PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Նամակ Աստծուն



Dorian
08.02.2009, 01:01
Ինչ լավ է, որ չլինելդ գոյությանդ պես ապացուցված չէ ու տրտմության այս պահին կարող եմ գրել քեզ, համարելով, որ ստանալդ նույնքան հավանական է, որքան չստանալդ... Չեմ խնդրելու ոչ սեր, ոչ փող, ոչ հաջողություն ու առողջություն: Դրանք ես ուրիշներից եմ խնդրում և, փառք Աստծո... փառք Քեզ, ստանում եմ: Ցանկությունս, գուցե, մանկական է, միմիտ, գիտե՞ս, բայց եթե դու էդքան փառավոր ես, քո աչքերում բոլորս էլ միամիտ պիտի լինենք: Ու ես չեմ ամաչում: Տեր Աստված... Շա՞տ էր շինծու: Էդ դեպքում, պարզապես Աստված, քեզանից ես մեծ եղբայր եմ ուզում: Ուզածս մե՞ծ բան է: Ի՞նչ ես ասում: Ընդամենը երկու՜ տարով մեծ... Որ գոյությամբ իր կենդանություն տա դատարկացած էս պատերի պարունակությանը, որին սովոր եմ տուն անվանել ու որտեղ ոչ մի տնական բան չկա: Ու թող ներկայությամբ իր կենդանություն տա մարդանման մի կաղապարի, որին սովորաբար խելառ են անվանում, իսկ նա կանվանի... եղբա՜յր: Ու բացառություն արա` հակառակվիր բնության կանոններին: Թող անճոռնի ճուտիկի եղբայրը կարապ լինի: Թող սիրուն աչքերի համար սիրեն նրան, քաղցր ձայնի ու ջիգյարի: Ու ոչ մեկ չգովի տաղանդը` նման անեծք չանի...

Թող, ինչպես այժմ, ամեն ինչից կրկնակի ունենամ... Բայց ոչ թե իմ ու ագահությանս համար, այլ իմ ու եղբորս:

Թող երբ տեսնի ինձ էս վիճակում, թողնի բոլոր գործերն ու կողքիս նստի:
- Ախպերս, հո խաթրիդ չե՞ն կպել:
Ու ես չփորձեմ ուժեղ ձևանալ, Աստված: Պատկերացնու՞մ ես, ես չփորձեմ ուժեղ ձևանալ: Կյանքումս առաջին անգամ սաստեմ ինձ լռեցնող ուժերը:
- Կպել են, ցավդ տանեմ, կպել են...
Ու նա խոսեր այն մասին, որ ամեն ինչ լավ է լինելու, հայհոյեր բոլոր չուզողներիս: Ձեռքը մեջքիս դներ ու ես զգայի... Թե ինչից են խոնավանում աչքերը: Ու մոռանայի, որ տղերքը լաց չեն լինում:

Թող գիշերները հետս գարեջուր խմեր ու կինո նայեր: Ու թող կողքից խոսեր, խանգարեր... Իսկ ես չկարողանայի ոչ մի բան ասել: Եվ ստիպեր կարոտել սովորական դարձած էս լռությունը:

Թող օգներ շրջանցել ճամփիս պատահած բոլոր արգելքները ու սեփականները դներ իմ առաջ, որ չլինեի աշխարհից էսքան տարբեր... կամ, գուցե, անտարբեր էսքան աշխարհի հանդեպ:

Թող սենյակումս մենակ չքնեի, այլ ոնց որ կինոներում... Լույսն հանգցնեինք ու զրուցեինք: Ու հիշեինք... Թող հիշելու բան ունենայինք, Աստված: Խոսեինք մինչև լուսադեմ ու լուսավորեինք կյանքս մթացնող անքնությունը:

Թող օրերից մի օր պատմեր ինձ իր մեծ սիրո մասին: Ու ես նրան պատմեի այն մեծ սերերը, որ հորինել եմ...

Թող մի օր տուն բերեր օտար աղջկա: Մի ուրիշ օրվանից սկսեի բազմոցին քնել: Խանդեի մի քիչ: Ինքնամփոփ դառնայի, սկսեի մանրից օտարանալ ու նորից հետ հարազատանայի, երբ կնոջ բացակայության ժամանակ ասեր մի բան, որ նրան չի կարող ասել...

Թող մի օր օրորոցի մեջ շոյեի ախպորս տղուն... վախենալով, որ ցավ կպատճառեմ, եթե վերցնեմ ձեռքս: Աստված, թույլ տուր, որ էդ պահին մտածեմ, որ քեզանից գեղեցիկ բան կա աշխարհում...

Թող տարիներ հետո այցի գամ հայրական տուն ու փակվելով եղբորս հետ մի սենյակում մտովի մաքրեմ պատերի թարմացրած ներկը, դեն նետեմ նոր կահույքը ու վերադարձնեմ մեր մաշված վարագույրը, առաստաղից թափվող գաջը, ճռռացող դռներով պահարանը ու երկու ջահել տղերքի, որ անկողնում պառկած ծիծաղում են...

Ու երբ համարես, որ ապրածս օրերն արդեն բավարար են ինձ` կարողանամ վերջին րոպեներին տալ մեկի անունը... Չտարբերվելով մյուս մեռելներից:

Մի՞թե անհավանական բան եմ խնդրում, Աստված:
Ինձ միշտ ասել են, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա...

Morpheus_NS
08.02.2009, 01:23
Ինչ անկեղծ ցանկություն էր:
Սաղ կյանքս մեծ ախպեր եմ եղել: Երեւի ես էլ կուզեի ինձնից մեծ եղբայր ունենալ... կամ էլ չէ, սենց լավ ա:

Dorian
08.02.2009, 01:53
Ես էլ եմ մեծ ախպեր... բայց ախպեր չունեմ... :(

Ծով
08.02.2009, 01:55
Ես էլ եմ մեծ ախպեր... բայց ախպեր չունեմ... :(

ո՞նց հասկանանք:think

Dorian
08.02.2009, 02:04
ո՞նց հասկանանք:think

... հասկանանք, որ ինձանից փոքր քույր ունեմ ... ;)

Ծով
08.02.2009, 03:28
... հասկանանք, որ ինձանից փոքր քույր ունեմ ... ;)

հա էլի...:Dճիշտ ա...մտքովս չէր անցել...:D:oy

Սելավի
08.02.2009, 04:58
Dorian ջան էս ինչ բնական, լավ ու հավեսով էս գրել:
Պատմությանդ միջով գնացի մանկություն, որտեղ մեծ և փոքր եղբայրներիս հետ գիշերները նույն սենյակում պարկած աղջիկներից էինք զրուցում մինչև առավոտ:
Վերջում էլ աչքերս խոնավացան այդ զգացողությունից:

Երվանդ
08.02.2009, 12:35
Ես միշտ երազել եմ ախպեր ունենամ :(

Yellow Raven
08.02.2009, 15:16
Ամեն մեկս էլ մի բան կարիք ունենում ենք Դորիան ջան;)

Sunny Stream
08.02.2009, 17:30
շա~տ շոյիչ անկեղծ էր ;)

ու... կինեմատոգրաֆիկ, էնքան շոշափելի պատկերներով էիր ներկայացրել ցանկությունդ, կադր առ կադր տեսա, ապրե'ս :)

Dorian
09.02.2009, 01:19
Dorian ջան էս ինչ բնական, լավ ու հավեսով էս գրել:
Պատմությանդ միջով գնացի մանկություն, որտեղ մեծ և փոքր եղբայրներիս հետ գիշերները նույն սենյակում պարկած աղջիկներից էինք զրուցում մինչև առավոտ:
Վերջում էլ աչքերս խոնավացան այդ զգացողությունից:

Չգիտեմ, բարի նախանձ լինում ա, թե չէ... Բայց նախանձեցի քեզ բարի նախանձով: :oy
Լավ ա, որ աչքերն հիշելով են խոնավանում, ոչ թե երազելով... :(

Ուլուանա
09.02.2009, 03:20
Ինչ լավն էր։ :love

շա~տ շոյիչ անկեղծ էր ;)

ու... կինեմատոգրաֆիկ, էնքան շոշափելի պատկերներով էիր ներկայացրել ցանկությունդ, կադր առ կադր տեսա, ապրե'ս :)
Հա, ես էլ էի կարդալիս կադր առ կադր տեսնում բոլոր պատկերները։ :) Ու համ էլ հիշում էի եղբորս հետ մեր զրույցները քնելուց առաջ, երբ դեռ Հայաստանում էի... :( Մենք էլ էինք հաճախ մինչև լույս զրուցում։ Էհ, էլի կարոտեցի... :cry

Դեկադա
09.02.2009, 07:35
Ես էնքան տարվեցի ես ստեղծագործությունով, որ աչքիս առաջ իմ մանկությունն ա գծագրվում....:) քիչ ա լինում, որ պատմվածքը ինձ ես աստիճանի հուզի, որ կարդամ մի քանի անգամ. Ինքս էլ արդեն քանի-քանի տարիներ երազում եմ, որ իմ քույր - եղբոր հետ գոնե մի գիշեր անց կացնենք մեակ` հիշենք մեր անցած չարաճճի օրերը.......շատ լավ էր.:)

prptogh
18.02.2009, 15:04
Հրաշալի էր...
Ես նոր եմ եկել և եղբայր չունեմ...

Գալաթեա
18.02.2009, 15:13
Շատ սիրուն էր ... :)
Ու շոշափելու աստիճան կենդանի:

Enigmatic
18.02.2009, 15:47
էէէէէէխ դարդերս իրար եկավ,ես էլ միշտ երազել եմ հարազատ քույր ունենամ ինձանից մի երկու տարի մեծ:(
Նենց լավ էիր գրել անկեղծ եմ ասում մանավանդ վերջում հուզվեցի http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/13a.gif

Firegirl777
18.02.2009, 16:28
Ինչ նման էր իմ մանկության երազանքին, միայն թե ես աստծուց չեմ խնդրել նվիրել ինձ քույր կամ եղբայր այլ հորինել եմ իմ երևակայական ընկերներին, որոնք միշտ իմ կողքին էին, իսկ գուցե հիմա էլ կան, բայց ես այլևս չեմ տեսնում ու չեմ զրուցում ու խաղում նրանց հետ ինչպես առաջ, չէ որ մի ժամանակ նրանք այնքան իրական էին,

Տեսնում եմ ինձ շատ հարազատ ու նման հոգի միայնակ թափառող, որի միակ ու ամենամեծ ցանկությունը մեկի գոյությունն է, ով կօգնի, ով կլինի միշտ թիկունքում կանգնած իսկ երբ հնարավոր լինի, դու էլ աջակցես ու օգնես, ինչով որ կարողանաս

Հիշեցրեց մանկությունս շնորհակալ եմ :)

Dorian
18.02.2009, 19:29
Ինչ նման էր իմ մանկության երազանքին, միայն թե ես աստծուց չեմ խնդրել նվիրել ինձ քույր կամ եղբայր այլ հորինել եմ իմ երևակայական ընկերներին, որոնք միշտ իմ կողքին էին, իսկ գուցե հիմա էլ կան, բայց ես այլևս չեմ տեսնում ու չեմ զրուցում ու խաղում նրանց հետ ինչպես առաջ, չէ որ մի ժամանակ նրանք այնքան իրական էին

Լավ միտք էր, աչքիս ճարս կտրած ես էլ սկսեմ հորինել... :(
Օգնու՞մ ա...

Firegirl777
18.02.2009, 19:37
Օգնում է, եթե սրտանց հավատում ես, մի ժամանակ օգնում էր, հետո սկսեցի ավելի ինքնամփոփ լինել ու աշխատում է որքան հնարավոր է շատ ծանոթներ ունենալ, չնայած միևնույն է հարազատի պակասը չի լրացվի

Չգիտեմ, փորձի ;) գուցե օգնի

Dorian
19.02.2009, 01:35
Օգնում է, եթե սրտանց հավատում ես, մի ժամանակ օգնում էր, հետո սկսեցի ավելի ինքնամփոփ լինել ու աշխատում է որքան հնարավոր է շատ ծանոթներ ունենալ, չնայած միևնույն է հարազատի պակասը չի լրացվի

Իսկ քո կարծիքով ընկերը կարո՞ղ է լրացնել եղբոր տեղը (կամ ընկերուհին քրոջ):
Որովհետև ես սա գրեցի, հենց սկսեց թվալ, որ չի կարող... :(

Enigmatic
19.02.2009, 01:54
Իսկ քո կարծիքով ընկերը կարո՞ղ է լրացնել եղբոր տեղը (կամ ընկերուհին քրոջ):
Որովհետև ես սա գրեցի, հենց սկսեց թվալ, որ չի կարող... :(

Գիտես տենց հարազատ քրոջ նման մորքուրիս աղջկա հետ եմ մոտիկ,իմ համար ընկերուհի ասվածը միքիչ կեղծա,ընկերները ժամանակ անցկացնելու համար են,աստված չանի մի օր ոտքը տրորես սաղ տարիներիդ լավ վատ կշպրտի երեսիդ:(իսկ քույր կամ եղբայրըըը,էդ լրիվ ուրիշ հասկացություն ա:love նույն կերպ մոտ եմ մորքուրիս աղջկա հետ,ուղակի հեռավորությունն ա սպանում,կուզեմ որ օրը 24 ժամ մոտս լինի:(

Dorian
19.02.2009, 02:29
Գիտես տենց հարազատ քրոջ նման մորքուրիս աղջկա հետ եմ մոտիկ,իմ համար ընկերուհի ասվածը միքիչ կեղծա,ընկերները ժամանակ անցկացնելու համար են,աստված չանի մի օր ոտքը տրորես սաղ տարիներիդ լավ վատ կշպրտի երեսիդ:(իսկ քույր կամ եղբայրըըը,էդ լրիվ ուրիշ հասկացություն ա:love նույն կերպ մոտ եմ մորքուրիս աղջկա հետ,ուղակի հեռավորությունն ա սպանում,կուզեմ որ օրը 24 ժամ մոտս լինի:(

Երանի մի հատ կազմակերպություն լիներ օրինական կարգով մեզ եղբայր-քույրեր կցեր ու պարտադրեր, որ համաձայն պայմանագրի օրը 24 ժամ մեր հետ լինեին... Այ թե կարգին գործ կանեին մարդիկ: Համ մեզ լավ կլիներ, համ իրանց...:)

Kuk
19.02.2009, 02:30
Դուրս շատ եկավ, շա´տ լավ ես գրել: Արտահայտություններ կային, որ աննկարագրելի տպավորիչ էին: Ապրես:

Firegirl777
19.02.2009, 10:13
Ճիշտ ես չի կարող, ինչքան էլ մոտ լինի ընկերուհին կամ ընկերը քույր կամ եղբայր չի կարող լինել, նա կարող է շատ հարազատ լինել, բայց ոչ քույր կամ եղբայր....
Իսկ կազմակերպությունում անպայման նորից կգտնվեին ոչ այնպիսի քույրեր ու եղբայրներ որոնք դուր կգային քեզ, ճիշտը այն է ինչ աստված է տալիս, գիտես միշտ երազել եմ նույնիսկ վիճել քրոջս կամ եղբորս ու նաև որ մի լավ իրար դնգստենք են հարազատական մի տեսակ սիրով

Dorian
20.02.2009, 01:11
Ճիշտ ես չի կարող, ինչքան էլ մոտ լինի ընկերուհին կամ ընկերը քույր կամ եղբայր չի կարող լինել, նա կարող է շատ հարազատ լինել, բայց ոչ քույր կամ եղբայր....
Իսկ կազմակերպությունում անպայման նորից կգտնվեին ոչ այնպիսի քույրեր ու եղբայրներ որոնք դուր կգային քեզ, ճիշտը այն է ինչ աստված է տալիս, գիտես միշտ երազել եմ նույնիսկ վիճել քրոջս կամ եղբորս ու նաև որ մի լավ իրար դնգստենք են հարազատական մի տեսակ սիրով

Ես էլ մի հատ լավ եղբորս կծեծեի... Չէ լավ, թող ինքը ինձ ծեծեր, մենակ թե լիներ... :(

Sambitbaba
01.09.2010, 10:05
Դորիան, երբևիցէ եղե՞լ ես դատարկ թատրոնում, գիշերը: Դատարկության մեջ, մթության մեջ, սովորարար բեմահարթակի հետևի պատին, մի լապտեր կա, որն անընդհատ վառվում է ու մարում, վառվում է ու մարում... Կարծես թատրոնի սիրտը լինի: Խելագարվելդ գալիս է, երբ մտածում ես, թե ինչքա՜ն կյանքեր են անցնում-գնում այդ բեմահարթակի վրայով, որքա՜ն կրքեր են բախվում իրար: Եվ այդ բոլոր կյանքերը մի սիրտ ունեն ընդհանուր` այդ վառվող ու մարող լապտերը:
Քո պատմվածքը "Դար Ակումբի" էջերին, կարծես թե ակումբի անդամների հանընդհանուր սիրտը լինի` բեմահարթակի այն վառվող ու մարող լապտերի նման...
Խորին երախտանքներս` պատմվածքիդ համար: