16:57:42 - 06/06/2008 lragir.amՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄԱյսօր Սանկտ Պետերբուրգի Բալթիկայի աստղ հյուրանոցում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ« տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Առանձնազրույցը տևել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Հայկական կողմը կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև առաջին հանդիպման արդյունքները: Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները և արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները: Նախագահները նաև ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում:
Էջանիշներ