« Երկու թիթեռ »
Քաղաքում նորից տարածվեց հույս փնտրելու տենդը: Եթե առաջ մարդիկ ինչ-որ մի բան գտնելու հույս էին ունենում, ապա այժմ նրանք հենց հույսին էլ որոնում էին:
Միայն կենտրոնում , երբ երեկոյան ինից մինչև կեսգիշեր սկսվում էր երիտասարդական բոհեմը, թվում էր՝ քաղաքը մի քիչ ապրում է, իսկ իրականում այդպես քնում էր գիշերը:
Նախավերջին գիշերը Սիփոն հարբեց ընկերների հետ: Նա մի քիչ տաք էր, գինովցած ու շփոթված, ասես իրեն մեղավոր էր զգում, որ հեռանում է, պիտի անկեղծ լինենք՝ իրականում լքում է երկիրը: Փորձում էր արդարացումներ գտնել, համոզել, թե ինքը շատ է պայքարել, թե ինքը հասել է վերջին, բայց ցավոք՝ հուսահատության, թե գլորվում են տարիները , ծնողները ծերանում են, ինքը ոչինչ չունի, նույնիսկ աշխատանք, իսկ ինչ-որ բան ունենալու համար նախ աշխատանք է պետք:
Սիփոն ոչ թե պարզապես խմում , այլ հերթով հայհոյում էր բոլոր իշխանական սրիկաների կենացը:
Վեսթից հետո նա բոլորովին գինովցած որոշել էր թափառել ՝ ասես երկնաքերած քաղաքին ուզածի չափ հրաժեշտ տալու , դեռ չհեռացած կարոտը գրավով գնելու համար: Քաղաքը թքած ուներ: Հասկանում ե՞ք, նա պարզապես սովոր էր:
Քաղաքը կեսգիշերային տապին միշտ արթուն էր, ակումբները, նույնիսկ որոշ սրճարաններ՝ բաց: Երբեմն հանդիպում էին օրվա «աշխատանքից» թլֆած, ուժասպառ եղած անտունիներ, աղվորիկ զբոսաշրջիկներ ու այլն : Արթուն էին մեկ էլ նոր տպված թերթերն ու պատգամավորի դեմքով թեժ քննարկումներ ծավալող ֆեյսբուքցիները: Անկախ քաղաքական հայացքներից, այնքան շոգ էր, որ գրեթե բոլորը արթուն էին: Հաջորդ օրը ՝ խումհար, հետո արդեն Սիփոն վերջին իրերն էր հավաքում, սրտի կսկիծով նայում հին իրերին, որ ճամպրուկներում տեղավորել չէր կարող: Նրան թվում էր, թե հայրը հրաժեշտի վախից մի քանի շաբաթում միանգամից ծերացել էր: Մայրը զսպում էր արցունքները, որ, ինչպես ասում են, ճամփի վրա լաց չլիներ, իսկ եղբորը այցելել էր բանակում, Փառք Աստծուն, ամեն ինչ լավ էր:
Հրաժեշտի վերջին կեսգիշերին միասին սրճում ու ծխում էին Սաթն ու Սիփոն: Գիշերն անձրևոտ էր, քամոտ ու տխուր շատերի համար: Նրանք այդ գիշեր հավատում էին միայն մի գավաթ սուրճին ու իրենց զրույցին :
Սիփոն քրոջը առաջին անգամ լսում էր ուշի ուշով: Այնքան ագահաբար էին սպառում հրաժեշտի րոպեները, որ պայմանավորվել էին հանդիպել նույնիսկ երազում, ինչը երևի միակ տեղն էր, որտեղ չէին հանդիպի կարծում եմ ճիշտ ութ վայրկյան ուշանալու պատճառով:
— Սի՛փ, ի՞նչ եմ խոսում ...
— Ինչ ուզում ես ...
— Բայց մի տեսակ իմաստ չկա ...
— Իմաստը էն ա, որ ասելիք կա ...
— Լավ, լսում ե՞ս ...
— Լսում եմ, լսում եմ, ճարս ինչ ...
— Մի տեսակ աշխարհը փոխվել ա զգում ե՞ս, արևը ճար ունենար մի տեղ կփախչեր էս աշխարհից, ինձ թվում ա երրորդ համաշխարհայինը մոտ ա :
— Քու՛յրս, հիմա աշխարհը հենց երրորդ համաշխարհայինն ա, որ կա, ես ու դու ենք պարտվել, ու մեզ մնացել ա էս զրույցը :
— Պատկերացրու՛ մի պահ վերջին դատաստանը ...
— Եթե դատավորը ծախված չի, կարդարացվենք:
— Գիժ ե՞ս , դատողը Աստված ա :
— Ես փաստաբան կպահանջեմ, Հիսուսին, մնացածը գիտես ...
— Նույն պատմությունը չի կրկնվի ...
— Կրկնությունը կպատմի նույնը ...
— Աստված ամենակարող ա ...
— Ուրեմն ինչի՞ սխալական ստեղծեց մարդուն ...
— Ընտրություն տվեց:
— Լավը չես, լավ չես կարդացել, լավ չես սովորել, Սիոնից էլ հեռու, ուշադի'ր, ինչի՞ համար ա էս փորձը, տպավորություն ա, որ Աստված ստեղծեց աշխարհը, որովհետև ձանձրանում էր, իսկ յոթերորդ օրը իզուր հանգստացավ, որովհետև հնարավոր ա հենց յոթերորդ օրը աշխարհը կատարյալ դառնար: Հասկանում ե՞ս, մի տեղ սխալվել ա: Երբ Աստված ստեղծեց աշխարհը, քու՛յրս, յոթերորդ օրը ես սկսեցի անհանգստանալ, բա անարդար չի՞: Ու մի՛ մոռացիր, որ խաչված Հիսուսը վերջին պահին նայեց երկինք ու ասեց . « Ինչու՞ լքեցիր ինձ, տե՛ր». ուրեմն Հիսուսն էլ հիասթափվեց մի պահ:
— Մեզ դրախտից կվտարեին ...
— Մարդը դրախտից վտարված ա ծնվում ... էս ամբողջ պայքարը դրախտ վերադառնալու համար ա :
— Հնարավոր ա, որ մենք լավատես չենք ...
— Մեզանից լավ ո՞վ ա տեսնում իրականությունը ...
— Հնարավոր ա...
— Մի՛ խաբիր ինքդ քեզ , հեռուստացույց չենք նայում , վառ գույներով ալիքներ , Հայաստանը դու՞ ես, այ դու՛ հասարակ մի դերանուն, էս Հայաստանին ե՞ս արժանի, որ դու ես: Նայի՛ր շուրջդ, մեր ախպերը բանակում, խեղճ մաման քուն ու դադար չունի , ինչքա՞ն զինվոր ա սպանվել էս ընթացքում հենց մեր դաշտում, Վալիկի կոշիկի «բուդկեն » փակվեց, էն անտեր կնիկը մատղաշ էրեխեքին խեղդեց, էս արդեն քանի տարի ա Սոնան խոպանչի մարդուն ա սպասում, հաստավիզ Էդոյի փորում էնքան տեղ չկա՝ կերածը արդեն վզից դեն չի գնում, Մառայենք տուն տեղ ծախել թռել են Ֆրանսիա, Վարդանը առավոտյան շուտ ա արթնանում, ոտքով դասի գնում. ժետոնի փող չունի, ոստիկան Աշոտը շնացել ա, ու ո՞րն ասեմ , որը: էս դեռ մեր աշխարհն ա ու մերն արդեն չկա...
— Ես ելք չունեմ, ես ավելի լավ ա մարդ սպանեմ, քան հույս:
— Իսկ ամենավատը էն ա, որ սրիկաները սպանել են մարդկանց հույսը:
— Լավ , բա ի՞նչ անենք, ի՞նչ կարող ես առաջարկել մի ամբողջ ժողովրդի, երբ ինքդ հեռանում ես:
— Ի՞նչ պիտի անենք, զրույց ենք էլի անում, ով շուտ քնեց , երանի իրան ...
Սաթը քնեց, Սիփոն քնել չէր կարողանում, շրջում էր տնով անհանգիստ: Լույսը բացվում էր բայց մի տեսակ արևի փախուստ էր հիշեցնում: Աչքը ընկավ պատի նկարին. «Խորհրդավոր ընթրիք»:
« Երբ տասներեքերորդին հրավիրեն վերջին ընթրիքի, նա իր հետ գինի և հաց կտանի »,-մտածեց Սիփոն:
Իսկ հետո. « Տե՛ր իմ, շփոթված եմ մի քիչ, բան էր՝ ասեցի, ների՛ր, հենց միայն քեզ էլ մենք հավատում ենք , բայց շատ կարևոր ա, որ դու էլ մեզ հավատաս »:
Մի քիչ մտատանջվելուց հետո բազմոցին նստեց, ու աչքերը փակվեցին:
Երազում երկու թիթեռ մի ծաղկի թերթից մյուս թերթն էին թռչում: Մեկն ինչ-որ բան էր անընդհատ փորձում ասել, մյուսն այնքան ուրախ էր ու անտարբեր, որ չէր լսում:
Համարյա երազի ութերորդ վայրկյանն էր, հեռախոսազանգ, առավոտյան ժամը ութն էր:
...
Սիփոն հին վարպետ էր կամքի, նա գիտեր պահը լռելու, անգամ քնաթաթախ: Դանդաղ քայլերով մտավ քրոջ սենյակ, սեղանից վերցրեց ինքնաթիռի տոմսը.
— Սա՛թ, Սաաաա՛թ
Տոմսը պատռեց, արցունքները հոսեցին, ուզում էր գոռալ , վրեժը հասել էր կոկորդին, խեղդվելու չափ անհնար էր:
— Տնից դուրս չգա՛ք, մամային հետևի՛ր, ես գնում եմ չաստ՝ ախպորս բերելու:
...
Ամենից անտեղյակ երկու թիթեռ մի ծաղկի թերթից մյուս թերթն էին թռչում: Մեկը համոզում էր, որ կյանքը մի օր է , մյուսը՝ հավատում, որ դա ահնար է, քանի դեռ ծաղիկներ կան:
08.09.2011©Ծ
Էջանիշներ