ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Մեր հնագույն ձեռագրերի պատճեններն արտահանելը հանցանք է
Ապրիլի 13-ին կրթության ու գիտության նախարարությունում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի եւ ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ թանգարան-գրադարանի միջեւ կնքված համաձայնագիր-պայմանագիրը մեր շատ հայագետների, պատմաբանների, մշակութաբանների համար ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ:
Նրանք բոլորը միաբերան պնդում են, որ համաձայնագիրը կնքվել է գաղտնի եւ Մատենադարանի ու նախարարության կողմից դավադրություն է հայ մշակույթի հանդեպ:
Պայմանագրի համաձայն, Մատենադարանի ձեռագիր ժառանգությունը թվայնացվում է, պատճենահանվում եւ ... տեղափոխվում ԱՄՆ:
Ըստ շրջանառվող լուրերի, այս ամենը Հիլլ թանգարանի վրա նստել է ընդամենը 5-6 մլն ԱՄՆ դոլար: Դրա դիմաց նա ստանում է բառացիորեն ամեն ինչ, եւ ԱՄՆ-ում ստեղծվում է մեր Մատենադարանի ողջ հարստության պատճենը:
Մատենադարանի ձեռագրերի արտահանման այս տարօրինակ ձեռնարկի դեմ ըմբոստացող գիտնականներն ամենեւին դեմ չեն թվայնացման գաղափարին, սակայն համոզված են, որ անթույլատրելի է աշխարհի որեւէ անկյունում Մատենադարանի կրկնօրինակն ստեղծելը:
Նրանց գլխավոր փաստարկներից մեկը հետեւյալն է. Մատենադարանի 14 հազար ձեռագրերից ընդամենը 900 ձեռագիրը գիտական նկարագրություն ունեն, եւ ոչ ոք չգիտի, թե դեռ ինչպիսի անակնկալ գանձեր են պարունակում դրանք: Նման գործարքը նշանակում է հայագետներին զրկել մեր ժողովրդի պատմությունը, լեզուն ու մշակույթը տեղում ուսումնասիրելու հնարավորությունից: Հայագետները ծիծաղելի են համարում Մատենադարանի տնօրենության արդարացումները ձեռագրերի հեղինակային իրավունքը Մատենադարանին վերապահելու վերաբերյալ, քանի որ ողջ աշխարհում դեռ չեն ստեղծվել էլեկտրոնային մշակույթում հեղինակային իրավունքի խախտումները վերահսկելու մեխանիզմներ: «Գործարքը պետք է կասեցնել, պնդում են նրանք, հայագիտության կենտրոնը չի կարելի տեղափոխել Ամերիկա»:
«Ազգի» վաղվա համարում կներկայացնենք ճանաչված գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները համաձայնագրի վերաբերյալ, որ այս օրերին ցնցել է ողջ հայագիտական աշխարհը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
http://azg.am/?lang=AR&num=2007041812
Էջանիշներ