Ես Ծովին խոստացել էի, որ Անգլիայի ճամփորդական նոթերս մի օր կհարապարեմ: Ու թեև ավելի քան մի տարի է անցել այդ ժամանակվանից, ես որոշել եմ խոստումս կատարել: Ի տարբերություն «Գրքանմանի», ժամանակի քիչ լինելու պատճառով այստեղ չեմ հասցրել տեսակավորել տպավոորություններս, և բոլոր նշումներս օրագրային բնույթ են կրում: Չնայած որոշել էի հետագայում զբաղվել դրանց մշակմամբ, բայց հետո մտածեցի՝ սա էլ իր համն ու հոտն ունի:
Օր առաջին. Պրահա 02/02/08
Գուցե տարօրինակ թվա, որ Անգլիայի ճամփորդությանս մասին գրում եմ Վան Գոգի նկարներով տետրի մեջ: Բայց երբ ճամպրուկներս դասավորելիս հարմար օրագիր էի փնտրում, նկատեցի, որ բոլոր տեսեակի դատարկ տետրերն Ամստերդամն էին հիշեցնում: Ես էլ որոշեցի ընտրել այդ քաղաքի հետ ամենաքիչ կապ ունեցողը՝ Վան Գոգի նկարներովը: Չնայած այս ամենին, Ամստերդամը շարունակում է մնալ իմ ամենասիրելի քաղաքը, և աշխարհի յուրաքանչյուր անկյունում էլ պիտի գտնեմ որևէ իր կամ պատկեր, որ ինձ Ամստերդամը կհիշեցնի:
Գիտեմ, որ Լոնդոնն էլ եմ սիրելու: Երբ տուն գամ, գուցե կարոտով հիշեմ այս օրերն ու ընդհանրապես չափսոսամ, թե ինչ զոհեցի հանուն այս ճամփորդության:
***
Հայաստանից սկսում եմ զզվել այն ժամանակ, երբ հայտնվում եմ օդանավակայանում: Այդ ժամանակ մոռանում եմ տնից դուրս գալիս տեսածս աստղազարդ երկինքը, որն ասես գնդաձև վարագույր լինի, տաքսու մեջ մորս բռնած ձեռքս, որով ասես ուժ էր տալիս իր փոքր-ինչ վախեցած դստերը: Նայելով շուրջս՝ երազում եմ մի օր այդ ճամփով գնալ ու վերադառնալ որպես հյուր: Ասենք, ո՞վ եմ ես Հայաստանում ընդհանրապես: Մինչև հիմա էլ այդ հասարակության լիարժեք անդամ ինձ չեմ զգում: Թվում է՝ երկարատև այցելության եկած մի աներես հյուր եմ, որը համառորեն չի ուզում վերադառնալ իր արմատներին: Իսկ որտե՞ղ են դրանք: Երևի իմ ծնվելու օրն ուժեղ փոթորիկ է եղել, և արմատներս այս ու այն կողմ են ցրվել: Իսկ հիմա, գնալով երկրից երկիր, փորձում եմ հավաքել դրանք: Բայց, չգիտես ինչու, Հայաստանում չեն աճում, և ես շարունակում եմ որոնել:
Իսկ օդանավակայանում… գավառացի հայ ուղևորներ, որոնց ոչ մի կերպ չեմ կարողանում տեղավորել եվրոպական որևէ երկրում: Երևի նրանց հարազատները հաջողացրել էին ինչ-որ կերպ քաղաքացիություն «կպցնել», հիմա էլ մյուսներին են հրավիրում իբր մի քանի ամսով, բայց իրականում՝ տարիներ շարունակ առանց անձնագրի եվրոպական այս կամ այն երկրում նստելու:
Հայացքս գցեցի ուղևորներից մեկի ձեռքի պայուսակին: Այն սև «Ադիդասներից» էր, որոնցով մեր դասարանի տղաները դպրոց էին գալիս, երբ դեռ պայուսակ բռնում էին կամ դասերին հաճախում էին: Շղթան քաշած չէր. այնքան բան կար մեջը ճխտած, որ պայուսակը փակելը պարզապես հրաշք կլիներ կամ էլ ծանր հետևանքներ կունենար հայ ժողովրդի համար: Ամեն ինչ տեսած ազգ ենք, պայթյունն էր պակաս մնացել: Իսկ պայուսակի բացվածքից մի հին գծավոր, մոխրագույն կոստյում էր երևում: Դրանից պապիկս էլ ունի: Նրա միակ տոնական հագուստն է: Երբ տեսնում ես դրանով ու սափրված, մազերն էլ՝ թրջած-սանրած, իմացիր, որ որևէ մեկի տուն հյուր է գնում:
Անձնագրի ստուգումն անցնելու հերթի մեջ հետաքրքիր դեմքեր էի փնտրում, բայց բոլոր փորձերս ապարդյուն անցան. շուրջբոլորս կա՛մ փախստական դեմքեր էին, կա՛մ հաստափոր տղամարդիկ, կա՛մ բարձրահասակ արտասահմանցիներ:
Իսկ անձնագրի ստուգումն անցնելիս, չգիտես ինչու, հարցերը ռուսերեն էին տալիս: Նույնիսկ այն ժամանակ, երբ ձևացրի, թե չեմ հասկանում, այդ կինը համառորեն չանցավ հայերենի: Ստիպված սկսեցի պատասխանել հարցերին, բայց առանց ռուսերեն որևէ բառ ասելու:
- Դուք ընդհանրապես ռուսերեն չե՞ք խոսում,- հարցրեց իր լեզվով:
- Ո՛չ,- պատասխանեցի, մինչ անձնագրիս մեջ կկարդար. «Ծննդավայրը՝ Ռուսաստանի Դաշնություն»:
Ես ինձ արհամարհված ու ստորացված էի զգում: Ինչու՞ պետք է իմ հայրենիքը համարվող երկրում թույլ չտան մայրենի լեզվով խոսել, իսկ երբ իմանան, որ ռուսերեն չգիտեմ, խղճահարությամբ լցվեն իմ հանդեպ: Միակ բանը, որ ինձ կապում է Հայաստանին, հայերենն է: Ես դրա երկրպագուն եմ: Այդպիսին է իմ դաստիարակությունը: Սովորել եմ պահպանել այն ցանկացած տեղում, հատկապես երբ փորձել են տրորել, արհամարհել: Իսկ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունն ուղղակի ծիծաղելի է թվում: «Այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանձ»: Ախր լեզուն երեկ կամ այսօր չեն հանձնում: Այն ապրում է մեր գեներում, մեզ հետ է մինչև մեր ծնվելը: Հիշում եմ՝ մի ժամանակ դրանից զրկվելու վտանգի տակ էի: Ապրում էի Պրահայում, մտածում անգլերեն, բայց հոգատար տատիկս չէր զլանում և հայերեն գրքեր էր ուղարկում: Հետո, երբ վերադարձա Հայաստան, և երկու ամիս անց ավելի շատ հայերեն գիտեի, քան համադասարանցիներս, հասկացա, որ ինձ մոտ լեզվի գենը դոմինանտ հոմոզիգոտ է և դրսևորվում է ամբողջ ուժով: Հանգամանքների բերումով հենց հիմա Պրահայում եմ ու գրում եմ հայերեն, ոչ թե անգլերեն, որը համառորեն ուզում է ճնշել մայրենիս ու երբեմն կարողանում է, երբ հայերեն ասելիքս սպառվում է:
Եվ այդ կինն ուզում էր, որ ես իրեն հարմարվեմ: Ասենք, նրա ռուսախոսությունը մեղադրելի չէ. badge-ի վրա (հազար ներողություն, հայերեն բառը չգիտեմ) ռուսական ազգանուն տեսա: Բայց դա նրան չի արդարացնում. նա՛ է իմ երկրում, ոչ թե ես՝ նրա: Ինչու՞ պետք է ես հարմարվեմ:
շարունակելի




Մեջբերել
Էջանիշներ