Զուր չէ


նվիրում եմ մայրիկիս
ու բոլոր մայրերին


- Հոգնած եմ, քնել եմ ուզում, - խոստովանեց ինքը:
- Շողա՛, պայծա՜ռ, - խնդրեց մանչուկը:
Լռեց, նայեց, մեղմ ժպտաց: Ի՞նչ ասի այս մանչուկին, ով իրեն գնահատում է միայն այն բանի համար, որ կարող է իր հովանու տակ լուռ խաղալ, հանգիստ, ապահով, երջանիկ ժպիտը դեմքին, խաղաղ:
Մանչուկի գանգուր մազերն արևալույս շողում էին, աչքերում պայծառն էր ու խինդը: Մեղմ շոյեց մանչուկի գլուխը, մանչուկի շուրթերը ժպտացին շնորհակալ ժպիտով: Տարիներ են անցել, ոչինչ չի փոխվել, էլի նույնը:
- Ուզում եմ գնալ բակ, խաղալ, - ասաց մանչուկը:
- Այստեղ՝ պատշգամբում, շարունակիր խաղալ, - առարկեց ինքը:
- Չէէէ՛, բակ եմ ուզում, - դժգոհեց մանչուկն ու շրթունքները դողացին: Զգաց, որ լալ է ուզում:
«Ոչինչ չի փոխվում այս խենթ մոլորակի վրա, - մտածեց տխուր, - միայն ժպտաս ու չհակաճառես, միայն շոյես, միայն փաղաքշես, միայն համաձայնվես ամեն-ամեն ինչում, թե չէ չի ժպտա, ակամա կտխրի, անգամ կսկսի քեզ մի քիչ չսիրել... ոչինչ չի փոխվում: Բայց, ոչինչ, ես սովոր եմ, կարևորը, որ նա ժպտա»:
- Լա՛վ, սիրելի՛ս, իջիր բակ:
Երեխայի դեմքը փայլեց երջանկությունից: Հավաքեց խաղալիքներն ու իջավ բակ: Ինքը լուռ ուղեկցեց: Մենակ չէր թողնելու: Ի՞նչ արած, որ հոգնած է, որ քնել է ուզում: Կքնի, երբ կքնի այս մանչուկը՝ հոգնած իր օրվա խաղից, փաթաթվելով տաքուկ վերմակի մեջ: Այդ պահից սկսած՝ մանչուկն էլ իր կարիքը մինչև զարթնելը չի զգա, ու ինքն էլ կկարողանա գնալ, հանգիստ քնել, հանգստանալ:
Բայց չէ, այդպես չէ: Ինքն արդեն վաղու՜ց, շա՜տ վաղուց այդքան շատ չի քնել: Ինքը կքնի մանչուկի քնելուց շատ հետո, երբ կհամոզվի, որ մանչուկի քունը խաղաղվել է, շունչը հանգիստ ու համաչափ է: Ու շուտ էլ կզարթնի: Կզարթնի ու կսպասի, որ մանչուկն էլ զարթնի: Կնստի նրա կողքին ու կշոյի լուսավոր տղայի գանգուր, փափուկ, ոսկի մազերը: Կշոյի շատ մեղմ, որ հանկարծ մանչուկին չխանգարի: Իսկ երբ մանչուկը կբացի աչքերը ու ուրախ կժպտա իրեն, այդ ժամանակ երջանիկ կլինի: Որքա՜ն քիչ բան է իրեն պետք երջանիկ լինելու համար: Ու հոգ չէ, որ շատ է հոգնում: Կարևորը նրա երջանկությունն է, նրա ժպիտը, մեղմ, հանգիստ, խաղաղ, անհոգ ժպիտը:
Մանչուկը հոգնեց խաղալուց, հավաքեց խաղալիքները, մի քանիսը մոռանալով՝ բարձրացավ տուն, պառկեց իր տաքուկ անկողնում, քնեց խաղաղ, հանգիստ:
Նստեց կողքին: Աչքերն արդեն փակվում էին, բայց դեռ իր քնելու ժամանակը չի: Նայեց մանչուկին ու ակամա ժպտաց: Սենյակը ողողվեց երեկոյան շառագույնով: Ինքը հոգնած նստել էր մանչուկի սնարին: Նիրհը արդեն սկսում էր հաղթել իրեն, հոգնությունը զգացնել էր տալիս: Եվ որքան աչքերն ավելի էին փակվում, այնքան օրն ավելի էր մթնում ու գալիս էր գիշերը: Վերջապես քնեց: Քնեց հենց այն պահին, երբ արդեն գիշեր էր: Քնեց՝ աթոռին նստած, մանչուկի կողքին, որ առավոտյան շուտ կարողանա արթնանալ ու խնամել մանչուկին: Որ հանկարծ չուշանա: Գիշերային խավարում ինքն այլևս չէր երևում: Քնեց օրվա անցուդարձից հոգնած, քնեց խորը, իսկ երազում էլի մանչուկին էր տեսնում:
Մանչուկն արթնացավ: Լայն բացեց կլոր աչքերն ու նայեց իր ուղղությամբ, բայց գիշերային խավարում իրեն չտեսավ: Կլորիկ երեսին թախիծ հայտնվեց. երազում իրեն էր տեսել ու արթնացել, որ գրկի, համբուրի, բայց չէր տեսնում: Փոքրիկ թաթիկների վրա հենվելով՝ ձգվեց, ոտքի կանգնեց ու ուշադիր նայեց իր ուղղությամբ: Մե՛կ է, չտեսավ: «Քնել է», - մտածեց մանչուկը մի քիչ նեղացած: Փոքրիկ տոտիկների վրա կանգնած՝ մի քիչ էլ նայեց իր ուղղությամբ, ապա ձայնեց.
- Բարի՛ գիշեր, Արև, քնի՛ր հանգիստ: Վաղը նորից կխաղանք:
Երազի մեջ ակամա ժպտաց: Զուր չէ, որ ամեն օր շողում է երկնքում: