Ն Ո Ր Դ Ա Ր , Ն Ո Ր Է Ջ ,
Ն Ո Ր Կ Յ Ա Ն Ք , “ Ն Յ Ո Ւ Է Յ Ջ
(ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵՑԻ ՍԱՐՔԵԼ
“ՄԱՏԵԱՆ ԵՐԱՆՈՒԹՅԱՆ”
ԳԻՐՔԸ)
* * *
Ոչինչ հենց այնպես չի լինում: Հիմա արդեն ես շատ լավ գիտեմ այդ` սեփական կաշվիս վրա զգալով դրա ճշմարտությունը:
Եվ ամեն ինչ իր պատճառներն ունի. միտք կամ զգացմունք, քար կամ ծաղիկ, արցունքի կաթիլ կամ մեկի ժպիտը, իլլյումինանտներն ու երեխայի փորի թուլությունը: Նաև մարդու տրամադրությունն ու փիլիսոփայությունը, աշխարհագրական… գտնվելիությունը, - այս ամենն իր պատճառներն ունի, անշուշտ: Եթե ինչ-որ մեկը, կամ ինչ-որ միտք, զգացմունք, ծնունդ է տվել մի ինչ-որ բանի, նշանակում է, որ ինչ-որ պատճառ կար, որպեսզի ինչ-որ մեկը ծնվի, ինչ-որ բան կատարվի, տեղի ունենա:
Ինչպես նաև այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ մի քանի օր առաջ: Ինչը և համոզեց ինձ գրել այս իրական պատմությունը: Պատմել, թե ինչ է կատարվում ինձ հետ վերջին տարիներս: Առանց այս անհավանական իրադարձության, մտքովս անգամ չէր անցնի պատմել ձեզ կյանքս. երբեք նման ձգտում չեմ ունեցել: Բայց Ուգոն տակնուվրա արեց ամեն ինչ: Ուգոն ստիպեց վերանայել մոտեցումս շատ ու շատ հարցերի: Ուգոն պնդեցրեց ոտքերիս տակի հողը, ինչի վրա կանգնած` տատանվում էի հաճախ, մինչև նրա հետ հանդիպելը: Ուգոն հարկադրեց ինձ հուսալ, որ այնուամենայնիվ կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան իմ այս “ցնդաբանությանը”: Կհավատան և կփորձեն հանգել ինչ-որ եզրակացությունների:
Բայց Ուգոյի մասին` հետո:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ ասել, որ պատմությունն այս լրիվ իրական է: Ազնվորեն: Կհավատաք դուք ինձ, թե ոչ` դա ձեր գործն է, բայց սա` իրական պատմություն է, ամենը, ինչ տեղի է ունեցել ինձ հետ այն բանից հետո, երբ “Նյու Էյջը” դարձավ կյանքիս բաղկացուցիչ մասը:
Բայց “Նյու Էյջի” մասին էլ` հետո:
Խոստովանեմ, որ ցանկություն չեմ զգում մեջս նույնիսկ անունս փոխելու: Սամվել Առաքելյան` հենց այդպես էլ կներկայանամ, ըստ անձնագրի: Հնարավորին չափ կպահպանեմ նրանց անուններն էլ, ովքեր կհանդիպեն այս պատմության մեջ, եթե նրանք այլևայլ պատճառներով դեմ չլինեն. ընթացքում ես կպարզեմ այդ հարցը նրանց հետ: Եվ սակայն չեմ կարծում, որ փոխված անուններն անգամ կխանգարեն, որպեսզի պատմությունն այս վավերագրական մնա:
Էջանիշներ