PDA

Դիտել ողջ տարբերակը : Զուր չէ



Chuk
02.05.2008, 08:45
Զուր չէ


նվիրում եմ մայրիկիս
ու բոլոր մայրերին

- Հոգնած եմ, քնել եմ ուզում, - խոստովանեց ինքը:
- Շողա՛, պայծա՜ռ, - խնդրեց մանչուկը:
Լռեց, նայեց, մեղմ ժպտաց: Ի՞նչ ասի այս մանչուկին, ով իրեն գնահատում է միայն այն բանի համար, որ կարող է իր հովանու տակ լուռ խաղալ, հանգիստ, ապահով, երջանիկ ժպիտը դեմքին, խաղաղ:
Մանչուկի գանգուր մազերն արևալույս շողում էին, աչքերում պայծառն էր ու խինդը: Մեղմ շոյեց մանչուկի գլուխը, մանչուկի շուրթերը ժպտացին շնորհակալ ժպիտով: Տարիներ են անցել, ոչինչ չի փոխվել, էլի նույնը:
- Ուզում եմ գնալ բակ, խաղալ, - ասաց մանչուկը:
- Այստեղ՝ պատշգամբում, շարունակիր խաղալ, - առարկեց ինքը:
- Չէէէ՛, բակ եմ ուզում, - դժգոհեց մանչուկն ու շրթունքները դողացին: Զգաց, որ լալ է ուզում:
«Ոչինչ չի փոխվում այս խենթ մոլորակի վրա, - մտածեց տխուր, - միայն ժպտաս ու չհակաճառես, միայն շոյես, միայն փաղաքշես, միայն համաձայնվես ամեն-ամեն ինչում, թե չէ չի ժպտա, ակամա կտխրի, անգամ կսկսի քեզ մի քիչ չսիրել... ոչինչ չի փոխվում: Բայց, ոչինչ, ես սովոր եմ, կարևորը, որ նա ժպտա»:
- Լա՛վ, սիրելի՛ս, իջիր բակ:
Երեխայի դեմքը փայլեց երջանկությունից: Հավաքեց խաղալիքներն ու իջավ բակ: Ինքը լուռ ուղեկցեց: Մենակ չէր թողնելու: Ի՞նչ արած, որ հոգնած է, որ քնել է ուզում: Կքնի, երբ կքնի այս մանչուկը՝ հոգնած իր օրվա խաղից, փաթաթվելով տաքուկ վերմակի մեջ: Այդ պահից սկսած՝ մանչուկն էլ իր կարիքը մինչև զարթնելը չի զգա, ու ինքն էլ կկարողանա գնալ, հանգիստ քնել, հանգստանալ:
Բայց չէ, այդպես չէ: Ինքն արդեն վաղու՜ց, շա՜տ վաղուց այդքան շատ չի քնել: Ինքը կքնի մանչուկի քնելուց շատ հետո, երբ կհամոզվի, որ մանչուկի քունը խաղաղվել է, շունչը հանգիստ ու համաչափ է: Ու շուտ էլ կզարթնի: Կզարթնի ու կսպասի, որ մանչուկն էլ զարթնի: Կնստի նրա կողքին ու կշոյի լուսավոր տղայի գանգուր, փափուկ, ոսկի մազերը: Կշոյի շատ մեղմ, որ հանկարծ մանչուկին չխանգարի: Իսկ երբ մանչուկը կբացի աչքերը ու ուրախ կժպտա իրեն, այդ ժամանակ երջանիկ կլինի: Որքա՜ն քիչ բան է իրեն պետք երջանիկ լինելու համար: Ու հոգ չէ, որ շատ է հոգնում: Կարևորը նրա երջանկությունն է, նրա ժպիտը, մեղմ, հանգիստ, խաղաղ, անհոգ ժպիտը:
Մանչուկը հոգնեց խաղալուց, հավաքեց խաղալիքները, մի քանիսը մոռանալով՝ բարձրացավ տուն, պառկեց իր տաքուկ անկողնում, քնեց խաղաղ, հանգիստ:
Նստեց կողքին: Աչքերն արդեն փակվում էին, բայց դեռ իր քնելու ժամանակը չի: Նայեց մանչուկին ու ակամա ժպտաց: Սենյակը ողողվեց երեկոյան շառագույնով: Ինքը հոգնած նստել էր մանչուկի սնարին: Նիրհը արդեն սկսում էր հաղթել իրեն, հոգնությունը զգացնել էր տալիս: Եվ որքան աչքերն ավելի էին փակվում, այնքան օրն ավելի էր մթնում ու գալիս էր գիշերը: Վերջապես քնեց: Քնեց հենց այն պահին, երբ արդեն գիշեր էր: Քնեց՝ աթոռին նստած, մանչուկի կողքին, որ առավոտյան շուտ կարողանա արթնանալ ու խնամել մանչուկին: Որ հանկարծ չուշանա: Գիշերային խավարում ինքն այլևս չէր երևում: Քնեց օրվա անցուդարձից հոգնած, քնեց խորը, իսկ երազում էլի մանչուկին էր տեսնում:
Մանչուկն արթնացավ: Լայն բացեց կլոր աչքերն ու նայեց իր ուղղությամբ, բայց գիշերային խավարում իրեն չտեսավ: Կլորիկ երեսին թախիծ հայտնվեց. երազում իրեն էր տեսել ու արթնացել, որ գրկի, համբուրի, բայց չէր տեսնում: Փոքրիկ թաթիկների վրա հենվելով՝ ձգվեց, ոտքի կանգնեց ու ուշադիր նայեց իր ուղղությամբ: Մե՛կ է, չտեսավ: «Քնել է», - մտածեց մանչուկը մի քիչ նեղացած: Փոքրիկ տոտիկների վրա կանգնած՝ մի քիչ էլ նայեց իր ուղղությամբ, ապա ձայնեց.
- Բարի՛ գիշեր, Արև, քնի՛ր հանգիստ: Վաղը նորից կխաղանք:
Երազի մեջ ակամա ժպտաց: Զուր չէ, որ ամեն օր շողում է երկնքում:

Առողջագետ
02.05.2008, 22:17
Ինձ համար ամենից գնահատելին աշխարհընկալման նրբերանգն է. ինչ հրաշալի է այն քո մեջ տեսնելը: Իսկապես, երևի թե այնուամենայնիվ, "գեղեցկությունը փրկի աշխարհը", և նրբությունը լինի բոլոր անցյալ, ներկա և ապագա շարժումների հիմքը: Ուրախ եմ այս Chuk-ին նորից հանդիպելու:

Ծով
02.05.2008, 23:54
:loveԱպրե՛ս Չու՛կ...
ՄԻ ամբողջ աշխարհ կար այս համառոտ ստեղծագործության մեջ...
Հ.Գ....:)

Երկնային
02.05.2008, 23:56
Ապրես, շա~տ… :love

Goga
03.05.2008, 11:51
Chuk:love Շատ լավն էր, իրոք զուր չէ…զուր չեն այդ քնքշանքն ու ջերմությունը, հատկապես քեզ պես զավակների համար:)

Բարեկամ
03.05.2008, 13:01
նվիրում եմ մայրիկիս
ու բոլոր մայրերին

ոչ միայն

Մանե
03.05.2008, 13:13
«Ոչինչ չի փոխվում այս խենթ մոլորակի վրա, - մտածեց տխուր, - միայն ժպտաս ու չհակաճառես, միայն շոյես, միայն փաղաքշես, միայն համաձայնվես ամեն-ամեն ինչում, թե չէ չի ժպտա, ակամա կտխրի, անգամ կսկսի քեզ մի քիչ չսիրել... ոչինչ չի փոխվում: Բայց, ոչինչ, ես սովոր եմ, կարևորը, որ նա ժպտա»:
:love
Ինչքան քնքշություն կա էս խոսքերի մեջ:love

Dayana
03.05.2008, 18:01
Կարծում եմ ցանկացած մայր կցանկանար քեզ նման որդի ունենալ :oy

Belle
03.05.2008, 19:47
Հրաշք ստեղծագործություն էր :love

Chuk
11.05.2008, 04:00
Շնորհակալություն բոլոր գեղեցիկ խոսքերի, գովերգների ու անակնկալ քանակությամբ վարկանիշների՝ հատկապես դրանցում առկա մեկնաբանությունների համար :)

Ավելացվել է 25 վայրկյան անց

ոչ միայն

:love

Բարեկամ
11.05.2008, 18:11
Վարկանիշ տվողներից մեկն եմ ու կուզենայի մեկնաբանել թե ինչու եմ տվել :)

Չուկ, ուրեմն կարծում եմ, թեև ինքնաբերաբար, բայց` ըստ էության նաև օրինաչափորեն /որտև սրտից ես գրել/ գրածդ սիրո մոդել է, որը միայն մայրական սերը չի, որ ընդգրկում է , այլև ամենաքմահաճ ու բարդ սերը, որ կարող է լինել սիրող զույգի միջև: Գուցեև գրածդ ապացուցում է, որ սերը՝ իր բոլոր դրսևորումներում, ի վերջո, մի բան է, ու նույն բանն է, բայց հիմա ուրիշ բան էի ուզում պատմել:
Եթե մի հատ էլ կարդաս պատմվածքդ ուրիշ աչքերով, այսինքն պատկերացնելով, ոչ թե մոր ու երեխայի հարաբերություններ, այլ սիրող զույգի, ընդ որում, արևի տեղ կարող ես պատկերացնել այդ զույգից ցանկացած մեկին՝ կարևոր չի որն է դոմինանտ, ապա ստացվում է սիրո տևականության պահպանման հանճարեղ բանաձև՝


«Քնել է», - մտածեց մանչուկը մի քիչ նեղացած: Փոքրիկ տոտիկների վրա կանգնած՝ մի քիչ էլ նայեց իր ուղղությամբ, ապա ձայնեց.
- Բարի՛ գիշեր, Արև, քնի՛ր հանգիստ: Վաղը նորից կխաղանք:
Երազի մեջ ակամա ժպտաց: Զուր չէ, որ ամեն օր շողում է երկնքում:

Ուրեմն, ասեմ, ըստ իս, սերը տանջամահ է արվում, երբ գրածդ ավարտվում է այստեղ.
«Քնել է», - մտածեց մանչուկը մի քիչ նեղացած:
Սա, ցավոք, այնքան հաճախ է, որքան հատուկ:
Եվ միայն քչերի մոտ է, որ ստացվում է շարունակությունը, կամ հավատալ ու համբերել մինչև.
Փոքրիկ տոտիկների վրա կանգնած՝ մի քիչ էլ նայեց իր ուղղությամբ, ապա ձայնեց.
- Բարի՛ գիշեր, Արև, քնի՛ր հանգիստ: Վաղը նորից կխաղանք:
Երազի մեջ ակամա ժպտաց: Զուր չէ, որ ամեն օր շողում է երկնքում:

Պատմվածքիդ բարոյախոսությունը կանվանեի՝ մի մոռացեք, մարդիկ, հավատացեք այդ շարունակությանը:

Չգիտեմ, դու դեռ շատ երիտասարդ ես, ու հավանաբար ասածներս տեսականորեն ընկալես, բայց երբ որ անցնես մարդկայինի /խանդ, քմահաճություն, պահանջ, կարոտ, …/ ու սիրո բախման այսպես ասած քառուղիներով, երևի դու էլ կնկատես, որ սիրո բոլոր ողբերգությունները նույն այս սցենարով են տեղի ունենում` ինչ-որ մեկը վախենում է կորստից ու չի ուզում ընդունել, որ արևը կարող է հոգնել ու պետք է հանգստանա, որ առավոտյան նորից լուսավորի…

Բայց դա մի մասն էր:

Հիմա, օրինակ, սա՝


«Ոչինչ չի փոխվում այս խենթ մոլորակի վրա, - մտածեց տխուր, - միայն ժպտաս ու չհակաճառես, միայն շոյես, միայն փաղաքշես, միայն համաձայնվես ամեն-ամեն ինչում, թե չէ չի ժպտա, ակամա կտխրի, անգամ կսկսի քեզ մի քիչ չսիրել... ոչինչ չի փոխվում: Բայց, ոչինչ, ես սովոր եմ, կարևորը, որ նա ժպտա»:

Էլի մոդել ա: Ընդ որում շատ դիպուկ ստացված: Ընդ որում ստեղ արդեն հստակ գծվում ա, որ դոմինանտն է արևը: Դե, այդպես խենթ է "նա"-ն` կինը, ստացվել… Չեմ ուզում սա երկար մեկնաբանել, միայն ասեմ՝ դրան որպես համարժեք միտքս եկավ՝
"Ծաղիկներին պետք չէ լսել, նրանց պետք է նայել միայն ու ուրախանալ նրանցով": Մոտավորապես տենց մի բան Փոքրիկ Իշխանից:

Ու էդ "ոչինչ չի փոխվում"-ը տեղին էր էլի: Ես կասեի՝ մխիթարական-համոզիչ. որ կարիք չկա պատեպատ խփվելու, պետք է ուղղակի ընդունել և վերջ

Կամ՝ "Գիշերային խավարում ինքն այլևս չէր երևում: " Էդպես ա, դա էլ կենսականության ռիթմն ա՝ երբեմն-երբեմն չերևալ: Բայց երբ որ մյուս կողմը անընդհատություն ա պահանջում, էդ էլի հանգեցնում ա պռավալի :

Chuk
11.05.2008, 18:52
Ես ուղղակի չեմ կարող մի անգամ էլ այստեղ իմ հիացմունքը չարտահայտել Բարեկամի նկատմամբ: Բարեկամի խորաթափանցությունը մի աներևակայելի հրաշք եմ համարում: Հզոր մարդ ես դու, Բարեկամ: Նորից շնորհակալություն վերլուծությանդ համար ու այն այստեղ ներկայացնելու համար:

Ես չգիտեմ, կա՞ր արդյոք ուրիշ մեկը, որը կարողացել էր նկատել ասելիքիս այդ շերտը... այն շերտը, որն առիթ էր հանդիսացել գործը գրելու: Շնորհակալություն :)

Մանոն
11.05.2008, 19:11
Սա հավանաբար Բարեկամի ամենաերկար գրառումն էր ;), բայց որի մի մասի հետ եմ միայն համաձայն: Մինչև մեկնաբանելս նախ շնարհակալություն Chuk-ին՝ մայրական սերը, այն էլ որդու աչքերով՝ այսքան քնքշորեն ներկայացնելու համար: Եթե որդին նման ձևով չգնահատի մորը, ուրեմն այդ մոր կյանքը զուր է անցել...Չգիտեմ, ես այդպես եմ մտածում:
Իսկ Բարեկամիս ասածների մի մասն եմ ընդունում, որովհետև մայրական սերը շատ ավելի վսեմ ու հանդուրժող է, ներող ու անվերապահ, անգամ եթե փոախադարձ չէ: իսկ սիրող զուգի մեջ, եթե մեկը սիրում է, իսկ մյուսը պարզապես դա թույլ է տալիս՝ դա կայացած սեր, կամ մեծ սեր չեմ կարող համարել: Նման էգոիմը մայրական սիրո վրա գրեթե չի անդրադառնում, որովհետև մայրը մնում է մայր…

Բարեկամ
11.05.2008, 19:16
իսկ սիրող զուգի մեջ, եթե մեկը սիրում է, իսկ մյուսը պարզապես դա թույլ է տալիս՝ դա կայացած սեր, կամ մեծ սեր չեմ կարող համարել:

Մանոն ջան, հավատա, ամենաբարդը հենց թույլ տալն ա, այլ կերպ ասած` չխոչընդոտելը: Անգամ եկեղեցում հարցնում են` տե՞ր ես, հետո՝ հնազա՞նդ ես: "Հնազանդ ես" - հասկանում եմ՝ թողնել, չխանգարել որ տեր լինի, մնացածը ինքնըստինքյան կկարգավորվի :)

Գալաթեա
11.05.2008, 19:39
Աննկարագրելի վերլուծություն էր :) Ան, դու դեմք ես :)