Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հայրը



ars83
12.12.2009, 15:34
Այդ օրը ցուրտ էր։ Ձմեռն արդեն սկսվել էր։ Դուրս եկավ պատշգամբ, մի քիչ կանգնեց այնտեղ։ «Տեսնես՝ երեխաս տա՞ք է հագնվել»,- մտածեց նա և տուն մտավ՝ հարցնելու կնոջը։ Կինն ասաց, որ տղան առավոտվանից աշխատանքի է գնացել «աշնանային» հագուստով, առանց գլխարկի, բարակ կուրտկայով, բարակ կոշիկներով։ «Կմրսի երեխաս»,- մտածեց և անհանգիստ նայեց ժամացույցին։ Արդեն երեկոյան ժամը ինն էր մոտենում։
Նա շատ էր սիրում իր երեխաներին, ուշքը գնում էր նրանց համար։ Հուզմունքից իրեն կորցնում էր ամեն անգամ, երբ որևէ չարիք էր պատահում նրանց։ Չնայած երեխաներն արդեն փոքր չէին, նրա աչքին նրանք փոքր էին երևում, մի տեսակ անպաշտպան, և նա միշտ շտապում էր հեառցնել նրանցից հարվածներն ու անհարմարությունները։ Որդուն շատ էր սիրում և հպարտանում։ Ճիշտ է՝ աշխատում էր շատ չցուցաբերել իր հպարտությունը, բայց, միևնույն է խոսքերից և արարքներից երևում էր, որ հպարտանում է։ Տղան արագ էր յուրացնում գիտելիքները և շատերն էին նրան խելացի համարում։ Ինքն անկեղծ ուրախանում էր տղայի ամեն հաջողության վրա, ուշադիր լսում նրա խելոք-խելոք, բայց ոչ միշտ հասկանալի ասածները, բարի ժպտում։ Ինքը բարձրագույն կրթություն չուներ, և իրեն երբեք տաղանդավոր չէին համարել իր մերձավորները։
Համարյա ժամը տասն էր, իսկ տղան դեռ չէր վերադարձել։ Եղանակն ավելի ցրտեց։ «Կսառի ճանապարհին,- մտածեց նա։ - Տրանսպորտ էլ չկա այս ժամին»։ Սկսեց անհանգստացած քայլել սենյակով, մոտեցավ զգեստապահարանին, մի տոպրակ հանեց, որում ձմեռային գլխարկներն էին պահված և սկսեց տաք գլխարկ փնտրել։
Մի քանի տարի էր՝ տղան աշխատում էր։ Հաճախ հարկ էր լինում մինչև ուշ աշխատավայրում մնալ, աշխատել գործընկերների հետ։
Համարյա ժամը տասն էր։ Վերցնելով կապոցը, որի մեջ որդու տաք գլխարկն էր, վզկապը, ձեռնոցները և ճտքավոր կոշիկները՝ դուրս եկավ տանից և արագ քայլերով քայլեց դեպի տղայի աշխատավայրը։
Երբ տեղ հասավ, պահակը զարմացած հարցրեց, թե ո՞ւր է գնում այդ ժամին։
«Տղայիս մոտ»,- անկեղծորեն պատասխանեց և ավելացրեց․ «երկար ժամանակով չեմ գնում, մի հինգ րոպեով»։ Պահակը թույլ տվեց, որ անցնի։
Չեր հիշում, թե որն է որդու աշխատասենյակը։ «Կգտնեմ․ այս ժամին ուրիշ աշխատողներ բացի երեխայիցս ու նրա գործընկերներից հազիվ թե լինի»,- մտածեց նա։ Տեսնելով, որ սենյակներից մեկում լույս է վառվում, մտավ այնտեղ և կանգ առավ․ սենյակում մարդ չկար։ Շուրջը նայելով՝ դանդաղ դուրս եկավ սենյակից և քայլեց միջանցքով։ Մնացած բոլոր դռները փակ էին և լույսն անջատած։ Նորից մտավ լուսավորված սենյակը, որտեղ ոչ ոք չկար և կանգնեց մուտքի մոտ՝ մտածելով, թե որտեղ կարող է լինեն աշխատողները։ Սենյակին կից մի դռնից, որը չէր նկատել, մի երիտասարդ դուրս եկավ։ Նա ճանաչեց որդու աշխատակիցներից մեկին և ուրախ ողջունեց նրան։
- Տղայիս չե՞ս կանչի,- խնդրեց նա։
- Իհարկե,- պատասխանեց երիտասարդը։
Մտնելով սենյակ՝ երիտասարդն ընկերոջն ասաց, որ նրա հայրն է եկել։
«Ի՞նչ է պատահել»,- մտածեց տղան և դուրս եկավ սենյակից։
Տեսնելով հորը, որ կանգնած էր սենյակի մեջտեղում՝ ձեռքին մի տոպրակ, տնային շորերի վրայից հապճեպ կիսամաշ վերարկուն գցած, զարմացած հարցրեց․
- Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես եկել։
- Ոչինչ էլ չի պատահել,- ուրախ ժպիտով պատասխանեց հայրը։ - Եկել եմ քեզ մոտ։ Սա եմ բերել,-ասաց՝ ցույց տալով տոպրակը։
- Ինչի՞ համար։ Դա ի՞նչ է,- տղայի ձայնում դժգոհություն էր զգացվում։
- Տաք գլխարկդ է, առանց գլխարկի ես դուրս եկել, գիտե՞ս՝ ինչ ցուրտ է այսօր,- ասաց հայրը, ձեռքը գլխին տանելով՝ իբր գլխարկն ուղղելու, բայց փախարենը շոշափեց սառած գլուխը՝ շտապելիս մոռացել էր հագնել գլխարկը։
- Ի՞նչ գլխարկ,- բարկացավ տղան։ - Ինչի՞ համար ես եկել։
- Ու ձեռնոցներդ եմ բերել,- ավելացրեց հայրը,- ու ․․․ տաք կոշիկնրդ։ - Շատ ցուրտ է,- անհամարձակ ավելացրեց նա՝ տեսնելով տղայի դեմքի անհանգիստ արտահայտությունը։
- Ո՞վ է քեզ ասել՝ որևէ բան բերես,- համարյա բղավեց տղան։ - Ինչո՞ւ ես եկել, մանկապարտեզի երեխա՞ եմ, որ ետևիցս ման ես գալիս։
- Չէ, ո՞վ է ասում մանկապարտեզի երեխա ես,- ցածրաձայն պատասխանեց հայրը։ - Ուղղակի դրսում ահավոր ցուրտ է, ու ․․․ մայրդ այս շորերը տվեց ու խնդրեց, որ բերեմ,- մանկական միամտությամբ փորձեց հանգստացնել նա տղային։ Եվ խաղարար ժպիտով ժպտաց։
Տղան ավելի կատաղեց․
- Վերցրու այդ ամենն ու գնա տուն, ես մի ժամից կգամ, աշխատում եմ,- ասաց նա։
- Ո՞նց տուն տանեմ,- զարմացավ հայրը։ Դու հո այդպիսի թեթև հագուստով տուն չե՞ս գալու։ Կմրսես։ Առավոտյան տաք էր, բայց հիմա ահավոր ցրտել է։
- Չեմ հագնելու ոչ մի բան, գնա տուն,- համառեց տղան։
- Հո բան չի՞ պատահել,- սենյակից գլուխը հանեց տղայի աշխատակիցը։
- Չէ, ոչինչ չի պատահել,- պատասխանեց տղան։
- Հաստա՞տ։
- Հաստատ։
- Ես կգնամ, ասաց հայրը, մենակ դու այս տաք շոչեչը հագիր։ Կոշիկներդ փոխիր, ես քո կոշիկները հետս կվերցնեմ, գլխարկն ու ձեռնոցներն էլ թողնեմ, գալիս կհագնես, հա՞,- հարցրեց հայրը։
- Ասացի՝ չէ՛։ Ո՞ւմ ծնողն է հետևից ման գալիս։ Անպայման պիտի խայտառա՞կ անեք մարդու,- բարկացավ որդին։
- Էլ չեմ գա, միայն այսօր հագիր, չմրսես,- խնդրեց հայրը։
Տղան ոչինչ չպատասխանեց և զայրացած սենյակ մտավ։
- Ես տուն եմ գնում,- հայտնեց նա ընկերոջը։
- Բա՞ն է պատահել, օգնելու կարիք կա՞,- հարցրեց ընկերը։
- Չէ, պարզապես մայրս մի քիչ վատ է իրեն զգում,- ստեց տղան։ - Բան չկա, ուղղակի հիմա գնամ։
- Այո, իհա՛րկե, գնա,- համաձայնեց ընկերը։
Հրաժեշտ տալով աշխատակիցներին՝ տղան դուրս եկավ հարևան սենյակը, որտեղ կանգնած էր հայրը։
- Գնացինք տուն,- ասաց նա հորը։
- Գալի՞ս ես,- ուրախացավ հայրը։ - Դե գլխարկդ հագիր,- և նա ձեռքը տարավ դեպի տոպրակը։
- Հետո՛, հիմա՛ չէ,- կատաղեց որդին և կոպտորեն խլելով հոր ձեռքից տոպրակը՝ արագ քայլերով քայլեց դեպի ելքը։ Հայրը շտապեց նրա ետևից։
Դուրս գալով աշխատավայրի սահմաններից՝ տղան գլխարկը դրեց գլխին․ ցուրտ էր։ Հայրը հասավ նրան․
- Կոշիկներդ էլ հագիր, տղա ջան, ոտքերդ չմրսեն։
- Չեմ մրսում,- կտրուկ պատասխանեց տղան։ - Իսկ դո՞ւ ինչու ես առանց գլխարկի եկել։
- Ես․․․ ոչինչ, ես չեմ մրսի։
- Ես էլ չեմ մրսի,- պատասխանեց տղան և արագացրեց քայլերը։
Մի առ ժամանակ լուռ քայլում էին։
Հայրը թեթև հպվեց տղայի ուսին․
- Վզկապն էլ կապիր։
- Հանգիստ չես թողնի,- մրթմրթաց որդին, բայց վերցրեց վզկապը և փաթաթեց վզին։
- Սա էլ,- առաջարկեց հայրը՝ մեկնելով ձեռնոցները։
Տղան հրեց յոր ձեռքերը և ձեռքերը դրեց գրպանը։
Երկուսն էլ լուռ էին քայլում։ Աստիճանաբար տղայի բարկությունը սկսեց թուլանալ։ Նա դանդաղեցրեց քայլերը, և հայրը հավասարվեց նրան։ Սառած ձեռքերում բռնած որդու ծանր ձմեռային կոշիկներով տոպրակը, բաց գլխով, առանց վզկապի, կիսաարձակված վերարկուով հայրը լուռ քայլում էր որդու կողքով՝ ժամանակ առ ժամանակ նայելով նրան և մեղմորեն ժպտալով․ նա գոհ էր՝ իր երեխան տաք էր հագնված։
- Վերարկուդ կոճկի՛ր,- ասաց որդին։
Հայրը հնազանդորեն կոճկեց վերարկուի վերին կոճակները։
Տղան դեմքը թեքեց հորից՝ զսպելով զղջման արցունքները։

Դեկադա
12.12.2009, 15:44
Մինչև ծնող չդառնան ծնողի ղադր չեն իմանա::)

Ինձ տարավ մանկություն ու բերեց մինչև հիմա...

A.r.p.i.
12.12.2009, 15:47
Շատ գեղեցիկ պատմություն էր: Ցանկացած ծնող էլ երեխայի միայն լավն է ցանկանում, միայն թե շատ երեխաներ ծնողի ասածների մեջ երբեմն վատ բաներ են տեսնում, թվումա, թե կխայտառակվեն դրանից, միայն թե երկար մտածելուց հետո են հասկանում, որ ծնողը ընդամենը անհանգստանում է:

Lion
12.12.2009, 15:58
Լավն էր - Իսկույն հիշեցի մի ֆիլմ, որը մի անգամ այնպիսի տպավորություն է թողել վրաս...:o

*e}|{uka*
12.12.2009, 20:29
Ապրես Արս, լավն էր: :)
Բոլոր երեխեքն էլ տենց են: :(

Ռուֆուս
13.12.2009, 04:06
Արսեն, լավն էր...

Գիտես, բոլոր երեխաներն էլ երբեմն անգիտակցաբար վիրավորում են ծնողներին, սակայն ծնողները միշտ էլ ներում են: Իսկ ծնողների նման վարքից պետք չի ամաչել, վիրավորվել, կամ էլ մտածել, որ խայտառակում են երեխաներին, ծնողը դա անում է, որովհետև սիրում է ու անհանգստանում է երեխաների համար :)

Ֆոտոն
13.12.2009, 04:06
Պարզ ու սահուն ես գրում, Արս: Միշտ առանց ավելորդությունների: Դրա համար էլ երբեք չեմ ափսոսում քո գրառումների վրա ծախսածս ժամանակի համար: :)

Ե՛վ ծնողի, և՛ որդու դերում ինձ պատկերացրի: Երբեմն այս իրավիճակին լուծում ունենում էի: Բայց այսօր հասկացա, որ ծնողի դերում էդպես կվարվեի, որդու դերում էլ որդու պես: :(

Շնորհակալ եմ այս հարցն իմ մեջ արթնացնելու համար: ;)

Adriano
13.12.2009, 11:43
Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է ծնողների և երեխաների, կամ ավագ և երիտասարդ սերունդների փոխհարաբերությունների մասին: Վերջիններս շատ բարդ են: Եվ հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդները փորձելով իրենց հիմնավորել, խոր արմատներ գցել, ցանկանում են ավելի ինքնուրունություն ձեռք բերեն: Իսկ ծնողները իրենց ծնողական պարտքն են կատարում: Սակայն ինչպես ամեն հարց, այս հարցն էլ նույնպես Հայաստանում հասցված է իր ծայրահեղ աստիճանին: Մեր մոտ ծնողների մոտ 60 տոկոսը կարծում է, որ երեխան եթե չանի այնպես ինչպես իրենք են ուզում ուրեմն սխալ է: Սակայն այստեղ մի նրբություն կա: մարդը հասակ առնելով պարտադիր չէ, որ խելոքանա, կարող է հակառակ պրոցեսը սկսվի, ավելի մեղմ ասած ոչ բոլոր ծնողներն են իրենց սխալների վրա սովորում, որպեսզի մեկ ուրիշին էլ խորհուրդ տան: Իհարկե տարիքի հետ փորձն էլ է շատանում, սակայն դա ինչպիսի փորձ է: Հասկանում եք կարևորը ոչ թե հենց կյանքի փորձի առկայությունն է այլ այդ փորձի որակը: Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ծնողը պետք է լինի ավելի բազմաբևեռ: Այսինքն հարցին նայի ավելի շատ տարբեր կողմերից: Քանի որ համենայն դեպս մարդ որևէ մեկի սեփականությունը չէ, լինի դա երեխա, երեխայի երեխա և այլն: Եվ ահա մեր մոտ անհրաժեշտ է ավելի մեծացնել երիտասարդների ազատությունը: Հնարավորություն պետք է տրվի մարդկանց, որպեսզի վերջիններս պատասխան տան իրենց ամեն շարժ ու ձևի համար, որը կհանի մեր երիտասարդությանը այս փակուղի դարձած վիճակից: Այժմ ասեմ մյուս կողմը, երեխաները անշուշտ պետք է հարգեն իրենց ծնողներին, սա ոչ միայն բարոյական տեսնկյունից է կարևոր, այլ չեմ հասկանում այլ տարբերակ: Հենց ծնողները, մեծերը երբ սկսեն հաշվի առնել երիտասարդների կարծիքը,զգացմունքները, այդ հարգանքը ավելի կմեծանա: Հասկանում եք հարգանքը պետք է արհեստական չլինի: Մի ժպիտով, մի երկու թեթև խոսքով հագանք չի ստեղծվում: Մի խոսքով եկեք ապրենք իրականության մեջ և չմոռանանք, որ վերջի վերջո ես կյանքը մերնա, մեր կյանքը մերնա, ծնողների կյանքը իրենցն է, ծնողների ծնողների կյանքը իրենցն է: Եվ երբ հասկանանք այս պարզ և գեղեցիկ հայերենով գրված բառերի իրական իմաստը կսկսենք ապերել ավելի առողջ, ազատ կյանքով::think

Լուսաբեր
13.12.2009, 15:35
Հիշում եմ. նման իրավիճակում հայտնվել եմ, բայց տատիկիս հետ, այսինքն մամայիս տատիկի(շատ բան եմ սովորել իրենից, շնորհակալ եմ), բայց փոքր էի, իսկ ինքն էլ շատ էր անհանգստանում ու ամեն մանրուքի համար «խոսում»: ՄԻ անգամ պապաս տեսավ ու շատ էր զայրացել ինձ վրա դրա համար... կանչեց ու մանրամասը բացատրեց, որ ինչ լավ է հանդուրժող լինելը, դրանից միայն մենք ենք շահում, ավել լարվածություն չի ստեղծվում,հետո էլ զղջալու կարիք, իսկ Մեծն էլ քո պահվածքից միայն շոյվում է ու իրեն լավ է զգում, ախր նրանց այնքան քիչ բան է պետք այս կյանքից՝ երեխաների բարօրությունը, իսկ իրենց միայն ուշադրություն...

Արս լավն էր,մեղմ էր, հեշտ կարդացվող, հիշեցի ինձ փոքր ժամանակ ու կարոտեցի տատիկիս խրատներն ու անհանգստությունը :sorry ներեղություն կխնդրեի անհանդուրժող լինելուս համար, բայց և շնորհակալ եմ, որ այժմ այդպիսին չեմ/կամ էլ շատ-շատ քիչ եմ այդպիսին :oy

Արևհատիկ
13.12.2009, 17:11
Ապրես Արս ջա'ն: Ընտիր պատմություն էր



Մինչև ծնող չդառնան ծնողի ղադր չեն իմանա::)

Մամայիս ամենօրյա խոսքերն են :)

ars83
15.12.2009, 12:42
Հարգելինե՛րս :)
Բոլորիցդ շնորհակալ եմ արձագանքների համար. դրանք ինձ համար արժեքավոր էին:

ars83
24.02.2010, 00:19
- Գնամ, այգու համար բահ նայեմ, հինը կոտրվել է,- ասաց ծերունի Անդրեան կնոջը և փութալով դուրս եկավ տանից:
Հիսուն տարեկանը մի շաբաթ առաջ էր լրացել, բայց նայողը կասեր՝ յոթանասունն անց է: Թուխ, խորշոմապատ դեմքը ծածկված էր սպիտակ մորուքով, բավականին ուղիղ քայլվածք ուներ, բայց ձայնն ու ձեռքերը սկսել էին երերալ: Վաղուց արդեն ոչ ոք ժպիտ չէր տեսել նրա դեմքին՝ միայն սև աչքերի ուշադիր հայացքն էր, որ մի տեսակ չէր հարմարվում հոգնած դեմքին, սմքած, անարյուն շուրթերին: Հագնված էր ճաշակով. թանկանոց հագուստը հորը նվիրել էր որդին՝ Նիկոլոն, որը հաջողակ և մեծ հեռանկարներ ունեցող առևտրական էր: Վզկապը աղջիկն էր նվիրել հորը՝ նրբակազմ և գեղեցկաձայն սոպրանո Մագդալենան, որին մեծ ապագա էին կանխասում ուսուցիչները:
Մարտի սկիզբն էր, ծառերը պատրաստում էին բողբոջներ ծնել, ագռավները բուն էին հյուսում ապագա ձագերի համար, անձրևով հղի ամպերը դանդաղ տեղափոխվում էին երկնքով: Անդրեան գլխարկը քաշեց ճակատին, վարանոտ հայացքով նայեց շուրջը և արագացրեց քայլերը:

ars83
24.02.2010, 00:35
Մարիան ջրով լցրած կաթսան դրեց կրակին, հարմարվեց սեղանի անկյունում փայտե աթոռի վրա և սկսեց կարտոֆիլը մաքրել: Հայացքը բարձրացրեց դիմացի պատից կախված նկարին, որտեղից երկու կենսախինդ, երջանիկ երիտասարդներ՝ որդին և դուստրը, ժպտում էին մորը: Ինքն էլ քնքշանքով ժպտաց նրանց և չնկատեց, ինչպես դանակը, սահելով, կտրեց մատը: Կտրվածքը խորը չէր, բայց ցավը զգացնել էր տալիս: Ձեռքը պարզեց հոսող ջրի տակ, հետո հանեց ջրի տակից և փաթաթեց թաշկինակով: Հիշողության մեջ մի տեսարան հառնեց մանկությունից: Նրանք երեք երեխա էին ընտանիքում՝ երկու եղբայր և մեկ քույր: Հայրը նրան շատ էր սիրում, բայց աշխատում էր ցույց չտալ, որպեսզի եղբայրները չնեղվեն, իսկ ինքը չհպարտանա: Իսկ նա հաճախ էր հարցաքննում հորը՝ փորձելով կորզել իրեն ցանկալի պատասխանը՝ «հայրի՛կ, երեխաներիցդ ամենաշատը ո՞ւմ ես սիրում»: Հայրը միշտ պատասխանում էր՝ բոլորիդ հավասար, իսկ մի անգամ (այդ տեսարանն էր տպավորվել Մարիայի հիշողության մեջ), ձեռքը մեկնելով աղջկան, ասաց. «Մարի՛ա, ո՞ր մատը կտրես, որ արյուն չգա»:
Դանակի կտրածից ավելի սուր մի ցավ ծակեց սիրտը այս խոսքերը հիշելիս. ծանր շարժումով նստեց աթոռին և ընկավ մտածմունքների մեջ:

ars83
24.02.2010, 00:57
Ահագին մարդ էր եկել նրա հոբելյանը շնորհավորելու: Բարեկամներ, հարևաններ, աշխատակիցներ, երեխաների ընկերները: Մագդալենան, բացի թանկարժեք վզկապից մեկ այլ, ավելի ճոխ նվեր էր պատրաստել հոր համար՝ մի գեղեցիկ և բարդ արիա, որը կատարեց ընկերուհիներից մեկի նվագակցությամբ՝ հիացնելով բոլորին: Ամեն ինչ շատ տոնական և ուրախ էր, չհաշված ականջն ընկած տհաճ խոսակցության պատառիկները, որոնք պատահաբար լսեց՝ անցնելով երկու բամբասկոտ բարեկամուհիների կողքով:
- Քանի՞ տարեկանն է լրանում:
- Հիսունը:
- Ի՞նչ ես ասում, ես յոթանասունից պակաս չէի տա:
- Դե քո գլխին էլ այդպիսի օյին դնեին, դու էլ մեկ օրում կպառավեիր:
- Հա, ճիշտ ես ասում, այդ լակոտը խեղճ մարդկանց կյանքը դժողք դարձրեց:

*******

«Լակոտը» Անջելոն էր, նրա քսաներեքամյա կրտսեր որդին, որն արդեն երեք տարի է գտնվում էր բանտում՝ բռնաբարության և սպանության պատճառով: Բանտարկումից անմիջապես հետո ընտանիքը լուռ համաձայնության էր եկել՝ չհիշել նրան որևէ խոսքով կամ ակնարկով և չայցելել բանտում: Նույնն էին անուն նաև բոլոր բարեկամներն ու հարազատները՝ սրտանց ցավակցելով այդ ընտանիքին, որի պատիվն այդքան հեշտ զգետնել էր Անջելոն:
Նրա արարքը մեծ կեղտոտ լաքա էր թողել բոլորի վրա. Մագդալենայի ականջներին մի քանի անգամ հասել էր «մարդասպանի քույրը» արտահայտությունը, Նիկոլոն իր վրա զգում էր գործընկերների թերահավատությւոնը «հանցագործի եղբոր» նկատմամբ: Երկուսն էլ նեղվում էին նման կարծիքներից և արիաբար դիմադրում իրենց վարքով ու աշխատասիրությամբ:
Ամուսինների միջև նույնպես արգելված էր խոսել Անջելոյի մասին, Մարիան փորձել էր մի քանի անգամ ակնարկել նրա մասին, բայց ամուսինն այնքան կատաղի էր արձագանքել, որ նա որոշել էր այլևս համակերպվել այն մտքի հետ, որ երկու զավակ է ծնել նրա համար, այլ ոչ երեք:

ars83
24.02.2010, 01:10
Մարիան որոշել էր, բայց դժվար էր նրա համար պահպանել այդ որոշումը: Հատկապես սկզբում, երբ ամուսինը հրամայեց հավաքել Անջելոյի բոլոր իրերը և շպրտել դրանք, իսկ նկարները՝ այրել: Ուզեց խնդրել, որ գոնե նորածին Անջելոյի նկարները մնան, սակայն, տեսնելով, թե ինչ վճռականությամբ են հայրն ու ավագ որդին հավաքում Անջելոյի իրերը և շպրտում հատակին բարձրացող կույտի մեջ, չհամարձակվեց: Նիկոլոն աղբի մեջ շպրտեց եղբոր շորերն ու կոշիկները, ֆուտբոլի գնդակը և մնացած իրերը: Երբ հերթը հասավ շվիին, Մարիան փորձեց միջամտել.
- Դա չպահե՞նք, կարող է Մագդալենան նվիրի ընկերներից մեկին:
- Մայրի՛կ, ի՞նչ ես խոսում,- վրդովվեց Մագդալենան:
- Քո կարծիքով՝ ինչ ինչ-որ մեկն այդքան չզզվող կլինի, ո՞ր համաձայնվի այս նվերն ընդունել,- հեգնեց Նիկոլոն:
- Գնա գործի՛դ,- մռնչաց Անդրեան և, որդու ձեռքից խլելով փայտե շվին, երկու կես արեց այն և շպրտեց հատակին:
Մարիան սսկվեց և անկյուն քաշվեց:
Հավաքելով եղբոր նկարները, Մագդալենան վառեց դրանք մեծ թասի մեջ:
Մարին կանգնած լուռ նայում էր, թե ինչպես է կրակը լափում Անջելոյի երեսն ու ձեռքերը, խանձում մազերը: Շուռ եկավ և հայացքը բախվեց հոր և որդու հայացքներին. առաջինը նայում էր վճռականությամբ, երկրորդը՝ հավանությամբ: Վախեցած, Մարիան նորից շուռ եկավ և մի նկար էլ ինքը գցեց կրակի մեջ:

ars83
24.02.2010, 01:35
Անդրեան քնցնում էր սպորտային խանութի մոտով, որի ցուցափեղկերից սպորտային հագուստ և տարբեր պարագաներ էին երևում...

- Այդպես չէ՛, Անջելո, մյո՛ւս ոտքով, ա՛յ այդպես, ապրե՛ս:
- Քեզ ո՞վ է սովորացրել ֆուտբոլ խաղալ, պապ,- հարցրեց Անջելոն:
- Չեմ հիշում, ընկերներիցս եմ երևի սովորել:
- Լավ է՞իր խաղում:
- Վատ չէի խաղում, բայց ամենալավ խաղացողը չէի:
- Ե՞ս եմ ավելի լավ խաղում, թե՞ դու իմ տարիքում:
- Դո՛ւ, տղաս, դո՛ւ,- ժպտաց հայրը և համբուրեց որդու գլուխը:

Որպեսզի չտեսնի ֆուտբոլի գնդակը, անցավ փողոցի մյուս կողմը և շուտ թեքվեց հատող փողոց՝ մեջքով շրջվելով սպորտային խանութին:

*******

Մագդալենան սովորում էր իր պարտիտուրան: Մեկ ամսից նա պետք է քաղաքի գլխավոր եկեղեցում երգեր նախազատկական մեծ մեսսայի ժամանակ: Նրանք երգչախումբը պատրաստվում էր կատարել Հայդնի «Թերեզյան» մեսսան, և Մագդալենային հասել էր մենակատար սոպրանոյի պարտիտուրան: Նրա ձայնը հրաշալի կերպով սազում էր այդ մեսսային: Դիրիժորը հատկապես զմայլվում էր, երբ նրա մաքուր, զրնգուն ձայնը հիացական-հաղթական խոստովանությունն էր հնչեցնում մեսսայի երրորդ հատվածում՝ Domine, Domine Fili unigenite, Jesu Christe: Մագդալենան ժամերով պարապում էր, առանց որևէ ջանք խնայելու, քանի որ գիտեր, որ ամեն լավ բան, ինչին հասնում են մարդիկ, միայն տանջանքի և քրտինքի միջոցով է տրվում: Իսկ անբանների, վատնողների և մարդասպանների տեղը բանտն է: Վերջիններին հիշելիս նրա մարմարյա սպիտակ ճակատին հազիվ նկատելի խորշոմ հայտնվեց, որն իսկույն կորավ, և նա շարունակեց երգել:

ars83
24.02.2010, 02:12
Անդրեան հեռվից լսեց մեծ եկեղեցու տաճարի զանգերի ձայնը, որոնք անցորդներին կանչում էին առավոտյան ժամերգության: Լսելով զանգերի ղողանջը՝ հանեց գլխարկը և բռնեց այն ձեռքում:
- Մտնեմ եկեղեցի, մի քանի րոպե կանգնեմ,- մտածեց նա:
Մոտեցավ երեղեցու դռանը, խաչակնքվեց, ներս մտավ: Ժամերգությունն արդեն սկսել էր: Գնաց, կանգնեց հեռավոր պատերից մեկի մոտ: Մի քիչ կանգնեց, ապա որոշեց գնալ այնտեղ, որտեղ մոմերն էին այրվում, ինքն էլ մոմ վառեր: Մոտեցավ մոմավաճառին:
- Մոմ տվեք, խնդրեմ:
- Քանի՞ հատ:
- Հինգ,- առանց մտածելու պատասխանեց նա և ձեռքը տարավ գրպանը:
- Խնդրեմ,- մոմերը մեկնեց կինը:
- Շնորհակալություն,- ասաց Անդրեան և մանրը մեկնելով կնոջը, պատրաստվում էր հեռանալ, երբ կինը ձայն տվեց.
- Ներեցե՛ք, պարոն, այստեղ չորս մոմի գումար է:
- Ի՞նչ,- զարմացած հարցրեց Անդրեան՝ առանց հասկանալու կնոջ հարցը:
- Մեկ մոմի համար չեք վճարել, ներեցե՛ք,- կրկնեց կինը:
- Ո՛հ, ներեցեք,- խառնվեց Անդրեան և շտապով դրամապանակից հանեց առաջին պատահած խոշոր թղթադրամը:
- Ո՛հ, ներեցեք, պարոն, այդքան մանր դժվար թե գտնվի ինձ մոտ,- շփոթվեց կինը:
- Թող մնա եկեղեցու կարիքների համար,- պատասխանեց Անդրեան:
- Աստված օրհնե,- ժպտաց կինը:

Մոտեցավ մոմասեղաններին, որոնցից յուրաքանչյուրը դրված էր մի սրբանկարի առջև: Սկսեց աղոթք մրմնջալ: Իր մեղքերի թողության համար: Վառեց առաջին մոմը ս. Պետրոսի նկարի առաջ և անցավ մյուս սեղանին: Սկսեց աղոթել կնոջ համար: Կինն իր մտերիմ և շատ սիրված ընկերն էր: Չգիտեր՝ ինչպես կկարողանար դիմանալ բոլոր իր վրա եկած հարվածներին, եթե կինը չլիներ: «Պահպանեա՛, Տեր, և ողորմեա՛»,- շշնջաց և վառեց մոմը: «Սրբերիդ բարեխոսությամբ»,- ավելացրեց և բարձրացնելով գլուխը հանդիպելով ս. Հովհաննեսի պայծառ հայացքին:
Խաղաղված անցավ սեղանի մյուս կողմը:
«Որդուս պահպանի՛ր, Տե՛ր, ողորմեա՛»,- մրմնջաց և վառած մոմը խրեց ավազի մեջ: «Ամրացրու խոսքովդ ու գործերը հաջողի՛ր,- խնդրեց,- սրբերի՛դ բարեխոսությամբ», և հայացքը հանդիպես ս. Պողոսի վճռական հայացքին, որը կանգնած էր՝ ձեռքում բռնած Ավետարանը:
Վառեց հաջորդ մոմը և մոտեցավ մյուս պատի դիմաց դրված սեղանին:
«Իմ փոքրիկին պահպանի՛ր, Տե՛ր, աղաչո՛ւմ եմ,- խնդրեց, սեղմելով մոմը ձեռքում,- Մագդալենայիս դու ես ինձ պարգևել. խնդրո՛ւմ եմ, ողորմեա՛»: Աչքերն արցունքով լցվեցին գորովանքից, և կամաց շշնջաց՝ «սրբերիդ բարեխոսությամբ»: Հայացքը պարզելով դիմացի նկարին՝ տեսավ Մարիամ Մագդաղեացուն՝ խոնարհված Քրիստոսի առջև:
Մի առ ժամանակ նայեց նկարին, ապա, ձեռքում պտտելով մնացած մոմը, շարժվեց դեպի սենյակի խորքը:
«Տե՛ր, ողորմեա՛...»,- մեքենաբար արտասանեցին շուրթերը և քարացան: Ո՞ւմ՝ հնչեց ուղեղում: Մի՞թե որևէ մեկին մոռացել է: Արագ շրջվեց և հայացքն անցկացրեց նկարների վրայով: Ոչ, ահա բոլոր սրբապատկերները, որոնց առջև աղոթել է և մեկական մոմ վառել: Այս ի՞նչ մոմ է այս դեպքում՝ զարմացավ և նայեց մնացած մոմին, որը պահել էր ձեռքում: «Ինչո՞ւ եմ ավելորդ մոմ գնել»,- մտածեց և թոթվեց ուսերը: «Լավ, սա էլ վառեմ հանգուցյալների հիշատակի համար»,- անցավ մտքով և մեքենաբար ասաց «սրբերիդ բարեխոսու...»: Խոսքը կիսատ մնաց, երբ գլուխը բարձրացրեց սրբապատկերին: Սրբապատկերից անծայր կարեկցանքով ու աղերսալից հայացքով իրեն էր նայում Աստվածամայրը՝ գրկում բռնած Մանուկին: Երկու կողքերին կանգնած էին հրեշտակները, որոնց անունները գրված էին ներքևում: «Arcangelo Gabriele»,- կարդաց նա և ցնցվեց: Չվառած մոմն այրեց մատների ծայրերը:
Դեմքն այլայլվեց, շնչառությունն արագացավ: Առանց վառելու ձեռքի մեջ ճմրթեց-ջարդեց մոմը և թաղեց ավազի մեջ: Կտրուկ շրջվելով՝ դուրս վազեց եկեղեցուց:

ars83
24.02.2010, 02:41
Ճակատն այրվում էր, դեմքը կարմրել էր:
-Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել,- հարցնում էր խիղճը:
- Պետք է վառե՞ի, ինչ է: Այն էլ նրա համա՞ր,- պատասխանում էր միտքը:
- Գոնե որպես մեռածի համար վառեիր,- աղերսեց խիղճը:
- Ո՛չ մի դեպքում, նրան այլևս չկա ներում,- վրա բերեց միտքը:
- Իսկ ինչո՞ւ ես գնում նրա մոտ,- լռեցրեց մտքին խիղճը:

Անդրեան կանգ առավ: Իսկապես, ինչո՞ւ է գնում: Առավոտյան տանից դուրս էր եկել, որպեսզի գնա բանտ՝ Անջելոյին տեսնելու: Արդեն մեկ շաբաթ է տատանվում էր՝ գնա՞, թե չգնա: Համոզել էր իրեն, որ կփորձի, համենայն դեպս: Միգուցե նրան չթողնեն բանտ մտնել: Այդ դեպքում կարող է հանգիստ տուն վերադառնալ: Հանգի՞ստ... մի՞թե այդ բառը չի վերացել իր ընտանիքի կյանքից: Անգամ կնոջը խաբեց. մի բան, որ երբեք չէր արել: Այն էլ ո՞ւմ պատճառով... Բարկանալով ինքն իր վրա՝ քայլերն ուղղեց դեպի տուն: Մի քիչ քայլելուց հետո նորից կանգնեց:

Հիշողությունները վիթխարի հորձանքով գլորվեցին իր վրա: Հիշեց անձրևոտ մռայլ օրը իրեն, կնոջը և երեխաներին՝ կանգնած գերեզմանոցի ծայրում: Ինքն անծածկ գլխով, Նիկոլոն՝ անձրևանոցը պահած մոր և քրոջ վրա: Հիշեց դագաղում պառկած երիտասարդ աղջկան, որի դեմքով մեկ անցնում էր չորացած արյան բիծը: Ահա բռնաբարված և սպանված աղջկա մայրը՝ հեկեկանքներից խեղդվող, կորացած, անուժ ձեռքերը պարզած միակ զավակին: Ամուսինը փորձեց է կնոջը գրկել, բայց ծնկները ծալվեցին և եթե կողքի կանգնած երիտասարդները չբռնեին, կընկներ: Հիշեց իր սեփական ծնկները ծալող սրտանց կարեկցանքը այդ դժբախտ մարդկանց հանդեպ, Մարիայի անձայն հեկեկոցը: Հիշեց, ինչպես կայծակի նման հարվածեց այն միտքը, որ այդ միամորիկ աղջկան ծնողներից խլողն իր որդին է: Անտանելի, անընդունելի, անողոք միտքը: Իր որդին... մի՞թե դա հնարավոր է: Անջելոն: Իր Անջելոն: Ոչ թե պարզապես Անջելոն, այլ իր Անջելոն:

Սիրտն ուժգին ծակեց, հենվեց պատին, որպեսզի չընկնի: Իր Անջելոն էր գործել ոճիրը, դրանում ոչ մի կասկած չկար՝ դատարանն ամեն ինչ հաստատել էր, և Անջելոն էր խոստովանել էր իր մեղքն ու դատապարտվել:

Նրանց մոտեցավ մի երիտասարդ և կտրուկ, հուզված ձայնով հրամայեց.
- Հեռացե՛ք այստեղից: Ինչպե՞ս եք համարձակվել գալ այստեղ: Գայլերիդ ոհմակը հավաքած՝ եկել եք վայելելու ձեր լակոտի սխրա՞նքը:
Մագդալենան վախեցած նայեց եղբորը:
- Լսի՛ր, դո՛ւ...- առաջ նետվեց Նիկոլոն:
Հայրը ձեռքով ետ մղեց նրան:
- Ներեցքե՛ք, դուք ճիշտ եք ասում, ես ներողություն եմ խնդրում... մենք ներողություն ենք խնդրում...
- Այո, մենք ներողություն ենք խնդրում,- կրկնեց Մարիան, և նրանք հեռացան գերեզմանոցից:

- Այդ շան համար պիտի այսքան թուք ու մուր ուտենք,- չդիմացավ Նիկոլոն և ոտքով ուժգին խփեց գետնին, երբ նրանք հեռացան:
Մնացածները լուռ էին:


«Գնում եմ»,- առաջ մղեց Անդրեային բարկությունը, և նա քայլեց դեպի բանտը:

ars83
24.02.2010, 02:53
Մարիայի մատի արյունահոսությունը կտրվեց: Նայեց ժամացույցին՝ կեսօրն անց էր: «Այքան երկար ի՞նչ է փնտրում»,- անցավ մտքով: Նայեց պատուհանից՝ պարտեզում իրոք կոտրված բահ էր ընկած: «Բայց ամուր էլ բահ էր,- մտածեց Մարիան,- տեսնես՝ ինչպե՞ս է կոտրվել»: Ընդամենը մի քանի օր առաջ ամուսնու խնդրանքով հանել էր բահը պահոցից և տվել իրեն, որպեսզի հողը փխրեցնի: Նայեց մեծ խնձորի ծառին. դեռ տերևներ չկային վրան: «Տարօրինակ է, ինչո՞ւ էր հիմա փխրեցնում հողը, դեռ ժամանակը չէ»: Դա այն ծառն էր, որի տակ լցրել էին Անջելոյի այրած լուսանկարների մոխիրը: «Գոնե որպես պարարտանյութ օգուտ տա»,- ասել էր Նիկոլոն, իսկ հայրը գլխով համաձայնության նշան էր արել:
Մարիան լավ հիշում էր իր բոլոր երեխաների իրերը: Դրանցից երկուսն աչքով չէին ընկել մաքրման ժամանակ. մեկը փոքրիկ արծաթյա խաչն էր, որ Անջելոյի ծննդյան օրը նրան էր նվիրել տատը, մյուսը՝ մի հին լուսանկար, անձնագրի լուսանկարի չափ:
Երկար ժամանակ չէր համարձակվում հարցնել դրանց մասին ամուսնուն, բայց մի օր հարցրեց:
- Շպրտել ենք՝ գնացել են,- պատասխանեց ամուսինը: - Լավ չես նայել:

ars83
24.02.2010, 03:12
- Դուք ո՞վ եք, բանտարկյալի բարեկա՞մն եք,- հարցրեց պահակը:
- Այո, ես... բարեկամ եմ,- պատասխանեց Անդրեան:
- Ի՞նչ բարեկամ եք:
- Հայրն եմ,- մի կերպ արտաբերեց Անդրեան:
Պահակը կասկածանքով նայեց նրան: Երեք տարի է, ինչ այդ բանտարկյալը բանտում էր, դեռ որևէ բարեկամ ցանկություն չէր հայտնել նրան տեսնելու: Ասենք՝ ի՞ն չ տեսնելու բան էր, բռնաբարող-մարդասպան:
- Ո՛չ, չի՛ կարելի, պետք է նախօրոք տեղեկացնեիք բանտապետին:
- Ես... երկար ժամանակով չեմ եկել:
- Միևնույն է:
- Բայց...
- Ի՞նչ է պատահել,- լսվեց բանտապետի ձայնը:
- Այս մարդն ասում է, որ այն՝ պահակը աչքով արեց բանտախցերի կողմը, լակոտի հայրն է, ուզում է տեսնել դրան:
- Իսկապե՞ս,- քմծիծաղ տվեց բանտապետը: - Եկեք ինձ մոտ:

Բանտապետը նույնպես ասաց Անդրեային, որ չի կարող նրան թողնել Անջելոյի մոտ, քանի որ կարգն արգելում է:
- Բայց...- մի աչքը փակեց նա և մատներն իրար քսեց:
«Հիմա էլ կաշա՞ռք վճարել նրա համար: Ո՛չ, սա արդեն չափից դուրս է»,- մտածեց Անդրեան և պատրաստվեց հրաժեշտ տալ բանտապետին: Բայց փոխարենը, ինքն էլ չիմացավ ինչպես, գրպանից հանեց թղթապանակը և մի խոշոր թղթադրամ մեկնեց բանտապետին:
- Սպասեք այստեղ, մինչև կարգադրեմ,- ասաց բանտապետը և դուրս եկավ սենյակից:

ars83
24.02.2010, 03:39
Բանտախցին մոտենալիս Անդրեան գործադրեց բոլոր ճիգերը՝ առավելապես սառը և անտարբեր երևալու համար:
- Հա՛յրդ,- լսեց նա բանտապահի ձայնը, որը դիմացը կանգնած՝ բացում էր դուռը:
-Ո՞վ,- լսեց նա մի խռպոտ ձայն, որի մեջ միայն մի փոքր ծանոթ նշույլ կար:
- Տաս րոպե,- ասաց բանտապահը:

Անդրեան կանգ առավ դռան մոտ: Դիմացը մի անծանոթ մարդ էր կանգնած՝ երկար, իրար կպած մազերով, ճղճղված շորերով, բոկոտն: Անդրեան հայացքն անցկացրեց այդ տղամարդու ոտքերից դեպի գլուխը և երկու սև կրակոտ աչքերի զույք գամեց նրա հայացքը դիմացինի դեմքին: Անջելոյի աչքերն էին:
Նույն գույնի և ձևի երկու զույգ աչք անթարթ նայում էին մեկմեկու: Առաջինը հայացքը հեռացրեց Անջելոն: Կարծես ամաչելով իր թուլությունից, ընդհանրապես մեջքով շրջվեց հորը, ապա դեմքին արհամարհական ժպիտ ձևավորելով գնաց, նստեց պատի տակ և սկսեց այնտեղից նայել հորը՝ անհոգ փորելով ատամները:
Անդրեան հետևում էր որդու ամեն շարժմանը: «Ինչքա՜ն է նիհարել: Ի՜նչ կեղտոտ է: Ոտքերին էլ կապտուկներ են»:
Անցավ մի քանի րոպե:
- Ինչո՞ւ ես որոշել գալ,- հարցրեց Անջելոն:
«Ինչ խռպոտ ձայն ունի, ասես՝ թոքախտավոր լինի»,- անցավ Անդրեայի մտքով:
- Ի՞նչ ես պապանձվել: Քսան տարվա մեջ վա՞տ ես ուսումնասիրել ծնածդ արարածին:
«Մատնե՞րն ինչու են այսքան սպիոտ»,- մտածեց Անդրեան:
- Խոսի՛ր, չե՞ս կարողանում: Թե՞ եկել ես մնջախաղ խաղալու,- բարկացավ Անջելոն և տեղից վեր կացավ:
«Կաղում է,- նկատեց Անդրեան: -Ի՞նչ են այստեղ արել նրա հետ»:
- Լսի՛ր, խոսելո՞ւ ես, թե՞ չէ,- կատաղեց տղան և հանկարծակի բռնեց հոր օձիգից: - Խոսի՛ր,- պահանջեց նա՝ քաշելով հորը դեպի իր կողմը:
Անդրեան չդիմադրեց: «Մի աչքն էլ արյունով է լցված»,- մոտիկից նկատեց Անդրեան:
- Քեզ հետ չե՞մ,- հուներից դուրս եկավ Անջելոն և ամբողջ ուժով խփեց հորը բանտախցի ճաղերին:
Անդրեան ընկավ հատակին, քիթը սկսեց արնահոսել:
- Ի՞նչ ես անում, ա՛յ շան ծնունդ,- լսվեց բանտապահի ձայնը, դուռը բացվեց և երկու հոգի, ներս վազելով, տապալեցին Անջելոյին գետնին և սկսեցին հարվածել: Անջելոն սեղմեց ատամները և կծկվեց, մինչդեռ բանտապահները հարվածում էին նրան:
Երրորդ բանտապահը մոտեցավ Անդրեային և սկսեց վեր քաշել՝ բարձրացնելու համար:
Անդրեան ոչինչ չէր զգում: Միայն սարսափով լցված հայացքը հառել էր որդուն, որին ծանր կոշիկներով հարվածում էին բանտապահները: Ամեն հարվածի հետ Անդրեան կծկվում էր՝ ասես ցավից:
- Մի՛, մի՛... - սարսափահար շշնջաց նա, մատով ցույց տվեց որդուն երրորդ բանտապահին և փորձեց առաջ գնալ:
- Գնացի՛նք, գնացի՛նք,- ասաց սա և քարշ տվեց Անդրեային: - Էդ շունը սովոր է:

Անդրեան չնկատեց՝ ինչպես հայտնվեց դրսում:
«Ծեծում են նրան»,- պտտվում էր նրա մտքում:

ars83
24.02.2010, 04:13
- Վերջապե՛ս,- ասաց Մարիան, անհանգիստ վազելով ամուսնուն ընդառաջ: - Ի՞նչ էիր անում այսքան ժամանակ:
Հայացքն ընկավ արնոտ թաշկինակին, որով Անդրեան փակել էր քիթը: Կինը սարսափեց.
- Ի՞նչ է պատահել:
- Ընկել եմ:
- Ո՞րտեղ:
- Հանգիստ թող ինձ:

Մարիան նստացրեց ամուսնուն բազմոցին և, զգուշորեն վերցնելով թաշկինակը, սկսեց սրբել արյունը: Ապա նորը բերեց և թրջոց դրեց:
- Պետք է... պետք է պառկես,- անհամարձակորեն ասաց նա:
Անդրեան, զարմանալիորեն հեշտությամբ հնազանդվեց և պառկելով՝ փակեց աչքերը:


*******

Երեկոյան հյուր եկան երեխաները: Սկսեցին հետաքրքրվել՝ ինչ է պատահել: Անդրեան նույն բանն էր ասում բոլորին՝ վատ է զգացել փողոցում, ընկել է:
- Իսկ այդքան երկար ի՞նչ էիր անում դրսում,- հարցրեց Նիկոլոն:
- Բահն էի փնտրում:
- Այդքան երկա՞ր,- ունքերը վեր քաշեց Նիկոլոն:
Անդրեան բարկացած նայեց որդուն.
- Այո, այդքան երկար:
Որդին չհամարձակվեց շարունակել:


*******

Մարիան արթնացավ աչքերին ընկնող լույսից: Ամուսինը սենյակում չէր:
«Այդ լո՞ւյսն ով է վառած թողել»,- մտածեց նա և գնաց դեպի հյուրասենյակը:
Հյուրասենյակի դուռը մի փոքր բացվել էր և Մարիան անցքից ներս նայեց:
Անդրեան ծնկել էր Աստվածամոր սրբապատկերի առաջ և ինչ-որ բան էր շշնջում:
«Այդ ի՞նչ է ձեռքին»,- մտածեց կինը՝ տեսնելով, որ Անդրեան ինչ-որ բան է պարզել դեպի սրբապատկերը: Մի փոքր ավելի բացեց դուռը:
Աղոթքով տարված՝ Անդրեան չնկատեց, թե ինչպես կինը ներս մտավ:
- Ողորմեա՛, Տիրամա՛յր, բարեխոսի՛ր երեխայիս համար,- կրկնում էր Անդրեան և արցունքները գլորվում էին աչքերից:
- Գիտեմ, որ մեղավոր է, Աստված, բայց ողորմի՛ր, խնդրում եմ: Ի՛նձ պատժիր նրա փոխարեն, երեխաս մատաղ է, թո՛ղ ապրի, ողորմի՛ր,- աղերսում էր Անդրեան:
Կինը երերաց և, որպեսզի չընկնի, բռնվեց պատից:
Բարձրացած աղմուկի վրա Անդրեան շուռ եկավ և տեսավ կնոջը:

Վախեցած վեր թռավ և ձեռքը մտցրեց գրպանը:
- Ինչո՞ւ չես քնած,- հարցրեց՝ դեմքը լուսից շրջելով:
- Չեմ կարողանում, լույսն ընկել էր աչքերիս:
- Ների՛ր, եթ դուռը փակել էի:

Մարիայի սիրտը ուժգին բաբապում էր:
- Անդրեա...
- Ի՞նչ:
- Ո՞ւմ համար էիր աղոթում:
- Մարի՛ա, գնա՛ քնիր,- պատասխանեց Անդրեան:
- Անդրե՛ա...
- Գնա՛,- հրամայեց ամուսինը:

Կինը չդիմացավ: Արցունքները սկսեցին հոսել նրա աչքերից և նա ճայթեց.
- Անջելոյի համա՞ր էիր աղոթում: Ախր ես գիտեմ՝ նրա համար էիր աղոթում:
- Վերջացրո՛ւ,- առնաց ամուսինը և նետվեց դեպի կինը:
Այդ պահին նրա գրպանից զրնգալով գետնին ընկավ փոքիր արծաթե խաչը և Անջելոյի փոքր նկարը:
- Անջե՛լո,- բղավեց կինը և նետվեց, որպեսզի բարձրացնի ընկած առարկաները:
- Թո՛ղ,- մռնչաց Անդրեան և հարվածեց կնոջ դեմքին:
Կինը ձեռքը սեղմեց դեմքին և ապշահար նստեց հատակին:
- Ո՛չ մի Անջելո, բավակա՛ն է: Այդ պիղծի անունն այլևս չի՛ լսվելու այս տանը: Ես երկու երեխա ունեմ, երկո՛ւ,- գոռաց նա և հատակից բարձրացրեց խաչն ու լուսանկարը:
- Անդրե՛ա,- աղաչեց կինը՝ ձեռքը մեկնելով դեպի ամուսինը:
- Ո՛չ, ասացի քեզ՝ երկո՛ւ, երկո՛ւ, դոռաց Անդրեան և ձեռքի կտրուկ շարժումով պատռեց որդու նկարը: Մինչ նա ճղրտում էր նկարը, կինը սարսափահար շարժումներ էր անում ձեռքով:
- Ո՛չ մի բան չի՛ մնալու նրանից, ո՛չ մի բան:
Նա շպրտեց լուսանկարի պատառիկները հատակին, և դարձավ դեպի Աստվածամոր պատկերը:
- Ո՛չ մի բան,- բղավեց նա և կոտրելով արծաթե խաչը, գցեց այն գետնին ու տրորեց: - Ո՛չ:

ars83
24.02.2010, 05:05
Մարիան ոչինչ չպատմեց երեխաներին, չնայած այլևս ոչ մի խոսք չփոխանակեցին Անդրեայի հետ: Չէր ուզում ցավ պատճառել սիրելիին:

Անցավ մոտ մեկ ամիս:

- Ո՞ւր ես գնում,- հարցրեց Մարիան ամուսնուն: - Այսօր Մագդալենայի պրեմիերան է, մեկ ժամից պետք է եկեղեցի գնանք:
- Կարճ ժամանակով եմ գնում,- պատասխանեց Անդրեան,- կհասցնենք: Եթե հանկարծ չհասցնեմ, դու գնա, ես կգամ:
- Առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնա,- առարկեց կինը:
- Լավ, կհասցնենք,- պատասխանեց ամուսինն ու դուրս եկավ:

Նորից անցնում էր սպորտային խանութի և եկեղեցու մոտով: Աչքի առաջ Անջելոյին հարվածող բանտապահներն էին. այդ տեսարանը նրան տանջել էր այս մեկ ամսվա ընթացքում:

- Կանչեք բանտապետի՛ն,- ասաց նա բանտապահին:
- Ի՞նչ հարցող եք եկել,- հարցրեց բանտապահը: - Ա՜, դուք այն...
Բանտապահը չհասցրեց խոսքն ավարտել: Աղմուկ լսվեց, սկսեցին մարդիկ վազել և գոռգոռալ:

- Շո՛ւտ, շտապ. օգնություն կանչի՛ր,- դուրս վազեց սփրթնած բանտապահը: - Միայն սա՛ էր ինձ պակասում, որ իմ բանտում ինքնասպանություն լինի:
Բոլորը ցրվեցին, Անդրեան մնաց մենակ: Անվստահ մի քանի քայլ արեց բանտախցերի ուղղությամբ:
-Ո՞րտեղից դանակ այդ շան մոտ,- լսեց բանտապետի կատաղած ձայնը:
- Չգիտենք,- պատասխանեցին երկու անվստահ ձայներ:
- Բա դուք ի՞նչ գիտեք,- բղավեց բանտապետը և սկսեց հիշոցներ արձակել:
- Ինչպե՞ս է իրեն սատկեցրել:
- Բանտարկյալներից մեկն ասում է, որ մի ձեռքի երակներն է կտրել, ապա սրտով ընկել դանակի վրա,- լսվեց պատասխանը:
- Ինչ-որ ասել է, որ այդ ձեռքը պետք է կենդանի վառեր, այլ ոչ՝ կտրեր, որովհետև հորն է հարվածել դրանով:

Անդրեան ցնցվեց: Լսվեց շտապ.օգնության մեքենայի ոռնոցը: Մի քանի մարդ ներս վազեց և մի քանի րոպե անց պատվարի վրա պառկած դուրս բերեցին արնոտ Անջելոյին:
Մեքենան հեռացավ: Անդրեան վազեց նրա հետևից, հետո, տեսնելով, որ չի հասնում, սկսեց պտտվել և նայել շուրջը: Մի տաքսի մոտեցավ:
- Տաքսի՞ եք փնտրում:
- Այո՛:
- Նստեք, ո՞ւր ենք գնում:
- Շտապօգնության մեքենայի ետևից:

*******

Մարիան նայեց ժամացույցին: Արդեն եկեղեցի գնալու ժամանակն էր: Անդրեան չկար: Կինը սկսեց անհանգիստ քայլել սենյակով՝ նայելով ժամացույցին:

*******
Մագդալենան կանգնած էր մենակատարների շարքում և լսում էր, թե ինչպես է շաղակրատում տենոր Մարկոն: Մարկոն անտարբեր չէր Մագդալենայի նկատմամբ, և աղջիկը գիտեր այդ: Մերթ ընդ մերթ Մագդալենան նայում էր առաջին շարքին, որտեղ պետք է նստած լինեին ծնողներն ու եղբայրը, բայց այնտեղ միայն եղբայրն էր: Աչքով արեց նրան, թե ո՞ւր են ծնողները: Ի պատասխան եղբայրը թոթվեց ուսերը և գրպանից հանեց բջջային հեռախոսը:

*******
- Ես հայրն եմ,- չորրորդ անգամ կրկնեց Անդրեան,- թողե՛ք ինձ ներս, խնդրում եմ:
- Չի՛ կարելի, նրան զննում են:
- Ես ոչինչ չեմ անի, միայն սենյակում կկանգնեմ, խնդրո՛ւմ եմ: Կարող եմ վճարել,- և նա ձեռքը տարավ գրպանը:
- Ի՞նչ եք խոսում,- վրդովվեց սանիտարը:

Սենյակից դուրս եկավ բժիշկը: Սանիտարը հարցական հայացքն ուղղեց նրան: Բժիշկը գլխով բացասական շարժում արեց:
- Կարող եք ներս մտնել,- ասաց սանիտարը Անդրեային:

*******
Մարիան կանգնած պատի մոտ՝ ձեռքին բռնած Աստվածամոր սրբապատկերը: Ինչ-որ սև անհանգստություն էր ծակում նրա սիրտը: Հնչեց հեռախոսազանգ: «Ահա, Անդրեան է»,- մտածեց նա և ուզեց վազել դեպի հեռախոսը, բայց ոտքերը չենթարկվեցին: Մարիան ավելի ուժեղ սեղմեց Աստվածամոր սրբապատկերը:

*******
Մենակատարներն ու երգչախումբը զբաղեցրին իրենց տեղերը: Մագդալենան վերջին անգամ նայեց եղբորը, որը նորից թոթվեց ուսերը և, անջատելով հեռախոսը, դրեց գրպանը: Ապա հուսադրող ժպտաց քրոջը՝ ամեն ինչ նորմալ է, պարզապես ուշացել են:
Քույրը ժպտաց ի պատասխան և բարձրացրեց գեղեցիկ գլուխը դեպի Քրիստոսի խաչելությունը պատկերող նկարը: Դիրիժորն ազդարարեց մեսսայի սկիզբը:

*******
Անդրեան ներս մտավ սենյակ: Բժիշկները հեռացան մահճակալից՝ ճանապարհ տալով նրան:
Հայրը ստիպեց իրեն մի քանի քայլ էլ անել, ոտքերը չէին ենթարկվում: Մոտենալով՝ երերացող ձեռքով ետ քաշեց որդու մարմինը ծածկող սավանը: Անջելոյի սրտի մոտակայքի արնոտ վերքը բացվեց և Անդրեան զգաց մակարդվող արյան հոտը: Անմիջապես վերքի տակ ինչ-որ կապույտ բան կար: Անդրեան մոտեցրեց գլուխը և տեսավ, որ դաջվացք է. իրար տակ դաջված էին չորս անուններ՝ Անդրեա, Մարիա, Նիկոլո և Մագդալենա: Անդրեան ինքնաբերաբար բացեց մյուս ձեռքի ափը, որից զրնգալով հատակին ընկավ արծաթե խաչի կեսը և լուսանկարի մի պատառիկ: Անդրեայի աչքերի առջև հառնեց երիտասարդ աղջկա սպիտակ դեմքը՝ այլանդակված կարմիր սպիով, երկու հեկեկացող ծերունիներ, Անդրեան զգաց թաց հողի հոտը: Առանց որևէ խոսք ասելու ծերունին ցամաքած շուրթերն ամուր հպեց որդու վերքին:

*******
- Սրտի կաթված,- հայտնեց բժիշկը՝ ծածկելով Անդրեայի դեմքը:

*******
Մարիայի սիրտն ուժեղ ծակեց և Աստվածամոր սրբապատկերը, սահելով անուժ ձեռքերից, ընկավ հատակին և փշրվեց:

*******
Նիկոլոն անհանգիստ շրջվեց դեպի եկեղեցու դուռը: Ծնողները չկային:

*******
Նվագախումբը նվագեց մեսսայի երրորդ մասի եզրափակիչ ակկորդներից՝ նախապատրաստելով մենակատարների եզրափակիչ քառաձայն պարտիան: Տենոր Մարկոն և բաս Մայքլը ձայնեցին՝ Miserere: Մագդալենայի ձայնը խզվեց: Ապշահար դիրիժորը և Նիկոլոն գլուխները դարձրին դեպի նա:

*******
Մի քանի տասնյակ ձայնանանոց երգչախումբը գոչեց՝ Miserere nobis...


Ավարտ:

Monk
24.02.2010, 05:29
Արսենիոս, նստած էս ժամին հուշերս եմ կարդում (ոչ այնքան ուրախ էջեր), մեկումեջ էլ, գործիդ հերթական մասը հայտնվելուն պես, կարդում այն: Մեկը մեկին լավ լրացրին, սիրտս ահավոր ծանրացել է: :( Ապրես, ծերուկ, դաժան էր, բայց հրաշալի:

Mark Pauler
24.02.2010, 12:33
Լավ ես գրում:
Եթե ամենահասարակ, կենցաղում հաճախ հանդիպող երևույթը, զգացմունքներ արտահայտող պատմվածք ես դարձնում, փորձի մի քիչ ավելի սուր թեմա ընտրես: Համոզված եմ շատ ավելի հետաքրքիր կստացվի քո մոտ:

Գալաթեա
24.02.2010, 14:47
Արս, դու քո արածից գոհ ե՞ս...
Ճիշտ արեցի, որ գիշերը չկարդացի:

Ջուզեպե Բալզամո
24.02.2010, 18:55
Բավական լավ էր: Ապրես…

Ռուֆուս
24.02.2010, 21:27
Շատ լավն էր, սկզբից մինչև վերջ հետաքրքրությամբ կարդում էի, վերջը անսպասելի էր ու տխուր :(

lili-4
25.02.2010, 10:13
Տպավորիչ էր գրված, ամեն մեկը ճիշտ իր տեղում էր, կարծես էս պատմությունը գրված էր հենց էս պահի համար, որ զուգահեռներ տանեմ վերջերս կատարված նմանատիպ դեքրի հետ, միայն մի տարբերությամբ, երբ կատավել էր եղբայրասպանություն, ու էլի նույն չափի մեջ դաստիարակված ու մեծացած երեխա ու նորից հոր կողմից անհանդուրժողականություն, մերժում; Սա էն ահավոր պահերից է, երբ ճանաչում ես և զոհին և մարդասպանին ու.... այստեղ արդեն խոսում է խիղճը....
Ցավալի իրականություն, որտեղ ոչինչ փոխել չես կարող....

KiLa
25.02.2010, 16:51
Ոճը ինձ դուր է գալիս: Շատ դուր եկավ նախորդ պատմվածքը: Հիշեցրեց Անրի Վեռնոյի ,,փուլովերի" մասին ,,Մայրիկը" վիպակում: Թեման շատ լայն սպեկտր ունի, բայց դա չխանգարեց ինձ հուզվել: Մտածում եմ, որ ստացվել էր:

Դժվար է կյանքում ծնողի դերը
Եթե չի տեսնում զավակի ,,խերը",
Ետ չի ստանում զավակի սերը,
Գոնե` տրվածի փոքրիկ մասերը...

Եվ ո?ւմ համար է, որ պատրաստ է մարդ`,
Մոռանալով իր ամեն նպատակ,
Անդունդը նետվել առանց երկմտանք... < մեջբերումներ պոեմից...>

ars83
26.02.2010, 20:38
Շնորհակալություն բոլոր արձագանքների և դիտողությունների համար: :) Ինչպես միշտ, դրանք արժեքավոր էին:

Փորձեմ մի քանի մանրամասներ ավելացնել պատմվածքի վերաբերյալ:
Գաղափարը վերցված է Ֆ. Դոստոևսկու "Униженные и оскорбленные" վեպից, որոշ մասեր պարզապես տվյալ վեպի համապատասխան մասերի փոքր-ինչ ձևափոխված վերարտադրություն են: Կարճ՝ Դոստոևսկու վեպի մասին: Երկու հարգելի տարեց ծնողների միակ դուստրը, որի համար հոր ուշքը գնում է, սիրահարվում է մի հարուստ երիտասարդի և հեռանում տանից՝ նրա մոտ: Հայրը չի ներում աղջկա այդ արարքը, որով նա ընտանիքի պատիվը տալիս է գետնով: Վերջիվերջո, աղջիկը մնում է խաբված, երիտասարդը լքում է նրան: Հայրը, տեսնելով աղջկա խայտառակությունը հանրության առջև, վերջիվերջո ներում է նրան և ետ ընդունում, «ստորացված» և «վիրավորված» ընտանիքը ապրում է՝ միասին կրելով հասարակության դատապարտությունը:

Տվյալ ստեղծագործության մեջ ես փորձել եմ ավելի խտացնել գույները. մեկ երեխայի փոխարեն ծնողն ունի երեքը, որոնցից մեկի արարքը բացասաբար է անդրադառնում և վնասում մյուս երկուսին, որոնց մասին, բնականաբար, ծնողը հոգում է: Բացի դրանից, հանցավորը դժբախտացնում է ոչ միայն իր ընտանիքը, այլև զոհինը: Հանցանքն այստեղ առավել ծանր է (իմ կարծիքով), քան Դոստոևսկու վեպում՝ սպանություն:
Հիմնական հարցը, որն արծարծել եմ այստեղ, հետևյալն է՝ մինչև ինչպիսի՞ սահմաններ կարող է (պետք է) տարածվի ծնողի ներողամտությունը: Նույնիսկ այսպիսի բարդ դեպքերում: Շնորհակալ կլինեի, եթե արտահայտեիք ձեր կարծիքները տվյալ հարցի շուրջ:

Մանուլ
26.02.2010, 22:16
Արսեն… :(
Հիանալի ես գրում, բայց շատ տխուր էր…
Հետաքրքիր ա կարդացվում, մի շնչով:
Հուսով եմ, որ էլի կկարդամ քո գրածներից :):


Հիմնական հարցը, որն արծարծել եմ այստեղ, հետևյալն է՝ մինչև ինչպիսի՞ սահմաններ կարող է (պետք է) տարածվի ծնողի ներողամտությունը: Նույնիսկ այսպիսի բարդ դեպքերում: Շնորհակալ կլինեի, եթե արտահայտեիք ձեր կարծիքները տվյալ հարցի շուրջ:
Ինձ թվում է, որ ինչքան էլ ծանր հանցանք գործած լինի երեխան, միևնույնն է` ծնողը ներում է… թեկուզ հոգու խորքում... որովհետև ծնող է…
Երևի էս հարցին ավելի ճիշտ կպատասխանեն ծնողները :):

Դեկադա
26.02.2010, 23:24
մինչև ինչպիսի՞ սահմաններ կարող է (պետք է) տարածվի ծնողի ներողամտությունը:

Իրականում ծնողը հոգու խորքում միշտ ներում է իր զավակին՝ անկախ նրանից թե արտքուստ դա ինչպես է արտահայտվում ու դա պետք է այդպես էլ լինի... իրականում, բայց ներքուստ...
... պետք է եզրեր գտնել... հարկավոր է առաջի հերթին չխափել ինքդ քեզ, տեսնել և եզրեր գտնել՝ շփման, խոսալու, քննարկելու: Ցավոք, ինչ եմ նկատել, այն երեխաները, ովքեր հիմանակում մերժված են ծնողների, կողմից կարևոր չէ ֆիզիկապես, այլ չկա հոգեկան կապը՝ հենց այդ երեխաներն են դառնում ինքանմոփ ու կատարում են քայլեր, որոնք վարկաբեկում են և՛ իրենց, և՛ ծնողներին, և որ ամենից վատթարագույնն է կյանքի վրա մի մեծ՝ երբեմն նաև անջնջելի ու անդառնալի հետք են թողնում:

E-la Via
11.04.2010, 01:52
Ես նոր կարդացի պատմվածքները: Երկուսն էլ շատ լավը, տպավորիչ ու հուզող էին: Բայց երկրորդը… երկրորդը այնքան խորն էր… Չէ բառեր չեմ գտնում, միայն կասեմ շնորհակալություն:


Մինչև ինչպիսի՞ սահմաններ կարող է (պետք է) տարածվի ծնողի ներողամտությունը: Նույնիսկ այսպիսի բարդ դեպքերում:

Ես չեմ կարող ասել, թե այսպիսի դեպքում ծնողն արդյոք պետք է կամ կկարողանան ներել իր զավակին: Բայց եթե ներողամիտ մարդ ես, կկարողանաս ներել ամեն ինչ ու ամենքին: Ամեն դեպքում, եթե ծնողը չլինի ներողամիտ, էլ ումի՞ց կարելի է սպասել ներողամտություն: