Այդ օրը ցուրտ էր։ Ձմեռն արդեն սկսվել էր։ Դուրս եկավ պատշգամբ, մի քիչ կանգնեց այնտեղ։ «Տեսնես՝ երեխաս տա՞ք է հագնվել»,- մտածեց նա և տուն մտավ՝ հարցնելու կնոջը։ Կինն ասաց, որ տղան առավոտվանից աշխատանքի է գնացել «աշնանային» հագուստով, առանց գլխարկի, բարակ կուրտկայով, բարակ կոշիկներով։ «Կմրսի երեխաս»,- մտածեց և անհանգիստ նայեց ժամացույցին։ Արդեն երեկոյան ժամը ինն էր մոտենում։
Նա շատ էր սիրում իր երեխաներին, ուշքը գնում էր նրանց համար։ Հուզմունքից իրեն կորցնում էր ամեն անգամ, երբ որևէ չարիք էր պատահում նրանց։ Չնայած երեխաներն արդեն փոքր չէին, նրա աչքին նրանք փոքր էին երևում, մի տեսակ անպաշտպան, և նա միշտ շտապում էր հեառցնել նրանցից հարվածներն ու անհարմարությունները։ Որդուն շատ էր սիրում և հպարտանում։ Ճիշտ է՝ աշխատում էր շատ չցուցաբերել իր հպարտությունը, բայց, միևնույն է խոսքերից և արարքներից երևում էր, որ հպարտանում է։ Տղան արագ էր յուրացնում գիտելիքները և շատերն էին նրան խելացի համարում։ Ինքն անկեղծ ուրախանում էր տղայի ամեն հաջողության վրա, ուշադիր լսում նրա խելոք-խելոք, բայց ոչ միշտ հասկանալի ասածները, բարի ժպտում։ Ինքը բարձրագույն կրթություն չուներ, և իրեն երբեք տաղանդավոր չէին համարել իր մերձավորները։
Համարյա ժամը տասն էր, իսկ տղան դեռ չէր վերադարձել։ Եղանակն ավելի ցրտեց։ «Կսառի ճանապարհին,- մտածեց նա։ - Տրանսպորտ էլ չկա այս ժամին»։ Սկսեց անհանգստացած քայլել սենյակով, մոտեցավ զգեստապահարանին, մի տոպրակ հանեց, որում ձմեռային գլխարկներն էին պահված և սկսեց տաք գլխարկ փնտրել։
Մի քանի տարի էր՝ տղան աշխատում էր։ Հաճախ հարկ էր լինում մինչև ուշ աշխատավայրում մնալ, աշխատել գործընկերների հետ։
Համարյա ժամը տասն էր։ Վերցնելով կապոցը, որի մեջ որդու տաք գլխարկն էր, վզկապը, ձեռնոցները և ճտքավոր կոշիկները՝ դուրս եկավ տանից և արագ քայլերով քայլեց դեպի տղայի աշխատավայրը։
Երբ տեղ հասավ, պահակը զարմացած հարցրեց, թե ո՞ւր է գնում այդ ժամին։
«Տղայիս մոտ»,- անկեղծորեն պատասխանեց և ավելացրեց․ «երկար ժամանակով չեմ գնում, մի հինգ րոպեով»։ Պահակը թույլ տվեց, որ անցնի։
Չեր հիշում, թե որն է որդու աշխատասենյակը։ «Կգտնեմ․ այս ժամին ուրիշ աշխատողներ բացի երեխայիցս ու նրա գործընկերներից հազիվ թե լինի»,- մտածեց նա։ Տեսնելով, որ սենյակներից մեկում լույս է վառվում, մտավ այնտեղ և կանգ առավ․ սենյակում մարդ չկար։ Շուրջը նայելով՝ դանդաղ դուրս եկավ սենյակից և քայլեց միջանցքով։ Մնացած բոլոր դռները փակ էին և լույսն անջատած։ Նորից մտավ լուսավորված սենյակը, որտեղ ոչ ոք չկար և կանգնեց մուտքի մոտ՝ մտածելով, թե որտեղ կարող է լինեն աշխատողները։ Սենյակին կից մի դռնից, որը չէր նկատել, մի երիտասարդ դուրս եկավ։ Նա ճանաչեց որդու աշխատակիցներից մեկին և ուրախ ողջունեց նրան։
- Տղայիս չե՞ս կանչի,- խնդրեց նա։
- Իհարկե,- պատասխանեց երիտասարդը։
Մտնելով սենյակ՝ երիտասարդն ընկերոջն ասաց, որ նրա հայրն է եկել։
«Ի՞նչ է պատահել»,- մտածեց տղան և դուրս եկավ սենյակից։
Տեսնելով հորը, որ կանգնած էր սենյակի մեջտեղում՝ ձեռքին մի տոպրակ, տնային շորերի վրայից հապճեպ կիսամաշ վերարկուն գցած, զարմացած հարցրեց․
- Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես եկել։
- Ոչինչ էլ չի պատահել,- ուրախ ժպիտով պատասխանեց հայրը։ - Եկել եմ քեզ մոտ։ Սա եմ բերել,-ասաց՝ ցույց տալով տոպրակը։
- Ինչի՞ համար։ Դա ի՞նչ է,- տղայի ձայնում դժգոհություն էր զգացվում։
- Տաք գլխարկդ է, առանց գլխարկի ես դուրս եկել, գիտե՞ս՝ ինչ ցուրտ է այսօր,- ասաց հայրը, ձեռքը գլխին տանելով՝ իբր գլխարկն ուղղելու, բայց փախարենը շոշափեց սառած գլուխը՝ շտապելիս մոռացել էր հագնել գլխարկը։
- Ի՞նչ գլխարկ,- բարկացավ տղան։ - Ինչի՞ համար ես եկել։
- Ու ձեռնոցներդ եմ բերել,- ավելացրեց հայրը,- ու ․․․ տաք կոշիկնրդ։ - Շատ ցուրտ է,- անհամարձակ ավելացրեց նա՝ տեսնելով տղայի դեմքի անհանգիստ արտահայտությունը։
- Ո՞վ է քեզ ասել՝ որևէ բան բերես,- համարյա բղավեց տղան։ - Ինչո՞ւ ես եկել, մանկապարտեզի երեխա՞ եմ, որ ետևիցս ման ես գալիս։
- Չէ, ո՞վ է ասում մանկապարտեզի երեխա ես,- ցածրաձայն պատասխանեց հայրը։ - Ուղղակի դրսում ահավոր ցուրտ է, ու ․․․ մայրդ այս շորերը տվեց ու խնդրեց, որ բերեմ,- մանկական միամտությամբ փորձեց հանգստացնել նա տղային։ Եվ խաղարար ժպիտով ժպտաց։
Տղան ավելի կատաղեց․
- Վերցրու այդ ամենն ու գնա տուն, ես մի ժամից կգամ, աշխատում եմ,- ասաց նա։
- Ո՞նց տուն տանեմ,- զարմացավ հայրը։ Դու հո այդպիսի թեթև հագուստով տուն չե՞ս գալու։ Կմրսես։ Առավոտյան տաք էր, բայց հիմա ահավոր ցրտել է։
- Չեմ հագնելու ոչ մի բան, գնա տուն,- համառեց տղան։
- Հո բան չի՞ պատահել,- սենյակից գլուխը հանեց տղայի աշխատակիցը։
- Չէ, ոչինչ չի պատահել,- պատասխանեց տղան։
- Հաստա՞տ։
- Հաստատ։
- Ես կգնամ, ասաց հայրը, մենակ դու այս տաք շոչեչը հագիր։ Կոշիկներդ փոխիր, ես քո կոշիկները հետս կվերցնեմ, գլխարկն ու ձեռնոցներն էլ թողնեմ, գալիս կհագնես, հա՞,- հարցրեց հայրը։
- Ասացի՝ չէ՛։ Ո՞ւմ ծնողն է հետևից ման գալիս։ Անպայման պիտի խայտառա՞կ անեք մարդու,- բարկացավ որդին։
- Էլ չեմ գա, միայն այսօր հագիր, չմրսես,- խնդրեց հայրը։
Տղան ոչինչ չպատասխանեց և զայրացած սենյակ մտավ։
- Ես տուն եմ գնում,- հայտնեց նա ընկերոջը։
- Բա՞ն է պատահել, օգնելու կարիք կա՞,- հարցրեց ընկերը։
- Չէ, պարզապես մայրս մի քիչ վատ է իրեն զգում,- ստեց տղան։ - Բան չկա, ուղղակի հիմա գնամ։
- Այո, իհա՛րկե, գնա,- համաձայնեց ընկերը։
Հրաժեշտ տալով աշխատակիցներին՝ տղան դուրս եկավ հարևան սենյակը, որտեղ կանգնած էր հայրը։
- Գնացինք տուն,- ասաց նա հորը։
- Գալի՞ս ես,- ուրախացավ հայրը։ - Դե գլխարկդ հագիր,- և նա ձեռքը տարավ դեպի տոպրակը։
- Հետո՛, հիմա՛ չէ,- կատաղեց որդին և կոպտորեն խլելով հոր ձեռքից տոպրակը՝ արագ քայլերով քայլեց դեպի ելքը։ Հայրը շտապեց նրա ետևից։
Դուրս գալով աշխատավայրի սահմաններից՝ տղան գլխարկը դրեց գլխին․ ցուրտ էր։ Հայրը հասավ նրան․
- Կոշիկներդ էլ հագիր, տղա ջան, ոտքերդ չմրսեն։
- Չեմ մրսում,- կտրուկ պատասխանեց տղան։ - Իսկ դո՞ւ ինչու ես առանց գլխարկի եկել։
- Ես․․․ ոչինչ, ես չեմ մրսի։
- Ես էլ չեմ մրսի,- պատասխանեց տղան և արագացրեց քայլերը։
Մի առ ժամանակ լուռ քայլում էին։
Հայրը թեթև հպվեց տղայի ուսին․
- Վզկապն էլ կապիր։
- Հանգիստ չես թողնի,- մրթմրթաց որդին, բայց վերցրեց վզկապը և փաթաթեց վզին։
- Սա էլ,- առաջարկեց հայրը՝ մեկնելով ձեռնոցները։
Տղան հրեց յոր ձեռքերը և ձեռքերը դրեց գրպանը։
Երկուսն էլ լուռ էին քայլում։ Աստիճանաբար տղայի բարկությունը սկսեց թուլանալ։ Նա դանդաղեցրեց քայլերը, և հայրը հավասարվեց նրան։ Սառած ձեռքերում բռնած որդու ծանր ձմեռային կոշիկներով տոպրակը, բաց գլխով, առանց վզկապի, կիսաարձակված վերարկուով հայրը լուռ քայլում էր որդու կողքով՝ ժամանակ առ ժամանակ նայելով նրան և մեղմորեն ժպտալով․ նա գոհ էր՝ իր երեխան տաք էր հագնված։
- Վերարկուդ կոճկի՛ր,- ասաց որդին։
Հայրը հնազանդորեն կոճկեց վերարկուի վերին կոճակները։
Տղան դեմքը թեքեց հորից՝ զսպելով զղջման արցունքները։
Էջանիշներ