Ինչ լավ է, որ չլինելդ գոյությանդ պես ապացուցված չէ ու տրտմության այս պահին կարող եմ գրել քեզ, համարելով, որ ստանալդ նույնքան հավանական է, որքան չստանալդ... Չեմ խնդրելու ոչ սեր, ոչ փող, ոչ հաջողություն ու առողջություն: Դրանք ես ուրիշներից եմ խնդրում և, փառք Աստծո... փառք Քեզ, ստանում եմ: Ցանկությունս, գուցե, մանկական է, միմիտ, գիտե՞ս, բայց եթե դու էդքան փառավոր ես, քո աչքերում բոլորս էլ միամիտ պիտի լինենք: Ու ես չեմ ամաչում: Տեր Աստված... Շա՞տ էր շինծու: Էդ դեպքում, պարզապես Աստված, քեզանից ես մեծ եղբայր եմ ուզում: Ուզածս մե՞ծ բան է: Ի՞նչ ես ասում: Ընդամենը երկու՜ տարով մեծ... Որ գոյությամբ իր կենդանություն տա դատարկացած էս պատերի պարունակությանը, որին սովոր եմ տուն անվանել ու որտեղ ոչ մի տնական բան չկա: Ու թող ներկայությամբ իր կենդանություն տա մարդանման մի կաղապարի, որին սովորաբար խելառ են անվանում, իսկ նա կանվանի... եղբա՜յր: Ու բացառություն արա` հակառակվիր բնության կանոններին: Թող անճոռնի ճուտիկի եղբայրը կարապ լինի: Թող սիրուն աչքերի համար սիրեն նրան, քաղցր ձայնի ու ջիգյարի: Ու ոչ մեկ չգովի տաղանդը` նման անեծք չանի...
Թող, ինչպես այժմ, ամեն ինչից կրկնակի ունենամ... Բայց ոչ թե իմ ու ագահությանս համար, այլ իմ ու եղբորս:
Թող երբ տեսնի ինձ էս վիճակում, թողնի բոլոր գործերն ու կողքիս նստի:
- Ախպերս, հո խաթրիդ չե՞ն կպել:
Ու ես չփորձեմ ուժեղ ձևանալ, Աստված: Պատկերացնու՞մ ես, ես չփորձեմ ուժեղ ձևանալ: Կյանքումս առաջին անգամ սաստեմ ինձ լռեցնող ուժերը:
- Կպել են, ցավդ տանեմ, կպել են...
Ու նա խոսեր այն մասին, որ ամեն ինչ լավ է լինելու, հայհոյեր բոլոր չուզողներիս: Ձեռքը մեջքիս դներ ու ես զգայի... Թե ինչից են խոնավանում աչքերը: Ու մոռանայի, որ տղերքը լաց չեն լինում:
Թող գիշերները հետս գարեջուր խմեր ու կինո նայեր: Ու թող կողքից խոսեր, խանգարեր... Իսկ ես չկարողանայի ոչ մի բան ասել: Եվ ստիպեր կարոտել սովորական դարձած էս լռությունը:
Թող օգներ շրջանցել ճամփիս պատահած բոլոր արգելքները ու սեփականները դներ իմ առաջ, որ չլինեի աշխարհից էսքան տարբեր... կամ, գուցե, անտարբեր էսքան աշխարհի հանդեպ:
Թող սենյակումս մենակ չքնեի, այլ ոնց որ կինոներում... Լույսն հանգցնեինք ու զրուցեինք: Ու հիշեինք... Թող հիշելու բան ունենայինք, Աստված: Խոսեինք մինչև լուսադեմ ու լուսավորեինք կյանքս մթացնող անքնությունը:
Թող օրերից մի օր պատմեր ինձ իր մեծ սիրո մասին: Ու ես նրան պատմեի այն մեծ սերերը, որ հորինել եմ...
Թող մի օր տուն բերեր օտար աղջկա: Մի ուրիշ օրվանից սկսեի բազմոցին քնել: Խանդեի մի քիչ: Ինքնամփոփ դառնայի, սկսեի մանրից օտարանալ ու նորից հետ հարազատանայի, երբ կնոջ բացակայության ժամանակ ասեր մի բան, որ նրան չի կարող ասել...
Թող մի օր օրորոցի մեջ շոյեի ախպորս տղուն... վախենալով, որ ցավ կպատճառեմ, եթե վերցնեմ ձեռքս: Աստված, թույլ տուր, որ էդ պահին մտածեմ, որ քեզանից գեղեցիկ բան կա աշխարհում...
Թող տարիներ հետո այցի գամ հայրական տուն ու փակվելով եղբորս հետ մի սենյակում մտովի մաքրեմ պատերի թարմացրած ներկը, դեն նետեմ նոր կահույքը ու վերադարձնեմ մեր մաշված վարագույրը, առաստաղից թափվող գաջը, ճռռացող դռներով պահարանը ու երկու ջահել տղերքի, որ անկողնում պառկած ծիծաղում են...
Ու երբ համարես, որ ապրածս օրերն արդեն բավարար են ինձ` կարողանամ վերջին րոպեներին տալ մեկի անունը... Չտարբերվելով մյուս մեռելներից:
Մի՞թե անհավանական բան եմ խնդրում, Աստված:
Ինձ միշտ ասել են, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա...
Էջանիշներ