PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրքանման 2. Անգլիա



StrangeLittleGirl
06.03.2009, 19:31
Ես Ծովին խոստացել էի, որ Անգլիայի ճամփորդական նոթերս մի օր կհարապարեմ: Ու թեև ավելի քան մի տարի է անցել այդ ժամանակվանից, ես որոշել եմ խոստումս կատարել: Ի տարբերություն «Գրքանմանի» (http://www.akumb.am/showthread.php?t=12538), ժամանակի քիչ լինելու պատճառով այստեղ չեմ հասցրել տեսակավորել տպավոորություններս, և բոլոր նշումներս օրագրային բնույթ են կրում: Չնայած որոշել էի հետագայում զբաղվել դրանց մշակմամբ, բայց հետո մտածեցի՝ սա էլ իր համն ու հոտն ունի:


Օր առաջին. Պրահա 02/02/08
Գուցե տարօրինակ թվա, որ Անգլիայի ճամփորդությանս մասին գրում եմ Վան Գոգի նկարներով տետրի մեջ: Բայց երբ ճամպրուկներս դասավորելիս հարմար օրագիր էի փնտրում, նկատեցի, որ բոլոր տեսեակի դատարկ տետրերն Ամստերդամն էին հիշեցնում: Ես էլ որոշեցի ընտրել այդ քաղաքի հետ ամենաքիչ կապ ունեցողը՝ Վան Գոգի նկարներովը: Չնայած այս ամենին, Ամստերդամը շարունակում է մնալ իմ ամենասիրելի քաղաքը, և աշխարհի յուրաքանչյուր անկյունում էլ պիտի գտնեմ որևէ իր կամ պատկեր, որ ինձ Ամստերդամը կհիշեցնի:
Գիտեմ, որ Լոնդոնն էլ եմ սիրելու: Երբ տուն գամ, գուցե կարոտով հիշեմ այս օրերն ու ընդհանրապես չափսոսամ, թե ինչ զոհեցի հանուն այս ճամփորդության:
***
Հայաստանից սկսում եմ զզվել այն ժամանակ, երբ հայտնվում եմ օդանավակայանում: Այդ ժամանակ մոռանում եմ տնից դուրս գալիս տեսածս աստղազարդ երկինքը, որն ասես գնդաձև վարագույր լինի, տաքսու մեջ մորս բռնած ձեռքս, որով ասես ուժ էր տալիս իր փոքր-ինչ վախեցած դստերը: Նայելով շուրջս՝ երազում եմ մի օր այդ ճամփով գնալ ու վերադառնալ որպես հյուր: Ասենք, ո՞վ եմ ես Հայաստանում ընդհանրապես: Մինչև հիմա էլ այդ հասարակության լիարժեք անդամ ինձ չեմ զգում: Թվում է՝ երկարատև այցելության եկած մի աներես հյուր եմ, որը համառորեն չի ուզում վերադառնալ իր արմատներին: Իսկ որտե՞ղ են դրանք: Երևի իմ ծնվելու օրն ուժեղ փոթորիկ է եղել, և արմատներս այս ու այն կողմ են ցրվել: Իսկ հիմա, գնալով երկրից երկիր, փորձում եմ հավաքել դրանք: Բայց, չգիտես ինչու, Հայաստանում չեն աճում, և ես շարունակում եմ որոնել:

Իսկ օդանավակայանում… գավառացի հայ ուղևորներ, որոնց ոչ մի կերպ չեմ կարողանում տեղավորել եվրոպական որևէ երկրում: Երևի նրանց հարազատները հաջողացրել էին ինչ-որ կերպ քաղաքացիություն «կպցնել», հիմա էլ մյուսներին են հրավիրում իբր մի քանի ամսով, բայց իրականում՝ տարիներ շարունակ առանց անձնագրի եվրոպական այս կամ այն երկրում նստելու:

Հայացքս գցեցի ուղևորներից մեկի ձեռքի պայուսակին: Այն սև «Ադիդասներից» էր, որոնցով մեր դասարանի տղաները դպրոց էին գալիս, երբ դեռ պայուսակ բռնում էին կամ դասերին հաճախում էին: Շղթան քաշած չէր. այնքան բան կար մեջը ճխտած, որ պայուսակը փակելը պարզապես հրաշք կլիներ կամ էլ ծանր հետևանքներ կունենար հայ ժողովրդի համար: Ամեն ինչ տեսած ազգ ենք, պայթյունն էր պակաս մնացել: Իսկ պայուսակի բացվածքից մի հին գծավոր, մոխրագույն կոստյում էր երևում: Դրանից պապիկս էլ ունի: Նրա միակ տոնական հագուստն է: Երբ տեսնում ես դրանով ու սափրված, մազերն էլ՝ թրջած-սանրած, իմացիր, որ որևէ մեկի տուն հյուր է գնում:

Անձնագրի ստուգումն անցնելու հերթի մեջ հետաքրքիր դեմքեր էի փնտրում, բայց բոլոր փորձերս ապարդյուն անցան. շուրջբոլորս կա՛մ փախստական դեմքեր էին, կա՛մ հաստափոր տղամարդիկ, կա՛մ բարձրահասակ արտասահմանցիներ:

Իսկ անձնագրի ստուգումն անցնելիս, չգիտես ինչու, հարցերը ռուսերեն էին տալիս: Նույնիսկ այն ժամանակ, երբ ձևացրի, թե չեմ հասկանում, այդ կինը համառորեն չանցավ հայերենի: Ստիպված սկսեցի պատասխանել հարցերին, բայց առանց ռուսերեն որևէ բառ ասելու:
- Դուք ընդհանրապես ռուսերեն չե՞ք խոսում,- հարցրեց իր լեզվով:
- Ո՛չ,- պատասխանեցի, մինչ անձնագրիս մեջ կկարդար. «Ծննդավայրը՝ Ռուսաստանի Դաշնություն»:

Ես ինձ արհամարհված ու ստորացված էի զգում: Ինչու՞ պետք է իմ հայրենիքը համարվող երկրում թույլ չտան մայրենի լեզվով խոսել, իսկ երբ իմանան, որ ռուսերեն չգիտեմ, խղճահարությամբ լցվեն իմ հանդեպ: Միակ բանը, որ ինձ կապում է Հայաստանին, հայերենն է: Ես դրա երկրպագուն եմ: Այդպիսին է իմ դաստիարակությունը: Սովորել եմ պահպանել այն ցանկացած տեղում, հատկապես երբ փորձել են տրորել, արհամարհել: Իսկ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունն ուղղակի ծիծաղելի է թվում: «Այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանձ»: Ախր լեզուն երեկ կամ այսօր չեն հանձնում: Այն ապրում է մեր գեներում, մեզ հետ է մինչև մեր ծնվելը: Հիշում եմ՝ մի ժամանակ դրանից զրկվելու վտանգի տակ էի: Ապրում էի Պրահայում, մտածում անգլերեն, բայց հոգատար տատիկս չէր զլանում և հայերեն գրքեր էր ուղարկում: Հետո, երբ վերադարձա Հայաստան, և երկու ամիս անց ավելի շատ հայերեն գիտեի, քան համադասարանցիներս, հասկացա, որ ինձ մոտ լեզվի գենը դոմինանտ հոմոզիգոտ է և դրսևորվում է ամբողջ ուժով: Հանգամանքների բերումով հենց հիմա Պրահայում եմ ու գրում եմ հայերեն, ոչ թե անգլերեն, որը համառորեն ուզում է ճնշել մայրենիս ու երբեմն կարողանում է, երբ հայերեն ասելիքս սպառվում է:

Եվ այդ կինն ուզում էր, որ ես իրեն հարմարվեմ: Ասենք, նրա ռուսախոսությունը մեղադրելի չէ. badge-ի վրա (հազար ներողություն, հայերեն բառը չգիտեմ) ռուսական ազգանուն տեսա: Բայց դա նրան չի արդարացնում. նա՛ է իմ երկրում, ոչ թե ես՝ նրա: Ինչու՞ պետք է ես հարմարվեմ:

շարունակելի

freethinker
06.03.2009, 20:17
:love

StrangeLittleGirl
06.03.2009, 21:13
Օր առաջին (շարունակություն)
Առաջ անցա: Դեռ «Գրքանմանում» մոռացել էի նշել, որ «Զվարթնոցի» նոր տերմինալն իր ոճով շատ նման է եվրոպական օդանավակայաններին, բայց դա միայն արտաքին տեսքն է: Եթե ավելի ուշադիր լինես, կնկատես Duty Free-ում աշխատող որոճացող աղջիկների թարս հայացքները քեզ վրա, որոնք այնքան են ալարել շարժվել, որ հետույքները հաստացել են: Ավելին՝ եվրոպացի ժպտերես աշխատողների նման հարցերիդ բարեհամբույր տոնով պատասխանելու կամ հանգիստ շրջելու հնարավորություն տալու փոխարեն հայացքները վրայիցդ չեն կտրում, ուշադիր հետևում են բոլոր գործողություններիդ, ասես եթե գողություն անես, փախչելու տեղ ունես:

Թեև մինչև թռիչքը դեռ 25 րոպե կար, և հաճելի կլիներ հնարավորինս երկար թարմ օդ շնչել ու շրջել խանութներում, այդ աղջիկների պատճառով ես նախընտրեցի ինքնաթիռում սպասել:

SMS եկավ: Մայրս գրում էր. «Բարի գալուստ Պրահա, բարի թռիչք Լոնդոն, ձագուկս»:

Իսկ ինքնաթիռ նստելիս բազմաթիվ զույգեր տեսա՝ կազմված չեխ տղամարդկանցից և հայ աղջիկներից: Նրանցից մեկը երջանկությունից փայլում էր: Երևում էր՝ պատճառը ոչ թե սերն էր (եթե դա ընդհանրապես կար), այլ այն, որ այդ կապուտաչյա տղայի շնորհիվ վերջապես Հայաստանից ծլկում էր: Նրա սուր ծայրերով սև բարձրակրունկները վկա:

Ինքնաթիռում հարևանիս հարցում ինչպես միշտ բախտս չէր բերել. կողքիս տեղը դատարկ էր, իսկ պատուհանի մոտ մի տղա էր, որի ազգությունն այդպես էլ չէի կարողանա որոշել, եթե քիթը չմատներ: Երևում էր՝ հոգնած էր, որովհետև ինքնաթիռը դեռ չէր շարժվել, երբ աչքերը փակեց: Կարծում եմ՝ իմ մեղքն էլ կար, որ մենք չշփվեցինք, որովհետև նստելս, տետրս բացելս ու գրելս մեկ եղավ, իսկ նա քնելուց առաջ թաքուն հայացքներ էր գցում ու փորձում հասկանալ, թե այդ ինչ շտապ ասելիք ունեմ, որ առանց շուրջս նայելու որոշեցի թղթին հանձնել:

Նման հանգիստ և աննկատ թռիչք երբևէ չեմ ունեցել: Ընդհանրապես չեմ հասցրել ձանձրանալ: Համարյա ամբողջ ընթացքում քնել եմ, իսկ ուղեկցորդուհիների հետ փորձում էի չեխերեն խոսել, սակայն դա կարծես նրանց այնքան էլ չէր ոգևորում, որովհետև ինձ պատասխանում էին կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն:

Քնից արթնացա, և ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարում. հասնում էի Պրահա: Վերևից նայում էի լույսերի մեջ թաղված քաղաքին: Մի խենթ միտք էր ծագել. ուզում էի պատուհանից տեսնել այն տունը, որտեղ ապրել ենք մի ժամանակ:

Իմ այցելած բոլոր քաղաքները տարբեր ձևով եմ սիրում: Պրահան ինչ-որ տեղ տան նման է: Չէ՞ որ Երևանից հետո ամենաերկարն այնտեղ եմ ապրել: Վստահ եմ, որ եթե այդ մեկուկես տարին չլիներ, ես այսօր ուրիշ մարդ կլինեի: Ես այնտեղ… Այնտե՞ղ… Չէ՛, այստեղ (չէ՞ որ հիմա Պրահայում եմ) ձևավորվել եմ, կոփվել, հղկվել: Հիշողություններս շատ վառ են ու քաղցր: Մի օր գուցե նստեմ ու Պրահայի մասին առանձին գրեմ: Բայց վախենամ՝ օրերս չհերիքեն:

Պրահայի օդանավակայանում պետք է վեց ժամ մնամ: Որքա՜ն եմ ափսոսում, որ վիզա չունեմ և չեմ կարող դուրս գալ քաղաքում շրջելու: Բայց այստեղ էլ զգում եմ նույն հարազատությունը, մանկությանս շունչը: Գիտեմ՝ մի օր էլի կշրջեմ Պրահայի փողոցներում:

Հետաքրքիր է՝ ժամանակին ձգտում էի գնալ այնպիսի քաղաքներ ու երկրներ, որտեղ երբևէ չէի եղել, իսկ հիմա ուզում եմ վերադառնալ նույն տեղերը, քայլել նույն ճամփաներով, փնտրել նորերը: Բայց այդ քաղաքները չորսն են. Պրահա, Ամստերդամ, Վիեննա, Փարիզ: Հուսով եմ՝ Լոնդոնն էլ կմտնի այդ շարքի մեջ:

Ու ես նստեցի սրճարանում, ինչպես ծրագրել էի, մի բաժակ կապուչինո պատվիրեցի և սկսեցի գրել: Արդեն երկու ժամ անցել է: Հիանալի է: Միայն թե մյուս չորսն էլ այսպես արագ թռչեն, և ես քնելու մասին այլևս չմտածեմ:

Ընդհանրապես, երբ տրանզիտով եմ թռչում, առաջին օդանավից իջնելուց քիչ անց հայերի հետքը կորցնում եմ: Երևում է՝ Պրահայի օդանավակայանում թռիչքներն ուշ-ուշ են, որովհետև այս երկու ժամվա ընթացքում շատ հայեր գնացին-եկան: Իհարկե, նրանք իմ ազգության մասին պատկերացում չունեին, որովհետև նստել էի միայն կրոնով սպասարկվող սրճարանում, բարձրակրունկների փոխարեն հարմար կոշիկներով էի, մազերս երկու հյուս էի արել ու խանութներում ժամերով պտտվելու փոխարեն նստած գրում էի:

Քիչ առաջ մի հայ բարձր-բարձր մեկի հետ էր խոսում, որի ասածներից միայն «սասիսկի» բառը որսացի, որովհետև մի քանի անգամ կրկնեց: Հետո այդ հաստափոր մարդը շալվարի հետևի գրպանից հանեց նույնքան հաստափոր դրամապանակը և մտավ ժամացույցների խանութ:

Իսկ ես վայելում եմ հեռուստացույցով հնչող երաժշտությունը, տաք կապուչինոն և նոր բացվող առավոտը:

Արդեն զգում եմ ժամանակի բացը: Մի՞թե երեկ էր, երբ տատիկիս տանը հավաքվել էինք ես, հորաքույրս, նրա երեք դստրերը, թոռնուհին: Ո՛չ, դա երեկ չէր, ոչ էլ մի շաբաթ առաջ, այլ ժամանակի ինչ-որ անորոշ հատվածում, որը կտրվել է ինձնից տարածության պատճառով: Բայց դեռ հավատալի չէ, որ հենց վաղն եմ Մարիային տեսնելու, որովհետև տարածության կտորը դեռ չի ամբողջացել, որ իր մեջ մտցնի ժամանակի կտորը: Ու Երևանում գտնվող մարդիկ երբե՛ք-երբե՛ք չեն հասկանա, թե ինչպես է ստացվում, որ ես տասը օրում այդքան կարոտում եմ: Նրանք շարունակում են ապրել իրենց սովորական կյանքը ու չգիտեն, որ տարածությունը ժամանակը մեծացնում է, տարածությունն ինքն էլ կարոտ առաջացնելու հատկություն ունի և ընդհանրապես կարոտի համար կոնկրետ ժամանակ չկա. կախված հանգամանքներից կարող է մեկը օրը կամ տարին մեկ ստիպել, որ կարոտես կամ ոչ: Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, այս 10 օրերի ընթացքում մոռանալու եմ բոլորին ու ամեն ինչ և պարզապես վայելելու եմ կյանքը:

Լոնդոն

Երևանում մեքենաների խցանումներ են լինում, Ամստերդամում՝ մարդկանց, իսկ Լոնդոնում՝ ինքնաթիռների: 10-15 րոպե ստիպված էինք օդի մեջ պտույտներ անել՝ մինչև ճանապարհը կազատվեր: Իսկ երբ եկավ իջնելու ժամանակը, նկատվեց Լոնդոնին բնորոշ հատկանիշներից մեկը. ամպեր, էլի ամպեր, նորից ամպեր, որից հետո երևաց քաղաքը: Մեծը հասկացանք, բայց ա՞յդ աստիճանի, երբ անգամ վերևից անծայրածիր էր թվում:

Ինձ դիմավորելու էր եկել Լինդընը, որն ինձ նման հինգերորդ կուրսի ուսանողուհի էր:
- Լոնդոնում ամեն ինչ շարժվում է,- ասաց նա, երբ ես կանգնած էի, և մի մարդ ներողություն խնդրելով անցավ:
Իսկապես, շարժումը հենց ինքը Լոնդոնն էր:

Ես ու Լինդընը մետրոյով տուն եկանք: Լավ էր, որ երբեմն թունելից դուրս էր գալիս, և կարող էի շուրջս նայել: Շարքերով հավասար կանգնած կարմիր կտուրներով մի քանի հարկանի տներ էին… Անվերջ, անընդհատ: Երբ դրանք վերջացան, կանաչ տարածություններ տեսա ու զարմացա: Հետո հիշեցի, որ երբ Փարիզի ձմեռային կանաչությունն ինձ զարմացնում էր, ասում էին. «Բա որ Լոնդոնը տեսնես»:

Ապրելու էի հանրակացարանանման մի բնակարանում: Խոհանոցը, լողարանը, զուգարանն ու հյուրասենյակն ընդհանուր էին, բայց տան յուրաքանչյուր բնակիչ ուներ իր առանձին սենյակը: Լինդընն իրենն ինձ էր զիջել, ինքը տեղափոխվել հյուրասենյակ:

Մոտ երեք ժամ քնելուց հետո Լինդընի հետ գնացի նրա ընկերների՝ Թիմի ու Քեթիի տուն ճաշելու: Նրանք ամուսիններ չէին, ազգականներ չէին, սիրեկաններ չէին: Պարզապես միասին նույն տանն էին ապրում: Երկու կատու ունեին՝ շեկ ու սպիտակ, մարդամոտ Սիսըլին և սև, ագրեսիվ Փարսլին: Վերջինս «Ես շաքարախտ ունեմ, ինձ չկերակրեք» գրությամբ վզկապ էր կրում: Քեթին բացատրեց, որ իրականում կատուն առողջ է, պարզապես գեր է: Դրա համար վզկապն ամրացրել են, որ ուրիշները չկերակրեն:

Տանը բազմաթիվ մոմեր էին վառված: Բոլորը ոտաբոբիկ էին քայլում, ինչպես Լինդընի բնակարանում: Միայն մեզնից մի քիչ հետո ժամանած մալազիացյի Ալվինը կոշիկները չէր հանել, բայց երբ բարձրացանք վերևում կառուցված նոր սենյակը տեսնելու, Քեթին Ալվինին պարտադրեց կոշիկները հանել, որ նոր գորգը չփչացնի:

Մինչ տղամարդիկ՝ Թիմն ու Ալվինը, խոհարարությամբ էին զբաղված, ես, Քեթին ու Լինդընը զրուցում էինք: Պարզվում է՝ առավոտյան Քեթին, Ալվինը ու էլի ինչ-որ մեկը 15 մղոն վազել էին, և ամբողջ խոսակցությունը դրա մասին էր:

Թիմի պատրաստած կերակուրը, որի անունն այդպես էլ չհիշեցի, շատ համեղ էր: Կուշտ ստամոքս, կիսամութ սենյակ, լարված օր… Իհարկե քունս կտաներ: Լինդընն էլ պակաս հոգնած չէր: Շուտով տուն գնացինք:

Առաջին օրը պրծավ:
Շարունակելի

StrangeLittleGirl
28.08.2009, 00:47
Քանի որ սեղմել-կրճատել եմ, մաղով անցկացրել, որոշեցի այլևս ըստ օրերի չտեղադրել: Բավական փոքր բան ստացվեց: Ուղղակի շարունակությունը մաս-մաս կտեղադրեմ:

Շարունակություն
Պարզվում է՝ Լոնդոնի խցանումները միայն երկնքում չեն, ամենուր են. փողոցներում, մետրոյում, խանութներում: Աջակողմյան երթևեկությունը փոքր-ինչ շփոթեցնող է: Անգամ մետրոյի գնացքը թվում է՝ թարս է գնում: Բայց ամեն քայլափոխին փակցված գրություններն ամեն ինչ ծամում, դնում են բերանդ: Մետրոյում կնկատես "Mind the gap between the train and the platform" գրությունը: Էլ չեմ ասում, որ յուրաքանչյուր անցումումգետնին գրված է "Look Right" կամ "Look Left", դեռ մի բան էլ սլաքով ցույց է տրված ուղղությունը:

Լոնդոնում ես ինձ օտար չզգացի, բայց ոչ մի դեպքում այնտեղ չէի ապրի: Չհասկացա, թե որն էր տեղացի զգալուս պատճառը: Իհարկե, մի քիչ անսովոր էր, որ օտար երկրում եմ, բայց լեզուն հասկանում եմ: Բայց քաղաքն ինքը բնավ նոր չէր ինձ համար. ասես էլի էի եղել այնտեղ: Գուցե պատճառն այն էր, որ շատ նման էր եվրոպական մյուս քաղաքներին: Մինչև հիմա միայն Ամստերդամն է մի քիչ ուրիշ թվացել, չնայած եթե ասեմ ճարտարապետությունը շատ էր տարբերվում, կսխալվեմ:

Իմ մանկության ընկերուհու՝ Մարիայի հետ ժամդրավայրն այնքան հեշտ գտա, որ ասես առաջին անգամ չէի այնտեղ գնում: Մենք իրար հազիվ ճանաչեցինք: Չնայած դրան, հավատս չէր գալիս, որ վերջին անգամ չորսուկես տարի առաջ ենք հանդիպել:

Օգտվելով առիթից, որ Լոնդոնը դեռ չեմ տեսել՝ առաջարկեց զբոսնել քաղաքով: Էդպես հերթով անցնում էինք Լոնդոնի բոլոր տեսարժան վայրերի կողքով, հետաքրքրվում միմյանց կյանքերով, հիշում մեր մանկությունը:
- Էվային վաղուց չեմ տեսել,- ասաց (Էվան մեր երրորդ ընկերուհին էր),- մի տարի կլինի:
- Ես ավելի վաղուց չեմ տեսել,- ծիծաղեցի,- տասներկու տարի կլինի:

Երբ արդեն չէր մնացել ոչ մի տեսարժան վայր, որի անունը գրված չէր հայկական դպրոցների անգլերենի դասագրքերի "London" կոչվող տեքստում, թեքվեցինք, քայլեցինք Թեմզայի ափով: Այնտեղ բազմաթիվ դերասաններ զանազան կապիկություններ անելով փող էին աշխատում:

Եղանակը լավն էր, չնայած Մարիայի ու մյուսների պնդմամբ բավական ցուրտ էր: Ամեն դեպքում, իմ ձմեռային վերարկուի փոխարեն աշնանային կուրտկա էի հագել ու չէի մրսում: Ավելին՝ դեռ մի բան էլ արև կար, ինչը տեղի բնակիչների պնդմամբ և իմ գիտելիքների համաձայն հազվագյուտ երևույթ էր Լոնդոնում:

Երբ սովածացանք, մտանք խանութ սենդվիչ գնելու: Այստեղ էլ էր խցանում. որպեսզի կարողանաս ուզածդ սննդամթերքին մոտենալ, պիտի սպասես:

Սենդվիչս այծի պանրով ու սև սոխով էր: Բայց վերջինիս սոխությունը միայն նրանում էր, որ ատամի տակ խրթխրթում էր: Անգամ համը քաղցր էր, իսկ գույնը համապատասխանում էր անվանը: Ու եթե մի օր աշխարհի որևէ անկյունում այծի պանրով ու սև սոխով սենդվիչ ուտեմ, անպայման Լոնդոնը կհիշեմ:

Լոնդոնը կհիշեմ նաև Կաֆկայի շնորհիվ, չնայած նրա անունը Պրահայի հետ է կապված: Ես կկարդամ ամեն առավոտ, երբ կնստեմ մետրո, որ հասնեմ CMF-ի գրասենյակ՝ սեմինարների: Կկարդամ նաև հետդարձի ճամփին, և աշխարհում գուցե միակ մարդը կլինեմ, որը Կաֆկա ասելիս Լոնդոն կպատկերացնի:

Չնայած Լոնդոնը ստանդարտ եվրոպական քաղաք է, պետք է նշեմ, որ ամեն ինչից շատ-շատ կա: Ճարտարապետությանը նայելիս թվում է՝ Ամստերդամում ես: Մի պահ զայրանում ես, որ գողացվել է քո սիրելի քաղաքից, բայց հետո հիշում ես, որ իրականում Ամստերդամի շենքերն են անգլիականներին նման:

Եվրոպական նեղլիկ փողոցներ կան ինչքան ասես, ավելի շատ, քան ցանկացած այլ քաղաքում:

Ձմեռ օրով կանաչ կա ու այնքան շատ, որ թվում է՝ գարուն է:

Ու բոլոր քաղաքների պես Լոնդոնի միջով գետ է հոսում, որն ավելի լայն է, ավելի շատ, իսկ կամուրջներն իրար մոտ են:

Մետրո կա, որտեղ շատ հեշտ է խճճվելը. աչքդ թարթեցիր, սխալ գնացք ես նստում: Եվ չես հասկանում, թե ինչպես է այդ հսկայական ցանցը կառուցվել:

Ինչպես մնացած եվրոպական մայրաքաղաքները, սա էլ է տուրիստական, բայց ես կասեի՝ տուրիստական մայրաքաղաք: Ամստերդամի մարդաշատությունն էր զարմացնում, բայց Լոնդոնի հետ ոչ մի ուրիշ քաղաք չի կարող մրցել:

Այստեղ էլ, ինչպես Ամստերդամում, փողոցում անվճար թերթեր են բաժանում, բայց նորից ավելի շատ և օրվա բոլոր ժամերին (Ամստերդամում միայն առավոտյան էր):

Կենտրոնում աղավնիներ են շրջում, բայց նույնիսկ Փարիզի Աստվածամոր տաճարի շուրջ պտտվողներն իրենց թվով չեն կարող մրցել Լոնդոնի հետ:
շարունակելի

StrangeLittleGirl
05.07.2010, 14:56
Չեմ հասկանում՝ ինչու չեմ ավարտել էս մեկը :)) Հեսա մնացածն էլ դնեմ, պրծնեմ

---------- Ավելացվել է՝ 14:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:54 ----------

շարունակություն

Սիրում եմ Լոնդոնի օդը, երբ դուրս ես գալիս, ու քեզ թվում է, թե մրսելու ես, բայց միայն գարուն ես զգում: Սիրում եմ դեմքիս փչող սառը օդը և կողքի խանութի քրուասանի թարմ, տաք հոտը, որը քեզ ներս է կանչում: Եվ մտնում ես ներս, խոսքիդ հատուկ ֆրանսիական երանգ հաղորդելով սովորական քրուասան գնում: Ու մի օր վաճառողը չի դիմանում, ասում է, "I love your accent. Where are you from?" Հայաստանը նրան տիեզերքից դուրս պետություն չի թվում, և նա նույն բարձր տրամադրությամբ ինձ հայտնում է, որ խանութի տերն էլ է հայ:

Լոնդոնը նաև տաք քրուասանով ու նրա հոտով պիտի հիշեմ, ինչքան էլ այն ֆրանսիական լինի:

Սիրում եմ Ջերեմի և Էնն Ֆրենքլիններին ու նրանց ջերմ ընդունելությունը: Նայում ես նրանց կնճռապատ դեմքերին և երջանկություն ու սեր տեսնում, թեկուզ ծերացել են: Երազում ես տարիներ անց նրանց պես լինել, քո տուն այսքան հյուրեր ընդունել և սիրով շփվել բոլորի հետ: Երազում ես Լոնդոնի արվարձաններից մեկում գտնվող տան մասին, հետո ուշքի ես գալիս. "Ես Լոնդոնում չեմ ապրի":

Լոնդոնը Ֆրենքլինների ընտանիքի ջերմությամբ պիտի հիշեմ:

Լոնդոնում պետք է զգոն լինես. թեկուզ մեկ վայրկյան աչքդ թարթես կամ հորանջես, սխալ գնացքում, կայարանում, ելքում, փողոցում կհայտնվես, իսկ դա պարզապես ժամանակի ավելորդ կորուստ է: Առանց այդ էլ կենտրոնի մի ծայրից մյուսը հասնելու համար կարող է մի ամբողջ ժամ գնալ քո կյանքից: Լոնդոնցիները լուծում են գտել. ճանապարհին կարդում են: Ես նույնպես, բայց միայն այն ժամանակ, երբ վստահ եմ լինում, որ ճիշտ գնացքն եմ նստել:

Մետրոյով տուն ճանապարհվելիս լսում ես կողքդ նստած Ռութի քնկոտ ձայնը. "Լոնդոնն ուժասպառ անող քաղաք է": Կեսգիշերից քսան րոպե առաջ դուրս ես գալիս մետրոյից և հայտնաբերում, որ այնքան էլ այնտեղ չես ու չես հասկանում, թե ինչու այդպես ստացվեց: Վախենում ես, սարսափում, չես իմանում՝ ինչ անել, մինչև հրաշքով հայտնվում ես քո փողոցում:

Լոնդոնն իր խճճվածությամբ պիտի հիշեմ:

Հետագայում Լոնդոնը պիտի հիշեմ նաև Դալիի ցուցահանդեսով ու նրա հիվանդ երևակայությունով, որն օրեր շարունակ մտքիցս դուրս չէր գալիս:

Իսկ Բրիտանական թանգարանում պտույտը, Աստվածաշնչի հավաստիության փաստերը պարզապես ցնցել էին:

Ամենաշատը ճամփորդելիս եմ սովորում: Այդ գիտելիքը չես համեմատի ոչ մի գրքի կամ հեռուստահաղորդման հետ:

Աբորտի կողմնակիցների ցույցը, հիստերիկան, նրանց խանգարելը, երբ աբորտի դեմ խոսողները հանրահավաք էին անում...

Ու ես իմացա, որ Լոնդոնի հիվանդանոցներում մի սենյակում աբորտ են անում 24 շաբաթական հղիությունը, մինչդեռ կողքի սենյակում ջանք չեն խնայում, որ փրÏեն 24 շաբաթական ծնվածին:

Լոնդոնում չէի ապրի, բայց Երևանում ավելի չէի ապրի:

StrangeLittleGirl
07.07.2010, 01:53
Աշխարհում կան մարդիկ, որոնց գոյության մասին չգիտես, չես էլ մտածում, թե ինչ կյանքով են ապրում: Բայց հանկարծ ինչ-որ մի տեղ հանդիպում ես նրանց, և շուտով դառնում են քեզ հարազատ ու սիրելի: Դու այլևս չես ուզում բաժանվել, բայց երբ ժամանակը լրանում է, ստիպված ես: Հեռանում ես ու չգիտես. երբևէ կհանդիպե՞ս նրանց, թե՞ ոչ: Բայց արդեն գիտես, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են այս մարդիկ իրենց խնդիրներով, արցունքներով ու ծիծաղով: Ժամանակ առ ժամանակ լսում ես նրանց մասին, երբեմն հիշում աղոթելիս:

Սիրում եմ տարբեր երկրներից ժամանած այս բժիշկներին և ուսանողներին: Ոչ մի դեպքում չեմ համեմատի Ամստերդամում ինձ "ընկերակցողների" հետ: Այստեղ մի վայրկյան էլ բացակայես, անմիջապես կնկատեն: Ավելին՝ անունս հենց առաջին օրվանից սովորել են:

Շաբաթվա վերջին մեկնեցինք Սուոնուիքի կոնֆերանսին: Այնտեղ ես ինձ օտար էի զգում, որովհետև կոնֆերանսն ինձ համար չէր, այլ Միացյալ Թագավորության ուսանողների: Մենք՝ տարբեր երկրներից եկածներս, նման ենք մի առանձին կղզյակի:

Աշխարհում կան մարդիկ, որոնց գոյության մասին չգիտես: Երեք օր շարունակ ապրում ես նրանց հետ նույն տարածքում, գուցե հենց կողքի սենյակում քնում, ճաշի ժամանակ նույն սեղանի մոտ նստում, նույն սեմինարին ներկա գտնվում, մեծ դահլիճում կողքի աթոռին նստում, անգամ նրանցից մի քանիսի հետ շոտլանդական պարեր պարում, ոմանց հետ նույն ավտոբուսով ճամփորդում, բայց նրանք շարունակում են մնալ աշխարհի մարդիկ, որոնց գոյության մասին դու չգիտես: Նրանք ունեն իրենց սեփական կյանքը, հաջողությունները, խնդիրները: Կարող էին շատ հանգիստ դառնալ այն մարդկանցից, որոնց գոյության մասին գիտես ու հիշելու ես: Բայց չդարձան...

Անգլիացիները ոչ թե սառն են, այլ անքաղաքավարի, բայց դա ինձ դուր է գալիս. ասում են այն, ինչ մտածում են, ինչ ճիշտ են համարում, ոչ թե հոլանդացիների նման կեղծ ժպիտ նկարում ու փորձում իրենց գործընկերների մասին կարծիքդ զոռով դուրս քաշել: Մի՞թե քաղաքավարությունն անհարկի ձևականությունների հսկայական կույտ չէ:

StrangeLittleGirl
02.08.2010, 12:19
Չնայած բլոգումս սա փակի տակ էի դրել, բայց շատերն ասում էին, որ ամենալավ հատվածն է: Սրանով ավարտում եմ անգլիական պատմությունս:

Նանյամկան՝ տրինիդադցի սևամորթուհին, որը Վրաստանն էր ներկայացնում, արյուն էր թքում: Ես գնացի նրանց սենյակ ու ձեռքս ուսին դրեցի. ուզում էի շուտ լավանա, բայց իմ ընկերակցությունից բացի ուրիշ դեղ չունեի: Չգիտեի, որ հաջորդը ես էի...

Այրվում էի: Աչքերս ցավում էին, արցունք էր հոսում: Լույսը խանգարում էր: Աչքերս փակել էի, ոչինչ չէի լսում: Նանյամկան կողքս էր: Ինձնից շատ լավ վիճակում չէր: Գնաց դեղ բերելու: Ջուր էլ ճարեց: Դա օգնեց, որ մի քանի ժամ լավ զգամ:

Ծանր հիվանդ էի: Իռլանդուհի Լորան ժամանակ առ ժամանակ ձեռքն ուսիս էր դնում ու հարցնում "Are you ok?": Եգիպտուհի Ռիհամն իմ փոխարեն պայուսակս քարշ էր տալիս: Մեր խմբի հայուհիներից մեկը ժամանակ առ ժամանակ ձևականորեն հարցնում էր, թե ոնց եմ...

... Ես նստել էի ճամպրուկիս վրա Լոնդոնի փողոցներից մեկում և արտասվում էի: Արդեն կեսգիշեր էր:

Մենակ էի ու ծանր հիվանդ : Մետրոյում ինչ-որ խնդիրներ էին առաջացել, և ոչ մի գնացք իմ կայարան չէր գնում: Իջել էի, որ ավտոբուս նստեմ: Բայց ո՞րը, որտեղի՞ց: Մոտերքում ավտոբուսի կանգառ չկար: Լինդընին SMS գրեցի: Չհասավ: Էշություն էի արել: Նրա համարն ինձ մոտ գրանցել էի առանց երկրի կոդի, իսկ համարս հայկական էր:

Քանդեցի ճամպրուկս, ավտոբուսների քարտեզը գտա: Բայց դրանից օգտվելու համար պետք է նախ իմանայի, թե որտեղ եմ.. Ու հանկարծ մի կին հայտնվեց՝ սիգարետը ձեռքին:
"It looks like you have the same problem as I do."
Զարմացած նայեցի նրան: Սկսեց պատմել, թե ինչպես չի կարողացել հասնել իր կայարան (նրանն իմից երկու-երեք հատ այն կողմ էր) ու որ հիմա էլ ավտոբուսի փող չունի: Հետո հարցրեց, թե ես ուր պետք է գնամ: Լսելով Համերսմիթի մասին՝ ասաց, որ դա շատ հեշտ է: Բացատրեց ավտոբուսի կանգառ գնալու ճանապարհը: Ասաց, որ ոտքով հինգ րոպեի ճանապարհ է: Մի թղթի վրա էլ գրեց Համերսմիթ գնացող ավտոբուսների համարները: Հետո խնդրեց, որ իրեն ավտոբուսի փող տամ: Ես իմ բոլոր մանրադրամները տվեցի նրան: Եվ դրանից հետո միայն զգացի նրանից փչող ալկոհոլի հոտը...

Եվ ես քայլում էի ու քայլում: Ոչ նրա նկարագրած ոստիկանությունը կար, ոչ կինոթատրոնը: Ճամպրուկս ծանր էր: Իսկ ես հիվանդ էի: Ժամանակ առ ժամանակ կանգնում էի, որ հազամ ու հանգստանամ:

Ես այդպես էլ որևէ ավտոբուսի կանգառ չգտա: Երևի կինն ինձ խաբել էր: Այդ պահին խառնված էի, չնկատեցի: Բայց քայլելուս ժամանակ անընդհատ հիշում էի. ինչու՞ էր ինձ մոտենալիս մետրոյի քարտեզ ուսումնասիրում, եթե նրան ավտոբուս էր պետք: Ալկոհոլի հոտը որտեղի՞ց էր: Ինչպե՞ս կարողացավ այդ խուճուճ ճանապարհներն առանց քարտեզի բացատրել, երբ ինքն էլ չգիտեր, թե ինչ ավտոբուս է նստելու:

Ես ոչինչ չէի կարող անել: Նստեցի այդ անծանոթ տարածքում ու սկսեցի արտասվել, աղոթել: Փողոցներում դատարկություն էր: Ու հանկարծ մի կին ու տղամարդ անցան կողքովս: Կինը հետ նայեց, տեսավ ինձ, հարցրեց. "Are you ok?" Բացատրեցի գլխիս եկածը, իսկ նա առաջարկեց ինձ ուղեկցել մինչև ավտոբուսի կանգառ: Հետո վերցրեց ճամպրուկս, ասաց՝ հոգնած կլինես, ինքը քարշ տվեց: Գարեջուր առաջարկեց, իսկ տղամարդը՝ թխվածքաբլիթ: Հրաժարվեցի. կոկորդս սարսափելի ուռած էր:

Եվ նրանց օգնությամբ ես հասա Համերսմիթ...

Աշխարհում կան մարդիկ, որոնց գոյության մասին դու չգիտես: Բայց մի օր շատ պատահաբար հանդիպում ես նրանց: Ոչ անուններն ես իմանում, ոչ էլ այլ մանրամասներ նրանց մասին: Ու գիտես, որ այլևս երբեք չես տեսնելու նրանց: Բայց նրանց փոքրիկ օգնությունը բավարար է, որ այլևս երբեք չմոռանաս ու հասկանաս, որ անգլիացիները բնավ էլ սառը ազգ չեն: