Մուտք

Դիտել ողջ տարբերակը : « Երկու թիթեռ »



Ծով
08.09.2011, 05:01
« Երկու թիթեռ »

Քաղաքում նորից տարածվեց հույս փնտրելու տենդը: Եթե առաջ մարդիկ ինչ-որ մի բան գտնելու հույս էին ունենում, ապա այժմ նրանք հենց հույսին էլ որոնում էին:
Միայն կենտրոնում , երբ երեկոյան ինից մինչև կեսգիշեր սկսվում էր երիտասարդական բոհեմը, թվում էր՝ քաղաքը մի քիչ ապրում է, իսկ իրականում այդպես քնում էր գիշերը:
Նախավերջին գիշերը Սիփոն հարբեց ընկերների հետ: Նա մի քիչ տաք էր, գինովցած ու շփոթված, ասես իրեն մեղավոր էր զգում, որ հեռանում է, պիտի անկեղծ լինենք՝ իրականում լքում է երկիրը: Փորձում էր արդարացումներ գտնել, համոզել, թե ինքը շատ է պայքարել, թե ինքը հասել է վերջին, բայց ցավոք՝ հուսահատության, թե գլորվում են տարիները , ծնողները ծերանում են, ինքը ոչինչ չունի, նույնիսկ աշխատանք, իսկ ինչ-որ բան ունենալու համար նախ աշխատանք է պետք:
Սիփոն ոչ թե պարզապես խմում , այլ հերթով հայհոյում էր բոլոր իշխանական սրիկաների կենացը:
Վեսթից հետո նա բոլորովին գինովցած որոշել էր թափառել ՝ ասես երկնաքերած քաղաքին ուզածի չափ հրաժեշտ տալու , դեռ չհեռացած կարոտը գրավով գնելու համար: Քաղաքը թքած ուներ: Հասկանում ե՞ք, նա պարզապես սովոր էր:
Քաղաքը կեսգիշերային տապին միշտ արթուն էր, ակումբները, նույնիսկ որոշ սրճարաններ՝ բաց: Երբեմն հանդիպում էին օրվա «աշխատանքից» թլֆած, ուժասպառ եղած անտունիներ, աղվորիկ զբոսաշրջիկներ ու այլն : Արթուն էին մեկ էլ նոր տպված թերթերն ու պատգամավորի դեմքով թեժ քննարկումներ ծավալող ֆեյսբուքցիները: Անկախ քաղաքական հայացքներից, այնքան շոգ էր, որ գրեթե բոլորը արթուն էին: Հաջորդ օրը ՝ խումհար, հետո արդեն Սիփոն վերջին իրերն էր հավաքում, սրտի կսկիծով նայում հին իրերին, որ ճամպրուկներում տեղավորել չէր կարող: Նրան թվում էր, թե հայրը հրաժեշտի վախից մի քանի շաբաթում միանգամից ծերացել էր: Մայրը զսպում էր արցունքները, որ, ինչպես ասում են, ճամփի վրա լաց չլիներ, իսկ եղբորը այցելել էր բանակում, Փառք Աստծուն, ամեն ինչ լավ էր:

Հրաժեշտի վերջին կեսգիշերին միասին սրճում ու ծխում էին Սաթն ու Սիփոն: Գիշերն անձրևոտ էր, քամոտ ու տխուր շատերի համար: Նրանք այդ գիշեր հավատում էին միայն մի գավաթ սուրճին ու իրենց զրույցին :
Սիփոն քրոջը առաջին անգամ լսում էր ուշի ուշով: Այնքան ագահաբար էին սպառում հրաժեշտի րոպեները, որ պայմանավորվել էին հանդիպել նույնիսկ երազում, ինչը երևի միակ տեղն էր, որտեղ չէին հանդիպի կարծում եմ ճիշտ ութ վայրկյան ուշանալու պատճառով:
— Սի՛փ, ի՞նչ եմ խոսում ...
— Ինչ ուզում ես ...
— Բայց մի տեսակ իմաստ չկա ...
— Իմաստը էն ա, որ ասելիք կա ...
— Լավ, լսում ե՞ս ...
— Լսում եմ, լսում եմ, ճարս ինչ ...
— Մի տեսակ աշխարհը փոխվել ա զգում ե՞ս, արևը ճար ունենար մի տեղ կփախչեր էս աշխարհից, ինձ թվում ա երրորդ համաշխարհայինը մոտ ա :
— Քու՛յրս, հիմա աշխարհը հենց երրորդ համաշխարհայինն ա, որ կա, ես ու դու ենք պարտվել, ու մեզ մնացել ա էս զրույցը :
— Պատկերացրու՛ մի պահ վերջին դատաստանը ...
— Եթե դատավորը ծախված չի, կարդարացվենք:
— Գիժ ե՞ս , դատողը Աստված ա :
— Ես փաստաբան կպահանջեմ, Հիսուսին, մնացածը գիտես ...
— Նույն պատմությունը չի կրկնվի ...
— Կրկնությունը կպատմի նույնը ...
— Աստված ամենակարող ա ...
— Ուրեմն ինչի՞ սխալական ստեղծեց մարդուն ...
— Ընտրություն տվեց:
— Լավը չես, լավ չես կարդացել, լավ չես սովորել, Սիոնից էլ հեռու, ուշադի'ր, ինչի՞ համար ա էս փորձը, տպավորություն ա, որ Աստված ստեղծեց աշխարհը, որովհետև ձանձրանում էր, իսկ յոթերորդ օրը իզուր հանգստացավ, որովհետև հնարավոր ա հենց յոթերորդ օրը աշխարհը կատարյալ դառնար: Հասկանում ե՞ս, մի տեղ սխալվել ա: Երբ Աստված ստեղծեց աշխարհը, քու՛յրս, յոթերորդ օրը ես սկսեցի անհանգստանալ, բա անարդար չի՞: Ու մի՛ մոռացիր, որ խաչված Հիսուսը վերջին պահին նայեց երկինք ու ասեց . « Ինչու՞ լքեցիր ինձ, տե՛ր». ուրեմն Հիսուսն էլ հիասթափվեց մի պահ:
— Մեզ դրախտից կվտարեին ...
— Մարդը դրախտից վտարված ա ծնվում ... էս ամբողջ պայքարը դրախտ վերադառնալու համար ա :
— Հնարավոր ա, որ մենք լավատես չենք ...
— Մեզանից լավ ո՞վ ա տեսնում իրականությունը ...
— Հնարավոր ա...
— Մի՛ խաբիր ինքդ քեզ , հեռուստացույց չենք նայում , վառ գույներով ալիքներ , Հայաստանը դու՞ ես, այ դու՛ հասարակ մի դերանուն, էս Հայաստանին ե՞ս արժանի, որ դու ես: Նայի՛ր շուրջդ, մեր ախպերը բանակում, խեղճ մաման քուն ու դադար չունի , ինչքա՞ն զինվոր ա սպանվել էս ընթացքում հենց մեր դաշտում, Վալիկի կոշիկի «բուդկեն » փակվեց, էն անտեր կնիկը մատղաշ էրեխեքին խեղդեց, էս արդեն քանի տարի ա Սոնան խոպանչի մարդուն ա սպասում, հաստավիզ Էդոյի փորում էնքան տեղ չկա՝ կերածը արդեն վզից դեն չի գնում, Մառայենք տուն տեղ ծախել թռել են Ֆրանսիա, Վարդանը առավոտյան շուտ ա արթնանում, ոտքով դասի գնում. ժետոնի փող չունի, ոստիկան Աշոտը շնացել ա, ու ո՞րն ասեմ , որը: էս դեռ մեր աշխարհն ա ու մերն արդեն չկա...
— Ես ելք չունեմ, ես ավելի լավ ա մարդ սպանեմ, քան հույս:
— Իսկ ամենավատը էն ա, որ սրիկաները սպանել են մարդկանց հույսը:
— Լավ , բա ի՞նչ անենք, ի՞նչ կարող ես առաջարկել մի ամբողջ ժողովրդի, երբ ինքդ հեռանում ես:
— Ի՞նչ պիտի անենք, զրույց ենք էլի անում, ով շուտ քնեց , երանի իրան ...
Սաթը քնեց, Սիփոն քնել չէր կարողանում, շրջում էր տնով անհանգիստ: Լույսը բացվում էր բայց մի տեսակ արևի փախուստ էր հիշեցնում: Աչքը ընկավ պատի նկարին. «Խորհրդավոր ընթրիք»:
« Երբ տասներեքերորդին հրավիրեն վերջին ընթրիքի, նա իր հետ գինի և հաց կտանի »,-մտածեց Սիփոն:
Իսկ հետո. « Տե՛ր իմ, շփոթված եմ մի քիչ, բան էր՝ ասեցի, ների՛ր, հենց միայն քեզ էլ մենք հավատում ենք , բայց շատ կարևոր ա, որ դու էլ մեզ հավատաս »:
Մի քիչ մտատանջվելուց հետո բազմոցին նստեց, ու աչքերը փակվեցին:
Երազում երկու թիթեռ մի ծաղկի թերթից մյուս թերթն էին թռչում: Մեկն ինչ-որ բան էր անընդհատ փորձում ասել, մյուսն այնքան ուրախ էր ու անտարբեր, որ չէր լսում:
Համարյա երազի ութերորդ վայրկյանն էր, հեռախոսազանգ, առավոտյան ժամը ութն էր:
...
Սիփոն հին վարպետ էր կամքի, նա գիտեր պահը լռելու, անգամ քնաթաթախ: Դանդաղ քայլերով մտավ քրոջ սենյակ, սեղանից վերցրեց ինքնաթիռի տոմսը.
— Սա՛թ, Սաաաա՛թ
Տոմսը պատռեց, արցունքները հոսեցին, ուզում էր գոռալ , վրեժը հասել էր կոկորդին, խեղդվելու չափ անհնար էր:
— Տնից դուրս չգա՛ք, մամային հետևի՛ր, ես գնում եմ չաստ՝ ախպորս բերելու:

...
Ամենից անտեղյակ երկու թիթեռ մի ծաղկի թերթից մյուս թերթն էին թռչում: Մեկը համոզում էր, որ կյանքը մի օր է , մյուսը՝ հավատում, որ դա ահնար է, քանի դեռ ծաղիկներ կան:


08.09.2011©Ծ

Lion
08.09.2011, 07:24
Անհույս սկսվեց ու անհույս ավարտվեց... :( Բայց ոճը ու զգացմունքայնության մակարդակը դուրս եկավ - էս լրիվ անկեղծ...

murmushka
08.09.2011, 10:00
դաժան էր ինչպես կյանքը, իրականությունը
Ծով......

վրեժը հասել էր կոկորդին, խեղդվելու չափ անհնար էր -իրոքից այդպես է

Mark Pauler
08.09.2011, 10:22
Ծով ջան, շատ լավ ես գրում:
Ինձ քո գրելաոճի մեջ շատ բաներ են դուր գալիս:
Էս պատմվածքիդ "դատարկ տարածությունները", որ թողել ես կարդացողի երևակայությունը աշխատացնելու համար, ավելի ա հետաքրքիր դարձնում:

John
08.09.2011, 11:16
Ծով ջան, լավն էր շատ... Առավոտից ազդեցության տակ եմ... Սպանիչ է, շնորհակալ եմ...

Chuk
08.09.2011, 11:33
Ծով ջան, լավն ա, բայց դու շատ ավելին կարող ես :)

Claudia Mori
08.09.2011, 13:38
Ամենից անտեղյակ երկու թիթեռ մի ծաղկի թերթից մյուս թերթն էին թռչում: Մեկը համոզում էր, որ կյանքը մի օր է , մյուսը՝ հավատում, որ դա ահնար է, քանի դեռ ծաղիկներ կան:


Լավն էր վերջը, հույսի թեման էլ շատ արդիական է...

Արէա
08.09.2011, 13:57
:( Էնքան եմ տպավորվել, որ չեմ էլ ուզում ասեմ լավն էր: Նույն կերպ չեմ կարողանում շնորհակալություն դնեմ վատ լուր հայտնող գրառումների տակ :(

Ծով
08.09.2011, 15:10
Ինձ մոտ էլ ա զգացողություն, որ չեմ կարողանում շնորհակալություն ասել: ԻՆչ անեմ, ուրիշ կերպ չէի կարող գրել, էս էն նուրբ թեման ա, որ ես էստեղ ինչ գրե՞մ, ո՞նց շոշափեմ էդ մայրերի ցավը....հնարավորինս խուսափել եմ բառերի խտացումից ու ոնց Մարկը ասեց, թողել ընթերցողի դատին: Բարի ծառայություն մեր բոլոր տղերքին, Աստված չանի մեկի դուռը նման ողբերգություն գա: Բանակում պաշտոնապես հազար հինգ հարյուրի ա հասնում զոհված զինվորների թիվը /սպանված, ինքնասպան եղած, բռնությունների ենթարկված/: Ես երեկ բոլորովին այլ բան էի գրում, կոչվում էր իմ ընկեր Սիփոն, բոլորովին այլ սյուժե էր գնում, կեսից չկարողացա, զգացի, որ երեկվա դեպքերից հետո ապրումներս չեն թողնում:
Չգիտեմ մեկ-մեկ էլ էս ոճով մեսիջ հասցնելը շատերին գուցե ավելի արագ հասնի իր նպատակին:
Ինչ վերաբերում ա արտագաղթին, ես հիմա Ֆրանսիայում եմ ու ամեն օր են գալիս, էսքան հայեր , ամեն քայլափոխի էն էլ իմ քաղաքում ես չէի պատկերացնում, ահավոր ա խորացել արտագաղթը, անասելի թվերի ա հասնում:
Մի բան գիտեմ, որ էսպես չպետք ա մնա, լավն ա մեր սերունդը, արժանի չի:

CactuSoul
08.09.2011, 15:48
Ծով ջան, զգացվում ա, որ ապրված թեմա ա, որ խտացել ա մեջդ ու էդպես խիտ ու թանձր էլ դուրս հոսել…
Արտակի հետ համամիտ եմ, հաստատ շատ ավելի լավ կարող ես գրել, ավելի գրականություն կարող ես գրել, սա մի տեսակ ուրիշ բան էր, ես էլ չգիտեմ՝ ինչ: Չազդել չէր կարող, ու էդ առումով լավն էր: Բայց էդ ասածս թանձրությունը մի տեսակ խեղդող էր, դժվարացնող (ընթերցման առումով չէ, մի շնչով կարդացվում է), ու զգում ես կարդալիս, որ հեղինակը շատ է զգացել, զգալն էն խոսքը չի, ապրել թեմայով, բայց ես՝ որպես ընթերցող, մի տեսակ հեռու էի, կողքի կանգնած, կարծես ինձ չէիր պատմում, այլ քեզ համար ես գրել, ապրումներդ թեթևացնելու համար, ոչ որպես հենց պատմվածք:
Չգիտեմ, երևի ճիշտ ես արել: Երևի թե մնացածն էլ հետո, կամ ինքդ կխմբագրես, կամ թեկուզ խմբագիրը… Կամ գուցե սա միայն իմ տպավորությունն է, ու ոչինչ էլ պետք չի փոխել:
Կարևորը՝ ասելիքդ ասել ես, ու տեղ է հասել:
Կեցցես: