Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց Արևածագի հետ
Ուլուանա
05.09.2010, 02:24
Արևածագ. «...Հույս ունեմ, որ ամենը մի կյանքով չի ավարտվելու...»
Ուլուանա
Նախ հետաքրքիր է, թե ինչու հենց Արևածագ։ :)
Արևածագ
Լրիվ պատահական է ստացվել։ Էլ փոստիս անունն է, դա էլ գրքիս վերնագրից ՝ «Արևին», հորինեցի, որ չմոռանամ։
Ինքնուրույն էլ փոստ գրանցելն ինձ համար ահագին դժվար խնդիր է եղել։ Իսկ Ակումբում գրանցվելու համար տասն օր եմ չարչարվել :). Չայնիկ էի։ Բայց հիմա ավելի շատ ինքնաեռի նմանություն եմ տալիս։
Ուլուանա
:))
Իսկ ինչու՞մ էր բարդությունը։
Արևածագ
Անգլերեն տեքստով էր գալիս պատասխանը, ես էլ այն ժամանակ չգիտեի, որ օնլայն թարգմանիչներ գոյություն ունեն։ Տղաս օգնեց էլի։
Ուլուանա
Պարզ է։ Փաստորեն, Ձեր մուտքն Ակումբ, կարելի է ասել, փորձությունների միջով է եղել։ Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Ակումբում։
Արևածագ
Կարծում եմ, այնքան եմ գրել այդ մասին, որ համարյա բոլորն էլ գիտեն։ Եկա, որ Մելիքի հետ զրուցեմ։ Մի երկու տարի մենք միայն թալանչիական ինտերնետ ունեինք։ Մեկ–մեկ միայն հայ ստեղծագործողներ էի փնտրում, կարդում գործերը, բայց Մելիքի բանաստեղծությունները հենց առաջին անգամ կարդալիս ինձ այնպես էին հուզել,
որ որոշել էի, ինչ գնով էլ լինի, գտնել դրանց հեղինակին։ Մի օր էլ տեսա՝ Ակումբում Մելիք անունով մարդ կա, որոշեցի բախտս փորձել։ Իրեն հաղորդագրություն գրեցի։ Պարզվեց, որ գտել եմ... Բայց իմ գալն ու իր գնալը գրեթե մեկ եղավ։
Ուլուանա
Հիշում եմ՝ երբ Ակումբում դեռ նորեկ էիք, կարծես աշխատում էիք խուսափել ակումբային ընդհանուր անցուդարձից, կարծես էդ ամենը Ձերը չէր ու Ձեզ չէր վերաբերում։ Ակումբը Ձեզ համար սահմանափակվում էր սեփական ստեղծագործությունների թեմայով, որտեղ պարբերաբար տեղադրում էիք Ձեր բանաստեղծությունները։ Համենայնդեպս, ես էդպիսի տպավորություն էի ստացել։ Բայց հետո, ինչ–որ բան կարծես փոխվեց, ու բավական կարճ ժամանակում շատ սահուն կերպով ինտեգրվեցիք Ակումբին և դարձաք նրա ակտիվ ու, ինչու՞ չէ, նաև սիրված անդամներից մեկը։ Ո՞րն էր վերաբերմունքի նման փոփոխության պատճառը։ Ու ընդհանրապես ինչպիսի՞ն էիք տեսնում Ակումբը սկզբում և հիմա։
Արևածագ
Մինչև օրս էլ ստեղծագործություն դնելիս փախչում եմ Ակումբից։ Ընդհանրապես դնում եմ ու մի քանի ժամով լքում համակարգիչը։ Մի տեսակ վախ կա։ Առաջին պահերին ամենաշատ այցելուներն են լինում։ Իսկ ես կյանքում էլ բոլորովին սովոր չեմ համընդհանուր ուշադրության կենտրոնում լինելուն, որովհետև կարծում եմ, որ տիեզերքի կենտրոնը չեմ։ Իսկ ուրիշների ուշադրությունն ինձ շփոթեցնում էր։ Հետո քիչ- քիչ սկսեցի այս ու այն թեմա մտնել, մեկ–մեկ էլ գրառումներ անել։ Վարկանիշ տվողներ էլ եղան, ու «հարիր տարվա համր լեզուս» Ակումբը բացեց։
Հիմա մեկ–մեկ կարդում եմ նախկին տարիների գրառումներից։ Տպավորությունս այն է, որ այն ժամանակ մարդիկ ավելի անկեղծ են եղել, Ակումբի հիմնադիրներն էլ հետը։ Գրեթե այն ամենի մասին, ինչ մտքովս անցնում է, Ակումբում թեմաներ կան։ Բայց կարծում եմ, որ անկեղծությունը չի հերիքի այդ թեմաները վերակենդանացնելու համար։
Անդրադառնամ խոստացածս սեքսի թեմային։ Իմ զոռով–բալայով ինտիմ անկյունում գրանցվելուց հետո, այնտեղ տասը թարմացում չի եղել։ Բայց չէ՞ որ հենց այդ միշտ արդիական անկյունում բազմաթիվ թեմաներ կան, որ մարդիկ հիմնել են, դրանց շուրջը զրուցել, ահագին բան գրել։ Ի՞նչն է խանգարում, որ այդ բաժինը հիմա էլ ակտիվ լինի։
Ըստ իս՝ ակումբի «մեծամեծների» արդեն անտարբեր վերաբերմունքը։
Գուցե դա նրանից է գալիս, որ իրենք արդեն այնտեղ շատ բան են գրել ու էլ ասելիք չունեն։ Բայց նոր ակումբցիներն էլ «մենակ» ռիսկ չեն անում գնալ այնտեղ ու որևէ բան գրել։
Ուլուանա
Հըմ... Գուցե իսկապես հների վերաբերմունքից է շատ բան կախված։ Բայց մյուս կողմից էլ չես կարող մարդկանց ստիպել, որ նորից հետաքրքրվեն էդ բաժնով ու ակտիվ լինեն, եթե իրենք այլևս ցանկություն չունեն էնտեղ գրառում անելու։ Էնպես որ երևի նորեկների նախաձեռնությամբ պիտի լինի դա։
Արևածագ
Համաձայն եմ։ Նորեկներից մի լավ, թարմ ուժ կարելի է այնտեղ նշանակել։ Գուցե ինչ որ բան փոխվի։ Մի՞թե մարդկանց բարդույթներն օր–օրի ավելանում են։
Ուլուանա
Էդ դեպքում ի՞նչն է խանգարում Ձեզ «Առաջարկներ» թեմայում հանդես գալ համապատասխան առաջարկով։ ;)
Արևածագ
Ինչու առաջարկներում չե՞մ գրում։ Որովհետև կարծում եմ՝ դժվար թե առաջարկս բանի տեղ անցնի: Գրեթե բոլոր առաջարկներն ու բողոքները դեմ են առնում Ակումբի կանոնադրությանն ու հաճախ միանձնյա որոշում կայացվելուն։
Ուլուանա
Գուցե առաջին հայացքից հաճախ է էդպիսի տպավորություն լինում, բայց իրականում էնքան էլ միանձնյա չեն կայացվում որոշումները. դրանցից շատերը քննարկվում են Ղեկավարման գրասենյակում ամբողջ ադմինիստրացիայի կողմից, ու բոլորի կարծիքների հիման վրա համատեղ որոշում է կայացվում։ Քիչ դեպքերում է ադմինիստրատորը միանձնյա որոշում կայացնում, ու հիմնականում դրանք լինում են տեխնիկական բնույթի հարցերը, որոնցից, բնականաբար, ոչ բոլորը կարող են գլուխ հանել։
Արևածագ
Մեկ–մեկ ուզել եմ գրել նաև, որ այդ բողոքի ու առաջարկությունների թեմաները Երուսաղեմի Լացի պատն են հիշեցնում։ Մարդիկ գնում են բողոքի անկյուն, սրտները թեթևացնում ու անցնում մնացած գործերին։
Ակումբի ղեկավարությանն էլ չեմ մեղադրում. միայն արդարամտությամբ մարդկանց ղեկավարելն անհնար է։ Այդ պատճառով, ըստ իս, Լացի պատի հետ համեմատելն ավելի ճիշտ է։ Մարդիկ ակնածանքով ու երկյուղածությամբ են վերաբերվում Պատին, բայց Պատը դժվար թե որևէ մեկին պատասխանի:
Ահագին քննադատեցի ղեկավարությանը։ Բայց Ակումբը մի անկապտելի առավելություն ունի, որի պատճառով էլ չեմ լքում այն։ Ես հանգիստ եմ ցանկացած թեմա մտնելիս, որ չեմ հանդիպի անցենզուր գրառումների, հայհոյանքների, իրար հետ հաշիվ մաքրելու։ Ակումբն ինձ ու բոլորիս համար «մաքրում են» աղբից, չեն թողնում, որ դառնա Ավգյան ախոռները, որի համար խորին երախտագիտությունս եմ հայտնում ադմինիստրացիային։ Լիովին անկեղծ։
Ուլուանա
Հայտնի է, որ Ակումբում ու, ըստ իմ դիտարկումների, ընդհանրապես ֆորումներում, անդամների գերակշռող, ակտիվ զանգածը կազմում են 15-30 տարեկանները։ Օրինակ, ընդամենը 4 տարի առաջ, երբ Ակումբը դեռ նոր էր բացվել, ես՝ 24-25 տարեկան լինելով՝ Ակումբի համարյա ամենատարիքով անդամներից էի, եթե չհաշվենք նրանց, որոնց տարիքն ընդհանրապես հայտնի չէր։ Էդ առումով էսօր պատկերը բավական տարբեր է. Ակումբում հիմա ամեն տարիքի մարդիկ էլ կան, ինչն, իհարկե, միայն ուրախացնում է։ Հաճելի է տեսնել, որ Ակումբը գրավիչ ու հետաքրքիր կարող է լինել ամենատարբեր տարիքի անձանց համար, այդ թվում և ավագ սերնդի, որոնք Ակումբ մտնողներից շատերի տարիքի երեխաներ ունեն։ Այ, սերունդների էս տարբերությունը, էն գիտակցումը, որ Ձեր երեխաներն էլ կարող էին, օրինակ, Ակումբի անդամ լինել, միաժամանակ փոքրամասնություն կազմող տարիքային խմբի մեջ լինելը՝ էս ամենն ինչպե՞ս է ազդում Ձեր՝ Ակումբի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Ի՞նչ առավելությունն ու թերություններ եք տեսնում վերոնշյալ հանգամանքների մեջ։ Հասկանում եմ, որ հարցս բավական ծավալուն է, դրա համար էլ հնարավորինս համակողմանի պատասխան եմ ակնկալում՝ համոզված լինելով, որ այն շատերին կհետաքրքրի։
Արևածագ
Նախ պիտի նշեմ, որ իմ հասակակիցներից շատ–շատերը, գուցե ունենալով առավել ստեղծագործական կարողություններ կամ մարդկանց հետ շփվելու ավելի մեծ փորձ ու նրբանկատություն, ինտերնետ չունեն, կամ ժամանակ չունեն ֆորումներում գրելու:
Խոսքս այն մասսայի մասին չէ, որ Одноклассники–ում իրար սմայլիկ ճամփելով է զբաղված։ Ուղղակի իմ դեպքում ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ինքս ստիպված չեմ ամենօրյա աշխատանքով իմ ընտանիքի հոգսը քաշել։ Երեխաներս համեմատաբար մեծ են։ Ու ես հիմա արդեն ահագին ազատ ժամանակ ունեմ, որ կարող եմ տնօրինել իմ հայեցողությամբ։ Իմ հայեցողությանն էլ վերաբերում են գրականությունը, արվեստն ու հայերենը, որին շատ եմ կարոտում. ոչ թե խոսակցականը, այլ գրականը, գրային հայերենը։
Սիրում եմ չօգտագործվող բառեր գործածելը։ Իսկ որտե՞ղ կարող էի իմ սերերին այդքան ազատություն տալ, եթե ոչ այստեղ։ «Դար»–ում, որի ճակատին գրված է. «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը»։
Հիմա տարիքային առանձնահատկությունների մասին։ Իհարկե, բազմաթիվ նոր թեմաներ կարող էի բացել, որոնք հետաքրքրում են միջին կամ բարձր տարիքային խմբին, բայց հաշվի առնելով, որ Ակումբում գրանցվածների մեծամասնությունը, համենայնդեպս, մինչև 30 տարեկաններ են, ձեռնպահ եմ մնում նման թեմաներից, որովհետև չեմ սիրում նաև, երբ մարդիկ սկսում են կարծիք հայտնել իրենց անհայտ բաների մասին և ուղղություն ցույց տալ։ Լավ չի, որ մենք քիչ ենք, բայց ես Աստծուց շնորհակալ եմ թեկուզ այս հնարավորության համար։ Երիտասարդների հետ շփվելով՝ քեզ ջահել ես զգում. մատդ կարծես կյանքի զարկերակի վրա լինի։ Համ էլ Ակումբում այնքան մարդ կա, որոնցից իսկապես սովորում եմ։ Շատերով հիացած եմ։ Մի գաղտնիք էլ. մինչև վերջերս գրում էի հայերեն թերթերի համար, բայց հիմա արդեն դա էլ եմ դադարեցրել ու միայն Ակումբում եմ գրում, որովհետև միայն այստեղ հնարավորինս անկեղծորեն կարող եմ ասել այն, ինչ իսկապես ինձ հուզում է։ Իսկ ինձ լսող ու հասկացողները մի՞թե այդ նույն երիտասարդները չեն։ Սիրում եմ ձեզ։ :)
Ուլուանա
Բոլորի անունից չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ հիմնականում դա փոխադարձ է։ :)
Արևածագ
Շնորհակալ եմ :)։
Շարունակելի
Ուլուանա
05.09.2010, 02:34
Ուլուանա
Իսկ կուզենայի՞ք, որ Ձեր երեխաներն էլ Ակումբի անդամ լինեին։
Արևածագ
Շատ կուզենայի, բայց, ցավոք, նրանք գրեթե չեն կարդում հայերեն։ Խոսում են միայն խոսակցական հայերենով։ Որդիս նաև գրում էր, բայց բարձր դասարաններում ծուլացավ, ու հիմա ահագին բան արդեն մոռացվել է։ Հնարավոր է, որ ինձ քննադատողները շատ լինեն, թե՝ տեսեք- տեսեք, երեխաներն էլ կարգին հայերեն չգիտեն։ Բայց եթե խոսքը որդուս մասին է, նա արդեն գիտակից, գրեթե ինձ հավասար մարդ է, ու ես նրան այլևս ոչինչ չեմ կարող պարտադրել՝ թեկուզ լեզվի առումով։ Հետաքրքրվում է հայոց պատմությամբ՝ ռուսալեզու կայքերից, գրքերից։ Վերջերս էլ ինձ հայտարարեց, թե ուզում է գնալ՝ Ղարաբաղում ծառայել։ Ես ապշել էի։ Նա էլ, թե՝ եթե բանակ պիտի գնամ, գոնե գնամ Հայաստանին մի բանով օգտակար լինեմ։
Ես չշարունակեցի այս խոսակցությունը, որովհետև իմ կարծիքն ունեմ ցանկացած տիպի բանակների մասին, բայց տղայիս ասածն ինձ անակնկալի էր բերել։
Հա մոռացա նշել, որ, ի տարբերություն իրենց մոր, երեխաներս «ֆորումացավով» չեն տառապում. նրանք նախընտրում են իրական շփումները։
Ուլուանա
Իսկ «ֆորումացավն», ըստ Ձեզ, անբուժելի՞ հիվանդություն է :))։
Արևածագ
Իմ դեպքում՝ ոչ։
Ուլուանա
Այսինքն՝ պարզապես բուժվելու ցանկություն չկա, հա՞։ :D
Արևածագ
Առայժմ՝ ո՛չ :)։ Իհարկե, նրանց համար, ովքեր Հայաստանից դուրս են ապրում, ֆորումների շփումը մեղմում է կարոտը, լրացնում է «ռեալի» բացակայությունը։
Ուլուանա
Երբեմն էլ՝ հակառակը՝ ավելի է բորբոքում...
Արևածագ
Գուցե։ Մանավանդ, երբ ոմանք գնում են Հաղարծին ու գալիս, գրում... Բերնիդ ջրերը գնում են։
Ուլուանա
Հա, ես էլ էի ուզում ասել նույն բանը։ :))
Ակումբում երևի բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանում եք ապրում։ Իսկ քանի՞ տարի է՝ էնտեղ եք։
Արևածագ
Շուտով տասնյոթ տարին կլրանա։
Ուլուանա
Իսկ վերադառնալու մտադրություն կամ ցանկություն ունե՞ք։
Արևածագ
Անընդհատ հույս ունեմ, որ մի օր այդպիսի բան լինելու է։ Բայց թե ինչպես պիտի լինի, չեմ պատկերացնում։ Ամենակարևորը՝ որդիս իրեն չի տեսնում Հայաստանում։ Իսկ երկու տասնամյակ հարազատներից հեռու ապրելուց հետո էլ ապրել երեխաներից հեռու՝ շատ դաժան է մի կյանքի համար։
Ուլուանա
Հա, պատկերացնում եմ...
Փաստորեն, բավական երկար ժամանակ է՝ Ռուսաստանում եք, պիտի որ բավականաչափ ճանաչեք Ռուսաստանը։ Ըստ ձեզ, ի՞նչ կա Ռուսաստանում, որ չկա Հայաստանում, և հակառակը։ Խոսքը նկատելի ու քիչ թե շատ նշանակալից բաների մասին է։
Արևածագ
Ամենակարևորը, որին վերջերս հաճախ եմ շփվում ու ինձ ապշեցնում է. այստեղ հասարակ քաղաքացին գոնե որևէ չափով պաշտպանված է օրենքի կողմից, ու քաղաքցիաիրավական հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Պարզ ասեմ. տանը կարող ես կարդալ օրենսգիրքը՝ քեզ հետաքրքրող հարցի մասով, ու ցանկացած ատյանի դիմելիս հստակ գիտես, որ նրանք էլ նույն կանոններով են շարժվելու, ինչ դու ես կարդացել։ Բայց վերջին մի շաբաթում, ինչ ծնողներս Հայաստանում են, այն ամենը, որ կարդում եմ Հայաստանի օրենսդրությունից, ու հուշում եմ իրենց, որ դա է գործելու ճիշտ եղանակը ցանկացած կառույցի դիմելիս, ինձ պատասխանում են՝ քո կարդացածը բանի տեղ չի անցնում, էստեղ օրենք չկա։ Սրանից շվարում եմ, շատ ցավալի է։
Մի երկրում, որտեղ ամենահասարակ հարցերը լուծվում են փոքրագույն չինովնիկի «ուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի» սկզբունքով, ֆեոդալական ժամանակներ են։ Ու այդպես վերից վար՝ սկսած պետական բուժհիմնարկների բուժքրոջից, վերջացրած ամենաբարձր աթոռներին նստածներով։ Սրան է, որ երևի արդեն երբեք չկարողանանք հարմարվել։ Ռուսաստանում աշխատանք կա, ու համեմատաբար վստահելի է վաղվա օրը։
Բայց Հայաստանում է, որ զգում ես միմյանց նկատմամբ մարդկանց սրտանց, ջերմ վերաբերմունքը։ Մի անգամ Երևանում ավտոբուսի վարորդն ավտոբուսը կանգնեցրեց, իջավ, ինձ փողոցն անցկացրեց, ու ցույց տվեց՝ ոնց գազանանոց հասնեմ։ Էդպիսի բաներն անփոխարինելի են։
Ուլուանա
Իսկ ի՞նչ եք կարծում, հայ երիտասարդությունը ռուս երիտասարդությունից սովորելու բան ունի՞, ասենք, ինչ–որ հատկանիշներ, սովորույթներ և այլն։ Իսկ ռուս երիտասարդությունը հայ երիտասարդությունի՞ց։
Արևածագ
Երիտասարդություն ասվածը շատ լայն հասկացություն է։ Չգիտեմ՝ մերոնք նրանցից ինչ կարող են սովորել, բայց ամենակարևորը՝ որ խմել չսովորեն։ Գիտե՞ս, ես շփվում եմ հիմնականում այն երիտասարդների հետ, որոնց հետ որդիս է շփվում, կամ մեր ընկերների երեխաների հետ. նրանք էլ շատ դաստիարակված, կիրթ մարդիկ են։ Իսկ մնացածի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ընդհանուր մակարդակը գրեթե նույնն է։ Մի բան միայն. մեր մեջ սրված է հայրենասիրության, ծնողների ու երեխաների նկատմամբ պարտավորության զգացումը։ Հայրենասիրության գերսուր զգացողությունը չէի կամենա, որ ռուսները սովորեին։ Իսկ ընտանիքի նկատմամբ պատասխանատվությունը հենց ընտանեկան դաստիարակության արդյունք է։
Ուլուանա
Ունե՞ք էնպիսի թաքուն երազանք, որի մասին առօրյայում խոսելն անհարմար կամ գուցե անգամ անհեթեթ կհամարեք, բայց ակումբցիների «ականջին» կասեք։
Արևածագ
Ուզում եմ ակումբցիների հետ հանդիպել։ Նույնիսկ պատկերացնում եմ՝ ոնց եմ հանդիպելու։ Բայց եթե ամուսնուս կամ մեկին ասեմ՝ գնում եմ Chuk–ին, Ռուֆուսին, Rhayader–ին, World–ին, Tig–ին, SSS–ին, Chilly–ին տեսնելու, կարող է միանգամից ինձ հոգեբուժարան հանձնի։ :) Քո անունը չգրեցի, որովհետև չեմ էլ պատկերացնում՝ քեզ ո՞նց պիտի հանդիպեմ։
Ուլուանա
Դե, աշխարհը մեծ է, մեկ էլ տեսար՝ օրերից մի օր երկուսս էլ միաժամանակ Հայաստանում հայտնվենք ու հանդիպենք։ :)
Արևածագ
Օ՜, ինձ երազանքների գիրկը գցեցիր։ Հուսանք։
Ուլուանա
Ինչպիսի՞ն է Արևածագն Ակումբից դուրս՝ ոչ վիրտուալ կյանքում։ Շա՞տ են տարբերությունները։
Արևածագ
Կարծում եմ՝ տարբերություններ չկան։
Ուլուանա
Բոլորովի՞ն։
Արևածագ
Ակումբում ես ոչինչ չեմ ձևացնում։ Ուղղակի որոշ թեմաներ, որոնց մասին հաճույքով զրուցում եմ, ռեալ կյանքում դրանց զրուցակիցը չկա։
Ուլուանա
Դե, կարելի է չձևացնել, բայց միաժամանակ որոշ բաներ պարզապես չբացահայտել։
Արևածագ
Համաձայն եմ՝ որոշ բաներ, իհարկե, պիտի չբացահայտվեն։ Անկեղծություն՝ չի նշանակում ասել այն, ինչ մտածում ես։ Անկեղծություն՝ նշանակում է չասել այն, ինչ չես մտածում։ Կյանքում էլ, Ակումբում էլ բազմաթիվ բաների մասին կարող եմ լռել։ Ի՞նչ կարիք կա ամբողջովին «մերկանալու»։ :)
Ուլուանա
Բնութագրեք Ձեզ երեք բառով։
Արևածագ
Մայր, կին, զավակ։ Սրանք իմ առաջնահերթություններն են. մնացած ամեն ինչը ստորադասվում է սրանց։
Ուլուանա
Որքան գիտեմ, մասնագիտությամբ բանասեր եք։ Եթե այսօր մասնագիտության ընտրության առաջ կանգնած լինեիք, նույնը կընտրեի՞ք։
Արևածագ
Ոչ։
Ուլուանա
Իսկ ի՞նչ կընտրեիք։
Արևածագ
Իրավաբանությունը կընտրեի կամ էլ որևէ տեխնիկական մասնագիտություն՝ արտադրության հետ կապված։
Ուլուանա
Ավելի շուտ պրակտի՞կ տեսակետից, քան անձնական նախընտրության։
Արևածագ
Երկու տեսակետներն էլ հաշվի առնելով:
Ուլուանա
Իսկ եթե խոսքը զուտ հոգեկան բավարարության մասին լիներ, այսինքն՝ վաստակելու խնդիր չլիներ, ի՞նչ կընտրեիք։
Արևածագ
Իրավաբանությունը, բանասիրականը զուտ ինքնակրթությամբ կարելի էր լրացնել։ Իմիջիայլոց, հայրս ասում էր՝ գնա իրավաբանական։ Շատ հարցերում նա իր կամքը թելադրել է, բայց թե ինչու՞ հենց այդ հարցում հաստատակամ չեղավ՝ չգիտեմ...
Ուլուանա
Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ։
Արևածագ
Հայոց լեզվի դասատու։ :)
Ուլուանա
Փաստորեն, Ձեր մասնագիտությունն է, չէ՞։
Արևածագ
Այո։
Ուլուանա
Իսկ երբևէ աշխատե՞լ եք որպես հայոց լեզվի դասատու։
Արևածագ
Մի տարի։
Ուլուանա
Հաճույքո՞վ էիք աշխատում։
Արևածագ
Հաճույքովը չգիտեմ, բայց շատ մեծ պատասխանատվությամբ։ Սիրում էի երեխաներին։ Նույնիսկ նրանց, ովքեր ոչ տետր էին բերում, ոչ էլ գրիչ։ Նույնիսկ անուններն եմ հիշում։ Մեկ էլ ամենալավ աշակերտուհուս եմ շատ լավ հիշում: Իր անունն եմ տվել դստերս՝ Մերի։ Այնքան պոտենցիալ կար այդ աղջկա մեջ։ Կարծես ժամանակակից բոլիդ լիներ. ինչքան ոտնակդ սեղմեիր՝ արագությունն ավելացնելու, այնքան տեղ ուներ։ Ինչ հանձնարարում էի, ինչքան ծանրաբեռնում էի, մեկ է, ամեն ինչ փայլուն էր անում։ Տեսնես հիմա ինչո՞վ է զբաղվում...
Ուլուանա
Փաստորեն, կարելի է համարել, որ Ձեր մանկության երազանքներից առնվազն մեկն իրականացել է :)։ Իսկ ուրիշ ի՞նչ երազանքներ կամ ցանկություններ ունեիք փոքր ժամանակ։
Արևածագ
Ուզել եմ տիկնիկ ունենալ. չեմ ունեցել։ Երբ մի քիչ մեծ էի, երազում էի, որ ինձ թույլ տային դիսկոտեկ գնալ։ Դա էլ համարյա չի իրականացել։ Հա, երազում էի մի փոքր հեռուստացույց, որ թաքնվեմ անկողնումս ու նայեմ։
Ուլուանա
Այսինքն՝ տիկնիկ ընդհանրապես չե՞ք ունեցել :o
Արևածագ
Աղոտ հիշում եմ մի տկլորին։ Բայց մազերով, թարթող աչքերով ու քայլող չեմ ունեցել: Աղջիկս տասնութ տիկնիկ ունի ու իրեն համարում է երկրիս երեսի ամենազրկված երեխաներից մեկը։
Ուլուանա
Ընդհանրապես փոքր ժամանակ ինչպիսի՞ն էիք։ Ու ի՞նչն է, ըստ Ձեզ, էականորեն փոխվել Ձեր մեջ մանկությունից ի վեր։
Արևածագ
Համարյա ոչինչ չի փոխվել. լռակյաց, երբեք պահանջներ չներկայացնող, պատասխանատու գերազանցիկ, որի պարտավորություններն են միայն ավելանում։ Չնայած վերջերս սկսել եմ իրավունքներիս մասին էլ մեկ- մեկ բարձր խոսել :)։
Ուլուանա
Իսկ, օրինակ, ի՞նչ կուզենայիք փոխել Ձեր մեջ։
Արևածագ
Կուզենայի սպորտով զբաղվել։ Ծուլությունս չի թողնում։ Կամ գոնե ամեն օր մարմնամարզություն անել։
Շարունակելի
Ուլուանա
05.09.2010, 02:44
Ուլուանա
Մանկության տարիների երբևէ արե՞լ եք էնպիսի բան, որից այն ժամանակ ամաչել եք, բայց որի մասին հիմա չէիք ամաչի պատմել։
Արևածագ
Առաջին դասարանում դասընկերուհուս հետ մտանք կողքի «բ» դասարանն
ու նրանց ծաղիկներից մի քանիսը փիտեցինք։ Ա–ն ու Բ–ն էդ ժամանակ թշնամիներ են, չէ՞։ Մենք էլ գնացել էինք թշնամու դիրքերը՝ վնասարարության։ Բայց մեր համադասարանցիներից մեկը, որը մեզ հետ այդ «ակտը» կատարել էր, մատնեց մեզ։ Չսիրեցի էդ տղային։ Հետո, երբ նույնիսկ արդեն դպրոցն ավարտել էինք, նա նորից ստորություն արեց իմ հանդեպ։
Ուլուանա
Իսկ ձեզ չպատժեցի՞ն դրա համար։
Արևածագ
Իհարկե, պատժեցին։ Հնոցապանի, ժամագործի մասին ոտանավոր կար մայրենիի գրքում։ Էդ ոտանավորը թողած՝ երկու ուսուցչուհիները կանգնել էին, գլխներիս քարոզ էին կարդում մի ժամ։ Ծնող կանչեցին։ Բայց դե հայրս դպրոցում էր աշխատում, իրեն միանգամից բողոքեցին։ Տանը չեմ հիշում ինչ են ասել։ Բայց ես կյանքում չէի մատնի։ :)
Ուլուանա
Եթե Ձեզ հնարավորություն տրվեր մի պահ վերադառնալ մանկություն ու էնտեղից Ձեզ հետ ներկա բերել երեք բան, ի՞նչ կբերեիք (թե՛ նյութական, թե՛ հոգևոր)։
Արևածագ
Նյութականից կարծես բերելու բան չունեմ։ Հոգևոր առումով՝ հարազատներիս հետ ռեալ կյանքում, ոչ թե միայն հեռախոսով ու ինետով, անձնապես շփվելու հնարավորությունը, ամեն ինչ նոր ձևով անելու հնարավորությունը։ Վայ, քիչ էր մնացել մոռանայի. մազերս։
Ուլուանա
Ունե՞ք կյանքի նշանաբան, որի ճշմարտացիությանը կասկածելու առիթ դեռ չեք ունեցել։
Արևածագ
Լավ խոսքն արծաթ է, բայց ոսկին լռությունն է։
Ուլուանա
Կարո՞ղ եք պատմել Ձեր կյանքից էնպիսի մի դիպված կամ իրավիճակ, որում Դուք, Ձեր կարծիքով, ամենաշատն էիք ինքներդ Ձեզ նման, այսպես ասած՝ լրիվ Դուք էիք, բայց դրա մասին գուցե միայն Դուք գիտեք։
Արևածագ
Շրջապատի համար թվացյալ անիրական բաները ես երբեմն իրագործել եմ, երբ որ կողքից նայողները ձգտել են ինձ հետ պահել անգամ՝ արարքս անմտություն համարելով։
Մի թեթև օրինակ... Տասը տարի առաջ ավտոմեքենայով Հայաստան էինք եկել։ Վերադարձին Հայաստանից դուրս գալիս սահմանապահները շատ սրտանց մեզ հետ խոսեցին, կարծես իրենց հարյուր տարվա ծանոթը լինեինք, վերցրին փաստաթղթերը, բոլոր ձևակերպումներն արեցին, արդեն անցել էինք ու հասել Վրաստանի անձնագրային ստուգման կետին։ Նայում եմ՝ մեզ տված հաշվեթղթերի մեջ հիսուն դոլլարը ոչ մի տեղ արձանագրված չի։ Ստիպեցի, որ ամուսինս ետ դառնա, հիմա մտել եմ սահմանապահների մոտ ու պահանջում եմ բացատրել, թե ինչի համար են մեզնից ավել փող վերցրել։ Սրանք էլ թե. «Բա Հայաստանի սահմանն ես, չէ՞, անցնում»։ Ես էլ ասացի. «Պետական բոլոր հարկուտուրքերը մուծել եմ»։ Սրանք, թե «Բա մենք էլ ենք ստեղ նստած»։ Ես էլ. «Լավ եք արել՝ նստել եք, բայց Հայաստանի սահմանը ձեր հոր բաղի զաբոռը չի, որն անցնելու պատճառով ձեզ էլ պիտի փող տամ»։ Այսպես մի կես ժամ վիճելուց հետո հետ տվեցին հիսուն դոլլարն ու սպառնացին. «Այլևս հանկարծ մտքներովդ չանցնի էստեղից անցնել, հլա ըտենց բան չէր եղել, որ գան, մեր ձեռքից փող վերցնեն»։ Կարճ ասած՝ մնացած դեպքերն էլ անօրինականության դեմ պայքարիս հաղթանակներն են եղել՝ առավել կամ պակաս չափով մեծ։
Ուլուանա
Այսինքն՝ շրջապատը, նույնիսկ հարազատները Ձեզնից չէին սպասում էդպիսի պահվածք։
Արևածագ
Ամուսինս չէր սպասում, ավելի շուտ՝ չէր հավատում, որ նման բան հնարավոր է։
Ուլուանա
Հիմա փորձեք ներկայացնել Ձեզ համար լիակատար երջանկության իրավիճակ արտացոլող պատկեր՝ ինչ–որ տեսարան, վայր, մարդիկ, շրջապատող իրեր, հանգամանքներ, մի խոսքով՝ «նկարեք» մի պատկեր, որը Ձեզ համար կասոցացվի երջանկության հետ։
Արևածագ
Մանկական աստվածաշնչի նկարազարդումները կա՞ն, որտեղ մարդը, գել ու գազան իրար հետ հաշտ ապրում են արևի տակ՝ Աստծո դրախտում։ Մարդիկ առանց իրար կոկորդ կրծելու են ապրում, Աֆրիկայում էլ ոչ մի սովյալ չկա, պատերազմներ չկան։ Ու աշխարհի վերջի մասին կանխատեսումները սուտ են դուրս եկել։ Հա, ինձ համար էլ մի բան. արդեն հիսուն–վաթսուն տարեկան երեխաներս իրենց ուսին դագաղս կրելով ինձ թաղում են։
Ուլուանա
Դուք, փաստորեն, Ակումբ մտել եք որպես ստեղծագործող։ Ընդհանրապես երբվանի՞ց եք ստեղծագործում։
Արևածագ
Ինը տարեկանից։ Իհարկե, հսկայական ժամանակահատված է եղել՝ տասնամյակից ավելի, երբ մի տող անգամ չեմ գրել։
Ուլուանա
Հըմ, կարգին վաղ եք սկսել։ Իսկ ինչի՞ մասին էր Ձեր առաջին ստեղծագործությունը ու պահպանվե՞լ է արդյոք։
Արևածագ
Ուսուցչուհուս մասին էր։ Այո, պահպանվել է։ Համարյա ինչ գրել եմ՝ կա։ Ուզում էի ցնդաբանություններում դնել։
Ուլուանա
Հետաքրքիր է, էդպես հազվադեպ է լինում։ :) Իսկ ինչու՞ չեք դնում «Դատարկացնդաբանություններում»։
Արևածագ
Ամաչում եմ. շատ թույլ է։ Ցնդաբանությունն էլ մի քիչ որակ պիտի ունենա։
Ուլուանա
Ոչինչ, եթե նախապես նշեք գրելու տարիքը, կարծում եմ՝ ամաչելու հարց չի լինի։ Ամեն դեպքում հետաքրքիր կլիներ կարդալը, առաջարկում եմ վերանայել տեղադրել–չտեղադրելու որոշումը։ :)
Արևածագ
Լավ, համարձակությունս կհավաքեմ։ Բայց եթե վարկանիշ տվող եղավ, մեղքը քո վիզը :)։
Ուլուանա
Լավ, էդ մի «մեղքն» էլ թող իմ վզին լինի, համաձայն եմ :))։
Ակումբում Ձեր ստեղծագործական թեմայի վերնագրից դատելով՝ նաև տպագրվել եք։ Ե՞րբ և որտե՞ղ է լույս տեսել Ձեր գիրքը։
Արևածագ
2008–ին Երևանում, բանաստեղծությունների փոքրիկ ժողովածու՝ «Արևին» վերնագրով։
Որոշ գրական հանդեսներում էլ են տպվել մի քանի գործեր։
Ուլուանա
Ո՞վ կամ ովքե՞ր են եղել Ձեր առաջին ընթերցողները։
Արևածագ
Էդ ծանրագույն բեռն իրենց ուսերի վրա են վերցրել մայրս և ուսուցիչներս։ Մինչև որ սկսեցի տպագրել՝ դպրոցում էլ ու ամեն ուզող–չուզողի ծանրաբեռնել։ Ինտերնետում էլ, ինչպես տեսնում եք, ինձնից պրծում չկա։ :)
Ուլուանա
Իսկ ամենախիստ քննադատը Ձեզ համար ո՞վ է եղել կամ է։
Արևածագ
Բարեկամս ու ուսուցիչս՝ Գևորգ Պողոսյան։ Երևանում է ապրում։ Շատ բան է արել իմ ստեղծագործական կայացման գործում՝ հենց իր գրեթե մշտական դժգոհությամբ։ Ու իր հսկայական աջակցությամբ էլ գիրքս տպվել է։ Երախտապարտ եմ իրեն։ :)
Ուլուանա
Գիրքը միայն բանաստեղծությունների՞ ժողովածու է, թե՞ արձակ ստեղծագործություններ էլ կան։
Արևածագ
Միայն բանաստեղծություններն են։
Ուլուանա
Իսկ արձակ գործերը տպել չե՞ք պատրաստվում։
Արևածագ
Հնարավոր է՝ մի օր տպեմ։ Մի քանի պատմվածք ունեմ, դրանք էլ Rhayader–ի քննադատությունից հետո աչքիցս ընկել են։ :)
Ուլուանա
Բոլո՞րը։
Արևածագ
Համարյա։
Ուլուանա
Փաստորեն, Rhayader–ն էլ է ձեր խիստ քննադատներից։ :)
Արևածագ
Այո։ Թեև մեր գրական ճաշակները, ինչպես նաև բազմաթիվ հարցերի նկատմամբ վերաբերմունքը, ծայրահեղորեն տարբեր են, բայց փաստն այն է, որ նա նկատում է այնպիսի բաներ, որոնք իսկապես սուր աչքը կարող է նկատել։
Իհարկե, թերություններ ես էլ էի տեսնում, բայց հույս ունեի, որ ընթերցողը չի նկատի։ Ավաղ։
Ուլուանա
:))
Այսինքն՝ թերագնահատել էիք Ձեր ընթերցողին։ :)
Արևածագ
Այդպես է ստացվում։ Թեև ամեն մարդ Rhayader–ի աչքը չունի, բայց գրելիս հենց Rhayader–ի նման ընթերցողին պիտի նկատի ունենալ։
Ուլուանա
Գրեթե բոլոր ստեղծագործողներն էլ սովորաբար այս կամ այն չափով իրենց վրա կրում են գրական ինչ–որ հեղինակության ազդեցությունը։ Դուք, օրինակ, ո՞ր գրողի ազդեցությունն եք Ձեզ վրա զգում, եթե զգում եք։
Արևածագ
Չարենց, Ցվետաևա։
Ուլուանա
Ընդհանրապես ի՞նչ տեսակի գրականություն եք սիրում կարդալ. ի՞նչ ժանրեր, ի՞նչ թեմատիկա և այլն։
Արևածագ
Վերջերս շատ գրքեր կիսատ եմ թողնում՝ վեպեր։ Սիրում եմ դասական գրականությունը։ Նոր գրողներին մի քիչ թերահավատությամբ եմ կարդում։ Պիտի ծանրակշիռ համոզող լինի։ Սիրում եմ բանաստեղծություններ կարդալ՝ հին թե նոր։ Նույնիսկ անհայտ հեղինակի գործը այնքան կարող եմ կարդալ, մինչև անգիր անեմ։ Այսինքն՝ նպատակս անգիր սովորելը չի, ուղղակի դա ինձ հաճույք է պատճառում։
Ուլուանա
Իսկ գրականության մեջ ի՞նչն եք կարևորում։ Ունե՞ք ինչ–որ չափանիշներ, որոնցով գոնե ինքներդ Ձեզ համար գնահատում եք գրական գործերը։
Արևածագ
Մի տեղ գրել եմ՝ կատարման վարպետությունը։ Կոպիտ ասած՝ գրելու տեխնիկական կողմը՝ ոճը, բառապաշարի ընտրությունը, նախադասությունների կառուցվածքը։ Բանաստեղծություններում՝ զգացմունքի առկայությունը։ Եթե արձակին է վերաբերում՝ սյուժեի առկայությունը։
Ուլուանա
Իսկ թեմատիկայի առումո՞վ ինչ կասեք։ Թե՞ դա դեր չի խաղում առանձնապես։
Արևածագ
Սերը՝ իր բոլոր դրսևորումներով. տղամարդ–կին, ծնող–երեխա, մարդ–մարդ, մարդ– կենդանի։
Ուլուանա
Իսկ ի՞նչ ժանրի կամ թեմատիկայի ստեղծագործություն ոչ մի դեպքում չէիք կարդա։
Արևածագ
Боевик։
Ուլուանա
Թերևս կարելի էր ենթադրել։ :)
Եվ վերջին հարցը. ո՞ր գրական կերպարին կամ հեքիաթային հերոսին եք Ձեզ նմանեցնում և ինչու՞։
Արևածագ
Գրական հերոսներից ինձ Շամիրամին եմ նմանեցնում, ցավոք: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ հեքիաթային հերոսներից կուզենայի «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթի Սպիտակաձյունիկը լինել, բայց այն համոզմամբ, որ արքայազնը գալու է ու իր համբույրով ինձ մահվան քնից արթնացնի։ Դեռ հույս ունեմ, որ ամենը մի կյանքով չի ավարտվելու։
Ուլուանա
Շնորհակալություն երկարաշունչ հարցազրույցի ու ցուցաբերած համբերության համար։ :)
Արևածագ
Ես էլ եմ շնորհակալ :)։
Վաղուց ակումբում երկար գրառում չէի կարդացել, ինչքան էլ որ ամոթ ա, բայց դե արդարացում ունեմ. ժամանակս իսկապես չի ներում:
Իսկ էս հարցազրույցը սկսեցի կարդալ ու մի շնչով կարդացի... կայֆ ա :)
Լավն էր: Շնորհակալ եմ երկուսիդ ել, Արևածագ ու Ուլուանա, ահագին դրական լիցքեր փոխանցեցիք:
Հիմա ավելի շատ եմ ուզում «ռեալում» ծանոթանալ Արևածագին, քան 15 րոպե առաջ, իսկ 15 րոպե առաջ շատ էի ուզում :)
հ.գ. Ակումբի մասին հարցերի հատվածում մոտ քառակի անգամ ավելի շատ քննադատություն էի ակնկալում :))
Երևի առաջին հարցազրույցն էր, որ կուզենայի շարունակվեր:), շնորհակալություն:
Լավն էր...նիկդ ճիշտ էս ընտրել: Ինքը տողատակերում քողարկված մայրամուտը թաքցնում ա: :)
հ.գ. Ակումբի մասին հարցերի հատվածում մոտ քառակի անգամ ավելի շատ քննադատություն էի ակնկալում :))
Սիրելի Չուկ: Ակումբի տեխնիկական հնարավորությունները թույլատրում են անձնական նամակագրությունը գլխավոր Ադմինի հետ, որն էլ երբեմն օգտագործում եմ առաջարկներս ու դժգոհություններս հայտնելու համար::))
Հիմա մեկ- մեկ հեռուստացույց նայելիս մտովի համեմատում եմ Ակումբում ընթացող քննարկումների, առկա թեմաների ու եթեր հեռարձակվող հաղորդումների որակական մակարդակը: Համեմատությունը հեռուստատեսության օգտին չէ: Այստեղ նշաձողը շատ ավելի բարձր է ու երբեք չպիտի թույլ տալ, որ Ակումբը հանկարծ իջնի... հեռուստատեսության մակարդակի:
Բրա՜վո Ոլուանա...
Բրա՜վո Արևածագ...
Մի հարց ունեմ.
Արևածագ. "Լավ խոսքն արծաթ է, բայց ոսկին լռությունն է։ ": Միևնույն ժամանակ չլռել, երբ սահմանապահը 50 դոլար ավել վերցրեց:
Այսինքն, այդ սկզբունքը պայմանակա՞ն է: Եթե կա այդպիսի բան՝ որ կա լռելու ժամանակ, և կա խոսելու ժամանակ, ինչպե՞ս որոշել՝ երբ է սկզբունքը կիրառելի: Կամ եթե կիրառելիության սահմաններ ու պայմաններ կան, էլ ի՞նչ սկզբունք:
Մյուս կողմից. ենթադրենք հետ ստացած 50 դոլարը հենց արծաթն էր: Իսկ ո՞րը կլիներ ոսկին լռելու ու չվերադառնալու դեպքում: Ո՞րը կլիներ ձեռքբերումը:
Sagittarius
05.09.2010, 18:43
Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր: Ես էլ, որ երկար գրառումներ չեմ կարողանում կարդալ, սա մի շնչի կարդացի:
Արևածագ
Նախ պիտի նշեմ, որ իմ հասակակիցներից շատ–շատերը, գուցե ունենալով առավել ստեղծագործական կարողություններ կամ մարդկանց հետ շփվելու ավելի մեծ փորձ ու նրբանկատություն, ինտերնետ չունեն, կամ ժամանակ չունեն ֆորումներում գրելու:
Խոսքս այն մասսայի մասին չէ, որ Одноклассники–ում իրար սմայլիկ ճամփելով է զբաղված։ Ուղղակի իմ դեպքում ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ինքս ստիպված չեմ ամենօրյա աշխատանքով իմ ընտանիքի հոգսը քաշել։ Երեխաներս համեմատաբար մեծ են։ Ու ես հիմա արդեն ահագին ազատ ժամանակ ունեմ, որ կարող եմ տնօրինել իմ հայեցողությամբ։ Իմ հայեցողությանն էլ վերաբերում են գրականությունը, արվեստն ու հայերենը, որին շատ եմ կարոտում. ոչ թե խոսակցականը, այլ գրականը, գրային հայերենը։
իմիջայլոց այս պահը կարդալով մտածեցի միգուցե՞ մայրիկիս նույնպես ակումբ հրավիրեմ :)
Մի հարց ունեմ.
Արևածագ. "Լավ խոսքն արծաթ է, բայց ոսկին լռությունն է։ ": Միևնույն ժամանակ չլռել, երբ սահմանապահը 50 դոլար ավել վերցրեց:
Այսինքն, այդ սկզբունքը պայմանակա՞ն է: Եթե կա այդպիսի բան՝ որ կա լռելու ժամանակ, և կա խոսելու ժամանակ, ինչպե՞ս որոշել՝ երբ է սկզբունքը կիրառելի: Կամ եթե կիրառելիության սահմաններ ու պայմաններ կան, էլ ի՞նչ սկզբունք:
Մյուս կողմից. ենթադրենք հետ ստացած 50 դոլարը հենց արծաթն էր: Իսկ ո՞րը կլիներ ոսկին լռելու ու չվերադառնալու դեպքում: Ո՞րը կլիներ ձեռքբերումը:
Երբ բացահայտ ոտնահարվում են իմ կամ հարազատներիս իրավունքները, ես ոչ մի դեպքում չեմ լռի: Լռությունն այստեղ կնշանակեր, որ անիրավություն գործողն ինձ անհասկի, հիմարի տեղ է դնում: Խոսքս այն տարբերակների մասին չէ, երբ գլխիդ մուրճով խփում են, իսկ դու ծպտուն չես հանում:
Լռությունը ոսկի է սիրելիներիս ու այն մարդկանց հետ շփվելիս, ում հետ ցանկանում եմ հարաբերություններ պահպանել: Նաև վիճաբանությունների ժամանակ: Ասում են, որ եթե վերջնականապես որոշել էս մէկի հետ կապերդ խզել, նույնիսկ այդ ժամանակ ամենածանր խոսքերը պիտի կուլ տալ, չարտահայտվել: Երբեք հիմնահատակ չի կարելի կործանել վերջին կամուրջը, ինչքան էլ որ դիմացինդ քեզ անհաճո մարդ լինի: Միշտ վերդարձի համար մի արահետ պիտի թողնել: Ես այդպես եմ կարծում ու այդպես եմ ապրում:
:ok Հետաքրքիր հարցազրույց էր, շնորհակալություն:
Ճիշտ է, գրական շեշտը գերակշռող էր, բայց եթե հաշվի առնենք, որ հարցազրույցի երկու կողմերն էլ բանասերներ են, հասկանալի է: :P (Ռուֆի ականջը կանչի)
Երկու հարց, եթե կարելի է:
ա. Ինչպիսի՞ երաժշտությանն եք նախապատվությունը տալիս՝ վոկա՞լ, թե գործիքային:
բ. Այցելո՞ւմ եք արդյոք ռուսական եկեղեցիներ: Ուղղափառ հոգևոր երաժշտությանը ծանո՞թ եք: Եթե այո, ինչպե՞ս կնկարագրեիք նրա գործած տպավորությունը:
My World My Space
05.09.2010, 21:12
Արևածագ ջան մեծ հաճույքով ծայրեծայր կարդացի հարցազրույցդ, էն էլ հեռախոսով ու քոռ աչքերիս զոռ տալով մեքենայի մեջ.....
բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ եղան անձամբ ինձ համար.... հատուկ շնորհակալություն Ուլուանային դիպուկ ու գրագետ հարցադրումների համար:
Շնորհակալ եմ....
Հ.Գ. միայն մի բան ասեմ, թե կարելի է.... Լռությունը, ճիշտ է, ոսկի է, բայց տեղին ասված խոսքն ադամանդից թանկ է....
:
Երկու հարց, եթե կարելի է:
ա. Ինչպիսի՞ երաժշտությանն եք նախապատվությունը տալիս՝ վոկա՞լ, թե գործիքային:
բ. Այցելո՞ւմ եք արդյոք ռուսական եկեղեցիներ: Ուղղափառ հոգևոր երաժշտությանը ծանո՞թ եք: Եթե այո, ինչպե՞ս կնկարագրեիք նրա գործած տպավորությունը:
Շնորհակալություն հարցերի համար: Սիրում եմ գործիքային երաժշտություն: Հաճույքով եմ գնում դաշնամուրային երաժշտության համերգներին, սիրում եմ բալետային ներկայացումների հաճախել: Երեխաներիս էլ հետս տանում եմ, հաճախ իրենց կամքին հակառակ::) Պիտի խոստովանեմ, որ նույն կերպ դժվարությամբ եմ համբերում մինչև օպերային ներկայացումների ու ժամանակակից ռուս փոփ երգիչների համերգների վերջը:
Ռուսական եկեղեցիներ այցելում եմ, բայց որևէ անգամ ժամերգության կամ պատարագի չեմ մասնակցել: Ուղղափառ հոգևոր երաժշտությամը ծանոթ չեմ, բացառությամբ եկեղեցական տոներին հեռուստատեսությամբ հեռարձակվող մեկ- երկու խմբերգերի: Սիրում եմ ու մի քիչ ծանոթ եմ հայ հոգևոր երաժշտությանը: Հայաստանում մի քանի անգամ ներկա եմ եղել պատարագների ու համերգների:
Հոգևոր երաժշտության նպատակը ակնածանքի ու երկյուղածության զգացում ներշնչելն է՝ Բարձրյալի հանդեպ: Ըստ իս՝ հայ հոգևոր երաժշտությունը լիովին համապատասխանում է այս չափանիշին:
---------- Ավելացվել է՝ 22:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:56 ----------
Արևածագ ջան մեծ հաճույքով ծայրեծայր կարդացի հարցազրույցդ, էն էլ հեռախոսով ու քոռ աչքերիս զոռ տալով մեքենայի մեջ......[/B]
Սիրելի My World My Space, եթե քո համբերությունը հերիքել է, որ այսքանը հեռախոսով կարդաս, ես էլ քո հարսանիքին մաղով ջուր եմ կրելու::))
http://www.youtube.com/watch?v=Sy3ZITTBPcc
Կխդրեի երաժշտությունը լսել ու նոր պատասխանել հարցիս, որը կապ ունի հենց քո մեջբերման հետ:
"Լավ խոսքն արծաթ է, բայց ոսկին լռությունն է
Ասում են լռության լեզուն արցունքն է... այդպես է՞
"
Ասում են [B]լռության լեզուն արցունքն է... այդպես է՞
Երբեմն՝ այո: Բայց ես նկատի ունեմ այն լռությունը, որին համընկնում է նաև այս ասացվածքը. «Իմ լեզուն իմ թշնամին է»: Խոսելուց առաջ պիտի մտածել, որպեսզի թույլ չտաս այնպիսի խոսքեր, որոնց համար հետո ներողություն խնդրես, կամ զղջաս: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածն է, որ չի լավանում:
Շատ հետաքրքիր հարցազրույց է:Շնորհակալություն այն սկսելու ու փայլուն ներկայացնելու համար:
Արևածագ խոսքերդ ինձ արդեն ամեն ինչ ասեց` մայր, կին, զավակ...
Ծիծաղել չկա
Երեխաներդ հայկական ճաշերն են սիրու՞մ, թե էտ պիցա-միցաները....
Արևածագ ջան, եթե հնարավորություն ունենայիր հարցազրույցդ խմբագրելու, էդ լռության վերաբերյալ չարաբաստիկ ասացվածքը կջնջեիր չէ՞, որ էլ գլուխդ չտանեինք :D
Ծիծաղել չկա
Երեխաներդ հայկական ճաշերն են սիրու՞մ, թե էտ պիցա-միցաները....
Երկուսն էլ սիրում են: Ինձ էլ հաճախ հունից հանում են, երբ հանկարծ, եթե մնացած է լինում նույն ճաշը երկրորդ անգամ առաջարկելիս՝ ասում են. «Մենք սա արդեն կերել ենք»: :) Սովոր են միայն թարմ պատրաստված բաներ ուտել:
---------- Ավելացվել է՝ 02:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:50 ----------
Արևածագ ջան, եթե հնարավորություն ունենայիր հարցազրույցդ խմբագրելու, էդ լռության վերաբերյալ չարաբաստիկ ասացվածքը կջնջեիր չէ՞, որ էլ գլուխդ չտանեինք :D
Է'հ, չէի կարողանա ջնջել, որովհետև հարցն այնպես է տրված՝«Ունե՞ք կյանքի նշանաբան, որի ճշմարտացիությանը կասկածելու առիթ դեռ չեք ունեցել», որին լղոզված պատասխան դժվար էր տալը::) Համ էլ ես այնքան շատ եմ համոզվել լռության ոսկի լինելու հարցում, որ ինչքան էլ ինձ ներշնչեն, թե սխալվում եմ, դժվար թե տեսակետս ու , դրա հետ կապված, բնավորությունս փոխեմ::oy
Արևածագ ջան, եթե հնարավորություն ունենայիր հարցազրույցդ խմբագրելու, էդ լռության վերաբերյալ չարաբաստիկ ասացվածքը կջնջեիր չէ՞, որ էլ գլուխդ չտանեինք :D
Լռության ոսկի լինելը չի էլ վիճարկվում: Ու հարցը պրովոկացիոն չէր: Հետաքրքիր էր լսել մեկնաբանություն, թե ինչպես են տարբերում խոսելու և լռելու ժամանակը: Եվ եթե որոշիչը իրավունքների ոտնահարված լինելու զգացողությունն է, ապա այն դեպքերում, երբ մարդ, օրինակ, վիրավորված է զգում իրեն, համարում է, որ ինչ-որ առումով իր ինչ-որ իրավունքները ոտնահարել են: Մինչդեռ, ըստ իս, լռել հատկապես պետք է հենց վիրավորված լինելու ժամանակ: Ու լռությունն իրոք դառնում է երբևէ չարժեզրկվող ոսկի:
Շատ հետաքրքիր ու հավես էր :)
Հարցազրույցին նախապատրաստվելիս ի՞նչ հարցեր են եղել, որի մասին մտածել ես «Այ հեսա էդ հարցը կտա՜, ես էլ սենց-սենց-սենց կպատասխանեմ», ու քեզնից գոհ-գոհ գնացել ես հայելու առջև պարապելու, թե ոնց պիտի վերոհիշյալ հարցին տրված հանճարեղ պատասխանով ցնցես ու ապշեցնես համայն Ակումբին... Իսկ այդ չարաբաստիկ Ուլուանան այդ հարցն այդպես էլ չի տվել :): Ինչի՞ մասին կուզեինայիր խոսել այս հարցազրույցի ընձեռած ազատության «ալիքի վրա», և ի՞նչն էր, որ այդպես էլ մնաց չասված:
Երբեմն՝ այո: Բայց ես նկատի ունեմ այն լռությունը, որին համընկնում է նաև այս ասացվածքը. «Իմ լեզուն իմ թշնամին է»: Խոսելուց առաջ պիտի մտածել, որպեսզի թույլ չտաս այնպիսի խոսքեր, որոնց համար հետո ներողություն խնդրես, կամ զղջաս: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածն է, որ չի լավանում:
Իսկ եղել է, որ զղջացել ես?
Հարցազրույցին նախապատրաստվելիս ի՞նչ հարցեր են եղել, որի մասին մտածել ես «Այ հեսա էդ հարցը կտա՜, ես էլ սենց-սենց-սենց կպատասխանեմ», ու քեզնից գոհ-գոհ գնացել ես հայելու առջև պարապելու, թե ոնց պիտի վերոհիշյալ հարցին տրված հանճարեղ պատասխանով ցնցես ու ապշեցնես համայն Ակումբին... Իսկ այդ չարաբաստիկ Ուլուանան այդ հարցն այդպես էլ չի տվել :): Ինչի՞ մասին կուզեինայիր խոսել այս հարցազրույցի ընձեռած ազատության «ալիքի վրա», և ի՞նչն էր, որ այդպես էլ մնաց չասված:
Ինտերնետի ու Ակումբի անգնահատելի առավելություններից մեկն այն է, որ մտնելուց առաջ պարտադիր չի քեզ տանջես հայելու առաջ՝ մազերդ հարդարելով կամ էլ աչքերդ սուրմայելով: Տանը գրեթե միշտ խալաթով եմ, իհարկե՝ ոչ էժանագին: Բայց շատ հաճախ է պատահում, որ գոգնոցով էլ եմ նստում կոմպի առաջ: Հայելու առաջ պարապելը հանեցինք: Ինչ վերաբերում է հարցերին, վայրկյան անգամ գլուխս չեմ ցավացրել, մտածելով՝ «Տեսնես ի՞նչ հարց կտա»: Հաստատ համոզված լինելով, որ ի՞նչ էլ հարցնի, փայլուն կերպով տակից դուրս կգամ: Ա'յ երբ ես լինեմ հարցազրույց վարողը...;)
Սպասում էի, որ գրականությանն ու գրաքննադատության մասին հարցերը մի քիչ շատ են լինելու, բայց գիտեի, որ դրանք դժվար թե հետաքրքրեն ակումբցիների մեծամասնությանը: Առանձնապես շատախոս չեմ, այնպես որ Կարևորագույն Ասելիք չէի նախապատրաստել, որ չասված մնար: Չափազանց շնորհակալ էմ Ուլուանային, խիստ անձնական ու «Քո սիրած գույնը, ծաղիկը, ծիտը...» կարգի ճղճիմ հարցերից զերծ մնալու համար:
---------- Ավելացվել է՝ 16:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:03 ----------
Իսկ եղել է, որ զղջացել ես?
Եղել է, երբ 19-20 տարեկանում սկեսուրիս պրովոկացիոն հարցերին անկեղծ ու ճիշտ պատասխաններ էի տալիս: Որը հաճախ սկանդալների առիթ էր դառնում: Բայց այդ ժամանակ դեռ չգիտեի,թե ի՞նչ է կանացի դիվանագիտությունը:
Իսկ ում հետ կուզենայիր հարցազրույց վարել?
Եղել է, երբ 19-20 տարեկանում սկեսուրիս պրովոկացիոն հարցերին անկեղծ ու ճիշտ պատասխաններ էի տալիս: Որը հաճախ սկանդալների առիթ էր դառնում: Բայց այդ ժամանակ դեռ չգիտեի,թե ի՞նչ է կանացի դիվանագիտությունը:
Իսկ հիմա գիտե՞ս: Չէ՞ որ դիվանագիտությունը մի անգամյա սովորելու դաս չի: Եվ արդյո՞ք դիվանագետ լինելուց ավելի շատ գտել թե կորցրել : Գետը չմտնելով ծովից չես փախչի: Սա ամենևին սկեսուր - հարս հարաբերություններին չի վերաբերում: Ընդհանրապես մարդկային հարաբերությոններին: Եվ մի հարց էլ: Ի՞նչն ես ամենից կարևորում մարդկային հարաբերություններում:
Ինտերնետի ու Ակումբի անգնահատելի առավելություններից մեկն այն է, որ մտնելուց առաջ պարտադիր չի քեզ տանջես հայելու առաջ՝ մազերդ հարդարելով կամ էլ աչքերդ սուրմայելով: Տանը գրեթե միշտ խալաթով եմ, իհարկե՝ ոչ էժանագին: Բայց շատ հաճախ է պատահում, որ գոգնոցով էլ եմ նստում կոմպի առաջ: Հայելու առաջ պարապելը հանեցինք: Ինչ վերաբերում է հարցերին, վայրկյան անգամ գլուխս չեմ ցավացրել, մտածելով՝ «Տեսնես ի՞նչ հարց կտա»: Հաստատ համոզված լինելով, որ ի՞նչ էլ հարցնի, փայլուն կերպով տակից դուրս կգամ: Ա'յ երբ ես լինեմ հարցազրույց վարողը...;)
Սպասում էի, որ գրականությանն ու գրաքննադատության մասին հարցերը մի քիչ շատ են լինելու, բայց գիտեի, որ դրանք դժվար թե հետաքրքրեն ակումբցիների մեծամասնությանը: Առանձնապես շատախոս չեմ, այնպես որ Կարևորագույն Ասելիք չէի նախապատրաստել, որ չասված մնար: Չափազանց շնորհակալ էմ Ուլուանային, խիստ անձնական ու «Քո սիրած գույնը, ծաղիկը, ծիտը...» կարգի ճղճիմ հարցերից զերծ մնալու համար:
Այդ դեպքում ճի՞տ եմ հասկացել, որ այս հարցազրույցը քեզ համար առանձնապես ոչ մի կարևորություն չունեցող երևույթ էր. չէ՞ որ հարցերի տակից փայլուն կերպով դուրս գալ կարելի է և ցանկացած այլ թեմայում: Ինչու՞ ես հարցազրույց տվել, ի՞նչ ասելու համար: Արդյո՞ք իսկապես կանխավ ոչ մի ասելիք, ոչ մի մտադրություն, ոչ մի նախանշված ծրագիր չունեիր, և քեզ համար բացարձակապես միևնույնն էր, թե Անահիտը ինչ հարցեր կտա քեզ: Մի քանի տեղ նկատեցի, որ պատասխաններդ սահմանափակում էիր ընդամենը մեկ-երկու բառով. դա ի՞նչ էր, քչախոսությու՞նդ, հարցը «անցկացնելու» ակնա՞րկ, թե՞ քեզ համար բավարար պատասխան:
Մտքովդ անցե՞լ է, թե ինչ կփոխվեր հարցազրույցի մեջ, եթե հարցեր տվողը արական սեռի ներկայացուցիչ լիներ :):
Հ.Գ. Հայելին, բնականաբար, կատակ էր. ես էլ սմոքինգով չեմ մտնում «Ակումբ»:
Իսկ ում հետ կուզենայիր հարցազրույց վարել?
Առաջին անունը, որ միտքս եկավ , Հայկօն է: Նայեցի, կարծես թե իր հետ հարցազրույց Ակումբում չի եղել:
Tig, Chilly, Ստեգոզավր - Ինձ հետաքրքիր մարդիկ էն, որոնց կարող էի բացահայտել ակումբցիների համար ևս:
Ուլուանային արդեն խոստացել եմ, որ մի օր էլ ես եմ իրեն քրտնացնելու բարդ հարցերով::)
Ես կուզեի: Բայց իրենք կուզե՞ն...
Իսկ հիմա գիտե՞ս: Չէ՞ որ դիվանագիտությունը մի անգամյա սովորելու դաս չի: Եվ արդյո՞ք դիվանագետ լինելուց ավելի շատ գտել թե կորցրել : Գետը չմտնելով ծովից չես փախչի: Սա ամենևին սկեսուր - հարս հարաբերություններին չի վերաբերում: Ընդհանրապես մարդկային հարաբերությոններին: Եվ մի հարց էլ: Ի՞նչն ես ամենից կարևորում մարդկային հարաբերություններում:
Հիմա որոշ բաներ գիտեմ ու նույնիսկ այդ թեմայով դասեր կարող եմ տալ:;) «Ինչպես կառուցել հարաբերությունները Ձեր նպատակներին հասնելու համար»: Եթե հարցը կոնկրետացնեմ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, էլի չարչրկված «Շատ գիտես, քիչ խոսիր», «Տան մեծի մի աչքը՝ քոռ, մի ականջը՝ խուլ» ին պիտի գամ: Եթե ընդհանրապես մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու մասին է խոսքը, այստեղ էլ դիմացինին երբեք ցույց չպիտի տալ սեփական առավելությունները:
Եթե ընդհանրապես մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու մասին է խոսքը, այստեղ էլ դիմացինին երբեք ցույց չպիտի տալ սեփական առավելությունները:
Ինչպես նաև ի ցույց չդնել սեփական թուլությունները. նույնիսկ լավագույնները դրանցից մի օր օգտվում են:
Այդ դեպքում ճի՞տ եմ հասկացել, որ այս հարցազրույցը քեզ համար առանձնապես ոչ մի կարևորություն չունեցող երևույթ էր. չէ՞ որ հարցերի տակից փայլուն կերպով դուրս գալ կարելի է և ցանկացած այլ թեմայում: Ինչու՞ ես հարցազրույց տվել, ի՞նչ ասելու համար: Արդյո՞ք իսկապես կանխավ ոչ մի ասելիք, ոչ մի մտադրություն, ոչ մի նախանշված ծրագիր չունեիր, և քեզ համար բացարձակապես միևնույնն էր, թե Անահիտը ինչ հարցեր կտա քեզ: Մի քանի տեղ նկատեցի, որ պատասխաններդ սահմանափակում էիր ընդամենը մեկ-երկու բառով. դա ի՞նչ էր, քչախոսությու՞նդ, հարցը «անցկացնելու» ակնա՞րկ, թե՞ քեզ համար բավարար պատասխան:
Մտքովդ անցե՞լ է, թե ինչ կփոխվեր հարցազրույցի մեջ, եթե հարցեր տվողը արական սեռի ներկայացուցիչ լիներ :):
Հարցազրույցի նշանակությունը գերագնահատել կամ թերագնահատել չեմ կարող: Ոչ առաջինն էի, ոչ էլ վերջինը կլինեմ: Թռուցիկ ակնարկն ասում է այն մասին, թե որոշ ակումբցիներ նույնիսկ մի անգամից ավելի են հարցազրույց տվել: Ուղղակի՝ եթե այլ թեմաներում քեզ առանձնապես տհաճ կամ դժվար հարցերից կարող ես խուսափել՝ թեմայում գրառում չանելով, հարցազրույցի դեպքում հարցին չպատասխանելն այնքան էլ ճիշտ չէր լինի: Ինձ համար միևնույնը չէին հարցերի թեմատիկան, հարցազրույցը վարողի անհատական հատկանիշները, այդ պատճառով էլ հարցազրույցը Ուլուանան անցկացրեց:
Երբ անմահ խոսքեր ունենամ, «որ տի ասեմ աշխարհքին», «Օրագրեր» բաժնում «Հայ հանճարի օրագիրը» վերնագրով թեմա կբացեմ և ուղեղային փայլատակումներս այնտեղ կգրանցեմ:;) Իսկ մինչ այդ՝ քչախոսությունն ինձ համար բնավորության գիծ է: Մտքերն առանձնապես չեմ սիրում «ծամծմել», որպեսզի «դյուրամարս» դարձնեմ:
Եթե հարցեր տվողն արական սեռի ներկայացուցիչ լիներ, հարցազրույցն ավելի երգիծական ու ծիծաշաշարժ բնույթի կլիներ:
Նախ շնորհակալություն երկուսիդ, սպասված հարցազրույց էր ու բավականին ինֆորմատիվ, բայց ինձ մոտ տպվորություն էր, որ Անուկը նախապես հարցեր էր «կազմել» ու հենց էդ հարցերով էր շարժվում, իսկ Արևածագը շատ ավելի ասելիք ուներ, որոնք դուրս էին գալիս հարցերի սահմաններից ու մի տեսակ կիսատ մնում հաջորդ հարցի «պատճառով»:
Նախ շնորհակալություն երկուսիդ, սպասված հարցազրույց էր ու բավականին ինֆորմատիվ, բայց ինձ մոտ տպվորություն էր, որ Անուկը նախապես հարցեր էր «կազմել» ու հենց էդ հարցերով էր շարժվում, իսկ Արևածագը շատ ավելի ասելիք ուներ, որոնք դուրս էին գալիս հարցերի սահմաններից ու մի տեսակ կիսատ մնում հաջորդ հարցի «պատճառով»:
Ո'չ, Դայանա ջան, Ուլուանան ինձ լիովին ազատություն էր տվել, որ ինչքան ուզեմ՝ խոսեմ: Ուղղակի երբեմն հարցազրույց տվողի ու վարողի դերերը փոխվում էին :)), այդ մասերը , բնականաբար խմբագրվել են: Գուցե այդ պատճառով է թերասածության տպավորություն թողնում:
Արևածագ ջան շատ հետաքրքիր ու բովանդակալից, մի շնչով կարդացվող հարցազրույց էր`անկեղծ պատասխաններով համեմված: 2-իդ էլ շնորհակալություն:hands Իսկ քեզ ցանկանում եմ ստեղծագործական բազում նվաճումներ ու վերելքներ;)
CactuSoul
10.09.2010, 21:16
Արևածագ, մի հարց էլ ես տամ. որ գաք Երևան, խաբար կանե՞ք: Խոստանում եմ սարի ծամոն «հյուրասիրել»:)): Լրիվ լուրջ:): Համ էլ ակումբի հանդիպում կսադրենք:
Արևածագ, մի հարց էլ ես տամ. որ գաք Երևան, խաբար կանե՞ք: Խոստանում եմ սարի ծամոն «հյուրասիրել»:)): Լրիվ լուրջ:): Համ էլ ակումբի հանդիպում կսադրենք:
Իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը ինձ դիմավորողների մեծաթիվ հոսքի պատճառով թեկուզ ժամանակավորապես չխափանելու համար, վայրէջքի ժամը երևի թե գաղտնի մնա::))
Իսկ երբ գալու լինեմ , անպայման տեղյակ եմ պահելու: Կակտուսիկ, սարի ծամո՜ն...:love