՝ վեր ես կենում գնաս, գործադուլ կազմակերպես: Արդեն հինգ տարի ա անցել, մարդ ա մեր կյանքով ապրում ենք: Քեզ թվում ա՝ Հայաստան գնաս, գրկաբաց ընդունելու՞ են: Էլի նույն զիբիլն ա, նույն արհամարհանքը: Հլը հիմա ավելի վատ կլինի: Դու չգիտե՞ս, որ դրսից էկածներին վատ են նայում:
- Արուս, նայի… չընդհատես ինձ: Հիշու՞մ ես՝ Ֆեդերիկան մեզնից մի տարի հետո էկավ: Որ միասին ենք լինում, ու հարցնում են՝ որտեղից եք, ինքը ասում ա Իտալիա, քաշվում մի կողմ, իսկ ես դեռ հազար ու մի բացատրություն պիտի տամ: Իրան նայելուց մարդիկ հասկանում են, որ իտալացի ա: Իսկ ինձ ինչի տեղ ասես չեն դնում: Սկի եքա քթիս ուշադրություն չեն դարձնում: Տո չգիտեն էլ, որ հայը եքա քիթ ունի: Հասկանու՞մ ես, որ զզվել եմ մի աննշան պետությունից լինելուց: Կամ էլ որ ստեղ սաղ նենց են նայում մեզ, ոնց որ իրանց հացն ենք ուտում կամ որ մեզ մեծ լավություն են արել, որ իրանց մոտ գործի են ընդունել: Իրանց թվում ա, թե առանց իրանց կորած էինք: Արդեն ստեղս ա հասել…
Տաթևը լռեց: Վերջապես մի կում արեց դեռ ձեռք չտված սուրճից, որն արդեն փոքր-ինչ սառել էր: Տեսնելով ընկերուհու լարվածությունը՝ Արուսը չէր համարձակվում որևէ բառ ասել: Ու դեռ չէր հասկանում, թե ինչն էր էդպես հեղափոխել նրան:
- Չգիտեմ, երևի պարզ չեմ արտահայտվում,- շարունակեց Տաթևը,- ուղղակի եթե ուզում ենք, որ մեզ բանի տեղ դնեն, պիտի մեր երկրի ներսից անենք: Թե չէ դրսում ուր էլ գնանք, սաղ իրանց բարեգործ են զգալու: Էլ չեն ասելու՝ ընկեր ջան, գիտե՞ս ինչ կա, կարող ա իմ պետության տեղը դու չգիտես, բայց իմ գիտելիքները քոնից պակաս չեն: Այ դրա համար ուզում եմ գնալ Հայաստան: Չէ, գործադուլ-մործադուլ, հեղափոխություն-բան չկա: Ուզում եմ գնալ ու գլուխս կախ աշխատել: Ու եթե էդքան լավ մասնագետ եմ, ուզում եմ, որ ասեն՝ Հայաստանում այ սենց մասնագետ կա:
- Դու հույս ունես, որ քեզ հարգելու՞ են: Ստեղ գոնե օտարի երկիրն ա: Բա որ քո երկրում քեզ չեն հարգում…
- Արխային, էդ ամեն ինչը շատ լավ եմ հիշում, լավ էլ հիշում եմ, որ սաղիցդ վատ վիճակում ես էի, ամենադեբիլ շեֆն իմն էր, ու ինքը հլը ընդեղ ա: Արուս, ես պատրաստ եմ գնում: Չեմ սպասում, որ հանկարծակի դրախտում եմ հայտնվելու կամ որ ամեն ինչ փոխված ա լինելու: Ուղղակի ուզում եմ Հայաստանում ապրել, էդքան բան:
- Դու լրիվ գժվել ես: Փոշմանելու ես:
II
- Քեզ ո՞վ է էնտեղ սպասում,- հարցրեց Արտասահմանցին արտասահմաներեն, երբ Տաթևը հայտնեց, որ վերադառնում է Հայաստան,- էստեղ գոնե ինձ ունես:
- Հետս չե՞ս գա:
- Գամ ի՞նչ անեմ ձեր աղքատ ու փոքր երկրում:
Լավ էր, որ Տաթևն արտասահմաներեն դժվարությամբ էր զայրույթն արտահայտում, այլապես մի երկու վատ խոսք արդեն ասած կլիներ: Դրա համար փորձեց ուղղակի պատասխան տալ հարցին՝ արհամարհելով ծաղրական երանգը.
- Կարող ես, օրինակ, արտասահմաներեն դասավանդել:
- Ես էստեղ էլ եմ լավ ապրում: Ի դեպ, դու էլ: Չեմ հասկանում՝ թե ինչն է քեզ էդպես կանչում քո հետամնաց երկիրը: Չլինի՞ չես կարողանում առանց կաշառք վերցնելու ապրել:
Տաթևը նորից չկարողացավ զայրանալ ու շարունակեց միայն ձայնը թեթևակի բարձրացնելով:
- Ուղղակի էնտեղ եմ ուզում աշխատել: Չի՞ կարելի: Եթե դու մի օր ուզենաս, օրինակ, Անգլիայում աշխատել, չե՞ս գնա էնտեղ: Ես էլ ուզում եմ Հայաստանում աշխատել: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ:
- Դե հա, քեզ ուրիշ տեղ չէին էլ ընդունի, իսկ ես խնդիր չունեմ,- Արտասահմանցին մտածեց, որ սա չափից դուրս մեղմ էր, դրա համար շարունակեց,-քեզ ուրիշ տղամարդ էլ չի ընդունի: Ինձնից հետո էլ ոչ ոք չես ունենա: Քեզ ոչ մի հայ տղամարդ չի ուզի:
Էստեղ Տաթևը սկսեց հիստերիկ հռհռալ, որովհետև գոռալ չէր ուզում, ապտակել՝ առավելևս:
- Որ խնդիր լինի, կուսաթաղանթս կարելու փողը քեզնից կուզեմ,- ծիծաղից խեղդվելով ասաց, մինչ Արտասահմանցին շվարած նայում էր՝ չհասկանալով, թե ինչ էր կատարվում իր գրեթե նախկին ընկերուհու հետ: «Հավանաբար խմել է»,- մտածեց ու մոտեցավ, որ բերանից հոտ քաշի:
Իսկ Տաթևը, շատ լավ ճանաչելով Արտասահմանցուն, չէր ուզում շարունակել, որովհետև էլի վիրավորանքներ կստանար, որոնք վերաբերում էին իր՝ հայ լինելուն: Հիմա արդեն մտածում էր, թե ոնց էր էդքան դիմացել հետը, ոնց էր էդքան հանդուրժել Հայաստանի մասին բոլոր կծու խոսքերը: Փորձելով կարճել բաժանումը՝ ուղղակի ասաց.
- Ամուսնանում եմ:
- Սիրելիս, ես քեզ նման առաջարկ չեմ արել:
- Հայաստանի ապագայի հետ,- շրջվեց ու գնաց՝ հետևից շրխկացնելով դուռը: Արտասահմանցու ուղեղի մեջ չտեղավորվեց, թե ինչ կատարվեց, որովհետև հայ աղջիկների մասին միակ բանը, որ գիտեր, այն էր, որ նրանք կապվում են իր հայրենակիցների հետ՝ չուզենալով վերադառնալ Հայաստան:Մտածեց-մտածեց ու Տաթևի մասին միայն մի եզրակացություն կարողացավ անել. «Գժվել է»:
StrangeLittleGirl
21.03.2013, 12:39
III
- Գժվե՞լ ես,- հարցրեց Տաթևի փոքր քույրը օդանավակայանում դիմավորելուց հետո, երբ տաքսիով ուղևորվեցին դեպի տուն,- ի՞նչ ես ստեղ կորցրել: Արտասահմանում կամուսնանայիր, լավ կյանք կանեիր, մեզ էլ հետդ կտանեիր: Տես, Ռուզիկն արդեն ամեն տարի Արտասահմանում ա ամառային արձակուրդն անցկացնում: Ես էլ եմ տենց ուզում:
- Ուզում ես, ինքդ փորձի ընդեղ ամուսնանալ,- հորանջելով պատասխանեց Տաթևը, որն արդեն զզվել էր այս խոսակցություններից. Արուսի հետ խոսելուց հետո մինչև Երևան վերադառնալը բոլոր կողմերից զանգեր ու նամակներ էր ստանում, որ հանկարծ նման սխալ քայլ չանի, որովհետև Հայաստանն ապրելու տեղ չէ, այնտեղից փախչել է պետք: Տաթևն արդեն սովորել էր, որ նման դեպքերում պիտի ձեռքերը բռունցք անի, ատամներն իրար սեղմի ու ոչինչ չասի: Ու հիմա էլ քույրը…
- Ես արտասահմաներեն չգիտեմ: Ինձ ո՞վ կառնի,- շարունակեց քույրը:
- Դու էլ մարդուդ հայերեն կսովորացնես: Կյանքիդ մեջ գոնե մի անգամ մի լավ բան արած կլինես:
Էստեղ տաքսու վարորդը մեջ մտավ.
- Բալա ջան, դու իրան մի լսի, շատ էլ ճիշտ ես արել, որ հետ ես էկել: Լավ ա, վատ ա, մեր երկիրն ա: Բա որ սաղդ գնաք, ո՞վ ա ստեղ մնալու: Հո մեր երկիրն էս գելերին չե՞նք թողնելու…դու գիտես՝ սաղ վախտ տաքսու շոֆե՞ր եմ էղել…
Տաթևը քթի տակ ժպտաց. կարոտել էր բարձրագույն կրթությամբ ու Սովետի ժամանակ լավ ապրած տաքսու վարորդներին, որոնց պատմածների կեսը սուտ էր:
- Սովետի վախտ նենց լավ էինք ապրում: Էրեխեքիս սև իկրով եմ մեծացրել: Բայց մեկ ա, որ ասեն՝ Սովետ, թե անկախ Հայաստան, կասեմ՝ անկախը: Ավելի լավ ա՝ ես տաքսու շոֆեր լինեմ, դուք ազատ ապրեք:
Քույրերը զարմացած իրար նայեցին: Սովետի գովքն անող վարորդների շատ էին տեսել, բայց առաջին դեպքն էր, երբ անկախությունից չէր դժգոհում:
IV
Տաթևն անհամբեր է: Չկարողացավ գիշերը քնելը: Շուտ արթնացավ ու տնից դուրս եկավ, որ Երևանում մի քիչ թափառի: Շենքի մուտքի մոտ մի խումբ ջահելներ կանգնեցրին նրան ու ասացին, որ ստորագրահավաք են անում, որովհետև ուզում են համալսարաններում դասերն առավոտյան ժամը ութ անց կեսից սարքել, որ դա շատ շուտ է, շատերը մարզերից են գալիս, չեն հասցնի և այլն: Տաթևը սուսուփուս ստորագրեց ու անցավ առաջ:
Տաթևը քայլեց մոտ մի կիլոմետր՝ փորձելով որսալ, թե Երևանում ինչն է փոխվել: Շենքերը ներկել էին: Որոշ շենքեր ընդհանրապես չկային: Քաղաքն ավելի մաքուր էր դարձել: Փողոցն անցնելն այլևս վախենալու չէր: Զանազան անկյուններում ծաղիկներ կային: Բայց նկատեց, որ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ էին: Քայլեց դեպի Կասկադ: Թամանյանի արձանը տեղում էր: Ուրախացավ: Նստեց, որ հանգստանա: Մի քանի վայրկյան անց նորից ջահելներ հայտնվեցին ու ասացին, որ ստորագրահավաք են անում, որովհետև ուզում են համալսարարններում դասերն առավոտյան ժամը ութ անց կեսից սարքել, իսկ մի խումբ ջահելներ դրա դեմ ստորագրահավաք են անում, մինչդեռ այս ջահելները կողմ են, որ դասերն ութ անց կեսից դառնան, որովհետև մարզերից շուտ են հասնում ու կես ժամ անիմաստ սպասում են: Մի խոսքով, ստորագրահավաքի դեմ ստորագրահավաք էր: Տաթևը ստորագրեց ու անցավ առաջ:
Նրան դուր էր գալիս Երևանում լինելը: Դուր էր գալիս Երևանի արևն ու շոգը: Արտասահմանում ամառ հազվադեպ էր լինում. ամբողջ օրն անձրև ու քամի:
Քայլեց Տաթևը դեպի առաջին հիվանդանոց, որտեղ իր ընկերներից Արտակն էր աշխատում ու մեծ հաջողություններ ուներ: Ասում էին՝ հնարավոր էր նույնիսկ, որ բաժանմունքի վարիչ դառնար: Էն նույն Արտակը, որ դասերի ձեռքին հալումաշ էր լինում, որ կյանքում կաշառք տված չկար, ոչ էլ թափով ծնողներ ուներ:
«Սրտաբան Ա. Մարտիրոսյան»,- կարդաց Տաթևն ու դուռը թակեց: Խռպոտ ձայնը ներս կանչեց: Դռան բացվածքից գլուխը ներս մտցրեց ու տեսավ ջահել օրերի ընկերոջը, որը պատուհանի մոտ կանգնած ծխում էր: Արտակը չաղացել էր, փոր գցել: Ճմրթվածու տեղ-տեղ յուղի հետքերով խալաթն այլևս մինչև վերջ չէր կոճկվում:
Ողջույնի գրկախառնություններից հետո.
