Աչքերս բացեցի` միայն երբ մարմնիս ամենատարբեր մասերում դադարեց զարկերակվել հաճույքի հոսանքը:
Ծնկներս արդեն ցավում էին. տեսնես վաղուց էր` այդ դիրքում էի: Գիրքը կողքիս էր` 76-րդ էջի վրա բացած: Վրան մուգ բիծ էր: Արյունը…ինչ տաք ու կարմիր էր…
Անժելան չուզեց, որ կարդամ իր մահվան մասին հատվածը: Չուզեց նորից դա լսել: Չհավատաց, որ ինքը գրքի միջի աղջիկն է: Որ ինքը պետք է գրքի Անժելայի պես մեռնի: Որ ինքը հենց գրքի Անժելան է…պարզապես մոռացել է այդ մասին:
* * *
Անժելային առաջին անգամ տեսա գիշերային կաֆեում: Դեռ չէի տեսել, որ որևէ մեկն այդքան գեղեցիկ սուրճ մատուցի: Ներկայացա, ասացի, որ լավ անուն ունի(կրծքին ամրացրած անվանաքարտին գրված էր): ժպտաց:
Հաջորդ օրն էլ էի այնտեղ: Նստած գիրքն էի կարդում իր մասին: Մոտեցավ, հարցրեց` ինչ եմ կարդում: Ասացի, որ Բեն Հարդին իր մասին շատ գեղեցիկ վեպ է գրել: Խոստացա տալ իրեն, որ կարդա: Ուրախացավ:
Մեկ շաբաթ անց այգում նստած քննարկում էինք: Ասաց, որ շատ խորը գիրք էր, թեև Անժելայի մահվան տեսարանը դաժան է եղել: Լաց լինելու աստիճան:
Նայեցի ուղիղ աչքերին ու ասացի, որ ինքը մի օր ավելի լավ կզգա այդ տեսարանը: Ու ամեն ինչ անմարդկային գեղեցիկ կլինի:
Չհավատաց:
* * *
Անտառում լռություն էր: Եթե ես քիչ առաջ Անժելային սպանած չլինեի` ինչպես գրքում, կլսվեր նաև նրա զարկերակը: Հիմա միայն իմն էր լսվում:
Եվս մեկ անգամ շոյեցի նրա սլացիկ, արդեն սառչել սկսող պարանոցը:
Լավն էր Անժելան…տաք էր, իր արյան պես: Ինձ էլեկտրականացրած ու թուլացրած հաճույքի պես…
Մեքենայից հանեցի բահն ու անցա գործի: Կարևորը` թաղել որքան հնարավոր է խորը: Գիրքը հետը թաղեցի:
շարունակելի
Էջանիշներ