Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գրքասերը



Գալաթեա
07.08.2009, 16:42
Աչքերս բացեցի` միայն երբ մարմնիս ամենատարբեր մասերում դադարեց զարկերակվել հաճույքի հոսանքը:
Ծնկներս արդեն ցավում էին. տեսնես վաղուց էր` այդ դիրքում էի: Գիրքը կողքիս էր` 76-րդ էջի վրա բացած: Վրան մուգ բիծ էր: Արյունը…ինչ տաք ու կարմիր էր…

Անժելան չուզեց, որ կարդամ իր մահվան մասին հատվածը: Չուզեց նորից դա լսել: Չհավատաց, որ ինքը գրքի միջի աղջիկն է: Որ ինքը պետք է գրքի Անժելայի պես մեռնի: Որ ինքը հենց գրքի Անժելան է…պարզապես մոռացել է այդ մասին:

* * *

Անժելային առաջին անգամ տեսա գիշերային կաֆեում: Դեռ չէի տեսել, որ որևէ մեկն այդքան գեղեցիկ սուրճ մատուցի: Ներկայացա, ասացի, որ լավ անուն ունի(կրծքին ամրացրած անվանաքարտին գրված էր): ժպտաց:
Հաջորդ օրն էլ էի այնտեղ: Նստած գիրքն էի կարդում իր մասին: Մոտեցավ, հարցրեց` ինչ եմ կարդում: Ասացի, որ Բեն Հարդին իր մասին շատ գեղեցիկ վեպ է գրել: Խոստացա տալ իրեն, որ կարդա: Ուրախացավ:

Մեկ շաբաթ անց այգում նստած քննարկում էինք: Ասաց, որ շատ խորը գիրք էր, թեև Անժելայի մահվան տեսարանը դաժան է եղել: Լաց լինելու աստիճան:
Նայեցի ուղիղ աչքերին ու ասացի, որ ինքը մի օր ավելի լավ կզգա այդ տեսարանը: Ու ամեն ինչ անմարդկային գեղեցիկ կլինի:
Չհավատաց:

* * *

Անտառում լռություն էր: Եթե ես քիչ առաջ Անժելային սպանած չլինեի` ինչպես գրքում, կլսվեր նաև նրա զարկերակը: Հիմա միայն իմն էր լսվում:
Եվս մեկ անգամ շոյեցի նրա սլացիկ, արդեն սառչել սկսող պարանոցը:
Լավն էր Անժելան…տաք էր, իր արյան պես: Ինձ էլեկտրականացրած ու թուլացրած հաճույքի պես…

Մեքենայից հանեցի բահն ու անցա գործի: Կարևորը` թաղել որքան հնարավոր է խորը: Գիրքը հետը թաղեցի:

շարունակելի

Գալաթեա
08.08.2009, 01:20
շարունակություն

Դետեկտիվ Մարվին Բլեքը ծանր սրտով էր այդ օրն աշխատանքի գնում։ Տասնչորսամյա դուստրը մեկ շաբաթ է` վատառողջ էր։ Մտքերով տարված՝ մտավ բաժանմունք, որտեղից մինչև աշխատասենյակ մտնելը տհաճ նորություն էր իրեն սպասում։
- Մարվ, նոր աղջիկ ունենք։ Գրքի հետ թաղված։
- Շնորհակալ եմ, Մայք, - դուռը շրխկացրեց հետևից։
Սուրճի երկրորդ բաժակը խելքի բերեց։ Կանչեց իր Մայքին, որ իր օգնական ն էր և խնդրել մանրամասների մասին հաղորդել։

Աղջկա՝ արյան հետքերը գտել էր շան հետ անտառ դուրս եկած մենավոր որսորդը։
- Մեր տղան փորձել է մաքրել հետքերը, բայց որսորդական շան հոտառությունը կատակ բան չի, - խնդմնդաց Մայքը։
Դետեկտիվ Բլեքը գիտեր, որ Մայքը շներին շատ է սիրում։ Արագ ընդմիջեց.
- Աղջիկը, Մայք։
- Այո։ Անժելա Կլարկ։ Մի քանի օր առաջ նրա մասին հայտարարություն էր տրվել տեղի ոստիկանություն՝ որպես անհետ կորած։ Մայրը տեսել է դիակը։ Հաստատում է, որ ինքն է։
- Գի՞րքը։
- Մատնահետք չկա։ Մնացածն էլ է նույնը։ Սպանվողի անունով հերոսուհի, որ գրքի վերջում մեռնում է։
- Զոհի շրջապատը հարցաքննվել է՞։
- Դրանով ենք զբաղված։ Կաֆեում էր աշխատում։
- Լավ։ Կգնամ այնտեղ, - Բլեքը վեր կացավ։
- Մարվ, Բեքին ինչպե՞ս է։
- Արդեն լավ է Մայք, շնորհակալ եմ։
Աշխատասենյակից դուրս եկան։
Դեպի բաժանմունքի դռները քայլելիս՝ Բլեքը շրջվեց և ուսի վրայից ասաց Մայքին։
- Գիտե՞ս ինչն է ինձ ուրախացնում...որ մեր Գրքասերը ոնց որ թե Շեքսպիր չի սիրում։

Կաֆեն այդ ժամին մարդաշատ էր։ Բլեքը նստել էր մատուցողուհիներից մեկի հետ և հարցեր էր տալիս՝ երբեմն նոթատետրում նշումներ անելով։
- Անժելան վերջերս ուրախ էր, - աղջիկը կարծես վայելում էր պատահական հաջողեցրած աշխատանքի ընդմիջումը, - ժպտում էր, կատակներ էր անում...մի անգամ ասաց, որ ինքն իրեն գրքի հերոսուհի է զգում՝ կարևոր ու գեղեցիկ։ Իսկ իմ կարծիքով..
- Ի՞նչ։
- Նրա կյանքում մեկը հայտնվել էր։
- Այստեղ չե՞ք նկատել որևէ մեկի։
- Դետեկտիվ Բլեք, դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք՝ որքան մարդ է այստեղ մտնում ամեն օր։
- Ձեզ ոչինչ չի՞ պատմել։
- Մենք մտերիմ չէինք, - ասաց, ասես ափսոսանքով, - իր մասին քիչ բան գիտեինք։
- Լավ, Ջեննի, եթե հանկարծ որևէ բան հիշեք կամ նկատեք, որ ձեր կարծիքով կարող է կարևոր լինել հետաքննության համար, զանգեք խնդրում եմ։
Բլեքը վեր կացավ և աղջկան մեկնեց իր այցեքարտը։

Անժելայի ծնողների տան ճանապարհին չուզենալով որոշեց, որ պետք է կրկին դիմի իրենց կիսացնորված աշխատողներից մեկին, որ հայտնի էր իր "պատկերներ տեսնելու" հատկությամբ։

շարունակելի

Գալաթեա
11.08.2009, 15:26
շարունակություն

Անժելայի մոր տված տեղեկությունները, որ ավելի շատ հեծլկտոցների արանքից մեկումեջ լսվող կցկտուր հնչյուններ էին, Բլեքին ոչինչ չասացին:
Մայրը նույնպես վաղուց չէր շփվել աղջկա հետ և տեղյակ չէր նրա կյանքից:
Մեքենան քշելով մտածում էր` ինչպե՞ս կտանի, եթե Բեքին մեծանալուց հետո իրեն լքի:
Մտքերն ընդհատեց բջջայինի զանգը: Ժպտաց. Բեքին էլի ԱՄՆ-ի հիմնն էր որպես զանգ դրել.
- Մարվին Բլեք:
- Մարվ, Դենն է, գրքի հաշվով:
- Լսում եմ:
- Այս մեկը Վաշինգթոնի անվան գրադարանից է գնել: Հին գրքերի վաճառքի օրը: Քսան օր ասաջ էին կազմակերպել՝ երեք օրով:
- Ինչքա՞ն մարդ է եղել:
- Երեք օրվա ընթացքում երկու հարյուրից ավելի մարդ: Կոնկրետ այդ գրքից վաճառվել է երեք օրինակ: Երեքի համար էլ վճարել են առձեռն:
- Տեսախցիկնե՞ր:
- Չկան, Մարվ: Այնտեղ էլ չկան:
- Վաճառողը…
- Չի հիշել: Ընդհանրապես:
Բլեքը կնճռոտեց ճակատը:
- Փորձագետներն ի՞նչ են ասում:
- Կազմի վրա մատնահետք չկա: Թերթերի մատնահետքերը երեք ամսվա հնություն ունեն, բացի մեկից՝ Անժելայի Կլարկի մատնահետքերից: Աշխատողն ասաց, որ այդ գիքն առանձնապես պահանջարկ չուներ:
- Պարզ է: Շնորհակալ եմ, Դեն:
Բլեքը, մեքենան կարմիր լույսի տակ կանգնեցնելով, հավաքեց Մայքի համարը:
- Լսում եմ, Մարվ:
- Ինձ պետք է քաղաքի քարտեզը՝ վրան նշված բոլոր գրադարանները, որտեղից գնվել են գրքերը և չորս զոհերի աշխատավայրերը:
- Համարիր արված:

Մայքի նշած բոլոր վայրերը գտնում էին քաղաքի` իրար կողք ընկած երկու թաղամասերում:
- Հեռու գնալ չի սիրում մեր տղան ոնց որ, - Մայքն արձանագրեց:
- Մեզ այս երկու թաղամասի գրադարաններում տեսախցիկներ են պետք: Եվ պետք է իմանալ հին գրքերի վաճառքի օրերը: Մարդիկ կպահանջվեն այնտեղ այդ օրերին:
- Բայց ի՞նչ է դա մեզ տալու: Միևնույն է, մինչև հաջորդ սպանությունը չենք կարողանա կասկածյալների ֆիքսել:
- Ես պետք է մեր “գրբացի” հետ խոսեմ:
Մայքի դեմքին թերահավատ ժպիտ հայտնվեց:
- Մարվ, ես այդ փոքրիկ Նոստրադամուսին չեմ վստահում:
- Ես էլ: Կանչիր նրան այստեղ:
Մայքը նեղացած դեմքով գնաց դեպի դուռը:
- Հա, ու զանգիր փորձագետներին: Թող գիրքն ուղարկեն ինձ մոտ:

շարունակելի

Գալաթեա
13.08.2009, 15:56
շարունակություն

Մոզուս Տադեսկուն ոստիկանության` սպանության բաժանմունքի ամենատարօրինակ երևույթն էր: Նա լանչին օղաբլիթ չէր ուտում և կոլա չէր խմում: Հետը միշտ բերում և ուտում էր իր սարքած, ծովային բույսերից բաղկացած սալաթները: Պնդում էր, որ իր մորական տատը` Կասանդրան, հայտնի գուշակ ու բուսաբույժ է եղել Ռումինիայում: Մոզուսն ուներ բազմաթիվ մականուններ, որոնցից ամենատարածվածը Դրակուլան էր:

Բլեքը լուռ ուսումնասիրում էր նրա, ասես մի տարի սանր չկպած, խուճուճ սև մազերն ու մտածում` ամոթ կլինի՞, եթե հիմա առանց որևէ բան ասելու դուրս հրավիրի նրան, քանի ուշ չէ:
- Էլի աղջիկ եք գտել, գիտեմ, - Մոզուսը պատերն էր ուսումնասիրում:
- Գտել ենք: Բաժանմունքում բոլորը գիտեն: Չլինի՞ գուշակել ես:
Մոզուսն անտարբեր մնաց կծոցին:
- Գիտեի, որ կանչելու ես ինձ, Բլեք:
Մուգ կանաչ հայացքը հառել էր Բլեքի աչքերին:
- Լավ, Մոզուս, լավ է, որ այդքան իրազեկ ես: Ի՞նչ գիտես այս գործից,- Բլեքը որոշեց այլևս չծաղրել ու չկծել: Հնարավորինս:
- Գիտեմ, որ չորս աղջիկ եք գտել, կտրող-ծակող սառը զենքով հասցված մահացու վերքերով: Գիտեմ, որ ամեն անգամ գիրք է եղել հետները թաղված` մեջը սպանվողի անունը կրող հերուսուհի: Ճակատագրերը նման են. գրքի նույնանուն հերոսուհին էլ է միշտ մեռնում: Բացի մեռնողի մատնահետքից` այլ մատներ չեն հայտնաբերվել: Մարդասպանը միշտ նախօրոք ընկերացել է զոհի հետ: Գիրքը, ըստ ամենայնի ինքն է տվել զոհին, որ կարդա ու ծանոթանա իր ճակատագրին:
- Լավ, Մոզուս, պարզ է, - Բլեքը մտածեց որ բաժանմունքում չաչանակության համար տուգանք է պետք նշանակել:
- Կարծում էմ, որ ավելի շատ են իրականում: Այդ դուք եք չորս հոգու գտել, - Մոզուսն ուսումնասիրում էր իր երկար մատները:
Բլեքը հանկարծ որոշեց տալ այն հարց, որն իրեն հետաքրքրել էր հետաքննության դեռ սկզբից:
- Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ նա չի բռնաբարում զոհերին:
Մոզուսը երազկոտ հայացքը նորից հառեց Բլեքի հոգնած աչքերով դեմքին:
- Ինձ գիրքն է պետք: Նախընտրելի է վերջին աղջկա հետ թաղվածը:
Բլեքը ժպտաց և գրասեղանի վրայից վերցնելով գիքը ցույց տվեց նրան:
- Գիտեի, որ ուզելու ես...գուցե իմ տատն է՞լ է գուշակ եղել… ինչի՞դ է պետք գիրքը:
- Եթե ձեռքումս լինի, կկարողանամ զգալ նրա զգացածը:
- Զոհի՞նը:
- Ոչ, Բլեք, Գրքասերինը:
- Այդպես վերցնելու ես ու զգա՞ս, - Բլեքը հիշեց իր քիչ առաջվա որոշումը, - ը-ը-ը, ինչպե՞ս ես զգալու:
- Եթե ներքին աչքս հանգիստ ու խաղաղ լինի, հատվածաբար կտեսնեմ որոշ պատկերներ, սևուսպիտակ, որպես կանոն՝ այդպես է - Մոզուսը տեղեկացրեց` ինչպես կպատմեր նախորդ օրվա տեսած հեռուստաշուի մասին` հանգիստ ու վստահ:

Բլեքը ևս մեկ անգամ իրեն ստիպեց հիշել, որ հետաքննությունը փակուղի է մտել և լուռ Մոզուսին մեկնեց արյունոտ գիրքը:

շարունակելի

Dayana
13.08.2009, 16:34
Լիլ, կես մարդ դառա, ավելի հաճախ գրի էլի :oy

Կաթիլ
13.08.2009, 16:47
Լիլ, կես մարդ դառա, ավելի հաճախ գրի էլի :oy

միանում եմ :oy

Գալաթեա
13.08.2009, 16:50
միանում եմ :oy

Շուտով :)

Եկվոր
14.08.2009, 08:52
Lիլիթ, սա ի՞նչ է:

Գալաթեա
14.08.2009, 13:04
Փորձում եմ դյուտյուկիվ պատմվածք գրել, Եկ :oy

Գալաթեա
14.08.2009, 15:39
շարունակություն

* * *

... Մութ է… ծառեր… վախենում է ինձնից… խնդրեց հետ դառնալ… հետ չեմ դառնա… ուշ է արդեն...
Օրորվող կոտրված աստղը դադարեց օրորվել…
Նստել ենք խոտերին… դողացնում է…
Պարանոցը… նուրբ…
Ես սիրում եմ քո անունը…
Լուսնի լույսը դանակի սայրին… արտացոլանքը նրա դեմքին…
Մի փախիր… չես փախնի…
Մնա ինձ հետ…
Արյունը…
Վեց…
Ներիր ինձ…
Ներիր ինձ…

* * *

Բլեքի աշխատասենյակում որոշ ժամանակ լռություն էր տիրում, որն ընդհատում էր միայն Մոզուսի ծանր շնչառությունը: Նա բացեց աչքերը:

- Մոզուս, - Բլեքի սիրտը քիչ առաջվա լսածի հուզմունքից արագ բաբախում էր:
- Լավ եմ, Բլեք: Լավ կլինեմ:
Մոզուսի ձեռքերը դողում էին: Նա սեղանին դրեց գիրքը և նորից աչքերը փակեց:
- Նա հաճույք է ստանում արյունից: Դրա տեսքն իրեն գրգռում է: Ես կարդացել եմ նման դեպքերի մասին:
- Դա՞ է պատճառը, որ չի բռնաբարում:
- Հիմնականը: Սեռական ակտը, որպես այդպիսին, նրան չի հետաքրքրում:
- Մոզուս, սկզբում մեքենայում էիր...էիք..., չէ՞, բառերիցդ հասկացա, առաջին պատկերը մեքենայում էր…
- Պատկերներն աղոտ էին, Բլեք, չեմ կարող ասել` ինչ մեքենա էր:
- Գուցե լարես հիշողությունդ…կամ…տեսողությունդ, - Բլեքն ակամա ժպտաց:
- Կփորձեմ հիշել: Հիմա չեմ կարող: Ներքին աչքս խռովված է տեսածի վայրենությունից:
- Լավ Մոզուս, կարող ես գնալ: Ներքին աչքիդ հատուկ շնորհակալություն:

Դռան մոտ Տադեսկուն շրջվեց և ասաց:
- Նա տանն ունի այդ գրքերը: Ու ամեն մեկը մի քանի անգամ կարդացել է: Ես գնացի սալաթս ուտելու: Կուզե՞ս մի փոքր:
- Ոչ, Մոզուս, շնորհակալ եմ: Ես օղաբլիթ կուտեմ, կոլայով - Բլեքն աչքով արեց:

Մայքին իր մոտ կանչելիս Բլեքը ուղեղում տենդագին հետուառաջ էր անում Մոզուսի "պատկերները":

Մայքը մտավ ներս` դեմքին դեռ նույն նեղացած արտահայտությունը` համեմված կիսածաղրական ժպիտով:
- Մայք, եթե հիշում ես, մենք ոստիկանության բազայից վերցրել էինք վերջին վեց ամվա ընթացքում անհետ կորած երիտասարդ կանանց ցուցակը:
Մայքը գլխով արեց:
- Ինձ պետք է, որ դրանցից առանձնացնես այն աղջիկներին, որ աշխատել են, և աշխատել են անվաքարտով` կաֆեներ, խանութներ, գեղեցկության սրահներ և այլն:
- Ի՞նչ էր ասում այդ ցնդածը, Մարվ:
- Որ Գրքասերի մեքենայի հայելուց կոտրված աստղ է կախված:
Մայքն աչքերը չռեց: Բլեքը ժպտաց` ցուցադրելով իր անթերի ատամնաշարը և անվրդով շարունակեց.
- Փորձագետներին ասա, թող ևս մեկ անգամ ուսումնասիրեն գրքի կազմը: Կարծում եմ` այն հատուկ նյութով մաքրվել է, - գիրքը մեկնեց Մայքին:
- Լավ, Մարվ…
- Իսկ հետո միացիր՝ գնանք լանչի… օղաբլիթ ուտելու, - Բլեքը դուռը բացեց` թողնելով, որ Մայքն անցնի և բաժանմունքից դուրս քայլելիս` հավաքեց դստեր բջջայինի համարը:


շարունակելի

Եկվոր
15.08.2009, 09:28
շարունակություն
………………………………
շարունակելի

Մալադեց, Լիլիթ, բոլորիս բուռդ ես հավաքել:)
Ինչ տալիս ես, էն ել ուտում ենք( կներես` կարդում ենք);)

Ֆոտոն
15.08.2009, 11:14
Երբեք դետեկտիվ չեմ կարդացել: Շատ հետաքրքիր է կարդացվում, շնորհակալ եմ...:)

Գալաթեա
18.08.2009, 14:09
- Շատ գեղեցիկ անուն ունեք, Նատալի, - գտա…գտա քեզ… Նատալի…
- Շնորհակալ եմ, - աղջիկը գործնական ժպտաց:
- Ինձ, խնդրում եմ, բակկարդի լցրեք, մուգ, առանց կոլայի, երկու կտոր սառույցով,- հանգիստ… չի կարելի ձեռքերի դողը մատնել:
- Այդ ի՞նչ գիրք եք կարդում, - Նատալին փորձված բարմենի շարժումներով, որին միանում էր նաև կանացի նազանքը, լցրեց բաժակը և դրեց դիմացս:
- Վիպակ է, շատ գեղեցիկ ու տխուր, - լավն է բակկարդին... լավն է...
- Ի՞նչի մասին:
- Ինչի չէ…ում, - ժպտացի:
Աղջինը հարցական նայեց:
- Քո մասին է Նատալի, դու այստեղ ես:
- Իսկապե՞ս, - Նատալին ավելի մտերմիկ ժպտաց, - ես սիրում եմ կարդալ:
- Եթե միայն իմանայիր, թե ես որքան եմ սիրում, - հանգիստ… զսպիր քեզ:
Նատալին փոքր-քիչ հեռու նստած միջին տարիքի կնոջ համար գարեջուր էր լցնում: Հետո նորից մոտեցավ:
- Ես կտամ քեզ այս գիրքը, կկարդաս:
- Հիմա՞:
- Հիմա չեմ կարող…երկու օրից նորից կգամ, Նատալի: Կլինե՞ս այստեղ:
- Ես միշտ այստեղ եմ…մմմ..պարոն…
- Սեմ, պարզապես Սեմ, - էլի այս հիմար անունը բերանս եկավ..
- Կսպասեմ, Սեմ, - աղջիկը նորից մոտեցավ գարեջուր խմող կնոջը:
- Ես նույնպես, Նատալի…

* * *

Հմ…տեսախցիկներ…
Վատ չէ, վատ չէ…սկսում են ավելի ուշադիր աշխատել:

Հանգիստ…
Էլի մարդաշատ է, քեզ ոչ ոք չի նայում…պարզապես փնտրիր գիրքը ու եղիր ինչպես բոլորը… միադեմ, անդեմ…
Ահա և գիրքը… Նատալին… զգույշ…

- Ինչպե՞ս եք վճարելու, - վաճառողուհին հոգնած տեսք ուներ:
- Կանխիկ:
- Շնորհակալ եմ գնման համար, - կինը ձեռքիցս վերցրեց Ռոբերտ Գանսի “Պարուհին” վերնագրով գիրքը և դրեց փոքրիկ տոպրակի մեջ, - էջէրը ստուգեցի՞ք:
- Կարիք չկա, շնորհակալ եմ:


Հանգիստ քայլիր…չշտապես…վերև չնայես…
Հաջորդ անգամ ուրիշ գրադարան է պետք գնալ: Հեռու այստեղից:
Բրավո, Բլեք...
Բրավո...
Այդ անունը մեխվել էր ուղեղումս:
Հուսով եմ՝ Նատալիի ընցերցասիրությունը լրագրեր կարդալը չի ներառում: Հատկապես՝ ոստիկանական քրոնիկան:

շարունակելի

Գալաթեա
20.08.2009, 01:25
- Մարվ, մամուլն ու հեռուստատեսությունը մանրամասն պաշտոնական զեկույց են պահանջում, - Մայքը վճռական տեսք ուներ։
- Իսկ ես, Մայք, ուզում եմ խաղաղություն ողջ աշխարհին ու գիշերը լույս տվող ֆոսֆորային կիսավարտիք։ Ի՞նչ կառաջարկես։

Բլեքն առավոտից նյարդային էր։ Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյից զանգել և պահանջել էին իրենց տրամադրել Գրքասերի հետ կապված ողջ ինֆորմացիան. վկայությունների արձանագրություններ, իրեղեն ապացույցներ, ձայնագրություններ, տեսագրություններ, մի խոսքով՝ իրենց չորս ամսվա աշխատանքի արդյունքը։
Բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյան առանց դեսուդեն ընկնելու հայտարարել էր, որ եթե ոստիկանության աշխատողներն ի վիճակի չեն բացահայտել մարդասպանին, ապա թող "Բյուրոյի ոտքի տակ չընկնեն"։

- Կարծում եմ՝ հասարակությունը պետք է տեղեկացված լինի, Մարվ։ Նրանց մեջ ազատ զբոսնող հիվանդ մոլագարն այնքան էլ նորմալ երևույթ չէ։ Թող գոնե իմանան։
- Մայք, դու հասկանու՞մ ես, որ ասելու դեպքում մենք պետք է ամեն ինչ ասենք։ Դու պատկերացնում ե՞ս այս քաղաքի կանանց վիճակն ամեն անգամ, երբ գիրքը ձեռքին տղամարդ տեսնեն։ Սկսվելու է համատարած հիստերիկա, որը ստիպելու է նրան ընդհատակ անցնել։ Անհետանալ։
- Բայց դա կստիպի նրանց զգուշանալ, Մարվ, չես կարող չընդունել...ոստիկանական քրոնիկան բացի մեզնից ուրիշ ոչ ոք չի կարդում, ինձնից լավ գիտես։
- Իսկ որտե՞ղ են ապացույցները, որ Գրքասերը հայտարարությունից հետո պարզապես չի փոխի իր տակտիկան, - Բլեքը շեշտակի նայեց իր օգնականին, - առաջ գրքով էր սպանում, հիմա էլ կսկսի կինո նայել։ Դու անձամբ կարո՞ղ ես երաշխավորել, որ նա այլ կերպ չի սկսի աշխատել։
- Ոչ, չեմ կարող, բայց նաև գիտեմ, որ նստել ու հերթական զոհին սպասելը ստորություն է մեր կողմից։ Դա հավասարազոր է ոչինչ չանելուն։
- Ի դեպ, ինչ վերաբերում է ոչինչ չանելուն։ Պարզեցի՞ր՝ ինչ նյութ է եղել կազմի վրա։
Բլեքը չանդրադարձավ, որ տոնը կոպիտ է և չափից դուրս ղեկավար։
- Այո... ըստ քիմիական բաղադրության՝ ամենասովորական, բծերը հանող, մաքրող նյութ է։ Վաճառվում է ցանկացած քնձռոտ խանութում։ Գտնված գրքի կազմերն էլ միշտ հարմար են եղել այդ նյութով հեշտությամբ մաքրվելու համար։ Փափուկ կազմով են ու փայլուն մակերեսով։
- Պարզ է։ Ինձ պետք է անհետ կորած աղջիկների ցուցակը, որ ուզել էի քեզնից և գրադարանների տեսագրությունները։ Այսօր էր չէ՞ վաճառքի օրը։
- Այսօր էր։
Բլեքը վերջապես զգաց, որ չափն անցել է։
- Մայք, մի նեղացիր լա՞վ։ Նյարդերս չեն դիմանում արդեն։ Վերջերս շատ բան է կուտակվել։
- Գիտեմ, Մարվ, հասկանում եմ։ Ի՞նչ էին ասում։ Բյուրոյից։
- Մեր էշության արդյունքներն են ուզում վայելել։ Ինչպես միշտ։ Չգիտե՞ս։
- Զանգելու ե՞ս գեներալին։
- Ստիպված եմ լինելու։ Մեզ պետք է հանգիստ թողնեն։ Իսկ Բյուրոյի վրա միայն մի ուժ կա, գիտես։
- Պաշտպանության նախարարությունը, - Մայքը քմծիծաղ տվեց։
- Այո, իմ խելացի ընկեր, ի դեմս գեներալ Ֆեննելի։
Մայքը խոսակցության ժամանակ առաջին անգամ ժպտաց։

- Եղած նյութերն ուսումնասիրենք ու գնանք մեր տուն։ Բեքին այսօր համեղ ընթրիք է խոստացել։ Ինչ-որ նոր ուտեստ է սովորել ընկերուհուց։ Ընկերուհին էլ Տիբեթում է ապրել։ Ծանո՞թ ես տիբեթական խոհանոցին, - Բլեքի ձայնը լի էր տագնապալի անհանգստությամբ։
- Պետք է որ կծու լինի..., - Մայքի դեմքը պակաս անհանգիստ չէր։

շարունակելի

Գալաթեա
21.08.2009, 01:33
Ինչ գեղեցիկ ես այսօր...Նատալի...

- Կարդացի... Նատալիի մահն այնքան ցավալի էր։ Հասցրել էի սիրել իրեն, - Նատալին ժպտաց իր խենթացնող ժպիտով։
Հանգիստ քշիր մեքենան... դու դեռ պետք է անտառ հասնես...
- Ուրախ եմ, որ դուրդ եկավ, Նատալի։ Դեռ ավելի շատ է դուր գալու։
- Գիրքն առանձնապես ուժեղ չէր, որպես այդպիսին, բայց շատ վատն էլ չէր, - Նատալին ներողամիտ քմծիծաղ տվեց, թե ինձ թվաց... - ու՞ր ենք գնում, Սեմ։
- Անտառում մի փոքրիկ տնակ ունեմ, գետակի ափին։ Հիմնական ճանապարհին շատ մոտ է, - ձայնս ինչպես միշտ փափուկ է ու համոզիչ, - մի փոքր կմնանք այնտեղ, հետո քեզ հետ կբերեմ քաղաք։
- Ես վաղն առավոտյան դասի եմ, Սեմ։
- Հաշվի կառնենք...Նատալի, - ժպտացի։
- Աստղդ ինչու՞ է կոտրված, - Նատալին ձեռքը մեկնեց հայելուց կախված մետաղե, երկու թևը կոտրված աստղին։
- Շատ բաներ պետք է կոտրել, որ կատարյալ դառնան, Նատալի։ Հակառակ դեպքում դրանք թերի են մնում։ Թերի՝ իրենց սուտ ամբողջականության մեջ։
Նատալիի դեմքը անկեղծ զարմանք էր արտահայտում։ Նա առանց հասկանալու, խելացի տեսքով չտմբտմբացրեց գլուխը, ինչպես շատերը...շատերը...
- Չեմ հասկանում, Սեմ։ Ինչպե՞ս կարող է կատարելություն լինել թերիի մեջ։ Թերին թերի է։
- Ես քեզ կբացատրեմ հենց տեղ հասնենք։

- Ինչու՞ կանգնեցինք, Սեմ։ Տնակ չեմ տեսնում դեռ։
- Ուզում էի՝ զրուցեինք, Նատալի, - մոտորը հանգցրի և բացեցի դուռը, - կիջնե՞ս։ Գիրքն էլ վերցրու, լա՞վ։
- Լավ...- Նատալին դանդաղորեն իջավ՝ իր կողմի դուռը բացելով։

Խոտը փափուկ էր ու սառը։
- Նատալի, - ձեռքը բռնեցի՝ քնքուշ ու թեթև, - լավն էր չէ՞ մահը։
Նատալին հարցական նայեց։
- Քո մահը։
- Հա, գրքի աղջկա նկատի ունես... դե... մահի լավը որն է... բացի այդ, ես համարում եմ, որ մահ չկա, քանի դեռ ես կամ, - նա կրկին ժպտաց...այդ ժպիտը..., - գիրք էր էլի, Սեմ... երկար ե՞նք այստեղ մնալու, մրսում եմ մի տեսակ։
- Ոչ, Նատալի, հիմա կգնանք, - ձեռքս թեթևակի անցկացրի շալվարիս գրպանի վրայով։ Դանակս տեղում է։
- Դե գնանք, լա՞վ, - Նատալին ակնհայտորեն անհանգիստ էր։
- Լավ, - դանակն աննկատելի հայտնվեց ձեռքումս,- գնանք։
Նատալին առաջինը ոտքի կանգնեց և ձեռքը մեկնեց՝ իր ողջ տեսքով անհամբերություն արտահայտելով։

Արյան տաք հոսքը աղջկա դաստակից դուրս հորդելով ցայտեց դեմքիս՝ ինձ տալով հաճույքի առաջին կիսահոսանքը...
Ու...հանկարծ... ցավի ու վախի սուր ճիչին ու մարնիս դողին հաջորդած հարված... երբ ես արդեն կանգնած էի...փորիս... ուժեղ... անսպասելի... Նատալի...
Երկրորդ հարվածն ավելի ուժեղ էր... դեմքիս....
Մի արա, Նատալի... խնդրում եմ... մի կործանիր կատարելությունը... ինչ սառն է հողը...

Գիրքը... գիրքը չմոռանաս... հիմար...

Նատալի...

շարունակելի

Կաթիլ
24.08.2009, 16:18
:( շատ ենք սպասելու՞ :oy

Գալաթեա
24.08.2009, 19:08
Հեղինակը որոշակի տեխնիկական պատճառներով անկարող էր մոտենալ համակարգչին :)

Շարունակությունը կկարդաք շուտով :)

Գալաթեա
26.08.2009, 03:46
- Նա այնքան տարբեր էր թվում բոլորից…
- Նատալի, էլի կխմե՞ք սուրճ: Առանց կոֆեինի է։
- Ոչ, շնորհակալ եմ դետեկտիվ Բլեք։ Ես այս երկու օրն արդեն հասցրել եմ խմել ինձ հասանելիք սուրճը։ Եվ կոֆեինով, և առանց։

Աղջկա աջ դաստակը վիրակապված էր: Աչքերի մոխրագույնում հանդիպման ամենասկզբում հանգրվանած վախը հետզհետե տեղի էր տալիս անվախ մարդու էլեմենտար վիրավորվածության զգացմանը:
Նա չէր վախենում, Բլեքը դժվարանում էր խոստովանել դա ինքն իրեն, բայց Գրքասերի խելագար էությանը հնարավորինս մոտեցած աղջիկն այլևս չէր վախենում նրանից:
Ասես՝ անտառում կատարվածը ջնջել էր մարդասպան-զոհ կարգավիճակի բոլոր գրողի տարած սահմանները: Նատալին այլևս չէր վախենում: Նա հաղթահարել էր ամենակարևորը՝ ՎԱԽԸ: Նրա համար Գրքասերը ամենասովորական, շարքային հիվանդ էր, որը ինտենսիվ բուժման կարիք ուներ:

Նատալին բաժանմունք էր զանգել մեկ օր առաջ, գիշերվա 2։48-ին, և հերթապահին ասել էր, որ կուզեր զրուցել դետեկտիվ Բլեքի հետ, որ նրա համար հետաքրքիր տեղեկություններ ունի։
Հերթապահ Բենջամին Հորնը հայտնել էր աղջկան, որ Բլեքը բաժանմունքում կլինի առավոտյան 9։00-ից, խնդրել էր ներկա լինել այդ ժամերին։

Նատալին Բլեքի վարած գործի ու Գրքասերի մասին տեղյակ էր ոստիկանական քրոնիկայից, որին միշտ հետևում էր: Նա դեռ չէր հրաժարվել իր երազանքից՝ իրավաբան-կրիմինալիստ դառնալ: Գումար էր կուտակում՝ իրավաբանական բարձրագույն դպրոցում սովորելու համար:

- Նա ինձ տվեց այդ գիրքը... Նատալիի մասին... հիմար գիրք էր ճիշտն ասած.. ես ինքս կարող եմ այդպիսին գրել... պարզապես...
- Պարզապե՞ս, Նատալի։
- Նա խելացի ու կարդացած թվաց, դետեկտիվ, իսկ ես ուսանողության տարիներիցս կարոտ եմ մնացել նման մարդկանց ...հասկանում ե՞ք։
Նատալին այնպես նայեց Բլեքին, ինչպես կնայեն մտավոր հետամնացին, որին բացատրում են Կաֆկայի էկզիստենցիալիզմի գաղափարները։
- Կփորձեմ հասկանալ, Նատալի։ Խոստանում եմ:
- Ես չէի կարծում, որ Գրքասերը հենց նա է... չէի հավատում դրան... չէի ուզում հավատալ...
Բլեքը բարեհամբույր ժպտաց:
- Ի դեպ: Դուք ինձ պետք կլինեք ֆոտոռոբոտ կազմելու համար։ Մեզ պետք են ձեր Սեմի դիմագծերը։ Հուսով եմ՝ չեք մոռացել, - հարցի մեջ չարախնդության նոտա կար, որ Բլեքը չուզեց անգամ ինքն իրեն խոստովանել:
- Բլեք, նա այնքան է իմը, որքան որ ձերն է, - Նատալին անչափ հոգնած տեսք ուներ։
Նրանք Բլեքի առանձնասենյակից շարժվեցին դեպի համակարգիչների կենտրոնական սենյակ: Բլեքը հայրաբար գրկել էր Նատալիի ուսերն ամենայն հոգատարությամբ: Քիչ առաջվա անիմաստ չարախնդության հետքն անգամ չկար:

- Մայք, մենք ունենք Ֆորդ Տրանզիտ, ճահճային կանաչ գույնի, կաշվե խամրած ոսկեգույն սալոնով, դիմացի հայելուց կախված կոտրված աստղով: Նատալին հիշել է համարը, բայց բնականաբար դա մեզ ոչինչ չի տա: Գրքասերը չափից դուրս զգույշ է՝ համարները նույնը թողնելու համար…
- Նա այսուհետ ավելի է զուշանալու Մարվ, Նատալի Քոլմանը նրա մռթին է հասցրել, մի մոռացիր:
- Չեմ մոռանում... նաև վերջին գիրքն է մոտը մնացել: Բայց մենք գիտենք՝ դա որ գիրքն է: Ինձ պետք է այդ գրքից մի օրինակ, Մայք, և Նատալիի նկարած ֆոտոռաբոտից հետո կարիք կլինի նորից վերանայել գրադարանների վաճառքի օրվա տեսագրությունները…
- Եղավ:
- Հա, Մայք, Կանչիր այստեղ Մոզուսին:
- Լավ, Մարվ:
Դուռն անաղմուկ փակվեց Մայքի հետևից:


շարունակելի

Գալաթեա
27.08.2009, 16:23
Մոզուսը խաղաղ խելագարի տեսք ուներ, ինչպես միշտ:

- Ուզում եմ՝ ինձ հետ գաս վերջին հանցագործության վայրը, - Բլեքը փորձեց հայացքը կտրել Տադեսկուի խուճուճներից, - եթե դեմ չես, Մոզուս:
- Հանցագործության փորձի վայրը Բլեք… Կգամ, բայց մի պայմանով:
- Նատալին մեզ հետ է գալու, եթե դա նկատի ունեիր:
Մոզուսը ծուռ ժպտաց:
- Երազս պատմե՞մ, Բլեք:
- Նոստրադամուսի հետ ծովային բույսերից սալաթ էի՞ք ուտում, - Բլեքը հավաքեց Մայքի համարը:
- Ոչ: Գրքասերին եմ տեսել, - հանգիստ ասաց Մոզուսը:
- Մայք, վերջացրի՞ք: Լավ, Նատալիին բեր ինձ մոտ, - կախեց լսափողն ու նայեց պայծառատեսին.
- Բայց դու կարծես թե նրա աչքերով էիր տեսնում, Մոզուս: Բան է՞ փոխվել... մմմ... ներքին աչքիդ տեսադաշտում:
- Հայելի, Բլեք: Բոլորի տանը հայելի կա:
Բլեքը փորձեց ցույց չտալ, որ ավելի ու ավելի է հետաքրքրվում:
Կրկին հավաքեց Մայքի համարը:
- Տա՞նն ես տեսել նրան, փաստորեն, մի վայկյան ներիր, - Բլեքը դիմեց օգնականին, - Մայք, ֆոտոռոբոտը հետդ կբերես, շնորհակալ եմ,- լսափողը դրեց տեղը:
- Տանը... իր ապաստարանում... մենակության որջում... հուսահատության անդունդում....
- Մոզուս, ինձ նայիր:
Տադեսկուն հայացքը հառեց դետեկտիվին:
- Նկարագրիր նրան, - Բլեքի ձայնում անհամբերության նոտա կար:
- Նրա իրական դեմքը բոլորը չեն տեսնում: Ես իրականն եմ տեսել: Ֆոտոռոբոտ պետք չի, միևնույն է դրանք տարբեր մարդիկ են:
- Չեմ հասկանում, Մոզուս:
- Նատալին տեսել է այն դեմքը, որը նա կրում է բոլորի համար: Բոլոր կույրերի: Ես կույր չեմ: Ես նրա իրական դեմքն եմ տեսել: Դա քչերին է տրված:

Դուռը բացվեց և Մայքն ու Նատալին մտան ներս:
Բլեքը վեր կացավ տեղից և Մոզուսին գլխի շարժումով դռան կողմը ցույց տվեց:
- Ինչպե՞ս եք, Նատալի:
- Նորմալ, դետեկտիվ, - Նատալին կիսաժպիտ նայում էր Մոզուս Տադեսկուի սքանչելի խուճուճներին:
Մայքը Բլեքին մեկնեց ֆոտոռոբոտով ստացված նկարը: Բլեքն ուշադիր նկարն ուսումնասիրելով ասաց.
- Մայք, խնդրում եմ, գտիր Դեյլ Կուպերին: Հիշում էր իրեն, մեկ անգամ եկել է այստեղ: Ուսանողական ընկերս: Ասա, որ պետք է խոսեմ հետը: Որ դա կարևոր է:
- Լավ, Մարվ:
- Երկու ժամից կվերադառնանք, - արդեն միջանցքից կանչեց Բլեքը:

շարունակելի

Գալաթեա
28.08.2009, 17:06
... Ահա և նրանք...
Կանխատեսելի ես, Նատալի, կանխատեսելի ես... ու դավաճան ես... իմ դավաճանն ես...
Մարվին... գիրացել ես հա կարծես...
Այս մե՞կն ով է...
Ու՞ր ես գնում, Նատալի...
Ուր ես տանում Մարվինին ու այդ... տարօրինակին...

Դանդաղ քշիր... մի քանի մեքենա արանքում պետք է թողնել, անպայման...
Միևնույն է՝ Ֆորդն արդեն չկա: Ես այն վերացրել եմ, Նատալի:
Բայց զգույշ...զգույշ...
Ու՞ր ես թեքվում, Բլեք...ոչ.. ոչ Նատալի, մի տար նրանց այնտեղ, մի արա...

Բլեքի մեքենան թեքվեց դեպի անտառ տանող նեղլիկ ճանապարհը:
Դեղնավուն Շևրոլեն շարունակեց ճանապարհը՝ առանց թեքվելու:
Քիչ անց մեքենան արգելակեց ճամփեզրի փոքրիկ դայների մոտ:

... Արագ քայլիր: Պետք է տեսնել՝ ինչ են անում այնտեղ:
Ես կիմանամ՝ ինչու ես այդ երկուսին մեր տեղը տանում, Նատալի: Ինչու ես շարունակում ինձ ցավ պատճառել: Ֆիզիկականից ավելի: Սպանող....
Քիչ մնաց, միայն թե չուշանամ:
Մեքենադ լավն է Բլեք... կարգին փող ես երևի աշխատում...
Հանգիստ...անաղմուկ...մոտեցիր, ստվերի պես...անաղմուկ...

- Այստեղ էր, դետեկտիվ: Խնդրեց, որ իջնեմ մեքենայից, մինչ իր տնակը գնալը:
- Տնա՞կ:
- Ոչ մի տնակ էլ չկա իրականում, - Բլեքի հարցական հայացքը տեսնելով ավելացրեց, - անտառապահի հետ ճշտել եմ հետո:
- Նատալի, - Բլեքը ժպտում էր, - չեք դադարում ինձ զարմացնել:
Աղջիկը նույնպես ժպտաց.
- Սովորույթ է Բլեք, ամեն ինչ սիրում եմ մինչև վերջ պարզել:
- Ի՞նչ կասես, Մոզուս, Բլեքը մի կերպ հայացքը կտրեց Նատալիից:
Տադեսկուն ծնկել էր գետնին: Նա փակեց աչքերն ու շշնջաց.
- Մի արա Նատալի... մի գնա... մի լքիր ինձ...մի ցավեցրու... ես չեմ կարող առանց քեզ... դու ինձ պետք ես... դու պետք է դառնաս իմ կատարելության մի մասնիկը...
Մոզուսը դողում էր տենդի մեջ գտնվողի պես:
- Ես կգտնեմ քեզ...կգտնեմ...կգտնեմ...կգտնեմ...
- Մոզուս, - Բլեքը ձեռքը դրեց Տադեսկուի ուսին:
Նա բացեց աչքերն ու փորձեց ոտքի կանգնել: Բլեքն օգնեց նրան:
- Այստեղ ևս երկու աղջկա դիակ կա թաղած, Բլեք: Անտառում:
- Ինչպե՞ս կարող ես համոզված լինել, Մոզուս, - Բլեքը նայեց Մոզուսի աչքերին:
- Ես այդպես եմ զգում:
- Մնացած չորսին այստեղից ե՞ք գտել, - Նատալին էր:
Բլեքը սկզբում զարմացավ, հետո հիշեց, որ Նատալին կարդում է Ոստիկանական քրոնիկան:
- Այո, Նատալի:

Նրանք շարժվեցին դեպի մեքենան:

... Մոզուս... չեղավ Մոզուս...
Շատ բան գիտես...
Շատ բան ես տեսնում...
Ինձ ես տեսնում...
Չեղավ...

շարունակելի

Գալաթեա
31.08.2009, 14:20
- Գրեթե չես փոխվել, Կուպ:
- Իսկ դու մի քիչ փոր ես գցել, Մարվ, - Դեյլ Կուպերը ժպտաց ուսանողական ընկերոջը:

Նրանք նստած էին Կուպերի սիրած բարում, անկյունի փոքրիկ սեղանի մոտ: Երեք տարի է չէին հանդիպել: Վերջին հանդիպումը նույնպես գործի բերումով էր եղել: Կուպերը խորհուրդների կարգով օգնել էր Բլեքին Շելլի Մակորմիկի առևանգման գործում:

Բլեքի համակուրսեցին իր մասնագիտությունը խորացրել էր հոգեբանության բնագավառում: Նա ամբողջ հոգով դեմ էր օպերատիվ աշխատող դառնալու մտքին: Նա համոզված էր, որ ամեն ինչ ունի հոգեբանական հիմք և որ հանցագործին գտնելու համար պետք է մտնել նրա "ուղեղի մեջ": Աշխատություններ ուներ գրված՝ և՛ հոգեբանական-գիտական ուղղվածությամբ, և՛ թրիլլեր դետեկտիվներ, որոնք բեսթսելլեր իհարկե չէին դառնում, բայց բավականին մեծ մասսայականություն էին վայելում ընթերցողների մոտ:

- Ինչո՞ւ չուզեցիր բաժանմունք գալ: Մայքը քեզ հազիվ գտավ: Զբաղվա՞ծ էիր:
- Մարվ, գիտես: Չեմ սիրում ոստիկանական բաժանմունքներ, - հարցի երկրորդ մասն անուշադրրության մատնվեց:
- Հիշում եմ, - Բլեքը մի ումպ արեց գարեջրից:
- Գործերի՞ց ինչ կա:
- Ինչպես միշտ, Կուպ: Ամեն առավոտ աշխատասենյակիս ճանապարհին կադրերի բաժնի մոտ ոտքս կախ եմ գցում:
- Դու երբեք չես թողնի այդ աշխատանքը, Մարվ, իզուր կախ մի գցիր, - Կուպերի համոզվածությունն անկասելի էր:
- Իմ հոգեբան ամենագետ ընկեր, - Բլեքը ժպտաց, - քեզ մո՞տ ինչ կա: Նոր ընկերուհի, նոր գիրք...
- Նոր գիրք դեռ չունեմ, հիմա եմ գրում, երևի մեկ տարուց կհրատարակեմ, ընկերուհի... կլինի, - Կուպերն աչքով արեց:
- Կուպ, դու ինքդ քո գրքերի պակասն ունե՞ս, - Բլեքն ասես վերջապես տվեց այն հարցը, որի համար կանչել էր հին ընկերոջը:
- Այսինքն, Մարվ:
- Գրադարանից քո գրած գրքերն ես ձեռք բերում... իմ սիրելի Ռոբերտ Գանս, - Բլեքը քմծիծաղ տվեց:
- Այդպես էլ չսիրեցիր գրական կեղծանունս, - Կուպերը շինծու տխուր տեսք ընդունեց հետո լրջացած հարցրեց, - որտեղի՞ց քեզ այդ տեղեկությունը:
- Գործ եմ հիմա հետաքննում, Կուպ, դրա հետ առնչվող տեսագրություններում քեզ եմ բռնացրել, սեփական գիրքդ գնելիս, - Բլեքը մի փոքր մեղավոր էր զգում կարծես, - "Պարուհին": Մերոնք ասում են՝ լավ դետեկտիվ է:
- Ինձ մոտի օրինակներն ավարտվել էին, Մարվ, մեկին խոստացել էի նվիրել, ինքնագրով, - Կուպերը գինու գավաթը պահեց աղոտ լույսի տակ ու կարմիր գինու կայծկլտումներին նայելով` բաժակի հետևից հարցրեց, - օրենքով արգելե՞լ են սեփական գրքերը գնել:
- Իհարկե ոչ, Կուպ, պարզապես հետաքրքիր պատահականություն էր:
- Գրքասերը... ի՞նչ կա իրենից:
- Ինչպես միշտ տեղեկացված ես, Կուպ, թեև կզարմանայի, եթե կարդացած չլինեիր:
- Կարո՞ղ եմ քեզ օգնել այդ հարցով:
- Գուցե և պետք լինես, չէր խանգարի հոգեբանի հետ խորհրդակցությունը, - Բլեքը գրպանից հանեց իր զնգացող հեռախոսը, - հա սիրելիս, դրսում եմ հիմա, "Նեապոլ" բարը գիտե՞ս... հետաքրքիր է, որտեղից գիտես... լավ, արի այստեղ, սպասում եմ:
Նա անջատեց հեռախոսը:
- Աղջիկս էր, - բացատրեց Կուպերին, գալիս է այստեղ: Փող պետք է տամ: Սպասենք, հետո միասին դուրս գանք, տանեմ իրեն ընկերուհու մոտ:
- Խնդիր չկա, - Դեյլ Կուպերը բարձրացրեց բաժակը, - հանդիպման կենացը, Մարվ:

շարունակելի

Գալաթեա
02.09.2009, 15:53
Բաց շագանակագույն մազերով, մոխրագույն աչքերով փոքր-մոքր աղջիկը մտավ բարի կիսամութ սրահն ու թեթևակի շուրջը նայելով` մոտեցավ անկյունի սեղանին:
Մարվին Բլեքն, ինչպես գրեթե ամեն անգամ դստերը նայելիս, ճմլվող սրտով մտածեց, թե որքան է նա նման իր մորը:
Քեթրին Բլեքը մեկուկես տարի առաջ էր մահացել` մեկ տարի տևած հիվանդության դեմ պայքարից այլևս ուժասպառ: Հարվածը շատ ծանր էր ամուսնու ու դստեր համար, և նրանք ամեն կերպ իրար համար ուս դառնալով` փորձում էին շարունակել ապրել:

Բեքին նստեց հոր կողքին և կես-սիրալիր, կես-զննող հայացքով նայեց դիմացը նստած անծանոթին:
- Կուպերն է, Բեք, պատմել եմ իր մասին: Նկարն էլ ես տեսել, հիշու՞մ ես, - ներկայացնելու պես ասաց Բլեքը, - ուսանող ժամանակ մեկ տարի նույն սենյակն ենք կիսել:
- Նկարը... աղոտ եմ հիշում, - Բեքին մեկնեց ձեռքը, - Ուրախ եմ, պարոն Կուպեր:
- Քեզ համար` պարզապես Դեյլ, - Կուպերը քնքշորեն սեղմեց փոքրիկ, փափուկ ձեռքը:
- Գնա՞նք, պապ, - Բեքին դարձավ հորը, - Նենսին ինձ է սպասում:
- Գնացինք, - Բլեքը գումարը դրեց սեղանին:

Երբ բարից դուրս էին գալիս, Բլեքը ձեռքը դրեց Կուպերի ուսին:
- Դեռ կխոսենք, Կուպ, դու ինձ կարծում եմ դեռ պետք կգաս, եթե դեմ չես:
- Իհարկե դեմ չեմ, Մարվ, - Կուպերը ժպտում էր Բեքիին, - գիտես` ինձ ինչպես գտնել:
- Մինչ հանդիպում, պարոն... մմ.. Դեյլ, - Բեքին նույնպես ժպտաց` դեռևս զննող հայացքով Կուպերին նայելով:
- Ցտեսություն... Բեքի... գեղեցիկ անուն ունես:

- Բեք, երկար չմնաս լա՞վ Նենսիի մոտ, - Բլեքի մեքենան մոտենում էր Բեքիի ընկերուհու տանը:
- Ոչ հայրիկ, այնքան` որքան պահանջվում է տիբեթյան նոր ճաշատեսակը սովորելու համար:
Նայելով հոր սարսափած դեմքին` աղջիկը լեզու հանեց և նրանք միաժամանակ ծիծաղեցին:
- Պապ, - ասաց Բեքին, երբ մեքենան կանգնեց Նենսիենց տան մոտ, - այն լուսանկարը, որ ինձ ցույց էիր տվել, Կուպերինը չէր:
- Հնարավոր չէ, սիրելիս, երևի սխալ ես հիշում:
- Չէ, պապ, ես լավ եմ հիշում լուսանկարի դեմքը: Այսօրվա մարդն ուրիշ էր: Ուրիշ էր:
Բլեքը նայեց դստեր աչքերին:
Նորից այդ բացակա հայացքը... Քեթրինի հայացքը: Հայացք, որը ոչ մի լավ բան չեր գուշակում:

***

Մոզուսը տուն մտավ` երեկոյան ինն անց երեսունի մոտերքը:
Նստեց իր սիրած փափուկ բազմոցին, լսեց իր տան լռությունը, փակեց աչքերն ավելի խորն այն վայելելու համար:
Հետո ժպտաց ու առանց աչքերը բացելու ասաց.
- Ես գիտեի, որ դու գալու ես:

Մոզուսի գրադարակից վերցրած գիրքը դրեցի կողքի փոքրիկ սեղանին և փոքր-ինչ առաջ թեքվեցի:
Նրա ձայնում վախի իսպառ բացակայությունը փոքր-ինչ նյարդայնացնող էր:
- Տեսնում ես ինձ, - չհարցրեցի, հաստատեցի:
- Տեսնում եմ, - Մոզուսը բացեց իր մուգ կանաչ աչքերը և ժպտաց ինձ, - իրական դեմքդ խղճալի է, գիտե՞ս:
- Ունեցածս այդ է,- ձայնս սկսում էր արտահայտել ներքին խռովքս:
- Դու քեզ մի զսպիր, միևնույն է, ինձնից թաքցնելու բան չունես, - բացահայտ խղճահարությամբ ասաց նա:
Իսձ ստիպեցի ժպտալ և հանգիստ ձայնով հարցրեցի:
- Այս գիրքը կարդացե՞լ ես, - ցույց տվեցի կողքիս դրած գիրքը:
- Կարդացել եմ, Մոզուս անունով մարդ չկար բայց:
- Դա քեզ չի փրկի:
- Գիտեմ, - նա դեռ ժպտում էր:

Արագ ոտքի կանգնեցի և մռտեցա բազմոցին` ճանապարհին գրպանից հանելով դանակս: Ուղիղ աչքերի առաջ շրխկոցով բացեցի այն և մյուս ձեռքով բռնելով խուճուճ մազերից` քաշելով ոտքի կանգնեցրի տարօրինակ մարդուն:
- Ծնկի իջիր:
- Չեմ կարող, ներիր, - ասես` իսկապես ցավում էր, որ չի կարող ինձ օգնել:
- Ծնկի իջիր, - սենյակը սկսեց լողալ աչքիս առաջ:
- Ոչ, - հանգիստ ասաց Մոզուսը:

Ոտքերին հասցրածս հարվածը ծնկի բերեց նրան:
Կոկորդից դուրս ցայտած արյունը ողողեց գծավոր կարպետը:
Ես հաճույք չէի զգում…
Ես արյունից հաճույք չէի զգում…
Նատալի…
Բեքի…

շարունակելի

Գալաթեա
03.09.2009, 16:15
- Նատալի, մենք ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար:
- Շնորհակալ եմ, Բլեք, ես ինքս իմ հարցերը կլուծեմ: Սովոր եմ:
- Ի՞նչ եք անելու, մենակ չեք կարողանա, միևնույն է,- Բլեքը նեղացած էր:
- Կգնամ Լուիզիանա: Նոր Օռլենում ընկերուհի ունեմ: Ոչ ուսանողական: Ոչ էլ աշխատանքային: Իր կապն ինձ հետ ոչ մի տեղ չի երևա:
- Նա կարող է հենց քեզ հետևել, - Բլեքն ասես ուզում էր վախեցնել աղջկան:
- Ես չորս տարբեր ուղղություններով կգնեմ գնացքի տոմսեր: Եվ ոչ մինչև Լուիզիանա: Կգնամ մինչև Թեննեսի: Այնտեղից նույնպես չորս ուղղություններով տոմսեր կգնեմ: Եթե այդքանից հետո գտնելու է ինձ՝ անձամբ կհայտնեմ իրեն հիացմունքս:
Բլեքը հանկարծ հասկացավ, որ իր մոտ ուժեղ ցանկություն է առաջանում Նատալիին համբուրելու: Նա քիթը մտցրեց իր թղթերի մեջ` վախենալով, որ ցանկությունն անդիմադրելի կդառնա:

Դուռը բացվեց և ներս մտավ Մայքը` այլայլված դեմքով:
Բլեքն ուրախացած նայեց իր օգնականին: Առիթ էր՝ ուշադրությունը Նատալիից շեղելու:
- Մարվ, - Մայքը տարօրինակ հայացքով էր նայում, - Մոզուսը սպանված է: Իր տանը: Գրքասերի ձեռագիրն է:
Բլեքին թվաց, թե արյունը սառչում է երակներում: Հույսը, որ ինքը սխալ լսեց Մայքին, շատ կարճ տևեց:
- Փորձագետների խումբը, Մայք, - Բլեքը վեր կացավ տեղից արագ հագավ բաճկոնը:
- Արդեն այնտեղ են, Մարվ, մեզ են սպասում: Դա ամենը չէ:
Բլեքը հարցական նայեց:
- Անտառում որոնման աշխատանքներն իրենց արդյունքը տվել են: Եվս մեկ դիակ է գտնվել: Գրքով:
- Դա հետո, Մայք, հետ դառնանք` նոր: Բենին ու Ջեքին ասա, թող Նատալիին ուղեկցեն հյուրանոց և մնան այնտեղ հերթապահության, ոչ մի քայլ չհեռանան դռնից - դեպի դուռը քայլելով հանձնարարեց Բլեքը:
- Լավ, Մարվ:
- Հետո արագ իջիր ներքև, մեքենայում քեզ կսպասեմ:
- Դետեկտիվ, - Նատալին էր:
Բլեքն ուսի վրայից նայեց:
-Շնորհակալ եմ, - աղջկա հայացքը տաք էր:
-Կխոսենք դեռ, Նատալի: Առայժմ:

Մոզուս Տադեսկուի արնաքամ դիակն ընկած էր սենյակի մեջտեղում: Մուգ կանաչ աչքերի սառած հայացքը խաղաղ էր, ջղաձգման ու վախի նշույլ անգամ չկար դեմքին: Ասես` նա ներել էր մարդասպանին:
Փորձագետներից մեկը մոտեցավ Բլեքին:
- Դետեկտիվ, սա բազկաթոռի կողքի սեղանին էր դրված:
Կրիմինալիստը Բլեքին մեկնեց Ռոբերտ Գանսի "Չներվածը" գիրքը:
- Երկու տեսակ մատնահետքեր են գտնվել: Երեկոյան դակտիլոսկոպիկ տվյալները պատրաստ կլինեն:
- Լավ, շնորհակալ եմ - ռետինե ձեռնոցով պատված ձեռքով վերցնելով գիրքն ասաց Բլեքը:
- Դետեկտիվ, - դիակի մոտից կանչեց երկորդ փորձագետը, - մարդասպանը ձեզ երկտող է թողել:
- Ի՞նձ, - Բլեքը մի պահ չհասկացավ լսածը:
- Ձեր անունով է, - փորձագետը մոտեցավ` նույնպես ձեռնոցապատ ձեռքում թղթի կտոր պահած:
Նա բարձրացրեց այն և պահեց Բլեքի աչքերի առաջ: Սև թանաքով գրված ծուռտիկ տառերն ասում էին`

"Հաջորդը կլինի մեկը, որին դու ճանաչում ես, Բլեք"

շարունակելի

Գալաթեա
04.09.2009, 15:11
Մեքենան հետ, դեպի ոստիկանական բաժանմունք վարելիս Բլեքը լարված մտածում էր:

Մարդասպանը մեզանից մեկն է:
Հակառակ դեպքում նա չէր կարող իմանալ, որ Մոզուսը վտանգավոր է հետաքննության համար: Չէր կարողանա այդքան հեշտությամբ գտնել նրա բնակարանը:
Կուպի գիրքը... Էլի Կուպի գիրքը:
Չափից դուրս ցայտուն վկայությունները միշտ կասկած են հաղորդում:
Այդքան ակնհայտը չի կարող իրական լինել: Կուպը հիմար չէ: Նա իր գիրքը չէր թողնի հանցագործության բեմի ուղիղ մեջտեղում, աչքի առաջ:
Բացի այդ, նա բաժանմունքում չի եղել, Մոզուսի մասին չէր կարող իմանալ:

Նա դարձավ կողքին նստած օգնականին.
- Մայք, ի՞նչ կար հինգերորդ դիակից:
Պատասխանն ուշացավ:
- Մա՞յք, - պահանջկոտ կրկնեց Բլեքը` հայացքը դարձնելով իր օգնականին:
Մայքը լուռ նստած էր և նայում էր ուղիղ իր առաջ:
Դեռևս Մոզուսի բնակարանում ձեռք բերած դեմքի գունատությունը դեռ չէր անցել: Նրա ձեռքերին նայելով՝ Բլեքը համոզվեց, որ մատների դողը նույնպես չի անցել:
- Մայք, - փոքր-ինչ ավելի մեղմ ձայն տվեց Բլեքը, - լա՞վ ես քեզ զգում:
- Լավ եմ, Մարվ, - ասես ջրհորից եկող ձայնով արձագանքեց Մայքը` առանց փոխելու դեմքի սառած արտահայտությունը:
- Ինձ թվում էր` վաղուց արդեն սովորել ես դիակների տեսքին, - Բլեքը կանգնեց կարմիր լույսի տակ և ավելի ուշադիր նայեց իր օգնականի դեմքին:
- Երբ ճանաչում ես մարդուն, ամեն ինչ այլ կերպ է ընկալվում, - Մայքի ձայնը դողում էր:
- Իսկ ես կարծում էի` առանձնապես չես սիրում Մոզուսին, - Բլեքը փոքր-ինչ զարմացած էր:
Մայքը նայեց նրան տարօրինակ, դատարկ հայացքով և ոչինչ չասաց:
Երբ արդեն մոտենում էին ոստիկանատանը, նա խոսեց`ռոբոտի պես առանց ինտոնացիաների.
- Բեատրիս Ջենինգս, 23 տարեկան, աշխատում էր սուպերմարկետի օծանելիքի բաժնում, ըստ նախնական տվյալների` սպանվել է չորս-հինգ ամիս առաջ: Կողքին գտել են Սամանտա Սլեյտերի "Անձրևի թագուհին" գիրքը, որում Բեատրիս անունով հերոսուհին վերջում մեռնում է:
- Ծնողները տեղեկացվա՞ծ են:
- Այստեղ չեն: Մեկնել են Արգենտինա: Գտնել դեռ հնարավոր չի եղել:
Բլեքը մեքենան արգելակեց կայանատեղիում և իջավ մեքենայից:
- Ջենինգսի հետ կապված ողջ ինֆորմացիան ի մի բեր, - ասաց նա Մայքին, երբ բարձրանում էին աստիճաններով, - կսպասեմ քեզ ինձ մոտ:
- Լավ, Մարվ:
Մայքը դանդաղ քայլերով գնաց դեպի իր՝ ապակու պատով ընդհանուր սրահում առանձնացրած փոքրիկ աշխատավայրը:

Մեկ ժամ անց, երբ Բլեքը համակարգչի առաջ նստած ուսումնասիրում էր բոլոր չորս գտնված զոհերի մասին տեղեկությունները, նրան ընդհատեցին հեռախոսազանգով:
- Մարվին Բլեք:
- Բլեք, մատնահետքեր պարզեցինք... մմմ...
- Խոսիր Ֆրենկ, հո թաղում չի, - Բլեքը բարկացավ:
- Մեկը Մոզուսինն է, բնականաբար` ամենուր, իսկ մյուսը...
- Ֆրենկ, չգամ այդտեղ հասնեմ:
- Մյուսը Մայքլ Մեդսոնինն է, Բլեք: Նրա մատնահետքերը թարմ են... մեկ-երկու օրվա...
Բլեքին թվաց, թե սենյակի օդը կտրուկ պակասեց:
- Բլե՞ք:
- Այդ մասին դեռ ոչ ոքի ոչ մի խոսք, լսում ե՞ս, Ֆրենկ : Ոչ մի բառ:
- Իհարկե Բլեք:

Բլեքը մի քանի րոպե փորձում էր հավաքել իրեն:
Մայքը... ոչ, հնարավոր չէ... հաստատ սխալ բան կա, սխալ...

"Հաջորդը կլինի մեկը, որին դու ճանաչում ես, Բլեք"

Նատալի...
Բլեքն արագ հավաքեց Բենջամին Հորնի բջջայինի համարը:
- Այո, Մարվ:
- Բեն, Նատալի Լենգթոնի հետ դուրս եկեք հյուրանոցից: Տարեք նրան կայարան: Մնացածը ձեր գործը չէ: Ինքը գիտի` ինչ անել հետո:
- Ամեն ինչ նորմա՞լ է, Մարվ:
- Արա՛գ, Բեն:

Բլեքը կախեց լսափողը և շտապ դուրս եկավ աշխատասենյակից:

շարունակելի

Գալաթեա
05.09.2009, 01:37
Ոստիկանության արխիվում Մայք Մեդսոնի դոսյեն ծայրեծայր կարդալը Բլեքին ոչինչ չտվեց։ Ոչ մի նոր բան, որ նա չգիտեր Մայքի մասին։
Բլեքը հենց սկզբից էլ գիտեր, որ դա իրեն ոչինչ չի ասելու. նրան ավելի շատ երևի ժամանակ էր պետք խորհելու, հասկանալու...

Մայքը հենց սկզբից տեղյակ էր հետաքննության մանրամասներին։
Նրանից ավելի տեղեկացված երևի միայն ինքը՝ Բլեքն էր։
Նա մասնակցել էր բոլոր գրեթե բոլոր զոհերի էքսհումացիայի պրոցեսին։
Նա խոսել էր բոլոր զոհերի հարազատների հետ։
Նա մշակել էր զոհերի հետ կապված բոլոր տվյալները։
Նա մասնակցել էր տեսախցիկների տեղադրմանը գրադարաններում։
Նա տանել չէր կարողանում Մոզուսին։
Նա ծանոթ էր Գրքասերի բոլոր գործողություններին...

Բայց... ախր դա Մայքն էր... մարդ, որին Մարվին Բլեքը ճանաչում էր արդեն ութ տարի։ Որը մեկ անգամ օպերատիվ հանձնարարության ժամանակ փրկել էր իր՝ Բլեքի կյանքը։
Բացի այդ... Մոզուսի ասածները... Նատալիի նկարած ֆոտոռոբոտը... Ամեն ինչ խառնվել էր Բլեքի գլխում։

Բջջայինի զանգը կտրեց նրան մտքերից։ Բեքին էր։
- Հայրիկ, ողջույն։ Դու դեմ չես լինի չէ՞, եթե գիշերեմ Նենսիի մոտ։
Բլեքը դա տանել չէր կարողանում։ Մի կերպ զսպելով զայրույթն ասաց.
- Լավ սիրելիս, իսկ ինչպե՞ս ես գնալու։
- Մայքը կտանի, պապ։ Հիմա միասին կաֆեում ենք, պաղպաղակ ենք ուտում։
Բլեքին թվաց, թե աշխարհը փուլ է գալիս գլխին։ Թուլացած ոտքերի վրա մի կերպ կանգնելով հարցրեց։
- Որտե՞ղ եք։
- Աշխատավայրիդ կողքի կաֆեում պապ, հանգիստ, - Բեքին ինչպես միշտ զգաց հոր հոգեվիճակը, - արդեն դուրս ենք գալիս։
- Չշարժվեք Բեքի, գալիս եմ այդտեղ, լսում ե՞ս, չշարժվես տեղիցդ։
- Պապ...
- Ես քեզ կտանեմ Նենսիի մոտ, - արդեն միջանցքից գոռաց Բլեքը,- մնա այդտեղ, երկու րոպեից կհասնեմ։

Նրանք նստած էին կաֆեում՝ յուրաքանչյուրն իր Կոկա-Կոլան գրկած։ Բլեքը կրկին ձեռք բերելով շնչելու կարողությունը՝ նստեց նրանց կողքին։
- Ամեն ինչ նորմա՞լ է, հայրիկ։
- Հա, սիրելիս, - Բլեքը հայացքը չէր կտրում Մայքից։
- Գիտեմ, Մարվ, խոսելու բան ունենք, - ասաց Մայքլ Մեդսոնը։
- Այո, Մայք, ունենք, - հաստատեց Բլեքն ու գլխով արեց սեղանին մոտեցած ոստիկանական համազգեստով երկու հոգուն, - տարեք նրան բաժանմունք, ես կլինեմ մոտ մեկ ժամից։
Ոստիկանները Մայքի իրավունքները ծուլորեն արտասանելով ձեռնաշղթաներ հագցրին նրան՝ հայտարարելով, որ նա մեղադրվում, է Մոզուս Տադեսկուի սպանության մեջ։
Մայքը նրանց հետ լուռումունջ հեռանալուց առաջ մի հայացք նետեց Բլեքի վրա, որում խտացած դառնությունը դժվար էր նկարագրել։

Հայր ու դուստր լուռ նստեցին մեքենան։
- Ի՞նչ է լինելու Մայքի հետ, պապ։
- Քեզ տեղ հասցնելուց հետո պետք է հարցաքննեմ նրան։ Հետո պարզ կլինի։
- Այդ նա չէ, գիտես, չէ՞։
Բլեքի մտքերն ուրիշ տեղ էին։
- Ու՞ր ենք գնում, պապ։
- Մայրիկի ընկերուհու մոտ։ Ռեյչելի։
- Երկար ե՞մ այնտեղ մնալու։
- Որքան որ հարկավոր է, Բեք, - կտրուկ ասաց Բլեքը և հաջորդ իսկ վայրկյանին փոշմանեց դրա համար։
Նա բռնեց Բեքիի փոքրիկ ձեռքը.
- Դա երկար չի տևի սիրելիս։ Բայց ոչ մի Նենսի, Ջիննի, Դուգլաս և Ուիլլ։ Ոչ ոքի չզանգես։ Դա շատ կարևոր է, Բեք, - նա նայեց Բեքիի ուղիղ աչքերին։
- Լավ պապ, չեմ զանգի։
Բլեքը ժպտաց։ Նա գիտեր. եթե Բեքին ասում է որ չի զանգի, ուրեմն այդպես էլ կլինի։
Բլեքի մեքենան սահուն դուրս եկավ գլխավոր ճանապարհ։

Կես րոպե անց նույն ճանապարհի վրա հայտնվեց նաև դեղնավուն Շևրոլեն։

շարունակելի

Գալաթեա
08.09.2009, 16:19
Հարցաքննությունների սենյակում նյարդային լռություն էր տիրում:
Մայքլ Մեդսոնը գլուխը կախ նստած էր աթոռին:
- Մայք, - Բլեքը խախտեց լռությունը, - կխոսես:
- Ես նրան չեմ սպանել, Մարվ, - Մայքը գլուխը չէր բարձրացնում:
- Ամբողջ տնով մեկ մատնահետքերդ են, առանց քեզ ե՞ն այնտեղ հայտնվել:
Մայքը բարձրացրեց գլուխը և դատարկ հայացքով նայեց Բլեքին:
- Մենք ընկերներ էինք:
- Դու և Մո՞զուսը, - Բլեքը չկարողացավ թաքցնել ձայնում առկա կասկածը:
- Այո Մարվ, ես և Մոզուսը, խնդիր ես տեսնու՞մ, - նույն ռոբոտային ինտոնացիայով ասաց Մայքը:
- Անհամապատախանություն եմ տեսնում: Ի՞նչ գործ ունեիր իր հետ:
- Քեզ համար ավելի հեշտ է հավատալ, որ սպանել եմ Մոզուսին, քան որ ընկերներ ենք եղել, - փաստեց Մայքը:
- Մայք, դու ամեն հարմար ու անհարմար առիթով իրեն ծաղրում էիր: Դեմքիդ արտահայտությունը հիշու՞մ ես, երբ որոշեցի, որ նա պետք է հետաքննությանն օգնի: Ինչի՞ն հավատամ այդքանից հետո: Ընկերությա՞նը, թե՞ ձեր երկու դերասանի թատրոնին:
- Մոզուսը չէր ուզում, որ այդ մասին իմանային: Նա չէր ուզում, որ ինձ էլ բոլորը ծաղրեն, ինչպես իրեն: Ստիպել էր խոստանալ, որ ոչ ոք չի իմանա:
- Եվ դու դա նորմա՞լ էիր համարում: Հատկապես Գրքասերի պատմությունից սկսած: Երբ նա սկսեց հետաքննությանը մասնակցել: Քեզ ծանո՞թ է պրոֆեսիոնալ էթիկա հասկացությունը, Մայք, - Բլեքը ձայնը բարձրացրեց:
- Նա ոչ ոք չուներ աշխարհում: Մենակ էր:
- Ինչպես շատ-շատերը մեր շրջապատում, Մայք: Դա դեռ ոչինչ չի նշանակում: Դա քեզ իրավունք չէր տալիս խաղեր խաղալ: Ես քեզ հավատում եմ: Հավատում եմ, որ դու մարդասպան չես: Բայց ես ստիպված եմ լինելու պատասխան տալ Ներքին Հետաքննությունների գործակալներին, հասկանում ե՞ս: Իսկ նրանք ոչ մի հիմք չունեն քեզ հավատալու:
- Մենք մի քաղաքից ենք, զուգահեռ փողոցներում ենք ապրել, բայց միայն այստեղ դա պարզեցինք: Շաբաթը երկու անգամ հանդիպում, գարեջուր էինք խմում, զրուցում էինք:
- Նա քեզ հետ խոսե՞լ է իր տեսիլքների մասին:
- Մեկ անգամ ասաց, որ դու պետք է զգույշ լինես: Միայն այդքանը: Որ պետք է :պահպանես հարազատներիդ: Ես դա քեզ ասելու էի, Մարվ: Պարզապես չէի մտածում… չէի կարծում…- Մայքի ձայնը դողաց և նա լռեց:
Բլեքը նույնպես լռեց: Նրան արդեն մեկ ժամ է` տանջում էր այն միտքը, որ ինքն ինչ-որ բան է բաց թողել: Անուշադրության մատնել:
Փորձեց ազատվել այդ մտքից և ասաց Մայքին:
- Ներքին Հետաքննությունների գործակալը այստեղ է լինելու երկու ժամից: Շատ ուշադիր կլինես իր հետ խոսելիս, Մայք: Կմտածես յուրաքանչյուր բառիդ վրա:
- Նրան Գրքասերն է սպանել: Ու նա շատ մոտ է մեզ: Ավելի մոտ քան կարող ենք պատկերացնել:
- Դու ինձ չես լսում, Մայք, դու մեծ, շատ մեծ ք..-ի մեջ ես, - Բլեքն արդեն գոռում էր:
- Գիտեմ, Մարվ, ներիր…

Ու՞ր ես տանում Բեքիին, Բլեք...
Հեռու չես տանի…
Նա պետք է պատասխան տա…
Նատալիի համար…
Բոլորի համար…
Ես գալիս եմ, Բեքի…


Աշխատասենյակի ճանապարհին, միջանցքով քայլելիս, Բլեքի աչքով ընկավ աստղազարդ երկնքի կտավը, որ Քաղաքապետարանն էր նվիրել Ոստիկանատանը:
Նա կայծակնահարի պես մեխվեց տեղում: Մտքերի մեջ ընկած լինելու պատճառով անտեսած պատկերը սարսափեցնող պարզությամբ հայտնվեց աչքի առաջ:
Բեքիին Ռեյչելի մոտ տեղավորելուց հետո, երբ հետ էր դառնում, ճանապարհին առանց վարորդի դեղին Շևրոլե էր կանգնած, որի դիմացի հայելուց կոտրված աստղ էր կախված:

շարունակելի

Գալաթեա
11.09.2009, 16:35
Շևրոլեն այնտեղ չէր, ուր Բլեքը տեսել էր Ոստիկանատուն վերադառնալիս:
Նա մեքենան կանգնեցրեց Ռեյչելի տան դիմաց: Երբ դուրս էր գալիս մեքենայից, տան դիմաց արգելակեցին ոստիկանական երկու մեքենաներ, որոնցից դուրս եկան իր չորս գործընկերները:
Նրանք անաղմուկ մոտեցան տանը, որից հետո ոստիկանները, ըստ պայմանավորվածության, շրջապատեցին այն` փակելով բոլոր հնարավոր ելքերը:
Մարվին Բլեքն ու Բենջամին Հորնը մոտեցան շքամուտքին`ճանապարհին հանելով և պատրաստ պահելով ատրճանակները:
Շքամուտքի դուռը կիսաբաց էր:

Առաջինը ներս մտավ Բլեքը` դուռը զգուշորեն հրելով:
Միջանցում առաջինը, որ աչքով ընկավ, հեռախոսի հետ միասին շուռ եկած փոքրիկ, բարձր ոտքերով սեղանն էր:
Բլեքը սեփական սրտի զարկերից բացի ուրիշ ոչինչ չլսելով` մոտեցավ հյուրասենյակի դռանը:

Ռեյչելը պառկած էր գետնին, բազմոցի կողքին: Սենյակում անկհայտ էին պայքարի հետքերը: Փշրված ծաղկամանից հոսած ջուրը խառնվել էր Ռեյչելի արյանը: Նրա սառած դեմքին սարսափ էր դրոշմված: Բեքիի պայուսակն ընկած էր գետնին, հեռուստացույցի մոտ, դրանից փոքր-ինչ հեռու աղջկա բջջայինն էր:
- Տանն ուրիշ ոչ ոք չկա, - Բլեքին ուշքի բերեց Բենի ձայնը:
- Բոլոր սենյակներում նայե՞լ ես:
- Այո, տղաները ներքնահարկն ու գարաժն են ուսումնասիրում:
Բլեքը կռացավ և փակեց Ռեյչելի սառած աչքերը: Հետո մոտեցավ ու վերցրեց աղջկա պայուսակն ու հեռախոսը:
- Կրիմինալիստների խմբին զանգիր:
- Արդեն զանգել եմ, Բլեք:
- Շևրոլեի կանգնած տեղը քեզ ասել եմ: Նրանց տար այնտեղ: Թող ուսումնասիրեն անիվների հետքը:
- Եղավ... Մարվին, լա՞վ ես, - դետեկտիվի գունատ դեմքից հայացքը չկտրելով հարցրեց Բենը:
- Շտապօգնություն զանգեք, թող Ռեյչելին տանեն այստեղից, - Բլեքին թվաց` եթե հենց հիմա դուրս չգա այդ տնից, կգժվի;
Ռեյչելի անկենդան մարմինն ասես մեծ տառերով գրած մեղադրանք լիներ: Այդ ինքը՝ Բլեքը սպանեց նրան: Իր անուշադրությամբ, մարդասպանին թերագնահատելու հանցավոր անփութությամբ:

Նա մի կերպ նստեց մեքենան` ձեռքից բաց չթողնելով աղջկա պայուսակն ու հեռախոսը:
Գլխում փոթորկվող մտքերը կրկին ընդհատեց Բենը` մեքենայի դուռը բացելով:
- Դուրս արի, Բլեք, ես կվարեմ:
Առանց որևէ բառով հակաճառելու՝ դետեկտիվը դուրս եկավ մեքենայից և նստեց մյուս կողմից:
Երբ մեքենան տեղից պոկվում էր, ասաց.
- Ինձ պետք է Դեյլ Կուպերի դոսյեն: Այն ամենն, ինչ կա բազայում:
- Հասնենք տեղ ու զբաղվեմ, - ասաց Բենն մեքենան դուրս բերեց գլխավոր ճանապարհ:

շարունակելի

Գալաթեա
11.09.2009, 22:24
Կուպերի դոսյեում Բլեքի համար նորություն էր միայն այն, որ հին ընկերը փոխել էր բնակության վայրը։ Տեղափոխվել էր քաղաքից դուրս գտնվող փոքրիկ առանձնատուն։ Նախկին բնակարանում Բլեքը եղել էր։
Մինչ նա տենդագին սրան-նրան էր զանգում՝ Կուպերի տանը խուզարկության թույտվության հարցով, առանձնասենյակ մտավ Մայքը։ Նրան մինչև դատավարությունն ու Ներքին հետաքննության ավարտը պայմանական բաց էին թողել։
Մայքը նստեց գրասեղանի դիմացի աթոռին և հայացքն ուղղեց Բլեքի առջև դրված պայուսակին ու հեռախոսին։
Դետեկտիվն ավարտեց խոսակցությունն ու նայեց Մայքին։
- Մենք պետք է գնանք Կուպի տուն։ Ես պարտավոր եմ այդ հետքը մինչև վերջ ուսումնասիրել։ Թեև...
- Ի՞նչ թեև։
- Դու գիտես իմ կարծիքը չափից դուրս ակնհայտ հանցանշանների մասին։ Տեսագրությունը... նրա գրքերն ամենուր... նա այդքան հիմար չէ։
- Մարվ...նա քեզ շատ լավ է ճանաչում... գուցե իրականում նա չափազանց խելացի՞ է...
Բլեքը լռեց՝ նորից տրվելով խառը մտքերին ու նյարդային սպասելով խուզարկությունը թույլ տվող զանգին։
- Փորձագետներն ի՞նչ են ասում, - հարցրեց Մայքը։
- Ինչպես միշտ, ոչ մի մատնահետք։ Միայն դեղին Շևրոլեի հետքն է յուրօրինակ։ Շինարարական մոխրագույն ավազի հատիկներ են գտել։
- Հեռախոսն այնտե՞ղ ես գտել, - Մայքը ձեռքը մեկնեց և վերցրեց փոքրիկ, կարմիր գույնի հեռախոսը։
Բլեքը բնազդային մի շարժում արեց, ասես ուզում էր խլել հեռախոսը, հետո նորից հետ ընկավ բազկաթոռի թիկնակին։
- Երևի ուզեցել է զանգի, սրիկան ինչ-որ կերպ խլել է, գցել, - դողացող ձայնով ասաց նա։
- Թույլ կտա՞ս մի բան ստուգել։
- Մատնահետք չկա, - ասաց Բլեքը։
Մայքը մի քանի կոճակ սեղմելուց հետո հուզված նայեց Բլեքին ու ասաց։
- Մարվ, այստեղ ձայնագրություն կա արած։ Հենց այն ժամին երբ Բեքին այնտեղ պետք է լիներ։
Բլեքը վեր թռավ տեղից և մոտեցավ Մայքին՝ շրջանցելով գրասեղանը։ Մայքը մինչ այդ միացրեց ձայնագրությունը։

***

... Մինչև հասկանաս՝ ինչ եղավ ամեն ինչ վերջացած կլինի, Բլեք...
Դուռն ինչու եք կողպել, կարելի է մտածել դա ինչ-որ բան է փոխելու...
Հիմար կողպեք... ինչ են մտածում ամերիկացի կողպեքագործները...
Հանգիստ... առանց աղմուկի...
Հյուրասենյակում են...

- Աղմուկ չե՞ք լսում, մորաքույր Ռեյչել։

- Բեքի... կարոտել էի ձայնդ...

- Հիմա կստուգեմ սիրելիս, դու մնա այստեղ։

Արի, Ռեյչել, արի...
Նորից այս վայրենի ճիչը...
Ստիպված եղա բռնել գեղեցիկ կնոջ մազերից և ձեռքս բերանին դնելով առաջ հրել դեպի հյուրասենյակ։
- Բեքի, մեկ շարժում, և քո մորաքույր Ռեյչելը կապրի իր կյանքի ամենավերջին վայրկյանը։
Բեքին վեր կացավ տեղից՝ միաժամանակ պայուսակից հանելով հեռախոսը։
- Ոչ, գեղեցիկ անունով աղջիկ, ոչ մի զանգ... ներիր իհարկե, - ասացի ժպտալով։
Դեռ Ռեյչելին բռնած, մազերից քաշ տալով ու անտեսելով կատաղի դիմադրությունը՝ մոտեցա Բեքիին։
Փոքրիկ աղջիկը հեռախոսը գցեց գետնին։
Ու հանկարծ Ռեյչելն ինչ-որ կերպ հարմարեցրեց արմունկն ու խփեց փորիս... սա ինչ սովորություն է...
Սխալ էր, Ռեյչել, սխալ էր...
Ռեյչելի երկրորդ ճիչն ընդհատվեց կոկորդում...
Արյունը... ինչպես էի կարոտել...
Գեղեցիկ կնոջ տաք արյունը...
Բեքիի ձեռքից բռնած փորձում էի զսպել ոտքերիս դողը... չթուլացնես ձեռքդ հաճույքի հոսանքն զգալիս...
Կիսամշուշված գիտակցությանս հասավ Բեքիի ձայնը.

- Դուք օգնության կարիք ունեք, Դեյլ, գիտե՞ք։ Այդպես պետք է չէ՞ ձեզ անվանեի...

- Բեքի... դու էլ ես չէ՞ ինձ տեսնում .. ինչպես Նատալին, ինչպես այն դժբախտ Մոզուսը...իսկական ինձ...

- Տեսնում եմ, և ի՞նչ։

- Չես վախենում, դու էլ չես վախենում։

- Ձեր իսկական դեմքը տեսնելուց հետո միայն խղճահարություն է մնում, Դեյլ Կուպեր։

Նորից ժպտացի՝ փորձելով մեղմել վրա հասնող կատաղությունս և ասացի.
- Մենք պետք է գնանք այստեղից, Բեքի։ Այսօր մեծ օր է։ Ես այսօր վերջացնում եմ այն։

- Ուր եք ինձ տանում, - ճչաց աղջիկը։

- Դեպի վերջը, Բեքի, դեպի վերջը...

Բեքին նայեց ուղիղ աչքերիս ու ասաց.

- Միևնույն է, հայրիկը գտնելու է ձեզ։ Ու դա իսկապես վերջը կլինի։

Այտին հասցրած ուժգին հարվածը գետնեց Բեքիին։
- Ես սպասում եմ նրան, - ասացի՝ ոտքի կանգնեցնելով նրան ու դեպի դուռը քաշ տալով։
Քիչ մնաց...

***

Հեռախոսի ձայնագրությունը, որի կոճակը Բլեքը առանց նկատելու անջատել էր, ավարտվեց "Ես սպասում եմ նրան" շարագույժ ֆշշոցով ասված բառերով։ Դրանից հետո միայն խշշոց էր։ Ոչ պակաս չարագույժ։

Բլեքն ու Մայքը սարսափած հայացք փոխանակելով՝ առանց որևէ բառ ասելու դուրս նետվեցին առանձնասենյակից։

շարունակելի

Գալաթեա
16.09.2009, 16:43
Դեյլ Կուպերի միահարկ տունը գտնվում էր ճանապարհից բավականին հեռու, մի քանի շարքով աճած ծառերի հետևում:
Դետեկտիվն ու իր օգնականը անաղմուկ քայլերով մոտեցան տանը: Բլեքը գլխի շարժումով Մայքին ուղարկեց դեպի հետնամուտք:
Մարվին Բլեքը ուսով ուժգին հարվածեց շքամուտքի դռանն ու ներխուժեց միջանցք: Ատրճանակն առաջ պարզած` հերթով սկսեց ստուգել սենյակները:
Տան հետևի դռնից ներս մտած Մայքը միացավ նրան` կիսաձայն ասելով, որ խոհանոցն ու երկու խորդանոցները ստուգել է:
Նրանք զգուշորեն մոտեցան վերջին փակ դռանը:

Դեյլ Կուպերի աշխատասենյակը, ըստ ամենայնի, տան ամենաշատ այցելվող սենյակն էր:
Այն լիքն էր գրքերով ու ցաքուցրիվ, գրոտած, թղթերով: Պատերին առանց կոնկրետ թեմատիկայի սևուսպիտակ լուսանկարներ էին փակցված: Լուսամոտի տակ դրված գրասեղանի վրա ժամանակակից գրամեքենա էր դրված` որի կողքին տպած թղթերի կույտ կար:
Բլեքը մոտեցավ գրասեղանին և վերցրեց կույտի վրայի թուղթը` միաժամանակ հիշելով իր ու Կուպի խոսակցությունը “Նեապոլ” բարում. նա ասսց, որ գիրք է գրում:
Թղթի վրա, ըստ երևույթին, գրքի վերնագիրն էր.


Գրքասերը:

Բլեքը նստեց գրասեղանի մոտի աթոռին և սկսեց տենդագին կարդալ` պատահական սկզբունքով ընտրելով թերթերը:

… Անժելան իդեալական էր մեռնելու համար: Նա ու մահը սազում էին իրար: Ես քեզ միշտ կհիշեմ, Անժելա…

… Բեատրիսի մահը տխրեցրեց ինձ… նա այնքան գեղեցիկ մազեր ուներ ու երկար պարանոց…ես կարող էի ժամեր շարունակ այն շոյել… ժամեր…

Ռեբեքա… Բեքի…. Առաջինը: Արյան առաջին խելագարությունը… Առաջինը միշտ ամենահուզիչն է ու ամենաքաղցրը: Ես քեզ ներել եմ Ռեբեքա: Ներել եմ այն, որ քո մահը ստիպեց ինձ այլ դեմք գտնել հայելում… քո սպանությունը մաքրեց իմ ենթագիտակցությունը… ազատեց իմ իսկական դեմքը: Ես ուրախ էի այն տեսնել հայելու մեջ: Այն միայն իմն է: Ուրիշ ոչ ոք այն չի տեսնում: Քո մահը իմ նոր դեմքն էր, Բեքի…

- Մայք, - մի կերպ արտաբերեց Բլեքը, - նրա առաջին զոհի անունը Բեքի է եղել…
Մայքը չպատասխանեց:
- Մա՞յք, - հարցրեց Բլեքը:
- Արի այստեղ, Մարվ:
Բլեքը մոտեցավ Մայքին, որը կանգնած էր պատից կախված պարսկական նախշերով գորգի առաջ: Մայքը բարձրացրեց այն և հարմարեցրեց այնպես, որ չխանգարի իրենց ուսումնասիրել պատի քառակուսի փորվածքը:
Այնտեղ իրար կողքի դրված էին վեց գիրք, որոնցից յուրաքանչյուրի վրա`մեկական լուսանկար:
- Զոհերի լուսանկարները, - Մայքն էր:
- Տեսնում եմ, - Բլեքը հայացքը հառել էր վեցերորդ գրքի կողքին դրված փոքրիկ լուսանկարին: Գիրք չկար, միայն լուսանկար էր:
Բեքին էր, իր Բեքին:

Մայքի հեռախոսի զանգը պայթող ռումբի տպավորություն ունեցավ այդ ահարկու լռության մեջ:
Հեռախոսն անջատելուց հետո Մայքն ասաց.
- Մերոնք գալիս են: Փորձագետները նույնպես: Խուզարկության թուղթն էլ կա, Մարվ:

Բլեքը մոտեցել էր այն պատին, որի վրա սևուսպիտակ լուսանկարներ էին փակցրած:
Նկարները տարբեր էին` հիմնականում քաղաքային պատկերներ` կիսափուլ շենք, ամայի այգի, լքված տներ:
- Մարվ…, - սկսեց Մայքը:
- Մայք, - ընդհատեց Բլեքը, - Կուպի մեքենայի անիվներին մոխրագույն շինարարական ավազի հետք կար:
- Կար…
Բլեքը մոտեցրեց ձեռքն ու պատի վրայից պոկեց նկարներից մեկը:
Մայքն ուշադիր նայեց: Նկարում կիսակառույց եռահարկ շենք էր, որի կողքին, հետևի պլանում աղոտ երևում էին երկու ինքնատափ մեքենաներ` բեռնված մոխրագույն ավազով:
- Ես գիտեմ` այս շենքը որտեղ է Մայք, - ասաց Բլեքը` դեպի դուռը վազելով, - սպասիր մեր խմբին ու արի այնտեղ, քաղաքի հյուսիսային մուտքի մոտ է:
- Գիտեմ, Մարվ, - ասաց Մայքը և նրա հետ միասին դուրս եկավ տնից, - ես չեմ ուշանա, - կանչեց` արդեն հեռացող մեքենայի հետևից:

շարունակելի

Գալաթեա
19.09.2009, 17:01
Վերջաբան

Բեքի...
Գեղեցիկ անունով աղջիկ...
Կարևոր անունով աղջիկ....
Դու գիտե՞ս` ով էր առաջին Բեքին... նա իմ փրկիչն էր:
Նա իսկական Դեյլի հայելին էր...
Դու յոթ թվի մոգության մասին գիտե՞ս Բեքի... կիմանաս, շատերը գիտեն: Նույնիսկ Վոլդեմորտը գիտեր:
Դու էլ ես ինձ փրկելու, Բեքի...
Քեզ հանդիպելը հրաշք էր…
Դու կավարտես շրջանը...

Փոքրիկ աղջիկն անսպասելի ընդհատեց մտքերս.

- Ինչու՞ եք այդքան վախենում մահից, Դեյլ:

- Ես մահից չեմ վախենում, Բեքի... ես պարում եմ մահի հետ:

- Իսկ ինչու՞ եք դուք ձեզ խաբում: Պարի տեսա՞կ է:

- Ես մահից չեմ վախենում, - գոռացի:

- Որքան ուզում եք բարձր ասեք... միևնույն է, դուք երբեք չեք ազատվի այդ սարսափից: Դուք միշտ կդողաք ձեր խղճուկ գոյության համար ու ամեն գիշեր կմեռնեք: Դուք արդեն մեռած եք:

- Բեքի, - մոտեցա գետնին նստած, մեջքը պատին հենած աղջկան ու ստուգեցի կապանքները, - դու շատ խելացի աղջիկ ես: Քո տարիքին ոչ համապատասխան:

- Մայրիկին եմ քաշել, - դառը ժպտաց Բեքին:

- Ես ճանաչում էի Քեթրինին: Զարմանալի լուսավոր մարդ էր: Դու շուտով նորից կտեսնես նրան, Բեքի: Կարոտած կլինես: Չէ՞ որ դու ի տարբերություն ինձ մահից չես վախենում, Բեքի, - քնքուշ շոյեցի նրա փափուկ այտը:

- Դուք միայն մահից չի, որ վախենում եք, Դեյլ, դուք ձեր զոհերից էլ էիք վախենում, երբեք ոչ մի աղջկա բացի դանակից ուրիշ ոչ մի բանով չեք կպել:

- Բեքի… համը հանում ես… շատ բան գիտես ու շատ ես խոսում:

- Ես Մարվին Բլեքի աղջիկն եմ Դեյլ, - Բեքին ասես մարտահրավեր նետեց:

- Ժամանակ ես ձգում, հասկանում եմ, բայց իզուր, հայրդ միևնույն է, չի գալու:

- Գալու է Դեյլ:

Նստեցի գետնին, Բեքիի դիմաց և հանգիստ ասացի.
- Նա քեզ անտառում է փնտրելու, որ այստեղ... անտառում…. ես այդ անտառում եմ կորել, գիտե՞ս, Բեքի… քո տարիքում էի… տասնչորս ես, չէ՞… ընկերներիս հետ գրազ էինք եկել, որ մեզանից մեկը մի գիշեր կմնա անտառում: Ինձ բաժին ընկավ: Ու գնացի, ես չէի վախենում: Ես ոչ մի բանից չէի վախենում: Մեջքս ծառին հենած` գիշերային անտառն էի լսում: Հետո եկան նրանք… երկուսը: Տղա ու աղջիկ: Ինձ չտեսան, մութ էր… տղան սկսեց համբուրել… սկզբում հանգիստ, մեղմ, հետո ասես սատանա մտավ մեջը… կոպիտ հրեց աղջկան ու սկսեց շորերը պատռելով հանեց վրայից: Աղջիկը խնդրում էր, որ դադարի… լաց էր լինում…ես քարացել էի…չէի կարողանում շարժվել…. լրիվ մերկացնելուց հետո տղան սկսեց…. Աղջկա ճիչերից արյունս սառել էր երակներումս… նա չէր դադարում… ու խփում էր աղջկա դեմքին… այնքան ուժեղ, որ ճիչերի միջից ապտակի ձայնը լսում էի… հետո հանգստացավ… որոշ ժամանակ պառկեց լաց լինող աղջկա կողքին ու քիչ հետո վեր կենալով` ոտքով հարվածեց նրա գլխին, շալվարը կոճկեց ու հեռացավ:
Ես մոտեցա աղջկան մեկ ժամ հետո… կարողացա ինձ ստիպել մոտենալ… մեռած էր… մեռած էր… մեռած էր, - այրող արցունքներս այլևս չկարողացա զսպել:

- Դրա համար դուք ոչ մի աղջկա հետ սեքսով չեք զբաղվում, չեք բռնաբարում, բայց անասունի պես մորթու՞մ եք նրանց, - ճչաց Բեքին, - դա ձեր խորը հոգեբանական պատճա՞ռն էր, դա բացատրում ու արդարացնում է ձեր սպանել-թաղելու մոլու՞ցքը… դու պարզապես հիվանդ, աննորմալ էշի տղա ես , Դեյլ:

Դեմքին հասցրած ապտակս լռեցրեց Բեքիին:
Վրա հասած լռության մեջ ոչ շատ հեռվից ականջիս հասավ խուլ ոտնաձայն: Բեքիի մազերից բռնելն ու դանակը կոկորդին դնելը հինգ վայրկյան քաշեց:

- Բլեք, - դեպի մթությունը կանչեցի,- դու՞ ես:
Լռություն:
- Մա~րվի~ն, արի առաջ, մի ամաչիր:
- Հայրի՛կ, - Բեքին փորձեց ազատվել ձեռքերիցս:
- Ես քո փոխարեն չէի շարժվի, շատախոս աղջիկ, դանակը շատ մոտ է քնքուշ պարանոցիդ, - շշնջացի Բեքիի ականջին:

Ոտնաձայնը կրկնվեց կիսակառույց շենքի բետոնե հատակին:
- Բլեք, եթե հենց հիմա չմտնես այս գրողի տարած սենյակը, աղջկադ արնաշաղախ դիակը քեզ կդիմավորի, լսու՞մ ես:

Մթության միջից հայտնվեց ատրճանակ բռնած ձեռքը:
- Բաց թող նրան, Սեմ, կարծես թե այդպես էր չէ անունդ, - լսվեց կանացի, մեղմ կրծքային ձայն:
Սիրտս սկսեց խելագար արագությամբ զարկել կողերիս:
- Նատալի….

Բեքին նորից փորձեց դուրս պրծնել զարմանքից թուլացած ձեռքերիցս:
- Չշարժվե՛ս ասացի, - զարմանքս հաղթահարելով գոռացի ու հայացքս ուղղեցի Նատալիին, - բարի վերադարձ, Նատալի… և ինչքա՞ն ժամանակ կլինի, որ ինձ հետևում ես:
- Բավականաչափ, Դեյլ Կուպեր, բա՛ց թող աղջկան, - ատրճանակը գլխիս պահած ասաց աղջիկը:
- Դու գիտե՞ս, որ եթե անգամ կրակես ուղիղ գլխիս, որը բնականաբար չես կարող անել, առանց մեր փոքրիկի գլուխը ցխելու, ես միևնույն է, կհասցնեմ դանակը խրել նրա կոկորդը մինչև կոթը: Դա լրիվ բնազդական գործողություն է, որին չի խանգարի ուղեղի անջատվելը:
- Դու դա չես համարձակվի անել, - հնարավորինս հաստատ ձայնով ասաց Նատալին:
- Արի փորձենք, - չարախինդ ժպտացի` դանակը սեղմելով Բեքիի պարանոցին:
Մի կաթիլ կարմիր արյուն դանակի տակից սահեց ու սպիտակ պարանոցի վրայով սահեց ներքև: Հազիվ ինձ զսպեցի, որ լեզվով չմաքրեմ արյան կարմիր հետքը:
- Ատրճանակդ իջեցրու, Նատալի, և դիր գետնին,- հանգիստ հրահանգեցի, - առանց կտրուկ շարժումների:
Նատալին նայեց Բեքիի արյունոտ պարանոցին ու չուզենալով իջեցրեց զենքը:
Գետնին դնելուց հետո՝ ոտքով հրեց այն դեպի պատը:
- Ուրախ եմ, որ եկել ես, Նատալի… դու իհարկե կորցրեցիր շանսդ մահվան հետ հանդիպելու, բայց փոխարենն ականատես կլինես իմ փրկության արարողությանը, - ասացի` դանդաղ մոտենալով նրան, - ուզու՞մ ես նորից ինձ խփել Նատալի, - քաղաքավարությամբ տեղեկացա:
- Դեմ չէի լինի, - անթաքույց զզվանքով ասաց Նատալին:
- Ցավում եմ, սիրելիս, բայց իմ հերթն է, - ասացի` բռունցքով ամբողջ ուժով հարվածելով նրա փորին:
Աղջիկն ընկավ գետնին ու խուլ տնքաց:
Պարանի մնացորդը վերցրեցի ու նորից մոտեցա նրան:
- Շոուն պետք է շարունակվի, Նատալի, - հայտարարեցի`վերջին հանգույցը գցելով:

* * *

Բլեքը մեքենան կանգնեցրեց կիսակառույցից փոքր-ինչ հեռու և արագ քայլերով մոտեցավ շենքին:
Դեղին Շևրոլեն կանգնած էր շենքի դիմաց: Բլեքն արագ ուսումնասիրեց այն և համոզվելով, որ այն դատարկ է, քայլերն ուղղեց դեպի շենքի մուտքը:
Ներսում մութ էր և սառը: Անապակի լուսամուտներից քամին անարգել մտնում էր ներս և զբոսնում միջանցքներում ու սենյակներում: Բլեքը լսողությունը լարած քայլում էր միջանցքով` 44 կալիբրի Մագնումը պատրաստ պահած:
Վերևի հարկից լսված խուլ ձայնը կոտրեց քամու գվվոցը, և նա արագ ու անաղմուկ բարձրացավ աստիճաններով:
Սենյակներից մեկից ձայներ էին լսվում:
Երբ արդեն դռան մոտ էր`ճանաչեց Կուպերի ձայնը: Մեջքը պատին հենած փորձեց հանգստացնել ձեռքերի դողը և շրջվելով` կտրուկ ներխուժեց սենյակ:
- Կուպեր, - գոռաց,- հեռու գնա Բեքիից:
Բեքին ծնկել էր սենյակի կենտրոնում, նրա դիմաց նույնպես ծնկած, Կուպերն էր, Բլեքը տեսնում էր նրանց կիսադեմերը միայն::
Քիչ հեռու կապված ընկած էր… Նատալի՞ն:
Բլեքը փորձեց հավաքել իրեն` տեսածի անսպասելիությունից հետո, ու նորից գոռաց` ատրճանակը պարզելով Կուպերի գլխին:
- Դանակդ իջեցրու, Կուպ:
- Դու ավելի խելացի դուրս եկար, քան ես կարծում էի, Բլեք:
- Հեռու գնա աղջկանիցս, Կուպ, դանակիդ հետ միասին: Կկրակեմ:
- Դու գիտե՞ս, Կուպ, որ եթե անգամ կրակես ուղիղ գլխիս, ես միևնույն է կհասցնեմ կտրել այս հրաշք պարանոցը և…
- Կգնաս այդ հեքիաթը տատիկիդ կպատմես, հիվա՛նդ անասուն, - սառը ձայնով ասաց Բլեքն ու նշան բռնելով՝ կրակեց Գրքասերի ուղիղ գլխին, ականջից փոքր-ինչ վերև:
Դանակն ընկավ մարդասպանի թուլացած ձեռքից և նա հնձված խոտի պես փռվեց բետոնե հատակին:
- Հայրիկ, - թուլացած ձայնով շշնջաց Բեքին, - հայրիկ…
Բլեքը ոտքի կանգեցրեց աղջկան և գրկեց, ամուր և քնքուշ, այնպես, ինչպես դեռ երբեք չէր գրկել:
Հետո ազատեց նրան կապանքներից ու մոտեցավ Նատալիին:
- Դետեկտիվ, - թույլ ժպտաց աղջիկը:
- Դու ինձ երկար ու մանրամասն բացատրություն ես պարտք, Նատալի, - նրա կապերն արձակելով բարկացած ասաց Բլեքը, - թե օրինակ ինչ գրողի տարած գործ ունես այստեղ:
Նատալին ժպտաց և մոտենալով Բեքիին՝ գրկեց նրան:
- Ամեն ինչ վերջացած է, Բեքի, վերջ… լաց մի լինիր, փոքրիկ...

Քիչ հետո տեղ հասած Մայքը, իրեն մեղավոր զգալով, որ այնուամենայնիվ ուշացավ, օգնեց Բլեքին, որ Բեքիի ու Նատալիին նստեցնի մեքենան:
Հետո վերադարձան Կուպերի դիակի մոտ:

- Մերոնց ասել եմ, Մարվ, միասին դուրս եկանք, շուտով այստեղ կլինեն…ես շատ արագ էի քշում, - մեղավոր ժպտաց Մայքը:
Բլեքը նույնպես ժպտաց:
- Կուպերի գրած գիրքը վերցրեցի՞ր, Մայք:
- Վերցրել եմ:
- Ես այն պետք է կարդամ: Ամբողջությամբ:
- Վերջին գլուխը երևի մենք պետք է գրենք, հա՞: Անվանենք ասենք “Գրքասերի Մահը”, - քմծիծիաղով ասաց Մայքը:
- Մենք գրականությունից հեռու մարդ ենք: Թող յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, Մայք.- ասաց Բլեքը` Կուպերի դանակը պոլիէթիլենի մեջ տեղավորելով:

Հեռվից լսվում էր ոստիկանական մեքենաների ազդանշաների մոտեցող վայնասունը:

Chuk
19.09.2009, 23:52
Դեռ կարճ կասեմ, որ ամեն հատվածին սպասում էի անհամբերությամբ ու կարդում կլանված: Որ գործը այնքան լավն էր, որ ստիպում էր իր մասին մտածել:

Իսկ ավելի մանրամասն կգրեմ ամբողջական, այլ ոչ թե օրական մի հատված, կարդալուց հետո: Ի դեպ սա էլ է գնահատական, որ ստեղծագործությունն ուզում եմ նորից կարդալ :)

murmushka
20.09.2009, 21:39
շնորհկալույթուն Լիլ ջան, իրոք մի շնչով կարդացվում էր յուրաքանչյուր բաժինը, ստիպում սպասել հաջորդին
հիանալի հոգեբանակն խաղ, լավ պատկերավոր կերպարներ ու հիանալի տեսարաններ, ամեն ինչ չափից դուրս իրական էր...
անկեղծ ասած նույնիսկ ափսոսում եմ, որ կարճ էր պատմվածքը. չնայած միաժամանակ շատ էի ուզում նաև իմանալ վերջը;)

Ջուզեպե Բալզամո
20.09.2009, 22:31
Գալ ջան, վատ չէր: Կպած պահեցրիր գործիդ: Որպես դյուդյուկտիվի առաջին փորձ ամենևին էլ վատ չէր: Ուղղակի, կարծում եմ, որ ընթերցողին ավելի շատ համոզելու համար ճիշտ կլինի դեպքերը զարգացնել քեզ առավել հարազատ ու ծանոթ միջավայրում: "Գրքասերը" մի այլ աշխարհի մասին էր, էդ աշխարհը քո տպավորությունների ծնունդ է, քո կարդացած գրքերի, դիտած ֆիլմերի վրա է հենված: Դա թուլացնում է պատմություն պատմողի քո դիրքը, բարդացնում ընթերցողիդ հետ կառուցելիք կապը… դեդեկտիվը դժվար ժանր է, ընթերցողին անընդհատ շուշաթղթելու հմտություն է պահանջում: Դրա համար շատ ինֆորմացիա է հարկավոր կյանքի, բարքերի, գործելակերպերի, լեզվական ոճերի մասին: Իսկ էտ ինֆորմացիան կարծում եմ քեզ շրջապատող աշխարհից կունենաս: Մյուս գործդ էտ աշխարհում սարքի, սպասում եմ ;)

Գալաթեա
20.09.2009, 22:44
Գալ ջան, վատ չէր: Կպած պահեցրիր գործիդ: Որպես դյուդյուկտիվի առաջին փորձ ամենևին էլ վատ չէր: Ուղղակի, կարծում եմ, որ ընթերցողին ավելի շատ համոզելու համար ճիշտ կլինի դեպքերը զարգացնել քեզ առավել հարազատ ու ծանոթ միջավայրում: "Գրքասերը" մի այլ աշխարհի մասին էր, էդ աշխարհը քո տպավորությունների ծնունդ է, քո կարդացած գրքերի, դիտած ֆիլմերի վրա է հենված: Դա թուլացնում է պատմություն պատմողի քո դիրքը, բարդացնում ընթերցողիդ հետ կառուցելիք կապը… դեդեկտիվը դժվար ժանր է, ընթերցողին անընդհատ շուշաթղթելու հմտություն է պահանջում: Դրա համար շատ ինֆորմացիա է հարկավոր կյանքի, բարքերի, գործելակերպերի, լեզվական ոճերի մասին: Իսկ էտ ինֆորմացիան կարծում եմ քեզ շրջապատող աշխարհից կունենաս: Մյուս գործդ էտ աշխարհում սարքի, սպասում եմ ;)

Շնորհակալ եմ, Ջուզեպպե, կարծիքի համար։
Էդ լոկալիզացիոն պահով ինձ էլի են ասել...էն կռիս Չուկը :beee,/:)/ որ ավելի լավ էր՝ մեր իրականութկունում դեպքերը ծավալեի։
Ճիշտ ես, հիմնվել եմ պատկերացումներիս, կարդացածներիս ու տեսածս ֆիլմերի, դե ու մեկ էլ երևակայությանս վրա։
Բայց էսպիսի մի պահ կար :)
ինձ մոտ առաջին հերթին ձևավորվել էր հենց Կուպերի կերպարը։ Սպանելու իր մոլուցքը, արյունից սեռական հաճույք ստանալու պաթոլոգիան, գրքերի հետ այդ ամենը կապելու տարօրինակությունը...ու ես ոչ մի կերպ այդ հերոսին հայ չէի պատկերացնում :)
Նա մեր կուլտուրայից, հասկացություններից դուրս կերպար ա։ Իմ կարծիքով։
Եթե ասենք, հայ էլ լիներ՝ ուրեմն նման ձևով սպանելն ու նման պաթոլոգիաներն էլի դրսի ազդեցություն պետք է լինեին իր վրա։ Դրա համար էլ զոռով չբերեցի Հայաստան։

Իսկ հաջորդը...եթե ռիսկ անեմ գրել, արդեն տարածաշրջանային կլինի ;)

Dayana
20.09.2009, 22:51
Իսկ հաջորդը...եթե ռիսկ անեմ գրել, արդեն տարածաշրջանային կլինի ;)

Լիլ, հաջորդն անպայման պիտի լինի, բայց պայմանով, որ Բեքիի վրա փորձեր չարվեն: Ամբողջ ընթացքում սպասում էի, որ հանկարծ Բեքին չմեռնի: Առաջին անգամ եմ դետեկտիվ կարդում ու եթե էլ չգրես, վերջինը կլինի: Վերջինը չի լինի չէ? ;)
Անկախ նրանից դետոկտիվ ես գրում թե դրամա, ամեն հատված անգիր եմ անում` մինչև նորի տեղադրելը, ու կարծում եմ, ես միակը չեմ:
Ինչպես կասեր մմի ծեր հրեա` դա ինչ-որ բան ասում ա:

Ջուզեպե Բալզամո
20.09.2009, 23:01
"Բեյսիք ինսթինքթ"-ը տենց հիվանդ արարծի մասին հուշած կլինի ;)
Ու շատ լավ ես արել, որ Կուպերին Հայաստան չես բերել՝ սվոիխ ուռոդով խվատաետ:
Ռիսկ արա Գալ, եթե քեզ անծանոթ աշխարհից էսքան բան նվիրեցիր մեզ, կարելի ա պատկերացնել թե ծանոթից ինչ կքաղես …

Ֆոտոն
22.09.2009, 02:01
Ինչպես խոստացել էի, կարդացի մի շնչով, երկու օրում ամբողջը: (Գալը գիտի, որ հերոսների անունները մոռանում եմ, հատվածաբար կարդալիս բան չեմ հասկանում:;))
Վերջին մի քանի մասում լարվածությունը շատ էր, ու դա հաճելի էր: Որպես իմ կարդացած առաջինն այս ոճում՝ դուրըս եկավ: :)

Հ.Գ.Հաստատ էլի պիտի գրես: Ուժերդ հավաքի՛ր: :P

Gayl
14.12.2009, 05:42
Շնորհակալ եմ շատ լավն էր,երևի մի ժամ չքաշեց:)

Mark Pauler
13.02.2010, 13:21
Շատ հետաքրքիր պատմվածք է!!!
Յուրահատուկ լեզու ու ոճ ունեք!!!
Անհամբեր կսպասեմ շարունակությանը!!! :B