- Լույս քեզ տեսնողին: Էս ի՞նչ ես կորցրել ստեղ այ աղջի,-
- Դու կնիկ չունե՞ս, որ խալաթդ փոխել տա,- ծիծաղեց Տաթևը, բայց ներքուստ զարմանալով, որ նախ Արտակը ծխում է, երկրորդ որ հիվանդանոցում ծխել կարելի է:
Բժշկի պարանոցին ոսկե շղթա էր հայտնվել: Թշերը մեծացել, կախվել էին: Մազերը մասամբ թափվել էին ու դեղնամոխրագույն երանգ ստացել:
- Էս ի՞նչ օրն ես ընկել, այ տղա,- շարունակեց,- գործիցդ գո՞հ ես:
- Հա, ո՞նց գոհ չլնեմ Տաթ ջան: Ֆարմֆիրմաները լավ պահում են ինձ: Հիվանդներն էլ հետը: Կարգին փող եմ աշխատում: Մենակ մի հատ կնիկն ա պակասում:
- Այսինքն, լեվի փողե՞ր ես վերցնում:
- Դրա ո՞րն ա լեվի: Ամեն մեկը մի ձև պիտի ապրի: Ես էլ սենց եմ ապրում: Հինվանդներս ինձնից գոհ ու շնորհակալ են, փողն էլ տալիս են: Էլ ի՞նչ դարդ ունեմ… Բայց դու էն ասա՝ դու խի՞ ես էկել: Էսի ապրելու տեղ չի: Ոչ հարգանք կա, ոչ բան կա: Բժիշկը ոնց որ մարդու թշնամին լինի:
- Արտ, բայց հենց նոր ասեցիր, որ կյանքիցդ գոհ ես:
- Դե հա, ես գոհ եմ, բայց հո սաղ տենց չեն: Էն ա, Տիկոն չի կարում հիվանդ մոր բուժման համար փող ճարի: Նատաշն էլ հալումաշ էղավ, էնքան էրեխա բերեց, չի կարում մեծացնի: Իրանց որ Արտասահմանի անուն տաս, կվազեն: Էդ ես եմ, որ գլուխս կախ գործ եմ անում:
- Բայց հիշու՞մ ես, որ գնալուցս առաջ ոնց էիր համոզում, որ սաղ բժիշկներով գործադուլ անենք: Չարեցի՞ք տենց էլ:
- Ինչի՞ս ա պետք գործադուլը: Որ էղած հիվանդների՞ս էլ կորցնեմ: Ում պետք ա, թող նա անի: Ես լավ փող եմ աշխատում:
- Արտ, բա ասում էիր՝ Հայաստանը մեր կարիքն ունի: Հիմա ի՞նչ ես անում Հայաստանի համար:
- Ջահել էի, անկապ դուրս էի տալիս: Ինչ Հայաստան, ինչ բան: Ամեն մարդ պիտի իրա մասին մտածի:
- Կարո՞ղ ա մեր ծնողներն էլ էին ջահել ժամանակ անկապ դուրս տալիս, որ էսօր անկախ երկրում ենք ապրում:
- Իրանք կապ չունեն, անկախությունը սենց թե նենց լինելու էր… Տաթ ջան, ի՞նչ ես ծանր թեմաներից կպել: Դու պատմի՝ ոնց ես, ինչ ես, ինչ կար Արտասահմանում, էդ ինչ քամի քեզ բերեց:
Տաթևն արցունքները հազիվ էր զսպում: Չգիտեր՝ ինչ պատասխաներ: Չգիտեր՝ ինչ պատմեր, ինչ խոսեր: Էն մարդը, որի վրա պիտի հենվեր, որը հինգ տարի առաջ Հայաստանի մասին երազանքներով էր ապրում, հիմա մեծ փորը գրկել, նստել էր ու որևէ բանի մասին մտածել չէր ուզում: Լավ էր, որ էդ պահին դուռը բացվեց, ու հիվանդ ներս մտավ: Տաթևը դուրս եկավ՝ խոստանալով, որ երեկոյան ընկերներով հավաքույթ կկազմակերպի:
Քայլեց դեպի տուն: Ճանապարհին էլի ջահելներ կանգնեցրին: Ստորագրահավաք էին անում, որ Ֆեյսբուքը Հայաստանում փակվի, որովհետև հայ աղջկան սազական չէ սոցիալական կայք մտնելը: Տաթևը մեքենայորեն ստորագրեց:
Հասավ շենքին: Էնտեղ էլ ջահելները ստորագրահավաք էին անում, որ Ֆեյսբուքը Հայաստանում չփակվի, որովհետև դա նպաստում էր քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Տաթևն անջատված ստորագրեց ու բարձրացավ իններորդ հարկ՝ իրենց բնակարան:
Տանը տոթ էր: Բացեց պատշգամբի դուռը: Նստեց բազրիքին, ինչպես այն օրն Արտասահմանում: Օդը կանգնած էր, քամի չկար: Գրկեց ծնկները, բայց այս անգամ թույլ չտվեց, որ քամին իր փոխարեն որոշում կայացնի: Վայրկյաններ անց Տաթևի մարմինն ընկավ: Ընկավ պատշգամբից դուրս: Ընկավ իններորդ հարկից ու ջախջախվեց:
Բյուր, տպավորված եմ, միայն վերջը դուրս չեկավ, չհամոզեց, ոնց որ ուղղակի սկզբի հետ կապված ու տպավորիչ վերջաբան էր, բայց ինձ չհամոզեց աղջկա վարքը: Տաթևն այնպիսին էր դարձել, որ չէր կարող դիմել թուլամորթներին հատուկ գործողության: Կարդալու ընթացքում անընդհատ ինքս էի գծում շարունակությւոնը և սպասում, թե հեղինակն ինչպես է այդ անելու, երևի դրա համար հերոսուհին իր ջախջախվելու հետ միաիսն իմ սպասւոմներն էլ ջախջախեց: Ինձ թվում է, որ եթե "Հյուսիսի կինը" պատմվածքում կիրառած էքսպերիմենտալ վերջաբանի նման մի տարբերակ առաջարկեիր, ավելի լավ կլիներ: Մի անորոշ տարբերակ, որ ամեն մի ընթերցող ինքը իր ձևով շարունակեր:
Ասեմ, որ շատ անկեղծ էր հայրենասիրության զգացումը: Արդի գրականության մեջ գրել հայրենասիրության մասին ու ոչ պաթետիկ, հերոսություն է: Ապրես:
Մեջտեղները հասնելիս ուզում էի որպես դիտողություն նշել Արտասահմանցի բառը մեծատառ գրելը, բայց հասկացա, որ դա մի ընդհանրական անուն է, ինչպես արտասահմաներենը և այլն: Ուղղակի մի պարբերության մեջ շատ էիր օգտագործել՝ չնայած գուցե դա հատուկ շեշտադրության համար է, բայց մի փոքր խեղդում էր այդ բառի առատությունը:
Մի բան էլ. առաջին նախադասությունը՝ "Արտասահմանի սիրուն շենքերից մեկի իններորդ հարկի պատշգամբի բազրիքին ոտքերը գրկած նստած էր Տաթևը:", այս նախադասության մեջ մինչև հասնում ենք "նստած էր Տաթևը" հիմանական մտքին, երկար ճանապարհ ենք անցնում, ոնց որ շատ ձգված լինի լրացումների շղթան:
Իսկ ընդհանուր շատ լավն էր: Շնորհակալություն:
StrangeLittleGirl
07.04.2013, 20:58
Սենյակ 007
Ես ճամփորդ եմ: Ուսապարկս գցում եմ ուսիս, ճամպրուկս գլորում ու գնում դեպի օդանավակայան, գնացքի կայարան, նավահանգիստ կամ ուղղակի քայլում, մինչև հասնում եմ նպատակակետին:
Ես ճամփորդ եմ ու ամեն ինչի սովոր եմ: Գիշերել եմ կայարաններում, գնացքներում, անծանոթ մարդկանց ու ընկերներիս տներում, փափուկ մահճակալներին ու չոր գետիններին, հինգ աստղանի հյուրանոցներում ու հասարակ հոսթելներում: Միայն թե վերջինների դեպքում կարևոր կանոն ունեմ. պարտադիր խնդրում եմ, որ միայն կանանց համար նախատեսված սենյակում ինձ մահճակալ տրամադրեն:
Մի օր էլ ուսապարկս վերցրի, քայլեցի, նստեցի գնացք, նստեցի ավտոբուս, նստեցի ինքնաթիռ, նստեցի գնացք, քայլեցի ու հայտնվեցի Դյուսելդորֆի մի հոսթելում, որտեղ պիտի հինգ գիշեր անցկացնեի: Գրանցվեցի, վերցրի բանալիս ու փորձեցի վեց մահճակալանոց սենյակս գտնել:
Քայլեցի հոսթելի լաբիրինթոսներով, մինչև հասա սենյակ 007: Ներս մտա: Դատարկ էր, ինչպես սպասվում էր, որովհետև առավոտ շուտ չէր, երբ ճամփորդները նոր են արթնանում, ոչ էլ գիշերվա կես, երբ հոգնած ճամփորդներն արդեն քնած են: Մութը նոր էր ընկել, հետևաբար սենյակում գիշերողները դեռ չէին վերադարձել:
Ճամփորդի քիթս միացրի, աչքերս լարեցի ու սենյակն ուսումնասիրեցի: Վեց մահճակալներից միայն մեկն էր զբաղված, մյուսն էլ ես էի զբաղեցնելու: Դես նայեցի, դեն նայեցի, կախիչից կախված կոստյում նկատեցի ու հասկացա, որ էդ մի ճամփորդը տղամարդ է: Խփեցի իմ էշ գլխին ու հիշեցի, որ էս անգամ կանանց սենյակի պահանջով նամակ չէի գրել:
Դե լավ, ոչ առաջինն եմ, ոչ վերջինը: Դե լավ, դեռ վաղ երեկո է, օրն էլ շաբաթ: Սենյակը հաստատ կլցվի, հաստատ էլի կին կգա, ինձ մենակ չեմ զգա: Լողարանում կհանվեմ-հագնվեմ: Թքած, թե միայնակ ճամփորդող կանանց խորհուրդ չեն տալիս խառը սենյակներում գիշերել: Եթե հարձակվեն, կգոռամ: Եթե անկողնուս մեջ հայտնվեն, կխփեմ թույլ տեղերին, որ ցավից մղկտան:
Մինչ մահճակալիս ծայրին նստած ծանրութեթև էի անում, դուռը բացվեց ու ներս մտավ միջին տարիքի ճապոնացի: Ինձ տեսնելով անակնկալի եկավ, ոտքից գլուխ չափեց-ձևեց:
- Դու այստե՞ղ ես մնալու,- հարցրեց:
- Հա,- պատասխանեցի:
Ուրիշ ոչինչ չասաց: Մոտեցավ զբաղեցված մահճակալին, ճամպրուկը բացեց, միջից դրամապանակը հանեց ու դուրս եկավ:
Հոգնել էի քայլելուց, գնացքից, ավտոբուսից ու ինքնաթիռից: Հոգնէլ էի գիշերը քնած չլինելուց: Օգտվեմ առիթից, որ մարդ չկա սենյակում: Պիժամաս հագնեմ, վերմակը քաշեմ գլուխս, որ ոչ ոք ինձ չտեսնի: Ուսապարկս էլ դնեմ իմ ու պատի արանքում, վրան՝ ամուր կողպեք, որ ոչ ոք ինձ չթալանի:
Ամեն դռան բացվելուց արթնանում էի ու տեսնում ներս մտնող տղամարդկանց: Նրանք գալիս էին, մարդ ա՝ իր մահճակալի մոտ, հանվում ու պառկում: Ու ամեն նոր մտնողի հետ ավելի խորն էի վերմակի տակ թաքնվում:
Առավոտյան զանազան լեզուներով, ձայներով ու առոգանությամբ հեռախոսներ սկսեցին ճվճվալ ու քնածներին արթնացնել: Ինձ պետք չէր շուտ վեր կենալ, որովհետև ես սովորական ճամփորդ չէի, ու Դյուսելդորֆում ընդունված մեկի փոխարեն ամբողջ հինգ օր էի անցկացնելու: Բայց աչքերս բացեցի ու տեսա շալվարները հագները քաշող տղամարդկանց: Նրանք էլ ինձ տեսան ու ամաչեցին: Իմ ներկայությունից ավելի շատ ամաչեցին, քան ես՝ իրենցինից:
Ցերեկը մի պահ ներս մտա, որ տաք շոր վերցնեմ: Տեսնեմ՝ աթոռին անշարժ նստած է մի տղա, ձեռքերը տարածած, ու իմ ներկայությունը չի նկատում:
- Բարև,- ասացի:
- Բարև,- սթափվեց:
Երևի մեդիտացիա էր անում: Այ քեզ բան: Դե լավ, սա վտանգավոր չի լինի:
Երեկոյան նստեցի հոսթելի սրահում, որ ինտերնետ փորփրեմ: Էս սայթից էն սայթն էի թռնում, էդ մեկից էլ մի ուրիշը, երբ ինչ-որ մեկի ծանրացած հայացքը զգացի ինձ վրա: Գլուխս բարձրացրի ու տեսա դիմացս նստած ինչ-որ տարօրինակ արարածի: Բարձրահասակ, կարճ մազերով, հսկայական փորով ու փոքր ծիծիկներով, եթե կին է, բայց մեծ ծիծիկներով, եթե տղամարդ է: Սեռը ոչ մի կերպ չկարողացա որոշել: Աչքով-ունքով արեց: Մի երկու բառ խոսեցի հետը: Տղամարդու ձայն ուներ, գերմանացի էր՝ Հանովերից: Գերմանացուն բնորոշ պահվածք չէր:
Հետո արարածն անհետացավ, ու ես շարունակեցի ինտերնետ փորփրել: Երբ ժամը ժամից անցավ, գնացի քնելու: Թեև մութ էր, բայց նկատեցի, որ էդ գիշեր տղամարդկանց բոլորովին նոր կազմ էի ստացել: Իսկ կողքիս մահճակալին չաղլիկ տարօրինակ արարածն էր պառկած, խռռացնում էր: Սուսուփուս մտա վերմակիս տակ՝ հույս ունենալով, որ մինչև առավոտ այնտեղ ինձնից բացի ուրիշ ոչ ոք, հատկապես կողքինս, չի հայտնվի:
Լույսը դեռ չէր բացվել, երբ մեկի զարթուցիչը ղժղժաց: Ես էլ արթնացա: Սա վեր կացավ, հեռախոսի լույսը միացրեց, որ տարածքում կողմնորոշվի: Տեսա, որ բեղ-մորուքով է: Լույսը հերթով բոլոր մահճակալներին գցեց: Երևի ուզում էր պարզել՝ մնացած հինգ հոգին տեղու՞մ են, թե՞ ոչ: Հենց իմ դեմքին ընկավ, աչքերս փակեցի, բայց մի ձեռքս էլ թաքուն հանեցի վերմակի տակից, որ տեսնեմ՝ ուսապարկիս կողպեքը տեղու՞մ է, թե՞ ոչ: Տեղում էր: Մտածեցի՝ երևի տեռորիստ է: Հիմա ավտոմատը կհանի ու բոլորիս վերջը կտա:
Հագնվեց ու շատ զգույշ, որ ոչ ոք չարթնանա, դուրս եկավ սենյակից:
Երբ առավոտյան աչքերս բացեցի, առաջին բանը, որ տեսա, կողքիս պառկածի դեմքն էր: Բեղերը եկել էին: Ուրեմն հաստատ տղամարդ է: Բարի լույս ասաց: Չոր պատասխանեցի, շորերս հավաքեցի ու վազեցի լողարան՝ հագնվելու:
Ցերեկը մտա սենյակ: Տեսնեմ՝ տոպրակներով ու մոխրագույն մորուքով մի ձյաձյա է հայտնվել: Հեռախոսով խոսում էր: Լսեցի ու փորձեցի լեզուն տեղը բերել: Ասածները հասկանում էի. ռուսերեն էր: Բայց տարօրինակ թուրքական հնչողություն ուներ: Պահո՜, սա թուրք-ադրբեջանցի հո չի՞:
Մոտս Հայաստանի դրոշ կար: Խորը պահեցի, որ չտեսնի: Կողքիս սեղանին էլ քարտեզների բլոկնոտս էր, մեջը հասցես Հայաստան էր գրած: Էդ էլ խցկեցի ուսապարկիս մեջ, կողպեցի: Հանկարծ ու ազգային հերոս դառնալու պահանջ ունենա: Շառից-փորձանքից հեռու:
Երրորդ առավոտ, երբ աչքերս բացեցի, չաղլիկն էլի կողքիս մահճակալին էր, իսկ դիմացից մի աղջիկ ժպտաց ու բարի լույս մաղթեց: Երկուսս էլ զարմացանք ու ուրախացանք իրար տեսնելով: Մութ ժամանակ սենյակ մտնելով ու փոփոխվող կազմով հինգ տղամարդկանց ներկայությանը սովոր լինելով մտքովս չէր անցել, որ հոսթելային գիշերս մի քիչ փոփոխության է ենթարկվելու:
Չաղլիկն էլ էր արթնացել: Ինձ Ջեք Դանիելզի մայկա նվիրեց: Ասաց, որ վիսկի է գնել, հետը տվել են, իր հագով փոքր է:
Երբ երրորդ երեկոյան հոսթել վերադարձա, չաղլիկը նստած էր սրահում, դիմացը՝ մի տուփ պիցցա ու քսան բանկա վիսկի, որոնցից երեքն արդեն դատարկել էր:
- Միացիր,- ասաց՝ բանկաներից մեկն ինձ պարզելով:
Հրաժարվեցի: Սուսուփուս կոմպս միացրի ու մտա ինտերնետ: Սրահում երաժշտություն էր հնչում: Չաղլիկը մեծ էկրանով հեռուստացույցով ինչ-որ գերմանական էշություն էր նայում:
- Տես, Շտեֆան Ռաբը,- ասաց,- Դյուսելդորֆից ոչ հեռու մի քաղաք կա Քյոլն անունով: Էս հաղորդումն էնտեղ են նկարել:
Ձայն չհանեցի: Ուղղակի սպասեցի, մինչև չաղլիկը գոռոցը դրեց, աչքերին չհավատաց. էկրանին ես էի հայտնվել:
- Ուրեմն դու Շտեֆան Ռաբին տեսել ես իրական կյանքում:
- Ու՞մ:
Հույս ունեմ՝ ներեց անգրագիտությունս: Իսկ թե ինչ գործ ունեի հեռուստատեսությունում, այս պատմության հետ բնավ կապ չունի, հետևաբար չեմ ծանրաբեռնի ավելորդ մանրամասնություններով: Ես ճամփորդ եմ, հասարակ ճամփորդ:
Հեռախոսով երաժշտություն միացրեց: Ռամշտայն: Հոսթելի երաժշտությունը, հեռուստացույցը, չաղլիկի հեռախոսը… մի շուխուռ, մի ղալմաղալ: Էդ էլ հերիք չէ, մեկ էլ ինքն էլ միացավ, սկսեց Ռամշտայն երգել: Գրպանից հանեց համերգի տոմսը, ասաց, որ իր գնացած վերջին համերգն էր:
- Mutter,- երգեց,- գերմաներեն նշանակում է մայր: Այս երգը վատ մայրերի մասին է: Մի էդպիսին էլ ես ունեմ:
- Ինչո՞վ է մայրդ վատը:
- Անգլերենս հերիք չի անում, որ բացատրեմ: Դպրոցում անգլերեն միայն մի տարի եմ անցել:
- Ինչու՞,- հարցրի՝ հույս ունենալով, որ կասի, որ որովհետև օտար լեզուն ռուսերենն է եղել, ու ես կստիպեմ, որ ռուսերեն բացատրի, թե ինչով է իր մայրը վատը:
- Ես ընդամենը մի տարի եմ անգլերեն անցել: Դրանից հետո հատուկ դպրոց եմ գնացել, որովհետև դեբիլ էի:
Այ էստեղ ամեն ինչ տեղն ընկավ: Մինչև այդ երեկո հա զարմանում էի՝ ոնց էր սա նեմեց հալով էդքան շփվող, ասող-խոսող: Մարդ պիտի գերմանացու հետ մեկտեղ մտավոր հետամնաց լինի, որ էդքան հեշտ կոնտակտի մեջ մտնի, հայացքն էլ փախցնելու փոխարեն անընդհատ սևեռի:
- Խմիր,- ասաց՝ պարզելով վիսկիի բանկան: Էդ պահին արդեն հինգ հատ դատարկն էր հայտնվել,- ես խմած եմ, ավել-պակասի համար ներող:
Նորից հրաժարվեցի՝ պատճառաբանելով միգրենը: Իրականում մեն-մենակ ճամփեքին եղած ժամանակ չեմ սիրում ալկոհոլ օգտագործել, որ զգոնությունս չկորցնեմ: Հեռախոսը հանեց, երկուսիս նկարեց: Հետո թե՝ մեր սենյակը 007-ն է, ինչպես Ջեյմս Բոնդը: Ու նորից ավել-պակասի համար ներողություն խնդրեց:
- Գնացի քնելու, բարի գիշեր:
- Հեսա ես էլ եմ գալիս,- ասաց:
Աչքս լույս: Չէ, դու մնա: Ես կթաքնվեմ վերմակիս տակ, հետո նոր արի:
Արդեն աչքս կպչում էր, երբ շուխուռով, օրորվելով ներս մտավ: Ռամշտայնը դեռ միացած էր: Կարծեմ քնածներից մեկը գերմաներեն մի երկու լավ խոսք ասաց, որ նոր անջատեց երաժշտությունը:
- Խմած եմ, ներող,- արդարացավ:
Վախեցա՝ հանկարծ խմած-խմած մի ավելորդություն չանի: Նորից շոշափեցի ուսապարկիս կողպեքը: Տեղում էր:
Գիշերը ժամը հազարը կլիներ, երբ կտկտոցով մեկը ներս մտավ:
- Օլա,- ասաց բարակ ձայնը:
- Օլա, օլա,- լսվեց չաղլիկի խռխռոցը,- իսպանացի՞ ես:
- Չէ:
- Խմած եմ, ներող:
Մի պահ պատկերացրի նոր ժամանած աղջկա վիճակը, որին դիմավորում է կոնծած չաղլիկը մթության մեջ ու ասում՝ խմած եմ, ներող: Լամպը միացրի, որ դեմքս տեսնի, ժպտացի, ձեռքով արեցի, որ իմանա՝ չաղլիկի հետ մենակ չէ:
Առավոտյան, երբ արթնացա, բոլորը գնացել էին: Մենակ չաղլիկն էր մնացել, դեռ պառկած էր: Տեսավ, որ աչքերս բաց են: Բարի լույս ասաց: Քթիս տակ պատասխանեցի, թռա լողարան, արագ-արագ լողացա ու սկսեցի պայուսակս դասավորել, որ դուրս գամ: Ամբողջ ժամանակ չաղլիկի հայացքը մեջքիս վրա ծանրացած էր:
- Մնացինք մենակ,- ասաց:
Ձայն չհանեցի:
- Küsschen կուզե՞ս,- ասաց:
- Ի՞նչ:
- Küsschen: Գերմաներեն նշանակում է պաչիկ: Պաչիկ կուզե՞ս:
Ֆազերս գցեցին: Չէ, պիտի շուտ դուրս թռնեմ սենյակից:
- Չէ, չեմ ուզում,- չոր պատասխանեցի:
- Սա նկատի ունեմ,- նեղացած տոնով ասաց ու ինձ պարզեց շոկոլադի տուփը, որի վրա գրված էր Küsschen:
Չաղլիկն էդ օրը վերադառնում էր Հանովեր: Չնայած համոզվել էի, որ անշառ արարած է, ամեն դեպքում ուրախ էի, որ կողքիս մահճակալը վերջապես դատարկվում է: Տղամարդկանց ներկայությանն էլ սովորել էի. վերջին գիշերը հանգիստ կքնեմ: Հեչ որ չէ, գոնե չաղլիկի խռմփոցը չի լինի:
Երբ գիշերը մտա սենյակ, լույսը վառվում էր: Բոլոր մահճակալները դատարկ էին, բացի իմից ու դիմացինից, որի վրա հրեշտականման ջահել աղջիկ էր նստած: Հազիվ տասնութ տարեկան լիներ: Ծանոթացանք, զրուցեցինք: Ինքն էլ էր մեն-մենակ ճամփորդում, ահավոր վախենում էր հոսթելի խառը սենյակից, ահագին ուրախացել էր, որ տեսել էր՝ միակ աղջիկը չէ:
- Էս գիշեր աչքիս էլ ոչ ոք չի գա:
Իրոք, չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերներն ամենադատարկն են հոսթելներում: Էդ օրերին քչերի ճամփորդելն է բռնում:
Առաջին անգամ հանգիստ աչքերս փակեցի. տղամարդկային վտանգ չկա:
Գիշերը հրեշտականման աղջիկը տեղից վեր կացավ, վիզս կտրեց, աչքերս հանեց, չորս տեղից փորս ծակեց, ուսապարկս առավ ու թռավ:
Ուլուանա
07.04.2013, 21:26
Ու՜ֆ, էս քո վերջաբանները... :angry
Ինձ թվում ա՝ հանգիստ կարելի էր մենակ ուսապարկն առնել–թռնելով սահմանափակվել։ Էլի ուժեղ կլիներ, իսկ սենց մի տեսակ արհեստականորեն ուժասծիկ սարքեցիր վերջը։
Իսկ պատմվածքն ընդհանուր շատ լավ էր կարդացվում. suspense–ը լավ էր ստացվել. ամբողջ ընթացքում պահպանված էր։ Շարադրանքն էլ հետաքրքիր էր՝ մի տեսակ չոր, հատու գրելաոճ էր։ Հավես էր, մի խոսքով։
Բյուր, էս ես կարդացել էի ինչ-որ տեղ, չէ՞: Դեռ բացի կարդալուց էլ էս պատմությունը կարծեմ ինձ պատմում էիր, երբ որ հետդ իրականում կատարվում էր :)
Ինձ վերջը էդքան էլ չնեղեց, ճիշտը որ ասեմ. արդեն սովորել եմ քո տրյուկներին :))
Չոր շարադրանքն էլ գիտեմ, որ քո ձեռագիրն ա: Չգիտեմ՝ լավ ա էդպես, թե չէ, բայց էդ լրիվ դու ես, ու ինձ դուր ա գալիս :)
StrangeLittleGirl
07.04.2013, 22:10
Բյուր, էս ես կարդացել էի ինչ-որ տեղ, չէ՞: Դեռ բացի կարդալուց էլ էս պատմությունը կարծեմ ինձ պատմում էիր, երբ որ հետդ իրականում կատարվում էր :)
Ինձ վերջը էդքան էլ չնեղեց, ճիշտը որ ասեմ. արդեն սովորել եմ քո տրյուկներին :))
Չոր շարադրանքն էլ գիտեմ, որ քո ձեռագիրն ա: Չգիտեմ՝ լավ ա էդպես, թե չէ, բայց էդ լրիվ դու ես, ու ինձ դուր ա գալիս :)
Հա, Ռիփ, ճիշտ ես հիշում :)) դեպքի վայրից լայվ հաղորդում էի քեզ, հետո էլ պատմվածքն ուղարկեցի:
Լսի, էդ չոր շարադրանքը, որից էդքան բողոքում եք, էսօր առաջին անգամ եմ նկատել :D բայց ինձ լրիվ դզեց անհանգստությունների մասին տենց չոր խոսալը, վերջում էլ տենց չոր-չոր մեռնելը: :))
Ուլուանա
07.04.2013, 22:15
Հա, Ռիփ, ճիշտ ես հիշում :)) դեպքի վայրից լայվ հաղորդում էի քեզ, հետո էլ պատմվածքն ուղարկեցի:
Ինձ էլ էիր ասել՝ չեմ հիշում չաթով, թե ուղղակի բլոգումդ էիր գրել ինչ–որ բան, բայց էդ չաղլիկին լավ հիշում եմ, որ հենց թրաշն եկավ, իմացար, որ տղա ա :D։
Լսի, էդ չոր շարադրանքը, որից էդքան բողոքում եք, էսօր առաջին անգամ եմ նկատել :D բայց ինձ լրիվ դզեց անհանգստությունների մասին տենց չոր խոսալը, վերջում էլ տենց չոր-չոր մեռնելը: :))
Բայց ես չբողոքեցի, հակառակը՝ ասեցի, որ հավես էր։ Ո՞վ ա բողոքել։
StrangeLittleGirl
07.04.2013, 22:20
Ինձ էլ էիր ասել՝ չեմ հիշում չաթով, թե ուղղակի բլոգումդ էիր գրել ինչ–որ բան, բայց էդ չաղլիկին լավ հիշում եմ, որ հենց թրաշն եկավ, իմացար, որ տղա ա :D։
Բայց ես չբողոքեցի, հակառակը՝ ասեցի, որ հավես էր։ Ո՞վա բողոքել։
հա, կարող ա քեզ էլ պատմած լինեի :))
դե էդ չորությունից ընդհանրապես շատ են բողոքում, չգիտեմ :))
Ուլուանա
07.04.2013, 22:23
հա, կարող ա քեզ էլ պատմած լինեի :))
դե էդ չորությունից ընդհանրապես շատ են բողոքում, չգիտեմ :))
Ուրիշ բնույթի պատմվածքի դեպքում կարող ա էն չլիներ։ Նոր հիշեցի, որ դեպքեր եղել են, որ ինձ դուր չի եկել էդ չոր գրելաոճդ, բայց կոնկրետ էս դեպքում, իմ կարծիքով, տեղին էր. լրացուցիչ էֆեկտ էր տալիս պատմածիդ։
Lusntag Lusine
08.04.2013, 15:49
Չտպավորեց որպես պատմվածք,սառն էր, վերջն էլ իր նշանակետին չհասավ…ՈՒսապարկն առնել, թռնելու համար պարտադիր չէր մարդ սպանել, այն էլ այդքան դաժան, չհավատացի…
StrangeLittleGirl
08.04.2013, 16:40
Չտպավորեց որպես պատմվածք,սառն էր, վերջն էլ իր նշանակետին չհասավ…ՈՒսապարկն առնել, թռնելու համար պարտադիր չէր մարդ սպանել, այն էլ այդքան դաժան, չհավատացի…
շնորհակալ եմ կարծիքի համար :)
Ժող, չգիտեմ՝ ես եմ սխալ հասկացել, բայց ինձ թվում է, որ վերջը ռեալիստական չէր, ու պետք չէ բառացի հասկանալ:
Նախ՝ այդ աղջիկը չէր կարող մորթել հերոսուհուն, որովհետև այդ պատմությունը պատմում էր հերոսուհին՝ վերջաբանն էլ հետը (եթե միայն անդրաշխարհից չէր ուղարկել այդ պատմությունը Բյուրին, որ նա էլ դներ Դար ակումբի ընթրեցողների համար):
Վերջաբանը կարող էր լինել երազ:
Նաև կարող էր լինել տպավորությւոն, որ չորսը գիշեր նորմալ չքնած մարդը, հինգերրոդ գիշերը, որ իբր վախ չպիտի ունենար, ավելի շատէ վախենում ենթագիտակցորեն՝ վախենալով իր չվախենալուց:
Էլի որոշ բաներ կարող էր լինել, բայց որպես իրական փաստի արձանագրում չեմ կարող ընդունել:
StrangeLittleGirl
08.04.2013, 17:47
Ժող, չգիտեմ՝ ես եմ սխալ հասկացել, բայց ինձ թվում է, որ վերջը ռեալիստական չէր, ու պետք չէ բառացի հասկանալ:
Նախ՝ այդ աղջիկը չէր կարող մորթել հերոսուհուն, որովհետև այդ պատմությունը պատմում էր հերոսուհին՝ վերջաբանն էլ հետը (եթե միայն անդրաշխարհից չէր ուղարկել այդ պատմությունը Բյուրին, որ նա էլ դներ Դար ակումբի ընթրեցողների համար):
Վերջաբանը կարող էր լինել երազ:
Նաև կարող էր լինել տպավորությւոն, որ չորսը գիշեր նորմալ չքնած մարդը, հինգերրոդ գիշերը, որ իբր վախ չպիտի ունենար, ավելի շատէ վախենում ենթագիտակցորեն՝ վախենալով իր չվախենալուց:
Էլի որոշ բաներ կարող էր լինել, բայց որպես իրական փաստի արձանագրում չեմ կարող ընդունել:
Ինգրիդ, սխալ ես հասկացել, իրական փաստի արձանագրում ա :)) մոգական ռեալիզմ
Ուլուանա
08.04.2013, 17:49
Ինգրիդ, սխալ ես հասկացել, իրական փաստի արձանագրում ա :)) մոգական ռեալիզմ
Ես էի ուզում ասել :))։ Փաստորեն, էստեղ քո ու Ինգրիդի՝ մոգական ռեալիզմի մասին պատկերացումները չհամընկան...
StrangeLittleGirl
08.04.2013, 17:51
Ես էի ուզում ասել :))։ Փաստորեն, էստեղ քո ու Ինգրիդի՝ մոգական ռեալիզմի մասին պատկերացումները չհամընկան...
փաստորեն :)) ու եթե նույնիսկ դա մոգական ռեալիզմի տարր չհամարենք, էն, ինչ իրական կյանքում հնարավոր չի, գրականության մեջ հնարավոր ա՝ ընդհուպ մինչև առաջին դեմքով գլխավոր հերոսի՝ սեփական մահվան մասին խոսելը:
Alphaone
08.04.2013, 18:42
Բյուր, էդ մոգական ռեալիզմ չի, էդ հետմահու ինքնակենսագրություն ա :D
Ես ոչ մի արտասովոր կամ մոգական բան չտեսա ստեղ: Պատմվածք էր, էլի: Իրապատում: Օստապ Բենդերին էլ են մի անգամ սպանել, ու ի՞նչ: Ու ի տարբերություն ձեզ՝ ես տեսել եմ Բյուրի կոկորդի բարակ սպին: Ականջից ականջ ձգվում ա: Թե չէ երազ-մերազ, չէ մի չէ:
Ժող, ինչ էլ ասեք, միայն այդ մի նախադասությունը չի կարող պատմությունը դարձնել մոգական ռեալիզմի ժանրին պատկանող: Հետն էլ չկա ոչ մի ժողովրդական լեգենդային հիմք ու պլյուս այն կետերը, որ մրցությի թեմայում նշել էի:
Ինչևէ, ես շարունակում եմ այդպես հասկանալ քո ստեղծագործությունը, Բյուր ջան, երևի ինձ այդպես ավելի շատ է դուր գալիս:
Ուլուանա
08.04.2013, 21:08
Ժող, ինչ էլ ասեք, միայն այդ մի նախադասությունը չի կարող պատմությունը դարձնել մոգական ռեալիզմի ժանրին պատկանող: Հետն էլ չկա ոչ մի ժողովրդական լեգենդային հիմք ու պլյուս այն կետերը, որ մրցությի թեմայում նշել էի:
Ինչևէ, ես շարունակում եմ այդպես հասկանալ քո ստեղծագործությունը, Բյուր ջան, երևի ինձ այդպես ավելի շատ է դուր գալիս:
Բայց լեգենդային հիմքը պարտադի՞ր ա։ Ախր բազմիցս ասվեց, որ հեչ պարտադիր չի, որ էդ բոլորը կետերը լինեն, ու ընդհանրապես ո՞նց ա որոշվում, թե նշված կետերեից քանիսը պիտի առկա լինեն, որ մոգական ռեալիզմ համարվի։
Բայց լեգենդային հիմքը պարտադի՞ր ա։ Ախր բազմիցս ասվեց, որ հեչ պարտադիր չի, որ էդ բոլորը կետերը լինեն, ու ընդհանրապես ո՞նց ա որոշվում, թե նշված կետերեից քանիսը պիտի առկա լինեն, որ մոգական ռեալիզմ համարվի։
Ան ջան, հա՛, պարտադիր չէ, որ բոլոր կետերը լինեն, բայց այստեղ միայն վերջին նախադասությւոնն է, որ այլ ոլորտից է, գոնե դրանից հետո պիտի երևար, թե բոլորն ընդունեցին այդ փաստը հալած յուղի պես: Կամ, չգիտեմ, մի այլ կերպ, թե չէ ցանկացած ռեալիստական պատմվածք կարելիէ վերջում ուղղակի մեկ նախադասությամբ դարձնել մոգական: Բայց ես այդպիսի ընդունված փորձի չեմ հանդիպել:
Ինչևէ, այս պատմությունը, որ անգամ պատմվածքի այնքան նման չէ, որքան էսսեի, ես համարում եմ հաջողված գործ, որտեղ ենթագիտակցական վախերի արտացոլում կա՝ վերջին նախադասության շնորհիվ:
StrangeLittleGirl
08.04.2013, 22:18
Ժող, ինչ էլ ասեք, միայն այդ մի նախադասությունը չի կարող պատմությունը դարձնել մոգական ռեալիզմի ժանրին պատկանող: Հետն էլ չկա ոչ մի ժողովրդական լեգենդային հիմք ու պլյուս այն կետերը, որ մրցությի թեմայում նշել էի:
Ինչևէ, ես շարունակում եմ այդպես հասկանալ քո ստեղծագործությունը, Բյուր ջան, երևի ինձ այդպես ավելի շատ է դուր գալիս:
բայց ես ասեցի՞, որ պատմվածքը մոգական ռեալիզմ ժանրին ա պատկանում :' ասեցի տարրեր: տարրն էլ վերջին նախադասությունն էր
StrangeLittleGirl
08.04.2013, 22:19
Ան ջան, հա՛, պարտադիր չէ, որ բոլոր կետերը լինեն, բայց այստեղ միայն վերջին նախադասությւոնն է, որ այլ ոլորտից է, գոնե դրանից հետո պիտի երևար, թե բոլորն ընդունեցին այդ փաստը հալած յուղի պես: Կամ, չգիտեմ, մի այլ կերպ, թե չէ ցանկացած ռեալիստական պատմվածք կարելիէ վերջում ուղղակի մեկ նախադասությամբ դարձնել մոգական: Բայց ես այդպիսի ընդունված փորձի չեմ հանդիպել:
Ինչևէ, այս պատմությունը, որ անգամ պատմվածքի այնքան նման չէ, որքան էսսեի, ես համարում եմ հաջողված գործ, որտեղ ենթագիտակցական վախերի արտացոլում կա՝ վերջին նախադասության շնորհիվ:
ախպոր պես էլի :( քննդատեք ինձ, ցիցը հանեք, ասեք զիբիլ եմ գրել, մենակ սենց վերլուծություններ մի արեք, սիրտս վատանում ա
Վայ Բյուր պիտի ասեմ :))
Շաատ լավն էր, մի շնչով կարդացել եմ, հումորն ու սադիզմն անպակաս, վերջը որ վաբշեեե սպանեցց
Բյուր ահավոր լավն էր լուրջ եմ ասում
StrangeLittleGirl
08.04.2013, 22:31
Վայ Բյուր պիտի ասեմ :))
Շաատ լավն էր, մի շնչով կարդացել եմ, հումորն ու սադիզմն անպակաս, վերջը որ վաբշեեե սպանեցց
Բյուր ահավոր լավն էր լուրջ եմ ասում
անկեղծ չես :D
անկեղծ չես :D
Դու ես կեղծավորը, գիտես որ լավ բան ես գրել, բայց չես ուզում անկեղծ լինենք :angry
StrangeLittleGirl
08.04.2013, 22:36
Դու ես կեղծավորը, գիտես որ լավ բան ես գրել, բայց չես ուզում անկեղծ լինենք :angry
Մարի ջան, չէ, ի՞նչ ես ասում, ես դեմ չեմ քննադատությանը, մենակ թե առողջ քննադատություն լինի :D
Մարի ջան, չէ, ի՞նչ ես ասում, ես դեմ չեմ քննադատությանը, մենակ թե առողջ քննադատություն լինի :D
Բյուր, եթե ես մի բան հավանում եմ, էլ չեմ կարում քննադատեմ :B
Sambitbaba
09.04.2013, 04:27
Թե չէ ցանկացած ռեալիստական պատմվածք կարելիէ վերջում ուղղակի մեկ նախադասությամբ դարձնել մոգական:
Եվ մի՞թե դա ստեղծագործելու ամենահիանալի պահերից մեկը չէ: Երկու մատի ճտտոցով, գրչի խզբզոցով, մեկ վայրկյանում կարող ես ստեղծագործությունը բարձրացնել լրիվ այլ մակարդակ: Դրանից լավ բա՞ն… Ինգրիդ ջան, կարդացե՞լ ես Էրիխ Կեստների "Ֆաբիանը": Վեպը կարդում ես, կարդում, ամեն ինչ կարծես նորմալ է: Մեկ էլ վերջին երկու նախադասությունները վերցնում են ամբողջ գիտելիքներդ և նետում աղբարկղը: Եվ էլ ու՞մ է հետաքրքրում օրենքով է, թե ոչ…
Բյուր ջան, էնպես ստացվեց, որ երկու վերջին պատմվածքներդ միասին կարդացի, "Իններորդ հարկն" ինչ-որ բաց էի թողել: Երկուսն էլ լավն էին, կարդացի հաճույքով: Առաջինն ավելի դասական կառուցվածքի երևաց աչքիս, երաժիշտների դասական կվադրատի "ռազ-ի, դվա-ի, տրի-ի, չետիրե-ի" հաշվի մեջ ու ամեն ինչ տեղը տեղին: "007-ը" լրիվ կարծես փախած էր այդ հաշվից և սա արդեն դրանով էր լավը: Ճիշտ է, ես էլ շատերի պես չգտա հերոսուհուդ սպանելու անհրաժեշտությունը, բայց դա անհատական կարծիք է ընդամենը և ոչ մի կերպ չի ազդում պատմվածքիդ արժանիքների վրա: Լավն էր:
"Չորուցամաք" գրելաոճն էլ էր բավական տպավորիչ: Ի դեպ, ես դա նկատեցի դեռ "Իններորդ հարկում" և դա մի հետաքրքիր մտքի բերեց: Մարդ, ով որոշել է ինքնասպանություն գործել, նա որոշ ժամանակ առաջ երևի արդեն դադարել է կենդանի լինել: Եվ ուրիշ ի՞նչ ոճով կարող է պատմել այդ անկենդան մարդը, եթե ոչ "անկենդան" ոճով: Հա, մոռացա ասել, որ չնայած "Իններորդ հարկդ" գրել ես երրորդ դեմքով, ես սկզբից մինչև վերջ կարդացել եմ այն համոզմունքով, որ պատմողը Տաթևն է: Լավ էր:
"007-ն" էլ մտքերի բերեց: Մտածեցի, որ կամ սկզբից արդեն իմացել ես ամբողջ պատմությունը մինչև վերջ և այդ պատճառով օգտագործել ես ասածս "անկենդան" ոճը, և դա արդեն վատ չէր, - կամ էլ, սկսել ես գրել այդ "անկենդան" ոճով, որն էլ հենց ստիպել է քեզ հերոսիդ սպանել: Եվ այս վերջինն ինձ ավելի հետաքրքիր թվաց…
Բայց գիտե՞ս, Բյուր ջան, այս ամենի մեջ մի վտանգավոր բան տեսա քեզ համար, ինչի մասին, կներես, չասել չեմ կարող: Իսկ դու, եթե կարող ես, սա ոչ թե խորհուրդ համարիր, այլ ընդամենը կարծիք, լա՞վ: Please…:(
Վտանգավորն այն է, որ այս գրելաոճը չդառնա տրադիցիա կամ սկզբունք ու չշարունակվի այլ պատմվածքներում: Հակառակ դեպքում այս սիրուն պատմվածքներդ կկորցնեն իրենց յուրօրինակությունը, իսկ նորերն էլ, և այստեղ արդեն կստացվի, որ ճիշտ էր Ինգրիդը, - կդառնան կամ էսսե կամ ռեպորտաժ::nono
Հուսով եմ, չնեղացար::)
Ես քեզ սիրում եմ…:rose
Հ.Գ.Կոմպըս ինձ սպանում է. առավոտից արդեն երրորդ անգամն եմ գրում, կուլ է տալիս, և սա՝ ամենավատն ստացվեց… Եթե սա էլ կոչի, - գնամ կախվեմ ինչ է…:think
Բայց դու դաժան ընկերուհի էս (պատմվածքիցդ դատելով եմ ասում):)
Պատմվածքներդ շատ սահուն են կարդացվում: Ես, որ քեզ լավ չեմ ճանաչում, չնայած գրառումներիցդ որոշ պատկերացում ունեի քո մասին, պատմվածքներդ կարդալով, քեզ ավելի լավ ճանաչեցի:
Նամանավանդ սկզբի պատմվածքների մեջ, դու լրիվ կաս:
Առանձին պատմվածքների մասին չեմ խոսի:
«Իններորդ հարկ» պատվածքի Տաթևի արարքը ինձ էնքան էլ համոզիչ չթվաց:
Դուրս շատ եկավ« Սենյակ 007»: Միայն փոր ծակելն էր ավելորդություն:
Ընդհանուր հավես էր կարդացվում, ապրես:hands
ախպոր պես էլի :( քննդատեք ինձ, ցիցը հանեք, ասեք զիբիլ եմ գրել, մենակ սենց վերլուծություններ մի արեք, սիրտս վատանում ա
sorry, Բյուր ջան: :)
Ըհը, քննադատում եմ քեզ, ցցի վերևի գահին հանում, թագադրում որպես ամենազիբիլ գործ գրող հեղինակի:
Նախորդ նախադասության համար էլ sorry: :)
[QUOTE=Sambitbaba;2399729]Եվ մի՞թե դա ստեղծագործելու ամենահիանալի պահերից մեկը չէ: Երկու մատի ճտտոցով, գրչի խզբզոցով, մեկ վայրկյանում կարող ես ստեղծագործությունը բարձրացնել լրիվ այլ մակարդակ: Դրանից լավ բա՞ն… Ինգրիդ ջան, կարդացե՞լ ես Էրիխ Կեստների "Ֆաբիանը": Վեպը կարդում ես, կարդում, ամեն ինչ կարծես նորմալ է: Մեկ էլ վերջին երկու նախադասությունները վերցնում են ամբողջ գիտելիքներդ և նետում աղբարկղը: Եվ էլ ու՞մ է հետաքրքրում օրենքով է, թե ոչ…
Սամ ջան, ես մի՞թե նորմալ չեմ արտահայտվում. ես գրել եմ, որ հավեսով եմ կարդացել, որ վերջին նախադասությունը այլ շերտ էր, որ դա էր կարևորում ամբողջը, նմ,ան գործեր էլի շատ կան, բայց ես միայն ասել եմ, որ այդ նախադասությամբ մոգական ռեալիզմ չի դառնա: Էն էլ Բյուրն ասում է, որ ինքը նկատի ունի միայն տարր:
Էդպիսի բաներ: