Եվ կարևորը՝ հասկացա, որ Յոենսուում ամեն դեպքում ինչ-որ բան կա: Կա ձյուն, կան սոճիներ, կան դրանց տակ թաքնված փայտե տնակներ, որոնցում երբեք չեմ լինելու, կա վառվող փայտի տաք հոտ, երբեք չբարձրացող արև, սառած ու սպիտակած գետ, պոչով ձյունը թափ տվող սկյուռիկներ, գիշերվա կեսին փողոցը հատող հսկա նապաստակներ, մթության մեջ ապակու նման փայլփլող ձյուն, աստղազարդ երկինք ու ավրորայի սպասում, չաշխատող ավտոբուսներ, ձյուն մաքրող մեքենաներ, որոնք երբեք իրենց գործը նորմալ չեն անում, անցորդներ, որոնց աչքերի մեջ կարող ես նայել հենց էնպես, ուղղակի որ համոզվես՝ դեռ ապրում ես, լոնգեռո կոչվող խմիչք, սուրճի հետ պուլլա, դժվար ու անհասկանալի լեզու, տաքուկ գրադարան, որտեղ ժամերն էնպես են թռչում, որ մեկ էլ ուշքի ես գալիս, երբ փակման ժամն է հայտարարվում:
Էստեղ ոչինչ չկա, որ ինձ հետ բերի. ո՛չ մարդիկ (որովհետև այս ամիսների ընթացքում ոչ մեկի հետ չծանոթացա ու առավելևս չկապվեցի), ո՛չ ինչ-որ վայրեր, որոնք դեռ կուզեի տեսնել (որովհետև ինչ հնարավոր էր ու անհնար արդեն տեսել եմ), ո՛չ կիսատ թողած գործեր (որովհետև հեռանալու եմ բոլոր կրեդիտներս հավաքած), բայց ես գիտեմ, համոզված եմ, որ մի օր վերադառնալու եմ էս քաղաքը, որտեղ ոչինչ չկա:
Էջանիշներ