PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեվարքից հետո (օրագիր)



Էջեր : 1 2 3 [4] 5

StrangeLittleGirl
19.10.2014, 20:43
Ամենազարմանալի ու խոխմա քոմենթը, որ երբևէ ստացել եմ բլոգումս. «Ուրախ եմ, որ դեռ ապրում ես»:

StrangeLittleGirl
21.10.2014, 01:08
Իմացա. Նոր տարին Դանիայում կդիմավորեմ, որովհետև... որովհետև էնտեղ ա գրվել «Լուցկիներով աղջիկը»:

Մամա ջան... ես սա գրել եմ երկու տարի առաջ ու լրիվ հենցընենց: Ասա զգույշ արտահայտվի էլի... էս տարի հո Դանիայում եմ դիմավորելու Նոր տարին: Միացող կա՞

StrangeLittleGirl
21.10.2014, 17:40
Բարդ էր: Էսօրվա զրույցից հետո ահագին բարդ էր: Լեկցիային նստած լսում էի սրտիս աշխատանքը, շունչս կտրվում էր, քիչ էր մնում՝ ինձ դուրս շպրտեի: Ու ի՞նչ եմ անում էս լեկցիային ընդհանրապես, երբ մեր զրույցը կիսատ մնաց դրա պատճառով, իսկ ինձ համար ավելի կարևոր էր այն ավարտելը: Բայց կավարտվե՞ր արդյոք, թե անընդհատ կշարունակեինք ու չէինք գտնի հարցի պատասխանը:

Բայց ես ունեմ պատասխանը: Ունեմ այս պահի ու այսօրվա համար, հետո՝ չգիտեմ:

Էսօր հաստատ լացելու եմ: Երեկ չէր ստացվում: Հիմա տարվա այդ հատվածն է, այդ մի քանի օրը, երբ կորցնում եմ ինձ: Ու տարօրինակ կերպով վայելում եմ, հաճույք եմ ստանում դեպրեսիայից: Էստեղ դեպրեսվել չի ստացվում, անգամ եղանակը չի օգնում, ոչ էլ երգերը: Բայց էսօր կհասնեմ դրան:

StrangeLittleGirl
21.10.2014, 23:44
Ինչ Էլլին ֆիզարձակուրդ ա գնացել, ես խառնվել եմ իրար. նորմալ յոգայի դասատու չունեմ: Անընդհատ տարբեր դասատուների եմ փորձում (երևի ընդհանուր առմամբ մի քսան-երեսուն հոգու մոտ դասի էղել եմ արդեն): Հիմնականում բոլորին պոզուպոչ եմ կպցնում. էս մեկը դասերը ձանձրալի ա անցկացնում, էս մեկը երեխայի դիրքում չի դնում ու լավ տանջում ա, էս մյուսի դասերին հոսք չկա, էս վերջինն անգլերեն ա անցկացնում և այլն: Վերջնականապես կանգնել էի Վիբկեի ու Վիլյամի վրա: Բայց էս վերջինիս դասերին էլ որոշեցի չհաճախել. ճիշտ ա, բավական բազմազան ա անցկացնում դասը, երեխայի դիրքը չի մոռանում, բայց ինքը խմբի հետ չի անում վարժությունները, ու հաճախ ինչ-որ դիրքի ծանրություն ինքն իրա վրա չի զգում: Մեկ-մեկ էլ տպավորություն ա ստեղծվում, որ հատուկ մեզ տանջելու համար ա ստեղծված:

Վիբկեի դասերին շարունակում եմ հաճախել: Եթե ավելի շատ ժամեր ունենար, իրենով կբավարարվեի: Էսօր էլ մի նոր դասատուի հայտնաբերեցի՝ Քիփան: Օրենքով պիտի նրան ձանձրալի համարեի: Դասից հետո նստած գլուխ եմ ջարդում, թե ինչու եմ Վիբկեի դասերն էդքան սիրում ու ինչու Քիփան էդքան դուրս եկավ: Գտա. իրենց միացրած երաժշտությունն ա:

StrangeLittleGirl
24.10.2014, 01:27
Հոլանդիայում մի աղջկա գիտեի, անունը Էսթեր: Անցյալ ամառ մի մեծ խմբով, էդ թվում՝ Էսթերը, գնացել էինք Սխիրմոնիկոուխում (հոլանդական կղզի) հանգստանալու: Էդ արանքում տղաներից մեկի ընկերներից մեկը հայտնվեց, որին չէինք ճանաչում: Էսթերն էլ իրան չէր ճանաչում: Բայց նենց տարօրինակ բան անցավ իրանց միջով: Որ ասեմ՝ բացահայտ ֆլիրտ էր կամ իրար ձեռ-մեռ գցել, սուտ կլինի: Ինչ-որ զարմանալի, էներգետիկ բան էր:

Էսօր տեսնեմ՝ Էսթերն ու էդ տղան նշանվել են: Նշանադրությունն էլ Սխիրմոնիկոուխում ա տեղի ունեցել :)

StrangeLittleGirl
25.10.2014, 16:14
Դու քեզ մոտ նշում արեցիր, որ երեք տարի անց զանգես, հարցնես՝ որտեղ եմ: Խոստանում եմ՝ դու դրա կարիքը չես ունենա, որովհետև երեք տարի անց ես քո երեխային սպասելիս կլինեմ:

StrangeLittleGirl
04.11.2014, 00:26
Էնքան տարօրինակ ա էս ամենը: Էլ գրել չեմ ուզում կամ դրա դասական իմաստով չեմ ուզում: Սկզբում ստեղծագործականությունը մեռավ, հետո բլոգս թողեցի անտեր, ու այն թարմացնելն ավելի շուտ դարձավ տհաճ պարտականության պես մի բան: Անգամ հիմա, որ էս օրագրումս եմ խզբզում, մի տեսակ զոռով եմ անում, որպես էքսպերիմենտ, որ տեսնեմ՝ ստացվում ա, թե չէ:

Չէ, մեկ ա, էլի չի գրվում: Ու շատ լավ գիտեմ՝ ինչից ա: Ու երջանիկ եմ:

Նոյեմբերն իմ սիրած ամիսն ա, որովհետև սիրուն դեպրեսիվ ա: Դու ասում ես՝ մազոխիստ ես, իսկ ես հայացքս թեքում եմ, նայում պատուհանից դուրս գետնին լղոզված տերևներին: Նոյեմբերն իմ սիրած ամիսն ա, որովհետև դու նոյեմբերին ես ծնվել:

StrangeLittleGirl
05.11.2014, 03:35
Ես պոեզիայից հեռու եմ, կներես: Իսկ դու խնդրեցիր, որ անգլերեն գրեմ: Խոստացար, որ կօգնես:
- Մի ամիս ժամանակ ունենք մինչև մյուս ընթերցումը,- ասացիր:
Կգրեմ հայերեն, տող առ տող կթարգմանենք: Կկարդամ մի տող հայերեն, դու՝ մի տող անգլերեն: Կկարդանք հավաքված բազմության առաջ ու կձևացնենք, թե գրվածը մեզ հետ կապ չունի:

Էսօր ամբողջ օրը պոեզիա էր պտտվում գլխումս: Չկարողացա գրել:

StrangeLittleGirl
07.11.2014, 01:26
Հեծանիվիս կողպեքի բանալին կորել էր: Մթության մեջ դեսուդեն եմ գնում, փորձում հիշել, թե որտեղ կարող էի կորցնել, հազար ու մի բան մտածում: Անգամ ռեստորանից քայլեցի մինչև գործիս տեղն ու հետ եկա: Չկար ու չկար: Պետք է օգնության դիմել: Սկզբում ֆեյսբուքի խմբում պոստ արեցի, էքսպատներից հարցրի, թե նման դեպքերում ինչ են անում: Սղոց-կացինից բացի ուրիշ առաջարկ չկար: Արային գրեցի, ասաց, որ ջանջալ բան է, իր հետ էլ է նման բան եղել, բայց հաջորդ օրը գործիքներով կփորձի:

Չէ, էս բոլորը սխալ են: Ինչու՞ չեմ դիմում Կոպենհագենում (ու գուցե նաև աշխարհում) ինձ ամենաթանկ մարդուն: Հա, վաղը քննություն ունի: Խանգարել չեմ ուզում: Ամեն դեպքում գրեցի ու հարցրի, թե արդյոք գործիքներ ունի: «Եթե տրամադրությունդ կբարձրանա սրանից, կառաջարկեմ հեղուկ ազոտ»: Փողոցի մեջտեղում, մթության մեջ կանգնած հռհռոցս դրել եմ: Գրողը տանի, ես գիտեի, որ դու լավագույն լուծումը կառաջարկես :)

StrangeLittleGirl
12.11.2014, 01:56
Երեկ կարևոր դաս սովորեցի. երբ հայտնվում ես դժվար իրավիճակում, ամենաճիշտը լռելն ու որևէ մեկի որևէ բան չպատմելն է: Այդ ժամանակ ավելի լավ ես հասկանում այն, ինչ քեզ վիրավորել է, այն, ինչ անհանգստացնում է, և այն, ինչ ամենից շատ ես ուզում: Ու զարմանալիորեն արագ ես հաղթահարում, ոտքի կանգնում, լուծում գտնում: Երբ մենակ ես մնում քո խնդրի հետ, էմոցիոնալ ճանապարհ ես անցնում ու շուտ տեղ ես հասնում: Հաջորդ առավոտյան աչքերդ բացում ես, լուծումն արդեն պատրաստ է լինում:

Ոնց որ ավելի ուժեղ լինեմ հիմա, ավելի վերագնահատած մեր հարաբերությունները: Ու գուցե տարօրինակ թվա, բայց պիտի ասեմ. շնորհակալ եմ ինձ վիրավորելու համար:

StrangeLittleGirl
13.11.2014, 03:49
Մի ամսից էլի համերգի եմ: Սարսափում եմ, որ այս անգամ մենակ չեմ գնալու: Պատկերացնում եմ՝ եթե Sadder than You երգը կատարեն, բռունցքներս սեղմելու եմ, էմոցիաներս ներսս պահեմ ու էդպես դուրս գամ: Իսկ գուցե զգուշացնե՞մ, թե ինչ եմ դառնում համերգների ժամանակ: Գուցե հասկանա, գուցե ինքն էլ է լրիվ ուրիշ բան դառնում:

Չէի պատկերացնում, որ ինձնից առաջ կընկնես ու Անգուս ու Ջուլյա Սթոունների համերգից մեկ շաբաթ առաջ՝ Էլթոն Ջոնի համերգին, դու էլ էմոցիաներդ դուրս կթափես: Վերջում հարցրեցիր՝ վատ չէի՞ր զգում իմ կողքը նստած: Չէ, թանկագինս, երջանիկ էի, երջանիկ էի, որ ես իմ ճանաչած միակ մարդը չեմ, որը համերգների ժամանակ էմոցիոնալ է դառնում: Չէի պատկերացնում, որ իմ կյանքում կգա մի օր, երբ ինչ-որ մեկի ընկերակցությունը մենակ լինելուց հաճելի կլինի:

Այսօր յոթ ամիսն է լրանում, ինչ Դանիայում եմ: Ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենակարևոր օրն էր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չնայած մանրից սկսել եմ երկնքից իջնել ու լիքը խնդիրներ նկատել այս երկրում, բայց չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ իմ կյանքի բոլոր դրվագներին, որոնք իրար կողք դասավորվելով ինձ բերել, հասցրել են այստեղ:

StrangeLittleGirl
27.11.2014, 00:39
Մնաս բարով, թանկագինս, վերջացավ մեր հեքիաթը, մնաս բարով...

StrangeLittleGirl
29.11.2014, 21:08
Երկու շաբաթից գնում եմ Բեռլին :) Լիքը հին ընկերների եմ տեսնելու, լավ կլինի:

StrangeLittleGirl
02.12.2014, 15:46
Պատռված թուղթը դրեցիր գրպանդ, որ ապահով մնա:
- Ի՞նչ ես անելու:
- Կգնամ տուն, մի հատ էլ կկարդամ, հետո կտեսնեմ: Գուցե տարիներ անց ժողովածու հրատարակես, հայտնի դառնաս, իսկ ես կհպարտանամ, որ քո ձեռքով գրվածն ինձ մոտ է:
- ...Ու կսկսեն զանազան վարկածներ պտտվել, թե այդ բանաստեղծությունն ում մասին է, և ես ոչինչ չեմ ասի:
- Ես կասեմ, որ իմ մասին է:
- Ապացույց չունես:
- Վաղը կտանեմ լաբ, քո ԴՆԹ-ն վրայից կվերցնեմ: Ու բոլորը կիմանան, որ սա անձամբ քեզնից եմ վերցրել:

...
- Գուցե տարիներ անց դու գրականության Նոբելյան ստանաս, ես`գիտություններից մեկի, ու այնտեղ կհանդիպենք:
- Իսկ դու ասում ես ընդհանրություններ չունենք...

StrangeLittleGirl
20.12.2014, 03:16
- Սա քեզ ինչ-որ կերպ ոգեշնչու՞մ է:
- Չէ, նոստալգիա է առաջացնում. ոնց որ բժշկականի առաջին կուրսի ուսանող լինեմ:
Նստեցինք անատոմիայի թանգարանում: Նստեցինք ու սկսեցինք խոսել: Ու դու չգիտես, որ կյանքիս ամենահզոր զգացողություններից մեկն ունեցա: Դու չգիտես, որ ստեղծագործականությունս իր գագաթնակետին էր հասել: Ու հա, թանկագինս, ես հավատում եմ, ես վստահ եմ, որ ստացվելու է:

StrangeLittleGirl
24.12.2014, 00:57
Հանկարծ սկսեցի շատ ուժեղ կարոտել Հայաստանի ընկերներիս: Ու հիմա մանկական անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պիտի այս շաբաթվա օրերը հերթով գլորվեն, որ ուրբաթ օրը հատ-հատ գրկեմ բոլորին: Սիրում եմ ձեզ, շատ եմ սիրում, էնքա՜ն երջանիկ եմ, որ ձեզ ունեմ:

StrangeLittleGirl
25.12.2014, 10:29
Մինչև հիմա հավատում էի, որ խմելը հարց չի լուծում, որ դա հիմար բան ա, որ վատ տրամադրությամբ խմելիս հաճախ ավելի ա վատանում տրամադրությունս: Ու տխուր ա գիտակցելը, որ իրականում հարց լուծում ա ու շատ լավ ա լուծում, որովհետև սկսում ես որոշ բաներ ուրիշ լույսի տակ տեսնել, ու հաջորդ առավոտ, երբ սթափ արթնանում ես, որոշ բաներ իրենք իրենց կարգավորված են լինում:

StrangeLittleGirl
02.01.2015, 01:43
Ամեն անգամ Հայաստան գալուց հետո, երբ նորից պիտի մեկնեմ, զգացողությունները տարբեր են լինում. մերթ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պիտի գնամ, մերթ հեչ չեմ ուզում գնալ ու երազում եմ, որ մնամ: Մի անգամ նույնիսկ տոմսս եմ փոխել: Իսկ այս անգամ սարսափելի վախն է պարուրել ինձ: Հայաստանը կարծես դարձել էր իմ հիմնական կյանքի խնդիրներից փախստավայր, ու հիմա, երբ պիտի վերադառնամ Դանիա, դեմ առ դեմ հայտնվելու եմ այդ խնդիրներին: Ու տարօրինակ կերպով այդ բոլորը հանկարծ կուտակվեցին ու հայտնվեցին նույն ամսում:

Լավ է. Մայան կգա մոտս, միասին սպիտակ գինի կխմենք, շոկոլադ կուտենք, կբամբասենք: Բայց Մայան չի կարող օրը քսանչորս ժամ մոտս լինել: Դրա համար պետք է որոշումներ ընդունել, անել բաներ, որոնք կլցնեն առօրյաս: Ուրեմն 2015-ին ես.
1. Աշխատելու եմ, աշխատանքային ժամերին գործից բացի ուրիշ ոչնչով չեմ զբաղվելու
2. Շաբաթը երեք-չորս անգամ յոգայի եմ գնալու
3. Կարդալու եմ, շատ եմ կարդալու
4. Գրելու եմ (թե՛ գեղարվեստական, թե՛ ակադեմիական), գրելու եմ լուրջ, գրելու եմ տպագրման պիտանի նյութեր
5. Հուզապես կայուն եմ լինելու ու երջանիկ
6. Դանիերեն պարապելու եմ ամենայն լրջությամբ, անցյալ տարվա ձեռի հետն էլ չի լինելու
7. Գերմաներեն պարապելու եմ ամենայն լրջությամբ (ովքե՞ր էին խոստացել գերմաներենի խմբում լինել, անպայման անելու ենք այս տարի)
8. Կինոներ եմ նայելու, լիքը կինոներ
9. Ու տուն եմ ճարելու, մի շատ լավ տուն, որ տանտերերի հետ խնդիրներ չունենամ

Ու ես գիտեմ, 2015-ը հրաշք տարի է լինելու, հավատում եմ դրան:

StrangeLittleGirl
03.01.2015, 22:54
Բացեցի նայելիք կինոներիս ցուցակը, ընտրեցի մեկը: Յոթ րոպե անց ընդհատեցի, չկարողացա նայել: Սարսափելի է, թե որքան շատ բան է նրան հիշեցնում: Այդ ֆիլմում հնչում է Անգուսի ու Ջուլյայի Big Jet Plane-ը, իսկ ես հիշում եմ մեր կատակներն այդ երգի հետ կապված: Իսկ դա ցավոտ է:

Բայց պետք է առաջ գնալ: Զարմանալիորեն շատ ավելի լավ եմ, քան պատկերացնում էի: Լավ եմ իմ միայնության մեջ: Սրճարանում մեն-մենակ սուրճ խմելն այնքան սարսափելի չէ, ինչքան պատկերացնում էի, նույնիսկ հաճելի է: Ու լսում եմ կողքի սեղանների խոսակցությունները: Մենք ժամանակին նույնն էինք անում միասին ու ծիծաղում: Հիմա մենակ եմ, և դա բնավ տխուր չէ:

Հայտնաբերեցի, որ մյուս շաբաթ-կիրակի Վիկտորյան այստեղ վորքշոփ է անցկացնելու: Երկուսուկես տարի առաջ բեռլինյան դեպրեսիայից դուրս գալու միակ հույսս նրա վորքշոփն էր: Այն առանձնապես բան չտվեց, բացի մի քանի թարգմանված պատմվածքից ու մի կիսատ վիպակից: Ոչ մեկի հետ չկարողացա ընկերանալ, իսկ Վիկտորյայի հետ կապ չպահեցի: Մինչև այսօր:

Հիմա նորից Վիկտորյան հույս է: Այն պահից, երբ իմացա, որ գալիս է, տրամադրությունս բարձրացավ: Չգիտեմ՝ վորքշոփն ինքն ինչ կտա ինձ: Բայց հավատացած եմ, որ այս անգամ ավելի շատ բան եմ քաղելու: Այս անգամ այն զզվելի դեպրեսիայի մեջ չեմ, որ ունեի Բեռլինում, այլ անցնում եմ կյանքի մի փուլով, որը համառորեն պղտորում է երջանկությունս: Ու ես գիտեմ, որ հաղթահարելու եմ սա: Ու ամեն անգամ զարմանում եմ իմ ներսի ուժի մեծության վրա, զարմանում եմ իմ լավատեսության ու ապագայի նկատմամբ հավատի վրա: Առաջ նման (ավելի ճիշտ, ավելի թեթև) իրավիճակներում միշտ կորցնում էի հույսս ու դառնում դեպրեսիվ:

Անհամբերությամբ եմ սպասում վաղվան: Գիտեմ, որ լավ է լինելու:

StrangeLittleGirl
07.01.2015, 15:36
Էսօր մեր համատեղ պատմության մեջ կարևոր օր է լինելու: Սկիզբ կամ ավարտ: Ու ես Բյուրը չլինեմ, եթե ուզածիս չհասնեմ:

StrangeLittleGirl
08.01.2015, 18:41
Ապաքինում. օր 1

Երկար խոսակցությունից հետո հարցրի.
- Լավ, եթե դու իմ փոխարեն լինեիր, ի՞նչ կանեիր:
- Չգիտեմ... երևի ես էլ կգնայի:
Անընդհատ գրկում էինք իրար, որովհետև րոպեներ անց, հենց գնայի, այլևս իրար չէինք տեսնելու:
- Կկարոտեմ քեզ,- շշնջացի:
- Ես էլ,- պատասխանեց:

Դուրս եկա շենքից: Կանգնած նայում էր, թե ոնց եմ հեռանում: Երբ արդեն վստահ էի, որ դուռը փակել է, սկսեցի հեկեկալ: Չոր, անարցունք, բարձրաձայն հեկեկոց էր: Երկար կանգնեցի հեծանիվիս մոտ՝ չուզենալով արձակել այն:

Երբ վերջապես հասա տուն, տարօրինակ խաղաղություն իջավ վրաս. հանգիստ բաժանում էր, կհիշեմ այդ խաղաղ զրույցը ու միշտ կպահեմ հիշողությանս մեջ: Բայց երբ պառկեցի քնելու, սկսեցի անընդհատ շուռումուռ գալ սրտիս զարկերից: Մինչև առավոտ: Չկարողացա անկողնուցս դուրս գալ: Չկարողացա քնել: Սրտիս զարկերն էի լսում միայն: Երբեմն թվում էր՝ կանգնում է, ու ուր որ է ամեն ինչ ավարտվում է, և ուրախանում էի: Իսկ հետո նորից սկսվում էր, նորից աղմուկ: Եվ անգամ երկու հաբ ատարաքսը չօգնեց:

Գործի չգնացի: Մեյլերիս չէի պատասխանում: Որևէ մեկի տեսնել չէի ուզում: Երեկոյան պիտի Մարտինի հետ սուրճ խմելու գնայի: Ուզում էի՝ պատճառ գտնել, չգնալ: Լավ էր՝ ինքն սմս գրեց, որ գործի տեղը շատ զբաղված է:

Եվ գրկում եմ վերմակս, ողողում արցունքներովս: Թանկագինս, ինչ էլ լինի, շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ ուղղակի լինելու համար: Ես քեզ երբեք չեմ ատի, ինչպես դու ես կարծում: Ու հույս ունեմ՝ քեզ հետ ամեն ինչ լավ կլինի:

StrangeLittleGirl
09.01.2015, 16:41
Ապաքինում. օր 2

Ժամը 13:30 է: Վերջապես անկողնուցս դուրս եկա: Ասում եմ վերջապես, որովհետև պառկել էի երկու օր առաջ գիշերը մեկին և այնտեղ մնացել մինչև հիմա: Պետք է սենյակս կարգի բերել. երեկոյան Մայան է գալու: Պետք է նաև որևէ բան ուտել: Չորեքշաբթի կեսօրից հետո ոչինչ չեմ կերել:

Կարծես այսօր ավելի լավ եմ: Սկզբում ուզում էի Վիկտորյայի վորքշոփն էլ քենսըլել, բայց ոնց որ դրա կարիքը չկա. վաղվանից արդեն լրիվ ինքս կլինեմ: Հոգ չէ, որ աչքերիս տակ մուգ օղակներ են գոյացել: Կյանքը շարունակվում է: Կսովորեմ ապրել առանց քեզ, թանկագինս: Գիտեմ, որ քեզ համար ավելի դժվար է, ու դրանից սիրտս ավելի է ցավում:

StrangeLittleGirl
10.01.2015, 02:20
Ապաքինում. օր 2, մաս 2

Մայան եկավ: Միասին ավելուկով ճաշ կերանք, հետո հայկական սուրճ խմեցինք, բաժակները շուռ տվեցինք ու փորձեցինք մեր արևին գուշակություններ անել: Լիքը ծիծաղեցինք:

Այս երեկո հանգիստ եմ: Էնպես չի, որ չեմ մտածում քո մասին: Մտածում եմ ու մտքիս մեջ անընդհատ շնորհակալություն հայտնում, որովհետև դա միակ բառն է, որ կարող եմ ասել քեզ: Մտածում եմ՝ ի՜նչ լավ էր, որ սիրով բաժանվեցինք և ունեցանք այդ բաժանման երեկոն, որովհետև ամեն ինչ շատ ավելի հեշտ դարձավ ինձ համար: Ոչ մի բացասական զգացողություն չի առաջանում իմ մեջ, ոչ նույնիսկ ափսոսանք: Չեմ ափսոսում նույնիսկ այն, ինչ կարող էր լինել, բայց չեղավ: Ես երջանիկ եմ, որ քեզ հանդիպել եմ, երջանիկ եմ, որ քեզ սիրել եմ, որովհետև քեզ սիրելու միջոցով սովորել եմ նաև ինձ սիրել: Քեզնից հեռացա լրիվ ուրիշ մարդ դարձած: Ու երբ մի օր ինչ-որ հաջողության հասնեմ, դու մի մտածիր, թե որպես վրիժառություն եմ քեզ հրավիրելու շնորհանդեսներին կամ մրցանակաբաշխություններին: Հրավիրելու եմ, որ շնորհակալություն հայտնեմ, որ հաջողությունս քեզ նվիրեմ:

Մինչև մեր վերջին զրույցը ես ջանքեր էի թափում, որ քեզ մոռանամ: Իսկ հիմա ջանքեր եմ թափում, որ հիշեմ: Հիշելու եմ մեր բոլոր լավ օրերը, մեր արկածները, մեր զրույցները, մեր թափառումները: Հիշելու եմ ու անսահման երախտապարտ լինեմ, որ այս ամենը կատարվել է ինձ հետ:

StrangeLittleGirl
10.01.2015, 12:38
Ապաքինում. օր 3

Գիշերն այնքան էլ սարսափելի չէր, բայց հաշվի առնելով, որ հանգստացնող էի խմել, պիտի որ ավելի լավ քնեի: Քնիս մեջ անընդհատ խոսում էի հետդ, տրամաբանում, վերլուծում, մի բան, որ անընդհատ ինձ համոզում եմ՝ սխալ է:

Առավոտը գորշ է, անձրևոտ: Միացրել եմ ցերեկային լամպս և պայծառ օրվա պատրանք ստեղծել: Երեկ Մայան աչքերը կկոցեց, երբ սեղանիս վրայի տարօրինակ իրը տեսավ ու խնդրեց միացնել: Ցերեկային լամպս իմ ձմեռային այս օրերի ջերմությունն է:

Լսում եմ Սոֆի Զելմանիի երգը: Այն օրը մեր վերջին զրույցի ժամանակ խնդրեցի, որ միացնես: Արագ-արագ բառերը փնտրեցիր, բայց չթողեցի, որ կարդաս:

Խմում եմ սուրճս ու Մայայի բերած շոկոլադներն ուտում: Վերջապես եկավ այս շաբաթ օրը: Մի ժամից գրախանութում կլինեմ: Այս շաբաթ-կիրակի վորքշոփն է, հետո՝ կամավորություն: Հավատս չի գալիս, որ վերջապես իրականացնելու եմ երազանքներիցս մեկը, այն է՝ գրախանութում աշխատել: Ու դա անելու եմ որպես կամավոր: Բայց Արք բուքս գրախանութի մասին մի օր առանձին կպատմեմ: Իմ սիրելի վայրերից է Կոպենհագենում:

StrangeLittleGirl
10.01.2015, 21:56
Ապաքինում. օր 3, մաս 2

Այսօր իմ կյանքում շատ կարևոր օր է: Կոպենհագենյան իմ կյանքը բաժանվում է 2014-ի ապրիլի 12-ից մինչև 2015-ի հունվարի 10 և դրանից հետո:

Չգիտեմ, մտածում եմ՝ իսկապես կյանքում ոչինչ պատահաբար չի լինում: Ու նաև կողքից հիանում եմ ինձնով, թե ինչքան ուժ կա իմ մեջ: Կարող էի, չէ՞, օրերով դեպրեսվել ու փակվել սենյակումս, դուրս չգալ, չուզենալ ոչ մեկի տեսնել: Ինչ խոսք, դրա միջով անցա, մեկուկես օր այդ վիճակում էի: Բայց լավ էր, որ տեսնում էի, որ կյանքը շարունակվում է: Ու հաստատ եթե Դ-ից չբաժանվեի, չէի գա, կանգնի այս կետում:

Վերջապես ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնք նման հետաքրքրություններ ունեն. գրել և կարդալ:

Օդրին իռլանդուհի է: Հարցրի, թե արդյոք Դամիեն Ռայսին գիտի: Ասաց, որ իր սիրած երգիչներից է: Ու հպարտությամբ հայտարարեց, որ ինքն իռլանդերեն վարժ խոսում է: Բայց «Ուլիսը» չի կարդացել:
- «Երիտասարդ արտիստի դիմանկարն» արդեն կեսերից տարօրինակ է դառնում,- ասաց,- «Ուլիսն» ամբողջությամբ է տարօրինակ:

Հենրին ամենից շատ Դոստոևսկու կերպարներին է սիրում: Իսկ երբ ասացի, որ ամենալավը գրում եմ էմոցիոնալ անկայուն ժամանակ, բացականչեց.
- Ե՜ս էլ:

Հելենը Յուլանդում բնակվող հեքիաթներ գրող դանիուհի է: Լսել է Վիկտորյայի վորքշոփի մասին, գնացք է նստել, եկել Կոպենհագեն:

Լինը կանադուհի է, արդեն վաղուց Դանիայում է ապրում: Նրա սիրած կերպարները Կունդերայի Տոմաշն ու Թերեզան են:

Էնքան լավ էր երջանիկ էքսպատների տեսնելը, թե չէ արդեն ինձ սկսում էր թվալ, որ ինձ հետ մի բան էնպես չէ, որ չեմ դեպրեսվում: Եվ երբ զարմանքս արտահայտեցի, Օդրին ասաց.
- Մի զարմացիր, այդ բոլոր մարդիկ առաջին անգամ են իրենց երկրից դուրս ապրում:
Իսկ Վիկտորյան.
- Էքսպատների վիճակն ամեն տեղ էլ նույնն է: Ընդհանրապես, տխուր բան է էքսպատ լինելը:

StrangeLittleGirl
11.01.2015, 12:54
Ապաքինում. օր 4

Գիշերը լավ քնեցի, չնայած դրսում փոթորիկ էր, ու ամեն վայրկյան թվում էր՝ պատուհաններս կպոկվեն, կգնան: Աչքերս բացեցի առավոտյան, երբ արդեն լույսը բացվել էր: Նորմալ նախաճաշի հույս չկա. երեկ էլ չկարողացա ուտել: Դրա համար բավարարվում եմ Մայայի բերած տրյուֆելներով ու մի բաժակ սուրճով:

Քիչ անց կգնամ վորքշոփի երկրորդ օրվան: Իսկ երեկոյան Մայայի հետ գնալու եմ լեզուների կաֆե: Հագեցած վիքենդ է:

StrangeLittleGirl
12.01.2015, 01:53
Ապաքինում. օր 4, մաս 2

Վորքշոփը շատ հավես անցավ. լիքը նոր գաղափարներ, լիքը գիտելիքներ գրելու պրոցեսի մասին ու լիքը բաներ, որ չգիտեի՝ այսքան ժամանակ սխալ եմ անում: Վաղվանից գործի ենք անցնում ու սկսում ինտենսիվ գրելը: Վիկտորյայի հետ կապը կպահեմ ու այսուհետ հաճախ կգնամ նրա միջոցառումներին, թեկուզ Բեռլինում:

Այնպիսի զգացողություն է, թե Կոպենհագեն նոր եմ տեղափոխվել: Մայան միակ մարդն է, որ հին կյանքս կապում է նորին: Անընդհատ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, փորձում ֆիլտրել ու ընտրել այնպիսիներին, որոնց այդ խառը-խուռը կամպաշկաներում չեմ հանդիպի, այլ մի բաժակ սուրճի հետ, ու ոչ թե անկապ թեմաներից կզրուցենք, այլ մի քիչ կմտերմանանք:

Էլոիզն այդ մարդկանցից էր: Մի քիչ նրա հետ շփվելուց հետո արդեն պատկերացրի, որ այսուհետ Մայայի հետ նրան էլ կկանչեմ իմ տուն: Ֆրանչեսկոն էլ վատը չէր. հետը կարելի է արվեստից ու գրականությունից խոսել, չնայած նրա անգլերենն ահավոր է, հազիվ եմ հասկանում: Իսկ սեղանի շուրջ հավաքված մնացածները կա՛մ թափելու բան էին, կա՛մ ուղղակի չհասցրի հետները նորմալ շփվել:

Ոնց որ ընկերական շրջապատ եմ ձեռք բերում: Բայց տխուրն այն է, որ այն մի հոգու բացը լրացնելու համար լիքը-լիքը նոր մարդկանց հետ եմ ծանոթանում: Իսկ մինչ այդ Դ-ն ու Մայան լրիվ հերիք էին, դե մեկ էլ Արան՝ որպես հայ: Բոլորի մեջ ինչ-որ բան պակասում է: Բայց երբ այսօր հետ եկա տուն, ճանապարհին շատ ուժեղ համոզմունք ձևավորվեց, որ Դ-ն ինքն է խնդրելու ինձ վերադառնալ: Ու այնքան համոզված եմ դրանում, որքան համոզված էի, որ առանց անգամ անունս իմանալու ամառային այն երեկոյան ինքը կգտնի ինձ ինտերնետում ու կկապվի հետս՝ նորից տեսնվելու համար: Ու համոզված եմ, որովհետև ինքն էլ է զանազան մարդկանց հետ ծանոթանալու ու հասկանալու, որ ոչ ոք իմ տեղը չի զբաղեցնի: Դա կարող է օրեր կամ տարիներ տևել, բայց գիտեմ, որ խնդրելու է ինձ վերադառնալ, վստահ եմ...

StrangeLittleGirl
13.01.2015, 01:17
Ապաքինում. օր 5

Գիշերը վատ քնեցի: Դեղս չէի խմել: Առավոտյան չէի կարողանում արթնանալ: Դրսում մութ ու մոխրագույն էր: Անձայն անձրևը լվանում էր պատուհաններս: Անգամ ցերեկային լամպը չէր փրկում:

Մի կերպ անկողնուցս դուրս եկա, սուրճ խմեցի (էլի չեմ կարողանում նախաճաշել), ուղևորվեցի աշխատանքի: Մտածում էի ճամփին: Քո մասին էի մտածում, թանկագինս: Աչքերս նույնիսկ լցվեցին: Լավ է՝ անձրև էր գալիս, արցունքներս ոչ ոք չէր տեսնի: Մի պահ քիչ մնաց նույնիսկ բեռնատարի տակ ընկնեի. չէի նկատել կարմիր լույսը:

Ամենաշատն այս օրվանից էի վախենում, որովհետև քո մասին շատ եմ մտածում աշխատանքային օրերին: Իսկ այսօր առաջին անգամ էր, որ քեզնից հեռանալուց հետո աշխատանքի էի գնում: Վախենում էի սխալ երաժշտություն միացնելուց, որովհետև ամեն ինչ լացացնում է: Միակ փրկությունը Զազն էր:

Իրոք, հազիվ էի կենտրոնանում գործիս վրա, մեկ-մեկ մի քանի արցունք էի բաց թողնում: Ընդմիջումը շատ ուրախ անցավ. Լինեի, Դեյվիդի ու Կատրինայի հետ տանտերերի սարսափ պատմություններ էինք պատմում: Իսկ մնացածը տխուր էր ու սառը: Այնուամենայնիվ, մի քիչ կարողացա աշխատել: Շատ ավելի շատ կարողացա, քան պատկերացնում էի: Անգամ դանիերենի տնայինս արեցի: Գոհ եմ ինձնից:

Բանաստեղծություն սևագրեցի: Կուզեի մի քիչ աշխատել վրան, փետրվարի պոեզիայի երեկոյին կարդալ: Կոչվում է «Շնորհակալություն»: Չեմ ուզում՝ մեջը իռոնիա տեսնես, որովհետև իռոնիա չկա: Ես քեզնից իրոք շնորհակալ եմ այնտեղ թվարկված նույնիսկ բացասական բաների համար:

Յոգայի գնացի: Շատ վաղուց Վիբկեի դասին չէի եղել: Էնքան լավ էր, որ էսօր ամբողջ երկու ժամ էի վերցրել: Սովորաբար Վիբկեի դասերից դեպրեսված եմ դուրս գալիս: Էսօր էդպես չէր: Լրիվ թուլացել էի, տրամադրությունս էլ բացվել էր: Ամբողջ ժամանակ ուղեղիս մեջ մի պատմվածք էր պտտվում, ու ուզում էի շուտ տուն հասնել, որ գրեմ:

Տանն եմ հիմա: Գրեմ պատմվածքս: Անգլերեն է լինելու: Վիկտորյայի վորքշոփի պտուղներն են :)

StrangeLittleGirl
14.01.2015, 01:49
Ապաքինում. օր 6

Առավոտյան չկարողացա արթնանալ. մութ էր: Անընդհատ շուռումուռ եկա անկողնում ու մի շատ տարօրինակ երազ տեսա, որը բոլորովին կապ չուներ վերջին իրադարձությունների հետ: Գործի հասա ճաշից քիչ առաջ:

Այսօր առաջին անգամ դու ինձնից շատ հեռու ես թվում, և դա լավ է: Հանգիստ կենտրոնացա գործիս վրա: Ճաշին Վիոլենի ու Մարիայի հետ էի: Վիոլենն ասաց, որ Շառլի Էբդոյի դուռը բացող կինն իր մանկության ընկերուհին է: Ու ամբողջ շաբաթ-կիրակի լացել է: Ահավոր էր. այս իրադարձությունները, որ այնքան հեռու էին թվում ինձնից, հանկարծ առարկայացան ու մոտեցան:

Դանիերենի դասը հրաշալի անցավ. այսօր առաջին անգամ զգացի, որ առաջընթաց եմ ապրում: Դասին մենակ երեք հոգով էինք. ինձնից բացի մեկ էլ Դեյվիդն ու Օլիվիան էին եկել: Սովորելու մոտիվացիաս մեծացել է: Այսօր հանկարծ զգացի, որ սիրում եմ լեզուն: Ինչ-որ տարօրինակ սահման եմ հատել վերջերս, երբ «դանիերեն չգիտեմը» փոխարինվում է «դանիերեն գիտեմով», ու դրսում հանգիստ հաղորդակցվում եմ դանիերեն, կոլեգաներիս էլ սկսել եմ հասկանալ:

Դասից հետո սովորության համաձայն գնացինք գարեջրվելու: Դեյվիդի ու Օլիվիայի հետ լիքը խոսեցինք դեսից-դենից:

Տուն քշելու ճամփին քո մասին մտածեցի, բայց այս անգամ արդեն ցավի: Մտածեցի, թե ինչ լավ էր, որ քեզ հանդիպել եմ, որովհետև սովորեցի... սովորեցի, որ անգամ փոխադարձ սերը կարող է սարսափելի ցավոտ լինել: Սովորեցի, ու դրա համար այլևս ցավ չեմ զգում:

Ապաքինման նոր փուլ եմ մտնում. այսուհետ քո մասին կմտածեմ ոչ թե անընդհատ, այլ այն բացառիկ տխուր ու միայնակ պահերին: Ու անկեղծ ասած, այսօր առաջին օրն էր վերջին կես տարվա ընթացքում, երբ օրվա բոլոր վայրկյաններս քեզնով լցված չէին: Եվ դա լավ է:

Հույս ունեմ՝ դու էլ ես լավ:

StrangeLittleGirl
14.01.2015, 23:59
Ապաքինում. օր 7

Կարկտի հարվածների տակով մի կերպ հասա աշխատանքի: Կարկուտը փոխվեց ուժեղ անձրևի, հետո՝ ձյան խոշոր փաթիլների, որոնք գետնին չհասած ցեխ էին դառնում:

Ճաշին Վիոլենի հետ էի: Ջրիկ զրույց էինք անում: Հետո Վերենային հանդիպեցի սուրճ խմելու, որ հետազոտությանը մասնակցեմ: Հարցազրույցից հետո ահագին զրուցեցինք ու որոշեցինք մյուս շաբաթ տեսնվել ընդմիջմանը: Վերենան առաջին մարդկանցից է, որի հետ ծանոթացել եմ Դանիա տեղափոխվելուց հետո, բայց երբեք առանձնապես մտերիմ չենք եղել, չնայած միշտ դուրս շատ է եկել ինքը: Ու էս հետազոտությունը կարծես առիթ դարձավ, որ մտերմանանք:

Վերենայից բաժանվելուց հետո, երբ բարձրանում էի իմ գրասենյակ, սկսեցի նորից մտածել այն ամենի մասին, ինչի միջով անցնում եմ: Նորից գրանցեցի. լավ եմ: Հետո ծիծաղս եկավ. ոնց որ ինքս իմ հետազոտության նյութը լինեմ, կողքից նայում եմ ինձ, ուսումնասիրում, թե ինչ էմոցիոնալ փուլերով եմ անցնում:

Գրասենյակումս Սոֆի Զելմանի միացրեցի: Ինձ թվում էր՝ իմ կյանքի այս փուլին համապատասխանող երգեր չկան, հետևաբար պետք է լսել միայն այն, ինչ ուրախացնում է: Բայց Սոֆիի երգերից շատերը ոնց որ մեր մասին լինեն: Իսկ Leaving-ը ոտքից գլուխ ինքն էր, բառ առ բառ:

Ահագին աշխատեցի էսօր: Ինչ ծրագրել էի, ավարտեցի: Հետո գնացի էքսպատների դանիերեն հանդիպմանը: Ուղիղ մեկուկես ժամ դանիերեն եմ խոսել: Էդ ընթացքում սկսեցի լարվել, սկսեցի տխրել, սկսեցի անհանգստանալ: Ո՜նց եմ հոգնել էս անվերջ «որտեղի՞ց ես, ինչո՞վ ես զբաղվում» հարցերից: Ու ո՜նց եմ հոգնել, երբ այդ ամենը երբեք չի խորանում, ընկերություն չի դառնում:

Ու երևի Կոպենհագենում ես համեմատաբար բախտավոր էի, որովհետև մինչև հիմա որտեղ ապրել եմ, այդ մակերեսային շփումներից առաջ չեմ անցել: Երևի Քրինան միակ դեպքն էր Խրոնինգենում, մեկ էլ դե մի քանի համակուրսեցիներս: Իսկ էստեղ արդեն հասցրել եմ մտերիմ ընկերներ ձեռք բերել, թեկուզ էլի քիչ են...

Կարծես փորձում եմ հավաքել քեզ կտոր-կտոր. ծանոթներիցս մեկն իռլանդացի է, մեկը՝ կենսաբան, մեկը՝ ինդուստրիալ դիզայներ, մեկը՝ ճարտարապետ, մեկը՝ Դամիեն Ռայս է լսում:

Այս երեկո սիրտս ուժեղ ցավում է: Ուղիղ մի շաբաթ է անցել այն օրվանից, ինչ քեզ վերջին անգամ տեսա: Այս երեկո ես լացելու եմ նորից:

Ընթրիք կպատրաստեմ, Մայայի հետ կչաթվեմ, կգրեմ նորից, կգրեմ, կգրեմ, կգրեմ: Ու կկարոտեմ քեզ: Թող մի քիչ էլ կարոտեմ:

StrangeLittleGirl
15.01.2015, 21:31
Ապաքինում. օր 8

Երեկ էս գրառումն էի գտել.

Էնքան հետաքրքիր ա էս ամենը: Ամեն ինչ մի տեսակ գիտակցված ա, ուղեղի զոռ, ցանկացած առաջընթաց մաշկիդ վրա զգում ես, ցանկացած զարգացում մեծ ձեռքբերում ես համարում, հետո՝ խորը շունչ քաշում, թե՝ էս լեվելն էլ բարով-խերով հաղթահարեցինք: Ոնց որ երեխայի զարգացմանը հետևես, թե՝ այսօր առաջին անգամ ժպտաց, այսօր առաջին անգամ նստեց, այսօր առաջին անգամ «մամա» ասաց: Ու դանդաղ, շատ դանդաղ, համատեղ ջանքերով այս ամենն առաջ է գնում: Եվ երբ հասնենք այնտեղ, ուր գնում էինք, այնքան թանկ կլինի մեր ձեռքբերումը, որ ամեն կերպ կդողանք վրան, չենք թողնի, որ հենց էնպես կործանվի:

Փաստորեն, այս մի լեվելը ոչ մի կերպ չենք կարողանում անցնել: Չեմ ուզում անցյալով խոսել, որովհետև հույս ունեմ՝ մի օր անցնելու ենք, անկախ նրանից, թե որ ուղղությամբ կգնանք:

Էլի ահավոր եղանակ: Երկու կղզիները միացնող կամրջին քամին էնքան ուժեղ էր, որ չէի կարողանում պեդալել:

Գործի տեղը լավ էր: Ղեկավարիս հետ երկար զրույց ունեցա: Ասաց, որ պատրաստվում են գրանտի դիմել, ու կուզենար, որ PhD-ս վերջացնելուց հետո իրենց հետ մնայի: Պատասխանեցի, որ շուտ է դրա մասին մտածելը: Ու ի՜նչ լավ է, երբ քեզ արժեքավոր ես զգում, երբ հասկանում ես՝ ընտրություն ունես:

Երեկոյան գնացի Արքս: Հենրիետը հարցազրույց անցկացրեց: Ասաց, որ մինչև կիրակի կհայտնի՝ ինձ վերցնում են որպես կամավոր, թե ոչ: Մի տեսակ տարօրինակ է, որովհետև նման բաների համար իրոք մեծ եմ: Իմ տարիքի միջին վիճակագրական դանիացին արդեն տուն-տեղ, էրեխեք ունի: Ես միջին վիճակագրական չեմ, ոչ էլ դանիացի:

Տուն եկա, անձրևը դեռ շարունակվում է: Մեկուկես ժամից յոգայի եմ:

Էսօր լավ եմ:

Բայց քանի դեռ ամեն օր գրում եմ ապաքինման մասին, ապաքինումը դեռ չի ավարտվել:

StrangeLittleGirl
16.01.2015, 20:58
Ապաքինում. օր 9

Անցյալ չորեքշաբթի օրվանից հետո առաջին անգամ գործի հասա ժամը 9-ին: Իհարկե, այսօր ուրբաթ է, ու մեր գրելու խմբով հավաքվում, միասին աշխատում ենք: Բայց անցյալ ուրբաթ նույնիսկ դա չմոտիվացրեց:

Երեք ժամ հինգ հոգով աշխատեցինք, հետո միասին ճաշի գնացինք: Լավ է էլի մնացած PhD-ուսանողների հետ: Խոսակցությունները ձանձրալի ու մակերեսային չեն, նույնիսկ եթե անձնական մակարդակի չենք հասնում: Էնքան տարօրինակ է. ինչ PhD-ս սկսել եմ, մարդիկ շատ սուր կերպով բաժանվել են ակադեմիայի և ոչ ակադեմիայի մարդկանց: Ու վերջիններս ձանձրալի են, մակերեսային, անհետաքրքիր: Չգիտեմ՝ մինչև ակադեմիա մտնելս ե՞ս էլ էի էդպիսին, թե՞ ակադեմիայում հայտնվում են հենց խորը մարդիկ: Ասենք, ուսանողների հարցը մի քիչ ուրիշ է. Մայան դեռ մաստեր է անում, բայց նրա հետ երբեք չեմ ձանձրանում: Բայց Աստված չանի, հանդիպեմ որևէ ծրագրավորողի կամ բանկային աշխատողի: Րոպեներ անց խոսակցությունը կանգ է առնում կամ պտտվում է նույն մակերեսային թեմաների շուրջ:

Օրվա երկրորդ կեսին չկարողացա աշխատել. մեկ բնակարանի փնտրտուքս, մեկ էլ այն փաստը, որ ֆեյսբուքիս բլոկն էսօր դուրս էր եկել, չթողեցին աշխատել: Տրամադրությունս սկսեց վատանալ: Կոմպս վերցրի և ճանապարհվեցի ուղիղ դեպի ֆրանսիական սրճարան, ինչպես ծրագրել էի դեռ շաբաթվա սկզբին. ուրբաթ օրերին ֆրանսիական սրճարանը երկար է բաց մնում:

Մտա քաղաքի կենտրոն: Այստեղ միշտ միայնության զգացողություն է առաջանում: Հասա սրճարանին: Ինչ-որ լավ բան էի ուզում, ինչ-որ պստիկ ջերմություն: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ինձ լուցկիներով աղջիկ զգացի:

Էրեկ Հեմինգուեյից մի մեջբերում կարդացի: Ասվում էր՝ երբ որևէ լավ կամ վատ բան ավարտվում է, տեղը դատարկություն է մնում: Եթե վատ է, ինքնիրեն լցվում է, իսկ եթե լավ բան է, միայն ավելի լավ բանը կարող է լցնել:

Փնտրում եմ ավելի լավ բանը: Իսկ մինչ այդ լուցկիներ եմ վառում ու փորձում պատկերացնել, թե տաք է:

StrangeLittleGirl
17.01.2015, 17:44
Ապաքինում. օր 10

Այսօր կկարողանայի գրել, թե տասը օր է անցել, ինչ վերջին անգամ իրար հետ խոսել ենք, ու սեպտեմբերից, թե հոկտեմբերից հաշված դա լռության ամենաերկար ժամանակահատվածն է: Կկարողանայի գրել, որ տասը օրը նույնիսկ շատ քիչ է թվացել, չեմ էլ զգացել, թե ինչպես այսքան ժամանակ անցավ, մինչդեռ ընդամենը դեկտեմբերին անգամ երկու-երեք օրվա լռությունը սպանիչ էր լինում: Կկարողանայի գրել, բայց...

Առավոտը յոգայի գնացի, հետո սուպերմարկետ, հետո՝ տուն: Սենյակս հավաքեցի, շարունակեցի բնակարանի փնտրտուքը, լվացքը միացրի, գրքերս կողքս դրեցի, որ էսօր կարդամ: Թղթերս պատրաստեցի, որ Սոնյայի նամակին պատասխանեմ:

Ու մեկ էլ ֆեյսբուքով գրեցիր դու, թե՝ կոլեգաս փետրվարի 9-ից ազատ սենյակ ունի, Նորեբրոյում, լճերի մոտ: Կարծում ես՝ կընդունեի՞ առաջարկը: Ես փորձում եմ քեզնից հեռու մնալ, իսկ դու առաջարկում ես ապրել մի մարդու հետ, որն ամեն օր քեզ տեսնելու է: Շնորհակալություն հայտնեցի ու ասացի, որ կմտածեմ:

Տասը օր, տասը օր չէինք խոսել: Ուզեցի հարցնել՝ ոնց ես: Չհարցրի:

Իսկ Մանուն էսօր բացիկը ստացավ, էն մեկը, որ Կեֆլավիկի հյուրանոցի հսկայական համարում քո դիմաց նստած գրում էի... Հա, հենց էդ հյուրանոցում: Հիշու՞մ ես:

StrangeLittleGirl
18.01.2015, 22:08
Ապաքինում. օր 11

Էրեկ Սկայփով Լիլիթի հետ խոսելիս մեկ էլ մեյլ ստացա. բոլիգպորտալում իմ երազանքների բնակարանի հայտարարությունն էր տեղադրվել: Արագ-արագ զանգեցի, պայմանավորվեցի, որ գնամ նայելու: Արան էլ որոշեց հետս գալ, որովհետև հավանաբար մի սենյակն ինքն էր վերցնելու:

Հանդիպեցի Արային, պատրաստվում էինք քայլել դեպի բնակարանը, մեկ էլ սմս ստացա, թե բնակարանն արդեն տրվել ա վարձակալության: Ու էդտեղից սկսվեց ներվային նոպան: Մի սենյակի համար էլ էի պայմանավորվել Վելբուում: Արան որոշեց հետս գալ: Հազիվ էի ինձ զսպում, որ վիրավորական բաներ չասեմ. ներսից ահավոր ներվային էի չգիտեմ ինչու:

Վելբուի սենյակը լավն էր: Տանտիրուհին հաճելի կին էր: Միակ մինուսն էն էր, որ պադվալային հարկ էր: Դե հա, մեկ էլ Վելբուն մի քիչ քաղաքից դուրս է:

Եկանք քաղաքի կենտրոն, Արան գնաց իր գործերով, իսկ ես Ալլամին պիտի հանդիպեի: Միասին գնացինք սթորիթելինգի: Միջոցառումը շատ հավես անցավ, պատմությունները շատ հետաքրքիր էին ու հավես էլ կատարվեցին: Բայց մի տեսակ նեղվում էի, որ մենակ չեմ գնացել: Հա, պատկերացնու՞մ եք, նեղվում էի մենակ չլինելուց: Իսկ Ալլամին կանչել էի իբր որ մենակ չգնամ:

Հետո Ալլամի հետ մի քիչ զբոսնեցինք Կոպենհագենում: Մտածում եմ՝ հաստատ հետն ապագա չունեմ, անիմաստ ա շարունակելը: Հա, ինքը լավ տղա ա, գուցե միջակ հարաբերություն ստացվի, բայց պե՞տք ա դա ինձ: Չգիտեմ, չեմ հասկանում էն մարդկանց, որ ընկերություն են անում ու ընտանիք կազմում առանձնապես միմյանցով հետաքրքրված չլինելով: Ու գիտեմ, որ շատերն են անում: Ես էլ կարող եմ էդպես անել: Բայց չեմ ուզում: Հաստատ չէ... ես կամ պիտի զգամ էն, ինչ Դ-ի հետ էի զգում, կամ էլ ավելի լավ ա մենակ մնամ:

Մեկ էլ զգում եմ՝ Ալլամի ներկայությամբ ներվայնությունս նույնիսկ ավելանում ա: Չգիտեմ՝ տուն չճարելն ա պատճառը, թե իսկապես մարդկանց կարիքը հեչ չունեմ. որ մենակ եմ մնում, լավ եմ լինում:

Ալլամը գնաց Մալմո, ես էլ քշեցի տուն: Մեկ էլ Դ-ի տան մոտով անցնելուց էլի հեկեկոցս սկսվեց: Ե՞րբ պիտի էս անտեր տնից գնամ, որ էդ կողմերով էլ չանցնեմ:

Ու հիմա վատ եմ: Ահավոր ներվային: Չգիտեմ՝ ինչ անեմ:

StrangeLittleGirl
18.01.2015, 22:45
Ապաքինում. օր 11, մաս 2

Էսօր կատաղած եմ նաև քեզ վրա: Չգիտեմ՝ բնակարանի փնտրտուքս է պատճառը, թե քո բացակայությունը, բայց ահավոր ջղային վիճակում եմ: Որովհետև էս պահին հենց քո կարիքն ունեմ, հենց դու ես պետք, որ նստես կողքս ու հանգստացնես: Ու կատաղում եմ, որ քեզ չեմ գտնում ուրիշների մեջ: Կատաղում եմ, որ թույլ եմ տվել, որ այդ աստիճանի անփոխարինելի դառնաս ինձ համար:

Լուրջ եմ ասում՝ հիմա էնպիսի վիճակում եմ, երբ մենակ լինելն ինձ ավելի լավ ա, քան մարդկանց հետ շփվելը: Էս էլ արդեն երկրորդ անգամ էս շաբաթվա մեջ... Հենց սոցիալիզացվում եմ, վատանում եմ:

StrangeLittleGirl
20.01.2015, 01:14
Ապաքինում. օր 12

Առավոտը մինչև ոսկորներս թրջված ու սառած մտա գրասենյակս: Մտածեցի՝ ըհը, հիմա սուրճ կսարքեմ, Ֆակտայից առած քընելսնայլով նախաճաշ կանեմ ու կամաց-կամաց վիքենդից կվերադառնամ աշխատանքի:

Կոմպս չմիացավ: Կատաղեցի: Շալակեցի, որ տանեմ այթիիշնիկների մոտ: Այթի բաժինը տեղափոխվել էր: Հետ էկա գրասենյակ, փորձեցի հիշել այթի բաժնի համարը: Բջջայինից ստիպված զանգեցի, որովհետև աշխատանքային հեռախոսս կոմպին է միացած: Այթիիշնիկ տղան ասեց, որ ժամը մեկից հետո տանեմ կոմպս: Աչքս լույս. ժամը մեկին Բիրգիտի հետ հանդիպում ունեմ:

Էդպես մինչև ընդմիջում դեսուդեն գնալով, քիչումիչ հոդվածներ կարդալով ձգեցի: Ընդմիջմանը էրեխեքին տուն փնտրելու արկածներս պատմեցի, ծիծաղից թուլացել էին: Բիրգիտի հետ հանդիպումը շատ հավես անցավ: Պարզվեց՝ ինքն էլ է Հրաչ Մարտիրոսյանին ճանաչում, նրանց տանն էլ եղել է:

Հետո կոմպս տարա այթիիշնիկի մոտ: Էս կողմ նայեց, էն կողմ նայեց, թե՝ կոմպդ պիտի թողնես մոտս, եթե ես չկարանամ սարքեմ, վաղը մասնագետ կկանչեմ, թե՝ հեչ մի մտածի, էս շաբաթվա մեջ հաստատ կլինի: Աչքս լույս այ հիմար: Մինչև էդ կոմպը չլինի, ես չեմ կարա աշխատեմ:

Էդպես հետ գնացի օֆիսս, մի քիչ նստեցի, մտածեցի՝ մնում եմ, ինչ անեմ: Գնամ տուն, գոնե իմ անձնական կոմպով մի քիչ գործ անեմ, մինչև:

Դուրս եկա, փորձեցի հեծանիվս արձակել, մեկ էլ թշշոց լսեցի: Աչքիս առաջ անիվս փսկեց: Ըհը, էս էլ ու պըրծ: Հեծանիվս գլորելով տարա Ամաբրոգեյդի ամենամոտ հեծանվախանութը: Մասնագետն ասեց՝ ժամը հինգին արի: Մեկուկես ժամ:

Փողոցն անցա, մտա մոտակա կաֆեն, որ սուրճ խմեմ: Մեկ էլ նկատեմ՝ էդ կաֆեն Under Elmene-ն ա՝ Ծփիների տակ: Ու վատացա: Էդ կաֆեն էր, որ պիտի գնայինք դեկտեմբերի էն օրը, երբ ամեն ինչ ավարտվեց:

Ու ընդհանրապես գլխիս եկած բոլոր սթրեսներից վատացած սկսեցի լացել: Ախր ինչու՞ ա ամեն ինչ էսպես իրար հետևից կատարվում: Սկսած էմոցիոնալ հարվածից, վերջացրած տուն փնտրելու սթրեսով, առողջական հարցերով ու փչացած հեծանիվով ու կոմպով: Ոնց որ ինչ-որ մեկի էքսպերիմենտի մասնակից լինեմ, ու փորձեն պարզել, թե ինչքան սթրեսի կդիմանամ:

Էսօր իրոք վատ էի, ֆիզիկապես վատ էի: Էսօր լիքը ժամանակ ունեի մտածելու, ու հասկացա, թե ինչքան անհույս ա ամեն ինչ, թե ինչքան ահավոր ա անընդհատ նորանոր մարդկանց հետ ծանոթանալը ու անկապ մակերեսային խոսակցություններ ունենալը, թե ինչքան փոքր ա հավանականությունը, որ Դ-ի նման մեկի հետ կծանոթանամ մոտ ապագայում:

Էրեկ Դ-ն գրել էր, հարցնում էր, թե ինչ որոշեցի իր կոլեգայի առաջարկած սենյակի հաշվով: Ասացի, որ չեմ ուզում, որովհետև ինձ դուր չի գալիս իրեն ծանոթ մեկի հետ ապրելու գաղափարը: Ասաց, որ ինքն առանց հետին մտքի է առաջարկել: Հարցրի, թե ոնց է: Ասաց՝ I have been okay: Գիտեմ էդ օքեյը, էդ էն ա, որ չես ուզում ասել՝ ո*ի, բայց չես էլ ուզում խաբել, ասել՝ հիանալի: Ու հա, ես էլ եմ էս օրերի ընթացքում օքեյ էղել ու չգիտեմ՝ մինչև երբ ուղղակի օքեյ կլինեմ: Ուզում եմ հրաշալի լինել: Ինչպես Կոպենհագեն ժամանելուս առաջին օրն էր, ինչպես հրաշալի էի մինչև նոյեմբերի վերջերը:

Լիլիթն էլ էսօր ստացավ Իսլանդիայի բացիկը: Իսլանդիան իմ կյանքում տարօրինակ սիմվոլ ա, մի ճամփորդություն, որն իր մեջ ամեն ինչ պարունակում ա: Երևի մի օր ամեն դեպքում բլոգումս գրեմ դրա մասին:

Էսօր մի հոդված կարդացի: Ասում էր՝ մենք լավ ենք հիշում մեր սիրած մարդու հետ կապված ամեն ինչ: Ու իրոք. Իսլանդիայի ամեն վայրկյանն ահավոր լավ եմ հիշում: Վստահ եմ, որ Դ-ն էլ:

Էնքան ահավոր ա... Հայաստանում կատարվող ամեն ինչ ոնց որ կողքովս անցնի:

StrangeLittleGirl
20.01.2015, 16:11
Ապաքինում. օր 13

Մարիայի հետ իջանք սուրճ խմելու: Ամեն անգամ ադմինիստրացիայի տարածք մտնելիս շունչս պահած նայում եմ՝ փոստ ունեմ, թե չէ: Թեթևանում եմ, երբ տեսնում եմ՝ դարակս դատարկ է:

Էսօր կանաչ ծրար կար: Ու այն հասցեից էր, որից վախենում էի: Անվանս դիմաց երկու տառ կար գրված. Dr.: Միայն ինքն է ինձ այդպես դիմում: Բացեցի ծրարը, թեև գիտեի մեջն ինչ էր լինելու: Հուլիսին կայանալիք երկու համերգների մեկական տոմս: Պիտի միասին գնայինք: Մեր բաժանման այն երեկոն ասացի, որ իմ տոմսերն ինձ տա, ես կորոշեմ՝ ինչ անեմ: Ու հույս ունեի, անվերջ հույս ունեի, որ այդ ծրարը երբեք չի գա, որովհետև այդ տոմսերը մեզ իրար կապող միակ թելն էին:

Տոմսերի հետ մի թուղթ էր դրված, վրան՝ շեմրոքի տերև, ու ամսաթիվը՝ հունվարի 18:

Ու հիմա ծրարը կողքս է, էլ չեմ կարողանում աշխատել:

StrangeLittleGirl
21.01.2015, 01:20
Ապաքինում. օր 13, մաս 2

Շնորհակալություն հայտնեցի տոմսերն ուղարկելու համար: Մի քիչ խոսեցինք: Դու փորձում էիր թաքցնել, թե ինչքան վատ ես, իսկ ես անկապ կծմծում էի, մինչև խոսակցությունը նորից փակուղի մտավ, ու երկուսս էլ լռեցինք:

Դանիերենի դասից հետո սովորականի պես գնացինք գարեջրվելու: Ինչ Քրիստիանն այլևս չի գալիս դասերի, ես մնացել եմ միակ ոչ գերմանախոսը գերմանացիների ու ավստրիացիների խմբում: Սովորաբար նման դեպքերում ես ինձ հեչ լավ չեմ զգում, բայց սա մի տեսակ հարազատ խումբ է դարձել: Շատ էլ որ ամենախորը զրույցները միայն պատերազմի մասին են:

Էսօր հասարակական տրանսպորտով էի. առավոտը ձյուն էր գալիս: Նորեպորտում Անդրեասին ու Մառլենին հաջող արեցի, իջա գնացքից, նստեցի ավտոբուս: Հենց գիտակցեցի ծանոթ մարդկանց բացակայությունը, աչքերս սկսեցին կամաց-կամաց թրջվել:

Կանգառում իջա, քայլեցի դեպի մեր շենք, բայց Հարալդսգեյդով գնալու փոխարեն մտա կողքի պուճուր փողոցներից մեկը, որտեղ Ադամն է ապրում: Ինչ հայտնաբերել եմ, որ ես ու Ադամը նույն թաղամասում ենք ապրում, անընդհատ ուզում եմ նրան պատահաբար հանդիպել: Էսօր հատկապես ուզում էի: Ադամը միակ մարդն է Կոպենհագենում, որը թե՛ ինձ, թե՛ Դ-ին գիտի: Ու մի տեսակ ուզում էի ուղղակի հետը խոսել:

Ադամի տան լույսերն անջատած էին: Շարունակեցի քայլել դեպի մեր շենքը: Անցնում էի տաքուկ առանձնատների մոտով, որտեղ մարդիկ իրենց տներում փակված վայելում էին ձմեռային երեկոն: Ու էդ հարմարավետությունը տեսնելիս լացս հեկեկոցի վերածվեց: Ընդամենը տասը օրից տեղափոխվում եմ, գնում եմ մի ուրիշ ժամանակավոր տուն, մի ուրիշ տեղ պիտի ևս վեց ամիս ապրեմ, որ հետո հաջորդը փնտրեմ: Ու էսպես անվերջ:

Ահավոր միայնություն զգացի: Ամբողջ աշխարհի առաջ կանգնած էի մենակ: Ամբողջ Կոպենհագենում մենակ էի, ու ոչ ոք չկար, որ սփոփեր: Մի կերպ ինձ տուն գցեցի: Նաչոն միջանցքում էր: Արագ բարևեցի ու իմ սենյակում փակվեցի:

Վերջին օրերին վախենում եմ հայելու մեջ նայել: Աչքերիս փայլը կորել է: Ու ինչքան էլ ծամածռվեմ, դեմքիցս չի անհետանում էս տառապած արտահայտությունը: Էլ չեմ ուզում էսպես, ուզում եմ երջանկությունս հետ գա: Ախր ինձ էնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Ինչու՞ էդ մի պուճուրն էլ չեմ ստանում:

Ես ելքեր եմ որոնում ու չեմ գտնում: Էլ չեմ կարող այսպես շարունակել, քեզ մոտ էլ չեմ վերադառնալու, հույս չունենաս: Ու չգիտեմ՝ ուր գնամ, չգիտեմ՝ ինչ անեմ, չգիտեմ՝ ում հետ ու ինչպես շփվեմ: Մոլորվել եմ: Իմ հին կյանքը հետ եմ ուզում:

StrangeLittleGirl
21.01.2015, 23:19
Ապաքինում. օր 14

«Թորի Էյմոսն ամռանը Եվրոպայում շրջագայելու է: Իմաստ չկա քեզ հարցնելու, թե արդյոք կուզենաս ինձ միանալ, չէ՞»,- գրեցի:
«Կուզեի, որ այդպես չլիներ, բայց վախենամ՝ իրոք իմաստ չկա»,- պատասխանեց:

Ամբողջ գիշեր չէի քնել: Ժամը երեքին ատարաքսի մի հաբ կուլ տվեցի, որ գոնե մինչև յոթն աչքերս փակեմ: Առավոտյան երբ նայեցի հայելու մեջ, տեսքիցս վատացա: Կոպերս ահավոր ուռած էին:

Հեծանիվ նստեցի, գնացի Վելբու՝ պայմանագիրը ստորագրելու: Ապագա տանտիրուհիս՝ Բիրգիտը, տեսնելով, որ դրսում հանեցի կոշիկներս, ներս բերեց, ասաց՝ կսառեն, հետո որ դուրս գաս, կմրսես:

Պայմանագիրը ստորագրելուց հետո գործի քշեցի: Թաղամասն էի ուսումնասիրում. առաջիկա կես տարին էստեղ եմ ապրելու: Սուպերմարկետները ոնց որ հեռու են, բայց լիճը մոտ է: Ճամփան բլրով է անցնում. քրտնելով վեր, հետո գլորվելով ներքև: Բայց ընդհանուր շատ երկար չէր:

Գործի մտա սուրճ չխմելուց ու անքուն գիշերվանից սատկած: Բիրգիտն սմս էր գրել, թե կարիք չկա մինչև ամսվա վերջ սպասելու, հենց էս քանի օրն էլ կարող եմ տեղափոխվել: Շնորհակալություն հայտնեցի այդքան բարի լինելու համար, բայց ասացի, որ հիմիկվա տունս մինչև ամսվա վերջ պայմանագրի մեջ է:

Ճաշին Վիոլենի հետ զավզակում էինք: Մեկ էլ Վիոլենը թե՝ էստեղ էս ինչքան մարդ կա, որ չեմ ճանաչում: Նայեցի նոր ներս մտած տղաներին: Հայացքս ֆիքսվեց նրանցից կանաչ մայկա հագածի վրա: Սեղանի շուրջ լռություն տիրեց: Հայացքս արդեն անցնում էր քաղաքավարության սահմանները: "A man!" մեկ էլ բացականչում եմ: Կոլեգաներս խառնվում են իրար, թե էս ինչ էղավ հենց նոր, էդ տղու սե՞ռն էի ստուգում, ինչ ա: Իսկ տղան ինձ ուղղեց, "The man." Իրա մայկայի վրա ընդամենը իռլանդերեն գրված էր "an fear."

Պարզվեց՝ ինքը դանիացի է, բայց լավ իռլանդերեն գիտի: Ասում է՝ տասնհինգ տարեկանից է սովորում: Ասում է՝ իռլանդական ամեն ինչը սիրում է: Հետո եսիմ ոնց սկսում ենք զանազան լեզուներից ու հոլովներից խոսել: Ասում եմ՝ իմ մայրենի լեզվում հոլովներ կան: Հարցնում են՝ որն ա քո մայրենին: Ասում եմ՝ հայերենը: Մեկ էլ կողքիս տղան ա ոգևորվում, թե՝ ամառը գնալու եմ Հայաստան, Հրաչ Մարտիրոսյանի ճամբարին մասնակցեմ: Իսկ կանաչ մայկայով տղան ասում ա, որ իրա հայերենը էդքան էլ լավ չի, ընդամենը մի կուրս ա վերցրել: Ասում եմ՝ ես հեսա հայերեն եմ տալու, համեցեք: Կողքիս տղան ասում ա՝ յա՜, էդ դու՞ ես լինելու, գրանցվել եմ արդեն:

Լանչից հետո իջնում եմ գրասենյակս: Մի քիչ հետո լիտվական շոկոլադը ձեռքին Վիոլենն ա գալիս: Ասում ա՝ գիտե՞ս, էս տուփով մտա խոհանոց, էդ տարօրինակ լեզուներ իմացողներին (հնդեվրոպագետներին նկատի ունի) ցույց տվեցի, ասեցի՝ թե էդքան խելասեք՝ էս ինչ լեզու ա: Մի վայրկյան էլ չտևեց, միանգամից երեքով միասին ասեցին՝ լիտվերեն ա: Մանթո մեռա:

Վիոլենի հետ գործ արեցինք, հետո ինքը գնաց, հետո ես շարունակեցի գործս: Թորի Էյմոսի օրերն էսօր արդեն հաստատվել են. հունիսի 12-ին ու 13-ին Նորվեգիայում փառատոնների ա մասնակցում: Երևի 12-ի համար տոմս առնեմ, համ էլ Պատի Սմիթին կտեսնեմ:

Տուն եմ գալիս, ու տրամս բարձր ա: Ի՜նչ լավ ա, հեսա տեղափոխվում եմ, երկու շաբաթից էլ սկսելու եմ դասավանդել, իսկ էսօրվա ճաշի ընդմիջումը վերջին երկու շաբաթների ընթացքում կատարված ամենալավ բանն էր: Էսօր առաջին անգամ հասկացա, որ ամեն դեպքում ավելի լավն էլ կարա լինի:

StrangeLittleGirl
21.01.2015, 23:57
Հ.Գ. Մի բացիկի մեջ շրթներկով նուռ նկարեցի ու փոստով ուղարկեցի Դ-ին՝ որպես պատասխան շեմրոքին: Ու էդ պահն ինձ բացել էր. ծրարը գցեցի փոստարկղը, հեծանիվով Դ-ի տան ու գործի մոտով անցնելով իմ տուն գնացի:

StrangeLittleGirl
22.01.2015, 10:57
Ապաքինում. օր 15

Արթնացա, ու ոնց որ էլ քնելու կարիք չունեի: Աչքերս բացեցի հանգիստ քնից թարմացած: Վաղուց էսքան լավ չէի քնել: Ու անգամ հանգստացնող հաբ չէի ընդունել:

Չգիտեմ՝ ընդհանուր երեկվա բարձր տրամադրությու՞նս էր պատճառը, թե քեզ հետ ունեցած զրույցը: Գիշերը նվնվոցդ դրել էիր, թե համերգներին չես գալու (իմպուլսիվ որոշում. դեռ կես տարի ունես մտածելու), առաջարկում, որ ես գնեմ տոմսերը, որովհետև մենակ չես սիրում համերգներ գնալ: Չէ, թանկագինս, քո տոմսերն ինձ պետք չեն, որովհետև ես շատ վաղուցվանից եմ սովորել համերգների համար միայն մի տոմս գնել, ու ինձ համար մենակ գնալն ավելի շատ նորմա է, քան բացառություն:

Մեր այդ կարճ խոսակցությունից տպավորություն ստացա, որ դու շատ ավելի շատ ես տառապում, քան ես, չնայած մի քանի օր առաջ փորձում էիր ինձ հակառակում համոզել: Ես ապաքինման ճամփան եմ բռնել ու շուտով հաստատ տեղ եմ հասնելու, դու՝ չգիտեմ ուր կգնաս: Վերադարձի ակնկարկներիդ կատակներով պատասխանեցի: Գուցե մի օր վերադառնամ, չի բացառվում, բայց այդ մի օրը կարող է լինել վաղը կամ քսան տարի անց: Կամ կարող է ընդհանրապես չվերադառնամ:

StrangeLittleGirl
22.01.2015, 22:57
Ապաքինում. օր 15, մաս 2

Վիոլենը մեյլ էր գրել. «Գիտես, նենց նախանձում եմ, որ Դամիեն Ռայսի համերգին ես գնալու: Ջահել ժամանակ գնացել եմ, երբ դեռ Լիզա Հանիգանի հետ էր»:
Պատասխան. «Հենց Լիզայի ու Դամիենի հարաբերություններն են էլի պատճառը, որ էսպիսի իրավիճակում հայտնվեցինք»:
Վիոլենը. «Հը՞: Կարո՞ղ ա կարծում ա դու էլ Լիզայի պես սոլո կարիերա կսկսես»:
Ու էստեղ ծիծաղից թուլացա: Էս էլ էսօրվա հիթն էր:

Երեկոյան գնացի մշակութային շոկի մասին լեկցիայի: Վատացա, երբ լսեցի, թե ինչ սարսափների միջով են մարդիկ անցնում: Ասենք, նույնիսկ իմ անձնական կյանքի էսպիսի հարվածը ինձ չհասցրեց էն վիճակին, ինչի միջով շատ մարդիկ անցնում են: Ընդ որում, իրանք մենակ չէին էկել. ամուսին-բան ունեին կողքից: Իսկ ես հերիք չի մենակ եմ, դեռ ամենաիզոլացված աշխատանքներից եմ կատարում: Ու նե՜նց մեծ ու հասուն զգացի ինձ, նե՜նց փորձառու: Սկսեցի հպարտանալ ինքս ինձնով, ուրախանալ, որ կարողացել եմ խուսափել մշակութային շոկի ծուղակից:

Գրողը տանի, կարող ա դեռ էնքան լավ չեմ, ինչքան Դանիա գալուս առաջին օրերին: Բայց ես հեչ բողոքելու տեղ չունեմ:

StrangeLittleGirl
23.01.2015, 21:02
Ապաքինում. օր 16

Առավոտյան երկինքը կապույտ էր:

Եվ երբ Զիլանդն Ամային կապող կամրջի վրայով հերթական անգամ անցա, երբ քամի չկար, ու սառը օդը փչում էր դեմքիս, երբ դիմացի ջերմաչափը զրո աստիճան էր ցույց տալիս, աչքերս փակեցի ու առանց արգելակելու սլացա ներքև. ես երջանիկ եմ: Ես ապաքինվել եմ ու վերադարձել այնտեղ, որտեղից կորել էի:

Հեմինգուեյի ասած դատարկությունը լցվել է: Ես գտել եմ ավելի լավը, իսկ այդ ավելի լավը հենց ես եմ: Ու սկսեցի հպարտանալ այն անձով, որը դարձա Դանիա տեղափոխվելուս ընթացքում: Երեկվա հոգեբանը մանրամասն պատմում էր հարդինես կոչվող երևույթի ու իդեալական անձի մասին: Ու բացատրում էր, որ թրեյնինգներ կան դրան հասնելու համար, դժվար չէ: Մի քանի անգամ ռիսկային որոշում ընդունելուց հետո այլևս ռիսկը սթրեսային չի դառնում, իսկ նոր իրավիճակներին սովորելը հեշտանում է: Այդպիսի մարդիկ նաև ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում:

Ես թաքուն ժպտացի՝ հասկանալով, որ ոչ մի թրեյնինգի կարիք չունեմ, որովհետև իմ կյանքի ոչ մի փուլում ռիսկերից չեմ վախեցել: Ու հենց էդ ռիսկերի արդյունքում դարձել եմ լրիվ այլ որակի մարդ: Ինչի՞ց պիտի բողոքեմ, երբ երևի քաղաքում ապրող միակ էքսպատն եմ, որը մշակութային շոկ չի տանում: Ինձնից բացի երևի մեկ էլ Էլոիզն է, իսկ Էլոիզը նույնպես կյանքում լիքը ռիսկերի գնացած մարդ է:

Ինչի՞ց պիտի բողոքեմ, երբ դանիացիների վարքագիծը բնավ չի նյարդայնացնում, լեզուն (լավ) չիմանալը չի խանգարում, երբ ինքս իմ մշակութային ժառանգությունը գնահատում եմ՝ հարգելով նաև դանիացիներինը, երբ ինչ-որ ապուշ բան անում են, մեծահոգաբար ներում եմ՝ հասկանալով, որ ուղղակի իրենք էդպես են սովոր:

Ինչի՞ց պիտի բողոքեմ, երբ անգամ անձնական ծանր հարվածն ընդամենը մեկուկես օր ինձ անկողնում պահեց: Դրանից հետո արդեն վերադարձել էի իմ նորմալ կյանքին, մինչդեռ մնացած էքսպատներին նույնիսկ ամենափոքր բանը կարող է դեպրեսել:

Սկսեցի հպարտանալ իմ անցած ճանապարհով, գնահատել այն կետը, որին հասել եմ ու ընտրածս ուղղությունը:

Ցերեկը վերջացրի Վիկտորյայի վորքշոփի ընթացքում սկսածս պատմվածքը: Անընդհատ մի լեզվից մյուսը փոխելով, փորձելով, ավելացնելով, պակասացնելով: Ու երբ զգացի, որ այլևս չեմ կարողանում աշխատել վրան, ուղարկեցի քննադատության:

Ու հիմա լավ եմ, շատ լավ եմ: Երջանիկ եմ, կյանքիցս գոհ: Նստած եմ ֆրանսիական սրճարանում, ու երևի ամեն ուրբաթ գործից հետո էստեղ գալը սովորություն կդառնա:

Ապաքինման երկրորդ փուլը համարենք ավարտված:

StrangeLittleGirl
23.01.2015, 23:06
Ապաքինում. օր 16, մաս 2

Ասում ա՝ արի միասին գնանք Թորի Էյմոսի համերգին: Արյա, ես վատ եմ :D

StrangeLittleGirl
24.01.2015, 20:18
Ապաքինում. օր 17

Մեր բաժանումից հետո այսօր առաջին անգամ տեսա քեզ: Մազերդ գզգզված, աչքերիդ տակ կլորակներ էին: Էնքան տառապած տեսք ունեիր: Իսկ իմ տրամադրությունը բարձր էր, ու գիտեմ, որ երջանկությունից շողում էի. առավոտյան հայելու մեջ նայելիս ինձ շատ էի դուր եկել:
Երբ գիդը խոսում էր, զգում էի հայացքդ մեջքիս վրա, հենց քեզ էի նայում, արագ թեքում էիր: Ավելի ուշ, երբ կողքովդ անցա, իբր նոր նկատելով բարևեցիր:

Սուրճի ժամին նստած էիր մի անկյունում ահավոր մենակ ու դժբախտ: Մեղքս եկար: Մոտեցա քեզ, փորձեցի մի երկու բառ փոխանակել: Դողում էիր: Հետո նորից վեր կացա ու միացա հենց նոր ծանոթացածս տղաներին:

Գիտե՞ս, թե այսօր ինչ օր է: Ուղիղ կես տարի է անցել մեր ծանոթության օրվանից: Ու տարօրինակ կերպով հենց կես տարի անց նորից հանդիպում ենք նույն ISM-ի միջոցառմանը: Այն ժամանակ արև էր շողում ու շոգ էր, իսկ այսօր ձյուն է գալիս:

Շրջագայության երկրորդ հատվածի ընթացքում սրթսրթում էիր, որովհետև գլխարկ ու շարֆ չունեիր ու աշնանային կոշիկներով էիր: Իսկ ես փաթաթվել էի իմ տաք հագուստի մեջ ու վայելում էի ինձ վրա ընկած ձյան յուրաքանչյուր փաթիլը: Էնքա՜ն խեղճուկրակ էիր: Ես ինքս ինձ անընդհատ հարցնում էի. ո՞նց, ես էս մարդու՞ն եմ սիրել:

Վերջում, երբ արդեն հեռանում էի, Էդուարդոն հետևիցս եկավ և կմկմալով հարցրեց, թե արդյոք կարող ենք հանդիպել սուրճ խմելու, որովհետև երկուսս էլ Օստերբրոյում ենք ապրում: Համարս տվեցի ու ինձնից գոհ հեռացա: Ուղիղ կես տարի առաջ դու չէիր համարձակվել կոնկրետ առաջարկ անել, այլ մտել էիր ինտերնետ ու փորձել զարտուղի ճանապարհներով գտնել ինձ, նամակով Լոնդոն կանչել:

Դեյվիդն էր գրել, հարցնում էր, թե արդյոք վաղն իր տուն կգնամ սուրճի: Ալլամն էլ էր ուզում այս շաբաթ-կիրակի գալ Կոպենհագեն, չթողեցի: Գրողը տանի, իմ կյանքում երբեք էս կարգի տղամարդկային ուշադրության չեմ արժանացել:

Տուն եկա՝ երջանիկ ու կյանքիցս գոհ: Դու ինձ կորցրիր, թանկագինս, կորցրիր: Եվ հիմա, երբ հաղթահարել եմ քեզ, ու խելքին մոտ է թվում նորից քեզ հետ ընկերներ լինելը, ինքս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ համար: Միակ պատճառը, որ կարող է ինձ քեզ մոտ վերադարձնել այն է, որ քեզ ահավոր խղճում եմ: Իսկ դու չես ուզում, չէ՞, որ խղճահարությունից քեզ հետ շփվեմ:

Էսօր էլի ավտոբուսում աչքիցս մի քանի արցունք ընկավ, բայց այս անգամ երջանկության: Իսկ երբ դուրս եկա, անցա Հարալդսգեյդով՝ վազելով ձյան տակ, որովհետև էնքան բարձր էր տրամադրությունս, որ քայլելը շատ դանդաղ էր թվում:

StrangeLittleGirl
25.01.2015, 17:30
Ապաքինում. օր 18

Առավոտյան արթնացա՝ վախենալով, որ երեկվա լավ տրամադրությունս չի պահպանվի: Բայց դրսում արև էր, ձյունն էլ նստել էր, հետևաբար պատճառ չկար ուրախ չլինելու:

Ապաքինման 18-րդ օրը դու արդեն հաջորդ հանդիպում ես պլանավորում: Իսկ ես այն հետ եմ մղում, որ հնարավորինս ուշ լինի. երկու շաբաթ անց: Էկրանի հետևում թաքնված ծիծաղում եմ ու տպում. «Վստա՞հ ես, որ կդիմանաս էմոցիոնալ սառնությանս»: Ինձ հաղթած եմ զգում, իրավիճակի տերը:

Ասում ես՝ վերջացնենք պատմվածքը: Գիտես, էն ժամանակ, երբ սկսեցինք միասին գրել, ես հավատում էի, որ մենք երկուսով համագործակցելով մեծ բարձունքների կհասնենք: Ու կհասնեինք, որովհետև մեր ուղեղներն էնքա՜ն լավ էին միասին աշխատում, էնքա՜ն լավ էին իրար լրացնում: Հիմա չգիտեմ՝ կկարողանա՞նք նույն արդյունքին հասնել, երբ ահա արդեն 18-րդ օրն է, որ իմ ամբողջ ուժն ու էներգիան օգտագործում եմ էմոցիոնալ սառնության հասնելու համար: Ու հասել եմ: Դու կդիմանա՞ս իմ ներկայությանը, երբ հանդիպելիս չգրկեմ, երբ հայացքս անընդհատ փախցնեմ, երբ թույլ չտամ, որ մտնես իմ տարածք:

StrangeLittleGirl
27.01.2015, 00:08
Ամիսների ընթացքում կուտակված բացիկների քանակից հասկանում ես, թե այդ երկրում որքան երկար ես ապրել: Առաջներում միշտ բացիկներս հավաքում, հետս Հայաստան էի տանում: Ինչ եկել եմ Դանիա, ոչ մի բացիկ Հայաստան չեմ տարել: Վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի երկրում այնքան երկար չեմ ապրել, որքան Դանիայում: Ու բացիկների կույտը չգիտեմ՝ որ ճամպրուկումս տեղավորեմ:

Մի քանի ամիսը մեկ պետք է տեղափոխվել, որպեսզի բացես այն դարակները, որոնք երբեք չէիր բացի, որպեսզի դեն նետես իրեր, որոնք քեզ համար կարևոր չէին, բայց էդպես էլ ռիսկդ չէր հերիքում ազատվել դրանցից, որպեսզի կողքովդ անցնեն հիշողությունները՝ հատ-հատ: Ու գտնում ես ալբոմը, որտեղ խնամքով զետեղել ես Կոպենհագենի կյանքդ, ավելի ճիշտ՝ դրա առաջին երեք ամիսները: Երեք ամիս անց այն ընդհատվում է, որովհետև դրանից հետո մի նոր փուլ է սկսվում:

Գտնում ես նաև այն մուգ կարմիր ծրարը, որի մեջ մի սիրուն երկտող է պահված: Բացում ես, կարդում նորից ու նորից, դնում այնպիսի տեղ, որ հանկարծ չկորի: Դարսում ես նամակներդ: Հիշու՞մ ես՝ երբ փոքր էիր, սիրում էիր մամայի դարակը փորել ու այնտեղ նամակների կապոցներ գտնել: Հիշու՞մ ես՝ երազում էիր, որ մի օր դու էլ նման կապոցներ ունենաս, իսկ երբ նամակներդ այնքան շատացան, որ այլևս չգիտեիր՝ որտեղ դնես, սկսեցիր նախանձել մամայիդ, որ նրա կապոցները քոնի չափ մեծ չէին:

Կոպենհագենում հազիվ մի ութ-ինը նամակ է կուտակվել հարյուրավոր բացիկների դիմաց:

Ու երբ վերջապես գրքերդ ու հիշողություններդ դասավորում ես ճամպրուկում՝ զարմանքով նկատելով, որ այն արդեն լցվել է: Ամեն տեղափոխվելիս ավելի ու ավելի շատ գրքեր, ավելի ու ավելի շատ հիշողություններ են լինելու: Ու դու գիտես, որ այլևս երբեք դրանք Երևան չես հասցնելու, որ այսուհետ միշտ հետդ տանելու ես, որովհետև այլևս տուն չունես, տունն այնտեղ է, որտեղ ապրում ես:

Չնայած տեղափոխությունը մեծ սթրես է համարվում, ահագին ոգևորված եմ, ուրախ եմ, որ այլևս այս թաղամասում չեմ ապրելու:

StrangeLittleGirl
28.01.2015, 17:41
Ճաշին Վիոլենի հետ զավզակում էինք: Մեկ էլ Վիոլենը թե՝ էստեղ էս ինչքան մարդ կա, որ չեմ ճանաչում: Նայեցի նոր ներս մտած տղաներին: Հայացքս ֆիքսվեց նրանցից կանաչ մայկա հագածի վրա: Սեղանի շուրջ լռություն տիրեց: Հայացքս արդեն անցնում էր քաղաքավարության սահմանները: "A man!" մեկ էլ բացականչում եմ: Կոլեգաներս խառնվում են իրար, թե էս ինչ էղավ հենց նոր, էդ տղու սե՞ռն էի ստուգում, ինչ ա: Իսկ տղան ինձ ուղղեց, "The man." Իրա մայկայի վրա ընդամենը իռլանդերեն գրված էր "an fear."

Պարզվեց՝ ինքը դանիացի է, բայց լավ իռլանդերեն գիտի: Ասում է՝ տասնհինգ տարեկանից է սովորում: Ասում է՝ իռլանդական ամեն ինչը սիրում է:

It's like meeting the man of your dreams. And then meeting his beautiful husband (c) Alanis Morissette

Ես չկամ :D

StrangeLittleGirl
30.01.2015, 00:40
Մտածում էի՝ ապաքինման ավարտից հետո դադարեցնել ամեն օր օրագրումս գրելն ու գրել մենակ էն ժամանակ, երբ ցանկություն ունեմ, բայց հետո հասկացա, որ չէ, պետք է ամեն օր գրել, որովհետև...

Որովհետև շատ ուժեղ զգում եմ, որ այս տարին իմ կյանքը շուռ տվող, հետագա ընթացքը որոշող ու ամեն ինչով ուրիշ տարի է լինելու: Ոնց որ մինչև հիմա ապրածս կյանքն ինձ նախապատրաստեր էս ամենին, ու հիմա եկել է իրականացման ժամանակը: Ու ես զգում եմ, թե ոնց եմ քայլ առ քայլ գնում այնտեղ, ուր պիտի հասնեմ: Ոնց որ մինչև հիմա ապրածս կյանքը խմորումներն էին, իսկ հիմա արդեն գործում եմ, որ հետո արդեն դժվար ընթացքը հաղթահարած լինեմ ու համեմատաբար հեշտ ճամփով գնամ:

Սկսվել է Դանիայում ինտեգրման փուլը: Ինչ օտար երկրում ապրել եմ, միշտ եղել եմ իրականությունից դուրս, իմ էքսպատ ընկերներով շրջափակված, չեմ իմացել, թե երկրում ինչ է կատարվում: Իսկ Դանիայում ինքս ինձ հայտնաբերում եմ զանազան օնլայն ստորագրահավաքների մասնակցելիս, կամավորություն անելու մեծ ցանկությամբ ու անգամ ՀԿ հիմնելու մտքերով: Էլ չեմ ասում, որ էստեղի գրական անցուդարձն է սկսել հետաքրքրել, ու շուտով կգամ մի պահ, որ կճանաչեմ ամբողջ գրական միջավայրը:

Էսօր ուրեմն Ռոբին Վիլտ Հանսեն անունով գրողի նոր գրքի շնորհանդեսին էի գնացել Արքսում: Մեկ էլ ոչ ավել-ոչ պակաս, տեսնեմ մանուշակագույն մազերով մի կին է հայտնվում, դեմքը՝ ահավոր ծանոթ: Մի քիչ ուղեղս փորփրեցի, հիշեցի. վերջերս սթորիթելինգին էի տեսել նրան: Մոտեցել էր, Ալլամի հետ երկար-բարակ գյալաջի էր տալիս քաղաքական թեմաներով, թե՝ ոտքի ելեք, պայքարեք ռասիստական թեմաների դեմ:

Ռոբինի գրքերից մեկն առա, խնդրեցի, որ ինքնագիր տա, մի քիչ զրուցեցինք, ասացի, որ նոր գիրքը չեմ ուզում առնել, որովհետև ես հոգեբույժ եմ, վախենում եմ հոգեկան հիվանդների մասին գրքեր կարդալուց: Մի քիչ դես-դեն զրուցեցինք, ուրիշները մոտեցան, ես էլ սկսեցի նոր առածս գիրքը կարդալ, թեման՝ հետադարձ մշակութային շոկ:

Մեկ էլ տեսնեմ՝ մանուշակագույն մազերով կինը կողքս կանգնած է: Հարցրի, թե արդյոք ինձ հիշում է: Ո՜նց չէ, սթորիթելինգին, բոյֆռենդիդ հետ չէի՞ր: Ալլամն ինձ բոյֆռե՞նդ: Դե հա, ժամադրություն էր, բայց ինքը դեռ շատ հեռու է ինձ բոյֆռենդ լինելուց (ու երևի չի էլ լինի, եսի՞մ): Հարցրեց, թե շնորհանդեսի մասին որտեղից եմ լսել: Ասացի, որ Արքի հետ կապի մեջ եմ, գալիս եմ իրենց միջոցառումներին: Նույն հարցը ես իրեն տվեցի: «Տղաս է»,- ասաց ու մատնացույց արեց Ռոբինին:

Դուրս գալուց առաջ Ռոբինը մոտեցավ, մեյլիս հասցեն ուզեց, հետո խնդրեց, որ իրեն անպայման գրեմ կարծիքս:

Նկատեցի, որ գիրքը գնող միակ մարդն էի: Հայաստանում շնորհանդեսներին գոնե լիքը օրինակներ վաճառվում են:

***
Մտածում եմ՝ իրոք լավ բալանսի եմ հասել իմ կյանքում: Զբաղվում եմ էն, ինչով ուզում եմ: Էլ չեմ ճղվում մասնագիտականի ու գրականության միջև: Սիրուն ձևակերպում եմ տվել. մի դրույքով գիտնական, կես դրույքով՝ գրող: Ու էդպես էլ աշխատում եմ: Իսկ ազատ համարվում է այն ժամանակը, երբ ո՛չ աշխատանքի եմ, ո՛չ գրականությամբ եմ զբաղվում: Էս գրական միջավայրեր ընկնելն է հետաքրքիր. Հայաստանում էդպես էլ չկարողացա, էդպես էլ չդիմացա:

Ու մենակ մի հոգու պիտի շնորհակալություն հայտնեմ, որ հասել եմ էս ամենին: Պիտի շնորհակալություն հայտնեմ սիրտս կոտրելու համար, նաև դրանից առաջ եղած ամեն-ամեն ինչի համար, որովհետև եթե ինքը չլիներ, դժվար հասնեի կյանքիս այս հրաշալի կետին:

StrangeLittleGirl
30.01.2015, 21:45
Էս շաբաթ մանկավարժություն ենք անցնում: Կուրսի կարևոր հատվածներից ա նաև էն, որ մարդ ա մեր թեմայով քսան րոպեանոց դաս ենք տալիս, հետո մնացածները քննարկում են, թե ինչն էր լավ, ինչը չէ:

Էսօր ես իմ դասը տվեցի: Նենց ինձնից գոհ ու ինքնավստահ էի, որ ինքս ինձ վրա զարմացել էի. սովորաբար սենց իրավիճակներում լարվում ու ինձ կորցնում եմ: Սիրուն դասս տվեցի, ինձնից գոհ նստեցի տեղս: Մեկ էլ էս դասախոսը թե՝ դու էս մեթոդներով դաս էլի՞ ես տվել: Ասում եմ՝ չէ, ինձ են սենց դասավանդել: Չի հավատում, նորից՝ էս դասն էլի՞ ես տվել: Դե չէ էլի, հատուկ էս խմբի համար էի կառուցել: Մի քանի մանր-մունր դիտողություն են անում, էն բաներից, էն որ կպնելու տեղ չունես, բայց մեկ ա պիտի մի բան ասած լինես, գրանցեցի դրանք, որ հետո հաշվի առնեմ:

Գրողը տանի, էս իսկականից ե՞ս եմ: Ամեն քայլափոխին զարմանում եմ իմ ինքնավստահության վրա: Սա մի հատկանիշ էր, որից ի սպառ զուրկ էի դեռ մի քանի տարի առաջ: Ու անընդհատ խնդիրների առաջ էի կանգնում դրա պատճառով:

***
Էսօր վերջին անգամ քշեցի Օստերբրոյի տունս: Վաղը կտեղափոխվեմ Վելբյու, ու Դանիա գալուցս հետո առաջին անգամ Նորե ալլեն էլ իմ ամենօրյա ճանապարհը չի լինի: Ջանս, վաղվանից էլ իմ ճամփեքը քո պատուհանների տակով չեն անցնելու, էլ չեմ նայելու՝ լամպերդ վառվու՞մ են, թե՞ չէ: Ու չես պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ դրա համար:

StrangeLittleGirl
31.01.2015, 22:21
Նոր տունս ինձ ահագին ոգևորեց: Պատին Մատիս էր փակցված: Իհարկե, հենց Մատիս ու հենց cut-out-ներից պատին ունենալը ոնց որ չար կատակ լինի, բայց համ էլ ուրախանում եմ, որ տեսնում եմ:

Գրադարակում Տարյեյ Վեսոս կար: Դանիերեն: Մտածեցի՝ Ռոբինի գիրքը կարդալուց հետո կանցնեմ դրան: Ի դեպ, Ռոբինի մասին: Էսօր ինձ մեյլ էր գրել, թե՝ սպասում է իմ անկեղծ կարծիքին, բայց զգուշացնում է, որ գիրքը շատ տարիներ առաջ է գրվել, ինքն էլ, Դանիան էլ շատ են փոխվել հիմա: Պատասխանեցի, որ չանհանգստանա, պրոտագոնիստին ու իրեն չեմ նույնացնի:

Երևի լավ է ջահել տարիքում գիրք չհրատարակելը. հետո մեծանում, կարդում ես, ամաչում գրածներիցդ: Էն օրն էդպես ամաչում էի Ինքնագրում հին գործերս կարդալով: Դեռ լավ է՝ ես մի երեք-չորս ջահել պատմվածքով եմ պրծել: Իսկ Ռոբինը մի ամբողջ գրքի համար է ամաչում: Բայց պիտի ասեմ, որ առաջին էջերը կարդացի, ու հեչ էլ վատ չէր: Ինչ խոսք, լեզուն չեմ կարող գնահատել, որովհետև դանիերենն իմ ծիծիլյոներորդ լեզուն է:

Հիմա նստած եմ իմ նոր սենյակի հատակին: Սոֆի Զելմանի եմ միացրել սովորության համաձայն: Մի քիչ Ակինատոր ձյայի ներվերը կերա. Զելմանիին հեչ լավ չգիտի:

Մի քիչ հետո էլ Սթոուները կկարդամ, չնայած դարակի վրայից Ռոբինի գիրքն է ինձ նայում:

StrangeLittleGirl
01.02.2015, 02:40
Հունվար

Տարվա առաջին ամիսն ավարտվեց: Ու ի՜նչ ամիս էր: Իսկական գժանոց, իսկական փոթորիկ: Հիմա որ հիշում եմ, թե որտեղ էի կանգնած ամսվա առաջին օրը, հավատս չի գալիս, որ էս ամբողջ ճանապարհը մի ամսում եմ անցել: Ճիշտ է՝ դեռ այն ժամանակ հիմիկվա վիճակս ցանկալի էր, բայց ինչ-որ բաներ պլանավորելիս ու նախատեսելիս բնավ մտքովս չէր անցնում, որ էսպես մեծ հաջողությամբ կիրականացնեմ: Էնպիսի ամիս էր, որի ոչ մի վայրկյանի համար չեմ փոշմանում, երբ պրոկրաստինացիան համարյա մինիմումի էր հասել, երբ պլանավորածս գրեթե ամեն ինչը հասցրի վերջացնել, երբ վայելում էի ամեն ավարտված առաջադրանքի պտուղները, լիներ դա էմոցիոնալ, թե գործնական ավարտ: Բոլոր ավարտները ոնց որ նոր սկիզբ լինեին:

Խորացրել եմ մտերմությունս արդեն ճանաչածս մարդկանց հետ:

Գրել եմ ավելի շատ, քան նախկինում, հասցրել եմ երկու լեզվով ավարտել մի պատմվածք, ավարտել բառիս բուն իմաստով: Երևի կյանքիս մեջ առաջին պատմվածքն էր, որ իսկապես ավարտել եմ (հա, մի զարմացեք):

Պլանավորել եմ դասերս, ու եթե առարկաներիցս մեկը քենսըլվի, թքած:

Երեք կրեդիտանոց կուրս եմ անցել: Ու վերջապես դասի նստելուց հաճույք եմ ստացել:

Ծանոթացել եմ լիքը նոր մարդկանց հետ՝ հասկանալով, որ իրանք շատ են Կոպենհագենում:

Սկսել եմ ինտեգրվել:

Ու հիմա հանգիստ խղճով գնում եմ քնելու, խանդավառությամբ սպասում եմ երկրորդ ամսվան, որը նույնպես լի է պլաններով: Ու հավատում եմ, որ կկարողանամ շարունակել, կկարողանամ, որովհետև այդպես եմ տրամադրվել:

Շատ ուժեղ ցանկություն ունեմ ուրիշներին օգնելու, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

StrangeLittleGirl
01.02.2015, 23:49
Էլոիզը համարյա լացում էր: Հանգստացրի, կիսվեցի իմ մագիստրոսական թեզի փորձով, ոգևորեցի, լուծումներ առաջարկեցի: Հետո արդեն ոնց որ ավելի լավ էր: Ասում էր, որ Դանիայում սոցիալ կյանք չունի, որ համակուրսեցիների հետ բնավ մտերիմ չէ, որ իր շրջապատում միայն 19-20 տարեկաններ են, ու նրանց հետ հետաքրքիր չէ: Առաջարկեցի շաբաթվա ընթացքում հանդիպել, միասին սուրճ խմել կամ ճաշել:

Էլոիզն այն մարդկանցից է, որի հետ կուզեի մտերիմ լինել: Ու ես հաստատ գիտեմ, որ սա երկարատև ու խորը ընկերության սկիզբ է:

Մի քիչ մեծամիտ է հնչում, բայց մեկ-մեկ մտածում եմ, որ Դանիա գալս ոչ էնքան ինձ համար է լավ, որքան այն մարդկանց, որոնք էստեղ իմ կարիքն ունեն: Բայց հենց էդ կարիքը լցնելով ես էլ եմ հագենում, զգում եմ, որ ինչ-որ մարդկանց պիտանի եմ, որ կարող եմ լինել նրանց կողքին, երբ սարսափելի միայնակ են զգում: Ես դա շատ լավ եմ հասկանում, որովհետև ինքս էլ դրա միջով անցել եմ: Ուրախ եմ, որ կարողանում եմ էնպես անել, որ այդ ահավոր պահերը թեթևանան:

Միշտ դժգոհել եմ, որ արտասահմանցիների հետ չեմ կարողանում ընկերանալ: Իսկ հիմա էստեղ եմ լավ ընկեր լինելու համար:

StrangeLittleGirl
03.02.2015, 23:41
Ու ձյուն եկավ: Ի՜նչ զարմանալի է, թե ինչքան բան կարող է փոխել եղանակը: Այս անգամ ձյունը նստեց, հեծանիվ քշել չի լինում: Կարծես մաքրեց, տարավ ամեն ինչ: Այսօր Մառլենին ասում եմ՝ էս եղանակն ավելի լավ է, քան այն կասկածելի ու միալար անձրևը: Զարմացավ: Իսկ ես գժվում եմ սառը օդի համար. Ֆինլանդիան է հիշեցնում:

Երեկ ժամը հինգի կողմերը պատուհանից դուրս էի նայում, մեկ էլ զգում եմ՝ լրիվ մութ չէ: Լույսը կամաց-կամաց վերադառնում է: Ու թեև հիմա ամենախորը ձմեռն է, ու գարնան մասին մտածել անգամ չի կարելի, բայց օրերի երկարելը հիշեցնում է, որ այն հեռու չէ:

Ջանս, երեկ նկատեցի աչքերիդ փայլը, երբ ներս մտա, նկատեցի, թե ոնց ուրախացար ու նաև նկատեցի, որ ուզում էիր մոտենալ, բայց ռիսկդ չհերիքեց: Ես էլ ուզում էի մոտենալ, քեզ գրկել: Բայց Մայան ահավոր զուգարան էր ուզում: Ես էլ: Իսկ պոեզիան շուտով ավարտվեց: Ու մեկ էլ գիշերվա մեր անկապ խոսակցությունը... անկեղծ ասած, իմ ներվերը չեն հերիքում էս վիճակից, երբ մեկ էլ սկսում ենք ֆեյսբուքով խոսել մի քիչ իրար կծելով, մի քիչ էլ կարոտած: Կներես ինձ, բայց երևի լրիվ հեռանամ քեզնից, որովհետև քեզ պատասխանել նշանակում է քո մասին մտքերը վերադարձնել, իսկ ես դա բնավ չեմ ուզում, ինձ դուր է գալիս իմ բռնած ճամփան, որտեղ դու միայն սկիզբն ես, միայն մի սիրուն հիշողություն:

Երեկ Թորիի մեկ այլ համերգի տոմս առա: Այս անգամ մի հատ: Հելսինկի միասին կգնանք, ոչինչ: Ու հա, ճիշտ ես, էնքան էլ չէի ուզում, որ հետս գաս, բայց որ պնդեցիր... Բայց այ պալատի համերգին մենակ եմ լինելու:

StrangeLittleGirl
05.02.2015, 00:06
Ապաքինում. օր 28

Երրորդ փուլն ամենաանկանխատեսելին է, երբ հանկարծ քո ամենաերջանիկ վայրկյաններին որտեղից որտեղ մտքեր են սողոսկում, ու չգիտես՝ ինչ անել դրանց հետ: Երեկ ատարաքսի կես հաբով ու անդադադար ճնշմամբ հաղթահարեցի: Իսկ այսօր դրանք նորից ջրի երես դուրս եկան:

Երբ հանկարծ զգում ես՝ չես կարողանում կենտրոնանալ աշխատանքիդ վրա, երբ սկսում ես հիշել, զայրանալ... Բայց ամենաահավորն այն պահն է, երբ բանը հասնում է ինքնագնահատականիդ, երբ հարցնում ես՝ բայց ինչու՞ հենց ես, ինչու՞ ես արժանի չեմ նորմալ հարաբերության: Ու էդ ժամանակ ամեն ինչ փուլ է գալիս գլխիդ:

Գրքի ակումբի հանդիպումը լավ էր այսօր: Չորս ամիս անց վերջապես սկսեցի սիրել այս մարդկանց: Քննարկումն էլ ահագին աշխույժ ու հետաքրքիր անցավ: Տուն քշելուց էլ ճամփին կորա, ստիպված բլուրը բարձրացա: Հոգիս դուրս եկավ, մինչև վերելքը հաղթահարեցի, բայց համ էլ ինձնից գոհ էի. լավ տաքացա:

Հիմա տանը նստած եմ ու նորից ահավոր մենակ: Էլի ու էլի լացում եմ: Ախորժակ չունեմ: Չորս շաբաթ է անցել այն չորեքշաբթի օրվանից:

Շաբաթ օրը հանդիպելու ենք: Ու էդ մտքից ավելի եմ վատանում: Վատանում եմ, որովհետև մի կողմից ուզում եմ տեսնել նրան, մյուս կողմից վախենում եմ՝ դրանից հետո ստիպված լինեմ նորից էս բոլոր փուլերի միջով անցնել:

Ատարաքսի տուփը բացեցի: Երեկվանից մնացած կես հաբը խմեցի ու նկատեցի, որ ընդամենը չորսն է մնացել: Ես էլ վատ լինելու իրավունք չունեմ:

Երևի աննորմալ է հնչում, բայց անհամբերությամբ եմ սպասում վիրահատությանը, անհամբերությամբ եմ սպասում, թե երբ են նարկոզ տալու, ու ուղեղս անջատվի:

StrangeLittleGirl
06.02.2015, 01:26
Ապաքինում, օր 29

Լսարանում դեռ միայն մի կին կար, տարիքով բավական մեծ: Ինձ թվաց՝ սխալ տեղ եմ եկել: Նախ, տարիքը բակալավրի ուսանողի չէր: Հետո, ախր հայի շատ նման էր. ինչու՞ պիտի հայերենի գար:

Կամաց-կամաց խումբը հավաքվեց: Սպասվածից շատ էին: Սկզբում Բիրգիտը գրաբարի մասը դասավանդեց, իսկ հետո ես արդի արևելահայերենի մասին խոսեցի: Ընթացքում պարզվեց, որ այդ կինը լիբանանահայ է ու անգլերեն չգիտի:

Հավես անցավ առաջին դասը: Ախր ահավոր շատ եմ սիրում դասավանդել: Իսկ հայերեն դասավանդելը կրկնապատկում է հաճույքս. դա երևի աշխարհում միակ բանն է, որ կարող եմ հանգիստ ասել՝ իսկապես գիտեմ:

...

Վերջերս տեղափոխվելից մի հին փլեյեր եմ հայտնաբերել: Խրոնինգենից հետո չեմ օգտագործել: Ինչ էս նոր տունն եմ եկել, հեծանիվս դրա տակ եմ քշում: Էնքան հավես է. փլեյլիստս նույնությամբ պահպանվել է Խրոնինգենից, ու երբ միացնում եմ երգերը, Խրոնինգենն եմ հիշում:

Ու լավ է, որ հին երգերը կան: Երբ նորերը սկսում են ինչ-որ մեկի հիշեցնել ու ցավ պատճառել, միշտ կարող ես վերադառնալ հների մոտ, որտեղ ավելի ապահով է:

...
Սթոուները մտքիցս դուրս չի գալիս: Ուրեմն իրոք լավ գիրք էր: Ու երևի տրամադրությանս անկման պատճառն էլ հենց դա էր: Էսօր մտածում եմ՝ ինչքան շատ Սթոուներներով եմ շրջապատված իմ աշխատավայրում: Մտածում եմ՝ մի Քեթրին դառնալու պոտենցիալ էլ ես ունեմ: Մտածում եմ՝ Վիլյամսի Քեթրինը, մեկ էլ Հեմինգուեյի Մարիտան իրենց երազած կանանց կերպարներն են. ինտելեկտուալ, իրենց տղամարդու աշխատանքը գնահատող: Ու մտածում եմ՝ ես այդ կանանցից եմ, բայց ու՞ր է իմ Սթոուները կամ Դեյվիդը: Մտածում եմ՝ մի Սթոուներ էլ ես եմ. ակադեմիայում փախչում եմ իրական կյանքից, ու կյանքը վարդագույն երազ է թվում:

...
Էսօր տուն գալիս երկինքը պարզ ու աստղազարդ էր, Թորին էլ Famous Blue Raincoat-ն էր երգում: Ցուրտ էր: Նայում էի երկնքին ու հյուսիսափայլ որոնում: Յոենսուն հիշեցի: Տրամադրությունս բարձրացավ, նորից ինձ այցելեց ապրելու հնարավորություն ունենալու երջանկությունը:

Տուն մտա: Մարին մրցույթ է հայտարարել: Ինչ լավ է. ստեղծագործականությունը խթանելու ևս մի միջոց:

Ոչինչ ինձ այնքան չի բուժում, ինչքան գրելն ու կարդալը: Սեղանիս երեք գիրք կա, երկուսն էլ քինդլիս մեջ: Հինգ գիրք զուգահեռ երեք տարբեր լեզուներով: Էսպիսի բան դեռ չէր եղել:

StrangeLittleGirl
07.02.2015, 16:03
Էրեկ ամեն առումով տարօրինակ օր էր:

Մեկ մեր էդ անկապ խոսակցությունը, որ ոչ մի տեղ չտարավ... Հետո էլ մեր Phirst Phriday-ն էր: Ամսվա իմ ամենասիրած օրն է: Էս անգամ հատկապես ինտենսիվ անցավ: Մինչև ժամը երկուսը իսլանդական ձեռագրերի ամբիոնում նստած էինք: Ես մի ուրիշ կարգի եմ սիրում մեր էս խումբը: Մի ուրիշ կարգի ինտեկելտուալ, հետաքրքիր ու հավես մարդիկ են:

Մի քանի շիշ գարեջրից հետո սկսեցի դանիերեն խոսել: Խոխմ էր ահագին, որովհետև հա՛մ խոսում էի, հա՛մ սկսել էի ավելի վատ հասկանալ ու ավելի հաճախ էի խնդրում, որ դանդաղ խոսեն:

Շոնի հետ որոշեցինք իռլանդերեն սովորել: Թոմասի հետ էլ գրականությունից էինք խորացել:

Գիշերը ավարտվեց իմ սենյակում: Առավոտյան աչքերս բացել էի, ու մինչ նրա մատները սահում էին ուսերիս վրայով, հայացքս սառել էր դիմացի պատին ամրացված երեքնուկի նկարի վրա, տակը ամսաթիվը՝ 18.1.15:

StrangeLittleGirl
09.02.2015, 13:46
Աչքերդ անընդհատ լցվում էին: Հավատդ չէր գալիս, որ ուրիշ մարդ է քո առջև նստած: Չէիր հավատում, երբ այդ մասին ասում էի ֆեյսբուքով: Չէիր հավատում, որ հանկարծ կգա մի օր, երբ իմ կյանքն այլևս քո առանցքի շուրջ չի պտտվի: Չէիր հավատում, որ մեր բաժանումից դրական պտուղներ կարողացա քաղել: Ու լցվում էին աչքերդ: Խնդրում էիր ինձ, որ որպես հոգեբույժ մի բան անեմ, դուրս բերեմ քեզ այդ վիճակից: Իմ սիրտը կտոր-կտոր էր լինում քեզ էդպես տեսնելիս, բայց գիտեի, որ դրա համար ես պատասխանատու չեմ: Ու շատ պարզ հասկանում էի, թե ինչ էր քո ներսում փոխվում:

StrangeLittleGirl
13.02.2015, 17:23
Քանի օր է՝ չեմ կարողանում գրել: Մի երկու տող խզբզում եմ ու կանգնում: Ու պարտադիր չէ՝ դա ակումբի մրցույթը լինի: Ոչինչ չի գրվում:

Իսկ երեկվա խոստովանությունիցդ հետո լրիվ ճըտ եմ եղել, որովհետև էդ խոսքերը քեզնից լսեցի, երբ սկսեցի ինչ մտածում էի ասել: Ու հիմա էսպես նստած եմ՝ լրիվ ապաթիկ, չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում, չեմ հասկանում՝ ինչ անեմ: Լավ էր էլի առանց քեզ: Թե ինչու՞ լսեցի ու վերադարձա:

StrangeLittleGirl
14.02.2015, 20:29
Ընդհանրապես, շրջապատումս ինձ խիստ արտահայտված էքստրավերտ են համարում: Ես որ ասում եմ՝ չէ, չէ, չեն հավատում: Երկար ժամանակ ինքս կարծում էի, որ անհույս ինտրովերտ եմ՝ հաշվի առնելով բավական ինտրովերտային հոբբիներս: Ու չնայած դասակարգումներից ալերգիա ունեմ, ամեն դեպքում վերջին տարիներին շատ լավ հասկացել եմ՝ ով եմ: Զանազան հոգեբանական թեստերն էլ են դա առաջարկում՝ ինձ խցկելով ինտրովերտ-էքստրավերտ սահմանին, երբեմն՝ մի քիչ էս կողմ, երբեմն՝ մի քիչ էն կողմ:

Ու դրա համար ինձ համար շատ կարևոր է բալանս պահելը: Ես զգում եմ, որ դեպրեսիվ վիճակներում հայտնվում եմ, երբ մի կողմի վրա շատ եմ թեքվում: Օրինակ, եթե աղմկոտ հավաքույթների չափից դուրս հաճախ եմ գնում, հետո անպայման պոռթկում է լինում, իսկ գործի տեղը եթե մի երկու-երեք օր վրա-վրա ոչ մեկի հետ չեմ շփվում, չորրորդ օրն էլ չեմ կարողանում աշխատել:

Մեկ-մեկ էլ էդ պահերս բզիկներով են լինում: Օրինակ, սովորաբար չորեքշաբթի օրերը ես պահում եմ ինքս ինձ համար, ինքս ինձ հետ անցկացնելու ու գրելու համար: Բայց անցյալ չորեքշաբթի, չգիտեմ ոնց, էքստրավերտությունս միացավ, ու գրելու ամբողջ պրոցեսի ընթացքում տառապում էի՝ ուզենալով մարդկանց հետ շփվել:

Բայց ամենակարևորը շաբաթ-կիրակիներն են ու դրանք ճիշտ դասավորելը: Եթե մի քանի շաբաթ-կիրակի իրար վրայից տանը չեմ լինում, ահավոր հոգնում եմ: Ու եթե և՛ շաբաթ, և՛ կիրակի տանն եմ մնում, դեպրեսվում եմ: Դրա համար հավես է այս շաբաթ օրն ինքս ինձ հետ տանն էսպես նստելը, ուղղակի սուրճ խմելը, գիրք կարդալը, գրելը, իսկ երեկոյան դանիերենի խմբի հետ տժժիկի գնալը:

Իսկ աշխարհի ամենալավ զգացողությունը պատմվածքն ավարտելու զգացողությունն է:

StrangeLittleGirl
16.02.2015, 01:53
Ուղղակի պետք է նյարդերն անջատել ու վայելել հիման ու այսօրը: Թե ինչ կլինի հետո, երկրորդական է: Եթե նույնիսկ ցավ է լինելու, ես արդեն սովորել եմ այն հաղթահարել:

- Ի՞նչ ես մտածում,- հարցրիր:
- Չեմ մտածում, զգում եմ,- պատասխանեցի,- իսկ դու՞:
- Ես էլ եմ զգում:

Ու այդպես կարող էինք ժամերով իրար նայել, ժամերով մեկս մյուսիս տեսնել միմյանց աչքերի մեջ: Ես ոչինչ քեզ չեմ ստիպում, ոչինչ չեմ պահանջում: Ես գիտեմ, որ նման սեր մարդկանց կյանքում հազվադեպ է լինում: Ինձ ուղղակի հերիք է նայել դեմքիդ ու հասկանալ, որ ինձ սիրում ես:

StrangeLittleGirl
18.02.2015, 02:30
Էրեկ Էլոիզի մոտ էի: Վատ օր էր ունեցել, տրամադրությունն ահավոր էր: Գործից հետո վազեցի նրա տուն: Վազեցի, որ մխիթարեմ, հանգստացնեմ, խորհուրդներ տամ: Վազեցի, որովհետև երբ ես կարիք ունեի, Մայան էր ինձ մոտ վազում:

Ահագին խոսեցինք: Ինձ էնքան դուր ա գալիս Էլոիզը: Ու էնքա՜ն նման ենք իրար: Էսքան ժամանակ Դանիայում պատահական հանդիպածս միակ մարդն ա, որի հետ ինքս եմ ընտրել ընկերանալ: Անընդհատ էնքա՜ն եմ ուրախանում, որ ինքն ինձ ունի իր կողքին: Ուրիշ մարդկանց պետքական լինելու զգացողությունից լավ բան չկա աշխարհում:

Էսօր էլ լավ օր էր: Ճիշտ ա՝ առավոտն ահավոր դեմոտիվացված էի, ու անգամ գործի չգնացի, բայց դե արդեն հաշտվել եմ էն մտքի հետ, որ երեքշաբթի օրերին էս վիճակում եմ լինում: Ուղղակի սովորաբար առավոտ շուտ հանդիպում է լինում համալսարանում, զոռով ինձ դուրս եմ տշում: Իսկ էսօր չկար հանդիպում, չկայի նաև ես:

Բայց դե դանիերենի քննությունը հավես էր: Ինձ արդեն բացում ա, որ լեզուներ դասավանդելու ու սովորելու պրոցեսն էդքան լավ եմ հասկանում: Քննությունից հետո դժգոհում էի, թե՝ կարդալու տեքստը մեր մակարդակի համար շատ էր բարդ, հերիք մեզ վրա բան-ման փորձարկեն: Իսկ լսելունը շատ անհամասեռ էր սարքած:

Քննությունից հետո գերմանախոսներն ու ես սովորականի պես գարեջրի գնացինք: Էս անգամ դասախոսը՝ Յուլին էլ էր մեզ միացել: Արդեն էնքան ազատ ենք, որ համարյա ամբողջ խոսակցությունը դանիերեն ենք վարում: Հազվադեպ ենք փոխում ուրիշ լեզվի: Մեկ էլ պահի տակ լրիվ սպոնտան որոշեցինք շաբաթ-կիրակի Գյոթենբուրգ գնալ: Ես էլ սկսեցի հաշվարկել, թե ինչ պլաններ ունեմ: Մառլենը զարմացած ինձ նայեց, թե՝ էս ինչ ակտիվ կյանք ես վարում: Հա, լրիվ ակտիվ եմ: Իմ ակտիվությունից իմ ծիծաղն էլ ա արդեն գալիս: Իսկ երկու օր առաջ մարդամեկն ասում էր՝ քո գրաֆիկի մեջ ինձ տեղ չի մնում: Էհ, տխուր ա, բայց էդպես ա... Ցավոք:

StrangeLittleGirl
19.02.2015, 18:07
Էրեկ շատ կոնկրետ, շոշափելի ու իրականանալի երազանք պահեցի: Ու գիտեմ, որ մի օր իրականանալու ա, ինչպես մի քանի տարի առաջ Իռլանդիա գնալն ու Ալանիսի համերգին ներկա գտնվելն իրականացավ: Բայց էդ ուղղությամբ պետք ա աշխատել հիմիկվանից :)

StrangeLittleGirl
19.02.2015, 19:12
«Դու հրաշք ես, ու ես էնքա՜ն բախտավոր եմ, որ քեզ ունեմ իմ կյանքում»:

Պատուհանից դուրս արև է, իսկ քիչ առաջ Փասենջերը Setting Suns-ի ձայնագրված տարբերակը պոստեց: Ես նստել եմ իմ գրասենյակում, լսում եմ երգն ու անընդհատ կարդում վերջին հաղորդագրությունը: Արցունքները հոսում են աչքերիցս: Ու ես երջանիկ եմ, աշխարհի ամենաերջանիկ մարդը:

StrangeLittleGirl
20.02.2015, 18:35
Սիրում եմ, թե ոնց ես սիրում, թե ոնց եմ սիրում գրելը:

StrangeLittleGirl
23.02.2015, 17:59
Էս գերմանացիները շատ հետաքրքիր ազգ են: Ուր գնացել եմ, որ երկրում ապրել եմ, միշտ իմ ամենալավ ընկերները հենց գերմանացիներն են եղել: Իհարկե, էստեղ մի բացառություն կա՝ հենց Գերմանիան: Բայց դե էնտեղ ապրելիս ոչ մի լավ ընկեր ձեռք չբերեցի:

Հիմա էլ Դանիայում իմ շրջապատը մեծ մասամբ կազմված է գերմանացիներից (մարդու չասեք, բայց էստեղ ավստրիացիներին էլ եմ գերմանացի հաշվում): Ու էս շաբաթ-կիրակի վեց հոգով գնացել էինք Շվեդիա, որտեղ միակ ոչ գերմանախոսն էլի ես էի: Ու մի ջրի՜կ, մի ուրա՜խ ճամփորդություն էր: Վաղուց էդ աստիճանի ծիծաղից չէի թուլացել: Հետո էլ կասեն՝ գերմանացիները սառն են:

Չգիտեմ, երևի էսքանից հետո ամեն դեպքում ինձ ստիպեմ ու նորմալ գերմաներեն սովորեմ: Ի վերջո, եթե իսկապես գերմանացիների հետ էսքան լավ լեզու եմ գտնում, ապագայի համար էլ շատ պետք կգա լեզվին վարժ տիրապետելը:

StrangeLittleGirl
24.02.2015, 17:13
Հետաքրքիր բան են ճամփորդությունները՝ լինեն դրանք մենակ, երկուսով, թե խմբով: Դրանք իմ կյանքի ամենավառ հիշողություններն են ու ամենակարևոր փոփոխությունների պահերը:

Գոթենբուրգից ոնց որ լրիվ ուրիշ մարդ դարձած վերադարձա: Հավատս չի գալիս, որ կարող էի երկու օրում էդպես փոխվել:

Ճամփորդելը լավ է, որովհետև հենց այդ ժամանակ ենք բացահայտում, թե իսկապես ինչ ենք ուզում:

StrangeLittleGirl
27.02.2015, 15:58
Երեկ ահավոր էմոցիոնալ օր էր: Ընդհանրապես, ինչ տեղափոխվել եմ Դանիա, շատ հազվադեպ եմ նոստալգիկ վիճակներում հայտնվում: Երեկ այդ հազվագյուտ օրերից էր: Ուզում էի որևէ մեկի հետ խոսել այդ մասին, բայց ոչ ոք չկար: Մենակ վորքշոփի ժամանակ էր, որ անուղղակիորեն մեր ստեղծած կերպարներով անընդհատ պտտվում ու պտտվում էինք նույն թեմայի շուրջ: Ջեսն իր բանաստեղծություններից կարդաց: Աչքերը լցվեցին: Խնդրեցինք, որ երկուշաբթի պոեզիայի ակումբում էլ կարդա: «Պիտի պարապեմ, որ չլացեմ»,- ասաց: «Անցյալ անգամ ես ահագին պարապել էի, վերջում, միևնույն է, ձայնս դողում էր»,- ասացի: «Ա՜, դրա համար էր քոնն այդքան տպավորվել. էմոցիոնալ էր»:

Դեկտեմբերին դեռ Ջեսին չէի ճանաչում, իսկ Մարկն ինձնից երկու մետր այն կողմ նստած զրուցում էր բանաստեղծությանս պատճառի հետ. ուրեմն նրան էլ չէի ճանաչում: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը երկու ամիս անց ամեն հինգշաբթի հանդիպելու ենք «Չորս եղանակներ» սրճարանում:

Երեկ իրոք էմոցիոնալ օր էր: Նաև միայնության օր էր: Մեկ-մեկ պետք է թույլ տալ միայնություն զգալու, պետք է կարոտել ինչ-որ անորոշ, վաղուց մոռացված ու «անցյալ» պիտակը ստացած պահեր, պետք է հիշել մարդկանց, որոնց հետ այլևս չես շփվում ու գիտես՝ չես էլ շփվելու, փողոցում տեսնելիս չես էլ բարևելու, որովհետև վիրավորված ես: Ու հիշում ես այդ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք շա՜տ տարիներ առաջ էին, ոչ թե այն, ինչ դարձել են հիմա: Ու հիշում ես, որ հասկանաս, որ աշխարհում կան տղաներ, որոնք քեզ նման խելառ են ու լսում են Թորի Էյմոս: Գտնել է պետք միայն:

StrangeLittleGirl
01.03.2015, 19:32
Երբ Լիզա Հանիգանի երգն ավարտվեց, մոտեցավ գրատախտակին ու ինչ-որ բան գրեց, հետո ջնջեց՝ միայն հետքերը թողնելով: Չկարողացա կարդալ: Ասաց, որ իռլանդերեն է:

Հետո Դամիեն Ռայս միացրեց: Grey Room-ի ժամանակ արդեն լրիվ մեզ կորցրեցինք: Ու կորանք ժամերով: Լռության մեջ, որը կես ժամը մեկ խախտվում էր եկեղեցու զանգերով:

StrangeLittleGirl
02.03.2015, 11:21
Հիշում եմ, լավ եմ հիշում ձեռքիդ վրձինը ու զարմացած հայացքդ, երբ լացում էի, չէի ուզում մնալ նկարչական խմբակում: Հետո ի՞նչ եղավ, որ մենք սկսեցինք միասին անցկացնել մեր արձակուրդները: Շատերի կարծիքով ձանձրալի Երևանում մենք ամենահրաշալի ամառներն էինք ունենում: Թափառում էինք այգում, նստում էինք շատրվանների մոտ, մեր օրագրերը բարձրաձայն կարդում, սերիալներ գրում, մականուններ հորինում մեզ ծանոթ մարդկանց համար, խոսում մի լեզվով, որը միայն մեզ էր հասկանալի, ռադիոների պատերին խզբզում, զապիսնոցից զապիսնոց գնում, սովորեցնում Radiohead-ի ու Cranberries-ի անունները, մի շաբաթ հետո ստուգում՝ դասը սովորե՞լ են, թե՞ ոչ:

Հաճախ մտածում եմ, թե ինչպիսին կլինեիր հիմա: Ամուսնացա՞ծ, երեխաներո՞վ Երևանում խաղաղ կյանք անելի՞ս (թե ում կյանքն է խաղաղ Երևանում), թե՞ ինձ նման արկածախնդիր, աշխարհը ոտքիդ տակ կտայիր: Կհանդիպեի՞նք էլի ամառները Երևանում, կթափառեի՞նք մեր սիրած վայրերում, կքննարկեի՞նք, թե ինչքան շատ բան է փոխվել վերջին տարիների ընթացքում: Կասետներով կփոխանակվեի՞նք (թե ո՞վ է հիմա կասետ լսում):

Քեզ շատ եմ կարոտում վերջերս, չգիտեմ ինչու, որովհետև տարիներ շարունակ քեզ համարյա չէի էլ հիշում: Երեկ էլ հեծանիվով տուն գալիս հիշում էի մեր խելառ դեռահասությունը ու լացում:

Շնորհավոր 30-ամյակդ:

StrangeLittleGirl
03.03.2015, 18:30
Մեկ-մեկ ինձ թվում ա՝ էս կյանքը ղժժում ա վրաս, չորով նստած կայֆավատ ա լինում:
Ամուսնության առաջարկ ես ստանում սիրածդ մարդուց, մի մարդուց, որը քեզ տասնապատիկ անգամ ավելի շատ ա սիրում, բայց ի՜նչ առաջարկ... Ասում ա՝ ֆիկտիվ ամուսնանանք, եթե պաշտպանելուց հետո ԵՄ-ում մնալդ խնդիր ա: Մենակ ինձ հետ կարան սենց բաներ լինեն:

StrangeLittleGirl
06.03.2015, 16:19
Ուզում եմ հավատալ, որ սա ուղղակի գարնանային դեպրեսիա է ու կանցնի շուտով: Ուզում եմ հավատալ, որ նույն թակարդը երկրորդ անգամ չեմ ընկնի, ու այս անգամ ամեն ինչ լավ կլինի: Ուզում եմ զգալ, զգալ այն, ինչ զգում էի Իսլանդիայում, Էլթոն Ջոնի համերգին, դրանից առաջ, միասին: Ուզում եմ քեզ իմ լավագույնը տալ, բայց կարծես դու պատրաստ չես այն ընդունելու:

Ես վախենում եմ, որ գուցե այլևս երբեք որևէ մեկի էնպես չսիրեմ, ինչպես քեզ էի սիրում աշնանը: Վախենում եմ, որ անգամ քեզ չկարողանամ նույն կերպ սիրել:

StrangeLittleGirl
07.03.2015, 04:43
Ապաքինում 2 օր 0

Չգիտեմ, իսկապես չգիտեմ՝ ոնց վարվեմ հետդ: Դու ուզում ես իմ ժամանակը, ուզում ես, որ քեզ լավագույն ընկեր կոչեմ, ուզում ես հանդիպել ում հետ ուզում ես: Մի քիչ շատ բան չե՞ս ուզում: Չե՞ս տեսնում, որ մեր ընկերությունը չի ստացվում, որ ուղղակի այլևս իրար չենք վստահում: Ես մեռա երդվելով, որ անցյալ շաբաթ օրն ուշ եկա, որովհետև ընկերուհուս հետ էի սկայփով խոսում: Մեռա երդվելով, որ մեր գրողների խմբում միայն ամուսնացած մարդիկ են: Միևնույն է, դու կասկածում ես: Իսկ ես առավոտյան հոտ եմ առնում, որ դու ուրիշի հետ ժամադրված ես ու ճիշտ եմ դուրս գալիս: Ես գժվում եմ իմ ինտուիցիայից: Ես գժվում եմ, որ դու այդքան շատ ես ուզում ինձ քեզ մոտ պահել, բայց չես ուզում որևէ բան զոհել:

Բայց այսօրվա խոսակցությունից հետո ոնց որ սկսեցիր ինչ-որ բաներ հասկանալ: Գուցե ինքս խելքս գլուխս հավաքեմ ու հասկանամ՝ ինչ եմ ուզում: Հասկանամ ու քեզ բացատրեմ, ստիպեմ:

Հասկացիր, ես մեր հին ընկերությունն եմ ուզում, ավելին չեմ ուզում: Ես ուզում եմ նորից զգալ այն, ինչ զգում էի քեզ հետ: Բայց քանի դեռ իրար չենք վստահում, դա չի լինելու, երբեք չի լինելու:

StrangeLittleGirl
09.03.2015, 18:01
Մեկ-մեկ ուզում եմ ծիծաղել մեզ վրա, ծիծաղել, թե ինչպես ենք միմյանց մասին հոգ տանում, անհանգստանում, հաղթահարում դժվարությունները ու գնալով ավելի ու ավելի մտերմանում, ասես մտերմությանը սահման չկա, ու անվերջ կարող ենք իրար մոտենալ: Մինչև քեզ հանդիպելը կարծում էի, թե մարդկային մտերմությունը սահմաններ ունի:
Մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչու եմ շարունակում մոտդ մնալ, բայց ինչ-որ հեռավոր զգայարան, ինչ-որ ինտուիտիվ մի բան ինձ հրամայում է մնալ:
Մեկ-մեկ ջղայնանում եմ ինքս ինձ վրա, թե հանուն քեզ ինչքան բան եմ զոհում:
Մենք կարծես այս մի դժվար փուլն էլ հաղթահարեցինք ու դանդաղ շարունակում ենք մեր ճամփան:
Դու ատիր Կոպենհագենը, ես կսիրեմ այն, որովհետև այստեղ սիրեցի քեզ:

StrangeLittleGirl
11.03.2015, 16:31
Մինչ Մառլենը Բուդապեշտում անցկացրած ամիսներն էր գումարում-հանում ու հաշվում, որ մինչև Կոպենհագեն տեղափոխվելն Ավստրիայից դուրս ապրել է չորս ամիս, ես հանկարծ հայտնաբերում եմ, որ իմ ամբողջ կյանքի մեկ քառորդը Հայաստանից դուրս եմ ապրել:

Այս առավոտ նորից արև է՝ երկինքը կապու՜յտ-կապու՜յտ: Ու տաք է, գարնանային: Ճիշտ այնպես, ինչպես ուղիղ տասնմեկ ամիս առաջ էր, երբ եկա Կոպենհագենում բնակվելու: Ուղիղ տասնմեկ ամիս, իմ կյանքի լավագույն տասնմեկ ամիսները:

StrangeLittleGirl
14.03.2015, 06:20
Ես այսօր իռլանդերեն նոր արտահայտություն սովորեցի. Táim i ngrá leat: Գաղափար չունեմ, թե ինչպես է արտասանվում, բայց էդպես էր գրված թղթին, էդպես էր գրված նաև գրատախտակին երկու շաբաթ առաջ, երբ չհասցրի ֆիքսել տեքստը, էդպես էր գրված նաև քո աչքերում:
Իսկ ներկաները նկատում էին, որ մեր միջով ինչ-որ տարօրինակ կապ կա, ու իրար կես բառից հասկանում ենք: Ներկաները նկատում էին բառերիդ ճշմարտացիությունը:
Շատ լավ գիտեմ, որ մենք միասին դեռ երկար ճամփա ունենք անցնելու: Ես լիքը բան գիտեմ մեր մասին, գիտեմ, որ մենք բացառիկ բախտավոր մարդիկ ենք, որ այս աստիճանի մտերիմ ենք: Գիտեմ ու հպարտանում եմ մեզնով:

StrangeLittleGirl
21.03.2015, 21:00
Մամաս ասեց՝ գրի, օրագիր գրի, կօգնի: Այդ ժամանակ դեռ պառկած էի անկողնում: Մի կերպ ինձ դուրս նետեցի:

Երկուշաբթի օրվանից հավանաբար ապաքինումների նոր շարք կսկսեմ, ու մարդիկ կկարդան, կասեն, թե ինչքան դա իրենց օգնեց: Կամ գուցե երկուշաբթի օրվանից ամեն ինչ կտրուկ շրջադարձ կստանա: Վաղը որոշիչ է լինելու:

Միայն մի բան գիտեմ. այլևս չեմ կարող այսպես շարունակել: Ինչքան էլ թանկ լինես ինձ համար, ինչքան էլ սիրես ինձ կամ ես քեզ սիրեմ, ժամանակն է արդեն այս հիմար խաղերին վերջ տալու: Որքան էլ ցավոտ լինի:

StrangeLittleGirl
22.03.2015, 18:10
Երեկ ընթրիքի էի գնացել: Հյուրընկալողին ճանաչում էի, բայց հյուրերի մեծ մասն անծանոթ էին: Մեկ էլ մեկը մոտեցավ, հարցրեց՝ որտեղի՞ց ես, հետո թե՝ սպասի գուշակեմ, Եվրոպա՞, արևելյան Եվրոպա՞: Դեմքս ծամածռում էի (մինչև հիմա չգիտեմ ինչ պատասխան տամ Հայաստանի գտնվելու վայրի մասին): Մեկ էլ սա առանց երկար-բարակ խորանալու թե՝ Հայաստա՞ն: Բերանս բաց էր մնացել: Ասեց՝ բայց հայի համար մաշկդ բաց ա: Հետո պարզվեց, որ Կոպենհագենում լիքը հայերի գիտի: Ու սկսեց անուններ թվարկել, մի մասին ես էլ գիտեի:

Պուճուր աշխարհ: Էս Կոպենհագենը շատ ա փոքրացել, էլ չեմ տեղավորվում ստեղ:

StrangeLittleGirl
22.03.2015, 19:11
Ապաքինում 2, оր 1

Սկսում ենք նորից :) Գիտեմ անցյալ անգամ ոնց էր, նույն փուլերի միջով նորից կանցնեմ, գուցե ավելի թեթև, գուցե ավելի ծանր: Բայց ես արդեն գիտեմ, թե դա ինչպես է կատարվում: Գիտեմ ու նորից կանցնեմ նույն ճամփան, այս անգամ ավելի հեռու կգնամ:

Էսօր լացել չեմ ուզում, պատեպատ խփվել չեմ ուզում: Ինձ համար հանգիստ նստած եմ տանն ու կիրակնօրյա կեսօրն եմ վայելում առանց որևէ պարտականության, առանց որևէ մեկի սպասելու, վայելելով իմ սեփական ներկայությունը, իմ սեփական ընկերակցությունը: Ինձ թվում ա՝ երջանկության բաղադրիչներից մեկն էլ հենց էդ ա, երբ ինքդ քեզ հետ ես, քեզ լավ ես զգում:

Կուզեի, որ այս հանգստությունս շարունակվեր մնացած օրերի ընթացքում: Իհարկե, գիտեմ, որ վատ պահեր եմ ունենալու, երբ միայնությունից չեմ իմանալու՝ ինչ անեմ: Գիտեմ, որ դեռ երկար ժամանակ շատ բաներ Դ-ին կհիշեցնեն, գիտեմ, որ դեռ պիտի շեֆիս բացատրեմ, թե ինչու Դ-ն մեր պրոյեկտում չի լինելու: Բայց ոչինչ, ես կանցնեմ էս բոլոր փուլերով, կանցնեմ ու նույնիսկ ամենավատ պահերից օգուտ կքաղեմ՝ զգալով, որ ապրում եմ:

Ու կգրեմ, շատ կգրեմ:

StrangeLittleGirl
23.03.2015, 16:34
Ապաքինում 2, օր 2

Տարօրինակ կերպով դեռ լավ եմ: Չեմ կարող ասել՝ հրաշալի: Բայց լավ եմ: Ի տարբերություն նախորդ անգամվա, հանգիստ կենտրոնանում եմ ու կարողանում եմ ուրիշ գործով զբաղվել: Չեմ լացում, լացս էլ առանձնապես չի գալիս: Մենակ ֆիզիկապես եմ վատ. ահավոր սրտխփոց, իսկ առավոտյան վեր կենալիս նույնիսկ քիչ էր մնում ուշքս գնար: Բայց դե նման սիմպտոմներ գարնանը հաճախ եմ ունենում: Ուղղակի էս անգամ սրացում կա: Համենայնդեպս, հազար անգամ ավելի լավ է 100 զարկ/րոպեով ապրել, քան չկարողանալ վեր կենալ, լացել, հիստերիկանալ:

Առավոտը հիվանդանոցում լեկցիայի էի: Մի ժամ կենտրոնացած լսել եմ: Չգիտեի, որ ես կարող եմ էդպես ուշադիր լինել: Հետո եկա համալսարան: Դիթեին տեսա, պինդ գրկեցի: Էնքան կարոտեի ինչ-որ մեկին գրկելուն: Էդ պահին քիչ մնաց լացեի, բայց Դիթեն շտապում էր, ես էլ արագ-արագ գնացի, որ չտեսնի՝ աչքերս լցվել են:

Էսօր Քրինան գրեց, Խրոնինգենում է լինելու մյուս շաբաթ, հետևաբար կհանդիպենք: Էնքան ոգևորվեցի: Մի հետաքրքիր բան կա. սովորաբար մարդիկ չեն կարողանում ներկայով ապրել, որովհետև անցյալը հետապնդում ու հոշոտում է իրենց, իսկ ինձ մոտ հակառակն է. երբ ներկայում ինչ-որ բան ցավացնում է, վազում եմ դեպի անցյալ: Ու անցյալի հիշողությունները, ջերմությունը ինձ շատ ավելի լավ վիճակի մեջ են դնում:

Հիվանդանոցից գալու ճամփին երկար մտածում էի, թե ինչու եմ լավ: Հասկացա, որ պատճառն այն է, որ գոհ եմ ինձնից: Հասկացա, որ ինձ գնահատում ու սիրում եմ, նաև հպարտանում ինձնով, որովհետև վստահ եմ, որ ճիշտ քայլեր եմ արել ու մեղավորը ես չեմ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես կա: Գրողը տանի, ինչու՞ պիտի բողոքեմ այս ցավերից, որոնց միջով անցնում եմ: Ախր դրանք ինձ հասունացնում, պնդացնում ու ավելի լավն են դարձնում:

Ու մեկ էլ երջանիկ մարդ եմ ես, որ էսքան լավ ընկերներ ունեմ, որ իմ կողքին են այս դժվար պահերին ու ճիշտ խորհուրդներ են տալիս: Իսկ մարդամեկը կասեր՝ լավագույն ընկերը միայն մեկն է լինում, կպնդեր, որ ինքն է հենց էդ լավագույն ընկերը: Հարգելիս, լավագույն ընկերն այն մարդն է, ում մոտ գնում ես ամենացավոտ պահերին, ոչ թե նա, ով ով այդ ցավերի մեղավորն է:

Ընկերուհիներիցս մեկը մի լավ բան ասեց երեկ. «Տղամարդիկ միայն իրենց ցավն են հասկանում»: Խնդրեմ, նվիրում եմ քեզ քո ցավը:

StrangeLittleGirl
24.03.2015, 11:06
Ապաքինում 2, օր 3

- Գիտե՞ս, լավ եմ,- ասում եմ Էլոիզին,- ահագին արդյունավետ աշխատանքային օր ունեցա: Լիքը բան հասցրի անել:
- Գուցե միտքդ լավ է, բայց ներքուստ վատ ես:
- Հա, ահավոր սրտխփոց ունեմ, բայց դա ոչինչ, չի խանգարում: Ավելի լավ է՝ միտքս տեղում լինի, սրտխփոց ունենամ, քան երկուսը միասին... Դե մեկ էլ բան չեմ ուտում: Շաբաթ օրվանից հետո էսօր առաջին անգամ կերա:
- Չանես տենց բան, գիտե՞ս սնվելու խանգարումն ինչ ահավոր բան է: Արդեն հինգ տարի է՝ դրա ձեռքին կրակն եմ ընկել:

Փաբ քուիզում երրորդ տեղ գրավեցինք: Ահագին լավ անցավ: Ավելի լավ էլ կարող էինք, լիքը ճիշտ պատասխաններ ունեինք, որ թիմային խաղի բացակայության պատճառով էդպես էլ թղթին չգրվեցին: Ընդմիջումներին էլ հա Dirty Old Town-ն են միացնում:
- Թարգեք էլի,- ջղայնանում եմ: Բայց հետո,- ինքը մեկ ա էս երգերը չի սիրում:
Իռլանդական փաբային երգերը երևի իռլանդացիների համար նույնն են, ինչ մեր ռաբիզը մեզ համար:

Խաղից հետո պատրաստվում եմ տուն գնալ:
- Էս երեկո լացելու եմ,- ասում եմ,- անպայման պիտի լացեմ: Թե չէ էսպես վախենալու է, որ ինձ լավ եմ զգում: Հետո հաստատ շատ ավելի ահավոր ձևով մի տեղից դուրս կգա:
- Ինձ հետ արի,- ասում է Մայան,- տանը գինի ունեմ, ուսս կտամ լացելու համար:
Հրաժարվում եմ ու հուզվում, որ էսքան լավ ընկերներ ունեմ:

Ես ու Մայան միասին ենք տուն քշում, ամբողջ ճամփին զրուցում ենք: Էս անգամ ճամփան ձանձրալի չէր: Լճի մոտից թեքվում ենք ամեն մեկս մեր ուղղությամբ: Գիշերը Մայան գրում է, հարցնում՝ ոնց եմ: «Զարմանալիորեն լավ»,- պատասխանում եմ:

Զարմանալիորեն լավ եմ: Չլացեցի:

StrangeLittleGirl
25.03.2015, 01:27
Ապաքինում 2, օր 3, մաս 2

Էլի նորմալ աշխատեցի: Ղեկավարիս հետ մասնագիտական բանավեճի մեջ էինք մտել: Հավես էր: Ես ու Վիոլենը ոնց որ մի թիմ լինեինք, դանիացիքը՝ մի:

Դանիերենի դասը սովորականից լավ անցավ: Առաջին անգամ ուշադրությունս բացարձակապես չէր շեղվում կամ եթե շեղվում էր, ապա միայն Դեյվիդի հետ կատակներ անելու համար էր:

Դասից հետո Անդրեասի ու Դեյվիդի հետ գնացինք խմելու: Անդրեասի մտքով անցավ էսօր Դյուվել խմել: Ու վայ էդ մտքին: Միանգամից հաճելիորեն գլխներիս խփեց: Սկսեցինք կատակել: Մեկ էլ հասկացանք, որ արդեն համարյա մի տարի է, ինչ իրար գիտենք: «Պիտի նշենք»,- առաջարկեց Անդրեասը: «Մայիսի 20-ն էր»,- հիշեցրի: «Դու երջանի՞կ ես Դանիայում»,- հարցրեց: «Հա,- ասացի,- Hvad med dig?» դարձա դեպի Դեյվիդը: Ինքն էլ խոստովանեց, որ գոհ է իր կյանքից:

Տուն գնալու ճամփի մի մասը Անդրեասի հետ քշեցի: «Մենք արդեն ընկերներ ենք, չէ՞,- ասաց,- հատկապես Գոթենբուրգից հետո»: «Ըհը»,- պատասխանեցի ու սկսեցի մտածել: Ինձ համար ընկերներն էն մարդիկ են, որոնք չեն ցավացնում, վատ վիճակի մեջ չեն դնում: Նրանք կարող են տարբեր տեսակի լինել. մեկի ուսին լացում եմ, մեկի հետ ջրիկանում, մյուսից խորհուրդ հարցնում, բայց ինձ համար միանշանակ է, որ ընկերն էն մարդը չէ, որն ինձ իմ ամենադժվար պահերին թողնում է: Անդրեասն էլ, Դեյվիդն էլ իմ ընկերներն են: Իսկ դու փորձում էիր չարախնդալ՝ բոլորին մակերեսային ընկերներ անվանելով:

Անդերսենի բուլվարի վերջից ձախ թեքվեցի, Անդրեասն ուղիղ շարունակեց: Երբ մենակ մնացի, արցունքները սկսեցին հոսել: Սպասում էի դրանց. կուտակված էին իմ ներսում: Բայց էն դժբախտության ու անօգնականության արցունքները չէին, այլ ինչ-որ խաղաղության ու երջանկության խառնուրդ էին: Սկսեցի Հախվերդյան երգել: Ոչ մի երգ չէի կարողանում վերջացնել. բառերը չէի հիշում: Հախվերդյանի երգերն ինձնից շատ հեռու ու ոչ սազական էին թվում, բայց մյուս կողմից էլ հայերեն էի ուզում:

Մտածեցի՝ եթե անգամ գաս ու խնդրես, որ վերադառնամ, գուցե այլևս ես չուզեմ: Հիշեցի, թե ոնց էիր նախանձում, թե որքան պոպուլյար եմ Կոպենհագենում ու ինչքան շատ մարդիկ են ուզում ինձ հետ ընկերանալ: Զարմանում էիր, թե ինչու քեզ նման քաղաքավարի ու հաճելի մեկին ոչ ոք չէր ուզում, իսկ ինձ՝ բռի չոբան արևելաեվրոպացուս ընկերակցության համար բոլորը կռիվ էին անում: Եվ դու չգնահատեցիր, որ չնայած իմ պոպուլյարությանը, ես հենց քեզ էի նախընտրում: Չգնահատեցիր, որ չնայած ոչ ոք չի ուզում քեզ հետ ընկերանալ, ես պատրաստ էի կողքդ լինել այն ժամանակ, երբ ինձ տարբեր տեղերում բազմաթիվ մարդիկ էին սպասում:

Ու հասկացա, թե ինչու եմ լավ: Հունվարին, երբ քեզնից գնացի ու անցա տառապանքների զանազան փուլերով, մտածում էի՝ վերջ, էսպիսի բան մարդու կյանքում մի անգամ է լինում, այլևս ոչ մեկի այնպես չեմ սիրի, ինչպես քեզ: Իսկ հիմա մտածում եմ՝ փաստորեն կարող եմ այսպես սիրել, ունակ եմ դրան, ուրեմն էլի կլինի իմ կյանքում:

Անգամ ներքին ֆիզիկական լարվածությունը թուլացավ: Հիմա առաջ եմ նայում ու շարունակում կյանքս: Ափսոսում եմ, որ չկարողացար ինձ քո կողքին պահել: Վախենամ՝ եթե անգամ խնդրես, չվերադառնամ:

StrangeLittleGirl
25.03.2015, 18:54
Ապաքինում 2, օր 4

Էսօր արդեն ծիծաղս գալիս է ապաքինումների այս շարքի վրա: Ինչի՞ց եմ ապաքինվում: Հա՛, շաբաթ օրն իրոք վատ էի, երկուշաբթի ներքուստ լարված էի, երեքշաբթի լարվածությունը թողեց: Իսկ հետո արդեն լրիվ մոռացա: Մտածում եմ՝ ինչու եմ էսքան թեթև տանում: Գուցե այն մի ապաքինումս է պատճառը, մի անգամ արդեն նույն մարդուց պոկված-գնացած լինելու փորձը ու համոզվածությունը, որ դա հեչ էլ վատ չէ: Գուցե նաև այն գիտակցությունը, որ կորցնողը ես չեմ: Բայց նաև կա մի երրորդ տարբերակ, դրանից եմ ամենաշատը սարսափում: Հեմինգուեյի ասած դատարկությունն է, երբ որևէ բան վերջանում է: Ասում է՝ եթե վատ բան է, դատարկությունն ինքնիրեն լցվում է, եթե լավ բան, պիտի ավելի լավ բան ճարես, որ լցվի: Ու հիմա մտածում եմ՝ գուցե այս անգամ վատ բան էր, որ ավարտվեց, դրա համար այսքան արագ դատարկությունը լցվեց: Բայց նաև վախենում եմ: Ախր չեմ ուզում նրան դառնությամբ հիշել, կյանքիս մեջ այն մի մարդուն, որին իրոք սիրել եմ ու որն ինձ սիրել է, իմ կյանքի առաջին փոխադարձ սիրուն, որն այդքան դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա ժամանակին: Չեմ ուզում բարկանալ նրա վրա, չեմ ուզում խղճալ:

Բայց անգամ քառատերև երեքնուկի նկարն եմ պատիս իջեցրել, ու սենյակումս կարծես ոչինչ չի փոխվել:

Գնամ հիմա, կես ժամից Թ-ի հետ ժամադրության եմ:

StrangeLittleGirl
26.03.2015, 14:43
Ապաքինում 2, օր 5

Առավոտն անձրև էր գալիս: Դրա ձայնից արթնացա: Երևի գիշերը լավ էի քնել, որովհետև ավելի երկար անկողնում մնալու պահանջ չզգացի: Նստեցի մահճակալիս ու սկսեցի մտածել: Ներսումս սուր ծակոց զգացի, բայց շատ կարճ տևեց:

Դրսում օդը թարմ էր անձրևից հետո: Հարևանների ծառերը ծաղկում են կամաց-կամաց: Փողոցով մի կերած-խմած կատու էր զվռնում: Ինձ տեսավ, մոտեցավ, քսմսվեց, մլավեց, գնաց: Էսօր մետրոյով գործի գնացի:

Ճամփին մտածում էի: Մտածում էի Թ-ի մասին: Նրա հետ ծանոթացել եմ հուլիսի 25-ին՝ Դ-ի հետ ծանոթանալուց ուղիղ մեկ օր անց: Էն ժամանակ մտքովս չէր անցնում, որ մի օր ինձ կժամադրի: Մի տեսակ ինձ լավ եմ զգում, որ ամբողջ ֆակուլտետի միակ սինգըլ հետերո տղան հենց ինձնով է հետաքրքրված:

Երեկ Թ-ն նայեց աչքերիս մեջ, ձեռքս բռնեց:
- Դեռ ամաչում եմ էսպիսի բաներ անելիս,- ասաց,- բայց սա ժամադրություն է, չէ՞:
- Ահա,- ժպտացի: Հաճելի էր նրա տաք ձեռքն իմ ձեռքի մեջ: Բայց միայն այդքանը:

Ամբողջ ժամանակ Նորեբրոյով էինք քայլում: Անցանք ծանոթ հանրակացարանի, նաև Պանումի մոտով, որ հետո միասին 6А ավտոբուսը նստենք. երկուսս էլ նույն թաղամասում ենք ապրում: Բայց այդ հետագիծը ես չէի ընտրել, հաստատ ես չէի ընտրել: Թ-ն առաջարկեց Նորեպորտում իջնել, հետո անցնել լճերի մոտով:

Փորձում էի թաքցնել իմ էմոցիոնալ սառնությունը: Թ-ի հետ լավ է, կշարունակեմ հանդիպել, բայց գիտեմ, որ հեռու չենք գնա: Արդյոք սա՞ է նրա ասած «սուրը» և «ավարտվողը» հակադրված «խրոնիկին» ու «հավերժականին»:

Մտածում եմ՝ աշխարհում լիքը կան էնպիսի զույգեր, ինչպիսին ես ու Թ-ն կարող ենք լինել: Ընտանիք են կազմում, ապրում միասին ու դժգոհ չեն: Բայց ինչ-որ յուրահատուկ բան էլ չկա նրանց մեջ: Իսկ ես ասել եմ ու էլի եմ ասելու. ինձ համար հարաբերություններում «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն է: Եթե զգում եմ՝ միջակ բան է ստացվելու, հեռանում եմ: Երևի դա է պատճառը, որ կյանքիս ավելի մեծ մասը սինգըլ եմ եղել, քան ունեցել եմ ինչ-որ մեկին: Իսկ հիմա արդեն գիտեմ՝ սիրելը ոնց է լինում: Սիրելն էն անկապ սրտխփոցները, գիշերը չքնելն ու անդադար նրա մասին մտածելը չէ, այլ միմյանց ճանաչելը (Վիլյամ ցիտեմ) ու միասին գործելը: Ես ու Դ-ն նրանով էինք բացառիկ, որ երբ մեր երկուսի ուղեղները միասին էին աշխատում, արդյունքը բազմապատկվում էր:

StrangeLittleGirl
26.03.2015, 20:58
Ապաքինում 2, օր 5, մաս 2

Ու թող ներեն ինձ ակումբցիներն էս երկար սպամերի համար, բայց ոնց որ էսօր վերջապես գրելս գալիս է:

Էս վերջերս հաճախ եմ մտածում մեր անցած ճանապարհի մասին՝ սկսած մեր հանդիպման առաջին օրվանից, վերջացրած վերջին անգամով, երբ նա պառկած աչքերիս մեջ էր նայում ու ասում. «Դու ինձ համար հավերժությունն ես»: Այդ պահին ես էլ չգիտեի, ինքն էլ չգիտեր, որ երկու օր անց այն նամակն եմ գրելու: Հետաքրքիրն այն է, որ միայն մի անգամ է եղել, երբ համոզված եմ եղել, որ ինքն այն ճիշտ մարդն է ինձ համար: Դա մեր երկրորդ հանդիպման օրն էր: Դրանից հետո անընդհատ կասկածանքների մեջ եմ. մեկ ասում եմ՝ ինքն է որ կա, մեկ՝ բայց ինձ պե՞տք է որ: Հետո անցնում եմ նրա մասին արածս բոլոր գրառումների վրայով, ինքս նկատում զարգացումը: Ու նորից այս գրառումն եմ մեջբերում.


Էնքան հետաքրքիր ա էս ամենը: Ամեն ինչ մի տեսակ գիտակցված ա, ուղեղի զոռ, ցանկացած առաջընթաց մաշկիդ վրա զգում ես, ցանկացած զարգացում մեծ ձեռքբերում ես համարում, հետո՝ խորը շունչ քաշում, թե՝ էս լեվելն էլ բարով-խերով հաղթահարեցինք: Ոնց որ երեխայի զարգացմանը հետևես, թե՝ այսօր առաջին անգամ ժպտաց, այսօր առաջին անգամ նստեց, այսօր առաջին անգամ «մամա» ասաց: Ու դանդաղ, շատ դանդաղ, համատեղ ջանքերով այս ամենն առաջ է գնում: Եվ երբ հասնենք այնտեղ, ուր գնում էինք, այնքան թանկ կլինի մեր ձեռքբերումը, որ ամեն կերպ կդողանք վրան, չենք թողնի, որ հենց էնպես կործանվի:

Համակարգչային խաղերում ինչպե՞ս է: Ավելի բարձր լեվելները ավելի դժվար են հաղթահարվում: Վերջին երկու լեվելները մեծ դժվարությամբ անցանք, իսկ հիմա այս մեկի վրա ենք լռվել:

Մեկ-մեկ մտածում եմ՝ երևի սխալ բան արեցի, բայց բավական է, որ բացեմ ու նամակս կարդամ, ու սիրտս հովանում է: Մենակ ներվայնանում եմ, որ նորմալ չեմ խմբագրել:

Մեկ էլ ինտուիցիա կոչեցյալն է ինձ անհանգստացնում: Կարծեմ մենք երկուսով որոշել էինք, որ ինտուիցիան եղած փաստերի հիման վրա արված չգիտակցված եզրակացություն է: Իսկ իմ ինտուիցիան ասում է, որ մենք դեռ երկար ճանապարհ ենք իրար հետ անցնելու՝ անկախ մեր կարգավիճակից: Դրանից մի քիչ վախենում եմ, որովհետև այլևս զիջել չեմ ուզում:

StrangeLittleGirl
27.03.2015, 15:49
Ապաքինում 2, օր 6

Երեկ համալսարանից գիշերը ժամը տասնմեկին դուրս եկա. ֆրանկոֆոնները ֆիլմի դիտում էին կազմակերպել: Կինոն Le Havre-ն էր՝ ֆին կինոռեժիսորի: Էնքան հետաքրքիր է, էդ կինոն ես դեռ 2011-ին էի ուզում նայել, էդպես էլ չէի հաջողացնում: Հավես էր, որ վերջապես եկավ պահը: Ու իրոք արժեր: Հզոր բան էր: Հզոր էր իր ռեալիզմով ու միաժամանակ հեփի էնդով: Հզոր էր նրանով, որ ռեժիսորը հասարակության էն ամենաթափթփուկ, ամենաարհամարհված ու տգեղ շերտի գեղեցկությունն էր կարողացել ցույց տալ:

Տուն գալուց նայեցի երկքին: Աստղեր կային, բայց մի քիչ ամպամած էր: Սկսեցի լացել: Ուզում էի: Ժամանակն էր:

Առավոտյան անտրամադիր էի: Մի կերպ ինձ համոզեցի, որ համալսարան գնամ: Հեծանիվ քշելիս մտածում էի: Մտածում էի՝ գուցե սխալ արեցի, որ գնացի: Բայց հաջորդ վայրկյանին հիշում էի այն սուր ցավը, որ զգում էի ամեն անգամ, երբ կասկածելի ինչ-որ բան էի հայտնաբերում: Ես գիտեմ, որ իմ ոտքով չեմ վերադառնա:

Դու հաճախ ինձ հարցնում էիր, թե արդյոք իմ բոլոր տղա ընկերների հետ եմ այդպիսին, ես պատասխանում էի՝ ոչ: Ես ոչ մեկի հետ այդպիսին չեմ եղել: Դու ինձ համար մարդկային շփման բացառիկ դեպք էիր: Ու հենց դրա համար ես քո ընկերությունը չէի ուզում: Իմ կյանքի ընթացքում շատ մարդկանց եմ հանդիպել ու շատ տարբեր ձևերով շփվել: Ունեցել եմ և ունեմ հրաշալի ընկերներ: Դա ինձ համար բավական էր, որ հասկանամ, որ դու ուղղակի ընկեր լինել չես կարող: Եվ դու էլ ինձնից այլ վերաբերմունք էի պահանջում: Պահանջում էիր, որ քեզ առանձնացնեմ իմ բոլոր ընկերներից ու ահռելի ժամանակ տրամադրեմ: Պահանջում էիր՝ առանց հասկանալու, որ դա ընկերության իմ պատկերացման մեջ չի տեղավորվում:

Ճամփին նաև հիշում էի ինձ հետ պատահած բազմաթիվ տղամարդկանց, որոնց բավական շուտ էի իմ կյանքից հեռացնում: Հեռացնում էի, որովհետև չէի զգում այն, ինչ ուզում էի զգալ, հավատում էի, որ մի օր կզգամ: Հիշեցի նաև, որ համոզված էի, որ միայն հայերեն եմ սիրելու: Մտքովս չէր անցնելու, որ իմ կյանքի ամենախորը հարաբերությունն անգլերեն է լինելու:

Էսօր քեզ կարոտում եմ: Հույս ունեմ՝ դու էլ:

Ու քեզ լավ գիտեմ, գիտեմ, որ դու ինձ միայն Զատիկից հետո ես գրելու: Ու գիտեմ, որ գրելու ես:

StrangeLittleGirl
28.03.2015, 15:46
Ապաքինում 2, օր 7

Մարիայի երեկվա ասածներից հետո շոկի մեջ եմ: Կարող է ի վերջո պարզվել, որ ճիշտ էր ասում: Ու եթե էդպես լինի, ես կխելագարվեմ, կխելագարվեմ իմ աննորմալությունից ու նախասիրություններից: Էստեղ արդեն խնդիրն իմ մեջ կլինի, որովհետև սա առաջին դեպքը չէ:

StrangeLittleGirl
28.03.2015, 21:33
Ապաքինում 2, օր 7, մաս 2

Տարօրինակ օր ա: Մի տեսակ էս շարքն ապաքինումներ կոչելս հեչ չի գալիս, որովհետև Մարիայի երեկվա ասածից հետո արդեն լրիվ ուրիշ տրամադրվածություն առաջացավ:

Տարօրինակ, ինքնաճանաչման օր ա: Արտոյի հետ լիքը խոսեցինք, վերլուծեցինք, զարմանալի եզրահանգումներ արեցինք:

Մտածում էի՝ իմ կյանքում Թորին անցած էտապ ա, ու իրա երգերի մեջ ինձ գտնել չեմ կարող: Բայց էսօր ամբողջ օրն իրան եմ լսում, ու առնվազն երկու երգի մեջ ինձ գտել եմ: Երկու իմ ամենասիրելի երգերի, որոնց բառերը ժամանակին ինձ շատ բան չէին ասում:

Հիշում եմ՝ ժամանակին էս օրագիրս բացել էի մեկ այլ ապաքինման համար ու գրում էի գրեթե ամեն օր՝ առանց գիտակցելու, որ ապաքինման ճամփան եմ բռնել: Հոգեվարքից հետո անունն էլ հենց էդտեղից է. հոգեվարքի հասնելուց հետո հանկարծ ապրում էի, չէի մեռել: Ու դրա մասին էր օրագիրս:

Հիմա չեմ հասել հոգեվարքի: Լավ էր, որ թույլ չտվեցի՝ հասնեմ: Բայց կգրեմ, շատ կգրեմ:

StrangeLittleGirl
30.03.2015, 00:38
Ապաքինում 2, օր 8

Հոգեկանս լրիվ քրքրված է, ներսից փշրված եմ էնպես, ասես այլևս հավաքել հնարավոր չէ: Մի շաբաթ է անցել այն անիծյալ նամակից, ու քար լռություն է տիրում: Անընդհատ ինձ մեղադրում եմ էգոիստ լինելու ու խնդիրը չտեսնելու համար, բայց մյուս կողմից ինքս ինձ արդարացնում եմ, որ այդպես այլևս չէի կարող:

Տնից դուրս եկա, որ մի քիչ թեթևանամ: Անձրև էր գալիս: Լացելու ամենահարմար միջոցն էր. ոչ ոք չի նկատում: Յոգայի գնացի: Տարօրինակ դաս էր, բայց երևի հենց էդպիսին էլ ինձ պետք էր, որ մի քիչ հանգստանամ: Հետո գնացի շոփինգի ու չկարողացա ոչինչ առնել, բացի հիսուն հատ գունավոր գրիչից: Դեռ ինձ հազիվ զսպեցի, որ մատիտի միջուկներ չառնեմ: Հա, ինձ մենակ գրելու հետ կապված բաներն են գրավում:

Սկսեցի կարդալ Մոդիանոյի «Բացակայող մարդը»: Մեկ-մեկ ինձ թվում է՝ ֆրանսերենս էնքան է վարի գնացել, որ դանիերենիս է հավասարվել: Բայց բավական է՝ սկսեմ գիրք կարդալ, որ հասկանամ՝ դանիերենս դեռ շատ պիտի հացուպանիր ուտի այդ մակարդակին հասնելու համար: Հետո էլ Արայի հետ գնացի «Ես դեռ Ալիսն եմ» կինոն նայելու: Էնքան հետաքրքիր ա. թե՛ կինոն, թե՛ Մոդիանոյի գիրքը նույն թեմայով են: Թե ինչու՞ հանկարծ երկուսը միասին ընտրեցի:

Ալիսը վատ կինո չէր, բայց ահավոր հոլիվուդյան էր: Իմ սիրտն արդեն խառնում է էդ դզած-փչած դերասաններից ու հաճախ բավական պրիմիտիվ բովանդակությունից: Բայց դե Ջուլիան Մուրին շատ եմ սիրում: Բացի դրանից, թեման էլ էր մի քիչ հարազատ. ինքը լեզվաբան, ինտելեկտուալ, հասկանում է՝ իր հետ ինչ է կատարվում:

Կողքից Ալիսի ընտանիքին էի նայում: Հա, Հոլիվուդյան, սարքած, դզած-փչած, բայց իմ երազած ընտանիքն էլ է էդպիսին:

Տուն եկա՝ ամբողջ ճամփին լացելով, էլի քրքրված ու մասնատված: Ես չգիտեմ՝ ոնց եմ կարողանալու էս ամենը մարսել: Չգիտեմ՝ ինչ է լինելու վերջս: Արտոն ասում է՝ երբ հասկանում ես ինքդ քեզ, խնդիրներդ հեշտ են լուծվում: Հիմա հասկացել եմ, բայց չգիտեմ՝ ոնց կլուծվի:

StrangeLittleGirl
30.03.2015, 16:45
Ապաքինում 2, օր 9

Գրեցի «9», ջնջեցի. հաստա՞տ արդեն իններորդ օրն է: Նորից գրեցի: Հա, իսկապես իններորդն է: Էս անգամ ավելի արագ են անցնում օրերը, և դա լավ է, դա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում տառապանքս ավելի թեթև է, ինչքան էլ ես սուր ընկալեմ:

Առավոտը դրսում փոթորիկ էր: Պատուհաններս դղրդում էին: Լավ էր՝ կոմպս հետս էր, որոշեցի էսօր տնից աշխատել: Նախաճաշեցի, կոմպը վերցրի, ադյալի մեջ փաթաթվեցի ու սկսեցի աշխատել... հեկեկալ ու ադյալի մեջ ավելի ու ավելի պինդ փաթաթվել: Օգնում էր: Օրվա ընթացքում անընդհատ ինչ-որ անհասկանալի պահերի զռռոցս դնում էի: Ու չէի հասկանում՝ ինչու:

Թերեզի հետ խոսեցի մի քիչ: Ջրիկացանք, կատակի տվեցինք:

Չորեքշաբթի օրն ավտոբուս եմ նստելու ու ճանապարհվեմ Խրոնինգեն: Էսօր Սրջանը գրեց, որ առաջին գիշերը Սիլվիայի մոտ եմ մնալու: Ուրախացա ահագին:

Էսպիսի իրավիճակներում ճամփորդություններն ուղղակի փրկություն են: Դեկտեմբերին Բեռլինն ու Երևանն էին, հիմա Խրոնինգենը կլինի:

Մտածում եմ՝ ինչու՞ եմ անընդհատ տարօրինակ տղամարդկանց հանդիպում: Հաստատ տարօրինակությունը չի, որ գերում է: Կամ այն, ինչ գերում է, գալիս է տարօրինակության հետ: Ի վերջո, ես էլ սովորական չեմ: Ես ինքս ինձ տասներեք տարի առաջ կնքել եմ «Տարօրինակ փոքրիկ աղջիկ» մականվամբ: Աղջիկը մեծացել է, տարօրինակը՝ մնացել: Ու երևի էսպես էլ պիտի շարունակեմ կյանքս՝ անընդհատ հանդիպելով ինձնից ավելի տարօրինակ արարածների:

Իններորդ օրն է, դեռ լռություն է: Անցյալ անգամ տասներորդ օրը լռությունը խախտվեց: Այս անգամ կգերազանցվի:

Ու անթարթ նայում եմ էկրանին, անվանդ կողքի կանաչ լույսին: Գիտեմ, որ հիմա դու էլ նույն գործի վրա ես: Երկուսով սպասում ենք, թե ով առաջինը լռությունը կխախտի: Կխախտվի՞ արդյոք:

StrangeLittleGirl
31.03.2015, 18:58
Ապաքինում 2, օր 10

Առավոտը փոստով երկու գրքերս ստացա: Հեմինգուեյը սկսեցի ոտքի վրա կարդալ, մեկ էլ հասկացա՝ եթե էդպես շարունակեմ, Յեսպերի հետ հանդիպումից կուշանամ:

Արագ-արագ հագնվեցի, որ դուրս գամ: Անձրևը չէր կտրվում: Մինչև հոգեբանության ամբիոն հասնեմ, ոտքից գլուխ ջուր կլինեմ: Ավտոբուս նստեցի, հետո՝ մետրո: Նորեպորտից ոտքով գնացի: Ձնախառն անձրև էր: Կաթիլները մազերիս էին լցվում, քամին խառնում էր մազերս: Քայլում էի հաստատուն, թեև մի քիչ անհանգստացած. ո՞նց կվերջանա Յեսպերի հետ հանդիպումը: Քայլում էի ու մտածում, փիլիսոփայում:

Ինձ թվում է՝ կյանքն անընդհատ մեզ գլուխկոտրուկներ է առաջարկում, ու երբ մեկը հաղթահարում ենք, հաջորդը՝ ավելի դժվարն է դեմ տալիս: Ու էդպես անվերջ շարունակվում է մինչև կյանքիդ վերջին վայրկյանը: Յուրաքանչյուր գլուխկոտրուկ լուծելիս գործածում ես ողջ հուզական, մտավոր ու ֆիզիկական պաշարդ, կյանքում ձեռք բերած հմտություններդ: Իսկ երբ հաղթահարում ես, դառնում ես ավելի լավը, ավելի ամբողջական, կատարելությանն ավելի մոտ:

Երբ եկա Կոպենհագեն, ինձ դեմ տված գլուխկոտրուկները չափից դուրս հեշտ էին, ու ես դրանք չրթելով թափում էի: Հեշտ էին, որովհետև դրանցից նախկինում էլ էի ունեցել: Ուրեմն պետք է ավելի բարդը պատահեր, չէ՞: Ու հիմա եկել է այդ մեկը, և ես ողջ կարողություններս կենտրոնացրած փորձում եմ լուծել այն: Գիտեմ, որ կկարողանամ, գիտեմ, որ արդյունքում ավելի լավ մարդ կդառնամ, և դրանից հետո ավելի բարդերը կգան:

...
Յեսպերը ձեռքս սեղմեց, ներս հրավիրեց: Ասացի նրան, որ այս ծրագրին հենց իր մոդելի համար էի դիմել: Խորացավ տեսությունների մեջ, հերթով բոլոր մեթոդները բացատրեց: Հետո անցանք պրակտիկ հարցերին:
- Գիտես, տարածք չունենք, բայց մայիսից խոստացել են: Հիմա ամբիոնում երեք գրասենյակ կա... իմը, Հաննայինը... Հաննային գիտե՞ս:
- Դուք միասին տպագրվել եք,- ասացի,- անձամբ չեմ ճանաչում:
- Միասին տպագրվե՞լ: Նույնիսկ շա՜տ ենք տպագրվել,- Յեսպերը կարմրեց,- Հաննան դրա համար նկատողություն է ստացել, որ իր բոլոր տպագրություններն իմի հետ համահեղինակ են: Գիտես, ինքը չեխ է: 90-ականներին եկավ Կոպենհագեն որպես փոխանակային ուսանող: Ես նրան անատոմիա էի տալիս: Այդպես էլ մնաց: Հետո մագիստրոսական թեզը ղեկավարեցի, հետո՝ դոկտորականը: Դարձավ ասիստենտ, հիմա արդեն դոցենտ է և երկու երեխա ունի:
Պատկերացրի Հաննային՝ ջահել չեխ աղջիկ, գալիս է, սիրահարվում Յեսպերին, մնում այստեղ: Տարիներ շարունակ միասին աշխատում են, Հաննան հոգնում է Յեսպերին սպասելուց, ուրիշի հետ ամուսնանում, երեխաներ ունենում:
- Երեխաներ չունեմ,- շարունակեց,- ինքս եմ ընտրել չունենալը: Երբ փոքր էի, հազվադեպ էի հորս տեսնում: Չուզեցի ինքս էլ էդպիսի հայր լինել: Հիմա որ Հաննային տեսնում եմ՝ վազում է երեխաների հետևից, հեչ չեմ նախանձում:
Պատկերացրի նաև Յեսպերի ու Հաննայի համագործակցությունը. իսկական ակադեմիական ընկերություն, իրար հետ պրպտել, քննարկել, էքսպերիմենտներ սարքել: Մենք էլ էինք էդպիսի մի բանի մասին երազում: Կամ մի քիչ ուրիշ, չգիտեմ:
Հանդիպման վերջում Յեսպերն իր հոդվածները քսերոքս արեց:
- Այս ամսագիրը գիտե՞ս,- ասաց,- սա աշխարհի ամենա-ամենաառաջին գիտական ամսագիրն է: Չկա էնպիսի Նոբելյան մրցանակակիր, որ այստեղ տպագրված չլինի:
Հետո քթի տակ շարունակեց.
- Իհարկե չեմ ասում, թե էստեղ տպագրվող ամեն ոք Նոբելյան է ստանում, բայց ի՞նչ իմանաս:

Յեսպերի մոտ դուրս եկա կյանքիցս գոհ, անհամբեր սպասելով համագործակցությանը: Ու սկսեցի մտածել, թե ինչ աննորմալ պիտի իրեն համարի հասարակությունը, որ որոշել է երեխաներ չունենալ: Մտածեցի, թե ինչքան լավ գիտնական էր ինքը, թե ինչքան հավես կլինի նրա ղեկավարությամբ աշխատելը: Մտածեցի, որ ակադեմիան այս բոլոր (այդ թվում իմ) աննորմալ մարդկանց փախստավայրն է, այստեղ բոլորը հեռու են մնում նորմալից, միջին վիճակագրականից, բայց միևնույն ժամանակ հենց իրենք են սահմանում այդ բոլոր միջինները:

Քայլեցի դեպի Նորեպորտ: Որոշեցի վերջապես պաղպաղակի պահանջս բավարարել: Սուրբ Պատրիկին չէ՞ր, որ պիտի պիստաչիոյով պաղպաղակ ուտեինք: Հետո էլ դրա ուրբաթ օրը: Էդպես էլ չիրականացրինք: Մտա ՄակԴոնալդս ու պաղպաղակ պատվիրեցի: Սթոունների համերգից հետո էր, երբ տուն գնալու փոխարեն վեր էինք ընկել հենց այդ նույն ՄակԴոնալդսում ու ագահորեն իրար վրայից պաղպաղակներ ուտում:

Իսկ այս երեկո Մառլենի տանն ենք հավաքվում, վաղն էլ ճանապարհվում եմ Խրոնինգեն: Դու էլ երևի Շվեյցարիա կգնաս մամայիդ հետ: Կբարևես իմ կողմից:

StrangeLittleGirl
31.03.2015, 19:19
Հ.Գ. Էս էլ ահավոր տեղին ցիտատ Ջիմ Մորիսոնից.
"People are afraid of themselves, of their own reality; their feelings most of all. People talk about how great love is, but that’s bullshit. Love hurts. Feelings are disturbing. People are taught that pain is evil and dangerous. How can they deal with love if they’re afraid to feel? Pain is meant to wake us up. People try to hide their pain. But they’re wrong. Pain is something to carry, like a radio. You feel your strength in the experience of pain. It’s all in how you carry it. That’s what matters. Pain is a feeling. Your feelings are a part of you. Your own reality. If you feel ashamed of them, and hide them, you’re letting society destroy your reality. You should stand up for your right to feel your pain."

StrangeLittleGirl
01.04.2015, 08:37
Ապաքինում 2, օր 11

Ռեկորդ. տասը օր կոնտակտ չկա: Անգամ անցյալ անգամ տասներորդ օրը լռությունը խախտվել էր:

Մեկուկես ժամից ավտոբուսս կշարժվի դեպի Նիդեռլանդներ, դեպի այն քաղաքը, ուր անդընդհատ վերադառնալու եմ կյանքիս տարբեր փուլերում, վերադառնալու եմ, որ հանգստություն զգամ:

Երեկ Մառլենի տանը շատ լավ էր: Զատիկի գարեջուր խմեցինք: Ահագին զրուցեցինք մեր ակադեմիական դարդերից: Հետո Անդրեասը միացավ: Չգիտեմ ոնց ջրիկություններս բռնեց, ու դրեցինք, Եվրատեսիլի բոլոր երգերը նայեցինք: Որոշեցինք, որ էս տարի Եվրատեսիլը բոլորս միասին պիտի նայենք՝ մեր դրոշներով-բանով: Ահագին ջրիկ երեկո կստացվի:

Երբ տուն եկա, Մառլենն ամբողջ դանիերենի խմբին արդեն գրել էր, որ միասին Եվրատեսիլ ենք նայելու:

Հիմա գնամ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ Սիլվիային ու Սրջանին գրկելու:

StrangeLittleGirl
02.04.2015, 23:12
Ապաքինում 2, օր 12

Երբ ավտոբուսը կանգնեց Խրոնինգենի գլխավոր կայարանում, թվաց՝ ես երբևէ չեմ բացակայել այստեղից, ու վերջին մեկուկես տարին ուղղակի վատ երազ էր, որից վերջապես արթնացա:
Ես կարիք չունեի քարտեզներ փորփրելու կամ ուղղություն հարցնելու, որովհետև գիտեի՝ ուր եմ գնում: Իսկ երբ հասա, դռան զանգը տվեցի, հին օրերի պես Սիլվիան հայտնվեց պատշգամբում ու բանալիները ներքև նետեց, որ դուռը բացեմ, բարձրանամ:

Պինտելիերում մի քանի բաժակ գարեջուր խմեցինք: Սրջանը զարմացավ, թե ոնց եմ խմելու սովորությունս փոխել:
- Առաջ դու մի բաժակ գարեջրից շատ չէիր խմում,- ասաց,- ու հաճախ ընդհանրապես չէիր խմում:
- Դանիան է,- բացատրեցի,- էնտեղ առանց խմելու սոցիալական կյանք չկա:

Գիշերը Սիլվիայի մոտ մնացի: Երբ պառկում էինք քնելու, խորհուրդ տվեց աշխատանքի մեջ չխորանալ ու կյանք ունենալ անպայման: Ես նրան ասացի, որ ինքն ինձ համար ակադեմիայի մեջ եղողի լավագույն օրինակն է, ու ուզում եմ նրա պես լինել: Պնդեց, որ իր սխալը չկրկնեմ: Հետո ասաց, որ լավ է՝ եկա: Սրջանի դեմքին վերջին ամիսներին ժպիտ չէր հայտնվել, այդ երեկո առաջին անգամ էր:

Խրոնինգենում լավ է, հանգիստ, ոնց որ տանը լինեմ: Ամբողջ ցերեկը թափառեցի, գնացի սիրածս խանութները, համալսարանում սրճեցի, մեր հին ու բարի վոկը կերա: Ափսո՜ս Սոֆյան չկար:

Ես գիտեմ, որ այստեղ վերադառնալու եմ անընդհատ, անկախ նրանից, թե որտեղ եմ, անկախ նրանից, թե արդյոք այստեղ դեռ մնացել են իմ ճանաչած մարդկանցից: Գալու եմ մենակ կամ գալու եմ տարբեր մարդկանց ընկերակցությամբ, գալու եմ կյանքիս ամենաահավոր ու ամենաերջանիկ պահերին:

Հետո Քրինայի տուն գնացի թեյի: Հավես էր նրան նորից տեսնելը: Խոսեցինք անընդհատ տեղափոխվելու մասին:
- Քաղաքը մարդու նման է,- ասաց,- ժամանակ է պետք, որ ճանաչես, մտերմանաս: Կարծես մարմին լինի:

Տարիների հետ ծանոթանում ես ամեն մի կնճռի հետ... Ինձ վեց տարի պետք եղավ, որ հասկանամ՝ ուզում եմ Խրոնինգենում ապրել:

Խոստովանեցի, որ չնայած Կոպենհագենում կյանքիցս գոհ եմ, բայց մի տեսակ տարօրինակ է, որ արդեն մի տարի է, ինչ այնտեղ եմ, մի տեսակ ուզում եմ նորից տեղափոխվել, ուրիշ տեղ գնալ: Ասաց, որ Դանիկան էլ Ժնևում նույն վիճակում է:

Երեկոյան գնացի համալսարան Սրջանին էքսպերիմենտ անելիս օգնելու: Բամբասացինք մեր աշխատանքներից ու ղեկավարներից:

Ու Դ-ն հեռու ու անիրական թվաց, ասես այդ ամենն ինձ հետ չէր պատահել: Երանի՜ այսպես շարունակվեր:

StrangeLittleGirl
03.04.2015, 20:23
Ապաքինում 2, օր 13

Ջանեթը հեծանիվը կապեց, մոտեցավ ինձ: Գրկեցինք իրար: Լրիվ նույնն է՝ ոտքից գլուխ սև հագած, պիրսինգներով, մազերը սև ներկած, կոս արած: Շպարը մի քիչ ավելի արտահայտված է:
- Ձմռանը սովորաբար շրթներկ չեմ քսում: Այսօր առաջին անգամն է: Դրա համար ուշացա:
Մտանք Ջանեթի սիրած սրճարանը՝ Coffee United:
- Ոնց որ հեչ գնացած չլինես, ոնց որ երեկ լիներ, որ վերջին ագնամ քեզ տեսել եմ:
Այս նույն արտահայտությունը լսում եմ ամեն օր ում հանդիպում եմ: Լսում եմ նաև, երբ գալիս եմ Հայաստան: Ու մտածում եմ՝ մի օր կլինի՞ այնպես, որ ոչ թե ես լինեմ գնացող-վերադարձողը, այլ ինչ-որ մեկը վերադառնա այնտեղ, որտեղ ապրում եմ, ու ես ասեմ՝ ոնց որ երեկ լիներ:

Ջանեթի հետ լիքը խոսեցինք: Պատմեց իր անցյալ տարվա շուրջերկյա ճանապարհորդությունից: Հետո անցանք տղամարդկանց:
- Ջերալտը լավ էր,- ասաց,- հեչ խնդիրներ չունի, բզիկներս լավ տանում է, փորձում է օգնել ինձ: Թե չէ մինչև էդ ինչ տարօրինակ տղա ասես հանդիպում էր: Թոդին գիտե՞ս: Հակադեպրեսանտների վրա է: Անցյալ տարի Հավայան կղզիներում հանդիպեցինք նրան: Վախենում էի՝ Ջերալտի հետ լեզու չի գտնի, բայց լավ ընկերներ դարձան:

Հետո քայլեցինք դեպի ծաղկի շուկա:
- Լավ է, որ եղանակը լավ է: Թե չէ էս խեղճ մարդիկ ահագին վնաս էին կրելու: Մեծ հույս էին կապում ծաղկի շուկայի հետ:

Ջանեթից բաժանվեցի, գնացի Լա պլաս ճաշելու: Հետ եկա Սրջանի մոտ: Սուպերմարկետից բոլոր գժական հոլանդական ուտելիքներից առա:
- Ուրախանու՞մ ես, որ էստեղ էժան է,- հարցրեց:

Երեկոյան Վանիան, Ադրիան ու Սիլվիան են գալու: Հոլանդական բլինչիկ ենք սարքելու: Հավես կլինի:

Գրողը տանի, խելքս գնում է Խրոնինգենի համար:

StrangeLittleGirl
05.04.2015, 02:13
Ապաքինում 2, օր 14

Ամստերդամում ինչ-որ բան եմ կորցրել: Ամեն անգամ, երբ հայտնվում եմ էնտեղ, սկսում եմ շունչս պահած ինչ-որ բան եմ որոնում: Քաղաքի հետ կապված լիքը հիշողություններ կան կուտակված, որովհետև այնտեղ շատ եմ եղել ու տարբեր մարդկանց հետ, տարբեր տարիներին: Դրա պատճառով ամեն ինչ խառնվում է իրար ուղեղումս, ու աղոտ ինչ-որ հուշեր մեծ ջանքերից հետո եմ միայն կարողանում տեղավորել իմ կենսագրության ճիշտ հատվածում:
- Էստեղ բելգիական գարեջուր եմ խմել,- ասում եմ Սրջանին՝ Ռեմբրանտպլայնում մի կոնկրետ բար ցույց տալով,- ու՞մ հետ էի: Բալի համ էր գալիս, ոնց որ լիմոնադ լիներ:
Փորձում եմ հիշել: 2007-ը հաստատ չէր. այն ժամանակ դժվար էր ինձ համոզելը, որ գարեջուր խմեի: Գուցե 2009, որովհետև Ռեմբրանտպլայնում նկար ունեմ: Բայց էդ ժամանակ Ամստերդամում մենակ չէի՞: Տաթևին հիշեցի: Նրան 2011-ից շուտ չեմ իմացել: Տաթևը: Ամստերդամում լիքը թափառեցինք այդ օրը, փորձեցինք հայկական եկեղեցին գտնել: Մտանք քոֆի շոփ ու հարցրինք: Կոմպով նայեցին: Գտանք եկեղեցին, բայց դատարկ էր: Մոտը նկարվեցինք ու շարունակեցինք մեր ճամփան:

2011-ի հոկտեմբեր: Թորիի համերգից հետո Ամստերդամ էի եկել: Տաթևը սկզբում ինձ Ռեմբրանտպլայն տարավ: Հիշում եմ գարեջրի համը: Գլխիս էր խփել:

Ամստերդամում ինձ Մոդիանոյի գրքի հերոսն եմ զգում: Ու ինչ-որ բան եմ տենդագին որոնում, որը չկա ու չկա:

Երբ Սրջանը, նրա զարմուհին ու ընկերները սերբերեն էին խոսում, անջատվում էի ու մտքերի մեջ ընկնում, Դ-ի մասին մտածում: Միաժամանակ և՛ կարոտում էի, և՛ որոշում, որ նրան այլևս իմ կյանք չեմ թողնելու: Հետո հանկարծ վերադառնում էի նրանց խոսակցությանն ու սերբերեն ինչ-որ բան ասում, իսկ Սրջանն ավելի ու ավելի էր զարմանում իմ՝ գնալով ավելի բարդացող նախադասությունների վրա:

Գտանք ամերիկյան գրախանութը: 2007-ին այնտեղից Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է»-ն եմ գնել՝ ամբողջ Ամստերդամը ոտքի տակ տալուց հետո: Հետագայում այն դարձավ իմ սիրելի գիրքը: Որոշեցի, որ էնտեղից անպայման պիտի ևս մեկ գիրք գնեմ, որ դա էլ դառնա իմ սիրելին, որովհետև ինձ նոր սիրելի գիրք է պետք: Բացի դրանից, Մոդիանոն վերջացնում էի, գիտական հոդվածներն էլ վաղը կկարդամ, իսկ ինձ հետդարձի ճամփի զբաղմունք է պետք:

Չկարողանալով գտնել որևէ գիրք, որն ինձ կասի՝ կարդա, ընտրեցի blind date-երից մեկը. փաթեթավորված գիրք, ու չգիտես՝ ինչ ես գնում: Խանութից դուրս գալուց հետո անմիջապես պատռեցի փաթեթավորումը: Անծանոթ հեղինակ էր: Բայց կկարդամ: Ամստերդամում եսիմորերորդ անգամ լինելուց մնացած հուշն է:

Վիպակի միտք ծնվեց Մոդիանոյից ու Ամստերդամից ոգեշնչված: Չալարեմ, սկսեմ աշխատել:

StrangeLittleGirl
05.04.2015, 19:12
Ապաքինում 2, օր 15

Ահագին ուշ արթնացանք. մտածեցի՝ երկար ճամփից առաջ մի քիչ հանգստանալը լավ կլինի:

Ամբողջ օրը նստած հոդված եմ կարդում: Սրջանն էլ է աշխատում: Մի քիչ հետո Սիլվիայի մոտ կգնամ, իսկ երեկոյան Վանիայի ու Ադրիայի մոտ ընթրիքի ենք:

Դ-ն հեռու է թվում, որպես գոյություն չունեցող երազ, որպես մի էպիզոդ իմ կյանքի, որ անցել-գնացել է: Ու երևի պիտի տասներորդ օրվանից սկսած դադարեցնեի ապաքինումների սերիան, որովհետև դրանից հետո լավ էի:

Բայց երբեմն քնիս մեջ կամ ինչ-որ բան տեսնելիս կամ ինչ-որ բանով զբաղվելիս հիշում եմ նրան: Ու հանկարծ ինչ-որ ուժեղ ցավ եմ զգում, ջղայնանում: Հետո արագ անցնում է. ախր գիտեմ, որ ես մեղավոր չեմ: Իսկ նրա մոտ վերադառնալու էներգիա ուղղակի չունեմ:

StrangeLittleGirl
06.04.2015, 17:42
Ապաքինում 2, օր 16

Մեր ծանոթության օրվանից հաշված սա ամենաերկար լռությունն է, ու չգիտեմ՝ երբևէ կխախտվի՞ արդյոք:

Անցյալ անգամ ապաքինումը շատ սիրուն անցավ. իր տրամաբանական փուլերով, ուժերիս աստիճանական վերականգնումով ու կյանքը սիրելով:

Հիմա էլ եմ կյանքը սիրում: Բայց զգում եմ՝ չունեմ նույնքան էներգիա, որ կարողանամ փուլերը հերթականությամբ դասավորել ու ճիշտ ճամփով գնալ: Զգում եմ՝ սպառվում եմ արդեն, ու հուզապես խառնված եմ իրար, թողել եմ ամեն ինչ ինքնահոսի:

Քամվում եմ արդեն: Ամեն անգամ գժվում եմ, երբ մարդիկ ասում են՝ դու իմ ճանաչած ամենախելացի մարդկանցից ես: Գժվում եմ, երբ մարդիկ ասում են՝ քեզնից սովորում ենք: Պիտի որ ինքնասիրությունս շոյվեր, ինձ լավ զգայի: Ու մի ժամանակ էդպես էր, էս քանի օրը՝ էլ չէ: Բայց կուզեի հեշտ լիներ, կուզեի չունենալ խելքիս կեսը, կուզեի միջին ու անհոգ լինել:

Սպառվել եմ: Էլ չեմ ուզում ապրել:

StrangeLittleGirl
07.04.2015, 14:48
Ապաքինում 2, օր 17

Վատ եմ: Վատ եմ, որովհետև չեմ կարողանում հաղթահարել այս ամենը: Թերեզն ասում էր՝ ինքը չկա, դրանից ես դեպրեսված: Չէ՛, դեպրեսված եմ, դրա համար չեմ կարողանում հաղթահարել նրա բացակայությունը: Ու եթե ճիշտը խոսենք, չեմ էլ ուզում երեսը տեսնել, չեմ ուզում խոսել հետը, բայց րոպեն մեկ մեյլս եմ ստուգում՝ հուսալով, որ մի բան գրած կլինի: Չգիտեմ էլ ինչ եմ ուզում: Էմոցիաներս լրիվ քամվել են, ու ես մնացել եմ էսպես լրիվ ուժասպառ: Երևի պետք է մենակ մնալ, ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել, որ ուժերս վերականգնվեն:

Գարուն է եկել, ու էս քանի օրը հանկարծ քարանձավներից սկսեցին բոլոր տղաները դուրս գալ ու խնդրել, որ իրենց տեսնեմ: Հավես չունեմ, ոչ մեկի հավեսը չունեմ: Թողեք հանգիստ ես իմ սինգըլ կյանքը ապրեմ, դրանից լավ բան չկա:

StrangeLittleGirl
07.04.2015, 22:03
Ապաքինում 2, օր 17, մաս 2

Էսօր գերմանախոսներից ոչ ոք դասի չէր եկել, մենակ էի մնացել Ալեսանդրոյի, Սելիայի ու Բորիսի հետ: Սկզբում լարվեցի, որովհետև նրանց հետ առանձնապես մտերիմ չեմ, ու ջրիկանալ էլ չի լինում: Բայց իրականում դասը շատ հավես անցավ: Հետո մի տեսակ Սելիային սիրեցի: Առաջ հիշում եմ՝ միշտ ձեռ էինք առնում նրան ու նրա կատվին, բրիտանական առոգանությունը ու նրա՝ ոտքից գլուխ անգլիացի լինելը: Անդրեասն էլ տնազն էր անում, ու պատկերն ամբողջական էր դառնում: Էսօր մի քիչ ուրիշ լույսի տակ տեսա նրան: Ինքն էլ ակադեմիայի տարօրինակներից է, ու ինչ-որ հետաքրքիր բան կա մեջը: Դասի ժամանակ մեկ էլ պայուսակից մի օրագիր հանեց, ասեց, որ դա է ուսումնասիրում հիմա: Մի քիչ թերթեցի ու փշաքաղվեցի. ինչ-որ անծանոթ անգլիացու օրագիր էր, որը 60-ականներին ուսանող է եղել: Ու էնքա՜ն անձնական էր: Սելիան հիմա էդպիսի օրագրեր է կարդում ու դրանք փորձում տեղադրել պատմական կոնտեքստում:

Հիմա պատասխան Ռիփին:

Չգիտեմ՝ երևի ապաքինում բառը խաբուսիկ ա, բայց ինձ համար դա չի նշանակում՝ այլևս չսիրել, որովհետև գիտեմ, որ դեռ երկար եմ սիրելու, գուցե մինչև կյանքիս վերջ: Ինձ ուղղակի պետք ա լավ լինել, դուրս գալ էս կոտրված վիճակից ու ապաքինվել:

Ուզում եմ, որ երբ գիշերները պառկեմ քնելու, քունս չխանգարվի զանազան բաներ հիշելուց:

Ուզում եմ, որ երբ կոլեգաս ինձ հետ խոսում ա, նայեմ դեմքին, ոչ թե դեմքս թաքցնեմ, որովհետև աչքերս էլի լցվել են:

Ուզում եմ, որ երբ դանիերենի դասախոսը հարց ա տալիս, պատասխանեմ, ոչ թե պատուհանից դուրս նայեմ՝ մտքերով լրիվ ուրիշ տեղ:

Ուզում եմ, որ երբ նստում եմ կոմպիս մոտ, կարողանամ կենտրոնանալ գործիս վրա, ոչ թե անընդհատ զանազան հավանական ու անհավանական մեյլեր ստուգեմ, տեսնեմ՝ պատասխան կա, թե չէ:

Ու հարաբերություն չեմ ուզում, որովհետև ես տենց բաների համար չեմ ստեղծված: Ուղղակի ուզում եմ, որ չցավա:

Իսկ գրելն օգնում ա, շատ ա օգնում: Էս օրագիրս իմ գրածի տասը տոկոսը հազիվ լինի: Ավելի անձնականն ավելի փակ տեղերում ա գրվում, որ հետո մի օր Սելիայի նման մեկը հայտնաբերի, փորձի պատմական կոնտեքստում դնել: Իսկ պակաս անձնականը պատմվածք ա դառնում, գուցե մանրից սկսեմ հրապարակել:

StrangeLittleGirl
08.04.2015, 13:30
Ապաքինում 2, օր 18

Ժամը տասի կողմերն էր, երբ գործից դուրս եկա: Շենքում մարդ չէր մնացել: Գիտական ամբիոններում նորմալ բան է այս ժամերին աշխատելը, իսկ հումանիտարներում ժամը չորսից հետո բոլորը չվում են տուն: Բայց ես ահավոր սիրում եմ էս ուշ ժամերին կամպուսում լինել:

Մի խոսքով, շենքից դուրս եկա, նստեցի հեծանիվս, ու զգում եմ՝ տուն գնալ չեմ ուզում, որովհետև եթե գնամ, վատ եմ լինելու (մթոմ էդ պահին շատ լավ էի): Մեկ էլ մի խելառ միտք է ծագում. Նորեբրոյով քշեմ տուն: Էդպես ճամփաս մի երկու կիլոմետրով երկարում է, բայց ինչ-որ բան ձգում էր, ուզում էի նրա տան մոտով անցնել: Թե տեսնեի դրսում (քանի ամիս ամեն օր տանս ճամփան նրա տան մոտով էր անցնում, ոչ մի անգամ չեմ տեսել), կբարևեի ուղղակի, թե չէ, կգնայի տուն:

Երբ հասա լճերին, հիշեցի այն երեկոն, երբ ես հեծանիվս նստած տուն էի գնում, իսկ նա քայլում էր լճի ափին: Ես հետ նայեցի ու ձեռքով արեցի: Իսկ նրա մեջքի հետևում արևը մայր էր մտնում: Դա հենց այն պահն էր, երբ առաջին անգամ հասկացա, որ սիրահարվել եմ, այն պահն էր, երբ հասկացա, որ վերջապես գտել եմ ինձ նման խելառ մեկին: Հետո հիշում էինք այդ պատկերը, ասում էր՝ cute էր, որ շրջվեցիր, ձեռքով արեցիր:

Իսկ երեկ մութ էր արդեն, լճի ափին ոչ ոք չկար:

Հասա երկու լճերը բաժանող կամրջին և միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու էի ճամփիցս շեղվել: Այդ կողմերը հաճախ էի գալիս, երբ ահավոր մենակ էի լինում կամ տխուր կամ դեպրեսված կամ անհանգստացած: Նստում էի լճի ափին, նայում ջրերին, գրում, երաժշտություն լսում, նորից գրում: Ու երևի հիմա էլ ենթագիտակցական ինչ-որ բան ինձ բերեց այնտեղ, որ սիրտս հովանա:

Երբ կանգնեցի կամրջին, դեմքիս չոր տեղ չէր մնացել: Գլուխս կախ փորձեցի մի թաքուն անկյուն գտնել ու դարդերս սգալ: Մեկ էլ հանկարծ նստարանին նստած մի աղջիկ ասաց.
- Ամեն ինչ կարգի՞ն է:
Նայեցի նրան, ժպտացի ու պատասխանեցի.
- Հա, հա, կարգին է:
Առաջ անցա, կանգնեցի կամրջի մեջտեղում ու նայեցի ջրերին: Աղջիկը վեր կացավ նստարանից, մոտեցավ ինձ:
- Ի՞նչ է պատահել: Գուցե պատմես, ավելի լավ զգաս քեզ: Ինքս էլ լավ չեմ զգում:
Սիգարետ առաջարկեց:
- Շնորհակալ եմ, չեմ ծխում:
Մի երկու բառով բացատրեցի՝ ինչ եմ զգում:
- Ես էլ ընկերոջիցս եմ բաժանվել մի կես տարի առաջ: Մի քիչ առաջ իմացա, որ նոր ընկերուհի ունի: Դրա համար վատ եմ: Բաժանվողը ես էի, որովհետև ահավոր խանդոտ էր, իսկ ես իմ ազատությունն էի ուզում: Բայց շատ ուժեղ էինք սիրում իրար: Մտածում էի՝ կկարողանանք ընկերներ մնանք: Բայց հիմա իմացա, որ ընկերուհի ունի...
Աղջիկը նայեց ինձ իր խոշոր, մուգ կապույտ աչքերով: Մազերը մուգ շագանակագույն էին, խուճուճ: Սկզբում ինձ թվաց՝ իտալուհի է: Հետո գերմանական առոգանություն որսացի, հետո՝ դանիական:
- Գիտես,- ասաց,- ինձ թվում է՝ սերը սովորելու համար է: Մենք չենք դադարում սիրել մեկին այնքան, մինչև չենք սովորում ամեն ինչ, ինչ պիտի սովորեինք նրանից: Հենց սովորելու նյութը սպառվում է, սերն էլ է սպառվում:
- Գիտեմ... ես շատ բան եմ սովորել ու դեռ գիտեմ, որ պիտի սովորեմ:
- Երանի՜ ես էլ կարողանայի քեզ նման լաց լինել,- ասաց,- կհանգստանայի: Իմ լացը սիգարետն է,- ու ծուխը դուրս փչեց:
- Գիտեմ: Առաջին օրերին ես էլ չէի կարողանում լացել, ֆիզիկապես վատ էի զգում: Փորձիր... Իրոք հանգստացնում է:
Տասնյոթ տարեկան էր: Հավատս չեկավ: Տեսքից ջահել էր երևում, բայց մտածում էի՝ քսաներկու-քսաներեք կլինի:
- Իմ տարիքում անսովոր է նման լուրջ հարաբերություն ունենալը,- բացատրեց,- բայց մարդիկ իրենց քսանականներում շատ են դեյթ անում, չէ՞:
- Հա, սովորաբար շատ: Մեկ-մեկ չափից դուրս շատ:
Անունը Ռոզա էր, վերջում հարցրի:
Հանկարծ այդ ամենն ահավոր անիրական թվաց: Նա իսկապե՞ս գոյություն ուներ, թե՞ երևակայությունս էր բերել, դրել նրան այս կամրջին: Իսկ գուցե գոյություն ուներ, բայց ամենևին էլ տասնյոթ տարեկան դանիացի չէր, այլ ինչ-որ ուրիշ մեկը, որ պետք է այդ պահին հենց այդտեղ լիներ:

Քշեցի Նորե ալեով, տան լույսերն անջատած էին, ժալյուզին քաշած չէր. ուրեմն դեռ չի վերադարձել արձակուրդից: Քշեցի Արքի մոտով, գնացի տուն: Էլ չլացեցի:

Ինչու՞ կանգնեցի կամրջին:

StrangeLittleGirl
08.04.2015, 23:44
Ապաքինում 2, օր 18, մաս 2

Իմ կյանքը լրիվ սյուռ ա: Մտածում եմ՝ երևի իսկականից խելքս թռցնում եմ:

Թեթևացած շունչ եմ քաշում. Լուիզն էն մարդը չէր, որ մտածեցի՝ կարող էր լինել: Բայց լրիվ հավանական էր, ու էդ ժամանակ չէի իմանալու՝ ինչ անել, որովհետև ինքն ահագին դուրս եկավ, նմանություններ ունեինք: Հատկապես հավես էր, որ իրեն էլ Էլիս Մունրոն առանձնապես դուր չէր եկել, հետն էլ հավելեց, որ իր համար այծը պարզապես այծ է: Բայց քննարկման ընթացքում նկատում էի, որ աչքերն անընդհատ լցվում էին, թաքուն սրբում էր: Դե ես էլ...
- Կոպենհագենում որտեղի՞ց կարելի է անգլերեն գրքեր ճարել,- հարցրեց Ստեֆանին:
- Արք բուքս փորձիր:
- Ա՜, այնտեղ շատ եմ եղել: Մի անգամ էլ մտա, ինչ-որ գրողներ էին հավաքվել, գրում էին միասին:
- Ես այնտեղ էի,- ծիծաղեցի:
Գրողի տարած փո՜քր-փո՜քր Կոպենհագեն: Քեյթին էլ մի այլ խմբից գիտեի: Դեռ ոչ մի անգամ չէինք հանդիպել, բայց մեյլերով փոխանակվել էինք:

Եղանակը լավն էր, մութը դեռ չէր ընկել: Գնացի լճերի մոտ, նստեցի, մի քիչ գրեցի: Մեկ էլ ուսին կիթառ մի տղա մոտեցավ ու հարցրեց, թե ինչ եմ անում: Էս անգամ էլ հո չէի լացում: Ինձ համար հանգիստ նստած գրում էի: Ասացի՝ գրում եմ:
- Ի՞նչ ես գրում:
- Օրագիր,- ու շրխկոցով փակեցի բլոկնոտս: Վաղուց նման բան չէի ասել, որովհետև օրագիրը մի տեսակ նվաստացուցիչ, ոչ վեհ է հնչում:
- Հըմ, փաստորեն շատ անձնական է:
- Ես գրող եմ,- հայտարարեցի,- պատմվածքներ եմ գրում,- իմ ասածից ծիծաղս եկավ:
- Անդերսենին գիտե՞ս,- հարցրեց,- լավ գրող է:
- Ո՞նց չգիտեմ,- ու «Լուցկիներով աղջիկը» հիշեցի:
Գնաց:

Եկա տուն: Դռանս դիմաց մի հսկայական արկղ էր դրված: Բացեցի, ու սիրտս վատացավ: Մեջը ստվարաթղթե լիքը տուփեր էին, վրաները՝ տարբեր մարդկանց հասցեներ: Գերեզմանաքարերի նման: Ու վատ եմ:

StrangeLittleGirl
09.04.2015, 14:01
Ապաքինում 2, օր 19

Երբ ամեն ինչ այնքան վատ է լինում, որ դրանից վատ հնարավոր չէ պատկերացնել, սկսում ես նորմալ չուտել ու չքնել, երազն ու արթուն վիճակը չտարբերել, իրականությունը խառնել երևակայությանը:

Անցյալ անգամ տասնութերորդ օրվանից հետո ապաքինված էի այն իմաստով, որ նորից երջանիկ էի ու ինձ լավ էի զգում, թեկուզ ունենում էի իմ վատ պահերը: Հիմա տասնութերորդ օրվանից հետո կոտրված եմ ավելի, քան երբևէ, ու թվում է՝ խելքս թռցնում եմ:

Առավոտը յոթին աչքերս բացեցի՝ զարթուցչից մի քանի րոպե առաջ: Հեռախոսս վերցրի, նորից տեղը դրեցի, նորից վերցրի: Վերջը սմս գրեցի, հետո նորից փորձեցի քնել: Տարօրինակ հիշողություններ սկսեցին ինձ այցելել. հիշեցի Կառա տոտայի բուդկան ու բժշկականի մեր դասամիջոցները, երբ հերթի մեջ խցկվելով լավաշով կարտոֆիլ էի պատվիրում: Կառա տոտան ճղճղան ձայնով ընդունում էր բոլորի պատվերները ու ձեռքերը մեկնում, որ փողերը հավաքի: Հնդիկներն էլ գոռում էին՝ ալու խաչապուրի մի հատ, երկու հատ, երեք հատ: Դասամիջոցները սթրեսային էին Կառա տոտայի համար: Պահքի սեզոնին խնդրում էի, որ մայոնեզ չլցնի, չնայած էդպես էլ մի շաբաթից երկար չէի կարողանում պաս պահել. հիվանդանում էի: Հետո ուտում էի հսկայական բրդուճը, ու ներքևի մասում կետչուպ-մայոնեզն էր կուտակվում, սկսում կաթալ: Հատուկ վարպետություն էր պետք այդ մասն առանց մխտռվելու հաղթահարելու համար: Չէի հաղթահարում, հենց էդպես աղբարկղն էի նետում:

Կառա տոտայի բուդկան էլ չկա: Որպես հակահիգիենիկ օբյեկտ մի քանի տարի առաջ վերացրին: Ու այդ ժամանակ Կառա տոտան ճղճղում էր ապամոնտաժողների վրա:

Գիշերը երազիս մեջ ինչ-որ ռադիո հաղորդում էի լսում: Դիջեյը մի նոր ալբոմ էր ներկայացնում: Միացրեց առաջին երգը: Ջուլյա և Անգուս Սթոուններն էին: Առավոտյան, երբ գործի էի գնում, հիշեցի հաղորդումը: Ահագին ուշ հասկացա, որ դա երազում էր: Հետո հիշեցի ուղարկածս սմս-ը: Դա էլ երազ թվաց: Ստուգեցի հեռախոսս: Իսկապես ուղարկել էի:

Ինձ արդեն անհանգստացնում է իմ այս տարօրինակ, ոչ իրական վիճակը: Ուղեղս տեղում չէ, ու դա սարսափելի է: Գոնե մի բառ գրեր:

StrangeLittleGirl
10.04.2015, 11:57
Ապաքինում 2, օր 20

Գիշերը քնելուց առաջ էլի ինչ-որ տարօրինակ հիշողություն միտս եկավ, որ այդ պահին զարմացա՝ ինչու եմ սա հիշում: Հիմա մոռացել եմ, թե կոնկրետ ինչ էր:

Բայց ամենալավ բանն էս վիճակում ինքդ քեզ վրա ծիծաղել կարողանալն է: Երբ դա ստացվում է, ուրեմն լրիվ անհույս կորած չես:

Երեկ վորքշոփի ժամանակ պիտի համի վրա աշխատեինք: Մրգեր էինք բերել: Ջեսն անձեռոցիկ էր փնտրում մրգերը բաժանելու համար:
- Որպես խրոնիկ լացող ես հետս միշտ ման եմ տալիս,- պայուսակիցս հանեցի մի տուփ անձեռոցիկ:
Ջեսը չիմացավ՝ ինչ պատասխանի: Սկսեցի ծիծաղել, ինքն էլ ծիծաղեց:

Վորքշոփից հետո, երբ արդեն դուրս էինք գալիս, Մորտենը նկատեց, որ ամառը մոտենում է. դրսում դեռ լույս էր:
- Էլ ոչ մի դեպրեսիա,- ասաց:
- Իմ դեպրեսիան գարնանն է սկսվում,- ասացի ու նորից ծիծաղեցի: Ջեսը գրկեց ինձ:

Մագնուսը խմբում նոր էր: Երբ եկավ, գրպանից միկրոֆոն հանեց, դրեց սեղանին:
- Մի ականջս խուլ է,- ասաց,- այս գործիքով եմ լսում:

Երեկ սարսափելի շատ եմ գրել՝ թե՛ լճի մոտ, թե՛ վորքշոփի ժամանակ, թե՛ գործի ընթացքում, թե՛ տանը: Դրա համար գիշերը լավ էի, հանգիստ քնեցի:

Իսկ առավոտյան նորից հեկեկոցով արթնացա: Բայց լավ էր. երկար չքնեցի: Ուտելու մասին լրիվ մոռացել եմ: Եթե լանչին իներցիայով ուտելը չլիներ, չգիտեմ՝ ինչ էի անելու:

Եղանակը լավն է: Ափսո՜ս տրամ չկա այն վայելելու:

StrangeLittleGirl
11.04.2015, 13:12
Ապաքինում 2, օր 21

- Ես երբեք նամակ չեմ ստանում,- ասաց Վիոլենը աշխատանքային փոստարկղը ստուգելուց հետո:
- Ես երբեմն ստանում էի,- ասացի: Մարիան ծիծաղեց: Գիտեր՝ ինչ նամակներ նկատի ունեմ:

- Չորս ժամից գարեջուր,- կեսօրից հետո ասաց Մարիան:
- Հա՜, անհամբեր սպասում եմ: Էս շաբաթ մի կաթիլ չեմ խմել: Ահագին սթրեսային շաբաթ էր:

Եկավ գարեջուր խմելու ժամը, ու գնացինք Լանգեբրո: Եղանակը լավն էր: Ամեն մեկս մեր գավաթները վերցրինք, ջրանցքի ափին նստեցինք: Ալկոհո՞լն էր, թե՞ իսկապես այլևս չէի դիմանում, բայց բռնեցի ու գրեցի Դ-ին:

Երանի՜ չգրեի: Երանի՜ էսպես լռության մեջ մի քիչ տառապեի, բայց գոնե չսկսեի ատել նրան: Գրեցի, որ կարոտում եմ: Իսկ նա ոնց կարողանում, ցավացնում էր, ոնց կարողանում էր, վիրավորում էր, ոնց կարողանում էր, անցնում էր վրայովս, ոնց կարողանում էր, ոչնչացնում էր ինձ: Հավատս չէր գալիս, որ դա այն մարդն էր, որին սիրում էի: Հավատս չէր գալիս, որ դա այն մարդն էր, որ ամեն տեղ գրում էր, որ ինձ սիրում է:

Լանգեբրոյում այլևս չկարողացա մնալ, որովհետև արցունքները հոսում էին: Գնացի լճերի մոտ: Ուրբաթ գիշեր էր՝ մարդաշատ: Նստեցի լճի ափին ու սկսեցի հեծկլտալ: Չկայի: Վերջս եկել էր: Դողում էի: Հետո պառկեցի նստարանին ու նայեցի երկնքին: Պարզ էր, աստղազարդ: Մտածեցի՝ ամբողջ գիշեր այնտեղ կմնամ: Կծկվել էի ու չգիտեմ՝ ինչ էի ուզում: Գիտեի, որ այս անգամ Ռոզա չի հայտնվելու, այս անգամ վիճակս չափից դուրս բացահայտ է, որ որևէ մեկը ռիսկ անի մոտենա: Իսկ ընդհանրապես ի վիճակի՞ էի որևէ մեկի հետ խոսել: Էլ ապրել չէի ուզում:

Մամաս զանգեց, մի կերպ համոզեց, որ տուն գնամ: Տանը չդիմացա, դուրս եկա, սկսեցի վազել, զբոսնեցի լճի ափին. լավ էր, մեր թաղամասի լճի ափին մարդ չկար, մենակ ես ու թռչուններն էինք, վերևում՝ աստղազարդ պարզ երկինքը: Հենվում էի ծառերին, խոսում բարձրաձայն, մեկ հայերեն, մեկ անգլերեն: Խոսում էի չգիտեմ ում հետ: Ծնկի էի գալիս, նայում երկնքին: Հարցնում էի՝ ախր ինչու՞, ախր ես ոչ մի վատ բան չեմ արել, ախր, ախր... Ախր ինչու՞ էի ես սիրում էդ մարդուն: Տենց սիրուն, մաքուր, նվիրված սիրով, ոնց որ երբեք չեմ սիրել կյանքումս: Հիմա արդեն դրական հիշողություններն էլ կխամրեն:

Տուն եկա: Հետո արդեն ամբողջ երեկո մամաս սկայփով օրորոցայիններ էր երգում, իսկ ես կծկվում էի մահճակալիս մեջ ու ցածրաձայն ձայնակցում:
- Մամ, սխալ ես երգում, մի տուն բաց թողեցիր,- ուղղում էի: Էդ նույն երգերը մամաս էն մութ ու ցուրտ տարիներին էնքան էր երգել, որ անգիր էինք արել: Հիմա ինքն է խառնում տները:
Մամաս նայում էր ինձ ու չգիտեր՝ ինչ աներ, որ հանգստացներ: Իմ խեղճ մաման, որ ինքը լիքը դժվարությունների միջով է անցել:

StrangeLittleGirl
12.04.2015, 02:00
Ապաքինում 2, օր 21, մաս 2

Մայան ամբողջ օրը հետս էր: Սկզբում իմ տանը սուրճ խմեցինք, հետո գնացինք այգի պիկնիկի: Արև էր՝ տասնութ աստիճան: Տանտիրուհիս ասում է՝ ամառ եկավ: Դանիական ստանդարտներով սա ամառ է. ծառերը սկի նորմալ չեն ծաղկել, ծառերին տերև չկա, բայց դե տասնութ աստիճան է, ուրեմն ամառ է:

Հավես էր խոտերի մեջ պառկելը, արևի տաքությունը դեմքիս զգալ, քամուց մի քիչ մրսել ու ամբողջ թոքերով շնչել սառը օդը:

Երեկոյան մի քիչ ցրտեց, հետ եկանք իմ տուն, որոշեցինք ընթրիք սարքել:
- Էնտեղ պաղպաղակ կերանք մի անգամ,- ցույց տվեցի սուպերմարկետի դիմացի մայթի սրճարանը:

Տանը սկսեցինք ընթրիք սարքել: Մեկ էլ զգում եմ՝ սունկը շատ մանր եմ կտրտում. սովորաբար էդպես չեմ անում: Աչքերիցս արցունքները հոսում են: Մայան գրկում է ինձ: Մի քիչ հանգստանում եմ: Գարեջուր ենք խմում: Ընթրում: Լիլիթ Բլեյան լսում: «Մուլանը» նայում: Հետո արդեն լավ եմ:

Զզվելի բան է հիասթափությունը: Զզվելի բան է, երբ գլուխդ պատով ես տալիս ու ինքդ քեզ հարցնում՝ լավ, ո՞նց եմ ես էս մարդուն սիրել: Զզվելի բան է, երբ հատ-հատ վերհիշում ես այն պահերը, երբ ուզեցել ես այդ ամենին վերջ տալ՝ կանխազգալով, որ ոչ մի լավ բանի չի գնում, բայց չես կարողացել:

Ու հիմա նստած գլուխ եմ ջարդում. հասկացանք, որ մենք նույն երաժշտությունն էինք լսում, որ մենք միասին լավ թիմ էինք, որ ինձ հանդիպած բացառիկ ինտելեկտուալ տղամարդկանցից էր: Հասակացանք այս ամենը: Բայց արժե՞ր արդյոք սիրել նրան: Արժե՞ր այդքան բան զոհել նրա համար: Արժե՞ր նվիրվել, երբ ինքն էդպես էլ չէր կարողանալու գնահատել դա:

Ախր տեսնում էի դա, տեսնում էի, թե ինչու մարդիկ նրա հետ չեն ընկերանում: Ինչու՞ չէի վախենում, որ դա մի օր էլ ինձ վրա է շուռ գալու: Ինչու՞ էի մտածում, թե ես ապահովագրված եմ նրա էգոիզմից ու էմպաթիայի բացակայությունից:

Մտածում եմ՝ ես բախտավոր մարդ եմ, որ էսքան լավ ընկերներ ունեմ: Մտածում եմ՝ չարժե ուզենալ լինել մի մարդու հետ, որը փորձում է ինձ կտրել ընկերներիցս ու որն ինքն ընկերներ չունի:

Զզվելի բան է հիասթափվելը, բայց ավելի լավ է, քան ցավելով սիրելը:

Բայց արժեր այս բոլորը, որովհետև սովորեցի: Իսկ կյանքում սովորելուց լավ բան հաստատ չկա:

Վաղը մի տարին կլրանա, ինչ տեղափոխվել եմ Դանիա: Հենց այդ օրն էր, որ վերջացավ դեպրեսիան ու նոր կյանք սկսվեց: Վաղը սիմվոլիկ օր է, կվերջանա նաև այս դեպրեսիան ու նոր կյանք կսկսվի: Առանց Դ-ի:

StrangeLittleGirl
12.04.2015, 20:15
Ապաքինում , օր 22

Ուղիղ մի տարի առաջ այս օրը եկա Դանիա: Եղանակը ճիշտ այսպիսին էր. արևոտ, մի քիչ քամոտ ու ցրտոտ: Եկա առանց որևէ մեկին ճանաչելու, եկա շփոթված, բայց հույսով լի, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ու չէի պատկերացնում, որ ընդամենը մի տարում ձեռք կբերեմ այսքան շատ հրաշալի ընկերներ: Չէի պատկերացնում, որ այսքան հեշտ կհարմարվեմ ինձ անծանոթ մշակույթին ու կկարողանամ շրջանցել մշակութային շոկը: Ու չէի պատկերացնում, որ իմ միակ խնդիրն անձնական կյանքումս կլինի:

Առավոտը Մագդան սմս էր գրել, կանչում էր ռումինական ընթրիքի: Մերժեցի, որովհետև ցերեկը դանիերենի խմբով բրանչի էինք:

- Ֆեյսբուքի ստատուսդ տեսա,- ասաց Անդրեասը,- շնորհակալ եմ: Հույս ունեմ՝ մեզ էլ նկատի ունես:
- Իհարկե:
Ու իսկապես. դանիերենի խմբի իմ գերմանախոս ջրիկ ընկերներն իմ ամենամեծ ձեռքբերումներից են Դանիայում:

Օլիվիան ուշացած եկավ: Մինչ այդ Լենան տեղեկացրել էր, որ Օլիվիան բաժանվել է ընկերոջից: Եկավ: Տխրեցի նրա համար: Կարողացա տխրել նրա համար, ուրեմն ես արդեն լավ եմ:

Բրանչից հետո զբոսնեցինք լճերի շուրջ: Անդրեասն ինչպես միշտ գժություններ էր անում, մենք էլ ծիծաղից թուլանում էինք: Հետո կաֆե 22-ում նստեցինք խմելու: Հիշում եմ այս սրճարանը Կոպենհագեն գալու հենց առաջին օրերիցս, երբ դեռ աշխատավարձ չէի ստանում ու վախենում էի նման բաների վրա ավելորդ փող ծախսել: Նստում էի լճի ափին ու հետևում այնտեղ հավաքված մարդկանց: Նստում էի մենակ, վայելում միայնությունս, բայց հետն էլ ուզում խոսել մարդկանց հետ: Իսկ հիմա շրջապատված եմ այս հրաշալի ընկերներով:

Ցրտեց: Ես ու Օլիվիան փաթաթվեցինք ադյալների մեջ: Անդրեասը թե.
- Հայ տիպիկ տատիկն ի՞նչ անուն կունենար:
- Մմմմ, Վարդուշ օրինակ:
- Ոնց որ բաբուշկա Վարդուշկան լինես,- ասաց:

Անդրեասն ու ես նույն ուղղությամբ քշեցինք:
- Կարծում ես՝ շա՞տ ենք գիժ,- հարցրեց:
- Հա,- պատասխանեցի,- բայց ակադեմիայում նորմալ մարդ չկա:
- Կան, բայց քիչ են,- ասաց,- ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվել չի լինում:
- Չի լինում,- համաձայնեցի:

Լավ օր էր: Հիմա նստել եմ սենյակումս՝ ադյալով փաթաթված ու մտածում եմ, որ ես բախտավոր մարդ եմ:

StrangeLittleGirl
13.04.2015, 14:50
Ապաքինում , օր 23

Առաջ կարծում էի, որ ինձ հետ ինչ-որ բան էն չէ, որ համերգներ մենակ եմ գնում կամ մենակ եմ ճամփորդում կամ մենակ եմ կինո նայում: Կարծում էի՝ մարդիկ չեն ուզում ինձ ընկերակցել կամ իմ մեջ ինչ-որ բան սխալ է, որ երբ որևէ մեկն ինձ չի ընկերակցում, ես ամեն դեպքում ընտրում եմ մենակ գնալը, ոչ թե չգնալն ընդհանրապես:

Որովհետև գիտեմ, որ կան մարդիկ, որոնք երբեք մենակ որևէ տեղ չեն գնում: Էդպիսի մարդ էր նաև Դ-ն: Ասում էր, որ կյանքում միայն մի համերգի է մենակ գնացել, այն էլ դա ահավոր տխուր փորձառություն էր իր համար, այլևս երբեք այդպես չի անի:

Հիմա հասկացել եմ, որ տարբեր բաներ մենակ անել կարողանալը ոչ թե թերություն է, այլ ձեռքբերում է: Դա ապացուցում է, որ ժամանցդ հետաքրքիր կազմակերպելու, սովորելու, կյանքը վայելելու համար դու ուրիշներից կախված չես: Իսկ երբ կախված չես լինում, կարողանում ես նաև ըստ արժանվույն գնահատել քո կյանքում այլ մարդկանց ներկայությունը, այդ նույն բաները ոչ մենակով անելը:

Մեկ էլ վերջերս սա հանդիպեցի Ֆեյսբուքում.
“The capacity to be alone is the capacity to love. It may look paradoxical to you, but it's not. It is an existential truth: only those people who are capable of being alone are capable of love, of sharing, of going into the deepest core of another person--without possessing the other, without becoming dependent on the other, without reducing the other to a thing, and without becoming addicted to the other. They allow the other absolute freedom, because they know that if the other leaves, they will be as happy as they are now. Their happiness cannot be taken by the other, because it is not given by the other.” (Osho)

Ու ինձ թվում ա՝ սրա մեջ լիքը ճշմարտություն կա: Ու շատ դժվար ա լինել մի մարդու հետ, որի երջանկությունը կախված ա այլ մարդկանց ներկայությունից, որոնք չեն կարող լավ զգալ, երբ իրենք մենակ են:

Էսօր The Once խումբը համերգ ունի Կոպենհագենում: Սկզբում մտածեցի՝ ֆեյսբուքում ստատուս գրեմ, տեսնեմ՝ ով կգա հետս: Հետո միտքս փոխեցի. էսօր ուզում եմ մենակ գնալ:

Վերջին անգամ ուղիղ կես տարի առաջ եմ մենակ համերգ գնացել: Էլի The Once-ն էր, բայց էն անգամ Փասենջերի համերգը բացող խումբն էին, էս անգամ՝ հեդլայներ :) Առաջին անգամ են Կոպենհագենում որպես հեդլայներ: Ջերիին բռնեմ, գրկեմ էլի:

StrangeLittleGirl
14.04.2015, 13:41
Ապաքինում , օր 24

Երեկ Լինդան էր Կոպենհագենում: Ահագին թափառեցինք քաղաքում: Հավես էր մոտ երկու տարի անց նրան նորից տեսնելը: Հիմա Բրեմենում է ապրում:

Երեկոյան համերգ գնացի: Չեմ ուզում օրագրումս շատ խորանալ համերգի մասին, որովհետև դեռ բլոգումս պիտի գրեմ, դեռ պիտի պատմվածք սարքեմ դրանից: Բայց պիտի ասեմ, որ զգացողություններս վերջն էին: Իմ արևին մենակով գնացել էի, որ մի կուշտ զռռոցս դնեմ, ինձ ճանաչող մարդ չլինի: Բայց արդյունքում տրամադրությունս հազար դարձած դուրս եկա այնտեղից, ու դեռ նույն տրամը շարունակվում է առավոտյան: Ու պիտի ասեմ նաև, որ սա կյանքումս գնացած ամենափոքր համերգն էր: Նույնիսկ Երևանի փաբերի անդերգրաունդ համերգներին ավելի շատ մարդ է լինում, քան երեկվա The Once-ի համերգին: Ես մտածում եմ՝ տոմսի նույն գներով Երևանում հաստատ ավելի շատ մարդ կգնա իրենց համերգին, քան երեկ Կոպենհագենում էր:

Իրականում կարելի է ապաքինումների սերիան դադարեցնել, որովհետև վերջապես ուղեղս տեղն է ընկել, ես ինձ լավ եմ զգում, այլևս չեմ տվայտվում: Այս առավոտ նույնիսկ առանց սրտխփոցի արթնացա:

Իրականում ես չեմ զղջում Դ-ին սիրելու ու այդքան ժամանակ տրամադրելու համար: Այն, ինչ սովորեցի նրա հետ անցկացրած ինը ամիսների ընթացքում, ինձ ամբողջ կյանքում պետք կգա: Ավելին՝ ոնց որ ինտենսիվ կուրս լիներ, մի քանի տարվա գիտելիքը մի քանի ամսում կուտակեցի: Ու էս բոլորն ինձ օգնեց, որ ավելի լավ, ավելի հասուն մարդ դառնամ: Երևի պիտի շնորհակալություն հայտնեմ իմ կյանքում հայտնվելու համար: Բայց շնորհակալությունը կասեմ մտքումս, որովհետև եթե անձամբ նրան հասցնեմ, միևնույն է, չի հասկանա, որովհետև այլևս ոչ մի բառ չեմ ուզում հետը փոխանակել:

Երևի հասունությունը որոշվում է նաև այն պահին, երբ կարողանում ես կյանքիդ նույնիսկ ամենավատ պահերը ճիշտ գնահատել ու դասեր քաղել, ոչ թե կառչել դրանցից ու տարիներով չհանգստանալ:

StrangeLittleGirl
15.04.2015, 18:02
Ապաքինում 2, օր 25

Ի՜նչ հետաքրքիր ա. վերջին օրերին «2» թիվը բաց էի թողնում «Ապաքինում» բառի կողքին:

Մի ժամով համալսարանի հարավային կամպուսը պարալիզվել էր. բոլորը 23-րդ մասնաշենքի թիվ 50 լսարանում էի: Այն համալսարանի ամենամեծ լսարանն, բայց նույնիսկ դա բավական չէր բոլոր հետաքրքրվողներին տեղավորելու համար: Նստարանները լիքն էին, մարդիկ հատակին էին նստել կամ կանգնել: Ասեղ գցելու տեղ չկար:
- Նույնիսկ թագուհին էսքան մարդ չի կարողանում հավաքել,- ականջիս ասաց Յակոբը:
Հետո եկավ ինքը՝ Լարս ֆոն Տրիերը, հասարակ սև մայկայով, ջինսով, փորով:

Հարցազրույցից քիչ բան հասկացա, բայց ընթացքում հա մտածում էի՝ դանիացիները լավ էլ հպարտանալու տեղ ունեն: Ու մտածում եմ՝ էստեղ Լարս ֆոն Տրիերին նվիրված կոնֆերանս են անում, Երևանում՝ Ցեղասպանությանը: Տխուր ա:

Էսօր գնում ենք The Cut-ը նայելու: Տեսնենք ինչ կինո ա:

StrangeLittleGirl
16.04.2015, 13:55
Ապաքինում 2, օր 26

Որ ասում եմ՝ բիպոլյար եմ, բնավ կատակ չեմ անում: Անսովոր բարձր տրամադրությունս կամ քիչ քնելս վկա: Ու քիչ քնելը ոչ թե նրանից ա, որ չեմ կարողանում քնել, այլ ուղղակի յոթ ժամյա քունը լրիվ հերիք է առույգ օր ունենալու համար: Էլ չեմ խոսում աշխատավայրումս պրոդուկտիվության մասին: Երեկ գիշերը քնած տեղս մի հետաքրքիր գաղափար միտս եկավ, առավոտն արթնացա, գրեցի, կպցրեցի պատիս: Կարելի է զարգացնել, դրանից էքսպերիմենտ ստանալ:

Դ-ն որտեղ հնարավոր է, ինձ բլոկ է արել: Գուգլ դրայվից էլ իր տեղադրած բոլոր ֆայլերը ջնջել է: Դե էլ չեմ ասում, որ բլոգումս զբոսնում է ու փորձում Գուգլ թրանսլեյթով հասկանալ, թե ինչեր եմ գրում: Էլ խաբար չի, որ էդ բլոգումս ինքն իր մասին բան չի գտնի: Իսկ այս օրագրիս տեղը չգիտի: Ու չի էլ իմանա:

Ու ծիծաղում եմ, նորից ու նորից ծիծաղում եմ: Ի՞նչ ես փնտրում, որ չես գտնում: Ի՞նչ ես սպասում, ի՞նչ ես ուզում: Քո գնացքն արդեն մեկնել է, ուշացել ես դրանից:

StrangeLittleGirl
17.04.2015, 12:51
Ապաքինում 2, օր 27

Երեկ լրիվ փիլիսոփայական-կրոնական դաշտ էի ընկել ինչ-որ մեկի սիրուն արժանի լինել-չլինելու մասին: Ի վերջո, չկա մի մարդ, որը կարող է մյուսի սիրուն արժանի լինել կամ չլինել: Բայց արդյոք ընկածները, տրորվածներն ու լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ չե՞ն, որ ամենաշատը մյուսների սիրո կարիքն ունեն: Ու այսպիսի իրավիճակում, երբ Դ-ն ոչ ոք չուներ, բոլոր կողմերից հարվածներ էր ստանում, արդյոք նա չէ՞ր աշխարհում այն մեկ մարդը, որին ամենաշատն էր պետք իմ սերը:

Ու շատ դեպքերում ավելի շատ նրա, քան իմ մասին մտածելով էր, որ չէի գնում, որ ինձ կտրում էի զանազան սոցիալական միջավայրերից հետը լինելու համար: Ինչու՞ պիտի փոշմանեմ դրա համար: Ախր լավ բան էի անում: Բայց դե ես աստված չեմ, մարդ եմ, ու իմ համբերությունն իր սահմաններն ունի, ցավն էլ մի շեմք ունի, որից ավելիին դիմանալ հնարավոր չէ: Դրա համար գնացի:

Տեսականորեն կարող եմ վերադառնալ ու սիրել առանց նախապայմանի, սիրել միայն նրա համար, որ նա դրա կարիքն ունի: Բայց գործնականորեն ես մարդ արարած եմ և ուզում եմ երջանիկ լինել: Ես չեմ կարող իմ կյանքում թույլ տալ այնպիսի մարդկանց ներկայությունը, որոնք տակնուվրա են անում հոգեկան աշխարհս:

Անահիտն ասում է՝ չի հավատում, որ էսպես ամեն ինչ վերջացել է: Իսկ ես սարսափում եմ այն մտքից, որ դա դեռ կարող է շարունակվել:

Իսկ Կոպենհագենում գարուն է՝ պայծառ, սիրուն գարուն: Երեկ տուն գալիս նայում էի աստղերին (իմ սիրած զբաղմունքն է), շնչում էի գարնանային օդը. թաղամասում ծառերն արդեն ծաղկել են: Հիմա էլ արևը շողում է դրսում, մինչ ես պատրաստվում եմ գնալ հիվանդանոց՝ գիտական օրվան նվիրված պոստերս ներկայացնելու:

StrangeLittleGirl
18.04.2015, 00:20
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե կփոխվեմ, մի օր լավը կդառնամ. միևնույն է, մնում եմ նույն անճոռնի բնավորությամբ անտանելի երեխան:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մոտ ազգականներիցս բացի կգտնվեն մարդիկ, որ ինձ միշտ կսիրեն. նրանք էլ կհիասթափվեին ինձնից, թե ընտրություն ունենային:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե հետաքրքիր մարդ եմ. միևնույն է, ինձնից ուշ կամ շուտ հոգնում են:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մարդամոտ եմ. միևնույն է, իմ հսկայական մի կույտ թաքնվում է բոլորից:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե ազատ եմ. ընդամենը իմ վանդակը մի քիչ ավելի մեծ է:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե հաջողության կհասնեմ. ես ինձ գերագնահատում եմ, իսկ հաջողություններս պատահականության արդյունք են:
Զուր եմ փորձում ինձ համոզել, թե մի օր երեխաներ կունենամ. ես չեմ ուզում միայնակ մայր լինել:

ուֆ-ուֆ, լավ բան ա էլի հին գրառումներ փորփրելը :D
սաղ լավ ա :D

StrangeLittleGirl
18.04.2015, 18:39
Ապաքինում 2, օր 28

Առավոտը նստել էի կոմպիս մոտ, սուրճս էի խմում, ու արևը պատուհանից ընկնում էր մեջքիս, տաքացնում ինձ: Էնքա՜ն հաճելի ջերմություն էր:

Քշեցի կենտրոն. Նեվենայի հետ թանգարան պիտի գնայինք: Եղանակը հրաշալի էր. արև կար, քամի չկար: Ու քշելիս աչքերս փակում էի, որ ավելի լավ զգամ թարմ ու ոչ սառը օդը դեմքիս: Աննկարագրելիորեն գեղեցիկ օր: Իսկ երեկ պատմվածքս կարդալուց հետո շատերը դեմքիս էին թռնում, թե հեսա Երևան եմ ուզելու: Չգիտեմ՝ ինչ սովորություն է, որ ուրիշներն իմ փոխարեն որոշում են, թե ես ինչ եմ ուզելու: Ես բավականաչափ երկար ժամանակ եմ ապրել Երևանից դուրս, որ հասկանամ՝ ինչ եմ ուզում: Այս տարի նույնիսկ ծիրան ուտելու հեռանկարն ինձ չի համոզում, որ Հայաստան մեկնող ինքնաթիռի տոմս գնեմ: Ու մեկ էլ խոխմ ա, որ կան մարդիկ, որոնց հետ երբեք վատ չես եղել, գործիդ մասին որևէ բան ասելու փոխարեն անձնական վիրավորանքներ են հղում: Ու խոխմ ա, որ մտքներով չի անցնում, որ ախր հեղինակը ես եմ, կարդում եմ քոմենթները, ու եթե մի բան գրում են, հաստատ տեսնելու եմ, թեկուզ դա բնավ ամսագրի էջը կամ խումբը չէ: Ու խոխմ ա, որ երբ որևէ բան պատասխանում ես, սսկվում են, սկսում արդարանալ: Լավ բան ա ճակատ ճակատի կռիվ տալը, սիրում եմ էդպիսի մարդկանց:

Ես չեմ դժգոհում եղանակից: Գրողը տանի, Երևանում քանի՞ անգամ ենք երջանիկ լինում արևի դուրս գալուց: Էդ էնքան սովորական ա, էնքան առօրեական, որ մենակ մի երկու օր տևող զզվելի եղանակն ենք նկատում ու չենք ուզում տնից դուրս գալ: Ես էստեղ սովորեցի գնահատել արևը, դրսում լինել հնարավորինս երկար, երբ այն դուրս է գալիս: Սովորեցի արևի հետ մտերիմ լինել ու ընդունել յուրաքանչյուր ճառագայթը: Հայաստանում մեքն արհամարհում ենք արևը ինչքան կարողանում ենք:

Թանգարանից հետո ես ու Նեվենան դրսում սուրճ խմեցինք: Հետաքրքիր է՝ զանազան խորհուրդներ տվեցի, թե Կոպենհագենում ինչը որտեղ կարող է գտնել: Բայց դանիացին ինքն է:

Նեվենան տուն գնաց, ես քշեցի լճերի մոտ: Ցերեկով կամուրջը մարդաշատ էր: Ո՜նց եմ սիրում քաղաքի այս հատվածը: Ուրախ-տխուր, ամառ-ձմեռ, գիշեր-ցերեկ, միշտ հավեսով եմ անցնում էստեղով, նայում մարդկանց:

Անցա Արքի մոտով: Ուզում էի մտնել, գիրք-միրք նայել, բայց ոնց որ վորքշոփ ունեին, ներսում լիքը մարդ կար: Որոշեցի Ահաայում ֆալաֆել ուտել:

Վերջին անգամ մի ամիս առաջ ենք այնտեղ եղել: Վերջին անգամ միասին հենց այնտեղ ենք ընթրել: Ես պատվիրեցի իմ սովորական բադրջանով ֆալաֆելը ու նստեցի այն սեղանի մոտ, որտեղ միշտ նստում էինք: Նստեցի քո աթոռին՝ փորձելով հասկանալ, թե ինչ էիր զգում այն օրը, երբ վերջին անգամ ընթրեցինք այնտեղ, ու ես չկարողացա վերջացնել իմ ֆալաֆելը: Դու տեսնում էիր, որ վատ եմ, տեսնում էիր, որ ներսումս ամեն ինչ խառնվել է իրար: Ասացիր, որ չես ուզում կորցնել ինձ: Իսկ ես քիչ էր մնում՝ վեր կենայի ու հենց այդտեղից հեռանայի: Չգիտեմ ինչու հետդ տուն եկա, մնացի ևս մի երկու ժամ: Բայց հետո գնացի: Հետո էլ իրար չենք տեսել:

Ահաայից դուրս եկա, զբոսնեցի Նորեբրոյում: Նորեբրոն լցված է քեզ հետ կապված հիշողություններով: Նորեբրոն մեր թաղամասն էր, ու մենք գիտեինք ամեն մի անկյունը, թե որտեղ ինչ սուրճ ու խմորեղեն կա:

Պաղպաղակ ուտելու անհաղթահարելի ցանկություն առաջացավ: Գտա մի պաղպաղականոց, որտեղ նախկինում չէի եղել, սև շոկոլադով պաղպաղակ պատվիրեցի: Քայլեցի Նորեբրոգեյդով, գտավ մի նստարան, հարմարվեցի: Դիմացս տատիկ էր նստած: Ժպտացի: Չպատասխանեց ժպիտիս: Քիչ անց ինքն էլ վեր կացավ, գնաց պաղպաղականոց ու նույն պաղպաղակից պատվիրեց:

Քշեցի տուն: Գարնան ուժեղ հոտը դեռ գալիս է: Թաղամասում ծառերը ծաղկած են:

Անցյալ շաբաթ եթե չհաշվենք Արայի ու Սաթոյի հետ կինո գնալը, ոչ մի անգամ չեմ սոցիալիզացվել, ինչն անսովոր էր ինձ նման մեկի համար: Այս շաբաթ ամեն երեկո մենակ եմ եղել, բացի չորեքշաբթի օրվանից: Ու լավ եմ եղել: Ուրեմն ես խնդիր չունեմ ինքս ինձ հետ լինելու հետ: Երեկոյան Լենայի տանը փարթիի ենք: Ես երջանիկ եմ:

StrangeLittleGirl
19.04.2015, 16:19
Ապաքինում 2, օր 29

Փարթիի ժամանակ Օլիվիային ասացի, որ յոգայի դասին մեր դանիերենի խմբի բրազիլացի աղջկան եմ տեսել, էն մեկին, որ թիթեռներ է հետազոտում:
- Էրիկայի՞ն նկատի ունես,- ասաց,- ես նրան հաճախ եմ տեսնում զանազան միջոցառումների ժամանակ: Մի մեքսիկացի կա՝ Ալդոն, հետն ահագին մոտ է:
- Ալդո՞ն,- ու հռհռոցս դնում եմ:
- Ճանաչու՞մ ես:
- Ո՞նց չէ, ո՞նց չէ,- ծիծաղս չի դադարում,- Նա լավ պոեզիա ունի:
- Դու իրա պոեզիան որտե՞ղ ես լսել:
- Մի ընկեր ունեի, նրա ընկերն ա:
- Ունեի՞ր: Հիմա չունե՞ս:
- Չէ, չկա էլ:
- Ալդոն լավ հումոր ունի, անընդհատ ծիծաղում ենք:
- Ո՞վ է էդ Ալդոն, ծանոթացրեք ինձ հետը,- ասում է Քրիսը:

...
- Երկինքն աստղազարդ է:
- Ահա, Կոպենհագեն տեղափոխվելիս հենց դրանից էի ամենաշատը վախենում. որ աստղազարդ երկինք չեմ տեսնի,- ասում եմ,- ամեն օր գործից տուն գնալիս նայում եմ երկնքին: Հանգստացնող է:

...
- Ու՞ր գնանք:
- Լճեր:
Քշում է դեպի Ֆրեդրիկսբերգի կողմի լիճը: Ես Նորեբրոյինը նկատի ունեի, բայց ոչինչ, տարբերությունը մեծ չէ:

Քաղաքում մութ է, բայց հեռվից դեռ լսվում է շաբաթ գիշերվա աղմուկը: Գլուխս դնում եմ ծնկներին ու նայում աստղերին:
- Դու նորմալ չես, չէ՞,- հարցնում եմ:
- Չէ, նորմալ չեմ,- ասում է,- նորմալ մարդը կգրի՞:
- Գրու՞մ ես,- գլուխս բարձրացնում եմ ու փորձում նայել աչքերին: Մութ է, չի երևում:
- Պատմվածքներ: Ինչքան շատ եմ գրում, էնքան ավելի եմ զգում, որ լավանում է գրելս:
- Գիտեմ,- ասում եմ,- երեկ իմ գործերից մեկը հրապարակվեց:

- Դանիան դուրդ գալի՞ս է,- հարցնում եմ:
- Դե գիտես ոնց... շատ երկրներում եմ ապրել: Ճկուն եմ:
- Ես էլ: Ի վերջո, խնդիրը երկրի մեջ չէ, խնդիրը քո մեջ է:
- Սովորում ես ինքդ քեզ հետ երջանիկ լինել:
- Սովորում ես,- հաստատում եմ:
- Ու դառնում ես նույնիսկ ավելի ճկուն, քան տեղացիները: Ու գնահատում ես երկիրը, որտեղ ապրում ես:

Երբ տուն քշեցի, լույսն արդեն բացվում էր, ու թռչունների երգը խախտում էր Կոպենհագենի առավոտյան լռությունը:

Քշեցի տուն ու մտածեցի՝ աշխարհն ինչքա՜ն փոքր է, այստեղ այլևս տեղ չեմ անում:

Ցերեկը եկավ ու ևս մեկ անգամ հաստատեց, որ աշխարհը սարսափելի փոքր է: Ու հասկացա, թե ինչու չուզեցար Ադամի տան ընթրիքին գալ: Հասկացա, տխրեցի ու դառնացա նորից ու նորից: Երկար նայեցի նկարին:

Միևնույն է, հավատս չի գալիս, որ աշխարհն այսքան փոքր է:
-

StrangeLittleGirl
20.04.2015, 16:21
Ապաքինում 2, օր 30

Ավարտվեց ապաքինումը, ավարտվեց մեր ճանապարհը: Վաղը մի սիրուն պատմություն կգրեմ լճերի մասին, կպատմեմ, թե ոնց են լճերը տեսել մեր պատմությունը: Կգրեմ ու քեզ մնաս բարով կասեմ: Ես նոր ճանապարհ եմ սկսում:

StrangeLittleGirl
21.04.2015, 23:23
Էսքան դարդից հետո իսկականից ինձ պետք էր սա. հինգ աստղանի հյուրանոց Մալթայում:

StrangeLittleGirl
22.04.2015, 20:58
Ռութն իսկական իռլանդացի է՝ մաքուր, պարզ, հասարակ, միամիտ: Երբ ընդմիջմանը խոսեցի հետը, զգացի, որ վաղուց մոռացել էի, թե ինչպիսին են իռլանդացիները, վաղուց ստերեոտիպային պատկերն աղավաղվել, վերացել էր իմ հիշողությունից և ուղեղիս մեջ տպվել էր միայն մի իռլանդացու պատկեր: Երկար ժամանակ նա այնքան մեծ տեղ էր զբաղեցնում իմ կյանքում, որ Իռլանդիայի հետ կապված ամեն մի մասնիկ նրա հետ էր ասոցացվում:

Իսկ Ռութը հետ բերեց ստերեոտիպային կերպարը: Տվյալ դեպքում նախընտրում եմ ստերեոտիպներ:

Անգամ պիստաչիոյով պաղպաղակ կերա, իսկ հիմա առանց վարանելու Դամիեն Ռայս եմ լսում:

Մալթայում հրաշալի է: Հինգ աստղանի հյուրանոցում ամեն անգամ չես հայտնվի: Մտածում եմ՝ ԵՄ-ն էլ չգիտի փողերը որտեղ ծախսի, գիտնականների համար հինգ աստղանի հյուրանոցներում դասընթացներ է ֆինանսավորում: Մտածում եմ՝ հաստատ ավելի լավ կարող էին այս փողերը ծախսել, բայց մյուս կողմից էլ հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: Ավելի լավ է՝ վայելեմ:

Մալթան ոնց որ հեքիաթից լինի: Իսկ այստեղ գտնվելս շատ բաներով հիշեցնում է Սևիլյան: Էլի նույն արաբաեվրոպական խառնուրդն է, նույն վառ արևը: Ու համարյա նույն էմոցիոնալ վիճակը: Սևիլյան այն ժամանակ ինձ շատ բան տվեց, այնտեղից վերադարձա հարյուր տոկոսանոց ապաքինված ու կարողացա շարունակել կյանքս: Մալթայում ընդամենը երեք օր եմ մնալու, բայց հույս ունեմ՝ նույն ազդեցությունը կունենա: Աննկարագրելիորեն լավ եմ զգում այստեղ:

Սան Անտոն այգիներով զբոսնելիս մտածում էի՝ բախտավոր մարդ եմ: Բախտավոր մարդ եմ, որ կարողացել էի այդպես սիրել. ամեն մարդ չի կարողանում: Բախտավոր եմ, որ հեշտությամբ եմ հաղթահարում էմոցիոնալ կոտրված վիճակները: Բախտավոր եմ, որ ապրում եմ Դանիայում, որ գրանտը շահեցի ու եկա Մալթա: Ընդհանրապես, բախտավոր եմ, որ ապրում եմ: Գրողը տանի, ես սիրում եմ կյանքը:

StrangeLittleGirl
24.04.2015, 00:50
Ընթրիքի ընթացքում հանկարծ Ռութը սկսեց պատմել, թե իր ՊհԴ-ի ընթացքում ինչ դժվարություններ է ունեցել, հետո էլ ասաց, որ չորս շաբաթ առաջ իր տղան աուտիզմով է դիագնոզվել: Ու այդ պահին իմ բոլոր խնդիրները լրիվ երկրորդական թվացին:
Ես գիտեմ, որ Ռութի հետ մենք դեռ երկար ենք համագործակցելու:
Գրողը տանի, ո՜նց եմ սիրում էս միջազգային հավաքույթները, որտեղ հանդիպում ես ինչ-որ մեկի, որը քո նախկին ղեկավարի ուսանողական ընկերուհին է կամ մեկ ուրիշի, որի հետ ֆեյսբուքում չորս ընդհանուր ընկեր ունես կամ մի երրորդի, որը ճանաչում է այն նույն պրոֆեսորին, որի հետ հանդիպում ունեիր Մալթա մեկնող ինքնաթիռը նստելուց անմիջապես առաջ:
Այն դեպքերից է, երբ սիրում ես աշխարհի փոքրությունը:

StrangeLittleGirl
25.04.2015, 19:45
Ես իմ կյանքում շատ սխալներ եմ արել: Զանազան հարաբերություններում ինձ սխալ եմ պահել, մարդկանց վիրավորել եմ, կռվել հետները: Սովորաբար կարճ ժամանակ անց հասկացել եմ սխալս, ու հանգամանքներից կախված կա՛մ ներողություն եմ խնդրել, կա՛մ գոնե դադարել դիմացինին մեղադրելուց:

Այս դեպքում որքան շատ է ժամանակն անցնում, այնքան ավելի եմ համոզվում, որ ոչ մի սխալ բան չեմ արել (իսկ ես չեմ ուզում ասել, թե խոցելի դառնալը, խորը սիրելն ու նվիրվելը սխալ էին): Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի եմ համոզվում, որ հենց դիմացինն էր մի սխալը մյուսի հետևից թույլ տալիս, իսկ ես հերթով դրանք ներում էի անգամ այն ժամանակ, երբ ներողություն չէր խնդրում (իսկ ե՞րբ է խնդրել որ): Ու տարօրինակ կերպով, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ուժեղանում է իմ մեղքի զգացումը, իսկ դիմացինին չեմ կարողանում մեղադրել: Չգիտեմ ինչու:

Էսօր պետք ա գրել: Լիքը գրելու բան կա, բայց մի տեսակ չի լինում:

StrangeLittleGirl
26.04.2015, 10:59
Գիտե՞ս ոնց տակնուվրա եղա, երբ տեսա ժամադրության սրճարանի հասցեն: Ուղիղ քո տան դիմացի մայթին էր: Ինչու՞ Կոպենհագենի բազմաթիվ սրճարաններից ընտրեց հենց այդ մեկը, որը քեզ այդքա՜ն մոտ էր: Մեկ ասում էի՝ չգնամ: Մեկ ասում էի՝ խնդրեմ, ուրիշ տեղ հանդիպենք: Ես չէի ուզում, որ դու ինձ նրա հետ տեսնես: Չէի ուզում, որ մտածես՝ հատուկ եմ անում, որովհետև հատուկ չէի անում:

Այնուամենայնիվ, գնացի: Երեկոն շատ լավ անցավ: Հետո էլ Կլեպտի կլեպտիի համերգին գնացինք, որը նույն սրճարանի հետևի բարում էր: Դու ինձնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էիր գտնվում, իսկ ես քեզ չէի տեսնում: Եվ դա լավ էր: Դա ապացույց էր, որ կարող ենք ապրել մի քաղաքում, կարող ենք գտնվել նույն թաղամասում, նույն փողոցում, անգամ դիմացի մայթերին ու չտեսնել իրար: Դա նշանակում է, որ պետք չէ վախենալ պատահաբար քեզ հանդիպելուց, որովհետև ուղղակի չեմ հանդիպելու:

Վստահ եմ, որ ցերեկն էլ սակուրայի փառատոնին ես եղել:

StrangeLittleGirl
26.04.2015, 23:45
Կուզեի պարզվեր, որ էսօրվա Այ-Էս-Էմի Էլսինորի տուրին էլ ես եղել: Կուզեի իմանալ, որ նույն ավտոբուսն ենք նստել ու իրար չենք հանդիպել, ինչպես չէինք հանդիպել Օդենսեի տուրի ժամանակ, երբ դեռ իրար չէինք ճանաչում:

StrangeLittleGirl
28.04.2015, 17:05
Լանչին Վիոլենը նայեց ինձ:
- Հոգնա՞ծ ես,- հարցրեց:
Հա, սարսափելի հոգնած եմ: Երեկ, երբ բրիտանական դեսպանատան համար նկարվեցի, սարսափեցի ստացված նկարից: Դրեցի ամռանը նույն նպատակով արված լուսանկարի կողքին, ու սիրտս կանգնեց. ի տարբերություն այն ժամանակվա, նիհարած այտեր, գունատ մաշկ, աչքերիս տակ օղակներ: Հա, գիտեմ, որ վերջերս սարսափելի շատ եմ հոգնում: Ու գիտեմ, որ սրան ավելի շատ հասել եմ ահավոր էմոցիոնալ վիճակի պատճառով, ոչ թե որովհետև մի երկու շաբաթ է արդեն, ինչ իրար հաջորդող երկու ժամ ազատ ժամանակ չեմ գտնում:

Երեկ գործից շուտ դուրս եկա: Գնացի լճերի մոտ, որ կարդամ: Մի քանի էջից հետո սկսեցի մրսել: Տանն էլ էնքան սատկած էի, որ ընթրիք սարքելուց հետո պառկեցի քնելու: Ու այսօր նորից նույն հոգնածությունը:
- Դ-ի հետ դեռ չե՞ս խոսում,- հարցրեց Վիոլենը:
Չէ, չեմ խոսում, ու երևի երբեք չխոսեմ:
- Քեզ նորմալ դանիացի է պետք:
Ասեի՞ Վիոլենին, որ եղած դանիացիների միջից գնացել-ընտրել էի ամենաաննորմալին, որն էն աստիճանի հեռու էր նորմայի սահմանումներից, որ երեք տարի թաքնված, ուրիշ անվան տակ է ապրել ու կտուրներ սարքել, որ փող աշխատի: Ասեի՞, որ հիմա էլ մեկ այլ աննորմալի եմ հանդիպել, որը թեև դանիացի չէ, բոլոր պարամետրերով ու նախասիրություններով համապատասխանում է ինձ: Ու ասեի՞, որ չնայած դրան, նրան ուղղակի չեմ կարողանում սիրել, ու երբ գալիս է հանդիպման օրը, մտածում եմ՝ իրո՞ք ուզում եմ նրան տեսնել:

Ես իսկապես չգիտեմ, թե ինչու էդպես սիրեցի Դ-ին: Ու չգիտեմ՝ ինչու չեմ կարողանում շատ ավելի հարմար (թեկուզ աննորմալ) մարդկանց սիրել:

Ու չգիտեմ՝ ինչից ա, որ երբ երկու հոգի բաժանվում են, մեկը միշտ ուզում ա, որ մյուսի համար վատ լինի: Դ-ն երևի կուրախանար ինձ էս վիճակում տեսնելիս, կուզենար, որ չհաջողեմ իմ կարիերայում, կտխրեր, եթե ուրախ ու առողջ տեսներ (իսկ ես ուրախ եմ, ուղղակի հոգնած եմ): Իսկ ես էստեղ նստած հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի նրա հետ անկախ ամեն ինչից: Հույս ունեմ՝ կսովորի երջանիկ լինել:

StrangeLittleGirl
29.04.2015, 15:27
Էլոիզի թաղամասում վերջին անգամ մի քանի ամիս առաջ եմ եղել, այն էլ հենց նրան էի հյուր գնացել մխիթարելու, երբ մագիստրոսական թեզի հետ կապված խնդիրներ ուներ: Այնտեղ ընդհանապես շատ հազվադեպ եմ լինում: Ինչ եկել եմ Դանիա, երևի մի ձեռքի մատներիս վրա կհաշվեմ, թե քանի անգամ եմ եղել այդ կողմերում:

Այսօր այդ օրերից էր. գնացել էի ՄԹ վիզայի դիմումս հանձնելու: Հետդարձի ճամփին Էլոիզին տեսա. տարել էր հեծանիվը սարքելու, տուն էր գնում:

Հետաքրքիր բան են էս պատահական հանդիպումները: Ըստ էության, դրանց հավանականությունը մեծանում է, երբ երկու անձ բավական շատ ժամանակ են անցկացնում նույն տեղում:

Ու հետաքրքիր է, որ Նորեբրոյում ահագին հաճախ եմ լինում. քաղաքի ամենաաշխույժ թաղամասն է: Չնայած դրան, ոչ մի անգամ քեզ պատահաբար չեմ հանդիպել: Հետաքրքիր բան է:

***
Էրեկ մի հետաքրքիր դեպք էի հիշել: Դու զարմացել էիր, որ դանիացի կոլեգայիս չեմ ատում, չնայած գործ չի անում, գործի չի գալիս, սարսափելի ծույլ է ու այդ ամենով հանդերձ նույն վերաբերմունքին է արժանանում, ինչ ես, այդ ամենով հանդերձ փի-էյչ-դիից հետո հաստատ գործ կճարի: Զարմացել էիր, որ չեմ չարացել: Իսկ ես պատասխանել էի, որ դա նրա խնդիրն է, իմ խնդիրն իմ գործը լավն անելն է:

Հիշեցի, թե դու ոնց էիր չարացել քո կոլեգայի հանդեպ՝ նրան հիմար անվանելով ու ասելով, որ անարդար է, որ ինքն ավելի լավ վերաբերմունքի է արժանանում, քան դու: Փորձում էի քեզ համոզել, որ չարանալը քեզ ոչ մի օգուտ չի տա, ավելորդ բացասական էներգիա է: Չգիտեմ՝ ի վերջո սովորեցի՞ր դա, թե՞ չէ:

Ու մտածում եմ՝ երևի մեր հարաբերություններն ավելի շատ քեզ էին պետք, քան ինձ: Հույս ունեմ՝ դրական հետևանքներ ամեն դեպքում թողել եմ քո կյանքում: Հույս ունեմ, որովհետև դու իմ կյանքում դրական հետևանքներ թողել ես (անտանելի ցավի հետ մեկտեղ):

***
Մտածում եմ՝ դու իմ կյանքում ընդամենը մի քանի ամիս ես եղել: Ի՞նչ է դա հավերժության համեմատ: Զրոյին ձգտող մի թիվ: Բայց այդ մի քանի ամիսն ազդել է այնպես, որ երևի ողջ կյանքում չեմ մոռանա:

Եվ ամեն դեպքում ուզում եմ հավատալ, որ դու վերջինը չէիր, որ կկարողանամ մի օր մեկ ուրիշի հետ էլ նույն ուժեղ էմոցիոնալ կապը զգալ:

StrangeLittleGirl
04.05.2015, 15:00
Մի ժամ գրում-ջնջում եմ, չի լինում արտահայտվել: Վերջին օրերն իրոք հրաշք էին: Ես երջանիկ եմ: Առաջվա պես երջանիկ:

StrangeLittleGirl
06.05.2015, 01:20
Երեկ մտածում էի՝ մենակ թե գործի տեղս էլ ամեն ինչ լավ լիներ, ու կյանքն իսկականից հիասքանչ կլիներ: Մտածում էի, որովհետև ագրեսիվ նամակագրությունից ու հեռախոսազանգերից հետո գլուխս ուռել էր: Նույն ղալմաղալը շարունակվեց նաև այսօր՝ թիմի հանդիպման ժամանակ:

Բայց ժամեր անց պիտի ամեն ինչ կարգավորվեր: Պիտի ղեկավարիս հետ գլուխ ջարդեինք ու շատ կոնկրետ էքսպերիմենտ մշակեինք: Իսկ ամենավերջում պիտի կանգնեի ու անկեղծորեն ասեի, որ ինձ դուր չի գալիս, որ հանդիպումների ժամանակ ձայնը բարձրացնում է, նույնիսկ երբ դա մեկ ուրիշի է ուղղված: Պիտի շնորհակալություն հայտներ ու խոստանար, որ կուղղի իր վարքը: Ու ես պիտի նրա գրասենյակից դուրս գայի հաստատուն քայլերով՝ հպարտանալով ինձնով, որ այս հարցը կարողացա բարձրացնել ու լուծում տալ, ուրախանալով, որ ապրում եմ մի մշակույթում, որում էսպիսի բաներն ուղիղ ասելը ողջունվում է, ոչ թե յոթանասուն ձևի պտտեցնում ու վերջում չեն ասում՝ ինչ նկատի ունեն:

Դու դեռ զբոսնում ես բլոգումս, որովհետև հույս ունես, որ ինչ-որ բան եմ քեզ ասելու, կարծում ես, որ ես էլ քեզ նման ամեն ինչ ձևակերպում եմ ոչ այնպես, ինչպես մտածում եմ, մինչդեռ վաղուց քեզ ամեն ինչ շատ ուղիղ, առանց ձևականությունների ու ավելորդությունների ասել եմ: Դու հեռավոր մի երազ ես թվում, քեզ գրեթե չեմ հիշում այլևս: Մտածում եմ՝ դու ինչքան ախմախ մարդ դուրս եկար, որ էդպես էլ չկարողացար գնահատել ու փայփայել իմ ներկայությունը քո կյանքում: Մտածում եմ՝ չհասկացար, թե որքան բախտավոր էիր դու, որ ես այդպես նվիրվել էի քեզ: Եվ ինձ փայփայելու, ամեն գնով կողքդ պահելու փոխարեն նախանձում էիր, որ այդքան շատ են իմ ընկերակցությունը նախընտրող մարդիկ:

Ու հիմա կորցրիր ինձ:

Հետաքրքիր է՝ երբ երկու իրար սիրող մարդիկ հեռանում են իրարից, բավական ծանր ժամանակներ են ապրում՝ հասկանալով, որ նոր հանդիպած մարդիկ չունեն այս ու այն առավելությունը, որն ուներ այն մեկը, որին սիրում էիր: Քո դեպքում ուրիշ է: Դու ինձ երբեք չէիր կարող երեք լեզվով էսէմէս գրել, չէիր կարող սիրել Կոպենհագենն ու Դանիան, չէիր կարող ընկերական շրջապատ ունենալ ու փորձել ինձ ինտեգրել այնտեղ, չէիր կարող պատմվածքներ գրել, չէիր կարող հետս հեծանիվ քշել քաղաքով մեկ: Իսկ ինձ հանդիպած մարդիկ երաժշտություն էլ են լսում, թանգարաններ էլ են գնում, մի երկրից մյուսն են ճամփորդում համերգի համար, բարձր ինտելեկտ ու մեծ նպատակներ ունեն: Բայց ամենակարևորը՝ գնահատում են ինձ հետ անցկացրած ամեն մի վայրկյանը:

Դու միայն զարմանում էիր, թե ինչու մարդիկ չեն ուզում քեզ հետ ընկերանալ: Իսկ ես գտա բացատրությունը. որովհետև դու չէիր սիրում մարդկանց, բայց ակնկալում էիր, որ նրանք քեզ կսիրեն:

Եվ եթե հանկարծ մի օր խնդրես, որ վերադառնամ, դա կանեմ միայն մի պայմանով. եթե ինձնից ներողություն խնդրես: Ես քեզ արդեն ներել եմ, որովհետև չներելն առաջին հերթին ինձ է վնասում: Բայց չեմ կարող քեզ ընդունել առանց համոզված լինելու, որ հասկացել ես, որ ցանկացած մարդ, որը քեզ ժամանակ է տրամադրում, քեզ բարձր է գնահատում, ու չարժե տրորել նրան, որովհետև կարող է հանգիստ հեռանալ և երջանիկ լինել առանց քեզ:

StrangeLittleGirl
07.05.2015, 01:33
- Ես էմպաթիա չունեմ,- ասաց:
- Ես էլ,- ասացի, ու ծիծաղեցինք:

Բայց ի՜նչ աստիճանի է քեզ նման ու ի՜նչ լավ է, որ չունի այն բոլոր հատկանիշները, որոնք ինձ ներվայնացնում էին: Իսկ ամենաահավորը. դուք երկուսդ նույն շենքում եք աշխատում:

StrangeLittleGirl
08.05.2015, 01:31
Էսօր վորքշոփից հետո սովորականի պես ճամփի մի մասն Ադրիանոյի հետ քշեցի: Հարցրեց, թե արդյոք ամեն օր եմ գրում: Ասեցի՝ չէ: Ու մեկ էլ հասկացա, որ մինչև էսօրվա վորքշոփն արդեն մոտ երկու շաբաթ ա, ինչ չեմ ստեղծագործել:

Հա, երբ լավ եմ լինում, գրելս մի տեսակ չի գալիս: Օրագիրս էլ վկա, որ քիչ եմ գրում: Բլոկնոտներս էլ եմ հազվադեպ բացում, էն էլ զուտ նշումների կամ պլաններ կազմելու համար:

Էսօր Արտոն ասեց՝ հիպոմանիակալ վիճակում ես: Հա, էդպես ա. երբ տրամդ լավ ա լինում, հոգեբույժը դիագնոզն ունի: Երբ վատ ա լինում, էլի դիագնոզն ունի: Չկա նենց բան, ինչի համար հոգեբույժը դիագնոզ չունենա:

Մտածում եմ՝ փորձեմ ստիպել ինձ, լավ տրամադրության մեջ էլ պարբերաբար գրեմ, տեսնեմ՝ ինչ կստացվի: Ցուցակ եմ կազմել, պատիս կպցրել: Էս ամիս լճերն ա:

Չգիտեմ՝ Քրիսի հայտնվե՞լն էր պատճառը, որ տրամս սենց դզվեց, թե՞ Քրիսը հայտնվեց, որովհետև արդեն դզվել էի: Ամեն դեպքում, ինչ-որ ամեն ինչ շատ լավ ա: Հա, ջանս, մի վախեցի, Քրիսին նենց չեմ սիրում, ոնց որ քեզ: Մի վախեցի, ոչ մեկի գուցե նենց չսիրեմ, ոնց որ քեզ: Ոչ ոք գուցե քեզ նենց չսիրի, ոնց որ ես: Բայց ամենակարևորը՝ ես էսպես երջանիկ ու հանգիստ եմ:

StrangeLittleGirl
09.05.2015, 15:35
Էս իրար չհանդիպելու ֆենոմենն էնքան հետաքրքիր ա: Էնքան ենք փողոցում ծանոթ մարդու տեսնում, որ չտեսնելն ա սկսում տարօրինակ թվալ: Էնպես էլ չի, որ մարդ ա քաղաքի մի ծայրում իրա համար գոյատևում ա: Հաճախ եմ ձեր թաղերում լինում: Գիտեմ, որ դու էլ կենտրոն ես գալիս:

Քրիսին հիշու՞մ ես (էն մեկը չէ, որի հետ հիմա հանդիպում եմ, իրան չգիտես, ֆիզիկոսի մասին եմ ասում): Քրիսի հետ քեզ հետ ծանոթանալուց վայրկյաններ առաջ եմ ծանոթացել, ու միանգամից դուրս եկել էր: Երևի սիրահարվեի նրան, եթե դու այդ օրն ինձ չառևանգեիր ու դրանից հետո Այ-Էս-Էմի իվենթներին ինձ չմեկուսացնեիր մյուսներից:

Հա, ուրեմն Քրիսին չափազանց հաճախ եմ Այ-Էս-Էմից դուրս տեսնում: Լավ, ասենք ինքն էլ ա ՍԻՓ-ում դանիերենի գնում, դրա համար ընդհանուր միջոցառումներին ինքն էլ ա լինում: Բայց տեսել եմ նաև մայիսի մեկի ֆեստին, երեկ էլ համալսարանական ֆեստին էր եկել: Տեսել եմ նաև Պուտգորդեն-Ռոդբյու նավի վրա: Ինչ-որ անկապ, անընդհատ տարբեր տեղերում պատահաբար հանդիպում եմ իրան:

Հետաքրքիր ա, որովհետև մենք բոլորս էլ նույն համալսարանում ենք աշխատում, բայց դու ոնց որ չլինես:

StrangeLittleGirl
10.05.2015, 17:59
Կիրակի օրով էկել եմ գործի, իբր որ հոդվածիս հերթական հատվածն ավարտեմ, բայց չեմ կարողանում գործի վրա կենտրոնանալ:

Մեկ-մեկ շատ սուր կարոտ եմ զգում, ու ներսից ծակում է: Մեկ-մեկ թաքուն հույս եմ փայփայում, թե կգրես: Բայց ի՞նչ կգրես, ինչի՞ համար: Ինչ էլ ասես, միևնույն է, լռություն եմ պահպանելու, մինչև ներողություն չխնդրես: Հա, ես ներողության եմ սպասում, իրոք սպասում եմ, որովհետև չեմ հավատում, որ չնայած բոլոր թերություններիդ, չնայած բոլոր անմարդկային հատկանիշներիդ, էդ աստիճանի վատն ես, որ չես հասկանա, թե ինչպես ամեն ինչ քանդեցիր:

Մեկ-մեկ մտածում եմ առողջ հարաբերությունների մասին ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք դրանց մեջ սեր կա՞: Էն, ինչի մեջ հիմա եմ, շատ առողջ է, ու սուտ կլինի ասելը, թե դուրս չի գալիս: Բայց մի տեսակ չի հերիքում ինձ: Սիրել եմ ուզում ու չեմ կարողանում:

StrangeLittleGirl
11.05.2015, 01:20
Լճերն իրոք քաղաքի զուգահեռ իրականությունն են: Այնտեղ հայտնվելիս ինձ թվում է՝ դուրս եմ գալիս այստեղից ու հիմայից ու հայտնվում ինչ-որ երևակայական աշխարհում, որովհետև էնտեղ տեղի ունեցած ամեն ինչ սյուռ է թվում:

- Ի՞նչ ես ուսումնասիրում,- հարցնում է:
- Լեզու և ուղեղ,- ասում եմ:
- Դա իմ մասին է,- ասում է,- ես գրենլանդացի եմ ու հիվանդ ուղեղ ունեմ:
- Հիվա՞նդ: Այսի՞նքն:
- Ասում են՝ շիզոֆրենիկ եմ:
- Ո՞վ է ասում:
- Նրանք՝ հիվանդանոցում աշխատողները:
- Հաճա՞խ ես հիվանդանոցում լինում:
- Էնքան էլ չէ: Հենց զգում եմ՝ պսիխոզը սկսվում է, գնում եմ:

...
- Գիտես, վաղուց թոշակի եմ անցել, հիմա կյանքն եմ վայելում: Դանիան հրաշալի երկիր է: Այստեղ ամենաբարդ բանը երջանիկ չլինելն է:

...
- Դու ինձ մի աղջկա ես հիշեցնում:
- Ու՞մ:
- Չգիտեմ: Հիվանդանոցում եմ տեսել: Էնքան էին էլեկտրաշոկ տվել, որ ոչինչ չէր հիշում:

...
- Քանի՞ տարեկան ես:
- Քսանութ:
- Ես էլ հուլիսի 28-ին եմ ծնվել: Ուրեմն մի ընդհանուր բան ունենք:

StrangeLittleGirl
11.05.2015, 13:05
Երեկ մի հսկայական ցուցակ էի կազմել, թե ինչու եմ ուզում քեզ տեսնել: Իսկ ավելի ճիշտ, մի պատասխանով լիքը հարցեր էի գրել: Չգիտեմ, ինձ սխալ եմ զգում, երբ քո մասին եմ մտածում, քեզ հիշում, քեզ կարոտում: Դա չպիտի լինի, պիտի թույլ տամ՝ մոռացվես, գնաս: Ինձ միշտ փորձում եմ համոզել, որ այս պատմության մեջ կորցնողը դու ես:

Հարցերի շարան է՝ եթե գրես ինձ, ի՞նչ կասեմ, հետ կգա՞մ մոտդ, կխնդրե՞ս, որ հետ գամ: Ու վերջում ամենամեծ հարցն է. կգրե՞ս արդյոք: Գնա, չեմ ուզում քեզ, մոռացվիր, խնդրում եմ, թող առաջ գնամ, թող կարողանամ նորից սիրել:

Ինքս ինձ վրա անընդհատ ջղայնանում եմ, որ քեզ հիշում եմ: Ու ջղայնանում եմ, որ փոքր հույսեր եմ ունենում, թե կվերադառնաս:

StrangeLittleGirl
13.05.2015, 23:51
Շատ ջահել տարիքից գիտեի, որ ֆիզիկական ակտիվությունը «ճիշտ» բան է: Բայց մենակ գիտեի: Ինչ-որ պահ կար, որ առավոտները զոռով ինձ արթնացնում էի, որ վազեմ, բայց ընդամենը մի երկու օր տևեց դա: Դպրոցական տարիքում նաև ինձ զոռով բասկետբոլի ուղարկեցին: Երկու տարի մարզվելուց հետո թողեցի, որ ընդունելության քննություններին պատրաստվեմ: Իսկ համալսարանում ընդհանրապես թարգել էի ֆիզիկական ակտիվությունը: Իմ մի քիչ ազատ ժամանակը ոչ համալսարանական (ակումբային և ոչ միայն :)) ) ընկերներին էի տրամադրում: Ի՞նչ սպորտի մասին էր խոսքը: Իսկ ֆիզկուլտի դասերից զզվում էի:

Էդպես տարիներ անցան այն գիտակցությամբ, որ ֆիզիկական ակտիվությունը պետք է, բայց ոչ մի անգամ ներքին ցանկություն կամ պահանջ չզգալով: Միայն մի պահ աերոբիկան էր դուրս եկել, բայց երբ հայտնաբերեցի յոգան, ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ինձ, փաստորեն, քրտնելու երևույթը դուր չէր գալիս: Իսկ յոգան և՛ հանգստացնող էր, և՛ ֆիզիկական ակտիվություն էր, և՛ չէր քրտնացնում: Ու չնայած զանազան ջիմերում անդամակցությունս թույլ էր տալիս նաև ժեշտերից և քրտնացնող խմբային դասերից օգտվել, ի վերջո գնացի ու կանգնեցի միայն ու միայն յոգայի տարբեր տեսակների վրա:

Բայց վերջերս մի տարօրինակ բան հետս տեղի ունեցավ: Իմ կյանքի ամենավատ պահերից մեկն էր: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ սարսափելի վիճակում էի: Ուշքն ու միտքս ինքնասպանությունն էր: Բայց մեկ էլ հանկարծ ինձ տնից դուրս գցեցի ու սկսեցի վազել մոտակա լճի ափին: Վազեցի այնքան, մինչև ուժասպառ եղա: Երբ եկա տուն, ճիշտ է՝ ամբողջովին չէի վերականգնվել, բայց գոնե բավականաչափ լավ էի, որ ինձ վնաս չտայի:

Էս վերջին մի քանի օրերին էլ տագնապի նոպաներ եմ ունենում: Ու դրան զուգահեռ քրտնելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում: Երեկ, օրինակ, բռնեցի ու որոշեցի բլրի վրայով գործի գնալ: Հեծանիվիս արագությունը դրեցի ամենաբարձրի վրա, քամուն հակառակ ու քրտնելով բարձրացա բլրի գագաթը: Լավ էր, բայց քիչ էր:

Զգում եմ, որ յոգան էլ առաջվա պես հաճույք չի պատճառում: Ճիշտ է՝ էստեղ գուցե դեր ունի նաև կայուն դասատու չունենալը: Բայց ամեն դեպքում, բավական հաճախ դասս չեղարկում եմ կամ բաց թողնում, ինչի համար տուգանում են:

Էսօր էլ դասս չեղարկեցի, բայց մարզահագուստս հետս վերցրի: Վերցրի քրտնելու հարմարանքներով: Ու գնացի ջիմ, կես ժամ վազքուղու վրա վազեցի: Ուշաթափվելու աստիճանի: Երբ իջա վազքուղուց, վրաս հալ չկար, սատկում էի, բայց տրամադրությունս հզոր էր: Եկա տուն, անգամ կարողացա ընթրիք սարքել: Ավելին ասեմ՝ իմ կամքով սառնարանից գազար հանեցի ու կրծեցի, մինչդեռ առաջներում զոռով էի գազար ուտում:

Ու հիմա լավ եմ ու ինձ լիքը սիրում եմ, որ տագնապի, դեպրեսիայի ու այլ հոգեբուժական դիագնոզների ջանն ընկնելու փոխարեն ենթարկվում եմ մարմնիս պահանջներին ու վազում:

Վաղը կփորձեմ առավոտյան ժամը յոթին արթնանալ: Եթե դա էլ անեմ, ճակատս կպաչեմ ու ինձնով մի այլ կարգի կհպարտանամ:

StrangeLittleGirl
14.05.2015, 15:58
Էս վերջերս իմ ինտրովերտ ճտտիկը միացել է: Էն կարգի, որ բուք քլաբի գիրքը կարդացի, բայց չգնացի, որովհետև չուզեցի նոր մարդկանց հետ ծանոթանալ: Հետո փաբ քուիզը քենսըլեցի, հետո էլ Վիոլենի ու ընկերուհու հետ կինո գնալը: Բայց կարևորը՝ դրանից լավ եմ զգում: Մեկ-մեկ պետք է լինում աշխարհից կտրվել ինքդ քեզ վրա կենտրոնանալու համար:

Ինձ թվում է՝ տագնապային վիճակներս սկսվեցին նրանից, որ մոռացել էի, թե ինչ է նշանակում մենակ մնալ: Շաբաթներով ինքս ինձ ժամանակ չէի տրամադրել: Ու մեկ էլ արթնանում եմ մի առավոտ, ամբողջ օրս առջևումս է, ուզում եմ ինքս ինձ հետ մնալ, բայց գժվում եմ:

Իսկ հիմա էն աստիճանի եմ հասել, որ նույնիսկ գործի տեղս չեմ աշխատում, որ ոչ մեկի չտեսնեմ: Փոխարենը գրադարաններում եմ կորում: Իսկ էստեղի գրադարաններն օֆիսներից հազար անգամ ավելի հարմարավետ են:

Մարիան ասում է՝ աշխատանքային կյանքը չպիտի սոցիալի հաշվին անես: Բայց իմ սոցիալ կյանքը նվազեցնելով սկսել եմ ինձ լավ զգալ: Հա, գիտեմ, երկար չի տևի, հետո նորից էքստավերտ ճտտիկս կմիանա, ու կվազեմ նոր մարդկանց հետ ծանոթանալու: Բայց հիմա սենց լավ է:

Էսօր էլ կես ժամ ջիմում վազեցի: Էրեկ երբ նույնն արեցի, մի բան պակասում էր: Էսօր վազելուց հետո մի քիչ յոգայի վարժություններ արեցի, ու երջանկությունը լիարժեք դարձավ: Տո ի՞նչ ալկոհոլ կամ կանաբիս, եթե կարող ես սեփական մարմինդ աշխատացնելով էդքան լավ զգալ: Շաբաթ օրը յոգայի դաս կվերցնեմ, դրանից առաջ կվազեմ: Ու ինձ լավ կզգամ:

StrangeLittleGirl
15.05.2015, 15:19
Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին, ու պետք չէ շտապեցնել կամ ստիպելով ինչ-որ բաներ անել:

Մեկը դասական երաժշտությունն է: Երբ ամեն անգամ ասել եմ՝ դասական երաժշտություն չեմ սիրում, մարդիկ թարս նայել են ինձ, թե՝ քեզ նման խելացի մարդուց սպասելի չէ: Բայց ես չեմ սիրում ձևեր թափել, չեմ սիրում անել բաներ, որոնք հարիր են խելացի մարդուն, այլ անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս:

Ու հիմա եկել է դասական լսելու պահը: Երբ չեմ կարողանում կենտրոնանալ աշխատանքիս վրա, միացնում եմ Շոպեն, ու ավելորդ լարված նյարդերս հանգստանում են, կենտրոնացումս՝ լավանում է: Ու կներեք, գործերից ոչ մեկի անունը չգիտեմ, չեմ էլ իմանա: Թողեք անգրագետ մնամ:

Հա, մեկ էլ մտածում եմ՝ ականջակալներիցս մեկը հագցնեմ կողքիս շշով ջրին, թող մի քիչ ինքն էլ լսի :))

StrangeLittleGirl
16.05.2015, 17:26
Արեցի էսօր: Տասնհինգ րոպե վազք, հետո՝ մի ժամ յոգա: Չզգացի, թե ոնց յոգայի էդ մի ժամը թռավ: Լավ էր: Հրաշք: Պիտի մարմինդ տանջես, ժեշտին տաս, գորգիկին տաս, մկաններդ ձգմգես, քրտինքդ դուրս թափես, որ ներսդ խաղաղվի: Ու պիտի դա անես ամեն օր, որովհետև երբ չես անում, միանգամից բզիկներդ հետ են գալիս ու կյանքդ թունավորում:

Ասում են՝ ֆիզիկական վարժությունները կոգնիտիվ ֆունկցիաներն են լավացնում: Այ դա չեմ զգում: Մարմինս մի լավ տանջելուց հետո սովորաբար ինձ լավ եմ զգում, բայց կենտրոնացումս ավելի է վատանում: Ու թքած եմ ունենում, որ կենտրոնացումս վատացել է:

StrangeLittleGirl
17.05.2015, 20:52
- Ինձ հիշու՞մ ես, Լճերում ենք հանդիպել:
- Հա, հիշում եմ:
- Արի նորից հանդիպենք:
- Արի: Չորեքշաբթի հարմար կլինի՞:
- Բայց գիտես, չէ՞, շիզոֆրենիկ եմ:
- Գիտեմ:
- Ու դեռ ուզու՞մ ես հանդիպել:
- Ուզում եմ:
- Հաստա՞տ:
...
Մեկ-մեկ մտածում եմ՝ հոգեբուժական կրթությունս ինձ ոչ այնքան մասնագիտությամբ աշխատելու համար է պետք, որքան հիվանդ մարդկանց հասկանալու և ուղղակի իրենց կողքին լինելու համար: Պատկերացնում եմ՝ ոնց են բոլորը խորշում Ռասմուսից, ոնց է ինքը մենակ մնացել ու ընկերներ փնտրում: Ու պատկերացնում եմ՝ ոնց է զարմանում, որ իր շիզոֆրենիան ինձ չի վախեցնում:

StrangeLittleGirl
19.05.2015, 02:29
Գրեթե միշտ համերգ մենակ եմ գնացել: Ահագին ժամանակ պետք եկավ մենակ գնալու կայֆը հասկանալու համար: Ի վերջո, հասա նրան, որ սկսեցի գնահատել թե՛ մենակ, թե՛ որևէ մեկի հետ գնալը:
Վերջին ժամանակներս մի կարճ պահ էր իմ կյանքում, երբ մենակ չէի գնում, ու ամեն համերգի համար երկու տոմս էի գնում կամ ինձ համար արդեն գնած էին լինում: Ու նույն կերպ շարժվելով հիմա Թորի Էյմոսի Հելսինկիի երկու տոմս ունեմ, բայց մենակ եմ գնալու: Ու սիրտս ցավում է: Չգիտեմ՝ ինչ անեմ: Վաճառել չեմ ուզում, բայց հետս գնացող էլ չեմ գտնում: Կյանքումս մտքովս չէր անցնի, որ նման իրավիճակում կհայտնվեմ:

Է՜հ, ջանս, քո շնորհիվ կամ պատճառով ինչ նոր բան ասես չզգացի (թե՛ դրական, թե՛ բացասական): Բա ո՞նց շնորհակալ չլինեմ քեզ իմ կյանքում երբևէ լինելու համար:

StrangeLittleGirl
19.05.2015, 15:28
Իմ երաժշտական ճաշակը սահմանելը շատ դժվար է: Երբ հարցնում են՝ ինչ ես լսում, խառնվում եմ իրար: Մեկ 90-ականների կնանիքին եմ մեջտեղ բերում, մեկ ասում եմ՝ ֆոլկ, ու սաղ պատկերացնում են ազգային տարազներ հագած ծյոծեր ու ձյաձերին, մեկ ասում եմ՝ խառը, ու տպավորություն է ստեղծվում, որ աղբ եմ լսում: Էլ չասեմ, որ երաժշտական ժանրերից շատ գլուխ չեմ հանում: Էլ չեմ ասում, որ երբ լաստֆմ-ի կամ սփոթիֆայի ռադիոներն եմ միացնում, շատ հազվադեպ է պատահում, որ մի սիրելի կատարողի հետ մեկ այլ սիրելի կատարող հայտնվի: Ու խառնվում եմ իրար. ես, որ էսքան սպեցիֆիկ երաժշտական ճաշակ ունեմ, իմ սիրած կատարողներն իրար հետ կապ չունեն: Բա ի վերջո ի՞նչ եմ լսում:

Բայց էսօր մի էսպիսի ցուցակ (http://en.wikipedia.org/wiki/Indie_folk) գտա: Մեջը համարյա բոլոր սիրածս կատարողները կան: Էսպես շատ սիրուն ձևով իմ երաժշտական ճաշակը սահմանվեց. ես ինդի ֆոլկ եմ լսում:

Ջանս, դու էլ նայիր էս ցուցակին ու տես՝ քո սիրելիներից քանիսը կան: Հետո գնա ու ասա, որ մենք տարբեր երաժշտական ճաշակ ունենք:

StrangeLittleGirl
20.05.2015, 16:47
Մոտ երեք տարի առաջ Ֆինլանդիայի մի շատ գեղ տեղում էի ապրում՝ Յոենսուում: Հելսինկիից 500 կմ հեռավորության վրա էր ու Հելսինկին ամենամոտ մեծ քաղաքն էր: Դե պատկերացրեք ինչ կորած տեղ էր: Վերջերս մի ֆիննուհու հետ որ ծանոթացա, հարցրի՝ Ֆինլանդիայի որ մասից է, ասեց՝ արևելք, Ռուսաստանի սահմանին մոտ, չես իմանա: Ասեցի՝ լավ, բա գիտես, ես էլ կես տարի Յոենսուում եմ ապրել: Աղջիկը ծիծաղեց, ասեց՝ բա հենց Յոենսուից եմ:

Էդ գեղ տեղում ապրելու ընթացքում էր, որ Անգուս ու Ջուլյա Սթոուններին հայտնաբերեցի: Հիմա երբ էլ լսում եմ նրանց, հիշում եմ էնտեղի սենյակս, պատուհանից դուրս մթությունը, հետո նաև ձյունը:

էսօր նայեցի Անգուսի ու Ջուլյայի համերգային շրջագայությունը, մտածեցի՝ թե էլի գան Կոպենհագեն, գնամ համերգին: Նայեցի ու հռհռոցս դրեցի. Յոենսուում համերգ են տալու: Յոենսուն Երևանից էլ կորած տեղ ա. էնտեղ ոչ ոք համերգ չի տալիս:

StrangeLittleGirl
21.05.2015, 00:31
Էսօր էլի վատ էի: Էս վերջին երկու շաբաթը խրոնիկ վատ եմ ու ահավոր վատ եմ: Եթե ինձ ժեշտին չեմ տալիս, տագնապի նոպաներն անպակաս են լինում:

Լճերի մոտ զբոսնում էի ու փորձում հասկանալ՝ ինչու եմ վատ: Դ-ն լրիվ կպչուն միտք է դարձել: Արդեն երկու ամիս է, ինչ իրար չենք տեսել. էսօր է լրանում երկու ամիսը: Ու մտածում եմ՝ իմ կյանքում դեռ էսպիսի դեպք չի էղել, որ էսքան երկար տևի իմ ապաքինման ընթացքը, չնայած շատ ավելի ծանր հարաբերություններ էլ եմ ունեցել: Ճիշտ է՝ պատահել է, որ ասենք բաժանումից ամիսներ անց արթնացել եմ ու վատացել, բայց դա տևել է ամենաշատը մի օր, հետո մտքերս նորից իմ առօրյայով են զբաղեցվել:

Իսկ հիմա օրը քսանչորս ժամ մենակ Դ-ն է մտքիս: Հենց առավոտյան աչքերս բացում եմ, ինքն է: Գործի ժամին, հեծանիվ քշելիս, շեֆիս հետ գիտական թեմաներով խոսելիս, անգամ երբ ընկերներիս հետ խմում եմ կամ նույնիսկ երբ Քրիսի հետ եմ: Ու դա իսկականից ահավոր է:

Էսօր նստեցի ու սկսեցի մտածել, թե ինչու է այդպես: Լավ, սպասելիք չունեմ, էդ ամենն ավարտված-գնացած է: Համոզվել եմ, որ Դ-ի ներկայությունն իմ կյանքում ավելի շատ վնաս է, քան օգուտ: Համոզվել եմ, որ նավակում թիավարողը ես էի, ու ձեռքերս հոգնել էին, էլ չէի կարող շարունակել: Համոզվել եմ, որ ճիշտ եմ արել, որ գնացել եմ: Բա ի՞նչ եմ ուզում, ինչու՞ ուղեղս չեմ անջատում:

Ու մեկ էլ սկսեցի գլխիս տալ: Վերջին երկու շաբաթների ընթացքում համարյա չեմ կարդում, չեմ գրում, գործիս վրա չեմ կենտրոնանում, ընկերներիս հետ քիչ եմ շփվում: Մենակ ջիմի ժամերն եմ ավելացրել, էդ էլ միակ փրկությունն է:

Կարող եմ արդարանալ, որ չեմ կարդում, չեմ գրում, գործիս վրա չեմ կենտրոնանում, ընկերներիս հետ քիչ եմ շփվում, որովհետև վատ եմ: Չէ: Վատ եմ, որովհետև էս բոլորը չեմ անում: Փոխարենն ամբողջ օրը կոմպից կախված հետևում եմ, թե երբ Դ-ն օնլայն դառավ, երբ մտավ բլոգս, երբ լինքը տվեց մեկ ուրիշի, որ մտնի: Թարգեցինք էս ամենը: Անցնում ենք ինտենսիվ գրելուն (մայիսի պատմվածքդ ու՞ր ա, մենակ գաղափարը քիչ ա, գրել ա պետք), կարդալուն (Դյուրասը շուտ արա, պրծի, հլը նայի քանի գիրք ունես կուտակած), ընկերների հետ շփվելուն (ըհը, վաղը Մագդան, ուրբաթ Մայայի հետ Լիտվայի օրերը, շաբաթ սաղի հետ Եվրատեսիլ, կիրակի էլ մի խումբ աղջկերքով հեծանվարշավ դեպի Կլամպենբորգ), գործի վրա ֆիքսվելուն (ես Բյուրը չլինեմ, եթե հոդվածս մարդավարի տեսքով երկուշաբթի չհանձնեմ) ու շարունակում ենք մարմինը ժեշտին տալ: Էսօր կես ժամ վազել եմ էն կարգի, որ շորերս քամեի, կքամվեին: Էսպես պետք ա շարունակել: Ու ոչ մի ավելորդ, սխալ միտք: Դ-ն չկա, պըրծ, ինքն իմ կյանքում էլ չի լինելու:

StrangeLittleGirl
21.05.2015, 15:40
Ու երբ առավոտյան աչքերդ բացում ես, ժպտում ես: Սրտխփոց էլ չկա: Դրսում արև է, արդեն ամռան հոտ է գալիս: Արթնանում ես ու զգում, որ լավ ես: Մկաններդ հաճելիորեն բռնված են նախորդ օրվա վազքից: Ու այլևս մտքերդ մի տեղում ֆիքսված չեն:

Գրողը տանի, որևէ խնդիր լուծելու, որևէ բանից ազատվելու առաջին քայլը ցանկությունն է: Գրողը տանի, թող որ այլևս երբեք չհանդիպեմ նման մարդու, այլևս երբեք չսիրեմ այնպես, ինչպես սիրել եմ: Բայց հո իմ կյանքը բավականաչափ լիքն է, որ ինձ լավ զգամ, հո նրանից առաջ եղել եմ երջանիկ, ուրեմն կլինեմ երջանիկ նաև նրանից հետո:

Էսօր հայերենի վերջին դասն էր: Բիրգիտը խնդրեց, որ մեկ-մեկ հանդիպենք, հայերեն խոսենք: Հաճույքով համաձայնեցի:

StrangeLittleGirl
21.05.2015, 18:48
Մագդային ասում եմ՝ Թորի Էյմոսի մասին ի՞նչ կարծիքի ես: Ասում ա՝ սիրածս երգչուհիներից ա, սաղ երգերն անգիր գիտեմ:

Հետս Հելսինկի գնացող գտանք :)

StrangeLittleGirl
26.05.2015, 02:17
Վերջին օրերը շատ հավեսն էին: Ոնց որ վերցնեի ուղեղս ու ֆորմատ անեի: Վերջապես կոտրվեց չդադարող մտքերի շղթան, վերջապես կարողացա առավոտյան արթնանալիս այլ բաների մասին մտածել:

Կարողացա, որովհետև հասկացա, որ դեռ երկար չեմ ապաքինվելու, ու տարիներ շարունակ այս պատմությունն ինձ հետապնդելու է:

Կարողացա, որովհետև թույլ տվեցի, որ գնա իմ կյանքից ու անի ինչ ուզում է:

Կարողացա, որովհետև հասկացա, որ դեռ երկար չեմ կարողանալու նորից սիրել, ու դա նորմալ է:

Կարողացա, որովհետև որոշեցի ստեղծագործել, որոշեցի գրել ու տպագրվել, որ բոլորը գլուխ ջարդեն, թե այս կամ այն կերպարի հետևում ով է կանգնած, իսկ ես ոչինչ չասեմ: Մոտավորապես այնպես, ինչպես Ալանիսն է արել You Oughta Know-ի մասին:

StrangeLittleGirl
27.05.2015, 15:34
Բազմաթիվ երկրներում ապրած լինելու կայֆերից մեկն էլ էն ա, որ սովորում ես թեթև տանել:

Մի քանի օրից հունիս կլինի, բայց դեռ ձմեռային կուրտկաներով են ֆռֆռում: Ընկերներս տրտնջում են, թե՝ ամառը չի գալիս էս երկրում: Ձեն չեմ հանում. անցյալ տարի հո լավ ամառ ունեցանք: Շարունակում եմ հագնել ձմեռային կուրտկաս ու կհագնեմ էնքան, ինչքան պետք է:

StrangeLittleGirl
01.06.2015, 15:36
Ու հանկարծ հայտնաբերում ես, որ իրականում ինչ-որ փուլերով ես անցնում, որ ոչ մի զարմանալի բան չկա վերջին տասը շաբաթների տարօրինակ վարքիդ մեջ, որ բոլորն էլ անցնում են դրանով բաժանումից հետո:

Այս ընթացքում ես և՛ հետազոտողն էի, և՛ հետազոտվողը, ու երբ ինչ-որ հստակ ճանապարհ գծեցի, սկսեցի փորփրել ինտերնետում՝ հայտնաբերելով, որ դա շատ նման է վշտի հինգ հոգեբանական փուլերին: Զարմանքով նկատեցի, որ իմ գծած պատկերը համապատասխանում է հոգեբանների գծածին: Միակ տարբերությունն այն է, որ իրականում փուլերի միջև բաժանման գիծն այդքան էլ հստակ չէ, ու հաճախ հետ ու առաջ ես անում, մեկը մյուսի հետ խառնում, մինչև հաղթահարում ես:

Արդեն հասկանալի էր իրականությունից վերացած լինելը, նրան գրելու անհաղթահարելի ցանկությունը, ամեն ինչում ինքս ինձ մեղադրելը, դրան հաջորդած զայրույթը, Քրիսը:

Ուրախացա նաև նկատելով, որ նախավերջին փուլի վերջերում եմ արդեն: Այսինքն, քիչ մնաց լրիվ հաղթահարելու համար:

Հենց այստեղ է, որ գիտակցում ես, որ մենակ ավելի լավ է, քան մի մարդու հետ, ում չես սիրում ու երևի չես էլ սիրի երբևէ: Հենց այստեղ է, որ առավոտյան արթնանում ես ու որոշում. առաջիկա ամիսներին ոչ մի ալկոհոլ ու ոչ մի տղամարդ:

Կողքից հասարակական ճնշումն է, հարազատներդ իրենց զանազան հարցերով: Ինչ կլինի, մի հարցրեք, մի պարտադրեք, մի փորփրեք: Ի՞նչ գիտեք, թե ինչերի միջով է անցնում դիմացինդ, երբ նորից առաջ եք քաշում «ինչ-որ մեկին կողքին ունենալու», «երբ ես ամուսնանալու» տիպի հարցերը, երբ պնդում եք, թե աշխարհի ամենալավ բանն է սիրած մարդու կողքին արթնանալը: Իսկ գիտե՞ք, թե ինչքան ահավոր է չսիրած մարդու կողքին արթնանալը, երբ աչքերդ բացում ես ու մտածում՝ վերջացավ, էլ հետը չեմ հանդիպելու:

Չգիտեմ, իրոք չգիտեմ, թե ինչու է հասարակությունն էդքան կարևորում «ինչ-որ մեկին կողքին ունենալը» ու կասկածում քո լիարժեքության վրա, երբ մենակ ես: Բայց բաժանումից հետո ապաքինումն ավարտվում է այն ժամանակ, երբ հասկանում ես, թե որքան լավ է մենակ:

Գիտեմ. օգոստոսից սկսած լրիվ լավ եմ լինելու: Գիտեմ. Հայաստան, Ավստրիա, Իռլանդիա ու Անգլիա կատարվելիք ճամփորդություններս ինձ վերջնականապես ապաքինելու են:

Գուցե հետագայում կհիշեմ ու կունենամ պահեր, երբ կկարոտեմ: Բայց դա կմնա միայն որպես սիրուն հիշողություն: Իսկ ժամանակի ընթացքում դառնությունն էլ կանցնի: Եվ կմնամ ես՝ բաղկացած իմ հիշողություններից ու պատմություններից ու երազանքներից:

StrangeLittleGirl
02.06.2015, 23:42
Երեկ պոեզիայի երեկոյին չգնացի, որովհետև հնարավոր էր՝ այնտեղ լինեիր: Այսօր էլ Քրիստիանիայի գիտություն ու կոկտեյլներին չգնացի: Քեզ պատահաբար հանդիպելու ցանկությունը փոխարինվում է չտեսնելու ցանկությամբ:

Էսօր Դեհանի հոդվածն էի կարդում: Հիշու՞մ ես, որ Քրիստիանիայում միասին էինք գնացել նրա դասախոսությանը: Էս գիտակցություն կոչեցյալն իրոք զարմանալի բան է:

Կամաց-կամաց վերանում ես ուղեղիցս, դառնում հեռավոր մի միտք: Շուտով կլինեն նաև օրեր, երբ ընդհանրապես քեզ չեմ հիշի: Հետո կգա ժամանակ, երբ պատահաբար կմտաբերեմ միասին անցկացրած ինչ-որ դրվագ ու ինքս ինձ հարց կտամ՝ բայց ինչու՞ եմ էսպիսի տարօրինակ բաներ հիշում:

Չգիտեմ՝ էս պրոցեսի էս կարգի գիտակցական լինելը լավ է, թե վատ: Մի կողմից վատ է, որովհետև մտածում եմ մտածելու մասին, ու թվում է՝ դա դանդաղեցնում է ընթացքը: Մյուս կողմից լավ է, որովհետև գիտեմ, որ ի վերջո անցնելու է, ի վերջո հասնելու եմ մի պահի, երբ պատրաստ եմ լինելու նորից սիրել:

Ինքս ինձ ժամանակ եմ տվել մինչև օգոստոս:

Իսկ շաբաթ օրը Թորիի համերգն է Էգեսկով պալատում: Կախարդական բան պիտի լինի Թորիին միջնադարյան այդ տարածքում լսելը: Անհամբեր սպասում եմ:

StrangeLittleGirl
05.06.2015, 16:39
Ինչ քեզ մտքերիցս հանել եմ ու լավ եմ, սկսել ես երազներիս մեջ խցկվել, ու դա լավ է. նշանակում է՝ նախավերջին փուլն էլ է արդեն ավարտվում: Բայց երազներս հարամ անելը հեչ հաճելի չէ: Գալիս ես տարբեր իրավիճակներում, խնդրում, որ հաշտվենք, իսկ ես մտածում եմ, մտածում եմ, մտածում եմ: Կար ժամանակ, երբ իրական կյանքում էի սպասում քեզ: Չեկար: Հիմա արդեն ինձ համար մեկ է կգաս, թե չէ: Ավելի ճիշտ, եթե գաս, վախենում եմ՝ չոր դիմավորեմ քեզ: Երևի դու էլ ես դրանից վախենում:

Մագդան չի գալու Հելսինկի: Գնում եմ մենակ: Իմ ամենաարկածային ճամփորդությունն է լինելու. հյուրանոց չեմ վերցրել: Չուզեցի երեք-չորս ժամվա համար վերցնել: Մնացած թորիասերների հետ կթափառեմ քաղաքում, հետո կգնամ օդանավակայան:

Իսկ վաղվա համերգը կախարդական է լինելու: Էգեսկովում դու չես եղել, չէ՞: Ես էլ: Բայց ինչ եկել եմ, բոլորը խորհուրդ են տալիս էդ պալատն այցելել: Կյանքում մտքովս չէր անցնի, որ Թորիի համերգի համար էնտեղ կհասնեմ: Կփորձեմ խոսել հետը, կպատմեմ, որ Հելսինկիում կողքից աթոռը դատարկ է մնալու, բայց նախօրոք պլանավորածի պես կխնդրեմ Դամիեն Ռայս երգել: Կտեսնես վիդեոն ու կիմանաս, որ քեզ համար է:

StrangeLittleGirl
08.06.2015, 00:57
Էրեկ մի շատ կարևոր բան հասկացա. համերգներն իմ օդ ու ջուրն են, իմ գիտելիքի, էմոցիաների, հանգստության ու անգամ ստեղծագործականության աղբյուրը:

Երեկվա համերգից էնքա՜ն լցված եմ եկել, որ մի ամսվա կհերիքի էներգիաս: Դա դեռ հերիք չէ, վաղն էլ երկրորդ համերգին եմ գնում:

Ու խոսքը մենակ բուն համերգի մասին չէ, այլ ողջ ճամփորդությունը, դրան նախորդած ժամերը, համերգասրահի տարածքը, համերգից հետո, էս բոլոր-բոլորը:

Երեկ մի ամբողջ օրվա ընթացքում մի քանի տարվա գիտելիքափիլիսոփայական թռիչք կատարեցի: Աննկարագրելի փոփոխություն է:

Կարողացա սահմանել երևույթներ, որոնք ինձ համար արժեքներ էին, բայց երբեք չեմ կարողացել բառերով արտահայտել:

Հասկացա, որ համերգ մենակ գնալը հատուկ քաջություն է, ու հենց նրանք, ովքեր մենակ են գալիս, ամենապակաս մենակն են զգում, որովհետև մնացած մենակ եկածների հետ մեկ են դառնում:

Հասկացա, որ ինչքան էլ ազատ ու անկաշկանդ լինեմ, դեռ ահագին կապանքներ ունեմ, որոնցից ազատվել է պետք:

Հասկացա, որ ես էլ իմ Եսի տարբեր դրսևորումներն ունեմ, ու չեմ ուզում, որ դրանք միաժամանակ դրսևորվեն: Բայց հասկացա նաև, որ միաժամանակ դրսևորումը հենց կատարելությունն է:

Հասկացա, որ համերգի ժամանակ կարող եմ լացել նաև անծանոթ մարդուն նայելով ու զգալ էն, ինչն ինքն է զգում:

Հասկացա, որ իմ կյանքում շատ արժեքներ, մարդիկ, մտքեր ու գաղափարներ կան, որ գնում ու գալիս են, բայց իմ մանկությունիցս հետս բերած երգերը միշտ մնալու են հետս:

Հասկացա, որ երգերը չեն, որ դարձրել են ինձ էն, ինչ դարձել եմ հիմա, այլ ընտրել եմ այդ երգերը, որովհետև դեռ փոքրուց ես էն էի, ինչ դառնալու էի հիմա:

Հասկացա, որ ստեղծագործականության մեջ ամենակարևորը քո ընթերցողը, լսողը, դիտողն է, որը սպասում է ամեն նոր գործի: Պետք է աշխատել հենց նրանց համար, իսկ մնացածը երկրորդական է:

Ու հասկացա նաև, որ համերգները բուժում են:

Հիշու՞մ ես Էլթոն Ջոնի համերգը, երբ լացում էինք իրար նայելով: Էդ էն օրն էր, երբ հասկացել էինք, որ իրար սիրում ենք:

Վաղը հունիսի ութն է՝ այն օրը, երբ պիտի միասին համերգ գնայինք: Տոմսը գնող մեկին ճարել եմ:

StrangeLittleGirl
09.06.2015, 13:34
Երեկ կարևոր օր, որոշիչ օր էր: Դա այն օրն էր, երբ պիտի միասին համերգ գնայինք: Մինչև երեկ հոգուս խորքում թաքուն հույս էի փայփայում, որ կգրես ինձ, կհարցնես Հելսինկի միասին գնալու մասին: Չգրեցիր, ու գնացի մենակ:

Հիշում եմ՝ մեր կռիվների ժամանակ ասում էիր, թե՝ քեզ հետ ուրիշ համերգ գնացող ճարի: Ասում էիր այնպես, ասես անփոխարինելի ես:

Բայց ես վեր կացա, մենակս հասա Հելսինկի: Ճամփին Թորիի գիրքն էի կարդում ու լացում: Ներսիցս ինչ-որ կուտակված բան դուրս էր թափվում, ազատվում էի: Էն նույն զգացողությունն էր, որ ունեցա Once կինոն նայելիս:

Ինքնաթիռս ուշացավ: Իսկ ֆինները զարմացել էին, թե ոնց էդքան արագ օդանավակայանից համերգասրահ հասա: Հելսինկին գիտեի: Դուրս գալիս էր ծանոթ լեզու լսելը ու կամաց-կամաց կորած բառերը վերականգնելը: Գնացի սնունդ գնելու: Սուպերմարկետում կարիք չունեի գլուխ ջարդելու, թե ինչն ինչ է: Հիշում էի բառերը, հիշում էի պուլլաներն ու Կարելիայի բրնձով կարկանդակները:

Հելսինկիով քայլելիս լացում էի: Դուրս էի թողնում քեզ, ազատվում էի քեզնից:

Սեմիի ու Ռիկկայի հետ թաց խոտի վրա պիկնիկ արեցինք: Առաջին անգամ էինք իրար տեսնում, բայց ոնց որ հազար տարվա ընկերներ լինեինք:

Տոմս վաճառեցի Վիվիին, բայց կողքիս նստատեղը դատարկ էր: Մյուս կողքինս:

Թորիի ձայնը վերջն էր համերգասրահում: Վերջ համերգ էր, հաստատ մինչև հիմա գնացածներիցս լավագույնը: Համերգի ընթացքում չլացեցի. քեզ արդեն դուրս էի շպրտել:

Հետո Սեմիի, Ռիկկայի, Կլեմենսի, Յանի ու Տուլլայի հետ գնացինք գեյ կարաոկե:

Կլեմենսը պատմեց, որ դեռ Դանիայում գնացքում իմացել էր, որ Թորիի համերգին եմ գնում, որովհետև տեսել էր գիրքը:
- Սկզբում փորձում էի հասկանալ՝ ինչ լեզվով է:
- Գիրքը հատուկ էի բռնել, որ համերգ գնացողները ճանաչեն ինձ, իրար հետ գնանք:
- ... Հետո տեսա՝ The Power of Orange Knickers, ասացի՝ յա:
- Փաստորեն ներսն ես հասցրել նայել, իսկ ես կազմի վրա էի հույսս դրել:

Մինչ մնացածները լրջի մեջ երգեր էին պատվիրում, մենք երեկոն թորիախեղդ արեցինք մեր խմբակային երգերով ու մռնչոցներով: Իսկ երբ կարաոկեն փակվեց, տեղափոխվեցինք մեկ այլ գեյ բար, որտեղ մարդիկ պարում էին: Սեմին Professional Widow-ն պատվիրեց: Հենց դիջեյը միացրեց, որտեղից որտեղ գոռոցներ լցվեցին ու ակումբի տարբեր անկյուններից թորիասերները հավաքվեցքին, ու բոլորով միասին գոռացինք՝ it's gotta be big:

Երբ դուրս եկանք, արևը շողում էր երկնքում: Հելսինկիում մութը չի ընկնում:

Ինքնաթիռում արդեն ահավոր գոհ էի ճամփորդությունիցս: Ու մտածում էի. եթե հետս լինեիր, էսքան լավ չէր անցնելու: Մտածում էի. լավ է, որ չկաս իմ կյանքում: Սրանից հետո երբեք-երբեք որևէ համերգի համար երկու տոմս չեմ առնելու:

StrangeLittleGirl
10.06.2015, 13:55
Ահավոր էր երազս անցյալ գիշեր: Լուրերում անունդ հայտնվել էր, որովհետև քո ձեռքերով քո սեփական աչքերը հանել էիր ու կուրացել: Զանգում էի քեզ, որ գամ տեսության: Մայրդ էր պատասխանում ու ասում, որ գամ, ինձ սպասում ես: Եկա, ու դու կույր էիր: Ու ասացիր, որ արդեն պաշտոնապես ես նրա հետ: Բայց նա տարածքում չէր: Մենակ էիր:

Ասում եմ չէ, հենց մտքերիցս տշում եմ քեզ, երազներումս ես հայտնվում:

StrangeLittleGirl
11.06.2015, 19:53
Նկատել եմ. սթրեսը, հատկապես աշխատանքի վայրում, ու քիչ քունը վիճակս վատացնում է: Իսկ ես ժամանակ չունեմ ամեն օր ինձ ժեշտին տալու:

Վաղը Լիլիթը մոտս կլինի: Ահավոր ոգևորված եմ: Ու մեկ էլ մնաց երկու շաբաթ էլ գլորեմ: Դրանից հետո ամեն ինչ լավ է լինելու. գործից ու այստեղի իրականությունից պոկվելու եմ, հետևաբար չեմ մտածելու, հեռախոսիս կնոպկաներն անկապ չեմ սխմտռելու, չեմ ֆիքսվելու:

Չեմ հասկանում՝ ինչ ես անում հետս, ինչու չեմ կարողանում քեզնից պրծնել: Ախր գիտեմ, լավ գիտեմ, որ քեզ էլ չեմ սիրում, որ մենք ապագա չունենք միասին ո՛չ որպես ընկերներ, ո՛չ առավելևս որպես զույգ: Ախր ինչու՞ ես պարազիտում ինձ, ինչու՞ հանգիստ չես տալիս:

Ո՜նց կուզեի քեզ դուրս շպրտել ներսիցս՝ ամբողջ ուժով, ամբողջ հոգով: Կուզեի ազատվել քեզնից, այնպես, ասես գոյություն չես ունեցել, կամ մնայիր որպես հեռավոր հիշողություն, ինչպես շատ այլ մարդիկ իմ կյանքում, կուզեի դառնայիր մի երազ, որ տեսել եմ մոտ մի տարի առաջ ու շատ աղոտ եմ հիշում, կուզեի վերանայիր, վերանայիր, վերանայիր:

Գիտե՞ս, երբ տասներկու տարի առաջ մտերիմ ընկերուհիս մահացավ, անընդհատ ինչ-որ բան որ լինում էր, ուզում էի զանգել, պատմել նրան, հետո հիշում էի, որ ինքը չկա: Այ հիմա էդ նույն զգացողությունն է. էսօր Իռլանդիայի վիզաս ստացա, ուզում էի քեզ գրել, որ ստացել եմ: Հետո հիշեցի, որ չկաս:

StrangeLittleGirl
12.06.2015, 14:59
Տասնչորս ամիսս է լրանում էսօր: Գրեթե բոլոր ամիսների 12-ներին հիշում եմ, թե ինչ եմ արել: Էսօրն էլ եմ հիշելու. երեկոյան գնում եմ Լիլիթին դիմավորելու: Ու էնքա՜ն անհամբեր եմ, որ վերջապես հարազատ մարդու եմ գրկելու:

Իսկ ուղեղս չի հանգստանում: Գո՞հ ես, որ ոչնչացրիր ինձ: Գո՞հ ես, որ սարքել ես ինձ էմոցիոնալ տակառ: Գո՞հ ես, որ դասի ժամանակ թվերի վրա կենտրոնանալու փոխարեն փորձում եմ արցունքներս թաքցնել: Գո՞հ ես, որ անգլերեն բլոգս ջնջեցի մենակ նրա համար, որ չիմանամ՝ մտնում ես, հետն էլ լինքերն ուղարկում տիկին պրոֆեսորին: Չես պատկերացնի, թե ոնց եմ ուզում զայրույթս արտահայտել այնպես, ինչպես մի ժամանակ էի կարողանում, գլխումս պտտվող բառերը գրի առնել, հրապարակել: Չես պատկերացնի՝ ոնց եմ ուզում ինչ-որ դեստրուկտիվ, չար բան անել: Բայց չի գրվում, չի ստացվում: Դու իմ ներսի ագրեսիան չգիտեմ ինչի ես վերածել: Ազատվել եմ ուզում քեզնից, հանգիստ թող ինձ, խնդրում եմ:

StrangeLittleGirl
15.06.2015, 18:08
Գիտեի, որ մի օր գալու էր պահ, երբ Simon & Garfunkel էի սկսելու փորփրել: Նրանք միշտ մտքիս ծայրում մնացած «զապաս» երաժշտությունն էին, մի բան, որի մոտ կգամ, երբ փնտրելիս կլինեմ նոր երգեր ու չեմ գտնի:

Գիտեի, որ էդ պահը գալու էր, որովհետև իմ լսած ժանրի պապաներն են նրանք, որովհետև սիրում էի Sound of Silence-ը ու վստահ էի, որ դա շատ քիչ է, էլի լսելիքներ կան:

Էսօր Ջոան Բաեզ էի լսում, մեկ էլ մի երգ ուշադրությունս գրավեց: Էնտեղ Էմիլի Դիքինսոնն ու Ռոբերտ Ֆրոսթն էին հիշատակվում: Փորեցի: Պարզվեց՝ Simon & Garfunkel-ն է: Ուրեմն ժամանակը եկել է: Հիմա կլսեմ նրանց:

StrangeLittleGirl
16.06.2015, 13:01
Ախր չեմ հասկանում քեզ: Անգլերեն բլոգս ջնջեցի, չփրկվեցի: Մտար հայերենը, սկսեցիր գուգլ թրանսլեյթով կարդալ սաղ: Էդ էլ հերիք չէր, որոնողական ողջ տաղանդդ գործի դրեցիր ու անգլերեն բլոգիս տեղափոխված հասցեն գտար: Ի՞նչ ես ուզում ախր, ի՞նչ ես փնտրում:
Ուզում ես իմանա՞լ ոնց եմ: Հարցրու ինձ: Ուզում ես իմանա՞լ ինչ եմ մտածում: Հարցրու ինձ: Ախր ես քեզ նման չեմ, ախր երբ ինձ հարց են տալիս ուղիղ ու կոնկրետ պատասխանում եմ, ի տարբերություն բլոգային գրառումներիս, որտեղ լիքը բաներ մութ եմ պահում ընթերցողից: Ինչու՞ ռիսկդ չի հերիքում: Ի՞նչ ես ուզում: Իսկ եթե էլ չկամ քեզ համար, հանգիստ թող բլոգներս, թող կյանքս հանգիստ շարունակվի:
Տեսնես՝ էս օրագրիս տեղը գիտե՞ս: Որ իմանայիր, դժվար ոչինչ չասող բլոգներս էդքան փորփրեիր. էստեղ ամեն ինչ ավելի բաց ա գրված:

StrangeLittleGirl
18.06.2015, 11:20
Միշտ հավատացել եմ, որ մի երկրում ինտեգրվում ես միայն էն ժամանակ, երբ երկրի քաղաքական անցուդարձը քեզ հետաքրքրում է:

Էսօր Դանիայում խորհրդարանական ընտրություններ են, ու թեև ընտրելու իրավունք չունեմ, արդյունքները հուզում են ինձ այնպես, ինչպես երբեք: Նույնիսկ Հայաստանում էսքան անհանգստացած չեմ եղել ընտրություններով:

Մի տարի առաջ, երբ ԵՄ ընտրություններն էին էստեղ, մտքովս չէր անցնում, որ ընդամենը մի տարի հետո կուսակցություններին իրենց լիդերներով-բանով իմանալու եմ:

StrangeLittleGirl
19.06.2015, 23:36
Չեմ հիշում կյանքումս մեկ էլ երբ եմ էս աստիճանի երազել արձակուրդի մասին: Ու հարցը Հայաստան գալը չէ, այլ հենց արձակուրդը, հենց գործից ցրվելն ու ուրիշ միջավայր ընկնելը:

Էն կարգի արձակուրդի կարիք ունեմ, որ հազիվ եմ ինձ զսպում, որ շեֆիս վրա չգոռգոռամ: Իրականում գիտեմ, որ ինքը սխալ է, բայց շատ կարգին դիվանագետ էի դարձել ու կարողանում էի էնպես անել, որ իմ ուզածն անի: Իսկ հիմա ափերիցս դուրս եմ գալիս: Մենակ կարդաք մեր նամակագրությունը, կվատանաք:

Գժվում եմ նաև էս չեկող ամառվանից: Հա, ես մյուսներից ավելի համբերատար եմ: Հա, ցանկացած տիպի եղանակի էլ հարմարվում եմ: Բայց հունիսի երկրորդ կեսին ձմեռային կուրտկա հագնելը... կներեք, մի քիչ շատ է:

Ուշադրությունս էլ չեմ կարողանում կենտրոնացնել, մոտիվացիաս ընկել է: Անընդհատ ուզում եմ «արձակուրդային» բաներ անել. գիրք կարդալ, թափառել, խանութներով պտտվել:

Էլ չեմ ասում բաժանումս… Ու չեմ հասկանում՝ էսքան հոգնած եմ հենց դրա՞ պատճառով, թե՞ չեմ դզվում, որովհետև արձակուրդի կարիք ունեմ:

Մի տեսակ զգում եմ, որ պիտի վերցնեմ, ուղեղս ֆորմատ անեմ, թարմ ուժերով օգոստոսին գործի վերադառնամ: Թե չէ հիմա հազիվ եմ ձգում: Էներգիաս սպառվում է:

Էսօր մամայիս պատվեր տվեցի.
- Ծիրան, տապակած բադրջան՝ սխտորով, պոմիդոր-վարունգով սալաթ:

Մնաց երեք աշխատանքային օր:

StrangeLittleGirl
20.06.2015, 17:00
Էսօր արթնացա, ու լավ էի: Լավ էի ոչ թե էյֆորիկ լավ իմաստով, ոչ թե իմանալով, որ էդ լավից հետո նորից վատի անդունդն եմ ընկնելու, այլ լավ առաջ նայելով: Լավ էի, որովհետև գալիս էի այս ճանապարհով ու չէի հասնում: Ինչ-որ ցիկլի մեջ էի ընկել վերջին շաբաթներին, որից դուրս գալ չէի կարողանում: Երեկ երեկոյան կոտրեցի ցիկլը: Կոտրեցի, որովհետև հասկացա՝ ինչ եմ ուզում:

Թող սա կոչվի պլացեբո կամ ինչ ուզում է, թող կոչվի, բայց էսպես լավ է: Մինչև հիմա մենակ ինտելեկտուալ մակարդակով էի հասկանում՝ պետք չես ինձ: Հիմա նաև հուզական մակարդակ մտավ դա, ու զգացի, որ դառնում ես հեռավոր երազ, էպիզոդ: Ու սկսեցի տեսնել քեզ, էն քո իսկական Եսը, քո իսկական ներքին աշխարհը, որը համառորեն չնկատելու էի տալիս այն ժամանակներում:

Ու հիմա գնում եմ, մնաս բարով:

Նոր նկատեցի. էսօր ամսի 20-ն է: Երեք ամիս, գրողը տանի: Հույս ունեմ՝ այսուհետ լավ կլինեմ, լավ ոչ թե էյֆորիկ, այլ հանգիստ ու լավ, ինչպես այսօր:

StrangeLittleGirl
21.06.2015, 13:23
Էրեկ, երբ Յուլիի տուն էի քշում, մայրամուտ էր: Զգացի, թե ինչքան եմ կարոտել Կոպենհագենի մայրամուտները. դրանք պատուհանիցս չեն երևում, իսկ էդ ուշ ժամերին դրսում չեմ էլ լինում: Դե էլ չեմ ասում, որ հիմնականում ամպամած է լինում:

Բայց սա ուրիշ մայրամուտ էր, նույնիսկ ավելի չքնաղ, քան սովորաբար լինում է Կոպենհագենում: Ձախ կողմումս մանուշակագույնի բոլոր երանգներով երկինքը շերտավորվեր էլ, տակից նարնջագույն էր՝ ոնց որ հանգչող կրակ: Աջ կողմումս գորշ ամպերը տեղ-տեղ վարդագույն երանգ ունեին: Շունչ կտրվելու բան էր:

Իսկ երբ խոշոր խաչմերուկներից մեկում կարմիրի տակ կանգնեցի, տեսնեմ՝ դիմացս ոչ ավել-ոչ պակաս ծիածան է՝ լրիվ իսկական, կամարաձև, էն որ նկարներում տեսնում ենք: Կյանքում առաջին անգամ էի էսքան ամբողջական ծիածան տեսնում: Միշտ պիտի աչքերդ լարեիր, կոնկրետ ուղղությամբ նայեիր, որ ինչ-որ բան տեսնեիր: Իսկ էս մեկը լրիվ ինքն էր, ուղիղ դիմացս, մոտիկ, շոշափելի: Բերանս բաց նայում էի, մեկ էլ զգամ՝ արցունքներ են գլորվում:

Կանաչ դարձավ, պիտի քշեի: Նայում եմ շուրջս, որ տեսնեմ՝ ուրիշ որևէ մեկը նկատե՞լ էր ծիածանը: Չէ, ոչ ոք: Հետո մարդ էի ման գալիս, որ պատմեմ, որ ծիածան եմ տեսել: Ոչ մեկի չէր հուզում:

StrangeLittleGirl
22.06.2015, 00:10
Այ հենց այստեղ էր՝ Ազգային բանկի դիմաց, կանգնած էիր ջրանցքի մոտ և ուրախ չաչանակում էիր դեռ նախորդ մշակութային իվենթից ծանոթ Էրիկայի հետ, հետն էլ արագ-արագ ծանոթանում էիր բոլոր նորեկների հետ: Հագիդ սպիտակ ամառային զգեստ է: Ուզում էիր էսօր էլ դա հագնել, բայց ցուրտ էր: Դրա համար տեղավորեցիր Հայաստան ուղևորվող ճամպրուկի մեջ ու մտածեցիր՝ էնտեղ կհագնեմ: Մեկ էլ էն բարձր ներբաններով կապույտ սանդալներն էին, որ Խրոնինգենից էիր առել: Նախորդ անգամ տեղափոխվելիս դեն նետեցիր. շատ էին մաշվել:

Էրիկայի ու քո շուրջը գոյացած շրջանը գնալով մեծանում է: Իտալացիներն ահավոր շատ են: Այ էն բլոնդ գերմանացի ֆիզիկոսը դուրդ եկել է: Ուզում ես ավելի շատ խոսել նրա հետ: Բայց դեռ Էրիկայի հետ պարտադիր հարցերն ես քննարկում.
- Արձակուրդ ունե՞ս:
Չես հիշում՝ ինչ է պատասխանում, բայց նույն հարցը քեզ է տալիս:
- Նոր եմ սկսել աշխատել: Դեռ արժանի չեմ արձակուրդի,- բացատրում ես:
- Դանիացիներն էդպես չեն կարծում,- լսում ես մեջքիդ հետևից:
Շրջվում ես, տեսնում ես նրբիկ արտաքինով մի տղա: Ձեռքդ պարզում ես, ծանոթանում, հետ շրջվում, շարունակում Էրիկայի հետ խոսել, աչքի տակով գերմանացի ֆիզիկոսին նայում: Բայց մեջքիդ հետևի ձայնը նորից ու նորից է մեջ ընկնում, մինչև սկսում ես ուշադրություն դարձնել:

Հետո չես հասկանում ոնց գողանում է քեզ մյուսներից, ինչպես հետագայում ինքն է նշում, «մոնոպոլիզացնում քո ընկերակցությունը»: Միասին եք նավ նստում, ամբողջ ճամփին մենակ իրար հետ եք շփվում: Այն ժամանակ դեռ չգիտեիր, որ քեզ գողանալու էր ոչ միայն Էրիկայից, գերմանացի ֆիզիկոսից, իտալացիներից ու մյուսներից, այլ ուղղակի ծանոթներից անցնելու էր ընկերներին, հետո արդեն խլելու էր ունեցվածքդ, այն, ինչ կարող էր: Ու դու վերջում մնալու էիր քռչոտ փալասների հետ: Ու պատեպատ էիր խփվելու, հավաքելու էիր փալասները, կարկատելու, նորից պատռելու, նորից կարկատելու:

Նորից Ազգային բանկի դիմաց ես: Դես ես նայում, դեն ես նայում: Չկա Էրիկան, չկան միջազգային բաժնի իվենթներից քեզ ծանոթ մնացած մարդիկ: Ինչու՞ պիտի լինեն. արդեն իվենթների երկրորդ շրջանն է պտտվում, ու նույն մարդիկ էլ չեն ուզում նույն բանը երկրորդ անգամ անել: Իսկ դու խելքդ թռցրել ես. նորից եկել ես այն նույն տեղն ու այն նույն իվենթին, որտեղ սկսեցիր դառնալ խոցելի ու այնքան տրորվեցիր, մինչև քեզնից ոչինչ չմնաց:

Այս անգամ որևէ մեկի հետ շփվելու ու ծանոթանալու ցանկություն չունես: Նստում ես ջրանցքի ափին՝ մեջքով դեպի բոլորը, ոտքերդ օրորում օդի մեջ, նայում ջրերին: Ինչու՞ եկար: Ինչ-որ մի մասդ ուզում է չմասնակցել նավով շրջագայությանը, գնալ տուն ու շարունակել պատրաստվել տեղափոխությանը: Բայց մյուս մասդ հրամայոմ է. «Մնա՛»: Դու գիտես, շատ լավ գիտես, որ ցավոտ հիշողությունները հաղթահարելու լավագույն տարբերակը նույն տեղերը նորից ու նորից այցելելն է, նույն բաները նորից ու նորից անելը:

Անցյալ շաբաթ Լիլիթի հետ չէի՞ր նույն շրջագայությունից անում: Անգիր գիտեիր, թե որտեղ գիդն ինչ է ասելու. այ էդքան լավ տպավորվել էր: Հիշում ես նաև, թե նա ինչ էր ասում ամեն նախադասությունը լսեցիր: Հիշում ես ծառի մասին կատակն Ամենափրկիչ եկեղեցու մոտով անցնելիս, հիշում ես, թե ոնց ծիծաղեցիր, հիշում ես, թե ինչպես ասաց.
- Այս կատակն առաջին անգամ չեմ լսում:
Պատմում ես Լիլիթին, ու վայրկյաններ անց գիդը նույն կատակն է անում:

Այս անգամ գիդը սահմանափակվում է զգուշացնելով, որ արագացնենք, եկեղեցին նկարենք, թե չէ ծառը կհայտնվի կադրում:

Նավում նստած ես նույն տեղում, ինչ տասնմեկ ամիս առաջ: Կողքիդ երեք նստատեղերը դատարկ են: Այն ժամանակ ո՞նց էիք նստել: Դու՞ էիր դրսային կողմում, թե՞ նա: Եթե նա էր, ուրեմն նրա եսասիրությունը դեռ այդտեղից պիտի նկատեիր. գիտեր, որ առաջին անգամ ես նավի շրջագայության գնում Կոպենհագենում, ինքը մի քանի անգամ գնացել էր, բայց, միևնույն է, լավ տեղը քեզ չէր զիջում: Թե՞ դու էիր լավ տեղում: Էդ դեպքում դու առաջինը նստել ես, նա կարող էր ուրիշ տեղ գնալ, բայց եկել, կողքդ տեղավորվել է:

Էդ օրը նկատել էիր, որ տարվել է քեզնով, մտածում էիր՝ շանս տաս: Մի քանի օր անց գնացել էիր ընթրիքին, որ նորից տեսնեիր նրան ու սխալմամբ սիրահարվել էիր: Ի՞նչ իմանայիր, որ ամիսներ անց քեզ ոչնչացնելու էր:

Շրջագայությունն ավարտվեց, ու հեռացար՝ այդպես էլ որևէ մեկի հետ չշփվելով, չծանոթանալով: Բայց լավ էր. հանգիստ էիր, առանց արցունքների, առանց ափսոսանքի, առանց տխրության: Իսկապես օգնում է նույն տեղերը գնալն ու նույն բաներն անելը մենակ կամ ուրիշ մեկի հետ: Ապաքինման գաղտնիքներից մեկն է, ու երևի ինչ-որ ամերիկացի պսիխոթերապևտ իր «Ինչպես ապաքինվել բաժանումից հետո» գրքում այս մեթոդը ներառել է:

StrangeLittleGirl
23.06.2015, 01:27
Լացում էի էսօր, ու էսքան ամիսների ընթացքում առաջին անգամ պատճառը դու չէիր: Լացում էի, որովհետև աշխատանքի սթրեսին էլ չեմ դիմանում: Լացում էի, որովհետև ես ամբիցիոզ եմ ու ուզում եմ բարձունքների հասնել, իսկ էստեղ դա ընդունված չէ, ու նույնիսկ լավ գաղափարը կարող են գետնով տալ: Լացում էի՝ փորձելով արցունքներս թաքցնել ողջ հանդիպման ընթացքում, ինչպես փորձել եմ այն ժամանակ, երբ դու էիր արցունքներիս պատճառը:

Երբ գործից դուրս եկա, ուզեցի, որ կողքիս լինեիր, որովհետև անցյալ տարի, երբ դու էիր նման իրավիճակում, ես ամեն ինչ թողել ու վազել էի մոտդ: Բայց ուզեցի մի տեսակ բութ ու հեռավոր կարոտով: Արդեն երեք օր է, ինչ լրիվ ուրիշ զգացողություններ են առաջանում քո մասին մտածելիս, եթե ընդհանրապես մտածում եմ: Ուրեմն հասել եմ. մտել եմ վերջին փուլ: Այստեղից սկսած դու այլևս իմ տիեզերքի կենտրոնը չես, այստեղից սկսած դու կամաց-կամաց մոռացվելու ես, ու երբեմն տխրելու եմ քեզ հիշելով, բայց դա գնալով ավելի հազվադեպ է դառնալու: Այստեղից սկսած ես կարող եմ նորից սիրել:

Հույս ունեմ՝ դեռ ապրում ես:

Մնաց երկու աշխատանքային օր (դե մեկն էլ, բայց էդ մեկը Երևանում եմ անցկացնելու):

StrangeLittleGirl
24.06.2015, 15:11
Ամբողջ քաղաքում խարույկներ էին վառել, որ կախարդուհուն այրեն: Քաղաքական գործիչները զանազան տեղերում ելույթներ էին ունենում (բառացի՝ խարույկաճառ ասում): Մենք Իսլանդս բրյուգեում էինք դանիերենից հետո: Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս, Ռընեին տեսա: Հետը դանիերեն էի խոսում: Զարմացավ: Դեյվիդենք հարցրին, թե որտեղից գիտեմ Ռընեին: Ասացի, որ չորս տարի առաջ Պրահայում կոնֆերանսի ժամանակ եմ ծանոթացել: Էստեղ էլ իրենք զարմացան:

Ռընեն Կոպենհագենում միակ մարդն էր, որին ճանաչում էի մինչև այստեղ գալս:

Գիշերը քնիցս վեր թռա: Ընդհանրապես, էս նոր տանը չեմ կարողանում լավ քնել: Կարծում էի՝ լույսից էր, բայց անցյալ գիշեր վարագույրները քաշել էի, որ ժամը երեքից անընդհատ չարթնանամ:

Երազիս մեջ Դեյվիդն ինձ գրկել էր ու ասում էր՝ ես քեզ սիրում եմ: Էնքա՜ն հանգիստ էր նրա գրկում լինելը: Իսկ ես լռում էի:

Արթնացա, գնացի ջուր խմեցի, եկա, նորից պառկեցի: Երազիս երկրորդ մասում Դեյվիդը հարցնում էր՝ դու ինձ սիրու՞մ ես: Կարծեմ վերջը ասացի՝ հա:

Իսկ առավոտյան ծիծաղս գալիս էր, որ երազիս մեջ Դեյվիդին եմ տեսել:

Էսօր գալիս եմ:

StrangeLittleGirl
27.06.2015, 03:23
Երևանում հավես ա, ինչպես միշտ: Բայց կյանքում իմ սեփական մշակույթից էսքան օտարացած չեմ զգացել: Մանր բաներ կան, որոնք առօրյայի մաս են կազմում, որոնք անելիս չես մտածում սովորաբար, բայց ես զգում եմ, որ ուղեղս սխալ նաստրոյկայի վրա ա: Օրինակ էսօր փաբում նստած էինք, ուզում էի հյութ պատվիրել: Ուզում էի հին դանիական սովորության համաձայն մոտենալ բարին, պատվիրել, վերադառնալ: Մոռացել էի, որ էստեղ մատուցողներ կան: Կամ՝ խանութներում վճարելիս անընդհատ ուզում եմ քարտս հանել:

StrangeLittleGirl
03.07.2015, 12:39
Էրեկ գիշերը Windrose-ի համերգից հետո տանը նստած եմ մամայիս հետ: Չգիտեմ՝ ինչից էինք խոսում: Մեկ էլ մամաս.
- Արդեն կարոտում ես Դանիան:
Ինչ-որ իմաստով ճիշտ էր: Ուրախ եմ, որ Հայաստանում էի, բայց ուրախ եմ նաև, որ շուտով վերադառնալու եմ:
Հետաքրքիր բան կա էս անգամ գալուս մեջ: Ուրախանում եմ սիրելի մարդկանց տեսնելով, ուրախանում եմ, երբ հայտնաբերում եմ, որ էս կամ էն բանը փոխվել ա: Բայց չկա էն հին նոստալգիկ վիճակը: Սենյակիս դարակներն էլ չեմ փորփրում ու էլ չեմ ուզում կյանքիս զանազան դրվագներ հիշեցնող իրեր հետս տանել: Չկա էն կարոտած, անհագ թափառումները Երևանում: Էս գալս ոնց որ արդեն ռուտինային լինի, իմ առօրյայի հատվածը: Ու որ հարցնում էլ են, առանց մտածելու պատասխանում եմ՝ տարին երկու անգամ գալիս եմ Հայաստան: Ու էսպես ամենաճիշտն ա. իմ կյանքն էնտեղ՝ Դանիայում, բայց մի փոքրիկ մասնիկ Հայաստանում:

Էրեկ համերգից հետո ընկերուհուս հաջող արեցի:
- Կհանդիպենք չգիտեմ երբ ու որտեղ,- ասեց:
Աշնանն ամուսնու հետ գնում ա Ամերիկա, ու մենք շատ լավ գիտենք, որ այսուհետ եթե մի քանի տարին մեկ հանդիպենք, էլի լավ կլինի:

StrangeLittleGirl
07.07.2015, 17:20
Երեկոյան Լիլիթի հետ թափառում էինք Վիեննայում ու խմելու տեղ փնտրում: Մեկ էլ Շտեֆանսպլացի մոտ մի հայ աղջկա տեսանք Լիլիթի թրեյնինգի խմբից: Ինքն էլ էր ընկերուհուն սպասում, որ գնան խմելու: Որոշեցինք չորսով իրար հետ խմել:

Գնացինք փաբ: Լիլիթի խմբի աղջիկն ասում էր, որ Հայաստանն արդեն կարոտում ա, շատ ա ուզում տուն գնալ (մի ամսից ավելի է, ինչ Վիեննայում են): Մյուս աղջիկն առավոտյան էր գնալու Հայաստան, չէր համբերում, էլի կարոտել էր: Ձեն չհանեցի: Ես էլ էի կարոտել: Դանիան:

StrangeLittleGirl
08.07.2015, 12:30
Ինչքան Թոնի Բենեթի համերգը մոտենում էր, էնքան անհանգստությունս մեծանում էր. ո՞վ է զբաղեցնելու կողքիս տեղը: Դժվար՝ ինքը ռիսկ անի, մենակով գա համերգ: Ուրեմն վաճառած կլինի տոմսը: Եթե նույնիսկ ռիսկը հերիքի ու ինքը գա, շատ տհաճ բան կլինի այսքան ամիս անց իրար կողք նստելը: Հնարավոր է նաև, որ մենակ չգա, հետի մարդը նստի մի ուրիշ տեղ կամ ինքը նստի մի ուրիշ տեղ: Իսկ գուցե ե՞ս վաճառեմ տոմսը, պրծնեմ էդ դարդից: Ու մինչ էսպես ուղեղիս մեջ հնարավոր սցենարներն էի պատկերացնում, բացեցի, դարակիցս հանեցի տոմսն ու տեսա, որ առանց նստատեղերի, այսինքն՝ կանգնելու տեղերով համերգ է: Ուրեմն անհանգստանալու բան չկա: Կգնամ շուտ, կկորեմ բազմության մեջ, ու ինձ մեկ կլինի, թե ինքն ինչ է արել իր տոմսի հետ:

StrangeLittleGirl
09.07.2015, 01:52
Չկայիր, ջանս, դու էնտեղ չէիր: Ոչ թե չգտա քեզ (որովհետև համերգից առաջ առաջին մի ժամվա ընթացքում լավ ուսումնասիրում էի եկածներին), այլ ուղղակի չէիր եկել: Բազմությունը մի լավ տնտղելուց ու քեզ մտովի նորից վերլուծելուց հետո եզրակացրի. դու էնտեղ չես: Չէիր կարող էնտեղ լինել, որովհետև դու երբեք դուրս չես գալիս քո կոմֆորտի զոնայից: Եթե դուրս եկող լինեիր, առաջին հերթին մի երկու քայլ կանեիր, որ ինձ կողքիդ պահեիր, ջանք կթափեիր, որ ընկերներ ձեռք բերեիր, չէիր ատի լիտվացիներին, այլ կփորձեիր հասկանալ նրանց:

Ու հաստատ գիտեմ, որ տոմսդ ծախել էիր: Գիտեմ, որ չէիր նվիրի ու չէիր հասկանա, թե ինչու համառորեն չէի ուզում Թորիի տոմսը վաճառել ու անվճար էի առաջարկում:

Իսկ համերգին մինչև վերջ մնալ չկարողացա, որովհետև մրսում էի: Եկա տուն ու տեսա, որ օնլայն ես: Ուրեմն հաստատ էնտեղ չէիր: Ու դա լավ է:

Ինչպե՞ս քեզ շնորհակալություն հայտնեմ քո առատաձեռնության համար, որ քաղաքն ինձ ես թողել: Ինձ ես թողել համերգներն ու այգիները, լճի ափին զբոսանքներն ու Ահա ֆալաֆելանոցը, փառատոններն ու սրճարանները, թանգարաններն ու նեղլիկ փողոցները ու փակվել ես քո ձանձրալի սենյակում: Երկուսս էլ լավ գիտենք, որ մեր պատահական հանդիպումը սարսափելի մի բան կարող է լինել: Մեկ-մեկ որ պատկերացնում եմ, ինձ թվում է՝ քեզ ոչ մի լավ բան չեմ ասելու: Իսկ վատ բան ասել չեմ ուզում: Արհամարհել չեմ ուզում: Շնորհակալ եմ, որ ամեն ինչ ինձ ես զիջել, ու հանգիստ գնում եմ ամեն տեղ՝ առանց վախենալու, որ քեզ կհանդիպեմ, իսկ ինքդ փակվել ես քո տաքուկ կոմֆորտի զոնայում:

StrangeLittleGirl
09.07.2015, 19:48
Ընդամենը վաղը չէ մյուս օրը Դուբլինում կլինեմ: Երեք տարի առաջ մտքովս չէր անցնում, որ նման մի ճամփորդություն եմ կազմակերպելու, բայց գիտեի, շատ լավ գիտեի, որ վերադառնալու եմ:
Գործընկերներս էս օրերին շատ են խոսում արձակուրդներից: Հարցնում են Դուբլինից ու Դամիեն Ռայսից: Որ շատ հարցեր չտան, արագ պատասխանում եմ.
- Մենակ եմ գնում:
Կարևոր, որոշիչ ճամփորդություն է ինձ համար: Գնում եմ, որ համոզվեմ, որ Իռլանդիան դու չես: Գնում եմ ինքս ինձ ներսից հերձելու ու մնացորդային մաղձը դուրս թափելու համար: Գնում եմ առանց կոմպի՝ արտաքին աշխարհի հետ կապի մինիմալ միջոցներով: Ու խմելու եմ իռլանդական փաբերում, լացելու եմ Դամիեն Ռայսի համերգին, վախենալու եմ Սկելլիգ կղզիներում, կիլոմետրերով քայլելու եմ Ատլանտյանի ափին՝ մինչև հասնեմ Մոհերի ժայռերին, ավտոբուսների պատուհաններից տեսնելու եմ ամբողջ Իռլանդիան: Գրելու եմ, մտածելու եմ, լացելու եմ, ծիծաղելու եմ, շփվելու եմ մարդկանց հետ: Ու ինձ լավ եմ զգալու իմ սիրելի երկրում: Վերադառնալու եմ, ու Իռլանդիան մնալու է պարզապես Իռլանդիա ինձ համար՝ առանց անձնավորվելու, առանց կոնկրետ մարդկանց հետ կապ ունենալու, առանց դառը հիշողություններ արթնացնելու:

StrangeLittleGirl
11.07.2015, 12:07
Ոնց որ թարս լինի: Առավոտյան ութից առանց որևէ ջանքի ոտքի վրա եմ: Քնելու ոչ մի ցանկություն: Ներքուստ տագնապ եմ զգում: Սրտխփոց: Ե՞րբ են էս մի քանի ժամերն էլ անցնելու, որ վերջապես քայլեմ Դուբլինով ու կտրվեմ ինտերնետից:

Էսօր նորից մեր վերջին զրույցը կարդացի: Ահագին ժամանակ է անցել այն օրվանից, ինչ վերջին անգամ այն կարդացել եմ: Երևի մոտ երկու ամիս: Շատ բաներ են փոխվել այս ընթացքում, երկար ճանապարհ եմ անցել: Հիմա կողքից նայողները կասեն՝ հիմարի մեկն ես, ինչու՞ ես կարդացել: Բայց լավ արեցի: Կարդացի որպես կողքից նայող, որպես մեկը, որը զրուցակիցներից երկուսին էլ չի ճանաչում: Ու տեսա նրա սարսափելի էգոցենտրիզմը, տեսա, թե ինչպես է ինքն իր վրա ֆիքսված, տեսա, թե ինչպես թքած ունի դիմացինի զգացմունքների վրա: Ու ես էսպիսի մարդու՞ էի սիրում: Ու էս մա՞րդն է կյանքս տակնուվրա արել:

Մի սև բլոկնոտ ունեի, ձեռագիր օրագիրս էր: Սկսել էի գրել մոտավորապես նրան հանդիպելու ժամանակներից: Մի տասը թերթ բան էր մնացել, արդեն վերջանում էր: Երեկ մի քանի էջ էլ գրեցի, վերջին էջերին խզբզեցի ու դրեցի կարդացած գրքերի արկղի մեջ: Հետո վերցրի նոր բլոկնոտս. դա ինձ կուղեկցի իմ ճամփորդության ընթացքում:

Տագնապս ուժգնանում է չգիտեմ ինչու: Պատճառ չունեմ տագնապելու, որովհետև էսօր լավ է լինելու: Էսօր թափառելու եմ Գրաֆթոն սթրիթում, զրուցելու եմ փողոցային երաժիշտների հետ, մտնելու եմ փաբ ու Գինես խմելու: Էսօր լավ է լինելու:

StrangeLittleGirl
18.07.2015, 21:24
Լավ էր Իռլանդիան: Էսպիսի լիքը, արկածային, հետաքրքիր ու ոգեշնչող ճամփորդություն դեռ երբևէ չէի ունեցել: Չգիտեմ՝ սպասելիքներս արդարացան, թե չէ, որովհետև չէի սպասում, որ մի ամբողջ օր Դուբլինում լացելու եմ, չէի սպասում, որ Դուբլինն ինձ հիշեցնելու է կոնկրետ մի մարդու այնպես, ինչպես անգամ Կոպենհագենը չի հիշեցնում, չէի սպասում, որ ավտոբուսների մեջ սրտխառնոց կունենամ, չէի սպասում, որ էդքան շատ տեղացիների հետ կշփվեմ: Բայց հաստատ գիտեի, որ ինչ-որ ուղի եմ անցնելու, գտնելու եմ հարցերի պատասխաններ, որոնք մինչև հիմա չունեի, կայացնելու էի որոշումներ, որոնցից խուսափում էի, հասկանալու էի, թե ինչ եմ ուզում կյանքիցս:

Լավ էր Իռլանդիան՝ երաժշտական, աղմկոտ, ջերմ, անձրևոտ, հումորով, միամիտ, հասարակ: Մնացածը կպատմեմ բլոգումս:

StrangeLittleGirl
20.07.2015, 13:53
Չորս ամիս, ջանս, չորս ամիս: Հույս ունեմ՝ լավ ես:
Իսկ էսօր գնում եմ Նյուքասըլ: Էս ամառվա հավանաբար վերջին ճամփորդությունս:

StrangeLittleGirl
23.07.2015, 01:50
Իմ կյանքի ամենակախարդական պահերից էր: Չգիտեմ ինչու հիշեցի: Ստեղ կատարումը չէր հարցը, այլ էն, որ բոլորն իրար հետ երգում էին ու էն, թե ինչ էին երգում իրար հետ:

https://www.youtube.com/watch?v=0K6W3HwDgB0

StrangeLittleGirl
23.07.2015, 14:35
Մտածում էի՝ վերջ, մոռացել ես ինձ, էլ բլոգս չես մտնում: Մտածում էի՝ ուրեմն իմ ժամանակն էլ է հասել քեզ մոռանալու: Բայց երեկ տեսա, թե ինչպես ինչ-որ մեկը գուգլ թրանսլեյթը ձեռքին զբոսնում է Իռլանդիայի մասին գրառումներիս վրայով: Տեսա, նայեցի հենգաութսում անվանդ կողքին վառվող կանաչ լույսին, նայեցի էնպես, ինչպես կնայեի աչքերիդ մեջ:
Ի՞նչ քեզ ասաց կցկտուր անգլերեն տեքստը: Իմացա՞ր, որ Իռլանդիայում քեզ եմ հիշել, հետս ճամփորդում էիր, չնայած ֆիզիկապես չկայիր: Իմացա՞ր, թե ոնց ես կյանքս տակնուվրա արել: Իմացա՞ր, որ անկախ ամեն ինչից առանց քեզ էլ լավ եմ: Իմացա՞ր, որ չեմ վախեցել խոցելի դառնալուց ու էդ բոլոր պատմությունները գրել եմ իմ ամենալայն լսարանի առաջ: Բայց դու չտեսար, թե ինչքան շատ մարդիկ են արձագանքել այդ պատմություններին՝ փակ նամակներով, թե մեկնաբանություններով: Ու չիմացար, որ ես ինձ անսահման ուժեղ զգացի՝ հասկանալով, որ չեմ վախեցել իմ խոցելի կողմերը ցույց տալուց: Ու գնացի իմ այն ամենաթաքուն բլոգը, որի տեղը ոչ ոք չգիտի, գրեցի անունդ ու ասացի՝ շնորհակալություն:

Նայեցի անվանդ կողքին վառվող կանաչ լույսին ու մտածեցի՝ ուզում ես ինչ-որ բան ասել: Սպասեցի: Լռություն: Ու կշարունակվի լռությունը: Հավե՞տ:

StrangeLittleGirl
25.07.2015, 02:41
Հա, մոռացա ասել, մի տարի առաջ էս օրն ենք ծանոթացել: Էն ժամանակ, երբ հստակ զգացի, որ ինձնով հետաքրքրված ես, ու եկա, Մանուին գրեցի, թե՝ մի հալալ, կաթնակեր գյուղացի իռլանդացու հետ եմ ծանոթացել, մտքովս կանցնե՞ր, որ կյանքս էս կարգի խառնելու ես իրար: Երբ ծանոթացա Թոմասի, Դարինի ու Ջոնի հետ, երբ նախկին ընկերս հանկարծակի հայտնվեց ու ինձ հետ կանչեց, գիտեի՞, որ էդ բոլորի միջից քեզ էի ընտրելու, ու դու ինձ մերկացնելու էիր, շերտ առ շերտ բացելու էիր իմ ամենախոցելի տեղերը, որ հետո տրորեիր ու վրայովս անցնեիր:

Շնորհավոր, ինչ ասեմ, շնորհավոր, որ մի տարի առաջ ինձ նման մարդու հետ ես ծանոթացել:

StrangeLittleGirl
26.07.2015, 04:21
Նայում էի այդ կանաչ աչքերի մեջ ու մտածում՝ իսկապե՞ս: Նկատում էի այդ անվճռականությունը, ամաչկոտությունը ու խորությունը, խորությունը, խորությունը...
- Դուք տափակ հաց ունեք, անունը՝ լավաշ, չէ՞,- ասում է:
Նայում եմ աչքերի մեջ, նայում եմ զարմացած, նայում եմ ոգևորված:
- Դու որտեղի՞ց գիտես:
Մենք բոլորս ամենից շատ մեր երկրի հացն ենք կարոտում, ես՝ ծիրանը:
Շեկ մորուքի հետևում թաքնված մի աշխարհ էի տեսնում, մի օվկիանոս, մի խորություն, որ վաղուց չէի զգացել: Հրաժեշտի պահին մեկ առաջ եկավ, որ գրկի, մեկ հետ գնաց, որ ձեռքը պարզի: Ժպտացի ու ձեռքս մեկնեցի.
- Կհանդիպենք:
Ու հավատս չէր գալիս: Այս մի տարվա մեջ առաջին անգամ սիրտս սկսեց արագ խփել մեկ ուրիշի համար: Ու չէի հավատում, որովհետև չգիտեմ՝ մենք երբևէ կհանդիպե՞նք նորից:
***
Հետիս դանիացիներն ասացին, որ իրենց ժամանակ է պետք, որ մենակ մնան, հանգստանան զանազան սոցիալական շփումներից: Ու առաջին անգամ իսկապես ինքս ինձ համար հաստատեցի, որ ճիշտ երկրում եմ ապրում: Ինտրովերտ հասարակության մաս լինելուց լավ բան չկա:

Իսկ ես ու Դիթեն աստիճաններին երկար խոսեցինք: Մի՞թե պետք էր Անգլիա հասնել էսքան լավ իրար հասկանալու համար: Գրողը տանի, ո՜նց եմ սիրում կյանքը:

StrangeLittleGirl
28.07.2015, 01:06
Էսօր գլուխս դրել էի յոգայի գորգիկին ու մտածում էի՝ ինչ լավ է, որ վերջապես վերադարձել եմ նորմալ կյանք: Էս վերջին մի ամիսն իրոք գժանոց էր: Նման բան երբևէ չէր եղել: Հաշվեցի. մի ամսվա մեջ հինգ տարբեր երկրներում եմ եղել, հանդիպել կյանքիս տարբեր փուլերի մարդկանց, յոթ անգամ ինքնաթիռ եմ նստել: Միանշանակ կարող եմ ասել, որ կյանքում էնքան չեմ ճամփորդել, ինչքան էս վերջին ամսվա ընթացքում: Ու ճամփորդել եմ տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներով. ինքնաթիռով, մեքենայով, ավտոբուսով, գնացքով, նավով, հեծանիվով: Չնայած հրաշալի ժամանակ եմ անցկացրել, էսօր ուրախ էի, որ վերջապես վերադարձել եմ իմ նորմալ առօրյային: Չէի հասցնում մի անգամ ճամպրուկս դատարկել, երբ նորից հավաքելու ժամանակն էր գալիս: Մի քանի օրից նորից հավաքելու եմ, որ նոր տուն տեղափոխվեմ:

Դեռ երեկ, երբ Նյուքասըլի օդանավակայանում Դիթեի հետ նստած սպասում էինք մեր ուշացող ինքնաթիռին, ասացի, որ Դանիայում երկու բան կա, որ չեմ սիրում. տան խնդիրն ու եղանակը: Իսկ էսօր, երբ յոգայի դասից հերթական ժամանակավոր կացարանս էի գալիս, զգացի, որ գրողը տանի, ես էստեղ ինձ տանն եմ զգում: Երևի Դանիայից կատարյալ երկիր չկա ինձ համար: Արդեն ավելի քան մի տարի է անցել, ու հնարավոր չէ շառը գցել մեղրամսային փուլի վրա: Ես բնավորությամբ շատ համապատասխան եմ Դանիային:

Երեկ, երբ Նյուքասըլի օդանավակայանում էինք, ու ինքնաթիռն ուշանում էր, Կոպենհագենի համալսարանի պատվիրակության վեց հոգիս մեր պայուսակներից գրքեր հանեցինք ու սկսեցինք կարդալ: Երեկ, երբ Դիթեն, Մարիան ու ես դուրս եկանք հյուրանոցից, նախաճաշեցինք քաղաքի կենտրոնում, բայց հետո ցրվեցինք տարբեր ուղղություններով. երեքս էլ մենակ մնալու կարիք ունեինք: Ու հիշում եմ, թե ոնց էր, երբ հայերի հետ էի գնում կոնֆերանսների: Հիշում եմ՝ ոնց էի տանջվում, որ կարողանամ ցրել մարդկանց, որ մենակ մնամ: Իսկ դանիական հասարակությունը հարգում է մենակ մնալու քո ցանկությունը:

Ամսվա սկզբին, երբ Լիլիթի հետ թափառում էինք Վիեննայում, ասաց, որ զարմանում է, որ էդքան լավ է տրամադրությունս, չնայած երեք լուրջ խնդիր ունեմ: Հետաքրքիր է՝ երեքն էլ այս կամ այն կերպով կապված են Դանիայում իմ կյանքի հետ, բայց դրանք լրիվ ուրիշ կերպ եմ ընկալում:

Եվ երբ Լանգեբրոյով իջնում էի հեծանիվով, նկատեցի, որ չնայած տասնհինգ աստիճան է, չէի մրսում: Քամի չկար, բայց մանր անձրև էր թափվում: Ու հասկացա, որ էստեղ ես տանն եմ: Ուրեմն պիտի ամեն գնով էնպես անեմ, որ մնացած կյանքս էստեղ ապրեմ: Էդպիսով ես դանիացի չեմ դառնում, օտար առոգանությունս դանիերենիցս չի անհետանում, մազերիս գույնն էլ չի բացանում:

Անցյալ տարի այս ժամանակները, երբ այս նույն բանը մի տղայի ասացի, զարմացավ ու հարցրեց, թե արդյոք շուտ չէ վերջնական բնակավայրի մասին մտածելու համար: Գուցե երեք ամիս անց դեռ շուտ էր, բայց մի տարի ու երեք ամիսն արդեն հաստատ հերիք է հասկանալու համար, որ էստեղ եմ ուզում ապրել: Ես երևի բացառիկ բախտավոր մարդ եմ, որովհետև գիտեմ, որ ինձ նման շատերը կան, որոնք երբեք իրենց տունը չեն գտնում:

Այդ նույն տղան երկու տարի անց զանգելու է ծննդյանս օրը ու հարցնի, թե արդյոք չեմ զզվել Դանիայից: Ու պատասխանը պատրաստել եմ այսօրվանից. չէ, այստեղ ես տանն եմ:

StrangeLittleGirl
29.07.2015, 23:23
Լուիզի բնակարանն այն նույն թաղամասում էր, որտեղ ապրել եմ ամբողջ գարունը: Դժվարությամբ գտա, որովհետև մի կողմում փողոցներն անուններ չունեին: Կես ժամ ուշացել էի:

Երբ վերջապես հասա շենքին, հիշեցի, որ բնակարանի համարը չգիտեմ: Հերթով կարդացի անունները՝ փորձելով գուշակել, թե Լուիզն ինչ ազգանուն կունենա: Պիտի որ մենակ ապրելիս լինի: Ուրեմն զույգ ազգանունները կարող եմ միանգամից բացառել: Շենքի բոլոր տասներկու բնակարաններից միայն մեկի մոտ էր անուն-ազգանուն գրված: Լուիզն էր: Զանգը տվեցի:

Երկրորդ հարկում տեսա, որ Լուիզի դիմացի հարևանի անունն էլ է Լուիզ: Բախտս բերել էր, որ դռան մոտ նրա անունը չկար:

Մնացածներն արդեն հավաքվել էին ու որոշում էին, թե հաջորդ ամիսներին ինչ է կարդալու: Երբ ներս մտա, Լուիզը թեյ առաջարկեց:

Բնակարանը մեծ չէր: Երևում էր՝ դա Լուիզի և՛ ճաշասենյակն էր, և՛ խոհանոցը, և՛ ննջարանը: Բայց կար նաև մի փակ դուռ, որի վրա մանկական նկարներ էին փակցված ու ստորագրված. «Կասպեր»:

- Կլինիկական հոգեբան եմ,- ներկայացել էր Լուիզը մեր առաջին հանդիպման ժամանակ: Բացի դրանից նրա մասին ուրիշ ոչինչ չգիտեինք:

Սկսեցինք քննարկել «Մի մարդու Աստվածաշունչը»: Ոչ ոք չէր հասցրել վերջացնել, բացի ինձնից: Ոչ մեկիս դուր չէր եկել:
- Սեքսն էնքան անձնական բան է,- ասաց Լուիզը,- չեմ պատկերացնում՝ ինչ-որ մեկն իմ կուսաթաղանթը ստուգի:
Ոչինչ չասացի Հայաստանի դարավոր գունավոր խնձորների մասին:

Հաջորդ գրքերը պլանավորեցինք մինչև հոկտեմբեր, իսկ նոյեմբերին որոշեցինք նոր նոբելյանակրին կարդալ:

Լուիզի տնից դուրս եկա, քշեցի տուն: Ճամփին հերթով նայում էի բոլոր հարմարավետ բնակարաններին ու մտածում՝ ինչու՞ ինքս չեմ կարող էդպիսի բնակարան ունենալ: Մի օր կլինի՞, որ ես էլ պատշգամբում ծաղիկներ դնեմ, ճաշասենյակում՝ փայտե սեղան, մոմեր վառեմ, տոնածառ զարդարեմ:

Գնացի հերթական սենյակը նայելու: Ամեն անգամ ինձ թվում է՝ սրանից վատ բան չեմ տեսել: Սա գերազանցեց բոլոր սպասելիքներս. նկուղ, կիսակոտրված կահույք, մետլախե հատակ: Չուզենալով հեռախոսիս համարը թողեցի տանտիրոջը: Երանի չզանգի:

StrangeLittleGirl
31.07.2015, 02:26
Կոպենհագենում ոչ մի ուղիղ փողոց չկա, այսինքն՝ երբեք երկու փողոց իրար զուգահեռ չեն: Սկզբում դա կարող է ներվայնացնող թվալ, որովհետև մի խաչմերուկ ուշ կամ շուտ թեքվելու արդյունքում կարող ես լրիվ ուրիշ տեղում հայտնվել: Բայց հետո սովորում ես, իսկ ավելի ուշ՝ նաև սիրում:

Եվ այո, Կոպենհագենում ոչ մի ուղիղ փողոց չկա. ո՛չ կենտրոնում, ո՛չ ծայրամասերում, ո՛չ արվարձաններում: Ու ինչքան էլ քաղաքը լավ իմանաս, մի սխալ շարժում, ու կես ժամ կյանքիցդ գնում է ճանապարհը նորից գտնելու համար: Սիրում եմ կորել էդպես, խառնվել իրար, ջղայնանալ, որ ժամանակին չեմ հասնելու, էնքան պտտվել, որ ի վերջո հայտնվեմ փնտրածս կամ ծանոթ փողոցում ու էդպես էլ չհասկանամ՝ ոնց ստացվեց:

Էսօր էլ էդ օրերից էր: Դրա պատճառով մոտ քառասուն կիլոմետր քշել եմ: Անցել եմ քաղաքի ամբողջ արևմտյան կեսով: Ու տեղ-տեղ ծանոթ մասերում էի հայտնվում, հիշողություններ էին արթնանում, տեղ-տեղ պանիկայի մեջ էի ընկնում, թե՝ էս ուր եմ: Ու մտածում եմ՝ էս քաղաքն իրոք հրաշալի բան է, որ մի տարվա մեջ էսքան հիշողություններ է նվիրել ինձ: Մտածում եմ՝ էս ինչ լիքը կյանք եմ ապրել ընդամենը մի տարում:

StrangeLittleGirl
01.08.2015, 18:54
Հետաքրքիր բաներ են կյանքում ճիշտ պահերը:

Անցյալ շաբաթ ամեն օր ջիմի շորերը պայուսակիս մեջ գնում էի գործի, բայց ալարում էի ջիմ մտնել, չնայած ի տարբերություն մի քանի ամիս առաջվա, գործիցս ջիմ հինգ, ջիմից տուն էլի հինգ րոպեի հեծանվի ճամփա էր:

Էսօր յոգայի ժամ վերցրի, մտածեցի՝ հին սովորության համաձայն սկզբում կես ժամ կվազեմ, հետո յոգա կանեմ:

Սկսեցի վազել: Մի քանի րոպե հետո քրտնեցի: Ու զգում եմ՝ էլ էն առաջվա հաճույքը չեմ ստանում: Էլ ներսումս ագրեսիա ու ջղայնություն չկա, որ դուրս թափեմ: Էդպես մի կերպ տասնհինգ րոպե վազեցի, մտածեցի՝ մյուս տասնհինգ րոպեն հանգստանամ մինչև յոգայի դասը:

Իսկ յոգան աննկարագրելիորեն լավ անցավ: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի յոգայի դասից էսպիսի հաճույք ստացել ու դասից լրիվ ռելաքս եղած դուրս եկել:

Ու հասկացա, որ իմ կյանքում փուլ էր, երբ վազելու պահանջ ունեի: Վազում էի ու դրանից հաճույք ստանում: Հիմա էլ պահանջ չունեմ: Իմ պահանջը գորգիկի վրա ձգվելն է: Մենակ էս դեպքում չգիտեմ՝ DHL-ի վազքը ոնց եմ ձգելու, եթե չպարապեմ:

StrangeLittleGirl
03.08.2015, 00:03
Էսօր սեղանի շուրջ նստած էինք մի հինգ-վեց հոգով: Բոլորս էն մարդկանցից էինք, որոնք հազար ու մի երկրում են ապրել: Քննարկում էինք, թե ինչքան պարզ ու հասարակ է, երբ մարդը ծնվում է մի գյուղում ու ամբողջ կյանքն ապրում էդ գյուղում: Էլ տուն կոչեցյալը չեն փնտրում: Էլ չեն ունենում էն զգացողությունը, թե ոչ մի տեղ տանը չեն: Իսկ մենք ահագին խճճված արարածներ ենք ու մի տեղից մյուսն ենք վազում:
- Բայց ոչ մեկին չգիտեմ, որ Դանիայում լավ լինի,- ասաց աղջիկներից մեկը: Սեղանի շուրջ նստած մեկուկես դանիացիները համաձայնեցին:
- Ես լավ եմ,- ասացի:
Միանգամից վրա տվեցին.
- Ինչքա՞ն ժամանակ է, որ էստեղ ես:
- Մի տարի ու մի քանի ամիս:
Լռեցին: Եթե ասեի՝ երկու շաբաթ կամ մի ամիս, ասելու էին՝ մի քիչ էլ մնա, հետո կխոսենք: Բայց մի տարուց ավելն արդեն ծանր է հնչում, կարծիք ունենալու իրավունք ունեմ:
- Երկու բան կա, որ չեմ սիրում այստեղ,- ասացի,- մեկը տան խնդիրն է, մյուսն էլ եղանակը: Բայց դե ամեն տեղ էլ լինելու են բաներ, որ չեմ սիրելու:
- Կոպենհագենը ոնց որ բռի ամուսին լինի,- ասաց նույն աղջիկը,- անընդհատ ծեծում է քեզ, բայց հենց արև է դուրս գալիս, կարծես քնքշանում է, ասում՝ սիրում եմ քեզ:
Ես Կոպենհագենը սիրում եմ անգամ երբ ամպամած է, ու անձրևը չի դադարում:

StrangeLittleGirl
05.08.2015, 18:36
Էս բնակարանը, որտեղ ապրելու եմ մինչև հաջորդ երկուշաբթի, մի շենքում ա, որը շուրջը այգի ունի: Էդ այգում եմ հեծանիվս կայանում, դարպասով դուրս գալիս, մտնում շենք: Ամեն անգամ դեպի դարպաս գնալիս հայացքս գցում եմ առաջին հարկի պատուհանին, որը վարագույրներ չունի: Հարմարավետ հյուրասենյակ է, պատուհանի մոտ՝ ցածր սեղան: Էդ սեղանին փռված մի կատու կա: Երբեմն ոտքերն է լպստում, երբեմն աչքի տակով անցնող-դարձողին է նայում, երբեմն քնած է: Սիրում եմ էդ պատուհանից ներս նայել: Խաղաղ կյանք է էնտեղ, տուն է, ինչ-որ մեկի կամ մի քանիսի անկյունն է:

Հետո մտնում եմ տուն: Տանտիրոջս ընկերուհին հյուրասենյակում նստած ինչ-որ բան է գրում: Տանտերս իր սենյակում է: Փափուկ երաժշտություն է միացած: Օդի մեջ լիքը սեր ու ներդաշնակություն կա: Խոհանոցում սենդվիչ եմ սարքում, մտնում պստիկ սենյակս: Սկզբում ընկերուհու ներկայությունը ներվայնացնում էր. օրը քսանչորս ժամ սեքս էին անում, ընկերուհին գոռում էր, ես էլ ամաչում էի էդ գոռոցների տակ խոհանոց մտնել, ուտելու բան սարքել: Բայց հետո իրենց սեքսի տեմպերը նվազեցին, կապվածությունը մեծացավ, ու սկսեց ինձ դուր գալ նրանց սերը:

Գրքերս ցաքուցրիվ են լրիվ: Մի մասն էս պստլիկ սենյակումս են, մի մասը՝ գործիս տեղը, իսկ ամենամեծ մասը՝ Հայաստանում: Հայաստանում են նաև ֆոտոալբոմներս, բացիկների հավաքածուներս ու լիքը ուրիշ անպետք բաներ, որոնք ամեն օր չես գործածում, բայց մոտդ ես պահում: Միշտ մտածում եմ՝ ամեն անգամ Հայաստանից հետ գալիս հետս մի ճամպրուկ էդպիսի իրեր բերեմ: Մտածում եմ ու չեմ անում: Չեմ անում, որովհետև չեմ ուզում առանց էդ էլ ահագին բեռներիս նոր բեռ ավելացնել ու տեղափոխությունը դժվարացնել:

Ու մտածում եմ՝ կգա՞ վերջապես մի օր, երբ կունենամ իմ հյուրասենյակը, որտեղ կատուն կփռվի սեղանին ու պատուհանից դուրս կնայի, որտեղ մի մեծ գրապահարան կլինի ու կտեղավորի իմ բոլոր գրքերը, որտեղ երեկոյան կնստեմ ու ինչ-որ բան կգրեմ, մինչ կողքի սենյակում երաժշտություն միացած կլինի ու ինչ-որ մեկը մահճակալին փռված կհանգստանա լարված աշխատանքային օրվանից հետո:

StrangeLittleGirl
07.08.2015, 02:01
Ինչի՞ց ա, որ հիմնականում էն մարդիկ են սկսում խրատներ տալ, թե անձնականն էլ ա կարևոր, մենակ գործը չի, ֆլան-ֆստան, հենց էն մարդիկ են, որոնք հաստատ գիտես՝ թքած ունեն քո երջանկության վրա:
Ու չգիտեմ՝ մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ անձնական ունենալու մասին խրատներ տալը մեղմ ասած անտակտ բան ա: Դուք ի՞նչ գիտեք իմ կյանքում ինչ ա կատարվում, որ ձեր բարձունքից ասում ենք՝ գործը գործ, բայց անձնականն էլ ա կարևոր:

StrangeLittleGirl
08.08.2015, 00:48
Էսօր ամբողջ երեկոն Էլոիզի հետ էի: Երկու շաբաթից մագիստրոսական թեզի պաշտպանությունն է: Լարված է, անհանգստանում է:

Էլոիզի հետ անցյալ հունվարին եմ ծանոթացել, երբ դեռ թեզի թեմա չուներ: Էդ ամբողջ պրոցեսով հետն անցել եմ, ու հիմա ուրախ եմ, որ թեզը հանձնած է, մնում է՝ պաշտպանի: Բայց օգոստոսի վերջին հեռանալու է Դանիայից: Առաջին անգամ է, որ մեկնողը ես չեմ, ու տարօրինակ զգացողություն է: Էլոիզը Դանիայում իմ երեք ամենամտերիմ ընկերուհիներից է:Որ գնա, կմնան Մայան ու Մագդան: Իսկ Մայան կես տարուց կգնա:

Օտար երկրում օտարերկրացիների հետ շփվելն էդպես է. ընկերական շրջապատդ անընդհատ փոխվում է: Դրա մեջ տխուր բան կա, բայց մյուս կողմից մխիթարվում ես նրանով, որ նրանք գտնվում են աշխարհում ինչ-որ մի տեղ, ու կարող ես մի օր հյուր գնալ:

Վախենամ՝ շուտով երկրագնդի վրա չմնա երկիր, որտեղ բնակվող ընկերներ չունենամ:

StrangeLittleGirl
09.08.2015, 21:30
Ուսանող ժամանակ մենք շատ էինք մրցակցում: Առողջ, սիրուն մրցակցություն էր, շեշտը հիմնականում դրված էր նրա վրա, թե ով ավելի շատ բան գիտի, ոչ թե ով ավելի բարձր կստանա: Ու որ զգում էինք՝ մի բան էն չէր, գնում, մի երկու բան ավել էինք կարդում: Ընտիր թիմ էինք. բոլորիս բարձր ստանալը բոլորիս հաղթանակն էր:

Պիտի որ ավարտելուց հետո նման ընկերությունն ավելի խորը արմատներ գցեր, բայց արի ու տես, որ չէ: Գնալով ավելի ու ավելի է դժվարանում նախկին համակուրսեցիներիս հետ շփումը (բացառությամբ երկու հոգու): Հիմա մրցակցությունն ավելի է ուժեղացել, դրան գումարվել է նախանձը, ու երբ մեկը գրում է «ո՞նց ես», դրա տակ հասկանում ես՝ ես թքած ունեմ, թե ոնց ես, բայց գրում եմ, որ իմանամ՝ ինձնից լավ չես: Իմ՝ Եվրոպայում գտնվելն ընկալում են որպես երջանիկ պատահականություն, ոչ թե քրտնաջան աշխատանքի կամ նպատակասլացության արդյունք, փորձում են նույն «կանալներով» իրենք էլ գան:

Մեկը ես շատ եմ ուզում, որ իմ համակուրսեցիները մեծ բարձունքների հասնեն՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում: Ուզում եմ, որովհետև դա էլի մեր ընդհանուր թիմային հաղթանակն է: Բայց իրար օգնելու, միմյանց համար հենարան լինելու փոխարեն զրույցները վեր են ածվում ֆշշոցների ու կծոցների: «Դե հա, բժշկությամբ չես զբաղվում», «Բա երկու տարի հետ ի՞նչ ես անելու» և այլն:

Էս ամենն էդքան ծանր չէի տանի, եթե բանը չհասներ երբեմնի մտերիմ ընկերուհիներիս: Արդեն քանի օր է՝ վիրավորանքից տեղս չեմ գտնում: Մտածում եմ՝ գուցե պատմեմ նենց, ոնց որ կա, հանգստանամ:

Ու էդպես իմ ամենամտերիմ համակուրսեցիներից մեկը գիշերվա ժամը հազարին գրում է, հարցնում, թե ինչու քնած չեմ, թե արդյոք սիրահարված եմ: Պատասխանում եմ, որ մեզ մոտ դեռ էդքան ուշ չէ, ընդամենը կեսգիշեր է: Ու մեկ էլ շատ ուղիղ հարց.
- Ե՞րբ ա պայմանագիրդ լրանում:
- Երկու տարի հետո,- պատասխանում եմ:
- Դե լավ ա, հլը հույս կա, որ կգտնես քոնին ու էլ չես գա:
Էսպիսի արտահայտություններ լսելիս գլխիս կափարիչը թռնում է: Թե՛ Դանիայում, թե՛ Հայաստանում բոլորին անընդհատ ասում եմ, որ ոչ մի դեպքում հանուն մնալու չեմ ամուսնանա:
Ջղայնությունս զսպում եմ, ինձ էշի տեղ դնում ու պատասխանում.
- Հա, կարող ա հետո ուրիշ գործ ճարեմ:
- Հո մենակ չենք ապրում գործի համար... անձնականն էլ ա շատ կարևոր,- գրում է:
- Հա, կարևոր ա, բայց առաջնային չի:
- Փաստաթղթերդ էլ գրպանդ դրած: Բարի գիշեր:

Էս վերջին նախադասությունը ոնց որ մուրճով հարված լիներ գլխիս: Ու նստած մտածում եմ. չէ, բայց ինչու՞: Ախր ես ուզում եմ, որ բոլորին լավ լինի, ախր իմ լավ լինելը ոչ մեկի լավ լինելուն չի խանգարում, ախր ինչի՞ համար են ֆշշոց-կծոցները:

Չգիտեմ, երևի Հայաստանում շատ պիտի հաց ու պանիր ուտեն թիմային բարեկեցության գաղափարը հասկանալու համար: Ու երևի ուսանողական տարիներին ստացվում էր, որովհետև, թող գլուխգովանություն չլինի, բայց ներարկում էի դա բոլորի մեջ, ու բոլորը զգում էին, թե ինչքան լավ է թիմով խաղալը:

StrangeLittleGirl
12.08.2015, 18:45
Մեկ-մեկ մտածում եմ՝ մեր լռությունը չի կարող հավերժ շարունակվել, ուղղակի չի կարող, թեկուզ հենց էն պատճառով, որ մի ժամանակ իրար սիրել ենք: Բայց մյուս կողմից, երկուսս էլ շատ լավ գիտենք, որ որ մեկս առաջինը խախտի լռությունը, մյուսը զոհ է դառնալու: Դու գիտես, որ եթե ինձ գրես, տրորելու եմ քեզ ու վրայովդ անցնեմ: Գիտեմ, որ դու էլ նույնը կանես, եթե քեզ գրեմ: Երկուսս էլ գիտենք, որ անգամ դրսում պատահաբար հանդիպելը չի ստացվի, որովհետև բարևելու ենք իրար ու անցնենք: Հա՛, բարևելու ենք, չենք արհամարհելու իրար: Բայց ասելիք էլ չենք ունենալու:

Հիշում եմ՝ մի անգամ հարցրիր, թե կուզենայի արդյոք իմ սեփական դատարկ տարածքն ունենալ ու կահավորել այն: Ասացի՝ չգիտեմ, ծույլ եմ: Հիմա էդ վիճակում եմ, ու նյարդերս տեղի են տալիս: Կուզեի մոտս լինեիր, որ օգնեիր էստեղից-էնտեղից հավաքած կահույքը տեղափոխել: Աշխարհում միակ մարդն էիր, որից չէի ամաչում օգնություն խնդրել: Մեկ էլ հիշում եմ, որ ամիսներ առաջ ծրագրել էինք, որ երբ հին տանս պայմանագիրը լրանա, երկուսով նոր տուն տեղափոխվենք:

Էսօր տեսա, որ հաջորդ փաբ քուիզին Ալդոն էլ է գրանցվել: Կսպանեմ նրան, եթե քեզ հետը բերի: Ադամի գնալուց հետո Ալդոն երկուսիս միակ ընդհանուր ծանոթն է մնացել, միակն այն իմաստով, որ առանձին-առանձին ենք ծանոթացել նրա հետ, ոչ թե մեկիս ճանաչում է մյուսիս շրջապատից լինելու պատճառով: Ալդոն պիտի գա, նստի նույն սեղանի շուրջ, մինչ Շոնին պիտի պատմեմ Իռլանդիայից: Իսկ ես չեմ ուզում, որ դու իմ մասին ուրիշներից լսես: Չեմ ուզում, որ հետո Ալդոն պատմի, թե ոնց էի: Մյուս կողմից էլ, ուզում եմ քեզ տեսնել, իսկապես ուզում եմ:

StrangeLittleGirl
13.08.2015, 13:29
Գիտես, քո բացակայությունն էլ առաջվա պես ցավոտ չի: Դու նույնացվել ես մենակության ցավի հետ: Էն պահերին, երբ ինձ միայնակ եմ զգում, ողջ ուշադրությունս ուղղվում է դեպի քեզ, հենց քեզ եմ կարոտում, քեզ եմ պատկերացնում, քեզ եմ տեսնում երազումս: Առաջ էդպես չէր: Էդ մենակ պահերին ուղղակի անորոշ, բութ ցավ էի զգում ու կարոտում ինչ-որ մեկին, պատկերացնում ինչ-որ մեկին, երազումս տեսնում ինչ-որ մեկին: Մենակությունս անուն ու դեմք է ստացել, անձնավորվել է: Եվ որքան լավ է, որ նման պահեր խիստ հազվադեպ եմ ունենում: Որքան լավ է, որ սեպտեմբերը մոտենում է, ու շուտով բոլորը կվերադառնան արձակուրդից: Թող որ սիրեմ ամառը, բայց ինձ համար մարդիկ ավելի կարևոր են:

StrangeLittleGirl
13.08.2015, 17:10
Մտածեցի՝ պահեմ մոտս, թող մնա.
"Happiness is not a possession to be prized, it is a quality of thought, a state of mind."
Daphne du Maurier

"A happy life consists not in the absence, but in the mastery of hardships."
Helen Keller

StrangeLittleGirl
15.08.2015, 13:27
Հինգշաբթի Էլոիզն ու ես որոշեցինք, որ շաբաթ օրը ծովափ ենք գնալու. քսանհինգ աստիճան, երևի տարվա վերջին տաք օրն է:

Առավոտյան արևն ուղիղ դեմքիս էր ընկել: Պատուհանը բացեցի ու մի ժամ էլ խաղաղ պառկեցի անկողնումս: Հետո ծուլորեն վեր կացա, նախաճաշ սարքեցի, երաժշտություն միացրի: Ուզում էի մինչև ծովափ գնալը հասցնել ջիմ գնալ ու գնումներ անել: Բայց եղանակը փչացավ, քամի սկսվեց:

Ու հիմա փռվել եմ մահճակալիս, երաժշտությունը միացած է, գիրք եմ կարդում: Մի տեսակ երջանիկ, կատարյալ հանգիստ վիճակ է: Առաջին անգամ է, որ տան պատերի ներսում գտնվելիս չեմ նեղվում ու չեմ փորձում դուրս փախչել:

StrangeLittleGirl
15.08.2015, 22:37
Լավ էր էսօր: Զոռով ինձ տշելով տնից դուրս հանեցի, ու Էլոիզի հետ գնացինք հեծանիվ քշելու: Էլոիզը վախենում էր հեռուներ գնալ, դրա համար պետք էր մտածել միաժամանակ մոտիկ ու հետաքրքիր տեղ, Դրագորում էլ արդեն եղել է:
- Գնա՞նք Ամայի անտառները փորփրենք,- անկապ, օդի միջից առաջարկեցի: Էլոիզին դուր եկավ միտքը:

Անտառ չէր, արգելոց էր: Դաշտերի միջով քշելիս հանդիպեցինք եղջերուների: Էսօր կյանքիս մեջ առաջին անգամ սև եղջերու տեսա: Իսկ ավելի հեռվում ձիեր էին՝ իրենց սիրուն, ձիգ հետույքներով:

Մի քիչ էլ քշելուց հետո կղզին վերջացավ, ու հասանք ափին: Հեռու՜, աշխարհից կտրված, խաղաղ ափ էր: Էդտեղ Դանիան վերջանում էր ու դիմացը ցամաք չէր երևում: Երևի Կոպենհագենում միակ տեղն է, որտեղից արձակ ծովն է երևում: Իսկական առանձնանալու, խաղաղ մտորելու տեղ է: Գժվելու բան: Ու տանս էդքան մոտ:
- Էստեղ պետք է տղու հետ գալ,- ասում եմ Էլոիզին: Ծիծաղում ենք:
Շարունակում ենք քշել ափի երկայնքով կամ կղզու եզրերով: Հեծանվուղին՝ նեղ: Մի սխալ շարժում, ու ծովը կգլորվես: Էլոիզը խնդրեց, որ ինքը դեպի ցամաք լինի: Հաճույքով համաձայնեցի:

Լավ զբոսանք էր: Գրողը տանի, լավ է, որ էստեղ եմ տեղափոխվել: Ինչ խոսք, Կոպենհագենում որ ծակն էլ մտնես, ծովը հեռու չէ, բայց էսպիսի անմարդաշատ ափ դեռ չէի տեսել: Կգնամ էնտեղ, շատ կգնամ: Քանի դեռ արև կա:

StrangeLittleGirl
16.08.2015, 22:26
Էսօր մենակս գնացի երեկվա տեղը: Էնպիսի զգացողություն էր, որ էդտեղ Դանիան էլ չէ, աշխարհն է վերջանում: Նստեցի խոտերի մեջ, սկսեցի կարդալ: Ժամանակ առ ժամանակ ոնց որ ոչ մի տեղից ինքնաթիռներ էին հայտնվում, կամաց-կամաց իջնում ու էնքան մոտենում, որ կարելի էր տեսնել՝ որ ավիաուղիներն են: Կարող էիր էդպես ժամերով նստել ու մենակ ինքնաթիռներին նայել:

Մեկ էլ մի ծերունի եկավ, հեծանիվը մի կողմ դրեց, իջավ ափին ավելի մոտ, պայուսակից մի անջրանցիկ բարձ հանեց, դրեց քարին ու նստեց: Կարծես հենց հատուկ էդ քարին նստելու համար էր եկել: Նայում էր ինքնաթիռներին, նայում էր ցածր թռչող ծիծեռնակներին, նայում էր ծովին: Իսկ ես գիրքս էի կարդում, մեկ-մեկ հայացքս բարձրացնում, նայում ծերունուն:

Ու ինքս ինձ հետ պայմանագիր կնքեցի, որ առնվազն շաբաթը մեկ-երկու ժամով պիտի էդպես առանձնանամ աշխարհից: Ավելի կորած տեղ հնարավո՞ր է պատկերացնել:

StrangeLittleGirl
17.08.2015, 15:20
Գժվելու շաբաթ եմ ունենալու: Քանի շաբաթ իզոլացվել, գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում: Իսկ էս շաբաթ սոցիալիզացվելու հինգ առիթ: Վաղը դանիերենն է սկսվում, հետևաբար ոնց էլ չլինի դասից հետո կգնանք պիցցայի: Հինգշաբթի փաբ քուիզն է: Ուրբաթ Թինա Դիքովի համերգը, ու արի ու տես էս անգամ խելքիս փչել է ոչ թե մենակ գնալ, այլ մի եքա իվենթ կազմակերպել, որին տասներկու հոգի գալու է: Շաբաթ այ-էս-էմի նավակով տուրն է Կոպենհագենի հյուսիսներում մի լճի վրա: Կիրակի Լուիզիանայի գրական փառատոնն է, ու հանդիպելու եմ Քոլմ Թոբինին: Առաջին անգամ եմ սիրելի գրողներից մեկին իրական կյանքում տեսնելու: Տեսնենք՝ ոնց կստացվի:

StrangeLittleGirl
18.08.2015, 23:10
Ու նորից ու նորից պիտի ասեմ՝ ինչ ճիշտ բան է արձակուրդը, ճիշտ բան է ինքդ քեզ հետ մենակ մնալը, ճիշտ բան է շաբաթ-կիրակի հանգստանալը: Դուրս գալիս է, որ օրվա ընթացքում հասցնում եմ բոլոր պլանավորածներս անել: Ու զարմանում եմ, երբ պլանավորածիցս շատ եմ անում:

Էսօր դանիերենի դասին մենակ էի: Դասատուի հետ տետատետ երեք ժամ խոսել եմ: Վերջում թեման ազատ ժամանցն էր: Հարցրեց, թե արդյոք տեքստի կերպարների վիճակն ինձ ծանո՞թ է, ե՞ս էլ եմ քիչ ազատ ժամանակ ունեմ: Ասացի, որ ի տարբերություն տեքստի կերպարների, ես երեխաներ չունեմ, հետևաբար ինչքան պետք է, էնքան էլ ազատ ժամանակ ունեմ: Զարմացավ, որովհետև ինքն էլ էրեխեք չունի: Ասացի՝ մեկ է, ամբողջ կյանքը հերիք չէ ամեն ինչ հասցնելու համար:

Երկու օր է՝ իմ ուզած ճամփով եմ գնում, ու կարծես ամեն ինչ լավ է: Կուզեի՝ էսպես շարունակվեր: Բայց առջևում ձմեռ է: Լավ ինտեգրվել եմ. տեղացիների պես ես էլ եմ սկսել ձմեռվանից վախենալ: Երևի պետք է նախապես պատրաստվել, ամեն ինչ տեղը գցել, որ երբ ձմեռը գա, նորից ամեն ինչ իրար չխառնվի: Բայց կարծեմ անցյալ տարի եղանակից չէր, որ ամեն ինչ շուռ էր եկել:

StrangeLittleGirl
20.08.2015, 18:58
Էսօր Ալդոյին եմ տեսնելու: Հարցնելու է, թե քեզնից տեղյա՞կ եմ արդյոք: Ասելու եմ, որ վերջին անգամ հինգ ամիս առաջ եմ քեզ տեսել: Ուղիղ հինգ ամիս: Հետո շրջվելու եմ, խոսեմ Լուիզի ու Շոնի հետ: Ալդոյին հարցնելու եմ պոեզիայից: Ասելու եմ, որ ես էլ լիքը բաներ ունեմ գրած: Ասելու եմ, որ վերջին գործս Իռլանդիայում եմ գրել, բայց չեմ ուզում կարդալ: Ասելու եմ, որ վախենում եմ հանդիսատեսից ու ֆաք բառը բարձրաձայն կարդալուց:

StrangeLittleGirl
21.08.2015, 01:49
- Դ-ից տեղյա՞կ ես հարցրեց:
- Մարտից չեմ տեսել,- ասացի:
- Ես էլ: Վերջին անգամ մարտի պոեզիայի երեկոն էր: Տեսնես՝ գոնե սա՞ղ ա:
Ի՞նչ կարգի ես գետնի տակ անցել, որ մեր միակ ընդհանուր ծանոթը քեզնից տեղեկություններ չունի, որ ոչ մի տեղ քաղաքում չես հայտնվում, չնայած մեր բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններին: Ուզում եմ քեզ գրել, բայց արդեն հետաքրքրությունից դրդված:

Չգիտեմ, երևի Ալդոյի հետ էլ իմ պատճառով չես շփվում: Մի անգամ կատակով ասացիր, թե գողանում եմ քո ընկերներին: Չէի գողանում, շատ լավ գիտեիր, որ նրա հետ առանձին եմ ծանոթացել: Բայց որ պատկերացնում եմ՝ ինչքան բանից ես քեզ զրկում հանուն ինձ չհանդիպելու, մի տեսակ լավ եմ զգում ինձ: Շնորհակալ եմ ազատությունս չսահմանափակելու համար:

Ու մտածում եմ՝ ինչքան հեշտ է, որ մենք ընդհանուր շրջապատներ չունենք: Ալդոյի հետ էսօրվա խոսակցությունն իրականում ծանր էր, ու մի կերպ ցրեցի, որ շատ բան բերանիցս բաց չթողնեմ: Պատկերացնու՞մ ես՝ ինչ կլիներ, եթե ամեն օր հանդիպեինք ընդհանուր ծանոթների:

Եսիմ, ջանս, ես լավ եմ, տեսնենք լավ լինելու էս մի ցիկլս ինչքան կտևի: Հույս ունեմ՝ մի ամսից երկար: Հույս ունեմ՝ դու էլ ես լավ քո քարանձավում:

Ձմեռ է գալու շուտով: Էսօր տան ճամփին նայեցի երկնքին, նայեցի աստղերին ու զգացի, որ սիրում եմ պարզ երկինքը: Թող ձմեռը գա: Արևի լույսին գուցե կարոտ մնանք, բայց գիշերները միշտ երկնքին կնայեմ:

StrangeLittleGirl
26.08.2015, 00:07
Վերջին մի շաբաթվա ընթացքում կյանքս ուղղակի եռում է: Հետաքրքիր է, որ չնայած ինտերնետ քիչ եմ մտնում, ժամանակս շատ ավելի է պակասում, ավելի շատ բան չեմ հասցնում, ու դա ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս, երբ քսանչորս ժամվա մեջ մի կերպ եմ խցկվում, երբ ստիպված եմ լինում հաճելիի ու ավելի հաճելիի, կարևորի ու ավելի կարևորի միջև ընտրություն կատարել: Սիրում եմ առավոտները, երբ առանց զարթուցչի վեր եմ կենում, սուրճս սարքում ու փռվում բազկաթոռին, երբ սուրճի ամեն կումի հետ կա՛մ կարդում եմ, կա՛մ գրում եմ: Սիրում եմ նաև գործի գնալու ճամփան, երբ լսում եմ Բենաբար կամ Քերեն Անն: Հետաքրքիր է՝ վերջինս պիտի որ Դ-ին հիշեցներ, որովհետև հենց ինքն է ինձ ծանոթացրել Քերենի երաժշտության հետ: Ու շատ պարզ եմ հիշում էդ օրը, պարզ եմ հիշում, թե ոնց էր Քերենն ինձ տարել: Բայց նույնիսկ այն ժամանակ նրա երգերն ինձ իմ ֆրանսիացուն էին հիշեցնում: Հետաքրքիր է, որ չնայած լիքը վեճերին, ֆրանսիացուն միշտ դրական լույսի տակ եմ հիշում ու ընկալում որպես իմ կյանքի մի սիրուն դրվագ:

Սիրում եմ նաև աշխատանքային ժամերը, աշխատանքից հետո յոգան կամ սոցիալիզացիան կամ ինչով էլ զբաղվեմ: Սիրում եմ երեկոյան տուն գալ: Ու սիրում եմ, թե ինչ կարգի կանոնակարգված ու կարգավորված է կյանքս:

Երեկ երկուշաբթի էր, ու ճիշտ նույն ժամին էի տուն գալիս, ինչ անցյալ երկուշաբթի: Բայց արդեն լրիվ մութ էր, էլ մայրամուտը չէի կարող տեսնել: Օրերը սկսել են արագ-արագ կարճանալ: Ամառը վերջացել է:

Էսօր էլի ծիածան տեսա: Էս տարվա մեջ երրորդն էր, ամբողջ կյանքումս տեսած հինգերորդը: Կուզեի հավատալ, որ ինչ-որ բան խորհրդանշում է դա: Հա՛, նշանակում է փոթորկից հետո խաղաղություն: Ես խաղաղ եմ, շա՜տ խաղաղ:

StrangeLittleGirl
27.08.2015, 21:18
Ակադեմիական ու ստեղծագործական կյանքը պիտի բալանսի գան: Հոդվածս ուղարկելուց հետո ստեղծագործականության պիկ էր, ու պետք էր դրա հետ մի բան անել: Ամեն առավոտ գրում էի: Էսօր վերջապես պատմվածքս վերջացրի, ու հիմա հանգիստ եմ, կարող եմ նորից վերադառնալ ակադեմիային:

Իմ ամենալավ մոտիվացնողն ու քննադատը հայրս է: Թե ինչու՞ էի էսքան տարի խուսափում նրանից կարծիք լսելուց: Նրանից լավ ոչ ոք կտոր-կտոր չի անում գրածներս:

StrangeLittleGirl
31.08.2015, 14:26
- Flamethrowers-ն եմ կարդում,- ասաց:
- Լա՞վն է,- հարցրի,- գիրքն առել եմ Լուիզիանայից:
- Լավն է,- ասաց,- քեզ դուր կգա:
...
- Գիտես, Լիզա Հանիգանն անցյալ տարի Բաստարդ կաֆեում համերգ է տվել: Էնքան հավես էր, հազիվ մի հիսուն հոգի էր ներկա: Մեկ էլ Դամիեն Ռայսենք մի քանի տարի առաջ Վեգայում համերգ տվեցին: Լիզա Հանիգանն արդեն հեռացել էր, շրջագայության վերջին համերգն էր, ու նվագում էին ինչ ուզում էին:
- Դամիեն Ռայսին այս տարի Դուբլինում տեսա:
- Մենա՞կ, թե՞ խմբի հետ:
- Մենակ:
...
- Պրագան գիտե՞ս ինչու եմ սիրում: Ինչ-որ հոգի ունի, կուտակված տրամադրություն:
- Հասկանում եմ՝ ինչ ես ասում: Դրա համար ես ամեն տարի աշխատում եմ Պրագա գնալ ու ժամերով թափառում եմ այնտեղ՝ հեռու տուրիստական կենտրոններից:
- Ինձ համար էդպես Հելսինկին է: Որ ուզում եմ խաղաղվել, գնում եմ այնտեղ: Ֆինլանդիայում որտե՞ղ ես ապրել:
- Յոենսուում:
- Որտե՞ղ է դա, նույնիսկ ես չգիտեմ:
- Արևելքում:
- Ո՞րն է ամենամոտ մեծ քաղաքը:
- Սանկտ Պետերբուրգը: 500 կմ այն կողմ:

StrangeLittleGirl
03.09.2015, 11:43
Մեկ-մեկ սարսափում եմ, թե ինչ աստիճանի չեմ հիշում անցյալ գարունը: Էդ բոլոր ամիսները մինչև հունիսի քսանը ինչ-որ լղոզված պատկեր են դարձել, ինչ-որ պատառիկներ, պահեր են գալիս հիշողությանս մեջ, ու ես չեմ հասկանում՝ երբ ու ոնց է եղել կամ եղել է ընդհանրապես, թե ոչ:

Էրեկ մի երգ միտս եկավ: Ո՛չ բառերն էի հիշում, ո՛չ երաժշտություն, ո՛չ կատարողին, ո՛չ նույնիսկ երբ եմ լսել: Մենակ մի նախադասություն հիշեցի, որ ասել էի էդ երգի մասին: Բայց չհիշելու ձևից հասկացա, որ պիտի որ անցյալ գարուն լինի: Երբ գուգլեցի ասածս նախադասությունն ու երգը գտա ակումբում, տեսա ամսաթիվը. հունիսի տասնհինգ:

Հունիսի քսանը շատ լավ եմ հիշում. արթնացա որպես լրիվ ուրիշ մարդ: Դրանից հետո տեղի ունեցած ամեն ինչ էսօրվա պես հիշում եմ:

StrangeLittleGirl
06.09.2015, 21:27
Նստած ինձ ու ինձ ծիծաղում եմ: Ախր ո՞նց չծիծաղես, երբ էսքան խոխմա բաներ են կատարվում կյանքումդ: Ու կապ չունի՝ որն ուր կգնա, կապ չունի՝ ինչ կլինի: Կարևորը հիման ա, հիմիկվա ծիծաղելի-զավեշտական վիճակն ու ամենակարևորը՝ էդ ամենից հաճույք ստանալը:

StrangeLittleGirl
07.09.2015, 00:44
Շատ խոխմա բան ա էս կյանքը: Ինչ ասես, որ չի կատարվում, ես էլ նստած ծիծաղում եմ :))

Ուրեմն մոտ մի ամիս առաջ, երբ ես արդեն գտել էի իմ տունը, բայց տուն փնտրողների հայտարարությունները մեկումեջ աչքովս էին ընկնում, մեկ էլ տեսա, որ մի ռուս աղջիկ գրել է, թե Կոպենհագենի հարավում տուն է ման գալիս, թե սեպտեմբերից PhD է սկսում Կոպենհագենում: Չգիտեմ՝ ինչ խելքիս փչեց, բայց նամակ գրեցի էդ աղջկան, ասեցի, որ մինչև տեղ չհասնի, չի կարողանա տեղ գտնել, ձեռի հետ էլ հասկացա, որ եթե հարավում է փնտրում, ուրեմն մեր կամպուսում է աշխատելու, իսկ մենք էնքան էլ շատ արտասահմանցիներ չունենք: Տենց, գրեցի նաև, որ եթե որևէ բանի կարիք ունենա, կարա ինձ դիմի, կարողացածիս չափ կօգնեմ: Շնորհակալություն հայտնեց, որոշ բաներ հարցրեց, բացատրեցի, անցավ-գնաց:

Էսօր էլի գրել էր: Ասեց, որ Կոպենհագենում ա, էլի մի երկու հարց տվեց, պատասխանեցի: Ֆեյսբուքով ընկերության առաջարկ ուղարկեց: Ու երբ մտա պրոֆիլը, ղժժոցս դրեցի. Թորի Էյմոս էր շեյրել, բայց ոչ էն ամենահայտնի հիթերից, այլ վերջին ալբոմի երգերից մեկը: Ուրեմն ոչ ավել-ոչ պակաս «ոտքերով ականջներ» է (Թորին իր հավատարիմ լսարանին ֆանատ չի անվանում, անվանում է ոտքերով ականջներ): Քոմենթեցի գրառումը, թե՝ էս դու Թորի՞ ես լսում: Պարզվեց համերգներին էլ է եղել, անձամբ էլ է հանդիպել: Ու հիմա զարմանքից ուշքս գնում է. ախր ամեն օր հարյուրավոր-հազարավոր մարդիկ են տուն փնտրելու հայտարարություն գրում: Թե ինչու՞ բռնեցի, հենց էս մեկին գրեցի:

Չգիտեմ ինչու, բայց գիտեմ, որ կամպուսում մենք լավ ընկերներ ենք լինելու: Ուրեմն Մագդային միացավ նաև Կատերինան:

StrangeLittleGirl
08.09.2015, 15:14
Շատ հաճախ մենք մարդկանց հետ չենք ծանոթանում, չենք շփվում, որովհետև հավես չունենք հերթական մակերեսային հարաբերության, հավես չունենք, որովհետև գիտենք, որ էս մի անգամն է, ու վերջ, էլ էս մարդուն չենք տեսնելու: Բայց կյանքի սիրունություններից մեկն էլ հենց էդ է. մարդկանց հետ խոսել ինքնաթիռում, համերգների ժամանակ, ընդհանուր ընկերոջ փարթիին, զրուցել առանց սպասումների, առանց ակնկալելու, որ նորից եք հանդիպելու, շփվել առանց կախվածության ու կապվածության, հետո էդ շփումը ծալել, դնել հիշողությունների դարակում որպես մի սիրուն պատմություն քո կյանքից: Պարտադիր չէ, որ բոլոր մարդիկ, որոնց հետ մի երկու բառ փոխանակում ես, ընկերներ դառնան: Պարտադիր չէ, որ բոլոր ժամադրությունները հարաբերություն դառնան: Պարտադիր չէ, որ բոլոր թիմային աշխատանքները համագործակցություն դառնան: էդ բոլորը սիրուն են հենց ժամանակի կոնկրետ կետում, կոնկրետ պահի: Հետո արդեն դառնում են ռուտին:

StrangeLittleGirl
09.09.2015, 02:51
Իմ նոր տան մուտքի մոտ կա մի կետ, որտեղ իջնում եմ հեծանիվից, դարպասը բացում, որ բակ մտնեմ: Այ էդ կետում սիրում եմ մի պահ կանգնել ու երկնքին նայել: Երբ ամպամած չէ, էդտեղից երևացող աստղերը հատկապես խիտ են ու անհամար: Նայում եմ, ու շունչս կտրվում է:

Սիրում եմ աստղերին նայել նաև հեծանիվ քշելիս: Նայում եմ ու հասկանում, թե որքան մեծ է տիեզերքը ու որքան փոքր եմ ես, բայց միևնույն ժամանակ ինչ մեծ պատիվ է նման տիեզերքի փոքրիկ մասնիկը լինելը:

StrangeLittleGirl
10.09.2015, 17:55
Ուզում եմ քո մասին գրել, որովհետև դու դեմք ես: Ինձ դուր է գալիս քեզ հետ խաղալը: Ինձ դուր է գալիս քեզ հետ ծիծաղելը: Ինձ դուր է գալիս փաբ քուիզի ժամանակ գրիչը քեզ պարզելը՝ պահանջելով, որ պատասխանը գրես: Ինձ դուր են գալիս նաև քո լսած երգերը: Ինձ դուր է գալիս չարաճճի հայացքով աչքերիդ մեջ նայել:

Մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչքան նման եք դուք, ու ինչ-որ բան կա ձեր մեջ, որ ուժեղ ձգում է ինձ: Զարմանում եմ նաև, թե որքան նման է այս ամենն անցյալ տարվան, բայց որքան տարբեր է իմ վարքը: Ու նաև զարմանում եմ, թե որքան տարբեր եք դուք, ու էդ տարբերությունն է ձգում, համոզվածությունը, որ նույնը չի կրկնվի: Ինձ դուր է գալիս, որ խելքս չեմ կորցնում քեզ համար:

StrangeLittleGirl
12.09.2015, 02:34
- Կներես ընդհատելու համար,- ասացի,- իմ սիրած երգերից է:
Ֆոնին Ջուլյա և Անգուս Սթոունների Sadder Than You-ն էր գնում: Էն երգը, որը Յոենսուում ապրելիս մի օր 147 անգամ լսեցի, որն անցյալ գարուն ինձ ամենաշատ հուզող երգերից էր ու որը Սթոուն քույր ու եղբայրները հազվադեպ են կենդանի կատարում: Էլ չեմ ասում, որ իրենց հիմնական ալբոմներում երգը չկա:
- Հանուն երգի արժե,- ասաց:
Խոսեցինք երգերից ու համերգներից ու նվագելուց: Խոստացա, որ կերգեմ, եթե իր ֆիլմը ցուցադրության հանի: Հետո դուրս եկանք բակ ու փռվեցինք աթոռներին՝ նայելով կամաց-կամաց ուրբաթ գիշերվա մեջ կորող Կոպենհագենին: Հետևում քեֆ-ուրախություն էր, իսկ մենք ուղղակի նայում էինք իրար ու ժամերով զրուցում՝ առանց հոգնելու:
- Եթե մենք շարունակենք հանդիպել, ստիպված պիտի հայերեն սովորեմ,- ասաց:
Ցրտից դողում էինք:
- Կոպենհագենի ամառը մի օրով էլ ձգեցինք,- ասաց:
Ժամերը հոսում էին, իսկ մենք խոսում էինք ու խոսում ու խոսում: Ծիծաղում էինք երեխաների պես և ուղղակի զգում: Կոպենհագենի փոքրիկ Թղթի կղզու վրա աշխարհը մերն էր:

Վաղուց չէի հանդիպել մի մարդու, որը ռեալում ավելի անկեղծ է, քան վիրտուալում:

Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում:

StrangeLittleGirl
12.09.2015, 21:00
Գրողը տանի, դու հաստատ իրական չես: Դու չես կարող իրական լինել: Դու չես կարող էդ աստիճանի համապատասխանել էն բոլոր-բոլոր կետերին, որոնք մտքումս դրել էի, ու էն կետերին, որոնց մասին չէի մտածել: Ես չգիտեի, որ դու գոյություն ունես:

StrangeLittleGirl
13.09.2015, 20:08
Սկզբում անկեղծությունդ վախեցնում էր ինձ: Հետո զգացի, որ դու էլ ինձնից ես նույնն ակնկալում: Դու սպասում ես, որ կդրսևորեմ մի հատկանիշ, որն այնքա՜ն բնական էր ինձ մոտ ու այնքա՜ն խորն էի թաքցրել տարիների ընթացքում: Էն անկեղծությունն էր, որ զոռով սեղմում էի ներսումս, բայց մեկ-մեկ էս ու էն արանքից դուրս էր պրծնում, ու դրա պատճառով քննադատվում ու տրորվում էի: Դու նրբորեն բացում ես դուռն ու թողնում, որ անկեղծությունն ինքն իր ոտքով դուրս գա: Եվ այն ոչնչացնելու փոխարեն փայփայում ես, գուրգուրում:

Շնորհակալ եմ, որ դու դու լինելով քաջալերում ես, որ ես էլ ես լինեմ:

StrangeLittleGirl
16.09.2015, 00:12
Ասում են՝ իսկական սերը գժական չի լինում, պաժառներով չի լինում, վայրիվերումներ չի ունենում, առանց ջանքերի է, դանդաղ է ու թեթև է զարգանում:
Չգիտեմ՝ մենք կսիրենք իրար, թե ոչ, բայց քեզ հետ հանգիստ եմ, ու ինձ դուր է գալիս, որ դու ես ղեկին:
Էս օրը երկար կհիշեմ, թե ինչպես սթրեսված վիճակից հանեցիր ինձ ու թե ինչպես անծանոթ պատուհանի տակ կանգնած իրար փաթաթված սպասում էինք, թե երբ անձրևը կկտրվի, իսկ ավելի ճիշտ՝ երբ չի կտրվի:

StrangeLittleGirl
16.09.2015, 14:40
Ու ճիշտն էսպես է, որ երկուսս էլ մեր զբաղվածությունից ժամեր ենք ճղում, որ իրար հետ անցկացնենք, որ չկա նվնվոց, թե՝ ինձ շատ ժամանակ չես տրամադրում, չկա նախանձ, չկա մրցակցություն: Կա փոխադարձ հիացմունք, քաջալերանք, հարգանք ու հասկացվածություն: Ու կան մեր թերությունները, որոնք մեկս առաջ է քաշում, մյուսս զարմանքով խոստովանում, որ սիրում է այդ հատկանիշը:
- Կներես, չեմ կարողանում թաքցնել էմոցիաներս,- ասում է:
- Եվ դա ինձ դուր է գալիս,- պատասխանում եմ:

StrangeLittleGirl
20.09.2015, 03:22
- Լավ է, որ Պորտուգալիա ես գնում,- ասաց,- կհասցնեմ քեզ կարոտել:
- Դրա ի՞նչն է լավ:
Եվ հիմա, երբ հյուրանոցում պառկած քո մասին եմ մտածում, հասկանում եմ, թե ինչն է լավ: Առողջ, թեթև կարոտ է ու ցանկություն քեզ նորից տեսնելու: Եվ քո մեյլն է, թե՝ քեզ պաշտոնապես կարոտում եմ:
- 22-ի՞ն ես գալիս Պորտուգալիայից: Ուրեմն մի ամբողջ քսանչորս ժամ ունենք իրար տեսնելու համար: Ես 23-ի երեկոյան եմ գնում:
Ինձ դուր է գալիս, որ քո մեյլերը պարզ են, կարճ ու առանց ձևականությունների: Կտեսնվենք շուտով ու միասին համերգ կգնանք:

StrangeLittleGirl
20.09.2015, 21:42
Ամբողջ կյանքումս կարծել եմ, թե անսլուխ եմ: Օդից չեմ վերցրել: Միշտ, երբ փորձել եմ երգել, ինձ ասել են՝ բերանդ փակի: Կիթառ նվագելիս էլ նոտաներից պոկվել չէի կարողանում, մինչև նյութն անգիր չէի անում: Հետն էլ վերջերս հայ ընկերներիցս մեկն ասաց, որ անգլերեն ահավոր ակցենտով եմ խոսում, հետևաբար պիտի որ անսլուխ լինեմ: Սկսեցի լեզվաբանական բացատրություններ տալ, որ ակցենտն ու երաժշտական լսողությունը տարբեր բաներ են, որ չնայած անսլուխ եմ, բայց ակցենտ բոլորն ունեն, ինքն էլ հետը, բայց ինքն իրենը չի լսում և այլն:

Բայց վերջերս մեկն ասեց, թե չի հավատում՝ անսլուխ եմ: Սկսեցի դիմադրել, բացատրել, որ ինձ լավ չգիտի, որ իրոք էդպես է, որ պարադոքսալ է, որ էդքան երաժշտություն եմ լսում ու անսլուխ եմ, բայց մեկ է, դա դառը ճշմարտություն է: Մտածում էի՝ ուզում է կոմպլիմենտ արած լինի: Ինքն էլ թե՝ չէ որ չէ, անհնար է անսլուխ լինես, անսլուխ մարդը երաժշտություն չի լսում, թե՝ մարդկանց ձայնի ինտոնացիայից հասկանում է նա անսլուխ է, թե չէ, իմից պարզ զգացվում է, որ ունեմ երաժշտական լսողություն: Սկսեցի պատմել երգելու անհաջող փորձերիս մասին: Իսկ նա՝ դա հաշիվ չէ, նոտան չկարողանալ արտաբերելն ու սլուխ ունենալ-չունենալը տարբեր բաներ են, որովհետև առաջինը զանազան վոկալ տեխնիկաներով է պայմանավորված, ինչը հնարավոր է սովորել: Հետն էլ ասաց, որ ինձ անպայման մի օր երգացնելու է, որ եթե իրեն հանդիպելուց հետո տասներկու տարվա մեջ առաջին անգամ կիթառը ձեռքս եմ վերցրել, ուրեմն երգել էլ կսկսեմ: Ծիծաղեցի, ասացի՝ անհնար բան է:

Էսօր կոնֆերանսի ժամանակ զեկուցողներից մեկը նոտաների երկու հաջորդականություն ներկայացրեց, հետո երրորդը միացրեց, հարցրեց, թե առաջին երկուսից որին է համապատասխանում: Դահլիճի կեսից ավելին երկրորդի օգտին քվեարկեց, ես ու ավելի քչերը՝ առաջինի: Ճիշտ պատասխանն առաջինն էր: Էդպես մտածեցի՝ գուցե իրոք նա ճիշտ էր, էդքան էլ անսլուխ չեմ:

Եկա հյուրանոց, փնտրեցի երաժշտական լսողության թեստ ու անցա թեստը (http://tonedeaftest.com/): Արդյունքների վրա շշմեցի-մնացի. 100% ճիշտ:

Դե արի ու մի սիրի էն մարդուն, որն իմ մեջ ընդամենը երկրորդ հանդիպման ժամանակ տեսել ա մի բան, ինչն ուրիշները, անգամ ես ինքս, տարիներ շարունակ չեն տեսել:

StrangeLittleGirl
22.09.2015, 20:11
Ախ ես ոնց եմ սիրում իմ կյանքը :)) Առավոտյան ժամը վեցին դուրս եկա Ավայրոյի հյուրանոցից, գնացի Լիսաբոնի օդանավակայան, նստեցի ինքնաթիռս, հասա Կոպենհագեն: Տուն մտա Ավայրոյից դուրս գալուց տասը ժամ անց: Միացրեցի կոմպս, արագ-արագ գործնական մեյլերիս պատասխանեցի, ինձ կարգի բերեցի, իսկ հիմա դուրս եմ գնում, գնամ համերգ: Գրողը տանի :))

StrangeLittleGirl
23.09.2015, 17:42
- Սա մեր ամենակարևոր ժամադրությունն է,- ասացիր,- որովհետև երկուսս էլ երաժշտության գիժ ենք:
- Գիտեմ,- ասացի,- համերգների ժամանակ ես ուրիշ մարդ եմ դառնում:
- Ի՞նչ ուրիշ:
- Կտեսնես:
Ու մենք երկուսով ուրիշ մարդ դարձանք: Ձեռքդ բռնած, իրար գրկած, համբուրվելով, գարեջուր խմելով, համերգից հետո բեմի վրա նստելով, մինչ լույսն ուղիղ մեզ վրա կգցեին, ու մենք կփախչեինք սփոթլայթից:


https://www.youtube.com/watch?v=wAYdh1WbV3Y

StrangeLittleGirl
25.09.2015, 13:21
Իմ շրջապատում շատ են մարդիկ, որոնց մոտիվացնում եմ, ոգևորում, համոզում, որ անեն իրենց գործը: Ու դա ինձ դուր է գալիս: Բայց բավական հաճախ պատահում է, որ ես էլ եմ ինչ-որ մեկի կարիքն ունենում, որ ինձ մոտիվացնի ու ոգևորի, որովհետև այն միջավայրում, որտեղ աշխատում եմ, ավելի շատ կոտրում են ու դեմոտիվացնում: Չգիտեմ՝ գուցե մշակութային տարբերություններից է կամ գուցե իրոք չուզողություն են անում (իմ ընկերներից մեկը, որն ուրիշ երկրում է ակադեմիայում աշխատում, համոզված է, որ երկրորդն է) կամ պարզապես ղեկավարիս ոչ կոմպետենտությունից է (տեսաբան է, էքսպերիմենտալ բաները լավ չի հասկանում): Բայց փաստն այն է, որ անընդհատ կռիվ տալու, հանձնվել-չհանձնվելու վիճակներում եմ իմ աշխատանքում, ու երբեմն այնքան ուժեղ եմ դեմոտիվացվում, որ քիչ է մնում՝ մտնեմ ղեկավարիս օֆիս, ասեմ՝ էլ չեմ կարող, դուրս եմ գալիս գործից:

Իմ կյանքում միայն մի հոգի կա, որն իրոք մոտիվացնում է ինձ: Էդ մի հոգու շնորհիվ մագիստրոսական թեզս ընտիր գրեցի, ու հիմա շարունակում եմ դիսերտացիայիս վրա աշխատել: Սիլվիան է: Նրան տարին մեկ-երկու անգամ հազիվ եմ տեսնում: Բայց ամեն անգամ հանդիպելիս մի երկու լավ խոսք է ասում, հետս տանում եմ: Էս անգամ Պորտուգալիայում էր, երբ բոլորին հրաժեշտ տվեցի ու քայլեցի դեպի հյուրանոց, Սիլվիան դրսում կանգնած ծխում էր: «Հիշիր,- ասաց,- դու ղեկավարի կարիք չունես: Օգտագործիր ուղեղդ»:

Ու հիմա վերադարձել եմ Կոպենհագեն, աշխատում եմ լրիվ ավտոնոմ, առանց ղեկավարիս հետ խորհրդակցելու: Ստացվում է:

StrangeLittleGirl
27.09.2015, 22:36
Իմ սիրած տղամարդիկ իրարից ահավոր տարբեր են եղել: Էն կարգի տարբեր, որ երբեմն զարմացել եմ իմ ճաշակի բազմազանության վրա: Բայց ամենազարմանալին էն ա, որ դու էդ բոլոր-բոլորի հանրագումարն ես, ունես բոլորի դրական հատկանիշները ու չունես բացասականները: Ու չեմ հասկանում՝ ինչ եմ զգում հիմա: Մենակ մի բան գիտեմ. սիրում եմ քո ներկայությունը:

StrangeLittleGirl
29.09.2015, 00:45
Ո՜նց եմ սիրում քեզ կամաց-կամաց, կտոր-կտոր, քայլ առ քայլ բացահայտելը: Ու ինչքա՜ն ուրախ եմ, որ դու կաս իմ կյանքում:
Ուզում եմ քո մասին գրել, բայց չի ստացվում:
Ո՜նց եմ սիրում քեզ կարոտել, որովհետև գնահատում եմ ոչ միայն քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանս, այլև այն ժամերը, որոնք անցնում են՝ ինձ մոտեցնելով քեզ:
Ես գիտեմ. մի օր սիրելու եմ քեզ: Սիրելու եմ քեզ, որովհետև դու կռիվ ես տալիս ինձ համար:

StrangeLittleGirl
30.09.2015, 00:48
Ինձ մեկ-մեկ թվում ա՝ քեզ ինչ-որ մեկը խաբար ա տվել, թե ինչպիսի մարդ եմ ու ինչ նախասիրություններ ունեմ: Ախր հավատս չի գալիս, թե ոնց ես կարողանում մաթեմատիկական ճշտությամբ ինձ հետ վարվել էնպես, ինչպես ինձ դուր է գալիս:

Ամենաշատը սիրում եմ երեկոները, երբ սթրեսված գալիս եմ տուն, ու դու օրերն ես հաշվում մինչև մեր հաջորդ հանդիպում:

StrangeLittleGirl
30.09.2015, 16:46
Վիոլենն էսօր ասում ա.
- Սքրաբըլ խաղալ սիրու՞մ ես: Ամերիկյան սքրաբըլ եմ նվեր ստացել:
- Պուճուր ժամանակ խաղացել եմ: Բայց գիտես չէ լեզվակիրների հետ ինչ անդուր ա,- ասում եմ ու հիշում, թե ոնց տարիներ առաջ Խրոնինգենում ամերիկացի Դեյվիդը բոլորին ջախջախեց:
- Հա, հիշում եմ, թե կոնկրետ մի լեզվակրի հետ ինչ անդուր էր:
- Ո՞վ էր,- հարցնում եմ ու Վիոլենի ու Լինեի հայացքներից հասկանում եմ, հիշում ու սկսում ծիծաղել,- հա, անդուր էր:
- Տպավորություն էր, որ եթե չկրի, կլացի:
Էդ երեկոն էնքա՜ն հեռու է թվում հիմա: Երեկ էլ ղեկավարիս հետ խոսելիս հիշեցինք նրան որպես «իռլանդացի քեյսը»:

StrangeLittleGirl
03.10.2015, 22:49
Սիրում եմ ուժեղ կանանց տեսակը, հատկապես երբ պրոֆեսորներ են լինում:

Նրանից միշտ վախեցել եմ, ներկայությունից դողացել: Ու զարմանալի էր լրիվ ուրիշ միջավայրում տեսնելը: Զարմանալի էր ուրիշ լույսի տակ տեսնելը: Խոստովանեցի, որ վախենում եմ իրենից: Ասաց, որ ինքը գիտեր, որ միշտ վախենում էի:

Մի տեսակ էս չոր, վախենալու կանայք են, որ ինձ հիացնում են, որովհետև անպայման մի պահ է գալիս, որ տեսնում ես նրանց փափուկ կողմն ու նվիրվածությունն աշխատանքին ու լիքը թաքցրած էմոցիաներ, տեսնում ես ու ուզում, որ երբ վաթսուն տարեկան դառնաս, դու էլ էդպիսին լինես:

Իսկ քեզ, թանկագինս, պիտի շնորհակալություն հայտնեմ, որ իմ կյանքի էս սարսափելի շաբաթվա ընթացքում ուժ էիր տալիս հեռվից հեռու: Երջանիկ մարդ եմ, որ քեզ ունեմ:

StrangeLittleGirl
05.10.2015, 01:17
Ինձ սպանում են ձեր երկուսի նմանությունները: Մեկ-մեկ ինձ թվում է՝ դու նրա գենամոդիֆիկացված տարբերակն ես: Ոնց որ վերցնեին նրան, դուրս շպրտեին էն բոլոր ահավոր հատկանիշները, ավելացնեին լավերը ու ստեղծեին քեզ: Իսկ Gray Room-ի պահն ամենաահավորն էր:

Բայց ինձ դուր է գալիս, թե ինչպես խելքս չի գնում քեզ համար ու ինչքան լավ եմ զգում քեզ հետ: Ինձ դուր է գալիս սպասել հանդիպման օրվան: Ինձ ուղղակի դուր է գալիս, թե ոնց ենք մենք ընդհանրապես: Քո շնորհիվ սկսել եմ նաև փողոցի կարմիր լույսերը սիրել. կարմիր լույսերը համբուրվելու համար են:

StrangeLittleGirl
07.10.2015, 02:27
Ամեն անգամ քեզ տեսնելուց հետո ինքս ինձ հարցնում եմ. «Սիրու՞մ եմ քեզ»: Պատասխանս միանշանակ է. «Դեռ չէ»:

Իմ բոլոր տղամարդիկ ինձ վրա կոնկրետ ձևով ազդելով են աչքի ընկել: Դու ինձ հանգստացնողն ու խաղաղեցնողն ես, երբ աշխարհի ամենակատաղած մարդն եմ: Ու չես պատկերացնի, թե ինձ նման ներվային մեկի համար դա ինչ մեծ ձեռքբերում է:

Ես չգիտեմ՝ մինչև երբ կշարունակենք միասին լինել, բայց դա ինձ այսօր չի հետաքրքրում: Այսօր ինձ հետաքրքրում է միայն այն, որ քեզ հանդիպելիս աշխարհի բոլոր խնդիրներն ուսերիցս ընկնում են, ու այնպիսի զգացողություն է առաջանում, ասես ինձ համար հանգիստ լողում եմ ալիքների վրա: Շնորհակալ եմ, թանկագինս:

StrangeLittleGirl
08.10.2015, 00:58
Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչի՞ս էր նա, ինչի՞ս էր էդքան ցավը, եթե, միևնույն է, քեզ էի հանդիպելու: Հետո հասկանում եմ, որ քեզ գուցե չգնահատեի, եթե նա չպատահեր ինձ: Չէի տեսնի քո բոլոր այն արժանիքները, որոնք ի սպառ բացակայում էին նրա մոտ: Ու ի վերջո, չէի հասկանա՝ ինչ եմ փնտրում: Իսկ ես փնտրում էի քեզ, բայց երբևէ չէի հավատում, որ կգտնեմ: Մինչև հիմա չեմ հավատում:

Ու հաստատ արժեր այդ ցավը, եթե դա պիտի ինձ բերեր, հասցներ քեզ մոտ: Քեզ հետ ինձ տանն եմ զգում:

StrangeLittleGirl
12.10.2015, 02:36
Դու գիտես, որ կյանքումդ ինչ-որ բան փոխվել է, երբ պատմություններ ես հավաքում միայն ու միայն կոնկրետ մեկին պատմելու համար:

Գիտես, որ կյանքումդ ինչ-որ բան փոխվել է, երբ զանազան բաներից հրաժարվում ես երեկոն կոնկրետ մեկի հետ անցկացնելու համար:

Գիտես, որ կյանքումդ ինչ-որ բան փոխվել է, երբ ճամփորդելիս պարտավորված ես զգում մի անկյուն գտնել, որ մեյլդ գրես:

Գիտես, որ կյանքումդ ինչ-որ բան փոխվել է, երբ ամեն հաջորդ օրվան անհամբերությամբ ես սպասում:

Կարոտել եմ, ջանս, չեմ համբերում, թե երբ ինքնաթիռը վայրէջք կկատարի Կոպենհագենում:

StrangeLittleGirl
14.10.2015, 15:38
Ես ինչքան բախտավոր մարդ եմ, որ հանդիպել եմ քեզ: Հավատս չի գալիս, որ դու իրական ես: Գրողը տանի, դու իրական ես, դու կաս, դու շոշափելի ես:
Գրողը տանի, ես քեզ սիրում եմ, հա, սիրում եմ:

StrangeLittleGirl
15.10.2015, 13:30
Միշտ կարծել եմ՝ մարդկային երջանկությունը վերին սահման ունի, ու ես հասել էի էդ վերին սահմանին: Դու բռնեցիր ձեռքիցս ու տարար դրանից վերև, որտեղ արդեն ոչ թե երջանկություն է, այլ անանուն ինչ-որ մի բան, որտեղ լողում ենք երկուսով: Ես սիրում եմ մեր աշխարհը, մեր աշխարհից դուրս քո աշխարհն ու իմ աշխարհը, որոնք կամաց-կամաց միահյուսվում են: Բայց ամենաշատը սիրում եմ քեզ կարոտելն ու կարոտից հետո քեզ տեսնելը:

StrangeLittleGirl
16.10.2015, 17:27
Երբ մարդիկ հիանում են Դանիայով, էստեղ երկար տարիներ ապրող արտասահմանցիներն ասում են. «Համբերի մինչև աշուն, տեսնենք՝ ինչքան կսիրես»:
Հոկտեմբերից սկսած օրերը կարճանում են, մթնում, անձրևը դառնում է անդադար: Բայց սիրում եմ տարվա էս հատվածը, երբ իմաստ չկա սպասելու, որ անձրևը դադարի, որովհետև այն շարունակվելու է օրերով ու շաբաթներով, երբ հեծանիվդ գլորվում է սղլիկ տերևների վրայով, երբ սենյակի արհեստական լույսն ուղղակի ծանրացնում է դրսի գորշությունը:

Սկսում ես տխրել: Ինչ-որ տաք, հաճելի տխրություն է: Սկսում ես կարոտել մարդկանց, որոնց վաղուց չես կարոտել, հեծանիվով երկար ճամփաները չեն վախեցնում, որովհետև ժամերով Ջուլյա Սթոուն ես լսելու: Տարվա այն պահն է, երբ բոլոր տեսակի զգացողություններն են սրվում, անգամ ընդհանուր մռայլությանը հակասող երջանկությունը: Ու հարց ես տալիս քեզ՝ արդյոք երջանկությունն ու տխրությունն իրար հակասո՞ղ զգացողություններ են:

Սիրում եմ սկանդինավյան աշունը:

StrangeLittleGirl
18.10.2015, 14:41
Էնքան հետաքրքիր ա էս ամենը: Ամեն ինչ մի տեսակ գիտակցված ա, ուղեղի զոռ, ցանկացած առաջընթաց մաշկիդ վրա զգում ես, ցանկացած զարգացում մեծ ձեռքբերում ես համարում, հետո՝ խորը շունչ քաշում, թե՝ էս լեվելն էլ բարով-խերով հաղթահարեցինք: Ոնց որ երեխայի զարգացմանը հետևես, թե՝ այսօր առաջին անգամ ժպտաց, այսօր առաջին անգամ նստեց, այսօր առաջին անգամ «մամա» ասաց: Ու դանդաղ, շատ դանդաղ, համատեղ ջանքերով այս ամենն առաջ է գնում: Եվ երբ հասնենք այնտեղ, ուր գնում էինք, այնքան թանկ կլինի մեր ձեռքբերումը, որ ամեն կերպ կդողանք վրան, չենք թողնի, որ հենց էնպես կործանվի:

Էս գրառումն ուղիղ մի տարի առաջ եմ արել: Անընդհատ միտս է գալիս, անընդհատ բացում ու կարդում եմ, օրագրումս էլ մի ուրիշ տեղ եմ մեջբերել: Մի տարի անց հասկացել եմ, որ այդքան դանդաղ, զոռով առաջ գնացող հարաբերությունները դատապարտված են ձախողվելու, ու ինչ-որ պահի գալու է մի լեվել, որը չի հաղթահարվելու: Ինչ-որ մի օր հասկանալու ես, որ ավելի լավ է՝ թույլ տաս կործանվի, քան էդպես շարունակես:

StrangeLittleGirl
19.10.2015, 10:19
Ի՜նչ հավես առավոտ ա: Ադյալով փաթաթված նստած եմ, մինչ դրսում երկինքը կամաց-կամաց բացվում ա: Ցերեկային լամպս արևի իմիտացիա ա անում: Սուրճի տաք բաժակը բռնել եմ ու մտածում եմ սպասվող օրվա մասին: Ծանր աշխատանքային օրվանից հետո համերգ ենք գնալու: Գրողը տանի, Starsailor-ի համերգն է: Երբևէ մտքովս չէր անցնում, որ նրանք նորից կսկսեն համերգներ տալ: Գրողը տանի, մենակ չեմ գնալու: Էլի իրար փաթաթված կվայելենք համերգը:

Որ ասում էի՝ կապ չունի մարդն ինչ է լսում, կարևորը՝ ինչպես է լսում:

StrangeLittleGirl
20.10.2015, 22:51
Գիտե՞ս քո մեջ մեկ էլ ինչն եմ սիրում: Քո շնորհիվ կապ եմ հաստատել իմ տասնչորս տարեկան Եսի հետ, էն մեկի, որին էդքան կարոտում էի համալսարան գնալուց հետո ու որից կամաց-կամաց հրաժարվեցի, երբ պարզեցի, որ մեր աշխարհում դա անընդունելի կերպար է, իսկ պատմությունը՝ անհետաքրքիր ու անկարևոր: Քո շնորհիվ ես իմ տասնչորս տարեկանին նորից ջրի երես եմ հանում, հիշում դեպքեր, որոնք վաղուց թաղել էի ուղեղիս եսիմ որ ծալքերում, վերապրում եմ էդ ժամանակներն ու գնահատում դրանք: Քո շնորհիվ ես իմ տարբեր տարիքի Եսերին, իմ բոլոր դրսևորումներին, որոնք տարիների ընթացքում շաղ էի տվել տարբեր տեղերում, հերթով հավաքում եմ այստեղ: Էս ամենն էնքան անսովոր ու հաճելի է: Չես պատկերացնի, թե որքան է ինձ դուր գալիս իմ տասնչորս տարեկանի հետ նորից հաղորդակցվելը: Չես պատկերացնի, թե ինչքան եմ սիրում քեզ:

StrangeLittleGirl
25.10.2015, 19:58
Կիրակի երեկոն ուկուլիլի նվագելուց լավ անցկացնելու էլ ուրիշ ի՞նչ ձև կա :))
Հանձնեցիր ինձ գործիքն ու ասացիր. «Շատ հեշտ է. կես ժամում կսովորես»: Հավատս չեկավ, բայց այսօր, երբ մի քիչ ինտերնետում փորփրեցի, հայտնաբերեցի, որ կես ժամում արդեն մի երգ նվագում էի:
Դու ջրի երես ես հանում իմ մոռացված, խորտակված նախասիրություններն ու ունակությունները: Երբ տասներեք տարի անց կիթառը մի կողմի շպրտեցի ու որոշեցի այլևս այն չվերցնել, մտքովս կանցնե՞ր, որ այսքան տարի անց այդ գիտելիքներս պետք էին գալու:

Ուկուլիլին իմ նոր ընկերն է դառնում, սթրեսը հաղթահարելու նոր միջոցը: Քեզ հետ միասին:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես ջրի երես հանում իմ բոլոր դրսևորումները: Քո միջոցով բացահայտում եմ ինքս ինձ: Շնորհակալ եմ:

StrangeLittleGirl
03.11.2015, 13:33
Էնքան հավես էր, երբ համերգի հերթի մեջ կանգնած ժամանակ պայուսակիցդ հանեցիր տաք ուտելիքը ու տվեցիր ինձ:
- Մտածեցի՝ գործից հետո չես հասցնի տուն գնալ ընթրիքի, սոված կլինես,- ասացիր:
- Հոգատար ես,- ասացի:
- Ինձ դուր է գալիս քո մասին հոգ տանելը:
- Ինձ էլ:
Քեզ հետ ես փափուկ եմ, խոցելի ու նուրբ: Ու դա ինձ դուր է գալիս:

StrangeLittleGirl
05.11.2015, 21:54
«Եթե հավես ունենանք, դուրս կգանք խմելու», «Եթե ջղայնանանք, բեմը հեռու չի լինի», «Ամսի 25-ին կտեսնենք՝ ինչքան զբաղված ենք, նոր կորոշենք՝ գնա՞նք էդ համերգին, թե չէ»: Էս արտահայտությունների մեջ լիքը ջերմություն կա, բայց մյուս կողմից էլ վախենալու է: Զգում ես, թե ինչպես են ես ու դուն կամաց-կամաց վերանում ու դառնում մենք: Մենք սիրում ենք մորի, սիրում ենք կենդանի համերգներ, սիրում ենք Ռետրո սրճարանը:

Մենքով կյանքը լրիվ ուրիշ բան է դառնում: Այն բաները, որոնք եսը չէր սիրում, մենքը սիրում է, եսին ջղայնացնում էր, մենքին հաճելի է, եսին հուսահատեցնում էր, մենքին քաջալերում է: Ու կյանքը շարունակվում է որպես մենք՝ լցված փոխզիջումներով, փոխադարձ հարգանքով ու մենքի մյուս բաղադրիչին երջանկացնելու անհագ ցանկությամբ:

Մենքը վախենալու է, բայց պետք է սովորել մենքի ներսում ես ու դու մնալ: Ու մենքն ավելի ուժեղ է, քան ես ու դուն:

StrangeLittleGirl
12.11.2015, 13:06
Ուղիղ մի տարի առաջ այս օրն ասացիր, որ թունելի վերջում լույս է երևում: Հույս ունեմ՝ մի տարի անց դեռ տեսնում ես լույսը: Իսկ ես թունելում չեմ, իմ շուրջն ամեն ինչ է լուսավոր: Մի տարի առաջ այս օրն ինձ սեր խոստովանեցիր ու դա այնքան վատ արեցիր, որ ես դա որպես պլատոնական սեր ընկալեցի:
Վախենալու չափ հստակ եմ հիշում անցյալ տարվա այս ժամանակների մեր օրերը: Դու եկար Բոտանիկ հինգ րոպե ուշացումով, ասացիր, որ Դամիեն Ռայսի Grey Room-ն էիր լսում ռիփիթի վրա: Ասացիր, որ նոր ալբոմը դեռ չես լսել: Բոտանիկում ֆալաֆել կերանք: Դու ինձ տվեցիր այն կարմիր ծրարը, որի մեջ խոստովանությունդ ու Էլթոն Ջոնի համերգի տոմսն էին: Հետո գնացինք համերգ: Անընդհատ ինձ էիր նայում: Աչքերդ լցվում էին: Ֆորումից քայլեցինք դեպի Նորեպորտ: Լճերի մոտով անցանք: Դու կանգնեցիր ու նկարեցիր կամրջի վրայի արարածներին: Ասացիր, որ քեզ երես եմ տալիս՝ ամեն անգամ հեծանիվով քեզ հետ քայլելով: Ասացի, որ ինձ ավելի հաճելի է ոչ մենակ քայլելը, քան մենակով հեծանիվ քշելը:

Ուղիղ մի տարի անց ես ուրիշի եմ սիրում: Հույս ունեմ՝ լավ ես:

StrangeLittleGirl
16.11.2015, 00:16
Դավիթը մի անգամ ասեց՝ Զորիկին ասեցի Զորիկ ձյաձյա, նեղացավ:

StrangeLittleGirl
16.11.2015, 15:29
Գլուխս պայթում ա: Էսօր ժամը տասին եմ արթնացել: Անցյալ գիշեր էլ շուտ էի պառկել քնելու: Սովոր չեմ էս տրամադրությանը: Գժվացնում ա ինֆորմացիայի հոսքը: Ֆեյսբուքս փակել եմ նորից: Բայց մինչև փակելս ինչքան հնարավոր էր, թունավորվեցի:
Էս բազարներն արդեն վրաս վատ են ազդում:
Բայց ավելի վատ ա ազդում էն, որ Զորիկն էլ չկա:
Մի տեսակ սաղ խառնվել ա իրար:

StrangeLittleGirl
20.11.2015, 22:57
Էսօրվա արածիցդ շոկի մեջ եմ: Էս էն պատմություններից է, որ մարդիկ իրենց թոռներին են պատմում:

Մի անգամ Կոպենհագենում նոյեմբեր էր ու ցուրտ, իսկ ես ձեռնոցներս կորցրել էի: Ցուրտը ոչինչ, բայց հեծանիվ քշելիս ձեռքերն ահավոր սառցակալում են: Բոլորս էլ գիտենք դրա մասին: Դու ինձ համբուրեցիր ու ձեռնոցներդ խցկեցիր ձեռքերիս մեջ: Չհասցրի վազել հետևիցդ, որովհետև նստեցիր հեծանիվդ ու մեծ արագությամբ հեռացար: Ինձ մնում էր միայն հագնել ձեռնոցներդ ու տուն գնալ:

Ձեռքերս չսառեցին, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի քո ձեռքերի մասին ու մտածում էի, թե ինչ բախտավոր մարդ եմ, որ դու հայտնվել ես իմ կյանքում: Չես պատկերացնի, թե սիրտս ոնց է լցվել: Քո ձեռնոցներն ինձ համար շատ ավելին են, քան զանազան ծաղիկներ, փուչիկներ, զարդեր ու այլ ֆլան-ֆստան բաներ:

StrangeLittleGirl
21.11.2015, 17:07
Ինձ պետք չեն ֆեյսբուքի հիշեցումները, որ իմանամ՝ անցյալ տարի հենց այս օրն ինչ էի անում:

Նորեպորտում քեզ էի սպասում, դու ուշանում էիր: Վախենում էի՝ չվերթը բաց թողնենք: Երբ եկար, չջղայնացա վրադ: Ասացի, որ եթե ուրիշ մեկը լիներ, վրան գոռգոռալու էի, բայց քո դեպքում ուղղակի հետաքրքիր արկած է:

Մի կերպ հասցրինք Կոպենհագեն-Ռեյկյավիկ չվերթին: Չէ, մի կերպ չէր, նույնիսկ հասցրինք սուրճ խմել մինչև ինքնաթիռ նստելը:

Ռեյկյավիկի օդանավակայանում դու զուգարան գնացիր, իսկ ես հանեցի բլոկնոտս ու մի երկու տող գրեցի: Հետո գնացինք քաղաքի կենտրոն: Մութը շուտ ընկավ: Ցուրտ էր: Գտար բուսակերական ռեստորանը, մտանք այնտեղ: Ուտելիքն անտանելի լավն էր, էն աստիճանի, որ երկու օր անց նորից այնտեղ գնացինք: Էդ ռեստորանում էիր, որ ասացիր, որ ինձ նման մարդ քո կյանքում երբեք չի եղել:

Հետո վեր ընկանք մի սրճարանում ու սկսեցինք ականջ դնել կողքի խոսակցություններին: Ջուլյա և Անգուս Սթոունների երգերն էին միացած: Ասացիր, որ Big Jet Plane-ը խուժան տեքստ ունի:

Երեկոյան ավելի ուշ պիտի հասնեինք մեր կորած-մոլորած հյուրանոցը: Հազիվ հասցրինք վերջին ավտոբուսին դեպի ավտոկայան, այն էլ վարորդը մեզ սխալ տեղ իջեցրեց: Կանգնած էինք անծանոթ մայրուղում ու չգիտեինք՝ ինչ անեինք: Ավտոստոպ առաջարկեցի: Հենց առաջին մեքենան կանգնեց: Վարորդը մեզ հասցրեց ավտոկայան: Չուշացանք ավտոբուսից:

Հասանք էն կորած գյուղակը, մթության մեջ խարխափելով շարժվեցինք դեպի մեր հյուրանոցը: Ո՜նց էի քեզ սիրում էն ժամանակ:

...
Էս տարվա էսօրն էլ եմ հիշելու, որովհետև տարվա առաջին ձյունն է գալու: Հիշելու եմ, որովհետև համերգ եմ գնալու սիրելիիս հետ: Այս տարի այս նույն օրը իմ կյանքն ավելի լիարժեք, ավելի իսկական է, քան անցյալ տարի:

StrangeLittleGirl
22.11.2015, 20:19
Արդյոք իսկապե՞ս մեր նախորդ ու հաջորդ տարվա նույն օրերն այդքան նման են լինում իրար, բայց չենք հիշում: Իսկ անցյալ նոյեմբերը շատ լավ եմ հիշում, դաջված է ուղեղումս: Հատիկ-հատիկ, ժամ առ ժամ:
Անցյալ տարի այս օրն էլ չէի ուզում անկողնուց դուրս գալ: Ասենք, Սկանդինավիայի համար բնական երևույթ է՝ լինի դա Դանիա, թե Իսլանդիա: Բայց խաշած ձու նախաճաշին հազվադեպ եմ ուտում: Երևի տարին մի երկու-երեք անգամ: Անցյալ տարի այս օրը նախաճաշին խաշած ձու կերանք: Այսօր էլ: Բայց անցյալ տարի ձուն գեյզերի մեջ էինք խաշել, այսօր՝ գազօջախին: Անցյալ տարի այս օրը մենք թափառում էինք Իսլանդիայի ինչ-որ կորած-մոլորած տարածքում, երբ շունը դիմացներս դուրս եկավ: Դու վախեցար, թաքնվեցիր իմ հետևում: Այս տարի երեկվա օրը կանգնած էինք կանգառում, դիմացներս՝ ձնաբուք: Նա ամբողջ մարմնով կանգնած էր դիմացս, որ փոթորիկն ինձ չվնասի:
- Զգացմունքներդ պահիր այն մարդու համար, որը դրանք կգնահատի:
Ու պահեցի:
- Ոչինչ, քեզնից բախտավոր մեկինը կլինեմ,- ասացի:
- Անտանելի-անտանելի բախտավոր եմ,- ասաց նա անցյալ գիշեր:

StrangeLittleGirl
27.11.2015, 19:48
Սպիրալի գաղափարի մասին էլի եմ խոսել: Նորից ու նորից համոզվում եմ, որ այն ճիշտ է. մենք կյանքում անընդհատ նման զգացողությունների, հարաբերությունների, փորձությունների, առաջադրանքների միջով ենք անցնում, բայց դա ոչ թե շրջանաձև է, այսինքն՝ լրիվ նույնը, այլ ուղղակի նման, ու ասես կրկնության մեջ հայտնվում ենք, որ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ճիշտ անենք:

Ինձ անընդհատ թվում է, որ այս պահին ապրում եմ անցյալ նոյեմբերի ճիշտ տարբերակը: Ու քանի որ օր առ օր հիշում եմ, թե ինչպիսին էր անցյալ նոյեմբերը, համեմատելու լիքը բան եմ ունենում:

Հետաքրքիր է, որ դու էլ էիր շատ պարզ հիշում քո անցյալ նոյեմբերի 26-ը:
- Մի տարի առաջ այս օրն իրար չէինք ճանաչում,- ասացիր: Ու պատմեցիր, թե ինչքան տխուր ծննդյան օր ես ունեցել:
Ես չպատմեցի, բայց մեկիկ-մեկիկ հիշեցի այն ահավոր զգացողությունները, որոնց միջով անցել եմ, թե ինչպես էր այն մարդը, որին այդքան սիրում էի, տրորելով վրայովս անցնում: Իսկ որպես հրաժեշտ.
- Սովորաբար երբ խնդիր եմ ունենում, քեզ մոտ եմ գալիս, բայց հիմա խնդիրը դու ես: Չգիտեմ՝ ուր գնամ,- ասացի:
- Լավ առիթ է, որ մեկին գտնես, մոտը բացվես,- պատասխանեց:
Գնացի տուն, ֆեյսբուքում ստատուս գրեցի, թե՝ I need a hug: Էդ ստատուսը ջնջել եմ, բայց մինչև հիմա հիշում եմ: Մայան իր տուն կանչեց: Միասին գինի խմեցինք ու իսլանդական շոկոլադ կերանք:

Իսկ երեկ՝ ուղիղ մի տարի անց, աշխարհի ամենաջերմ ձեռքերում էի: Ու երկուսով միմյանց ականջին շշնջում էինք.
- Ես ահավոր բախտավոր եմ:
Երեկ ես ինձ պաշտպանված, ապահով ու սիրված էի զգում: Մի բաժակ ռոզեից հետո անջատվել, սկսել էի հետդ դանիերեն խոսել: Անցյալ գիշեր առաջին անգամ զգացի, որ դանիերենը սիրում եմ, որովհետև քո մայրենի լեզուն է:

StrangeLittleGirl
04.12.2015, 02:07
Ութ ամսվա մեջ առաջին անգամ լռությունը խախտվեց: Ութ ամիս: Ճիշտ էնքան ժամանակ է անցել, ինչքան իրար ճանաչել ենք: Ութ ամսվա մեջ առաջին անգամ քեզ գրեցի: Ու առաջին անգամ դու պատասխանեցիր: Երկուսիս նամակներն էլ զուսպ ջերմությամբ էին: Կարծես ինչ-որ ծանր, խեղդող մի բանից ազատվեցի: Ու մի նոր ճամփա սկսեցի, ներելու ճամփան:

Ութ ամսվա մեջ առաջին անգամ լռությունը խախտվեց, որ մի նոր լռության փուլ մտնենք:

StrangeLittleGirl
06.12.2015, 01:26
Լավ օր էր էսօր: Էնքան եմ սիրում էսպիսի պրոդուկտիվ շաբաթ օրեր, երբ և՛ հասցնում եմ ուզածիս չափ քնել, և՛ զբաղվել տնային ու այլ գործերով: Հիմա նստած օրս ամփոփում եմ ու հաճույքից հալվում. բլոգումս գրել եմ, լվացքս արել եմ, դանիերենի տնայինս վերջացրել եմ, ընդ որում՝ ամենահավես պահը սիրելիիս հետ օնլայն ստուգելն էր, մի քանի բացիկ եմ պատրաստել, դերանունների հաշվարկը վերջապես ավարտին եմ հասցրել, իսկ հինգշաբթի օրվա պրեզենտացիաս արդեն պատրաստ է, օպոնենտիս ուղարկված: Էլ ի՞նչ դարդ ունեմ: Ու դեռ կարող եմ քնելուց առաջ մի երկու ժամ վեր ընկնել, Փաթի Սմիթի «Պարզապես երեխաները» կարդալ: Հա, մի քիչ առաջ բրդեմ, որ վաղը երկուսով ենք վեր ընկնելու ու կարդանք:

StrangeLittleGirl
11.12.2015, 16:24
Սարսափելի է գիտակցելը, թե ոնց է ժամանակդ գնում: Ինչ սկսել եմ ցուցակ պահել, թե որ պրոյեկտի համար ինչքան ժամանակ է պետք, հայտնաբերում եմ, թե ոնց են ժամերն ուղղակի գնում:

Օրինակ էսօր կեսօրի հանդիպման համար գիտեի, որ երկու ժամվա գործ կար: Գիտեի նաև, որ մի ժամ ունենալու եմ երեկ սեմինարից հետո ու մի քիչ էլ էսօր առավոտը: Սեմինարից հետո էդ մի ժամը լրիվ հօդս ցնդեց, մինչև լսարանից հասա օֆիս, հետն էլ կոլեգաներիցս մեկը նստեց, սկսեց հետս խոսել: Վերջում մի ճլորած հինգ րոպե էր մնացել, որը հազիվ հերիքեր կոմպը միացնելու վրա: Էսօր առավոտն էլ կպած գործ էի անում, որ հասցնեմ կեսօրին, մեկ էլ ամբիոնի վարիչը մտավ ու սկսեց կյանքիցս հարցնել, թե՝ ոնց ես, ինչ ես: Լավ եմ, ընտիր եմ, հանգիստ թող, ժամանակս գնում է:

Ինչքան շատ ենք ուշադրություն դարձնում, թե ինչի վրա է ժամանակը գնում, էնքան անհանդուրժող ենք դառնում դրա կորստի նկատմամբ: Էս նկատի ունեցեք, երկու շաբաթից Երևանում եմ լինելու:

StrangeLittleGirl
14.12.2015, 19:03
Ու երբ օրերն էնքան են կարճանում, որ մութը սկսում է ներվայնացնել, սկսում եմ ինձ մխիթարել. ևս մի շաբաթ, ու օրերը կսկսեն երկարել: Եվ դա օգնում է, որ ժամը չորսին մթնելը ոչ թե աննորմալ համարեմ, այլ հանգիստ սպասեմ այն օրվան, երբ ժամը չորսին այլևս մութ չի լինի: Տարվա ամենակարճ օրվան մնաց ութ օր: Հետո արդեն լույսը վերադառնալու է :)

StrangeLittleGirl
21.12.2015, 17:41
Կյանքում ոչ մեկի էնպես չեմ վստահել, ինչպես քեզ: Դա ինձ համար մի նոր աշխարհ է, սիրո մի նոր տեսակ, երբ գիտեմ, որ կարող եմ ամբողջովին հանձնվել ու չվախենալ, որ կկորեմ:

StrangeLittleGirl
09.01.2016, 20:04
Անցյալ տարվա երեկվա օրն էի հիշում, թե ինչպես անկողնուց դուրս գալ չէի կարողանում, թե ինչպես փորձում էի քնելու միջոցով մոռանալ նախորդ օրվա հրաժեշտը: Իսկ երեկ աշխատավայրում շատ արդյունավետ սկսեցի տարին:

Հիշում էի անցյալ տարվա երեկվա օրը, երբ 34 համարի ավտոբուսն ինձ տուն հասցնելու փոխարեն հասցրեց մի կորած-մոլորած թաղամաս, որտեղ փողոցները լուսավորված չէին, իսկ երբ GPS-ով նայեցի՝ որտեղ եմ, սարսափը պատեց ինձ. կղզու ամենածայրում, ու եթե մթության մեջ խարխափելով մի քիչ էլ ուղիղ գնայի, ծովում կհայտնվեի:

Հիշեցի քեզ ու մեր առաջին հրաժեշտը, երբ քո մասին դեռ դրական կարծիք ունեի, երբ ոչ մի վայրկյան քեզ չէի ատել: Գիտես, քո պակասը հիմա էլ եմ զգում իմ կյանքում: Հիմա, երբ կողքիս ամենակատարյալ տղամարդն է, որին ինչքան ուժ ունեմ, սիրում եմ, երբ ամեն առավոտ արթնանում ու խոստովանում եմ, որ բախտավոր մարդ եմ, միևնույն է, քո պակասը զգում եմ: Դա սիրո կամ հոգատարության պակաս չէ, որովհետև դա քեզնից չէի ստացել, իսկ հիմա ստանում եմ այնքան, ինչքան ինձ պետք է: Ուղղակի ուզում եմ քեզ նման մտերիմ ընկեր ունենալ իմ կյանքում: Կուզեի՝ վերադառնաս, կուզեի՝ ամեն ինչ նորից սկսեինք, բայց առանց սեր-մեր խաղացնելու, առանց ռոմանտիկ զգացմունքների, այլ որպես իսկական ընկերներ: Ու գիտեմ, որ չի ստացվի, որովհետև դու կջղայնանաս, երբ իմ սիրած մարդու հետ ժամանակ անցկացնելն ինձ համար ավելի կարևոր լինի, քան քեզ տեսնելը, կջղայնանաս, երբ հրաժարվեմ արձակուրդներս քեզ հետ անցկացնելուց, կջղայնանաս, երբ համերգներ ոչ թե քեզ հետ գնամ, այլ Մ-ի: Է՛լ ավելի կջղայնանաս, եթե երեքով գնանք:

Ուզում եմ, որ վերադառնաս իմ կյանք, բայց ուզում եմ, որ դու էլ ուզես: Ու չգիտեմ՝ ինչպես անել դա:

StrangeLittleGirl
16.01.2016, 02:09
Հետաքրքիր էր, որ ամիսներ առաջ ակումբում գրում էի այն առանց բոցավառության, առանց «սիրուց խենթանալու», առանց տառապանքի, առանց անքուն գիշերների ու առանց «առանց քեզ կյանք չունեմ» սիրո տեսակի մասին: Գրում էի՝ հավատալով, որ մի օր ես էլ կճաշակեմ դա: Գրում էի դա, երբ իմ կյանքում մի ինչ-որ նոր բան էր սկսել բողբոջել, ու չգիտեի՝ ինչ էր դառնալու:

***
Դանիա մեկնելուց առաջ Աննան ինձ բրդե գուլպաներ նվիրեց: «Որ էդ ցուրտ երկրում ոտքերդ չմրսեն»,- ասաց: Չնայած ունեցածս բրդե գուլպաների բազմազանությանը, էս մի զույգն մի ուրիշ կերպ էի սիրում ու հագիցս չէի հանում: Աննան Երևանում իմ սիրելի մարդկանցից է ու Հայաստանում անցկացրածս կես տարվա մատների վրա հաշված լուսավոր դեմքերից: Իսկ նվերն էլ հրաժեշտի նվեր էր: Հրաժեշտի նվերները մի ուրիշ կարգի եմ սիրում ու հետս ամեն տեղ ման տալիս:

Բայց էս վերջերս գուլպաների կրունկների վրա երկու մեծ կլոր ծակ էր գոյացել: Հազար տարի մնա, գուլպա չեմ կարկատի: Բայց դրանց սենտիմենտալ արժեքի պատճառով նստեցի ու ամբողջ երեկոս կարկատանների վրա ծախսեցի: Ընկերոջս ուղարկեցի նկարը: Ասաց՝ արի մեր գուլպաները կարկատող զույգ լինենք: Ու դա ինձ համար ամենաուժեղ սիրո խոստովանություններից մեկն էր:

Ինքն ինձ չի խոստացել երկնքից աստղեր իջեցնել, հավերժ սեր չի խոստացել, չի ասել, թե առանց ինձ կյանք չունի: Ինքն ուղղակի ձեռքերս տաքացնում ա, երբ սառած են, ընթրիք սարքում ինձ համար, երբ ուտելու ժամանակ չունեմ, հեռախոսով խոսում հետս, երբ սթրեսված եմ:

Ինձ երկնքից իջեցրած աստղեր պետք չեն: Արի ուղղակի մեր գուլպաները միասին կարկատենք:

StrangeLittleGirl
29.01.2016, 23:34
- Էս դրվագը հայտնվելու է պատմվածքներիցդ մեկի մեջ,- ասաց:
- Ի՞նչ իմացար, որ արդեն մտքիս մեջ տեսարաններ էի հյուսում:
- Դեմքիցդ երևաց:
Փորփրում եմ կիսատ պատմվածքներիս կույտը: Մի գիրք նյութ ունեմ, որ պիտի նստեմ ու հղկեմ: Ժամանակ չկա: Ու համ էլ, միևնույն է, դրանք անգլերեն թարգմանողը չեմ, իսկ դու դեռ չես կարող հայերեն կարդալ: Ու կարծես մոռացել եմ, որ ավարտված պատմվածքներից մեկը պատճառ դարձավ, որ ցանկացար ինձ նորից տեսնել:

Կիսատ պատմվածքներս մի կողմ եմ շպրտում: Ուզում եմ է՜ն հներից մի քանիսի վրա աշխատել, որովհետև քեզ դուր եկան գաղափարները: Սիրում եմ, թե ոնց ենք իրար հասկանում ստեղծագործական դաշտում:

- Քեզ պիտի կինոյում նկարեմ,- ասում ես:
- Ամաչկոտ եմ,- պատասխանում եմ: Ու ծիծաղում ենք:

Էսօր առավոտյան Վիոլենը ասաց.
- Ընկերդ լավն է, քեզ էլ շատ է սիրում:

Ինձ դուր է գալիս, որ բոլորը տեսնում են, թե ոնց ենք իրար սիրում: Ու հատկապես դուր է գալիս, որ ուրիշների ներկայությամբ չենք համբուրվում, չենք գրկախառնվում, չեն արհամարհում մյուսների գոյությունը: Ինձ դուր է գալիս, որ մենք թիմ ենք: Ես բախտավոր եմ, անչափ բախտավոր, որ դու կաս իմ կյանքում:

StrangeLittleGirl
03.02.2016, 01:56
Երբ Դանիայի եղանակից բողոքում են, ասում եմ՝ ինձ համար կապ չունի անձրև է, թե արև, ամպամած է, տաք է, թե ցուրտ: Միակ ներվայնացնող եղանակային երևույթը քամին է, որովհետև որպես կանոն այն միշտ սխալ ուղղությամբ է փչում, ու հեծանիվով առանց այդ էլ երկար ճամփորդությունն էլ ավելի երկար է տևում: Հեչ պետքս չէ, երբ անձրևի տակ լողանում եմ կամ երբ օրերով արևը չեմ տեսնում: Կարևորը՝ քամի չլինի:

Բայց էսօր երբ տնից դուրս եկա, մի ուրիշ տեսակի, հաճելի քամի փչեց երեսիս: Էլի հեծանիվ քշելը դժվար էր: Էլի լինում էին պահեր, երբ թվում էր՝ ուր որ է փողոց կշպրտվեմ: Էլի շարֆս թուլանում, ընկնում էր: Բայց ինչ-որ դուրեկան բան կար էդ քամու մեջ. գարնան հոտ էր գալիս:

Էսօր դանիերենի խմբում թեթևակի քննարկեցինք, որ գարունը մոտենում է: Մեկը թե՝ տաքացել է, դրա համար է էդպես թվում: Ախր ամբողջ ձմեռ մեկ-երկու շաբաթ բացառությամբ էս նույն ջերմաստիճանն էր, դեռ քամի էլ էսքան չկար: Ու էդ մեկը շարունակեց, թե՝ փետրվարին էլի ցրտելու է: Մեկ է, գարուն է գալիս, որովհետև ժամը հինգին այլևս մութ չէ:

Հետաքրքիր է՝ երբ մտածում եմ անցյալ հունվարի մասին, այն ավելի լուսավոր է թվում: Այս տարի օր օրի զարմանում էի, թե ոնց է պատահում, որ չորսին-հինգին դեռ մութ է: Բայց անցյալ հունվարին մի անասելի վատ էմոցիոնալ ճամապարհ էի անցնում: Իսկ էս տարի լրիվ ուրիշ տեղում եմ կանգնած:

Բայց էս գարնան հոտը նաև լարվածություն է բերում: Հիշեցնում է անցյալ գարունը, որն էդպես էլ չկարողացա վայելել, որն էդպես էլ չտեսա, որովհետև իմ ներսի անհանգստության հարցերով էի զբաղված: Ու երբ քամին փչում է երեսիս, փորձում եմ ինձ հանգստացնել. միայն գարուն է, ուրիշ ոչինչ:

Հ.Գ. Անցյալ տարի փետրվարի 3-ին արված գրառում.


Ու ձյուն եկավ: Ի՜նչ զարմանալի է, թե ինչքան բան կարող է փոխել եղանակը: Այս անգամ ձյունը նստեց, հեծանիվ քշել չի լինում: Կարծես մաքրեց, տարավ ամեն ինչ: Այսօր Մառլենին ասում եմ՝ էս եղանակն ավելի լավ է, քան այն կասկածելի ու միալար անձրևը: Զարմացավ: Իսկ ես գժվում եմ սառը օդի համար. Ֆինլանդիան է հիշեցնում:

Երեկ ժամը հինգի կողմերը պատուհանից դուրս էի նայում, մեկ էլ զգում եմ՝ լրիվ մութ չէ: Լույսը կամաց-կամաց վերադառնում է: Ու թեև հիմա ամենախորը ձմեռն է, ու գարնան մասին մտածել անգամ չի կարելի, բայց օրերի երկարելը հիշեցնում է, որ այն հեռու չէ:

Ջանս, երեկ նկատեցի աչքերիդ փայլը, երբ ներս մտա, նկատեցի, թե ոնց ուրախացար ու նաև նկատեցի, որ ուզում էիր մոտենալ, բայց ռիսկդ չհերիքեց: Ես էլ ուզում էի մոտենալ, քեզ գրկել: Բայց Մայան ահավոր զուգարան էր ուզում: Ես էլ: Իսկ պոեզիան շուտով ավարտվեց: Ու մեկ էլ գիշերվա մեր անկապ խոսակցությունը... անկեղծ ասած, իմ ներվերը չեն հերիքում էս վիճակից, երբ մեկ էլ սկսում ենք ֆեյսբուքով խոսել մի քիչ իրար կծելով, մի քիչ էլ կարոտած: Կներես ինձ, բայց երևի լրիվ հեռանամ քեզնից, որովհետև քեզ պատասխանել նշանակում է քո մասին մտքերը վերադարձնել, իսկ ես դա բնավ չեմ ուզում, ինձ դուր է գալիս իմ բռնած ճամփան, որտեղ դու միայն սկիզբն ես, միայն մի սիրուն հիշողություն:

Երեկ Թորիի մեկ այլ համերգի տոմս առա: Այս անգամ մի հատ: Հելսինկի միասին կգնանք, ոչինչ: Ու հա, ճիշտ ես, էնքան էլ չէի ուզում, որ հետս գաս, բայց որ պնդեցիր... Բայց այ պալատի համերգին մենակ եմ լինելու:

StrangeLittleGirl
05.02.2016, 00:27
Մտածում եմ՝ ամեն օր գրեմ: Ուղղակի գրելու համար: Բայց ախր գիտեմ, որ օրագիր գրելն ու ստեղծագործելը նույնը չեն: Օրագիրն ընդամենը օգնում է «գրելու մկանը» մարզված պահել: Կոմպերս արդեն պայթում են կիսատ գործերից: Պետք է մեկիկ-մեկիկ դուրս բերել ու աշխատել դրանց վրա: Ժամանակ չկա: Օրացույցս պայթում է դեդլայններից: Մինչև ապրիլի մեկը պիտի հասցնեմ երկու հոդված վերջացնել: Պլյուս դասավանդելը, ինչն էդքան ժամանակ չի խլում, բայց էներգիաս է լրիվ քամվում: Գրողը տանի, երբ է շաբաթ-կիրակին գալու: Վրաս էլ հալ չկա:

StrangeLittleGirl
12.02.2016, 01:42
Ինչ էս տուն եմ տեղափոխվել, ամենամոտիկ տեղը գործիս տեղն ա՝ կես ժամ հեծանիվով: Քաղաքի կենտրոնը` 40 րոպե, ընկերոջս տունը՝ 50, իսկ հիվանդանոցը, որտեղ շաբաթը երկու օր աշխատում եմ՝ 1 ժամ 10 րոպե (էս բոլոր թվերը նույնն են նաև հասարակական տրանսպորտի համար, որից հազվադեպ եմ օգտվում): Դե պատկերացրեք, թե շաբաթվա ընթացքում քանի ժամ եմ ճամփեքին անցկացնում կամ իմ աշխարհում՝ քանի ժամ եմ կորցնում: Ու անընդհատ միջոցներ էի մտածում, թե ինչ անեմ, որ էդ ժամանակը հավայի չանցնի: Մյուս կողմից էլ, վերջերս գործիս տեղն էնքան զբաղված եմ, որ ընդհանրապես ոչ մի բան չեմ հասցնում:

Էդպես դրած գլուխ եմ ջարդում, թե ոնց անեմ, որ էդ ճամփեքի ժամանակը չկորի: Էլ դանիերենի տնայինն եմ փորձել լսել (շատ ախմախ միտք, որովհետև վարժության հարցերը չէի տեսնում), էլ դանիական ռադիո եմ միացրել, որ լեզուս վարժվի, էլ փորձել եմ վիդեոներ նայել, բայց նայելը շատ անհարմար բան ա: Աուդիո գրքեր էի ուզում լսել, բայց իմ ուզած գրքերի աուդիո տարբերակները ոչ մի անգամ չէի ճարում:

Էսօր վերջը լուծումը գտա: Տոլստոյի «Պատերազմ և խաղաղության» աուդիո տարբերակն եմ գտել: 98 հատ 45 րոպեից բաղկացած հատվածներ են, այսինքն՝ միջինում օրը երկու հատված, այսինքն՝ ընդամենը 49 օրից «Պատերազմ և խաղաղությունը» «կարդացած» պիտի լինեմ: Գրողը տանի, շուտ պիտի ֆայմեի:

StrangeLittleGirl
13.02.2016, 12:35
Էրեկ տուն էի քշում զմայլվելով սիրուն մայրամուտով ու ծովով. էլ ժամը հինգի կողմերը մութ չէր: Ամբողջ ճամփին մտածում էի՝ շուտով գարուն է, էս սիրուն-սիրուն տեղերում զբոսանքի կարելի է գնալ: Էսօր առավոտն արթնացել եմ, պատուհանից դուրս նայեմ, տեսնեմ՝ ձյուն է:
Հիշեցի մանկությանս էն օրերը, երբ թվում էր՝ գարուն է եկել, մեկ էլ ապրիլյան ինչ-որ օր էդ գարունը փչանում էր: Պապս միշտ նախապես էր իմանում ցրտի մասին, տակառով փայտ էր վառում այգում, որ ծառերը չմրսեն: Իսկ լուրերով հաղորդում էին, որ էս ու էն տեղերում բերքը ցրտահարվել է: Պապս մենակ կարկտի դեմ միջոց չուներ: